Skip to main content

Օդանավակայանը, գինեգործությունը և Էդուարդո Էռնեկյանը

 

«Զվարթնոց» օդանավակայանի շենքը ճարտարապետական հուշարձան էր համարվում: Օդանավակայանի լուսանկարները՝ տարբեր կողմերից, զարդարում էին Հայաստանի մասին բացիկներն ու բուկլետները՝ որպես խորհրդանշական տեսարժան վայրերից մեկը: Բայց պարզվեց, որ այդ շենքը բացարձակ հարմարեցված չէ միջազգային օդանավակայանի գործառույթներ կատարելուն: Ժամանող ու մեկնող ուղևորների հոսքերը դժվարությամբ էին տարանջատվում, իսկ անձնագրային հսկողության ու մաքսային ծառայության տեղակայում ընդհանրապես նախատեսված չէր: Ուղեբեռների շարժը նողկալի էր կազմակերպված ու մի կերպ էր հարմարվում դրան հատկացված տարածքում: Թռիչքուղու աղետալի վիճակը թույլատրելիի սահմանին էր: Թռիչքի ու վայրէջքի ժամանակ ինքնաթիռներն այնպես էին ցնցվում, որ նույնիսկ անհավատ ուղևորները խաչակնքում էին:

Ի լրումն այդ ամենի՝ օդանավակայանը վերածվել էր մի մեծ կոռուպցիոն ծուղակի. ցանկացած ուղևոր կարող էր շորթման առարկա դառնալ նրանց համար, ովքեր այնտեղ իշխանություն ունեին: Մաքսավորները քրքրում էին առանց բացառության բոլոր իրերը՝ ջանադրաբար կրճատելով իրենց աշխատավարձերի ու կյանքից բարձր սպասելիքների տարբերությունը: Կաշառքով կամ ծանոթով օդանավակայանում կարելի էր ընդունվել ցանկացած աշխատանքի, և արդյունքում այնտեղ կրկնակի ավելի մարդ էր աշխատում, քան պետք էր: Այդ ամենի համար, ի վերջո, վճարում էին ուղևորները:

Օդանավակայանի ավտոկայանատեղին կառավարում էր տեղի քրեական հեղինակությունը, հարկ էր հավաքում վարորդներից ու կարգավորում տոքսիների աշխատանքը՝ որոշելով, թե ով իրավունք ունի մտնելու իր վերահսկողության տակ գտնվող տարածք, ով՝ ոչ: Օրենքներն ու անվտանգության կանոնները փաստորեն չէին գործում, ցանկացած չինովնիկ կամ գողական կարող էր մեքենայով մտնել թռիչքադաշտ ու ժամանած ինքնաթիռի մոտ դիմավորել «իր» ուղևորին:

Այդ «բարդակը» տիրում էր 1990-ականների սկզբից, երբ պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի պատճառով ժողովուրդը սկսեց հեռանալ Հայաստանից, և օդանավակայանն աշխարհի հետ կապի միակ միջոցն էր: Ինքնաթիռներն այն ժամանակ քաղաքային ավտոբուսներ էին հիշեցնում՝ անցուղում կանգնած ուղևորներով. հենց նրանք էին կաշառքով հայտնվում ինքնաթիռում: 1990-ականների կեսին անտոմս ուղևորների հարցը լուծվեց, բայց մնացած ամեն ինչն առաջվա պես էր: Իշխանությունների՝ ինչ-որ բան փոխելու փորձերը տապալվում էին, կարգուկանոն հաստատելու պատասխանատուները ներդաշնակորեն տեղավորվում էին արդեն կարգաբերված կոռուպցիոն բուրգի մեջ: Արտասահմանյան ավիաընկերությունները համարյա թռիչքներ չէին իրականացնում սպասարկման անթույլատրելի ցածր մակարդակի և օդանավակայանի ծառայությունների ուղղակի սաբոտաժի պատճառով: Օդանավակայանն ու «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերությունը ղեկավարում էր Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, և շահերի ուղղակի բախումը թույլ չէր տալիս հավասար պայմաններ ստեղծել մյուս ավիափոխադրողների համար:

