Skip to main content

Հանրաքվե

 

1991 թվականն ավարտվում էր Սովետական Միության հոգեվարքի ֆոնին: Կողմերն ակտիվորեն պատրաստվում էին պատերազմի, զենքի ու զինամթերքի քանակն անընդհատ աճում էր, շաբաթ առ շաբաթ մեծանում էր հրաձգությունների ու բախումների ուժգնությունը: Իրադարձությունների վրա ազդելու պարետության փորձերն անարդյունավետ էին ու հանգում էին ավելի շուտ միջադեպերի արձանագրման, քան դրանց կանխմանը:

Մարտունիում կատարված այդպիսի մի դեպքի քննության համար նոյեմբերի վերջին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային գերատեսչությունների ղեկավարների, պատգամավորների, լրագրողների և Ռուսաստանի ու Ղազախստանի դիտորդների մի խումբ Աղդամից ուղղաթիռով թռավ Մարտունի: Բայց ուղղաթիռը նշանակման վայր չհասավ՝ աղետի ենթարկվելով Կարաքենդ գյուղից մի քանի կիլոմետրի վրա: Աղետի նախաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջադրվեցին: Մենք մինչ օրս համոզված ենք, որ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն էին. թանձր մառախուղի պատճառով ուղղաթիռի պոչի պտուտակը դիպել էր ծառին, մեքենան կորցրել էր կառավարումն ու ընկել: Ադրբեջանական կողմը պնդում էր, որ ուղղաթիռը խփվել է մեր զինված ջոկատների արձակած հրթիռով: Քննությունը վարող հանձնաժողովն այդպես էլ վերջնական որոշման չեկավ: Չեմ ուզում վիճել և ապացուցել մեր անմեղությունը, միայն ասեմ, որ այդ ուղղաթիռում մեր թշնամիների հետ զոհվել էին նաև նրանք, ում բարեկամ էինք համարում: Եվ միայն երջանիկ պատահականությամբ ուղղաթիռ չէր նստել Լեոնարդ Պետրոսյանը, որը նույնպես պատրաստվում էր դիտորդների խմբի հետ թռչել Մարտունի:

Այդ փուլում անվտանգության հարցերը կլանում էին մեր ժամանակի ու եռանդի մեծ մասը: Բայց և այնպես, պետք է ավարտին հասցնեինք ԼՂՀ պաշտոնական կարգավիճակի ձևակերպման գործընթացը և մեր անկախության անխոցելի իրավական հիմքեր ստեղծելու նպատակով անեինք առավելագույնը: Դրա համար պահանջվում էր հանրապետության ստեղծման որոշումն ամրագրել համընդհանուր հանրաքվեով, ապա ընտրել իշխանության ու կառավարման հանրապետական մարմիններ: Հանրաքվեն տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ բնակչության ապշեցուցիչ ակտիվության պայմաններում. մասնակցությունը կազմել էր 82 տոկոս՝ Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը: Նույնիսկ Ստեփանակերտի ու մյուս բնակավայրերի չդադարող հրետակոծությունը չէր վախեցրել մարդկանց: Անկախության օգտին քվեարկեց 98 տոկոսը:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...