Skip to main content

Կյանք և ազատություն

 

Երբ այս գիրքն արդեն գրված էր, Հայաստանում «թավշյա հեղափոխություն» եղավ, որը հանկարծակիի բերեց երկրի ամբողջ քաղաքական վերնախավին: Դա տեղի ունեցավ 3 տարի առաջ անցկացված հանրաքվեի արդյունքներով կառավարման խորհրդարանական կարգի անցնելու ընթացքում: Շատ էին խոսակցությունները, թե բարեփոխման իրական պատճառը նախագահի՝ վարչապետական բազկաթոռը զբաղեցնելու ձգտումն է, չնայած նա բազմիցս հրապարակավ հավաստիացրել էր, որ այդպիսի նպատակ չունի: Ինչպես պարզվեց՝ ժողովրդի այդ կասկածներն անհիմն չէին, սակայն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու փորձը տառացիորեն պայթեցրեց հայ հասարակությունը:

Ներկայիս իրադարձությունների իրական պատճառ դարձան քաղաքական համակարգի լճացումը, տնտեսության մոնոպոլացումն ու կլանային բնույթի խորացումը, աղքատության աճն ու իշխանության ծայրահեղ հեղինակազրկումը: Հասարակությունը թաղվել էր խոր անտարբերության մեջ՝ կորցնելով որևէ փոփոխության հնարավորության հույսը: Ընդամենը 1 տարի առաջ իշխող կուսակցությունը համոզիչ հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում: Չնայած ընտրությունների արդյունքներով միջազգային դիտորդների դրական գնահատականին՝ Հայաստանում մեծամասնությունը համարում էր, որ վարկանիշային քվեարկության պատճառով ընտրությունները վերածվել են ոչ թե քաղաքական գործիչների գաղափարների ու ժողովրդականության, այլ ռեսուրսների պայքարի: Այդ ամենով հանդերձ՝ իշխանությունն իրեն բավական հանդուրժող էր դրսևորում. երկրում չկային քաղբանտարկյալներ, կալանավորված լրագրողներ ու արգելված ԶԼՄ-ներ: Իշխանությունը ցույց տվեց, որ կարողանում է համաձայնության գալ, ու կարգավորեց հարաբերություններն ընդդիմության հետ՝ մեկին պաշտոն տալով, մյուսին՝ ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատ, երրորդին այլ կարգի ուշադրության արժանացնելով: Թվում էր՝ երկրում վրա է հասել քաղաքական անհողմության շրջանը, ու ոչինչ չի փոխվի առնվազն առաջիկա 5 տարիներին: Սակայն պարզվեց, որ քաղաքական կուսակցություններն, ըստ էության, կտրված են հասարակության մեջ գերիշխող բացասական տրամադրություններից:

Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռը զբաղեցնելուն խանգարելու փորձերից: Այդ շարժման ոգեշնչողն ու առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, որը ոչ մեծ խմբակցությամբ մտել էր խորհրդարան՝ դաշինք կնքելով մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ: Պետք է արժանին մատուցել. արտակարգ համառություն դրսևորելով և ընտրելով իշխանություններին դիմակայելու ճիշտ ձևեր՝ նա ոչ մեծ ու հանրությանն անհայտ թիմով կարողացավ հասնել ապշեցուցիչ հաջողության: Տարօրինակ ու շատերի համար միանգամայն անսպասելի բան կատարվեց. հասարակությունը հանկարծ արթնացավ քաղաքական լեթարգիայից, միասնական պոռթկումով մարդկանց հսկա զանգվածներ ելան փողոց, որպեսզի էքս-նախագահին թույլ չտան նստելու վարչապետի աթոռին: Բողոքավոր շարժումն իսկապես զանգվածային դարձավ, ընդ որում՝ առաջատար դեր էր խաղում երիտասարդությունը, որը նախկինում առանձնակի հետաքրքրություն չէր ցուցաբերում քաղաքականության հանդեպ: Սոցիալական ցանցերը վերածվեցին մարդկանց մեծ զանգվածների համակարգման ու ներդաշնակման կարևորագույն գործիքի: Փակված փողոցներն ու մարդկանց փողոց դուրս գալու հետևանքով կաթվածահար եղած մայրաքաղաքը Սերժ Սարգսյանին ստիպեցին հրաժարական տալ վարչապետ ընտրվելուց ընդամենը 6 օր անց: Բողոքի շարունակվող զանգվածային գործողություններով մեծացնելով ճնշումն իշխանության վրա՝ խորհրդարանում ընդամենը 9 մանդատ ունեցող ընդդիմությունը հասավ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրելուն:

Դեռ վաղ է դատել, թե ինչի կհանգեցնի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»: Ես հակասական զգացումներ ունեմ հնարավոր հետևանքների առումով: Մի կողմից ակնհայտ են հասարակության՝ փոփոխությունների համատարած դրական սպասումը, կլանայնությւոնը կազմաքանդելու և կոռուպցիայի դեմ պայքարի՝ իշխանության հռչակած վճռականությունը, մյուս կողմից՝ հեղափոխական խանդավառությունն արդեն սկսել է խախտել իշխանության ու կառավարման մարմինների ինստիտուցիոնալությունը: Կադրերի ընտրության հարցում ֆեյսբուքի պրոֆիլն ավելի կարևոր է դարձել, քան աշխատանքային կենսագրությունը: Համատարած կադրային փոփոխություններն իշխանության են բերել բազում մարդկանց, որոնք բացարձակապես չունեն կառավարման փորձ ու պրոֆեսիոնալ փորձագիտական պատրաստվածություն, բավարար չեն տիրապետում անվտանգության խնդիրներին, ծանոթ չեն ղարաբաղյան կարգավորման պատմությանն ու նրբություններին:

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ղարաբաղին: Ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Հեղափոխական բնական ամբոխահաճությունն ի՞նչ արագությամբ է վերափոխվելու իշխանության ինստիտուտների տքնաջան պրոֆեսիոնալ գործունեության: Կկարողանա՞ նոր իշխանությունը հասարակության էներգիան ու մարդկանց արթնացած հույսերը ուղղել ստեղծարար հուն, թե՞ կլինի այն, ինչ հաճախ լինում է հեղափոխությունների հետևանքով:

Այս հարցերի պատասխանը ես չունեմ: Ժամանակը ցույց կտա: Սակայն երկրի ապագան ինձ հիմա շատ ավելի է անհանգստացնում, քան գիրքն ավարտելու պահին:

Կուզենայի ավելի լավի հույս ունենալ:

20 հունիսի, 2018 թվական

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...