Ես վճռական էի տրամադրված՝ փոխելու բացարձակապես ամեն ինչ՝ կառավարման կառուցվածքը, օդանավակայանի բոլոր ծառայությունների գործունեությունը, չինովնիկների վերաբերմունքը, ոստիկանության ու մաքսատան աշխատանքը: Իմ առաջ երկու ընդգրկուն խնդիր էր ծառացած՝ արմատախիլ անել օդանավակայանում տիրող անօրինականությունն ու մերձակա հեռանկարում նոր օդանավակայան կառուցել: Ինչպե՞ս: Որտեղի՞ց փող գտնել, ինչպե՞ս կառուցել օդանավակայանի կառավարումը, որ իսպառ վերացվի խոր արմատներ գցած կոռուպցիան: Արմատական քայլեր էին պահանջվում, և լուծումը մեկն էր՝ օդանավակայանը վարձակալության տալ միջազգային ընկերության, որը պրոֆեսիոնալ զբաղվում է կառավարումով: Առաջին իսկ օրվանից հասկանում էինք, որ ինքներս չենք հաղթահարի:

Ցանկացող արագ գտնվեց՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, որը մեծ փորձ ուներ այդ բիզնեսում: Նա այդ պահին երկու օդանավակայան ուներ Բուենոս Այրեսում և էլի մեկ տասնյակ օդանավակայաններ՝ ամբողջ Արգենտինայով մեկ: Նրա հետ ծանոթացել էի, երբ դեռ ԼՂՀ նախագահ էի, 1996 թվականին Լատինական Ամերիկա կատարած այցի ժամանակ: Այն ժամանակ նրան էր պատկանում Արգենտինայի ամենախոշոր կաբելային հեռուստատեսությունը: Էռնեկյանի հետ անմիջապես լավ կապեր հաստատվեցին, և ես խնդրեցի օգնել Ղարաբաղի հեռուստատեսության տեխնիկական հագեցման հարցում: Նա խոստացավ օգնել ու կատարեց խոստումը: Հաջորդ անգամ հանդիպեցինք 2000 թվականին ու քննարկեցինք օդանավակայանի հարցը, իսկ արդեն 2001 թվականին նա 30 տարով վարձակալման պայմանագիր ստորագրեց Հայաստանի կառավարության հետ:

Ընդդիմությունն աներևակայելի աղմուկ բարձրացրեց դրա կապակցությամբ՝ ինձ մեղադրելով ազգային արժեքները վաճառելու մեջ: Իսկ ես համարում էի, որ եթե ապօրինություններն ու ջարդված թռիչքուղին են «ազգային արժեք», ապա ես դեմ չեմ դրանք վաճառել: Համոզված եմ, որ կոռուպցիան արմատախիլ անելը, օտարերկրյա ավիափոխադրողներ ներգրավելը, զբոսաշրջության զարգացումը խթանելը՝ դրանով իսկ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր բացելով, բխում էին Հայաստանի շահերից:

Օդանավակայանն անմիջապես կառավարման հանձնեցինք նոր կոնցեսիոներին: Էդուարդոն բերեց իր թիմը, որը եռանդուն աշխատանք ծավալեց կարգուկանոնի հաստատման ու պրոֆեսիոնալ կառավարում կարգավորելու ուղղությամբ: Եվ այստեղ սկսվեց ամենադժվարը: Ստիպված էինք կոտրել ձևավորված կարծրատիպերը, հատել տարբեր խմբավորումների շահերի խիտ սարդոստայնը, եկամտաբեր ու սովոր տեղերից ազատել հարյուրավոր մարդկանց: Օդանավակայանի կոլեկտիվն ու նրա հետ կապված պետական ծառայողները ամբողջ ուժով դիմադրում էին: Լուրջ կռիվ էր, ու դեռ մոտ մի տարի էլ պայքարում էինք նրա համար, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնները մեզ մոտ էլ սկսեն գործել:

Ընդամենը մի քանի շաբաթից, ներքին սաբոտաժի պատճառով, ստիպված եղա օդնավակայան ուղարկել իմ վերահսկողական ծառայության աշխատակցին, որը հետո ստիպված էր 8 ամիս մշտապես աշխատել այնտեղ: Խնդիրը հաջողությամբ լուծեց, ու հետագայում նրան նշանակեցի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: Իմ օգնական Արմեն Գևորգյանն ամեն շաբաթ գնում էր օդանավակայան, տեղում խորհրդակցություններ անցկացնում անձնագրային հսկողության ծառայության, մաքսավորների ու ոստիկանության մասնակցությամբ: Փոխեցինք գործնականում բոլորին. պարզվեց՝ անհնար է ազնվ աշխատանքի վարժեցնել հարկահանության սովորած չինովնիկներին: Նոր աշխատակիցների համար հատուկ ուսուցում էր կազմակերպվում, որի ավարտին նրանք քննություններ էին հանձնում: Արմեն Գևորգյանը վայրկյանաչափը ձեռքին հաշվում էր, թե ուղևորը ինչքան է սպասում անձնագրում կնիք դնելուն, ուղեբեռը ստանալուն, ինչպես են գործում մյուս ծառայությունները:

Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել նրան, որ օդանավականաի պետական ծառայությունները հավուր պատշաճի կատարեն իրենց գործառույթները, չխանգարեն մյուսներին ու չխցկվեն ուրիշի գործերի մեջ: Հետաքրքիր է, որ ամենահեշտը տեղական հեղինակություններին կարգի հրավիրելը եղավ, իսկ ամենածանրը՝ տարբեր ծառայությունների աշխատանքը կարգավորելը: Բայց ի վերջո բոլորը կամաց-կամաց վարժվեցին նոր իրավիճակին, նոր կանոններին, ու դրանից հետո ամեն ինչ գործեց ինքնընթաց ռեժիմով:

Օդանավականի նոր շենքի նախագիծը պատրաստում էին իտալացի լավագույն մասնագետները, իսկ շինարարությանն Էռնեկյանը ներգրավել էր արտասահմանյան փորձառու ինժեներների: Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ ու շինանյութեր էին կիրառվում: Մեր մասնագետները սկսեցին այցելել օդանավակայան՝ տեսնելու և սովորելու: Ես էլ մեծ հետաքրքրությամբ մի քանի անգամ գնացի նայելու, թե գործերն ինչպես են ընթանում: Գործի ընթացքին ծանոթացնողներն ու նրա առանձնահատկությունների մասին պատմողները արտասահմանցիներ էին:

Նախագծման աշխատանքներն ու շինարարության մեկնարկը մի քիչ ձգձգվեց, բայց վերջնական արդյունքը փայլուն էր: Հայաստանը ստացավ ժամանակակից, գործառնական, գեղեցիկ ու կոռուպցիայից զերծ օդանավակայան: Այդ բոլոր փոփոխություններն օգնեցին մեզ ներգրավելու բազմաթիվ օտարերկրյա ավիաընկերությունների, որոնք սկսեցին չվերթեր կատարել Հայաստան: Անմիջապես ուղևորահոսքի ու ավիացիոն բեռնափոխադրումների կայուն աճ արձանագրվեց: Որոշ ժամանակ անց Էռնեկյանին կառավարման հանձնեցինք երկրորդ օդանավակայանը՝ Գյումրիում, և այն էլ շուտով սկսեց գործել բնականոն ռեժիմով: Իհարկե, փոփոխությունները պակաս ծավալուն էին, բայց այնտեղ էլ հաջողվեց կարգուկանոն հաստատել:

Ազգային ունեցվածքը ծախելու մասին խոսակցություններն արագ դադարեցին: Ճիշտ է, որ ոչ ոք այդպես էլ չորոշեց՝ ինչպես վարվել մշակութային հուշարձանի՝ հին օդանավակայանի շենքի հետ:

Էդուարդո Էռնեկյանի հետ հանդիպում էինք հայաստանյան համարյա ամեն այցի ժամանակ: Շատ հետաքրքիր մարդ էր, հոտառություն ու տեսլական ունեցող գործարար, և ես հույս ունեի, որ հետաքրքրություն կցուցաբերեի մեր տնտեսության նաև այլ ճյուղերի նկատմամբ: Ամեն այցելության նա ինձ մի արկող լավ արգենտինյան գինի էր նվիրում: Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ ասացի. «Էդուա՛րդո, մեզ մոտ՝ Հայաստանում, լավ խաղող է աճում, լավ կոնյակ ունենք, բայց, չգիտես ինչու, լավ գինիներ չկան: Կկարողանա՞նք այստեղ էլ այսպիսի գինի արտադրել»: Նա ժպտաց ու ասաց, որ արդեն մտածում է ու շուտով պատրաստ կլինի խոսելու իր ծրագրերի մասին:

Պարզվեց՝ ծրագրերն ահռելի են: 2003 թվականից սկսած՝ Էռնեկյանը 2000 հեկտարից ավելի հող գնեց Բաղրամյանի շրջանում, ընդ որում՝ խոպան հողեր, որ մինչ այդ ոչ ոք չէր մշակել, ու հարյուրավոր հեկտարներով խաղողի նոր այգիներ հիմնեց՝ օգտագործելով ագրոտեխնիկայի վերջին նվաճումները: Պարզվեց, որ օրենքն արգելում է խաղողի ոչ տեղական տեսակների տնկիներ ներկրել Հայաստան: Արգելքը բացատրվում էր ոչ միայն սանիտարական վերահսկողության պահանջներով, այլև սեփական տեղային տեսակների պահպանման հիպոթետիկ մտահոգությամբ: Պատկերացրեք, ոչ ոք չէր կարող աճեցնել կաբեռնե, մեռլո և գինեգործական խաղողի այլ հանրահայտ տեսակներ: Արգելքի իմաստը բացատրելու մեր մասնագետների փորձերը հնացած ու անհամոզիչ էին հնչում: Ու ես հանեցի տնկիների ներմուծման բոլոր սահմանափակումները: Իր գնած հողերում Էռնեկյանը զրոյից արհեստական ջրամբարներ կառուցեց ու կաթիլային ոռոգման ժամանակակից համակարգ տեղադրեց: Հենց այնտեղ էլ կառուցեց մի գեղեցիկ ֆազենդա՝ արգենտինյան ոճով:

Ես այդ ներդրումներով նույնիսկ ավելի էի ուրախանում, քան օդանավակայանի շինարարության համար, ու ոչ միայն այն պատճառով, որ սիրում եմ լավ գինին: Աչքի առաջ վերածնվում էր մեր տնտեսության կարևոր մի ճյուղ, որը հետո էլ երկար տարիներ ամեն կերպ ձգտում էի խրախուսել: Սովետական ժամանակներում Պետպլանը Վրաստանը կողմնորոշել էր չոր գինիների արտադրության, իսկ Հայաստանը՝ միայն թնդեցված գինիների ու կոնյակի: Երևի այդ պատճառով էլ մենք կորցրել էինք լավ չոր գինիների արտադրության հմտությունն ու մշակույթը: Ես չէի հասկանում, թե ինչու երկրում, որտեղ լավ խաղող է աճում, ու որտեղ մարդիկ, տրամաբանորեն, պիտի գինի խմեն, ընդունված է օղի խմել: Հարցը միայն ազգի առողջությանը չէր վերաբերում. գինեգործության զարգացումը էապես ազդում է երկրի ամբողջ տնտեսության վրա: Ես կանոնավոր այցելում էի բոլոր տնտեսությունները, որոնք սկսել էին փոքրիշատե տանելի գինի արտադրել: Մի քանի նախագիծ ֆինանսավորվում էր USAID-ի կողմից, բայց այդ փոքր ներդրումները չէին կարող փոխել ընդհանուր պատկերը: Իսկ այստեղ խոշոր արտադրություն էր հայտնվել, արդյունաբերական մասշտաբի, որը կկարողանար խրախուսել նաև շատ ուրիշների՝ և՛ ներդրողներին, և՛ արտադրողներին, ցույց տալով գինեգործության գրավչությունը՝ մեծացնել հետաքրքրությունը հայկական գինու հանդեպ երկրի սահմաններից դուրս:

«Կարաս» ապրանքանիշի գինիներն այսօր մեծ տարածում ունեն մեզ մոտ, ասենք՝ գինեգործությունն էլ վերջապես ժամանակակից ու գրավիչ բիզնես է դարձել: Ոլորտն այսօր մեծ վերելք է ապրում, և արդեն ի հայտ են եկել բազմաթիվ նոր, լուրջ գինեգործներ, իսկ հայկական գինիների համտեսումները դարձել են բոլոր զբոսաշրջային փաթեթների պարտադիր մասը: Հրաշալի է, որ Հայաստանում արդեն համտեսելու բան կա, և Արգենտինայի հայը այստեղ առաջամարտիկ էր:

Էդուարդո Էռնեկյանի հետ հիմա էլ շարունակում ենք շփվել, բայց հիմա արդեն տոներին նրանից հայկական գինիներ եմ ստանում ու խմում եմ մեծ հաճույքով:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...