2000
թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիևի հետ հանդիպումը
Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջևանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների
համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես
բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց
առաջարկեցի այլ տարբերակ քննարկել, իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի
երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանի՞ն: Ալիևն ասաց, թե չի պատկերացնում՝
դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ
հարցով, փորձում էինք հասկանալ՝ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ
էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես և ինչ ուժերով
կարելի է ապահովել ճանապարհի սուվերենությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ
լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից
բաղկացած ճանապարհ կառուցեինք:
Այդ
ընթացքում մեր բանակցությունների մասին արդեն տեղեկացրել էինք միջնորդներին, ու նրանք
ակտիվորեն մասնակցում էին գործընթացին: Ընդհանուր առմամբ՝ բավական մոտեցել էինք այն
տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի
մաս՝ մեր կողմից զբաղեցրած ադրբեջանական տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ
կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները: Սակայն բազմաթիվ
մանրամասներ էին մնում, որոնք անհրաժեշտ էր պարզաբանել պայմանավորվածության հասնելու
համար:
Եկել
էր միջնորդ երկրների առաջին դեմքերին ներգրավելու ժամանակը. դա ավելի
մեծ կշիռ կտար գործընթացին ու կերաշխավորեր, որ միջազգային
հանրությունը պատրաստ է բավարար ռեսուրսներ ներդնելու պայմանավորվածությունների գործնական իրացման համար, եթե դրանք
վերջնական դառնան: Առաջիններից մեկը միացավ Ֆրանսիայի նախագահ Շիրակը, որը
միշտ անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերել հակամարտության կարգավորման հանդեպ ու լավ գիտեր նրա բոլոր նրբությունները: Նա ինձ
ու Ալիևին հրավիրեց Փարիզ, որտեղ խիստ արդյունավետ բանակցություններ տեղի ունեցան եռակողմ ձևաչափով: Ավելի
ուշ՝ ճաշի ժամանակ, Շիրակն ասաց,
որ առաջին անգամ զգացում ունի, որ գործընթացը
շարժվել է մեռյալ կետից, և
խաղաղությունը Կովկասում իրական գծեր է ձեռք բերում: Մենք
համատեղ մամուլի ասուլիս անցկացրինք ու բաժանվեցինք լավատեսական տրամադրությամբ: Մնում էր մեր
երկրներում հասարակական կարծիքը նախապատրաստել առաջարկված պլանին: Դա հեշտ
չէր. այդպիսի կարգավորման հակառակորդները շատ էին
և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:
Այդ պահին
միջնորդական նախաձեռնությունը Ֆրանսիայից խլեցին ամերիկացիները. հրապարակ եկավ Քերի Քավանոն: Քերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն էր ու որոշել էր, որ դա
իր աստեղային ժամն է, իր համանախագահության օրոք
կարող է ստորագրվել պատմական փաստաթուղթը: Իսկ
գուցեև համարում էր, որ պահը
բաց թողնել չի կարելի, պետք է արագացնել
բանակցությունները, քանի դեռ նախագահները
վճռական են տրամադրված: Եռանդուն, մեծ
հավակնությունների տեր մարդ լինելով՝ նա ձեռքը վերցրեց նախաձեռնությունն ու սկսեց շատ ակտիվ առաջ մղել գործընթացը:
Սկսվեց համաձայնագրի մանրամասն մշակման գործնական աշխատանքը: Քավանոն
ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելին համոզեց, որ նա
որպես միջնորդ մասնակցի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Ընտրեցին վայրը՝ Քի Ուեսթ, ԱՄՆ ամենահարավային կետը, գեղեցկագույն կղզի,
որտեղ ապրել էր Հեմինգուեյը: Նշանակեցին օրը՝ ապրիլի 3: Այդ
ամենն այնպիսի թափով էր արվում, որ Շիրակը, որի հետ բավական ջերմ հարաբերություններ ունեինք, ինձ հայտնեց
իր կասկածները. «Ինձ թվում է՝ ամերիկացիները շատ են շտապում, իրավիճակը պետք է առավելագույնս հասունանա,
իսկ նրանք դա, ըստ երևույթին,
չեն հասկանում»: Խոսակցությունը Փարիզում էր,
ուր այցելել էի 2001 թվականի փետրվարին:
Քի Ուեսթից
2 շաբաթ առաջ Ադրբեջանում ղարաբաղյան թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպեցին: Ես ուշադիր
հետևում էի ելույթներին, և ինչ-որ բան անհանգստացրեց: Ալիևը լիովին վերահսկում էր խորհրդարանը,
ու չէի կարողանում հասկանալ, թե նրա
ինչին էին պետք այդ լսումները, և գլխավորը՝
ի վերջո ո՞ւր կտանեն: Ելույթների տոնայնությունն ու բնույթը
ակնհայտորեն չէին օգնում հասարակական կարծիքի նախապատրաստմանը, ավելի շուտ ցույց էին տալիս, որ մոտեցումը փոխվում է:
Ես հրավիրեցի
Միացյալ Նահանգների դեսպանին և ասացի, որ
անհանգստացած եմ Քի Ուեսթ մեկնելու նախօրեին հրավիրված խորհրդարանական լսումներով. այնպիսի զգացողություն ունեի, որ
Ալիևը հրաժարվելու հող է նախապատրաստում: «Խնդրում եմ ճշտեք
Ալիևից,- խնդրեցի դեսպանին: Եթե
որևէ բան է փոխվել, Քի
Ուեսթը պետք է չեղարկել, հակառակ
դեպքում անհարմար վիճակ կստացվի, այն էլ՝
պետքարտուղարի միջնորդության պարագայում»: Հաջորդ օրը դեսպանն
ինձ հայտնեց. «Չէ՛, ամեն ինչ կարգին
է: Կապվեցինք Ալիևի հետ,
ու նա հաստատեց՝ ամեն ինչ ուժի մեջ է: Խորհրդարանի քննարկումները բացատրում է հասարակական
կարծիքը նախապատրաստելու անհրաժեշտությամբ»: «Լա՛վ,-
մտածեցի ես,- գուցե թվացել է»:
2 օր անց ելույթ ունեցավ ինքը՝ Ալիևը: Կարդում եմ նրա
ելույթի տեքստն ու տեսնում՝ չէ՛ չի թվացել: Ինչ-որ բան այնպես չէ: Վարդան Օսկանյանին խնդրում եմ.
«Մի անգամ էլ կապվիր ամերիկացիների հետ: Այս պատմությունն
ինձ դուր չի գալիս: Կարծում եմ՝ Քի
Ուեսթում ոչինչ չի ստացվի»: Նա նորից
կապվեց՝ արդեն և՛ դեսպանի, և՛ Քավանոյի
հետ: Նրանք հաջորդ օրը նորից
ասացին՝ ամեն ինչ կարգին է, խոսել են Ալիևի
հետ, ու նա
հաստատում է, որ Քի
Ուեսթ է գնում լուրջ մտադրություններով: Այդ իրավիճակում
ուղիղ Ալիևին չզանգեցի՝ զգուշանալով, որ միջնորդները
ճիշտ չեն հասկանա: Քի Ուեսթը
նախաձեռնողները մենք չէինք, այն նախապատրաստել էին
միջնորդները, հենց նրանք էլ մասնակիցների
հետ համաձայնեցրել էին բոլոր մանրամասները: Ես կարծում
էի, որ կոռեկտ
չէ ակտիվություն ցուցաբերել ու պարզել հակամարտության մյուս կողմի պատրաստ լինելը բանակցություններին:
Եվ ահա
Քի Ուեսթում ենք՝ Ֆլորիդայի ամենագեղեցիկ վայրերից մեկում: Տեղավորվեցինք հյուրանոցում, Մեքսիկական ծովածոցի ափին:
Հրաշալի եղանակ էր՝ պայծառ, արևոտ օր,
և հույս ունեի, որ դեռ
կհասցնեմ լողալ: Տրամադրությունս բարձր էր,
մասամբ՝ ծովային օդից, բայց առավելապես սպասումից, որ
մի քանի ժամից կվճռվի հայրենիքիս բախտը:
Ժամանում ենք Տրումենի
ոչ մեծ, հարմարավետ Փոքր Սպիտակ տուն:
Բանակցությունների սրահը լեփ-լեցուն է.
