Skip to main content

Կենսակերպ և աշխատաոճ

 

2003 թվականին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը նկարահանեց «Աշխատանք համար մեկ» ֆիլմը՝ նախագահի աշխատանքային օրվա մասին: Այն ժամանակ ֆիլմը բազում խոսակցությունների տեղիք տվեց. իսկապե՞ս նախագահն աշխատում է այդպիսի ռեժիմով, թե՞ դա գեղարվեստական հորինվածք է՝ նախագահի գովազդի համար:

Դա իսկապես իմ սովորական աշխատանքային օրն էր, որի ընթացքում ինձ ուղեկցում էր տեսախցիկը, ընդ որում, երկար դիմադրում էի, մինչ համաձայնեցի նկարահանումներին: Ի դեպ, ֆիլմի հեղինակ լրագրողը հետագայում դարձավ իմ մամուլի քարտուղարը;

Ոմանց իմ օրակարգը գուցեև ձանձրալիորեն միօրինակ թվար: 10 տարի ապրում էի միևնույն գրաֆիկով: Աշխատանքային օրս սկսվում էր ժամը 9-ին: Երբեք չէի ուշանում աշխատանքից: Աշխատում էի շաբաթական 6 օր, ունեի 1 հանգստյան օր՝ կիրակին: Սկզբնական շրջանում աշխատավայրում մնում էի մինչև ուշ գիշեր, բայց շուտով հասկացա, որ առավոտյան թարմ ուղեղով ավելի արդյունավետ եմ աշխատում: Սկսեցի տուն գնալ երեկոյան ժամը 9-ին, երբ հոգնածությունից արդեն դժվարությամբ էի կենտրոնանում: Աշխատում էի շաբաթը 2 անգամ մարզասրահ գնալ: 1990-ականների վերջերին կարգին մարզասրահներ չկային, միայն ավելի ուշ մենք հսկայական միջոցներ տրամադրեցինք ու վերանորոգեցինք ինչ կարող էինք: Իսկ այն ժամանակ միակ լավ մարզասրահն ու 25 մետրանոց լողավազանը Կարմիր խաչի շենքում էին՝ Երևանի արվարձանում: Այդ մարզասրահում երեկոյան մեր մարզիկների հետ բասկետբոլ էի խաղում, հետո կես ժամ լողում էի: Բասկետբոլն առաջվա պես օգնում էր գլուխն ազատել գործերի մասին մտքերից:

Ապրում էի կառավարական ամառանոցներում: Հենց այդ ժամանակ այդտեղ վերանորոգել էին ոչ մեծ բաց լողավազանը: Առաջին գործը, որ անում էի աշխատանքից վերադառնալուց հետո, անմիջապես այնտեղ գնալն էր: Սառը ջրի մեջ լողալն օգնում էր թոթափվել բոլոր աշխատանքային հոգսերից: Բացի խիստ անհետաձգելի դեպքերից՝ երբեք որևէ գործ տուն չէի տանում: Քնելուց առաջ կարդում էի, սովորաբար՝ մասնագիտական գրականություն: Ընտանիքում օրենք էր՝ չխոսել աշխատանքիս մասին, և դա ինձ օգնում էր ամբողջովին կտրվել գործերից: Ամենավատն այն է, երբ անկողնում պառկած՝ մտքում պտտում ես վաղվա օրը: Առավոտյան անկասկած հոգնած կարթնանաս:

Շաբաթ օրը աշխատանքն ավելի վաղ էի ավարտում ու ձգտում էի հանգստյան օրը դուրս գալ քաղաքից: Ամռանը մեկնում էի Սևան, ուինդսերֆինգ, ջրադահուկ յուրացնում, սկուտերով սլանում էի լճում: Աշնանը, երբ սկսվում էր սեզոնը, սարերն էի բարձրանում, լոր ու կաքավ որսում: Ձմռանը, Ծաղկաձորի կառուցապատումից հետո, հանգստյան օրերին մեկնում էի այնտեղ, լեռնադահուկային սպորտով զբաղվում: Հաճախ ինձ ուժասպառ էի անում ծանրաբեռնվածությամբ, ինձ համար խիտ գրաֆիկ կազմում, ինչպես մարզական հավաքների ժամանակ: Ամենադժվարը ուինդսերֆինգն էր. մոտ 2 ամիս քերծված ծնկներով էի ման գալիս՝ ասֆալտին ֆուտբոլ խաղացող դեռահասի պես:

Ընդհանրապես հրաշալի է, երբ քեզ դուր են գալիս տարվա բոլոր եղանակները: Աշնանը սպասում ես ձմեռվան, որ դահուկ քշես, ձմռանը սպասում ես գարնանը, որ ձիավարես, ամռանն ես սպասում, որ սլանաս առագաստի տակ, իսկ աշնանն էլ, իհարկե, կաքավ որսաս: Երբ ուրախությամբ ես դիմավորում յուրաքանչյուր հաջորդ եղանակային փուլը, դա թույլ է տալիս լավ տրամադրություն պահպանել: Իսկ լավ տրամադրությունն ուղղակի ազդում է արդյունավետության վրա:

Բայց այս ամենը՝ դահուկները, ուինդսերֆինգը, որսը, միայն հանգստյան օրերին: Նախագահության բոլոր տարիների ընթացքում երբեք ինձ թույլ չեմ տվել հանգստանալ աշխատանքային օրերին: Ոչ մի անգամ չէի անում այն, ինչը չէի ների իմ ենթականերին: Ինքնակարգապահության հետ հաշտ ու համերաշխ էի դեռ մանկությունից. աշխատանքի և հանգստի խիստ ռեժիմն ինձ տրվում էր առանց մեծ ջանքի ու կազմում իմ էության մասը:

նախագահական ժամկետի ամբողջ ընթացքում նույնիսկ կարգին չհիվանդացա, դե, այնպես, որ կարելի լիներ պառկել առանց խղճի խայթի: Մի անգամ 3 օր պառկեցի կույր աղիքի բորբոքման, մի 2 անգամ էլ՝ գրիպի պատճառով: Արձակուրդ վերցնում էի միայն ամռանը, 1 շաբաթով, մեկնում էի Հունաստան: 1 շաբաթը առավելագույնն էր, որ կարող էի ինձ թույլ տալ: Իսկ ձմեռային արձակուրդի առաջին անգամ մեկնեցի արդեն նախագահական ժամկետից հետո, երբ թողել էի պաշտոնը: Ավելի ուշ՝ երկրորդ ժամկետի ընթացքում, երբ գործերը կայուն ու հաջող էին ընթանում, կարող էի ավելի երկար հանգստանալ, բայց միևնույն է, ոչինչ չփոխեցի: Հավանաբար, ի ցավ նախարարների. չէ՞ որ նրանք չէին կարող իրենց ղեկավարից երկար հանգստանալ: Ամանորի տոներից անմիջապես հետո՝ հունվարի 3-ին, առավոտից ներքին կապով զանգահարում էի նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին, տեղեկություններ հարցնում, հանձնարարականներ տալիս: Բոլորը գիտեին դա և արդեն հունվարի 2-ին սպասում էին զանգի: Խոստովանում եմ, ուղղակի ուզում էի բոլորին կտրել հայկական առատ ամանորյա խնջույքներից, որոնք անհավատալիորեն երկար են տևում, և պետապարատը արագ վերադարձնել կանոնավոր աշխատանքային ռեժիմի:

Խստորեն հետևում էի ինքնասահմանափակման կանոններին, ինչը կապված էր նախագահին թույլատրելիի շրջանակների մասին իմ պատկերացումների հետ. չէի մասնակցում ընտանեկան տոնախմբությունների, հարսանիքների կամ ծննդյան տարեդարձների, հյուր չէի գնում, նույնիսկ բարեկամների տուն: Շատ կարևոր էի համարում ընդգծված միատեսակ վերաբերմունքը բոլորին, ում հետ աշխատում էի: Էլ ավելի կարևոր էր ցույց տալ, որ նախագահի հետ մտերմությունը որևէ առավելություն չի տալիս, հակառակը, ամեն ինչում պարտավորեցնում է ավելի մեծ զսպվածության և պատասխանատվության: Գուցե չափն անցնում էի. երևի այդպես էին կարծում իմ բոլոր բարեկամները, մանկության ընկերներն ու կուրսեցիները:

