Skip to main content

Բեկում պատերազմի ընթացքի մեջ

 

Այդ օրերը չափազանց ծանր էին ղարաբաղցիների համար, իսկ ինձ համար՝ գուցե կրկնակի ծանր: Բոլորն ինձ գիտեին որպես ղարաբաղյան շարժման ամենահետևողական ու վճռական առաջնորդներից մեկին, որպես ինքնապաշտպանության ջոկատների կազմավորման ակունքներում կանգնած մարդու: Որտեղ էլ հայտնվեի, ում հետ էլ հանդիպեի՝ ջոկատների հրամանատարների, պատգամավորների, մարտիկների, պարզապես անծանոթ մարդկանց հետ, ամենուր հնչում էր նույն հարցը՝ ինչո՞ւ ամեն ինչ այլ կերպ եղավ: Ի՞նչ անել: Ելք չկա՞: Փորձում էի ինձ վստահ պահել, ասում էի, որ ելք կա, ու մենք կգտնենք այդ ելքը, կհաղթահարենք այդ վիճակը, չնայած ներքուստ այդպիսի վստահություն չէի զգում:

Օգոստոսի սկզբի մի օր ինձ մոտ՝ նախարարների խորհրդի շենք եկավ խորհրդարանի պատգամավոր Բորիս Բաբայանն ու նրա հետ՝ շարժման ակտիվիստներից 5 հոգի: Բորիսին վաղուց էի ճանաչում, բայց ընկերացել էինք վերջին 1.5 տարում: Հավասարակշռված էր, լրջախոհ, այն կարգի մարդկանցից, որ հարգանք են հարուցում պահվածքով, խոսելու կերպով և նույնիսկ պարզապես արտաքինով: Նույն հարցերն էին հնչում. ամեն ինչ կորա՞ծ է: Ի՞նչ անել: Ինչո՞ւ չեմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը:

Ես ներկայացրեցի այն ամենը, ինչի մասին մտածում էի վերջին ժամանակները, շարադրեցի համակարգված, պարզ ու հասկանալի, չնայած խոսակցությանը չէի պատրաստվել: Ըստ երևույթին ենթագիտակցությունս համակարգել էր մտքերը, որոնք արդեն 1 ամիս այս թե այն կերպ կիսում էի տարբեր մարդկանց հետ: Խոսքը զինվորական ու քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման, ռազմական դրություն մտցնելու, մարդկային ու նյութական ռեսուրսների լիարժեք կենտրոնացումը, ջոկատները անվերապահ միանձնյա ղեկավարությամբ բանակի մեջ խստորեն ու միանշանակ միավորելու մասին էր: Հարցրին՝ վստա՞հ եմ, որ դա կփրկի վիճակը:

-Վստահ չեմ, բայց հավանականությունը բազմապատիկ կաճի: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ ու վճռական կիրագործվեն այդ միջոցները:

-Ուրեմն ինչո՞ւ չենք անում:

-Որոշումը Գերագույն խորհուրդը կամ գոնե նրա նախագահությունը պիտի ընդունի՝ օրենքի տեսքով: Հակառակ դեպքում կընկալվի որպես զինվորական հեղաշրջում, իսկ ես չեմ ուզում դրա նախաձեռնողը լինել: Չէ՞ որ խոսքը ամբողջ իշխանությունը նոր մարմնի, ուրիշ մարդկանց փոխանցելու մասին է: Իշխանությունը սովորաբար մեծ դժկամությամբ են հանձնում:

Տղաներն իմ մոտից, փողոցը կտրելով, գնացին ուղիղ Գերագույն խորհուրդ, իսկ ես անցա իմ գործերին: Օրվա վերջին արդեն 15 հոգով եկան՝ պատգամավորներ, զինվորականներ, մարդիկ, որոնց լավ ճանաչում էի: Անցանք նույն շենքի մի ուրիշ սենյակ, որն ավելի ընդարձակ էր, որտեղ կարող էինք տեղավորվել զրուցելու համար: Պարզվեց, որ Բորիսն ամբողջ օրը հանդիպումներ է ունեցել՝ առաջարկելով իրագործել իմ առաջարկները, ու պարզվել է, որ բոլորը համաձայն են: Գործընթացին ակտիվորեն միացել էր Սամվել Բաբայանը, ընդամենը 1 օրում գաղափարը բոլորին էր դարձել, և արդեն հաջորդ օրվա երեկոյան ես այն քննարկեցի ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանի, ուժային գերատեսչությունների ղեկավարների և, իհարկե, Սերժ Սարգսյանի հետ: Բոլորը հավանություն տվեցին: Հենց այդ ժամանակ էլ պնդեցի, որ պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը միայն այն դեպքում, եթե օրինական հիմքով ստանամ բոլոր լիազորությունները, որոնք անհրաժեշտ են այդ պատասխանատվությունն իրացնելու համար: Պետք է փաստաթղթի տեսքով ձևակերպեի, թե ինչ ձևով և ինչպիսի լիազորություններ են ինձ անհրաժեշտ:

Գիշերը տանը, նավթի լամպի լույսի տակ, մի քանի ժամ անցկացրի՝ սովետական մեծ հանրագիտարանով ուսումնասիրելով հայրենական մեծ պատերազմի սկզբի ՍՍՀՄ փորձը: Ուրիշ մատչելի նյութեր պարզապես չկային: Վերջապես սևագրեցի պայմաններիս ցանկը. ձևավորել Պաշտպանության պետական կոմիտե և իշխանությունը բացարձակ կենտրոնացնել այդ կոմիտեի ձեռքում, հայտարարել ռազմական դրություն և համընդհանուր զորակոչ: Պետք է կռվեն ոչ միայն կամավորները, այլև բոլորը, ում տարիքն ու առողջությունը համապատասխանում է: Ռազմական դրության ռեժիմն արդյունավետ իրացնելու համար պահանջվում էր ստեղծել զինվորական դատախազություն, զինվորական պարետություն, խստացնել քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով նախատեսված պատիժներն ու ընդունել մի շարք այլ միջոցներ: Արդեն չեմ հիշում՝ քանի կետ կար այդ ցանկում, բայց փորձել էի թղթի վրա ամրագրել ապագա ցանկացած գործողություն, որ անհրաժեշտ էր բոլոր ուժերի մոբիլիզացիայի համար: ՊՊԿ անվանումը փոխ էի առել պատմությունից. այդպես էր կոչվում հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին, Ստալինի ստեղծած մարմինը: Ինչ-որ բաներ այնտեղից վերցրել էի նաև ըստ էության: Հիշում եմ, որ նույնիսկ պոկեցի հանրագիտարանի այդ էջը: Լուծումը պարզ էր. ՊՊԿ բոլոր որոշումներն օրենքի ուժ ունեն և պարտադիր են կատարման համար ԼՂՀ ամբողջ տարածքում: Ես կարծում էի, որ ՊՊԿ լիազորությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին, այն է՝ հանրապետության գոյությանն ուղղված սպառնալիքին:

Մի քանի օր դեռ քննարկում էինք առաջարկված լուծումը, բայց իշխանության փոխակերպման գործընթացն արդեն սկսվել էր: Օգոստոսի 12-ին ԳԽ նախագահությունը ռազմական դրություն հայտարարեց ու կրկին քննարկման դրեց Գեորգի Պետրոսյանի հրաժարականի դիմումը: Դրանից 1 օր անց ԳԽ նախագահությունը հավաքվեց մինիստրների խորհրդի շենքում: Նիստը կարճ տևեց ու սկսվեց Օլեգ Եսայանի պաշտոնաթողությունից: Ելույթները հիմնականում վերաբերում էին մինիստրների խորհրդի ապագային. մնո՞ւմ է, թե՞ արձակվում: Ես պարզաբանեցի, որ կառավարությունը պետք է մնա, բայց արդեն ՊՊԿ ենթակայության տակ: Այլ հարցեր կամ առարկություններ չկային: Ես այդ ժամանակ ասացի. «Սա ինձ համար շատ բարդ ընտրություն է, բայց սրանք այն պայմաններն են, առանց որոնց ստեղծված իրավիճակից դուրս գալու որևէ այլ հնարավորություն չեմ տեսնում: Եթե ընդունում եք, պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը»: Բոլորը «կողմ» քվեարկեցին: Ահա այսպես էլ ընդունվեց իշխանության նոր բարձրագույն մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման որոշումը, որին անցան նախարարների խորհրդի բոլոր լիազորություններն ու Գերագույն խորհրդի նախագահության լիազորությունների մի մասը: Ինձ նշանակեցին նախագահի պաշտոնին:

Այդպես առաջին անգամ իմ իշխանությունը պաշտոնական կարգավիճակ ստացավ:

Բոլորը հասկանում էին, որ իրավիճակը չափազանց ծանր է, իսկ ես գործողությունների կոնկրետ պլան էի առաջարկել ու ստանձնել էի այն իրականացնելու պատասխանատվությունը: Բոլորը պատրաստ էին ընդունել ցանկացած որոշում, որը գոնե մի փոքր հույս կտար, թեկուզ պատրանքային, և լավ է, որ այն ժամանակ ընդհանուր շահը գերակշռեց անձնական հավակնություններին, ու նաև իշխանության գրավչությունն էր չափազանց կասկածելի թվում: Գեորգի Պետրոսյանը դեռ հուլիսի կեսին էր հրաժարական խնդրել, որը ԳԽ նախագահությունը չընդունեց: Պարադոքսային վիճակ. իշխանությունը, որի համար սովորաբար միշտ ու ամենուրեք պայքարում են, բեռ էր դարձել, որից հաճույքով ազատվում էին: Ղեկավար լինել այն պահին, երբ ամեն ինչ կործանվում է, չափազանց ծանր որոշում է: Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել: Հետագայում իշխանության ու լիազորությունների համար ինձ հետ մարտնչել ցանկացողները բավական շատ կլինեն…

Իհարկե, կասկածներ դեռ ունեի. այդ հանգամանքներում անհնար էր բացարձակ վստահ լինել հաջողությանը: Բայց տեսնում էի, որ մարդիկ հույսով են նայում ինձ: Հայտնվել էի մի վիճակում, որտեղ ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես՝ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի: Չէ՞ որ հարցն այսպես էր դրված. կորցնում կամ չես կորցնում հայրենիքդ ամենաուղղակի իմաստով: Իմ ներգրավվածությունը Ղարաբաղի համար պայքարում այնքան մեծ էր, որ այն ժամանակ համարյա չէի զգում իմ ճակատագրի ու հայրենիքի ճակատագրի սահմանագիծը: Ես մեկն էի նրանցից, ովքեր ժողովրդին ոգեշնչել էին ազատության համար պայքարի, և հաղթանակն այդ պայքարում իմ ամբողջ կյանքի գործն էր դարձել: Կարո՞ղ էի, ուրեմն, խույս տալ այդ որոշումից: Գուցեև կարող էի, բայց այդ դեպքում պարզապես պիտի հավաքեի ճամպրուկներս, մեկնեի ու կյանքս կառուցեի մի ուրիշ տեղ, օրինակ՝ Մոսկվայում: Վստահ եմ, որ այնտեղ զբաղմունք կգտնեի: Գուցե հաջողակ գործարար դառնայի կամ ուրիշ մի բան՝ չգիտեմ: Բայց այդ դեպքում ամբողջ կյանքում ստիպված էի լինելու փախցնել հայացքս նրանցից, ովքեր հավատացել էին մեզ, ու որոնց հանել էինք պայքարի:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...