Skip to main content

Հանդիպումներ Հեյդար Ալիևի հետ

 

Ադրբեջանի նախագահի հետ կանոնավոր հանդիպում էինք ԱՊՀ և տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընթացող բազմակողմ միջոցառումների ժամանակ: Այդպիսի հանդիպումներից մեկի ընթացքում՝ նախագահ ընտրվելուցս անմիջապես հետո, իրար կողքի էինք նստած: Ալիևն ինձնից առաջ էր ելույթ ունեցել ու՝ շատ կոշտ, խոսում էր Հայաստանի ագրեսիայի, ադրբեջանական տարածքների բռնազավթման, միլիոնի կարգի փախստականների մասին, մի խոսքով՝ Հայաստանին մեղադրում էր հնարավոր բոլոր մեղքերի համար՝ ընդհուպ հասնելով ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն: Ես, իհարկե, ոչ պակաս կոշտ պատասխանեցի, հեռացա նախապատրաստված տեքստից, ու խոսքս հեգնական ստացվեց, հումորով, կենդանի ու համոզիչ: Դահլիճի արձագանքը կասկած չէր  թողնում, որ հաջող եմ հակադարձել:

Ընդմիջմանը դիմեցի նրան.

-Հեյդա՛ր Ալիևիչ, համոզված եմ, որ ելույթս ձեզ դուր չեկավ: Ճի՞շտ է:

-Այո՛, դուր չեկավ,- հաստատեց նա:

-Ինձ էլ ձերը դուր չեկավ: Եվ ի՞նչ ենք անելու: Չէ՞ որ հիմա տարին 3-4 անգամ, գուցեև ավելի հաճախ, հանդիպելու ենք տարբեր ֆորումներում: Ի՞նչ եք կարծում՝ բոլոր ներկա գտնվողները գիշերները չեն քնում, մտածում են մեր հակամարտության մասի՞ն: Ախր, նրանց համար մեր խնդիրն իր նշանակությամբ 100-րդ տեղում է, եթե ոչ ավելի հետ: Ինչո՞ւ պիտի զվարճացնենք այս հասարակությանը, գլադիատորական մարտեր կազմակերպենք: Դա մեզ պե՞տք է:

-Ձեզ,- արձագանքեց նա,- իհարկե,- պետք չէ: Ձեզ ձեռնտու է, որ խնդրի մասին չխոսեն, իսկ մեզ՝ հակառակը: Մենք պետք է անընդհատ հիշեցնենք, որ մեր տարածքները զավթված են:

-Այո՛,- ասում եմ,- հասկանում եմ: Կարող ենք պայմանավորվել. սահմանենք այն գիծը, որից այն կողմ չեք անցնում: Եթե անցաք՝ ես ձեզ պատասխանում եմ, եթե ոչ՝ պարզապես լուռ եմ մնում:

-Իսկ գիծը որտեղո՞վ է անցնելու:

-Եկեք փաստերն առանձնացնենք գնահատականներից,- ասացի ես:- Եթե դուք ասեք «տարածքի այսինչ մասը օկուպացված է, այսքան տոկոս, այսքան փախստական», դրանք փաստեր են: Խոսեք դրա մասին՝ ինչքան ուզում եք, չնայած ձեր թվաբանությանը համաձայն չեմ: Բայց հենց սկսում եք. «Հայաստանը, նրա հանցավոր գործողությունները, ցեղասպանություն», դրանք արդեն հուզական գնահատականներ են: Եկեք դրանք չօգտագործենք: Եթե դուք անցնեք գնահատականների, ես պատասխանելու եմ բավականաչափ համոզիչ, և ամեն անգամ թե՛ ձեր մեջ, թե՛ իմ մեջ նստվածք է մնալու: Այդ ամենը կավարտվի նրանով, որ կսկսենք ատել իրար, ու դա կխանգարի, որ շփվենք, բանակցություններ վարենք ու լուծում փնտրենք…

Մի քիչ մտածելով՝ Ալիևը համաձայնեց: Երկուսիս սահմանած այդ գիծը հետագայում երբեք չանցանք:

Իսկ հետո… Հետո պետք էր փորձել կրկին ինչ-որ տարրական հարաբերություններ կառուցել, որոնք լրիվ ոչնչացրել էին պատերազմն ու դրան նախորդած տարիների ծանրագույն իրադարձությունները: Ես ասում էի. «Հեյդա՛ր Ալիևիչ, ամեն դեպքում խաղաղ կարգավորման ուղիներ պիտի փնտրենք: Հեշտ լուծումներ չեն լինելու ո՛չ հայկական կողմի համար, ո՛չ ադրբեջանական: Փոխհարաբերությունների ներկայիս աստիճանին որևէ փոխզիջում սվիններով կընդունվի թե՛ ձեզ մոտ, թե՛ մեզ մոտ: Հիմա որքան շատ կապեր հաստատվեն, այնքան հեշտ կլինի հետո իրացնել ցանկացած պայմանավորվածություն և՛ ձեզ համար՝ Ադրբեջանում, և՛ ինձ համար՝ Հայաստանում ու Ղարաբաղում»: Նրան այդ տեսակետը սրտամոտ թվաց, ու մեզ հաջողվեց համատեղ ուժերով առաջ գնալ:

Առաջին ու բոլորի համար անսպասելի քայլն արեցի ես՝ 1998 թվականին Բաքու ուղարկելով Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանին՝ մասնակցելու ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանային համաժողովին, որտեղ քննարկվում էր տրանսպորտային ուղիների նախագիծը: Դրանից շատ չանցած պայմանավորվեցինք մասնակցել բոլոր բազմակողմ միջոցառումներին Երևանում ու Բաքվում: Այդպիսի կանոնավոր հանդիպումներ ԱՊՀ շրջանակներում հաճախ էին լինում: Մեր նախարարները մեկնում էին Բաքու, ադրբեջանցիները՝ մեզ մոտ՝ Երևան: Ադրբեջանում որոշ նախարարներ ծնունդով Հայաստանից էին ու երբ գալիս էին մեզ մոտ, գործընկերները նրանց համար ուղևորություններ էին կազմակերպում հարազատ վայրեր, որ կարողանան հանդիպել ու շփվել նախկին հարևանների, ընկերների հետ: Այդ ամենն օգնում էր վերականգնելու բնականոն մարդկային հարաբերությունները, չէ՞ որ մի բան է՝ աբստրակտ ատել մի ամբողջ ազգի, ու լրիվ ուրիշ բան՝ կոնկրետ, այն էլ քեզ լավ ծանոթ մարդուն: Ես կարծում էի, որ այդպես աստիճանաբար կկարողանանք նվազեցնել փոխադարձ թշնամանքի աստիճանը, որ ծագել էր պատերազմի ընթացքում, ու դա կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Մենք դադարեցինք արգելափակել իրար միջազգային կազմակերպություններում: Դրանց մեծ մասում գործում էր վետոյի իրավունքը, որից օգտվելով՝ ավելի վաղ այդ կազմակերպության մեջ մտած երկիրը կարող էր խոչընդոտել ցանկացած ուրիշի անդամակցությանը: Հայաստանն ու Ադրբեջանը այդ իրավունքը անընդհատ օգտագործում էին իրար դեմ: Մի անգամ զանգեցի Ալիևին ու առաջարկեցի.

-4 օրից ԻԿԱՕ-ի հավաքն է, որտեղ արդեն երկար տարիներ արգելափակում ենք ձեր անդամակցությունը, իսկ մի ամսից ԻԱՏԱ-ինը, որտեղ դուք եք մեզ արգելափակում: Եկեք պայմանավորվենք. ես հանում եմ ԻԿԱՕ ընդունվելու ձեր վետոն, եթե խոստանաք, որ 1 ամսից դուք էլ նույնը կանեք ԻԱՏԱ-ում:

Նա անմիջապես համաձայնեց. դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում էր:

Ալիևի հետ փոխադարձ որոշում կայացրինք՝ չխոչընդոտել լրագրողների աշխատանքին: Խմբեր էինք ընդունում, նրանց համար ուղևորություններ կազմակերպում, մի անգամ նույնիսկ Ղարաբաղ տարանք: Ես ուզում էի, որ մեր ժողովուրդները, առանց որևէ քարոզչության, հնարավորություն ստանան իմանալու ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում հարևանությամբ: Մեր մարզիկները սկսեցին հանդիպել միջազգային մրցումներում՝ Բաքվում ու Երևանում. նրանց մասնակցության խնդիրը արգելքի չէր հանդիպում ո՛չ մեր, ո՛չ ադրբեջանական կողմից:

Ալիևի հետ հեշտ էինք շփվում, արագ ռեակցիա ու հումորի արտակարգ զգացում ուներ: Մի անգամ, պաշտոնական մեծ ընդունելություններից մեկի ժամանակ, ԱՄՆ-ում տեսա Ալիևին դստեր հետ ու մոտեցա բարևելու: Իրար ձեռք սեղմեցինք, և այստեղ նա աղջկան ասում է. «Ծանոթացի՛ր, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է,- կարճ դադար է տալիս ու ժպտալով ավելացնում.- Հենց նա, որ գրավել է մեր հողերն ու չի ուզում հետ տա»: Դա այնքան անսպասելի էր, որ ես մի կերպ կատակի տվեցի: Մի անգամ էլ Կիևում, ԱՊՀ գագաթնաժողովից անմիջապես հետո, գալիս եմ ռեստորան՝ նախագահների ընթրիքին: Հյուրերը քիչ-քիչ հավաքվում էին, իսկ այդ պահին արդեն այնտեղ էին Կուչման, Պուտինն ու Ալիևը: Ես ժպտում եմ, մոտենում, բարևում գործընկերներիս: Այստեղ Ալիևը, դիմելով Պուտինին ու ինձ ցույց տալով, ասում է. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, տեսնո՞ւմ եք Ադրբեջանն ինչ կադրեր է տալիս Հայաստանին»՝ ակնարկելով իմ ղարաբաղյան ծագումը: Ես անմիջապես հակադարձեցի. «Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, սա նախագահների բարեկամական փոխանակում է Ադրբեջանի հետ: Եթե չգիտեք՝ Հեյդար Ալիևիչը ծնունդով Հայաստանի Սիսիանի շրջանից է»: Երկար ծիծաղեցինք դրա վրա:

Մեր բոլոր պայմանավորվածություններն Ալիևի հետ,- իհարկե, եթե հենց իրենից էր կախված,- միշտ կատարում էր նա. նույն կերպ էի վարվում և ես: Մեր հարաբերություններն աստիճանաբար ավելի ու ավելի կառուցողական ու վստահելի էին դառնում, իսկ բուն շփումը՝ ավելի անկեղծ: Նա ինձ երբեմն պատմում էր իր դժվարությունների մասին, տրտնջում ընդդիմությունից. ըստ երևույթին չէր կասկածում, որ այդ տեղեկությունն ինձնից դուրս չի գա: Եվ այդպես էր. փոխադարձ վստահությունը մենք երբեք չէինք չարաշահում:

1999 թվականի ապրիլին թռա Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը ոչ պաշտոնական հանդիպման հրավիրեց ինձ ու Ալիևին: Որոշ ժամանակ զրուցելուց հետո Օլբրայթն ինձ ու Ալիևին մենակ թողեց, որ կարողանանք խոսել: Այն տարիներին ցանկացած միջազգային բազմակողմ կոնֆերանս կամ գագաթնաժողով, որին մասնակցում էինք ես և Ալիևը, միջնորդները փորձում էին օգտագործել որպես մեր հերթական բանակցությունների հնարավորություն, դրա համար էլ կանոնավոր կերպով այդպիսի հանդիպումներ էին կազմակերպում: Մենք չէինք հրաժարվում. քննարկման թեմա միշտ կար: Այդպես էր և այս անգամ:

Իմ ու Ալիևի միջև արդեն լավ անձնական կապ էր հաստատվել, իրար վերաբերվում էինք որպես լուրջ գործընկերոջ, որի հետ կարելի է պայմանավորվել: Բայց այդ հանդիպումն առանձնահատուկ ստացվեց: Այն, ինչ այդ ժամանակ ասաց Ալիևը, անսպասելիորեն կտրուկ տարբերվում էր այն ամենից, որ մինչ այդ լսել էի նրանից: Ասաց, որ շատ է մտածել Ղարաբաղում կատարվածի մասին, ահռելի պատմական պատասխանատվություն է զգում հակամարտության հանգուցալուծման համար և իմ մեջ տեսնում է ճիշտ այդպիսի պատասխանատվություն կրող մարդու, բայց՝ հայկական կողմից: Ասաց, որ մեզ ծանրագույն առաքելություն է բաժին ընկել հաղթահարելու հակամարտությունը, որի արմատները խոր անցյալում են, և առաջին անգամ չէ, որ բռնկվում է այդ հողի վրա: «Մենք ժառանգել ենք այդ իրավիճակը, մենք դրա հեղինակները չենք,- ասաց նա: Բայց հենց մենք պիտի լուծենք այն ու նրանից ազատենք գալիք սերունդներին»: Նա խոսում էր այն մասին, որ մեր ժողովուրդները դարերով միասին են ապրել, և ամեն անգամ, երբ աշխարհաքաղաքական ցնցումներ են եղել, անպայման բախվել ենք, արյուն է թափվել, վիրավորանքներ կուտակվել: Հիմա, երբ պատերազմը, մեկ է, արդեն բաժանել է մեզ, առաջվա պես ապրել արդեն չենք կարող: Նախկինին վերադառնալ չի հաջողվի. չի կարելի ճակատ ճակատի բերել կռվողներին, նրանց պետք է բաժանել իրարից, մինչև երկուսն էլ հանդարտվեն: Դրա համար էլ միակ բանը, որ կարելի է անել պատերազմի ծնած հակամարտությունները լուծելու և 2 կողմերի համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, բաժանվելն ու հարևաններ դառնալն է: Ժամանակին արդեն հպանցիկ անդրադարձել էինք այդ թեմային, ու ես համարյա նույնն էի ասում, գուցե՝ ուրիշ բառերով. մենք կարող ենք միայն լավ հարևաններ լինել, բայց միայն այնպիսի իրավիճակում, երբ կախված չենք իրարից: Հիմա տեսնում էի, որ նա պատրաստ է լրջորեն քննարկելու այդ հարցը, թե ինչպես բաժանվենք, իսկ այդ մոտեցման փիլիսոփայությունը սկզբունքորեն տարբերվում էր այն ամենից, ինչ նախկինում քննարկել էինք:

Դա լայնախոհ մարդու մոտեցում էր, իր պատմական դերը սեփական ժողովրդի կյանքում գիտակցող մարդու, մարդու, որը պատրաստ է ստանձնել ծանրագույն խնդրի լուծման պատասխանատվությունը, որը մեկ անգամ չէ, որ արյունալի բախումների է բերել 20-րդ դարում: «Մենք պետք է մեկընդմիշտ փակենք այդ հարցը: Դժվար թե մեզնից բացի մեկ ուրիշը կարողանա դա անել: Ու եթե մենք չարեցինք, ուրիշ ոչ ոք արդեն չի անի»: Նա ասաց նաև, որ հակամարտությունը պետք է հնարավորինս արագ լուծել, որովհետև ցանկացած կախված իրավիճակ մեզ կախման մեջ է գցում երրորդ կողմերից, ինչը վատ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Զրույցի վերջում հստակ զգացողություն ունեի, որ Ալիևի հետ նույն ուղղությամբ ենք մտածում: Պայմանավորվելով մոտ ապագայում հանդիպել ու շարունակել այդ խոսակցությունը՝ հրաժեշտ տվեցինք իրար: Այդ անգամ ժամանակը մեզ չբավականացրեց. երկուսս էլ էլի մի քանի հանդիպում պիտի ունենայինք. այդպիսի ուղևորությունների ժամանակացույցը սովորաբար արտակարգ խիտ է: Ես հեռացա՝ մտածելով, որ մեր միջև փոխըմբռնում է հայտնվել: Թեկուզ մի փոքրիկ քայլով, բայց ավելի ենք մոտեցել հակամարտության լուծմանը:

Վերադառնալով Հայաստան՝ այդ խոսակցության մասին պատմեցի Վազգեն Սարգսյանին ու Սերժ Սարգսյանին: Զգացմունքային Վազգենը պայծառացավ ու գոչեց. «Մի՞թե մենք կտեսնենք խնդրի լուծումը»: Բոլորը հասկանում էին, որ Ղարաբաղից հրաժարվելու Ալիևի պատրաստակամությունը իրական հնարավորություն է ստեղծում հաջող բանակցությունների համար:

Այդ հանդիպումը սկիզբ դրեց մեր բանակցությունների նոր, շատ հետաքրքիր ու ակտիվ փուլին, որտեղ քննարկումն արդեն հենց այդպիսի փիլիսոփայության հունով էր ընթանում. ինչպես բաժանվել իրարից՝ լավ հարևաններ դառնալու համար: Ես ու Ալիևը սկսեցինք ուղիղ զանգել ու հանդիպել իրար հետ՝ առանց միջնորդների մասնակցության: 1999 թվականի հուլիսին ընտանիքով մի շաբաթով մեկնեցի Հունաստան՝ հանգստանալու: Երրորդ օրը անսպասելի զանգ ստացվեց Ալիևից. առաջարկում էր հանդիպել Ժնևում ու շարունակել Վաշինգտոնում սկսված խոսակցությունը: Ես, իհարկե, համաձայնեցի, ու 2 օր անց արդեն բանակցում էինք Ժնևում, որտեղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն դրա համար ստեղծել էր բոլոր պայմանները: Օգոստոսի վերջին Ալիևի հետ մի անգամ էլ հանդիպեցինք նույն Ժնևում, իսկ նույն տարվա սեպտեմբերի կեսին՝ Յալթայում: Ամեն անգամ մեր բանակցություններից հետո միջնորդները փորձում էին իմանալ դրանց բովանդակությունը, բայց մենք խուսափողաբար ասում էինք, որ զանազան տարբերակներ ենք քննարկում՝ հուսալով ինչ-որ կերպ առաջ շարժվել:

Գլխավորը, որ ընկած էր մեր բոլոր գործողությունների հիմքում, ղարաբաղյան խնդիրը լուծելու անկեղծ ձգտումն էր: Երկուսս էլ համարում էինք, որ եթե ճակատագրի բերումով այն մարդիկ ենք, որոնց բաժին է ընկել այդ պատմական պատասխանատվությունը, ապա պարտավոր ենք հաջողության հասնել: Գլխավորը դա էր: Մնում էր որոշել՝ ինչ կարող ենք անել: Ես նրան ասում էի.

-Հասկացեք, ախր, Ղարաբաղը պարզապես 4500 քկմ-ոց հողակտոր չէ: Այդ հողի վրա ապրող 140-150 հազար հայեր են: Տեսականորեն դուք կարող եք վերցնել հողը, բայց մարդկանց վերցնել չի հաջողվի: Ստիպված կա՛մ պիտի արտաքսեք նրանց, կա՛մ ոչնչացնեք, ուրիշ լուծում չկա. այդպիսին է բոլոր էթնիկական պատերազմների, ցավոք, նաև մեր միջև ծագած պատերազմի բնույթը: Հակամարտության ռազմական լուծումը, որի մասին շատերը հիմա Ադրբեջանում երազում են, նշանակում է պարզապես հայերի տեղահանում Ղարաբաղից: Ինչպիսի՞ն կլինի այդպիսի որոշման գինը: Ինչի՞ կհանգեցնի: Կկարողանա՞ք իրականացնել: Ադրբեջանն արդեն 1992-1994-ին փորձել է ու ստացել սպասածից միանգամայն այլ արդյունք: Հակառակը, դուք կորցրիք Ղարաբաղից 2 անգամ ավելի տարածքի վերահսկողությունը: Արդյոք արժե՞ կրկնել: Հասկանալի է, որ եթե մի անգամ էլ պատերազմ սանձազերծվի, այն չի սահմանափակվի Ղարաբաղով. Հայաստանը մի կողմ չի քաշվի, ով էլ լինի Հայաստանի նախագահը: Նշանակում է՝ պատերազմ կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դուք դրան պատրա՞ստ եք: Դուք դա՞ եք ուզում:

Ոչ մեկը նոր պատերազմ չէր ուզում՝ ո՛չ նա, ո՛չ ես: Մենք խաղաղ հանգուցալուծման տարբերակ էինք փնտրում, որը կբավարեր 2 կողմերին:

-Ես չեմ կարող ձեզ տալ Ղարաբաղը,- ասում էր Ալիևը:

-Ի՞նչ է նշանակում՝ տալ,- զարմացա ես: Չէ՞ որ այն փաստացի ձերը չէ: Ինչպե՞ս կարող եք տալ կամ չտալ այն, ինչին փաստացի չեք տիրապետում: Եթե հրաժարվում եք ուժով զավթելու մտքից, ապա ստիպված եք ընդունել այն գաղափարը, որ Ղարաբաղն արդեն ձերը չէ:

Չնայած՝ զգացմունքային վեճեր չէինք ունենում. փաստարկներով էինք խոսում, և յուրաքանչյուրը փորձում էր ձևակերպել իր դիրքորոշումը, արտահայտել ու բացատրել իր մտահոգությունը, նշել սահմանը, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել:

Ալիևի առաջարկի էությունը հետևյալն էր. Ադրբեջանը կարող է Ղարաբաղը հայկակամ ճանաչել Հայաստանի հետ կապող միջանցքով հանդերձ: Բայց դրա փոխարեն, պատերազմի ժամանակ մեր կողմից Ղարաբաղի շուրջը զբաղեցրած շրջանների վերադարձի հետ մեկտեղ, առաջարկում էր տարածքների փոխանակում: Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից: Այդպիսի փոխանակումը մենք բացարձակապես անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով: Բացի դրանից՝ ինչպե՞ս վարվել այդ շրջանում ապրող մարդկանց հետ: Ես՝ ղարաբաղցիս, ինչպե՞ս եմ նրանց ասելու, որ հանուն Հայաստանի հետ Ղարաբաղի միավորման Մեղրին հանձնվում է Ադրբեջանին:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը խորհրդարանում ու դրա հետևանքով ծագած ներքաղաքական սուր ճգնաժամը առժամանակ ընդհատեցին բանակցային գործընթացը: Ինձնից պահանջվում էր վերականգնել երկրի կառավարելիությունն ու ամրապնդել թուլացած դիրքերս՝ այդքան կարևոր բանակցությունները շարունակելու համար:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...

Միջազգային հարաբերություններ. դասախոսություններ

  «Միջազգային հարաբերությունների համակարգ» հասկացության սահմանումը, տիպերը և կառուցվածքը   20-րդ դարի 50-ական թթ. ձևավորվեց նաև միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ուսումնասիրման համակարգային մոտեցման հայեցակարգը: Այն մասն էր կազմում գիտական աշխարհում նոր, բայց հեռանկարային մի ուղղության, որի հիմքում ընկած էր ուսումնասիրման օբյեկտի նկատմամբ համակարգային մոտեցման հայեցակարգը: Դրան նպաստեց գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, որը տեսական և գաղափարական գրավչություն էր հաղորդում այնպիսի պարզ և բարդ համակարգերի ուսումնասիրությանը, ինչպիսին են, օրինակ՝ հասարակությունը, օրգանիզմը, գիտական և փիլիսոփայական հայեցակարգը, տիեզերական մարմինը: Հետազոտությունները միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության բնագավառում հնարավորություն տվեցին միմյանցից հստակ առանձնացնելու միջազգային հարաբերությունների տեսությունը և արտաքին քաղաքականության տեսությունը, ինչպես նաև նպաստելու թե՛ մեկի, թե՛ մյուսի զարգացմանը: Արևմուտքի տեսաբանների շրջանում իշխող տեսակետի համաձայ...