Ամեն շաբաթ հաստատում էի օգնականիս պատրաստած հաջորդ շաբաթվա մանրամասն գրաֆիկը՝ բոլոր հանդիպումները, խորհրդակցությունները, արտագնա իրադարձությունները: Այնպես էի անում, որ բոլորը կարողանան պատրաստվել, այդ թվում և արարողակարգի, անվտանգության ծառայությունները: Ամեն շաբաթ պարտադիր հանդիպումներ էի ունենում վարչապետի, պաշտպանության նախարարի, ոստիկանության պետի, ազգային անվտանգության ծառայության պետի և դատախազի հետ: 2 շաբաթը մեկ ինձ մոտ էին գալիս ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Երևանի քաղաքապետն ու Կենտրոնական բանկի նախագահը: Նույնպիսի հաճախականությամբ հանդիպում էի նաև խորհրդարանի խոսնակի և կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հետ: Մնացած բոլոր նախարարները, ծառայությունների ղեկավարներն ու մարզպետերն ամեն ամիս գալիս էին պարտադիր զեկույցի, եթե ընթացիկ անհետագելի հարցեր չէին ծագում: Դա որոշակի ռիթմ էր հաղորդում աշխատանքին, վերածվում գործառութային առօրեականության ու ոչ մեկին թույլ չէր տալիս թուլանալ: Հարկ էր լինում լրջորեն պատրաստվել հանդիպումներին. այդ ընթացքում ինձ զեկուցում էին գործերի ընթացիկ վիճակի և ապագայի ծրագրերի մասին: Ինձ անհրաժեշտ էր օբյեկտիվ և համակարգային տեղեկատվություն գործերի վիճակի մասին և բնագավառների կամ շրջանների զարգացման առաջարկներ: Խսիտ պահանջներ էին ներկայացնում զեկույցներին: Ընդհանուր դատողություններով ընդարձակ գրավոր կամ բանավոր բացատրությունները չէին ընդունվում: 1.5 էջի սահմաններում կարելի է հանգիստ շարադրել ցանկացած ծրագրի էությունը: Կարծում եմ՝ այն ժամանակ շատերը սովորեցին հակիրճ զեկուցագրեր կազմել:

Ամեն հանդիպում խիստ ժամակարգ ուներ. շուտ կարող էր ավարտվել, ուշ՝ ոչ: Իմ ընդունարանում երբեք այցելուների կուտակումներ չէին լինում: Սովորաբար յուրաքանչյուրին հատկացվում էր կես ժամից 1 ժամ: Երբեք՝ ոչ ավելի: Չկա որևէ հարց, որը հնարավոր չէ քննարկել 1 ամբողջ ժամում: Ծրագրվածից երկար տևող 1 հանդիպումը խախտում էր ամբողջ օրվա գրաֆիկը, այնպես որ դա տաբու էր:

Հիշում եմ, մի անգամ ընդունում էի մշակույթի մի հայտնի գործչի՝ իր խնդրանքով: Ասել էր, որ կոնկրետ և շտապ հարց ունի, բայց սկսեց խոսել ընդհանուր թեմաներից: Նրան տրամադրված ժամանակի ավարտից 5 րոպե առաջ քարտուղարը ներքին կապով հայտնեց, որ հաջորդ այցելուն արդեն այստեղ է: Դա ավարտի ազդանշան ծառայեց: Զրուցակիցս շփոթված նայեց ինձ. «Բայց նույնիսկ չհասցրի ասել, թե ինչի համար եմ եկել: Ինձ էլի նույնքան ժամանակ է պետք»: Ես պատասխանեցի. «Իսկ ձեզ դուր կգա՞ր, եթե նստեիք և ուղիղ 1 ժամ սպասեիք իմ ընդունարանում»: «Չէ՛… չէ՛»,- շփոթվեց նա: «Կարծում եմ՝ ընդունարանում սպասող նախարարին էլ դա դուր չի գա: Հավանաբար, նրա նախարարությունում հանդիպումներ են նշանակված, որոնցից այդ դեպքում կուշանա, և դա հաստատ դուր չի գա նրանց, ովքեր սպասելու են նրա ընդունարանում: Ես աշխատանքի եմ ու չեմ կարող հենց այնպես ժամերով զրուցել, նույնիսկ ամենահաճելի զրուցակցի հետ: Ձեր խնդրանքի մասին պատմեք իմ օգնականին, ու եթե լուծելի հարց է, ապա ամեն ինչ կանենք»: Այդ մարդուն մեր երկրում բոլորը շատ հարգում էին, ու ես հասկանում էի, որ նա կարող է նեղանալ: Բայց հակառակ դեպքում հաջորդ 3 հանդիպումները և մեծաթիվ մասնակիցներով 2 խորհրդակցությունները շղթայաձև կսկսվեին 1 ժամ ուշացումով:

Ի դեպ, մենք կատարեցինք նրա խնդրանքը, և հույս ունեմ՝ նա ամեն ինչ ճիշտ հասկացավ:

Ինձ մոտ բազմաթիվ տարատեսակ խորհրդակցություններ էի հրավիրում: Այն ժամանակ զբաղվում էինք լայնածավալ բարեփոխումներով, և անհրաժեշտ էին մշտական քննարկումներ՝ մասնակիցների լայն շրջանակով: Սովորաբար, ցանկացած խորհրդակցությունից անմիջապես հետո կազմվում էր արձանագրություն՝ հանձնարարություններով, պատասխանատուներով և կատարման ժամկետներով: Հաջորդ օրն այն ուղարկվում էր բոլոր կատարողներին ու վերցվում հսկողության տակ: Չկատարված հանձնարարությունն ընդունվում էր որպես արտակարգ դեպք ու հետևանքներ էր ունենում: Օբյեկտիվությունը, կարգապահությունն ու ճշտապահությունը համարում էի աշխատանքի կարևորագույն տարրեր: Ընդհանուր առմամբ, օրերն անցնում էին մարաթոնի ռեժիմով, իսկ երեկոյան ավելի շատ աշխատում էի փաստաթղթերի հետ:

Ձեռքս պահում էի իրադարձությունների զարկերակի վրա, և բոլորը գիտեին, որ ստելը կամ իրավիճակը զարդարելը վտանգավոր է: Բոլորին, ովքեր աշխատում էին ինձ հետ, թվում էր, թե բացառիկ հիշողություն ունեմ, քանի որ միշտ հիշում էի բազմաթիվ մանրամասներ: Իրականում բոլորովին էլ այդպես չէր: Տարաբնույթ տեղեկատվության ահռելի հոսքը սրել էր զուգորդական հիշողությունս: Այդ հոսքը կարգավորելու համար ուղեղը փաստերը դասավորում էր «ֆայլերի» մեջ և դրանք կապում մարդկանց՝ այդ տեղեկատվության աղբյուրների հետ: Բավական էր տեսնեի մարդուն, և հիշողությանս մեջ դուրս էին լողում նրա հետ կապված բոլոր մանրամասները, հաճախ՝ ի զարմանս ինձ:

Կարծում էի՝ չափազանց կարևոր է սահմանել յուրաքանչյուրի իրավասությունների՝ բոլորին հասկանալի սահմանները: Մի նախարար առաջին հանդիպման ժամանակ՝ նրա նշանակումից մի քանի շաբաթ անց, ավարտելով ընդհանուր զեկույցը, սկսեց մի շարք հարցեր համաձայնեցնել ինձ հետ. դրանք յոթն էին: Նրան լսելուց հետո ասացի, որ այդ 7 հարցերից միայն 3-ն ինձ հետ համաձայնեցնելու կարիք ունեն: Մյուսներն իր լիակատար տնօրինության տակ են, ինչո՞ւ է որոշել իմ հավանությունը ստանալ այդ հարցերի վերաբերյալ: Նա շփոթվեց, փորձեց բացատրություն գտնել, կորցրեց իրեն ու ասաց, որ ամեն ինչ հասկացավ: Այդպիսի պատմություններն արագ են տարածվում, և դրանց էությունը դառնում է կառավարչական մշակույթ: Կառավարությունում պետք չեն նախարարներ, որոնք պատրաստ չեն որոշումներ կայացնել: Ես մտադիր չէի կատարել նրանց աշխատանքը և նրանց ուսերից վերցնել արդյունքների համար պատասխանատվությունը:

Որպես կանոն, բոլորը շատ արագ են հարմարվում ղեկավարի պահանջներին, և շուտով նրա աշխատանքի ոճն ու ռեժիմը անդրադառնում է կառավարման ամբողջ համակարգի վրա: Ընդհանուր առմամբ, ոչ մեկին թույլ չէի տալիս հեշտ ու հանգիստ ապրել: Հազվադեպ էի խրախուսում կամ գովում, գուցե տարին մի անգամ: Նոր տարվա նախօրեին նախարարությունների ու գերատեսչությունների բոլոր ղեկավարներին հրավիրում էի ճաշի ու ոչ պաշտոնական հանրագումարի բերում արդյունքները՝ սովորաբար պարգևների արժանացնելով նրանց, ովքեր փայլուն էին կատարել իրենց խնդիրները:

Արգելում էի անհատական կենացները. տանել չեմ կարողանում, երբ մարդիկ շողոքորթում են՝ նայելով միմյանց աչքերի մեջ, առավել ևս՝ հրապարակային, վարպետություն ցուցաբերելով մակդիրների ընտրության հարցում: Ընդ որում՝ բոլոր ներկաները հրաշալի գիտեն, որ կենաց ասողն անկեղծ չէ, և այդ ընդհանրական երեսպաշտությունը հատկապես զզվելի է: Իսկ եթե սեղանին որևէ փքված պետք է հայտնվում, ապա բոլոր կենացները սկսում են պտտվել նրա անգերազանցելի շնորհների շուրջ: Նման բան պատահում է ամենուրեք, գրեթե բոլոր տոնախմբությունների ժամանակ: Մեր այդ սովորույթը միշտ իմ մեջ սուր տհաճություն էր առաջացնում: Դժբախտաբար, այն մեր կենցաղավարության մաս է դարձնում շողոքորթությւոնը, կեղծավորությունն ու պաշտոնաքծնանքը:

Աշխատանքիս հանրային մասն ինձ ամենից անհրապուրիչն էր թվում: Հասկանում էի դրա անհրաժեշտությունը, բայց կարևորություն չէի տալիս: Մամուլի ծառայությունն ինձ համառորեն մղում էր տարբեր գովազդային ակցիաների: Հեռուստաալիքների հետ շփման նոր ձևաչափեր էին հորինում, հանդիպումներ ուսանողների հետ, հընթացս հարցազրույց շինհրապարակներ կամ նոր ձեռնարկություններ այցերի ընթացքում: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր անցնում, բայց ես կարծում էի, որ ցանկալի չէ բնակչության շրջանում սպասելիքներ հարուցել, որոնք իշխանությունն ամենայն հավանականությամբ չի կարողանա լիարժեք իրականացնել: Հետո մարդկանց մեջ հիասթափություն կսկսվի, ու պիտի մտածես՝ ինչպես վարվել դրա հետ:

Ինձ համոզում էի, որ լավ աշխատանքի արդյունքներով, թեկուզ ավելի ուշ, 1 տարի անց, 5 տարի անց, մարդիկ, միևնույն է, կգնահատեն իմ արածը: Չարժեր ժամանակ ու եռանդ վատնել հենց հիմա նրանց գնահատանքին արժանանալու համար: Իմ չափազանց լուրջ վերաբերմունքը տրված խոստումներին փակում էր ճանապարհս դեպի պոպուլիզմ ու դեմագոգիա: Խոստանալ, պայմանավորվել ինչ-որ բանի մասին ու չանել. դա ինձ համար կտրականապես անընդունելի էր: Կարծում էի, որ պետք է միշտ ավելի քիչ խոստանալ, քան ի վիճակի ես իրականացնել: Երևի այդ պատճառով էլ իմ ելույթներն ու հարցազրույցները միշտ ազնիվ, կոնկրետ ու զուսպ մնացին, չնայած գուցեև երբեմն՝ չափից ավելի:

Միշտ ինքս էի աշխատում իմ ելույթների վրա և նույնիսկ սեփական տեխնոլոգիա էի մշակել: Սկզբում կազմում էի ելույթի ծրագիրը և առանձնացնում դրա հիմնական շերտերը: Հետո օգնականս դրանք բացում ու վերածում էր տեքստի: Հետո տեքստը վերադառնում էր ինձ, ու սկսվում էր հիմնական աշխատանքը: Սովորաբար արդյունքում ելույթն անճանաչելիորեն փոխվում էր, իսկ օգնականներիս կատակով ասում էի, որ իրենց ներգրավում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես չի կարելի գրել:

Վերընթերցում էի գրածը և անխնա խմբագրում. հանում էի բոլոր բառերը, կետադրական նշանները, որոնցից կարելի է խուսափել՝ առավելագույնս պարզեցնելով նախադասությունների կառուցվածքը: Բանավոր տեքստը չպետք է առատ լինի բարդ դարձվածքներով. դրանք դժվարացնում են ընկալումը: Հետո մի կողմ էի դնում ստացված տեքստը, իսկ հաջորդ օրը վերադառնում էի դրան թարմ հայացքով ու մշակում մինչև վերջնական տարբերակ: Ելույթից անմիջապես առաջ մարկերով նշում էի յուրաքանչյուր նախադասության առանցքային բառերը: Դա թույլ էր տալիս միայն երբեմն-երբեմն հայացք գցել տեքստի էջերին և լավ տեսողական կապ պահպանել լսարանի հետ: Յուրաքանչյուրն իրեն հատուկ խոսքի ռիթմ, սովորական դարձվածքներ ու բառապաշար ունի: Մարդու կարդալուց միշտ երևում է՝ նա տեքստի հեղինա՞կն է, թե՞ ոչ:

Այն տարիներին նախագահի աշխատակազմը երկրում եռացող աշխատանքի լոկոմոտիվը դարձավ, կատաղի արագություն հաղորդեց գործին, որից հետ մնալու իրավունք պետական վարչակազմում ոչ ոք չուներ: Երբեմն նույնիսկ մտածում եմ. գուցե դա էր պատճառը, որ չէի ուզում մնալ նախագահի պաշտոնում: Տպավորություն էր ստեղծվում, որ կյանքը գնում է զորանոցային կարգով, որն ինքս էի ինձ պարտադրել, իսկ ամենահետաքրքիրն անցնում է կողքովդ: Ինչպես հին սովետական անեկդոտում. կուսակցության շարքերն ընդունվելիս շրջկոմի բյուրոյի անդամները երիտասարդ թեկնածուին բացատրում են, թե ինչպիսին պիտի լինի կոմունիստի բարոյական կերպարը. «Բյուրեղյա մաքրություն ամեն ինչում: Չի կարելի խմել, ծխել և սիրահետել կանանց»: Եվ այստեղ բյուրոյի անդամներից մեկը՝ մի հին կոմունիստ, բարդ հարց է տալիս. «Իսկ եթե պետք լինի, պատրա՞ստ ես կյանքդ տալ հանուն կուսակցության»: Լրիվ սրտնեղած թեկնածուն վախվորած պատասխանում է. «Իհարկե պատրաստ եմ: Ինչի՞ս է պետք այդպիսի կյանքը»:

Թեև պաշտոնաթողությունից հետո էլ շարունակում էի ապրել խիստ գրաֆիկով:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...