մեր պատվիրակությունը, ադրբեջանականը, բոլոր միջնորդ երկրների ներկայացուցիչները, ահռելի թվով լրագրողներ՝ պատրաստ արձանագրելու և լուսաբանելու
երկար սպասված պատմական իրադարձությունը: Սենյակի կենտրոնում սեղանն է,
սեղանի մոտ՝ պետքարտուղար Փաուելը, աջից՝ Ալիևը, ձախից՝
ես, դիմացը՝ Մինսկի խմբի համանախագահները, Պետդեպի աշխատակիցները, լրագրողները: Հանդիպումը
բացում է Փաուելը, խոսում
է եզակի պատմական պահի մասին ու խոսքը տալիս Ալիևին: Նա բացում
է թղթապանակն ու… հանում գրավոր ելույթը: Հենց
տեսա այդ 1 տասնյակ էջերը, անմիջապես
հասկացա, ձախողում է:
Ալիևը սկսեց կարդալ: Բոլորը
տեսնում էին, որ հուզվում
է, բառերը կարծես դժվարությամբ էր արտաբերում:
Մի 30 րոպե կարդաց: Տեքստում
շատ էր խոսվում այն մասին, թե միջնորդներն
ինչպես պետք է վարեն գործընթացը, բայց
նրա կեսժամանոց ելույթի ամբողջ իմաստը հանգում էր մի բանի. «Ես պատրաստ չեմ գնալ դրան»: Մինչ Ալիևը ելույթ էր ունենում,
նայեցի Քավանոյին: Նա խուճապի
մեջ էր: Քրտինքը հոսում էր անձրևի
պես, վերնաշապիկը թրջվել ու կպել
էր մարմնին, դեմքը կարմրել էր.
հասկանում էր, որ դա
իր կարիերայի վերջն է: Ես որսացի
նրա հայացքն ու աչքերով ասացի. «Ձեզ զգուշացրել էի, չէ՞ որ
անհարմար բան է լինելու…»: Ես
ճիշտ էի, բայց,
գրողը տանի, միշտ չէ,
որ ուզում ես ճիշտ դուրս գալ: Տվյալ դեպքում կնախընտրեի սխալվել:
Ինձ երկակի
զգացում էր համակել: Մի կողմից՝
թեթևություն. հասկանում էի,
որ այդպիսի խաղաղության համաձայնագիրն իրացնելը չափազանց բարդ ու ռիսկային կլիներ: Մյուս կողմից՝ հիասթափություն ու ափսոսանք.
դա պատմական պահ էր, մենք կարող էինք քանդել դարերով ձգված հանգույցը: Իհարկե, մենք պահպանում էինք մեր բանակցային ուժեղ դիրքերը. չէ՞ որ
մենք չէինք հրաժարվել համաձայնագիրը ստորագրելուց: Մեծ առավելություն էր
նաև հենց նոր հայտնված նախադեպը. փաստացի քննարկվում էր Ղարաբաղի
միացումը Հայաստանին, և Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը խանգարող հանգամանք չէր: Կարգավորմանը վերաբերող ոչ մի
առաջարկ ապագայում այլևս չի կարող շրջանցել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Ալիևից հետո խոսքը տվեցին ինձ,
և իմ պատասխան ելույթը տևեց 1.5 րոպե,
գուցեև ավելի քիչ.
