Skip to main content

Մի քիչ ԱՄՆ-ի մասին

 

Այդ ժամանակահատվածն առանձնանում էր ԱՄՆ-ի անվիճելի գլոբալ տիրապետությամբ: Անգերազանցելի տնտեսական և ռազմական հզորությունը, անվիճելի գերազանցությունը նոր տեխնոլոգիաներում և ամենատարբեր նորարարություններում լրացվում էր համաշխարհային ասպարեզում բարոյական առաջնորդությամբ: ԱՄՆ-ի ազդեցությունը գործնականում տարածվում էր բոլոր գլոբալ հաստատությունների վրա՝ ՄԱԿ-ից մինչև Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ և Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններն իրենց վրա էին վերցրել մարդու իրավունքների, մամուլի ազատության և ամբողջ աշխարհում կոռուպցիայի մակարդակի գնահատման հարցերի գլոբալ մշտադիտարկման գործառույթները: Նրանց տարեկան հաշվետվություններում նշված վարկանիշներն ու գնահատականները ազդում էին գնահատվող երկրների միջազգային հեղինակության վրա: Աշխարհակարգի միաբևեռ մոդելը թափ հավաքող գլոբալացման պայմաններում ԱՄՆ-ին տալիս էր մեծ առավելություններ՝ բազմապատիկ ուժեղացնելով բոլոր մայրցամաքներում ընթացող գործընթացների վրա ուղիղ և անուղղակի ազդեցության հնարավորությունները: Բացառությամբ մի քանի երկրի՝ համաշխարհային հանրությունը որպես փաստ էր ընդունում ԱՄՆ-ի առաջնորդությունը, և դա հաշվի առնելով՝ երկրները կառուցում էին իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հարավային Կովկասը դարեր շարունակ տարաձայնությունների կծիկ էր եղել՝ սեղմված Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, որոնք մրցակցում էին իրար հետ տարածաշրջանում ազդեցության համար: Սովետական Միության փլուզումը հանգեցրեց նոր աշխարհաքաղաքական իրականության, թույլ տվեց վերաբաժանել ազդեցության ոլորտները տարածաշրջանում, ինչով էլ ի հայտ բերեց բազմաթիվ հին խնդիրներ: Միացյալ Նահանգները նույնպես իր պատկերացումը ձևավորեց Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ՝ անշուշտ հաշվի առնելով Իրանի հետ իր հարաբերությունները և Ռուսաստանի դերի իր տեսլականը:

Այդ պատկերացումը չէր համընկնում մերի հետ: Մենք համարում էինք, որ մեզ համար չափազանց կարևոր է լավ կապեր պահպանել Ռուսաստանի և Իրանի հետ: Ադրբեջանի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ էինք, իսկ Թուրքիայի հետ փոխգործակցությունը զրոյական մակարդակի էր, այդ թվում և հաշվի առնելով փակ սահմանը: Հայաստանը զգում էր Իրանի սահմանի կարիքը ոչ պակաս, քան արևմտյան ներդրումներինը: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր անվտանգության կարևորագույն տարրն էր, իսկ ռուսական ռազմաբազան շարունակում էր զսպող գործոն մնալ Թուրքիայի համար: Մենք դրա այլընտրանքը չէինք տեսնում, իսկ միայն հանուն ԱՄՆ-ի բարեհաճության մեր անվտանգությունը զոհելը անխելքություն կլիներ:

Ինչպե՞ս համապատասխանեցնել այս դաժան իրականությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններ զարգացնելու կենսական անհրաժեշտությանը: Ինչպե՞ս համադրել այդ հիմնային տարաձայնությունները: Որտե՞ղ է այն սահմանագիծը, որից անդին այդ շահերի համադրությունը դառնում է անհնար: Հայեցակարգային առումով այս հարցերի պատասխանները ներառված էին կոմպլեմենտարության մեր քաղաքականության մեջ: Գործնականում շոշափելով էինք փնտրում դրանք: Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները և մեր տարածքում ռուսական ռազմական բազայի առկայությունը նյարդայնացնում էին Վաշինգտոնին, սակայն ամերիկացիները հասկանում էին մեր իրավիճակի առանձնահատուկ բարդությունը: Սփյուռքի լոբբիստները բավական հաջող առաջ էին մղում Հայաստանի շահերը Կոնգրեսում, ընդհուպ մինչև այն, որ բնակչության 1 շնչին բաժին ընկնող օգնության ծավալով զիջում էինք միայն Իսրայելին: Մենք էլ քայլ առ քայլ ցույց էինք տալիս, որ ինքնուրույն ենք մեր որոշումներում, որոնք հիմնված են Հայաստանի կենսական շահերի օբյեկտիվ ըմբռնման վրա:

Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ բավական կառուցողական հարաբերություններ էին հաստատվել:

Բիլ Քլինթոնի հետ առաջին անգամ հանդիպեցի Վաշինգտոնում 1998 թվականին: Միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումներ եղել էին, բայց ծանոթանալիս Քլինթոնը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Ղարաբաղի հարցի կարգավորումն ԱՄՆ-ի համար ամենևին էլ առաջնահերթ չէր, սակայն Քլինթոնն այդ թեմայով ինձ հետ զրույցը վարեց այնպես, որ ես հասկացա՝ ԱՄՆ նախագահը ոչ միայն հիմնավոր պատրաստվել է հանդիպմանը, այլև ընկալել է կարգավորման բոլոր ցավոտ կետերը: Քլինթոնի մեջ տեսա խորաթափանց մարդու, որի շահը թելադրված է ոչ թե արձանագրային անհրաժեշտությամբ, այլ ամեն ինչում էությանը հասնելու սովոր մարդու եռանդուն ու հետաքրքրասեր խելքով:

Դրական հիշողություններ մնացին նաև Ալբերտ Գորի հետ շփումից: Մենք բազմաթիվ հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներ ունեցանք ԱՄՆ Կոնգրեսում: Ընդհանրապես, այդ այցի ընթացքում ամերիկացի քաղաքական գործիչներն ինձ վրա շատ ակտիվ ու բանիմաց մարդկանց տպավորություն թողեցին, որոնք լայն աշխարհայացքը համադրում էին մանրամասների մեջ խորանալու պատրաստակամության հետ: Նրանք լիովին գիտակցում էին, որ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, և մոլորակի վրա կատարվող ամեն ինչ կապ ունի Միացյալ Նահանգների հետ: Ավելի ուշ՝ Քի Ուեսթում, խելացի և հմայիչ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ հանդիպումը միայն ամրապնդեց իմ այդ կարծիքը:

Մինչդեռ Բուշ-կրտսերի պարագայում վիճակը փոքր-ինչ այլ էր:

Քի Ուեսթում բանակցություններից անմիջապես հետո ինձ ու Ալիևին հրավիրեցին Վաշինգտոն՝ բոլորովին վերջերս պաշտոնը ստանձնած Բուշի հետ երկկողմ հանդիպումների: Մայամիից թռիչքի ամբողջ ընթացքում պատրաստվում էի նրա հետ զրույցին, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործեմ ԱՄՆ-ի հետ նոր նախագահի հետ շփման հնարավորությունը: Մտածում էի՝ ինչպես ավելի հակիրճ ներկայացնեմ մեր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, որպեսզի տեղավորվեմ նախատեսված ժամանակում: Ավաղ, ինձ չհաջողվեց ծրագրվածից որևէ բան ասել: Բուշը շատ սիրալիր էր, կատակում էր, թփթփացնում ուսիս, խոսում հայկական սփյուռքի մասին, հիշեց իր համակուրսեցի հայի մասին… Երկկողմ հարաբերություններին ու ղարաբաղյան կարգավորմանը անդրադառնալու բոլոր փորձերս անհաջողության մատնվեցին: Բուշն ամեն անգամ խոսակցությունը հմտորեն տանում էր նույն ընդհանուր թեմաներին: Հանդիպման կեսին հասկացա, որ նա ուղղակի պատրաստ չէ առարկայական խոսակցության. կա՛մ ժամանակ չի գտել, կա՛մ անհրաժեշտ չի համարել ծանոթանալ թեմային: Հանդիպումից հեռացա լրիվ տարակուսած. 40 րոպե անցկացնել ԱՄՆ նախագահի հետ և չկարողանալ անդրադառնալ որևէ կարևոր թեմայի՞: Հավանաբար, ամեն ինչ կարդալով դեմքիս՝ հանդիպմանն ինձ ուղեկցող Օսկանյանը Սպիտակ տան միջանցքով քայլելիս հարցրեց, թե ինչ տպավորություններ ունեմ: Հարցին հարցով պատասխանեցի. «Բուշի՞ց, թե՞ նրա կուրսեցի հայից»:

Նույն տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը ցնցեց բոլորին, իր էպիկական մասշտաբներով փոխեց մարդկանց պատկերացումներն ահաբեկչության սպառնալիքի մասին, իսկ դրան հաջորդած իրադարձությունները փոխեցին 21-րդ դարասկզբի պատմության ընթացքը: Հզորագույն համաշխարհային տերությանը մարտահրավեր էր նետվել, որը չէր կարող չունենալ լրջագույն գլոբալ հետևանքներ:

1 ամիս անց միջազգային հանրության աջակցությամբ տեղի ունեցավ ներխուժում Աֆղանստան՝ որպես հատուցման գործողություն, որի նպատակը թալիբների ռեժիմի տապալումն ու տարածքը նրանց ազդեցությունից ազատելն էր: Այդ տարիներին սկսեցին խիստ փոխվել ԱՄՆ վարչակազմի աշխատանքի ոճն ու մեթոդները: Քրտնաջան դիվանագիտական աշխատանքն ավելի ու ավելի էր փոխարինվում Վաշինգտոնից եկող ուղիղ հրահանգներով, թե ում հետ և ինչպես պետք է համագործակցել, ինչի օգտին քվեարկել ՄԱԿ-ում, և, ընդհանրապես, բոլորն ինչպես պետք է պահեն իրենց: Ոչնչով չարդարացված ներխուժումն Իրաք, Գուանտանամոյում վերտարածքային բանտ ստեղծելը, արդարադատության դեպարտամենտի կողմից օրինականացված խոշտանգումները, այս ամենը հանգեցրեց ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության խոր քայքայման և օրախնդիր թեմա դարձավ ոչ միայն համաշխարհային ԶԼՄ-ների, այլև տարբեր երկրների առաջնորդների ու քաղաքական գործիչների մասնավոր զրույցներում ու կարծիքների փոխանակության մեջ: Այդ շրջանի իմ յուրաքանչյուր այցի ժամանակ Սպիտակ տան վարչակազմի աշխատաոճը ակամա դառնում էր գործընկերների հետ քննադատական քննարկումների առարկա:

2002 թվականի մայիսին Բրազիլիա կատարած այցիս ընթացքում նախագահ Կարդոզուի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Կարդոզուն հարցրեց՝ ի՞նչ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, և ինչպե՞ս է մեզ հաջողվում միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Իրանի ու Ռուսաստանի հետ: Պատասխանեցի, որ դժվար է, բայց մի կերպ կարողանում ենք: Ավելացրի նաև, որ Բուշի օրոք դա շատ ավելի բարդ է, քան Քլինթոնի ժամանակ: Կարդոզուն հոգոց հանեց ու պատմեց, որ մեր հանդիպումից անմիջապես առաջ զանգահարել է Բուշն ու հարցրել իր կարծիքը Արգենտինայի նախագահի պաշտոնակատար Էդուարդո Դուալդեի մասին: Այնտեղ արտահերթ նախագահական ընտրություններ էին սպասվում, և Դուալդեն ձգտում էր ընտրվել: Նրա հեղինակությունն այնքան էլ բարձր չէր, և Բուշը ցանկանում էր հստակեցնել իր դիրքորոշումը: Կարդոզուն փորձել էր դիվանագիտորեն պարզաբանել արգենտինյան քաղաքականության թնջուկն ու Դուալդեի տեղը դրա մեջ: Բուշն անհամբեր ընդհատել էր. «Հարցն այդ չէ: Պարզ ասա՝ նա լա՞վ տղա է, թե՞ վատ»: Բարեկիրթ Կարդոզուն ապշել էր. ԱՄՆ նախագահը խնդրում է հարևան պետության ղեկավարին բնութագրել սև-սպիտակ գույներով: «Եվ ի՞նչ ասացիք»,- հարցրի, քանի որ նա տևական դադար վերցրեց: «Ասացի, որ լավ չեմ ճանաչում նրան, բայց կարծես թե ասում են՝ լավ տղա է: Ուրիշ ի՞նչ կարող էի ասել գործընկերոջս մասին»:

Պարզեցված մոտեցումը բարդագույն երևույթների ըմբռնմանն ու շրջակա աշխարհի կատեգորիկ ընկալումն այն տարիներին դարձան Սպիտակ տան քաղաքականության բնորոշ առանձնահատկությունը: Ընդ որում՝ ինքը՝ նախագահը, բոլորի հետ սիրալիր ու բարեկամական էր, թվում էր՝ բաց է շփման համար: Ըստ ամենայնի, նա անում էր այն, ինչին անկեղծորեն հավատում էր, և այնպես, ինչպես ճիշտ էր համարում: Իսկ մենք ստիպված էինք հարմարվել դրան, չսրել անկյուններն ու շարունակել համագործակցությունը համաշխարհային ամենաազդեցիկ տերության հետ: Այն ժամանակ ես ինձ համար որոշեցի հեռու մնալ Սպիտակ տնից և Պենտագոնից, բայց ավելի ակտիվ աշխատել Կոնգրեսի ու Պետդեպարտամենտի հետ, որի արհեստավարժ դիվանագետները տեղերում առավելագույնս հարթում էին առաջացած լարվածությունը:

Մենք չէինք մասնակցում ո՛չ աֆղանական ներխուժմանը, ո՛չ ԱՄՆ-ի իրաքյան ռազմարշավին: Դա մեծ սխալ էի համարում ու կտրականապես մերժեցի Հայաստանի մասնակցությունը: Հղում արեցի նրան, որ այնտեղ հայկական գաղթօջախ կա, և մենք չենք կարող այն հարվածի տակ դնել: Միայն մի քանի տարի անց զիջեցինք Վաշինգտոնի համառությանը և Իրաք ուղարկեցինք տրանսպորտային դասակ, սակրավորների ջոկ ու 3 բժիշկ: Ինչ վերաբերում է Աֆղանստանին, ապա չէի ցանկանում խառնվել օտար ռազմական արշավանքին, որն ամենայն հավանականությամբ դատապարտված է անհաջողության: Բոլոր նախորդ աֆղանական պատերազմների փորձը ցույց է տվել այդ խիստ յուրահատուկ երկրի օկուպացիայի և վերահսկողության փորձերի անմտությունը:

2007 թվականի ապրիլին տեղի ունեցավ իմ առաջին պաշտոնական այցը Եգիպտոս: Մեզ շատ ջերմ ընդունեցին, պատրաստեցին հագեցած ծրագիր և հրաշալի տպավորություն թողեցին ամբողջ պատվիրակության վրա:

Բանակցություններին հաջորդած ճաշին զրուցեցինք Մուբարաքի հետ: Ես հարցրի՝ իր կարծիքով ե՞րբ կավարտվեն հարևան Իրաքում կատարվող իրադարձությունները: Օրախնդիր թեմա էի շոշափել, և իմ հարցը զգայուն էր Մուբարաքի համար: Նա պատմեց, թե ինչպես էր ջանում կանգնեցնել ամերիկացիներին 2003 թվականին: Կապվել էր ոչ միայն Բուշի, այլև բոլորի հետ, ովքեր թեկուզ փոքր հնարավորություն ունեին ազդելու ներխուժման որոշման վրա: Նկարագրել էր Իրաքի յուրահատկությունը և փորձել էր համոզել, որ ռազմական լուծումը հեռանկար չունի: Ասում էր, որ երկիրը կփլուզվի, և այլևս ոչ ոք չի կարողանա վերականգնել: «Ես կանխատեսում էի այն ամենը, ինչ հիմա կատարվում է Իրաքում. դա Սադամի ռազմական տապալման հետևանքն է»,- բացականչեց նա անթաքույց վրդովմունքով: Նրանք լսում էին, տարբեր կերպ արձագանքում, բայց լրջորեն չընկալեցին ասածս: Հավանաբար մտածում էին՝ իմ հաշվարկներն ունեմ: Եվ ահա խրվել են Իրաքում, ընդ որում՝ երկար ժամանակով»: Հետո Մուբարաքը գանգատվեց, որ Արևմուտքը չի հասկանում Մերձավոր Արևելքի և ընդհանրապես արաբական աշխարհի առանձնահատկությունները: «Նրանք չեն հասկանում, որ իրենց պատկերացրած ժողովրդավարությունը Եգիպտոսը կվերածի իսլամական պետության»,- վշտացած եզրափակեց նա:

Մուբարաքի հետ այդ զրույցը հիշեցի 2011 թվականի փետրվարի սկզբին: Ալպերի լեռնադահուկային հանգստավայրում էի, երբ հեռուստատեսությամբ հաղորդումներ սկսվեցին Եգիպտոսում հեղափոխության դրամատիկ իրադարձությունների մասին, որոնք իշխանության բերեցին իսլամիստներին:

Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...