Skip to main content

Խոջալուի գրոհը

 

Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր «ժողովրդագրական» եղանակով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը. կտրուկ մեծացնել ադրբեջանական բնակչության քանակը մարզում: Վերաբնակներին հրապուրում էին հնարավոր բոլոր նպաստներով ու արտոնություններով, բայց, չնայած իշխանությունների բոլոր ջանքերին, ադրբեջանցիները մեծ դժվարությամբ էին բնակություն հաստատում արդեն չափազանց անհանգիստ Ղարաբաղում: Եվ այդ ժամանակ այնտեղ ուղարկեցին թուրք-մցխեթցիներին՝ փախստականների, որոնք էթնիկական բախումների ու ջարդերի պատճառով 1989 թվականին ստիպված լքել էին Միջին Ասիան ու հանգրվան գտել Ադրբեջանում: Հենց թուրք-մցխեթցիներն էլ դարձան Ղարաբաղի նոր բնակիչները. ամբողջ 1990 թվականի ընթացքում նրանց ակտիվորեն տեղավորում էին մարզում: Ոմանց միանգամից պատրաստի տուն էին տալիս հայկական գյուղերում, որտեղից մինչ այդ արտաքսել էին տեղաբնակներին, մյուսներին օգնում էին փողով ու շինանյութերով: Առանձնակի եռանդով էին կառուցապատվում Ստեփանակերտի շրջակա ադրբեջանական գյուղերը: Սնկի պես նոր թաղամասեր էին հայտնվում Մալիբեյլիում, Քյոսալարում, Հասանաբադում: Ադրբեջանը հենց Ղարաբաղի բնակեցման վրա ծախսեց այն բոլոր գումարները, որ այն ժամանակ Մոսկվան հատկացրել էր «ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման համար»:

Ադրբեջանի ղեկավարության ուշադրության կենտրոնում էր հատկապես Խոջալու գյուղը: Գյուղին հատուկ նշանակություն էր տալիս աշխարհագրական դիրքը. ոչ հեռու Ղարաբաղի միակ օդանավակայանն էր: Ադրբեջանի ղեկավարության նպատակաուղղված ջանքերի շնորհիվ Խոջալուն 1.5 տարում փոքրիկ գյուղակից վերածվեց փոքր քաղաքի: Հարվածային տեմպերով էին կառուցում, բոլոր անհրաժեշտ բեռները ՍՍՀՄ ներքին զորքերի հսկողության տակ տեղափոխում էին Ասկերանով՝ այն ժամանակ արդեն ոչ անվտանգ, բայց ամենակարճ ճանապարհով:

1991 թվականի սկզբին Խոջալուի բնակչության թիվը հասավ 6500-ի, իսկ բուն գյուղը բոլոր ուղղություններով այնպես էր ընդարձակվել, որ թռիչքուղուն տների մոտենալու պատճառով օդանավակայանը «անվտանգության նկատառումներով փակելու» պատրվակ հայտնվեց: Իսկ Խոջալուի նոր թաղամասերից մեկն ընդլայնվել էր ի հաշիվ Ստեփանակերտից Ասկերան շրջկենտրոն տանող ճանապարհի և ամբողջությամբ փակել երթևեկությունը: Ասկերան հասնելն անհնար դարձավ:

Ստիպված էինք շրջանցիկ ճանապարհ տանել սարերով: 100 տարվա մի լքված սայլուղի գտանք, մի քիչ լայնացրինք ու ամրացրինք: Չնայած արտասովոր, բայց տանելի հողածածկ ճանապարհ ստացվեց, որը հովտից բարձրանում էր մինչև սարի գագաթն ու մյուս լանջով իջնում ներքև՝ Ասկերան: Այդ ճանապարհը երկար ժամանակ մեր միակ կապն էր շրջկենտրոնի հետ:

Ստեփանակերտից ընդամենը 10 կիլոմետր հեռու գտնվող Խոջալուն վերցնելը մեզ համար ռազմավարական խնդիր էր: Բացի նրանից, որ Ադրբեջանն այն լուրջ ռազմական ամրացված շրջան էր դարձրել, որը շրջափակում էր Ղարաբաղի միակ օդանավակայանն ու Ասկերանի շրջկենտրոնի ճանապարհը, այլ ծանրակշիռ պատճառներ էլ կային: Ստեփանակերտի կանոնավոր հրետակոծումը Խոջալուում տեղակայված հրանոթներից բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ էր դառնում: Քաղաքում զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի մեծ զորակազմ էր տեղակայված, ու դրանց մարտիկները պարբերաբար հարձակվում էին մոտակա բնակավայրերի վրա, սպանում ու պատանդ վերցնում խաղաղ բնակիչներին: Վիճակն ակնհայտ էր. կա՛մ մենք վերցնում ենք Խոջալուն, կա՛մ կորցնում ենք Ասկերան շրջկենտրոնը՝ մի քանի հայկական գյուղերով:

Պատերազմի թափանիվը պտույտներ էր հավաքում, և անվտանգության կենսականորեն կարևոր խնդիր դարձավ Ղարաբաղի ներքին էթնիկ անկլավների վրա վերահսկողության հաստատումը: Ղարաբաղի ներսում համարյա բոլոր ադրբեջանական գյուղերը 3 տարվա ընթացքում վերածվել էին ռազմական հենակետերի՝ սպառազինության ու զորքերի մեծ կենտրոնացումով: ՍՍՀՄ ներքին զորքերն ու պարետությունները հսկում էին ճանապարհներն ու զսպում բացահայտ բախումները, բայց նրանց հեռանալուց հետո պայքարը հանուն անկլավների ու ճանապարհի մեզ համար գոյության խնդիր էր: Ադրբեջանը գյուղերն ամրոց դարձնելը բացատրում էր անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, բայց իրականում դա ուղղակի սպառնալիքի վերածվեց բնակիչների համար: Բնակավայրերում մարտական տեխնիկայի ու հրետանու տեղակայումը վտանգի էր ենթարկում այնտեղ ապրող մարդկանց: Եթե գյուղերից անընդհատ մեր քաղաքներն ու գյուղերն ավերող կրակ են տեղում, հենց իրենք էլ թիրախ են դառնում հայկական ջոկատների համար: Խոջալուի գրավումն առաջնային կարևորության խնդիր էր դարձել: Գործողությունը նշանակվեց փետրվարի վերջին:

Առաջին անգամ տարբեր ջոկատներից կազմված միացյալ ուժերով համատեղ հարձակում էր նախատեսվում բնակավայրի վրա, որտեղ դեռ մարդիկ էին ապրում: Մերոնք նպատակ ունեին ռազմական հաջողության հասնել նվազագույն կորուստներով ու հնարավորինս խուսափել քաղաքացիական բնակչության զոհերից: Ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարներն ու այն ժամանակ դեռ սակավաթիվ պրոֆեսիոնալ զինվորականները, որոնք ներգրավված էին ազգային-ազատագրական շարժման մեջ, գործողությունը քննարկելու համար հավաքվեցին զինկոմիսարիատի շենքում: Սրտի կանչով զենք վերցրած մարդկանց և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման ակունքներում կանգնած սովետահայ սպաների համար դա իրար հարմարվելու բարդ շրջան էր. ժամանակ առ ժամանակ տարակարծություններ էին ծագում: Երբ քննարկման վերջում սպաներից մեկն իր զեկույցն ավարտեց «մեր կորուստները կարող են հասնել անձնակազմի 20 տոկոսին» արտահայտությամբ (ուսումնարանում նրան այդպես էին պլանավորում սովորեցրել), դա լրջորեն բարկացրեց ջոկատների հրամանատարներին: Նրանք իրար նայեցին: «Է՛… էդ ի՞նչ է ասում»,- գոչեց Կարո Բաբայանը: - Էդ ինչքա՞ն մարդ պիտի կորցնենք: Մի 3-4 գյուղ էլ վերցնենք, կվերջանանք, հա՞»: Մյուսներն էլ խիստ զգացմունքային արձագանքեցին: Երբ իմացա տեղի ունեցածի մասին, ստիպված էի խոսել սպաների հետ, բացատրել, որ ջոկատները վերևից եկած հրամաններով չեն կազմավորվել: Ջոկատներում միավորվել են նույն թաղի կամ գյուղի՝ միասին մեծացած ընկերներ, համադասարանցիներ, ազգականներ, որոնց համար 20 տոկոսը ոչ թե վերացական թիվ է, այլ կոնկրետ ու հարազատ մարդիկ:

Կարո Բաբայանը վիրավորվեց Խոջալուի գրոհի ժամանակ, բայց նրա ջոկատն անկորուստ ավարտեց գործողությունը: Ես հաջորդ օրը գնացի հոսպիտալ՝ Կարոյին տեսնելու, ու կատակում էինք 20 տոկոսի թեմայով, չնայած վերքի պատճառով Կարոն դժվարությամբ էր ծիծաղում:

Մենք ամբողջ պատերազմի ընթացքում մեծ ջանքեր էինք գործադրում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Միշտ միջանցք էինք թողնում, որով մարդիկ կարող էին ազատ հեռանալ մինչև գրոհի սկիզբը: Պատահում էր, որ դադարեցնում էինք մարտական գործողությունները, որ քաղաքացիականներին հնարավորություն տանք լքելու վտանգավոր գոտին: Ճիշտ այդպես էինք գործում նաև Խոջալուում: Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը նախապես գիտեր ծրագրված գործողության մասին ու բավականաչափ ժամանակ ուներ բնակչության տարհանման համար: Մենք տեսնում էինք՝ ուղղաթիռներն ինչպես են իջնում Խոջալուում, բայց միայն հետո իմացանք, որ զինամթերք էին հասցրել, ու ոչ թե մարդկանց, այլ ինչ-որ գույք դուրս բերել: Գրոհից մի քանի օր առաջ մեր ջոկատները 3 կողմից շրջապատեցին քաղաքը՝ ազատ թողնելով Կարկառ գետի հովիտը: Մեր զինվորականներն առաջվա պես բնակիչներին հնարավորություն էին տալիս լքելու քաղաքը ու կոչ էին անում և՛ ռադիոյով, և՛ հզոր բարձրախոսներով՝ պարբերաբար հայտնելով առաջիկա հարձակման մասին: Բայց այդ կոչերն անարձագանք մնացին, ու միայն երբ փետրվարի լույս 25-ի գիշերը սկսվեց գրոհը, մի քանի ժամ տևած դաժան մարտից հետո, մեր թողած միջանցքով, խավարում, հապճեպ ու խուճապով փախան տեղի բնակիչները, իսկ նրանց հետևից նաև քաղաքի պաշտպանները՝ տեղական զինված ջոկատներն ու ՕՄՕՆ-ը: Մեր ջոկատները հեռացողների ետևից չէին կրակում, ու բոլորն անարգել լքեցին Խոջալուն:

Իսկ առավոտյան այդ մարդկանց մեծ մասին սպանված գտան: Ողբերգությունը կատարվել էր ոչ թե բուն Խոջալուում, այլ մի քանի կիլոմետր հեռու՝ Ասկերանի ու Աղդամի շրջանների սահմանին, Նախիջևանիկ գյուղի մոտ, մեր ու ադրբեջանական պահակակետերի միջև: Ո՞վ և ինչո՞ւ էր այնտեղ տարել մարդկանց: Ինչո՞ւ էին գիշերով հայտնվել մեր ու ադրբեջանական դիրքերի բաժանագծին, ու ոչ թե այնտեղ, ուր նախատեսված էր միջանցքը քաղաքացիական անձանց ելքի համար: Մարդիկ հենց այդտեղ էին զոհվել:

Բոլորը ցնցված էին տեղի ունեցածից: Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել, ես մանրամասն հարցուփորձ արեցի մեր պաշտպանության Ասկերանի հատվածի համար պատասխանատու ջոկատների հրամանատարներին և այլ ականատեսների: Նրանց ասելով՝ ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը. կատարյալ խառնաշփոթ էր, կրակում էին և՛ մեր, և՛ հակառակորդի ականանետները. բոլորը կրակում էին բոլորի վրա: Ավելի ուշ ադրբեջանցիների ռադիոկապի վերլուծությունը ցույց տվեց, որ նրանք քաղաքացիականների և ՕՄՕՆ-ի ամբոխը գիշերով մեր ջոկատների տեղաշարժի տեղ են դրել, իսկ մեր զորքերը որոշել են, որ ադրբեջանական ջոկատներն են Աղդամից օգնության գալիս Խոջալուն պաշտպանողներին: 1992 թվականի սկիզբն էր, և՛ մենք, և՛ ադրբեջանցիները նոր-նոր էինք զինվորական փորձ ձեռք բերում, իսկ գիշերային տեսահսկման սարքեր, բնականաբար, չունեինք: 2 կողմերն էլ խավարում շարժվող զանգվածը հարձակվող հակառակորդի տեղ էին դրել ու սկսել էին կրակել: Մարդիկ հայտնվել էին խաչաձև կրակի տակ, բացի դրանից՝ խիտ էին գնում, իրար գլխի հավաքված, ու ցանկացած պայթյուն բազմապատկում էր զոհերի թիվը: Նաև՝ 2 կողմերն էլ միշտ ականապատում էին դիրքերի առաջնագիծը, ուր նրանք դուրս էին եկել, ու խաչաձև կրակի տակ ողջ մնացածները պայթել էին հակահետևակային ականների վրա:

Տեսակետ կա, որ փախստականներին այդ վտանգավոր տեղամաս էր հանել ոչ թե հանգամանքների ճակատագրական զուգադիպությունը, այլ Ադրբեջանի ժողովրդական ճակատի միանգամայն գիտակցված գործողությունները՝ նպատակ ունենալով վարկաբեկել Մութալիբովին ու հասնել նրա հրաժարականին: Համենայն դեպս, իր հարցազրույցներից մեկում Մութալիբովը դրանում ուղղակի մեղադրում է նրանց: Գուցե հենց այդպես էլ եղել է, բայց ես, այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածի պատճառը հանգամանքների զուգորդությունն է, որը հետագայում օգտագործվեց քաղաքական նպատակների, այն է՝ Ադրբեջանում իշխանափոխության հասնելու համար: Ինչպես էլ որ եղած լինի՝ դա մեծ ողբերգություն էր, պատերազմի ամբողջ ընթացքում միակ դեպքը, երբ ղարաբաղցիների ռազմագործողության ժամանակ այդպիսի մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհվեցին:

Երբ մեր ջոկատները մտան ավան, որը լքված էին համարում, նոր, հենց վերջերս կառուցված թաղամասում անսպասելի վախեցած մարդկանց մի խումբ գտան՝ տարեց տղամարդիկ, կանայք, երեխաներ: Նրանց հագուստից, որը զգալիորեն տարբերվում էր ադրբեջանցիների ընդունված տարազից, մարտիկներն անմիջապես ճանաչեցին նորերս վերաբնակված թուրք-մցխեթցիներին: Պարզապես մոռացել ու նրանց չէի՞ն ասել, որ պետք է հեռանալ, թե՞ վախից տեղից շարժվել չէին կարողացել: 130-140 հոգի էին, ու, փառք Աստծու, ոչ մեկը չէր տուժել: Ճակատագիրը կրկին անարդար ու դաժան էր եղել այդ մարդկանց հանդեպ. բոլորովին վերջերս նրանց վտարել էին հարազատ վայրերից, հիմա էլ, ահա, երկրորդ անգամ էին հայտնվում թեժ մարտերի կիզակետում: Իշխանություններն ինչպե՞ս կարող էին դժբախտ փախստականներին տեղավորել հակամարտության էպիկենտրոնում:

Նրանցով զբաղվում էր Ժաննա Գալստյանը: Մարդկանց տեղավորեցին ավտոբազայի վարչական շենքում, կերակրեցին, որքան կարող էին. սննդամթերքը մեզ էլ չէր հերիքում: Օգնության խնդրանքով դիմեցինք Կարմիր խաչին: Ես էի բանակցում, ու մի քանի օրից Աղդամի սահմանին մենք Կարմիր խաչին հանձնեցինք բոլոր փրկվածներին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջին առաքելությունը մեզ մոտ էր ժամանել 1991 թվականի վերջին թե 1992 թվականի սկզբին, և այդ պահից մինչև պատերազմի վերջը մնաց Ղարաբաղում: Նախկինում առնչություն չէի ունեցել այդ կազմակերպության հետ և առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես են աշխատում, ինչպես են պայքարում ռազմագերիների հանդեպ վատ վերաբերմունքի դեմ: Կարմիր խաչի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունն իրենց գործին արժանի են ամենաբարձր գնահատականի և անկեղծ հարգանք են հարուցում: Պատերազմը միշտ էլ դաժանություն է ծնում, բայց Կարմիր խաչի ներկայությունն օգնում էր այն զսպել: Երբ արդեն ՊՊԿ  նախագահ էի, հասկանալով, որ գերիներին պահելը շատ նրբանկատ հարց է, ցանկացած վրիպում կարող է արատավորել մեր հեղինակությունը, անարգել մուտք ապահովեցի առաքելության ներկայացուցիչների համար: Կանոնավոր հանդիպում էինք. եթե որևէ բան նրանց դուր չէր գալիս, կամ խնդիրներ էին ծագում, միշտ դիմում էին ինձ: Հիշում եմ, թե առաքելության ներկայացուցիչն ինչպես մի անգամ եկավ ինձ մոտ, ասում է. «Գերիներին վատ են կերակրում»: Հարցնում եմ. «Ինչպե՞ս, ինչի՞ց իմացաք: Բողոքո՞ւմ են»: «Չէ, ասում է: Բայց նշաններ կան. լեզվից է երևում»: Չգիտեի էլ, որ մարդու հյուծված լինելու այդպիսի ցուցիչ կա: Անմիջապես կանչեցի պատասխանատուին ու շատ խիստ հանձնարարական տվեցի. «Մարդկանց վատ եք կերակրում: Հնարավորություններ գտեք, այնպես արեք, որ գոնե նվազագույն մարդասիրական նորմերը պահպանենք»: Կարմիր խաչի հետ այդ հետադարձ կապը շատ էր օգնում. այդպիսի մի քանի իրավիճակից հետո մարդիկ հասկացան, թե որքան կարևոր է մարդկային վերաբերմունքը մարդկանց հանդեպ: Կարմիր խաչը դեռ երկար տարիներ ակտիվորեն մասնակցում էր գերիների փոխանակմանը, զոհվածների մարմինները հանձնելուն, անհետ կորածների որոնմանը:

Խոջալուն վերցնելով՝ մեր զորքերը տեղաշարժեցինք այնտեղ: Ավանի վերջերս կառուցված ու չբնակեցված թաղամասերից մեկը օգտագործեցինք որպես զորանոց՝ տեղավորելով մարտիկներին. ամեն տուն հերիքում էր 1 դասակի: Այնտեղ փոխադրվեց նաև սպայական կազմի մի մասը՝ ընտանիքներով: Այդ հիմքի վրա էլիտար ստորաբաժանում ստեղծեցինք՝ տանկային գունդը: Այդ գունդը, որի կազմավորմանն ակտիվորեն մասնակցում էր գեներալ Իվանյանը, հսկայական դեր ունեցավ հետագա մարտերում. այն մեր հիմնական հարվածային ուժը դարձավ բոլոր հարձակողական գործողություններում:

Խոջալուն վերցնելուց անմիջապես հետո սկսեց գործել օդանավակայանը, ճիշտ է՝ ոչ երկար. թռչելը չափազանց վտանգավոր դարձավ: Միշտ էլ, նույնիսկ խաղաղ տարիներին, թռիչքն ու վայրէջքը մեր տեղանքում հեշտ գործ չէր եղել. շուրջը լեռներ են, ու վայրէջքի միակ անվտանգ ուղղությունն անցնում է Աղդամի վրայով: Իսկ հիմա օդաչուները ստիպված էին բոլոր տեղաշարժերն անել լեռների արանքում ընկած նեղլիկ տարածության մեջ: Ու եթե պարզ եղանակին դա հաջողվում էր, ապա տեսանելիության անգամ նվազագույն վատթարացման դեպքում լեռան մեջ մխրճվելու վտանգը բազմակի աճում էր:

Հենց այդպես կործանվեց մեր ինքնաթիռը 1989 թվականին: Անմիջապես վարկած հայտնվեց, որ խփել են, և ես ու Մաքսիմ Միրզոյանը, Վոլսկուց ուղղաթիռ խնդրելով, մեկնեցինք աղետի վայր: Սարսափելի տեսարան էր, բայց որևէ երկիմաստության տեղ չէր թողնում. ակնհայտ էր, որ ինքնաթիռը տառացիորեն մխրճվել է ժայռի մեջ: Ցածր ամպեր, ավտոբուսի պես լեփ-լեցուն ու գերծանրաբեռնված ինքնաթիռ. օդաչուն, ըստ երևույթին, ճիշտ չէր հաշվարկել բարձրությունն ու շատ շուտ էր սկսել վայրէջքը…

Իսհ հիմա, ի լրումն բարդ պայմանների, հակառակորդը սկսել էր օդանավակայանին խփել «Գրադ» կայանքներից: Այդպիսի հրետակոծություններից մեկի ժամանակ արկի բոկերը դիպավ թռիչքադաշտում կանգնած ու թռիչքի պատրաստվող ինքնաթիռին: Մի բեկորը բավական էր, որ ինքնաթիռն ակնթարթորեն բռնկվեր ու հաշված րոպեների ընթացքում այրվեր: Ինքնաթիռից միայն սև, ծռմռված կմախքն էր մնացել. մնացած ամեն ինչ կրակը մոխրացրել էր: Մինչ այդ չգիտեի, որ ինքնաթիռներն այդքան արագ են վառվում… Բարեբախտաբար, ոչ ոք չզոհվեց. դեռ չէին հասցրել մարդկանց ինքնաթիռ նստեցնել:

Այդ դեպքից հետո ստիպված էինք դադարեցնել թռիչքները:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...