-Ես եկել եմ Ֆլորիդա՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարգավորման վրա աշխատելու,
ոչ թե սովորեցնելու համանախագահներին, թե ինչպես
վարեն իրենց միջնորդական առաքելությունը: Եվ սույնով
ավարտում եմ ելույթս:
Ավելին ասելն արդեն իմաստ չուներ: Ադրբեջանական
մամուլը հետո գրում էր. «Քոչարյանը անպատշաճ հակիրճ խոսեց»:
Նիստից հետո ինձ մոտ՝
հյուրանոց եկավ ռուսական համանախագահը՝ Տրուբնիկովը, ու սկսեց
համոզել, որ զիջումների
գնամ: Ես ասացի.
«Սպասե՛ք: Սխալ հասցեով եք եկել: Կա համաձայնեցված փաստաթուղթ, ու ես
պատրաստ եմ այն ստորագրել: Աշխատեք Ալիևի հետ:
Եթե համոզեք նրան, ես կստորագրեմ:
Ես ոչ մի տեղ չեմ գնում, շատ գեղեցիկ
վայր է, ու ես
հաճույքով մի քանի օր կանցկացնեմ այստեղ»:
Հաջորդ երկու օրը մտապահվել
են որպես ամենապարապ օրերն իմ ուղևորությունների ամբողջ պատմության ընթացքում: Սովորաբար իմ բոլոր
այցերը առավելագույնս էի օգտագործում՝ մինչև վերջ հագեցնելով գործերով՝ հանդիպումներ, քաղաքականություն, ներդրումներ, Սփյուռք,
իսկ այստեղ ոչ մի անելիք չունեի. ինձ թողել
էին իմ հայեցողությանը: Պատմական հանդիպման օրերին կողքիս լինելու համար Նյու Յորքից Քի Ուեսթ
էր եկել իմ լավ բարեկամ, հայտնի գործարար Հրայր Հովնանյանը: Հնարավոր
ամեն ինչ արեց, որ այդ 2 օրը ինձ համար աներևակայելի արագությամբ անցնեն: Հրայրը մի փոքրիկ
առագաստանավ վարձեց, ու հաջորդ
օրերն անցկացրինք Մեքսիկական ծոցում ձուկ որսալով ու դայվինգով գեղեցկագույն մարջանախութերում: Հետո վինդսյորֆինգ կազմակերպեցին, որը նույնպես
շատ էի սիրում: Փոքրիկ ու խիստ
հագեցած երկօրյա արձակուրդ ստացվեց: Ամերիկացի թիկնապահները մեր ետևից
վազում էին կղզով մեկ՝ փորձելով ապահովել իմ անվտանգությունը:
Իսկ ցամաքում
այդ 2 օրերի ընթացքում ոչինչ չէր փոխվել: Չնայած գործադրված ջանքերին՝ միջնորդներին չէր հաջողվել համոզել Ալիևին՝ ընդունելու համաձայնագրի նախագիծը: Մի երեկո՝
մայրամուտին, ամերիկացիները մեզ համար
ծովային զբոսանք կազմակերպեցին. դա նախատեսված
մշակութային ծրագրի մեջ էր մտնում: Մայրամուտն իսկապես էլ զարմանալիորեն գեղեցիկ
էր, բայց իմ ուշադրությունը ոչ
թե մայրամուտը գրավեց, այլ Քավանոն:
Մի քանի անգամ բռնելով նրա շփոթված հայացքը՝ մոտեցա. «Մի՛ տխրիր, ինչ եղել՝
եղել է: Իզուր չլսեցիք ինձ,
չէ՞ որ 2 անգամ դիմեցի ձեզ,
զգուշացրի»:
Նույն
երեկոյան՝ ընթրիքին, Ալիևի ելույթից հետո առաջին անգամ խոսեցի նրա հետ: Հարցրի.
