Skip to main content

Հյուսիսային պողոտա

 

Մի անգամ՝ 2001 թվականի սկզբին, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ինձ խնդրեց ընդունել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Ասաց, որ նա հետաքրքիր գաղափար ունի, որն ուզում է քննարկել ինձ հետ: Համաձայնեցի՝ համոզված, որ Նարեկը հենց այնպես չէր անհանգստացնի: Երբ հանդիպեցինք, ասաց, որ մեծ ճարտարապետ Թամանյանը, կենտրոնը նախագծելիս մի մտահղացում է ունեցել, որն այդպես էլ չի կարողացել իրականացնել՝ Հյուսիսային պողոտան: Նարեկը պատմեց նախագծի մասին ու ցույց տվեց սխեմատիկ գծագիրը: Գաղափարը շատ հետաքրքիր էր ու գրավեց ինձ: Խնդիրը նոր փողոցի շինարարությունն էր, որը կմիացներ Երևանի երկու խորհրդանշական՝ Հանրապետության ու Թատերական հրապարակները: Տեսնելով իմ հետաքրքրությունը՝ Նարեկն առաջարկեց այդ ամենին նայել հրապարակի ամենաբարձր շենքի՝ պատկերասրահի տանիքից, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ՝ խոսքն ինչի մասին է:

Հաջորդ օրը նրա ու քաղաքապետի հետ բարձրացանք այդ տանիքը, նայեցինք շուրջը, ու ես ահավոր զարմանք ապրեցի: Տեսածն ապշեցրեց ու ոգևորեց միաժամանակ: Կարծում էի՝ լավ եմ ուսումնասիրել Երևանը, համենայնդեպս՝ կենտրոնը: Բայց սխալվում էի. միայն փողոցների արտաքին տեսքը գիտեի՝ առանց փոքր-ինչ պատկերացում ունենալու, թե ինչ է թաքնված արտաքուստ կարծես բարեվայելուչ շենքերի ճակատների ետևում: Մի քիչ ավելի խորքում կավաշեն տնակների խառը կույտեր էին՝ կառուցված նախորդ դարի սկզբին, խառը՝ ավելի ուշ ժամանակների այլանդակ անօրինական շինությունների հետ: Աներևակայելի էր թվում, որ քաղաքի հենց սրտում, ընդ որում՝ մեծ տարածքների վրա, այդպիսի հետնախորշեր են մնացել: Քաղաքապետը պատմեց, որ քանիցս փորձել են մաքրել դրանք դեռ սովետական ժամանակներում, բայց ամեն սենյակում մի քանի ընտանիք էր գրանցված. յուրաքանչյուրին պիտի առանձին բնակարան հատկացվեր, ամեն մեկի հետ պետք էր առանձին պայմանավորվել: Անպտուղ փորձեր էին արել, թաղվել խնդիրների մեջ և, ի վերջո, հրաժարվել այդ ձեռնարկից:

Չեմ հիշում, թե տեսարանով հմայված՝ ինչքան մնացի տանիքին: Իջնել չէի ուզում: Իմ աչքի առաջ ամբողջ շինարարական արդյունաբերությունը թափ տալու ու նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն էր բացվել: Մոտ 2 տարի անօգուտ փորձում էի տեղից շարժել շինարարությունը, իսկ լուծումը, պարզվում է, քթիս տակ էր: Ես այդ ժամանակ քաղաքապետին ասացի. «Լսի՛ր, եթե սա տեղից չշարժենք, ուրեմն պարզապես ապաշնորհ ենք: Չէ՞ որ անխուսափելի շահած տարբերակ է ցանկացած, նույնիսկ ամենահետամնաց երկրում՝ ներդրումնր ներգրավել քաղաքի կենտրոնի շինարարության համար: Իսկ եթե մայրաքաղաքի կենտրոնն էլ ոչ մեկին չգրավեց, ուրեմն պետք է հավաքել ճամպրուկներն ու գնալ երկրից»:

Ես հաստատ որոշեցի. «Վե՛րջ, սկսում ենք»:

Հանձնարարեցի համալիր կառուցապատման նախագիծ մշակել, առաջարկի նյութեր նախապատրաստել և, իհարկե, պատրաստել ապագա փողոցի մակետը: Չափազանց հետաքրքիր նախագիծ ստացվեց, բոլոր շենքերը նույն ոճի էին, իսկ պատրաստի մակետը պարզապես կախարդում էր: Շատ շուտով սկսեցինք եռանդուն առաջ մղել նախագիծը. շնորհանդեսներ էինք կազմակերպում, բազմաթիվ հանդիպումներ ունենում հավանական ներդրողների հետ, ընդ որում՝ տարբեր երկրներում ու նույնիսկ տարբեր մայրցամաքաներում: Ես պիտի իրարանցում բարձրացնեի նախագծի շուրջը ու մրցակցություն ստեղծեի այն կառուցելու իրավունքի համար. դա Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու լավ առիթ էր: Անհանգստությամբ էի սպասում կառուցապատման առաջին լոտի մրցույթի արդյունքներին և շատ ուրախացա, երբ քառակուսի մետրի գինն անցավ 500 դոլարից, իսկ հետո, մյուս լոտերի համար, արդեն անցնում էր 1000 դոլարից:

Ընդամենը մի քանի տարի առաջ խորհրդակցություն էի անցկացրել Երևանի քաղաքապետարանում. փորձում էի հասկանալ, թե քաղաքն ինչու է լճանում, և ինչ է պետք նրան շունչ տալու համար: Քաղաքապետի պաշտոնն այդ ժամանակ զբաղեցնում էր Ալբերտ Բազեյանը՝ մի ազնիվ, կարգին տղա, Ղարաբաղի պատերազմի մասնակից, բայց կատարելապես նախաձեռնողականություն չունեցող մարդ: Իմ բոլոր հարցերին ու քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին ի պատասխան տրտնջում էր, որ քաղաքը փող չունի: Դա ինձ լրջորեն բարկացրեց, ու հերթական նվնվոցից հետո կշտամբեցի նրան. «Դուք ընդհանրապե՞ս չեք հասկանում, որ մայրաքաղաքի քաղաքապետարանը չպիտի լաց լինի ու փող խնդրի: Ախր, այդ փողի վրա եք նստած: Պարզապես չեք հասկանում՝ ինչ հարստություն է ձեր առաջ»: Այն ժամանակ քաղաքապետարանում ոչ ոք չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ: Ու հանկարծ Հյուսիսային պողոտայի մրցույթներից հետո բոլորը հասկացան, որ պարզվում է, հողը փող արժի, իսկ քաղաքի կենտրոնում՝ մեծ փողեր, ու դա շատ բան է փոխում. ուրեմն անշարժ գույքն այդ հողի վրա պահանջված է, և իմաստ ունի ներդրում անել այնտեղ:

Կրկին ուշքի եկավ անշարժ գույքի շուկան, սկսեց գործել հիփոթեքը, սեփականությունը դարձավ վարկային գրավի առարկա: Բոլոր երևանցիներն ավելի «հարուստ» դարձան, քանի որ աճեցին բնակարանների և առանձնատների գները: Բնակարանների գրավադրումով մատչելի դարձան վարկերը փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Ամենուր սկսեցին հայտնվել նոր խանութներ, արտադրամասեր, արհեստանոցներ, սրահներ. տնտեսությունն աչքի առաջ կենդանություն էր առնում: Երևանում բնակարան ձեռք բերելը թրենդ դարձավ Սփյուռքի ունևոր մարդկանց համար: Մի քանի տարում Երևանը պատվեց աշտարակային կռունկներով, շինարարական բումը պատեց ամբողջ քաղաքը՝ դուրս գալով փոքր կենտրոնի սահմաններից. բնակարանները գնվում էին արդեն հիմքը փորելու փուլում: Շինարարական ընկերությունները թարմացնում էին տեխնիկան, նոր տեխնոլոգիաներ ներդնում, սկսեց գործել լիզինգը: Իշխանություններն ու քաղաքապետարանը, իրենց հերթին, զգալիորեն մշակեցին չափորոշիչներն ու նորմատիվները՝ համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Շինարարության ծավալները, սկսած 2002 թվականից, աճում էին տարեկան 30 տոկոսով, տասնյակ հազարավոր աշխատատեղեր էին ստեղծվում, իսկ ոլորտը մի քանի տարով դարձավ երկրի տնտեսության երկնիշ աճի շարժիչ:

Իսկ ամեն ինչ սկսվեց պատկերասրահի տանիք բարձրանալուց:

Իհարկե, այդ նախագիծը կյանքի կոչելն աներևակայելի բարդ էր: Ստիպված էինք ահռելի դիմադրություն հաղթահարել: Մի պահի նույնիսկ փոխեցի քաղաքապետին, որը, չնայած դատարանի որոշմանը, չէր համարձակվում մաքրել տարածքը՝ առաջին շինհրապարակն ազատելու համար. տարբեր պատրվակներով անընդհատ հետաձգում էր: Ստիպված եղա զգուշացնել, որ եթե ժամկետը հերթական անգամ տեղափոխեն, պաշտոններից կազատվեն և՛ քաղաքապետը, և՛ Երևանի կենտրոնի ոստիկանության պետը: Գործընթացին հետևելու ուղարկեցի իմ օգնական Արմեն Գևորգյանին: Այդ օրը վերջապես շինհրապարակն ազատեցին առաջին շինություններից, բայց դրանից հետո քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը եկավ ինձ մոտ ու խնդրեց իրեն ուրիշ աշխատանք տալ: Ասաց, որ միշտ երազել է Երևանի քաղաքապետ լինել, բայց այդպիսի լարվածությանը չի դիմանում: Նա լավ էր աշխատում, և ինձ դուր եկավ նրա անկեղծ խոստովանությունը:

Մայրաքաղաքի նոր քաղաքապետ դարձավ փորձառու կառավարիչ Երվանդ Զախարյանը, ու նրա օրոք շինարարական աշխատանքներն անհամեմատ արագացան: Սեփականատերերը փոխհատուցում էին ստանում, ընդ որում՝ ոչ վատ. վճարված գումարը բավականացնում էր նոր բնակարան գնելուն: Բայց, իհարկե, դա բոլորին չէր բավարարում: Կային մարդիկ, որ հույս ունենալով մեկընդմիշտ լուծել իրենց բնակարանային խնդիրները՝ փորձում էին բազմակի ավելին ստանալ, քան արժեին նրանց խարխուլ տնակները: Նրանք դիմում էին Եվրոպական դատարան. մեկ՝ այն փոխհատուցումը չեն ստացել, մեկ՝ ուրիշ բան. գուցեև յուրովի իրավացի էին: Որոշ գործեր սեփականատերերը շահեցին ու մենք լրավճարում էինք:

Ինձ այն ժամանակ հաճախ ու աղմկոտ քննադատում էր ընդդիմությունը, բայց փոխարենը այսօր Հյուսիսային պողոտան Երևանի ամենասիրված վայրն է, որտեղ միշտ լիքը ժողովուրդ կա, մանավանդ՝ երեկոյան: Բոլոր երևանցիները, այդ թվում և նրանք, որ դեմ էին շինարարությանը, անպայման այստեղ են բերում իրենց հյուրերին՝ սիրելի քաղաքով պարծենալու:

Տնտեսության բուռն աճը անմիջապես անդրադարձավ Երևանի փողոցների ծանրաբեռնվածության վրա. մեքենաներն անհամեմատ շատացել էին, ու դրա հետ ամենուր խցանումներ էին լինում: Պետք էր շտապ նոր փողոցներ կառուցել, էստակադաներ, հանգույցներ, լուծումներ գտնել քաղաքի բարդ հիմնախնդիրների համար: Աշխատանքները սկսվեցին 2001 թվականի վերջին՝ Քըրք Քըրքորյանի միջոցներով, ու շարունակվեցին մինչև 2008 թվականը: Ընդհանուր առմամբ ծախսեցինք 35 միլիոնից ավելի դոլար ու բազմաթիվ նախագծեր իրականացրինք: Դրանցից ամենախոշորը նոր Սարալանջի փողոցն էր, որը թունելով միանում է Հերացու փողոցին և քաղաքի կենտրոնը կապում Արաբկիր ու Զեյթուն համայնքների հետ: Այդ նեղ հատվածում միշտ շատ մեքենաներ էին կուտակվում՝ բազմաժամյա խցանումներ ստեղծելով: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը մի անգամ, հերթական զրույցի ժամանակ, քաղաքի քարտեզի վրա մանրամասն ներկայացրել էր խնդիրը. ի՞նչ անել, ինչպե՞ս բեռնաթափել փողոցները: Ես ուշադրություն դարձրի այդ շրջանը հատող երկաթուղային ճյուղին. «Տեսե՛ք, ինչի՞ է պետք: Այդ գծով վաղուց գնացք չի անցնում, ասենք, առաջ էլ նույնն էր: Գուցե դրա փոխարեն ճանապա՞րհ բացենք»: Հաջորդ օրը նա ուրախ-ուրախ զանգում է ինձ. «Առավոտյան լոկոմոտիվ նստեցի ու անցա երկաթգծի այդ հատվածով: Հրաշալի փողոց կստացվի: Մեկընդմիշտ կլուծի մեր խնդիրը»: Պարզվեց, որ այդ գիծը ժամանակին օգտագործվել է շրջանի մի քանի ձեռնարկություն սպասարկելու համար, որոնք հիմա, դեռևս ՀՀՇ-ի օրոք, կազմաքանդված, անհույս ու անաշխատ կանգնած էին: Ահա այդպես մի քանի տարի անց հայտնվեց Սարալանջի փողոցը՝ ոչ մեծ թունելով ու հզոր տրանսպորտային հանգույցներով: Այսօր դժվար է պատկերացնել Երևանն առանց նրա: Փողոցի երկայնքով ակտիվ բնակարանային շինարարություն սկսվեց, ու մի ամբողջ բնակելի թաղամաս ձևավորվեց:

Այդ նույն ժամանակ՝ 2001 թվականի վերջին, Քըրք Քըրքորյանի միջոցներով սկիզբ դրվեց նաև մայրաքաղաքի համարյա բոլոր մշակութային օջախների կապիտալ նորոգման ընդգրկուն ծրագրին: Մի քանի տարվա ընթացքում Երևանի թատրոններն ու թանգարանները նոր կյանք առան, ինչը շատ ոգևորեց ստեղծագործական կոլեկտիվներին ու զգալիորեն աշխուժացրեց քաղաքի մշակութային կյանքը:

Մի խոսքով, 2002-2008 թվականներին ես անհամար կարմիր ժապավեններ կտրեցի ամենատարբեր նոր օբյեկտների հանդիսավոր բացման ժամանակ: Մեծ հաճույքով էի անում, իսկ գագաթնակետ ու քաղաքի համար իսկական տոն դարձավ Հյուսիսային պողոտայի բացումը 2007 թվականին:

Այդ տարիների կառույցները խիստ փոխեցին քաղաքի կենտրոնը՝ նրա կերպարը դարձնելով ավելի հետաքրքիր ու ժամանակակից: Իսկ ամենանշանակալին այն է, որ չնայած նախագծերի ծավալին, այնքան էլ շատ բյուջետային գումարներ չծախսեցինք, ընդ որում՝ մասնավոր ներդրումները շինարարության մեջ միլիարդավոր դոլարներ էին կազմում, ինչը ահռելի ազդեցություն ունեցավ Հայաստանի ամբողջ տնտեսության վրա:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան-«Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...