Skip to main content

Հետգրություն

 

Ցավոք, ստիպված եմ հետգրություն էլ անել՝ ձեռագիրը հրատարակչի սեղանին դնելուց ընդամենը մի քանի օր առաջ: Նոր էի ավարտել գրքի վերջաբանի վերջին նախադասությունը, երբ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հնարավոր հետևանքների վերաբերյալ վատթարագույն տագնապներս սկսեցին իրականություն դառնալ: Հեղափոխական ամբոխահաճությունը պրոֆեսիոնալ աշխատանքի վերափոխելու ոչ մի նշան այդպես էլ չհայտնվեց, հակառակը՝ պետական իշխանության ինստիտուցիոնալությունն ուղղակի սկսեցին ավերել մարդիկ, որոնք չնչին պատկերացում իսկ չունեն նրա գործառնության մեխանիզմի մասին:

Ես անթույլատրելի էի համարում կրավորական պահվածքը տեղի ունեցողի հանդեպ ու սկսեցի արտահայտել իմ տեսակետը ինչպես բազմաթիվ անձնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ հանրային տարածքում: Նոր իշխանությունն իմ տագնապն ու անհանգստությունը երկրի ճակատագրի համար գնահատեց որպես քաղաքականություն վերադառնալու մտադրություն և ընկալեց իբրև իր բարօրությանն ուղղված սպառնալիք: Անմիջապես հետևեց հարվածը. հապճեպ քրեական գործ սարքվեց տասնամյա վաղեմության դեպքերի կապակցությամբ, և ինձ «սահմանադրական կարգի» տապալման միանգամայն անհեթեթ մեղադրանք ներկայացրին:

Խոստովանեմ, որ այդպես էլ չհասկացա, թե ինչ տապալման մասին կարող է խոսք լինել, եթե ես էի Սահմանադրության երաշխավորն ու նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո հանգիստ հեռացել էի իշխանությունից: Փոխարենը համոզվեցի՝ ճիշտ էր ենթադրությունս, որ մարտի 1-ի իրադարձություններով գործը ձեռնարկվել է ոչ թե ողբերգության իրական մեղավորներին հայտնաբերելու, այլ անձնական հաշիվներ մաքրելու նպատակով, նրա, ինչն իմ հարցազրույցներում «քաղաքական վենդետա» եմ անվանել: Ամբողջ մեղադրանքը կառուցված է 2008 թվականի նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված մեր պատմության հատվածը վերախմբագրելու վրա: Այս գրքում նկարագրված 2008 թվականի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, իշխանության գալով, փորձում են ամեն գնով մաքրվել սեփական հանցավոր գործողություններից: Մարդիկ, որոնք ոչինչ չեն արել Հայաստանի և Ղարաբաղի ձեռքբերումների համար, նպատակադրվել են սևացնել բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր են դարձել այդ ձեռքբերումները:

Հարցաքննության կանչվելու մասին իմացա, երբ Հունաստանում էի՝ արձակուրդում, ու վերադարձա Հայաստան՝ պաշտպանելու իմ պատիվն ու արժանապատվությունը: Վերադարձա՝ միանգամայն հստակ հասկանալով, որ ինձ կարող են կալանավորել: Ճիշտ է, դեռ մի փոքրիկ հույս ունեի, որ գործադիր իշխանությունը, համենայն դեպս, դեռ լրիվ չի ճզմել մեր դատաիրավական համակարգը, բայց… Հարցաքննության եկա որպես վկա և անմիջապես մեղադրյալ հայտարարվեցի, իսկ հաջորդ օրը կալանավորվեցի: Տեղի ունեցավ հերթական՝ միանգամայն անսպասելի շրջադարձն իմ կյանքում: Կյանքում առաջին անգամ հայտնվեցի կալանախցում, առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի, բացառությամբ փաստաբանների հետ շփումը: Հարազատներիս էլ չէին թողնում ինձ մոտ՝ հակառակ կալանավորների պահման ընդհանրական կանոնների: Իմ կյանքում շատ բան էր եղել՝ և՛ պատերազմ, և՛ ընդհատակյա պայքար, և՛ իշխանություն. հիմա այդ ցանկին ավելացել էր քննչական մեկուսարանը:

17 օր հետո վերաքննիչ դատարանն ինձ ազատելու որոշում կայացրեց, բայց երբ իշխանությունների ու նրանց ակտիվիստների կողմից անմիջապես սպառնալիքների ու կանխակալության մեղադրանքների հեղեղ թափվեց դատավորի վրա: Ասենք, սահմանադրական նորմերի անտեսումն այդ ժամանակ արդեն համատարած էր, իսկ դատարանի վրա գործադիր հրապարակային ճնշումը՝ աննախադեպ: Նոր իշխանության կառավարման 3 ամիսների ընթացքում ի հայտ եկան Հայաստանի պետականության համար խիստ վտանգավոր նաև այլ միտումներ: Պարզունակացվում են պետության կառավարման գործընթացները՝ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ ձևով. ժողովրդական իշխանության գերագույն մարմին է հռչակվել Երևանի կենտրոնական հրապարակը, որտեղ, նոր իշխանությունների խոստման համաձայն, քննարկվելու և որոշումներ են ընդունվելու ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերով: Այլախոհության ցանկացած դրսևորում անմիջապես հայտարարվում է «նախկին էլիտայի հակահեղափոխական ռևանշիզմ», իսկ այլախոհներն ագրեսիվ հարձակումների թիրախ են դառնում սոցցանցերում ու լրատվական դաշտում: Դա ծնունդ է տվել գրաքննության մի յուրահատուկ ու զզվելի տարատեսակի. շատ լրագրողներ ու շարքային քաղաքացիներ պարզապես սկսել են վախենալ ու զերծ են մնում իրենց տեսակետն արտահայտելուց, որպեսզի չընկնեն ֆեյսբուքի ֆեյքերի ֆաբրիկայի հայհոյանքի ու կեղտաջրի հեղեղի տակ: Կոռուպցիայի դեմ հանրահռչակված պայքարը պարզորոշ ընտրովի ու ցուցադրական բնույթ է ստացել՝ աչքի առաջ այլասերվելով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և պարզունակ հաշվեհարդարի գործիքի: Նոր իշխանությունը վարկաբեկում է բանակը՝ չհասկանալով, որ ուժեղ բանակը երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Վատ է վիճակը նաև արտաքին քաղաքականության ոլորտում. կասկածի տակ են դրվում տարիներով մշակված աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոնք մեր անվտանգության անբաժանելի մասն են դարձել: Սկսել է հալածանքների ենթարկվել Հայ առաքելական եկեղեցին:

Այն ամենը, որ երկար տարիների ընթացքում մեզ հաջողվել է կառուցել Հայաստանում, ամենը, ինչի մասին գրել եմ այս գրքում, նոր իշխանությունը ոչնչացնում է հետևողականորեն ու խանդավառությամբ: Անվտանգությունը և՛ Հայաստանում, և՛ Արցախում կրկին հայտնվել է վտանգի տակ:

Ես մտադիր չէի քաղաքականություն վերադառնալ: Համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը ու վերջակետ դրել: Բայց, ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ: Չգիտեմ՝ ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, բայց ես պատրաստ եմ պայքարել, և կարող է պարզվել, որ այս գրքում նոր գլուխ է հայտնվելու:

30 օգոստոսի, 2018 թվական

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...