«Հեյդա՛ր Ալիևիչ, ինչի՞ համար էր այս ամենը:
Լա՛վ, հասկանում եմ, որ մտափոխ եք եղել: Բայց այդ դեպքում հրաժարվեիք ուղևորությունից…
Ձեզ անհարմար վիճակի մեջ դրեցիք, ամերիկացիներին էլ հետը: Ինչո՞ւ»: Նա պատասխանեց.
«Մտածում էի, որ կկարողանամ: Մինչև վերջին
պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ»: Երկուսիս համար էլ այդ որոշումը շատ բարդ էր լինելու,
բայց նրա համար, կարծում եմ, համենայն դեպս՝ ավելի: Ես հարցրի. «Իսկ ի՞նչ է պատահել»: «Գիտե՞ս,- ասում է,- երևի
գերագնահատեցի իմ հնարավորությունները: Չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ
է»: Նա պատմեց, որ մեկնելու նախօրեին հավաքվել են բոլոր հարազատներն ու միաձայն սկսել
են համոզել, որ հրաժարվի համաձայնագրից: Ասում էին, որ Ալիևը հիմա ազգային լեգենդ է,
և ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը. դա բիծ կդառնա նրա
ու ամբողջ ընտանիքի վրա: Ամենահամառը որդին էր եղել՝ Իլհամը, և Ալիևը մեկնելիս նրան
խոստացել էր, որ չի ստորագրի համաձայնագիրը: «Ու հասկացա,- ասաց նա,- որ եթե նույնիսկ
իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել ևս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի
ժողովրդին»:
Քի
Ուեսթից ինքնաթիռով ուղիղ մեկնեցինք Վաշինգտոն, որտեղ մեզ սպասում էին Քոնդոլիզա Ռայսն
ու նախագահ Բուշը. Սպիտակ տան նոր վարչակազմը մեզ հրավիրել էր ճանաչողական արարողակարգային
հանդիպման, որը ոչինչ փոխել չէր կարող:
Այդպես ավարտվեց պայմանավորվելու մեր փորձը: Ալիևը մեկնեց՝ համաձայնագրի նախագիծը չընդունելով, բայցև՝ դրանից դեռ չհրաժարված:
Դա մի քանի օր անց արեց, արդեն Բաքվում: Հրավիրեց
Քավանոյին և ասաց,
որ համաձայնագիրն այդ տեսքով իր համար անընդունելի է ու լիովին
պիտի վերամշակվի: Ու չնայած
Քի Ուեսթից որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվեցին, մենք այլևս երբեք այդքան չմոտեցանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որքան
այնտեղ: Տարբերակներ էին հայտնվում,
միջնորդներն ակտիվորեն ձևափոխություններ էին կատարում. դրանցից մի քանիսը
ավելի ուշ տեղ գտան Մադրիդյան սկզբունքներում, տեղի ուղեցավ ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում
արձանագրվեց ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը, սակայն քննարկվող հարցերի բուն բանաձևն արդեն ուրիշ բնույթ ուներ: Ես
ու Ալիևը հասկանում էինք, որ մեր
նախագահության օրոք լուծում չի լինի: Մեր զրույցներից
մեկի ժամանակ նա այդպես էլ ասաց. «Մենք բաց թողեցինք մեր պատմական հնարավորությունը: Դժվար թե որևէ
մեկը լուծի այս խնդիրը, եթե մենք
չկարողացանք»: Ավելի ուշ՝ Հեյդար Ալիևի մահվանից հետո,
Իլհամի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ, հարցրի՝ իսկապե՞ս Քի Ուեսթից
առաջ ընտանիքում այդպիսի խոսակցությոն է եղել:
Նա հաստատեց՝ այո՛, ամեն ինչ հենց
այդպես էլ եղել է, ինքը համոզել է հորը, իսկ նա խոստացել է, որ համաձայնագիրը չի
ստորագրի:
Նյութի աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյան- «Կյանք և ազատություն»
Comments
Post a Comment