Skip to main content

Գիտելիքի տարածման արագությունը

 

Մինչ այժմ մարդկության առաջընթացն ապահովող կարևորագույն գործոնը եղել է գիտելիքի տարածման արագությունը: Որպեսզի մարդկությունն առաջ շարժվի, պետք է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց գիտելիքն ու փորձը միմյանց կապվեն: Խողովակները, որոնցով մարդկային փորձն ու գիտելիքն իրար են կապվում, անընդհատ փոխվում են: Ժամանակին դրանք պապիրուսի կամ ժայռակտորի վրա արված պատկերներն ու գրառումներն էին կամ բանավոր խոսքի միջոցով ինֆորմացիայի փոխանակումը: Հետագայում դրանք ձեռագիր գրքերն էին, որոնք բազմացնելու համար մարդիկ ստիպված էին տարիներով արտագրել (այդքան էլ հեշտ տարբերակ չէ աշխարհում եղած գիտելիքը մարդկանց հասանելի դարձնելու համար):

Գիտելիքի տարածման արագության իրական առաջընթացը սկսվեց 1445 թվականին՝ մի հայտնագործության շնորհիվ: Գերմանական Մայնց քաղաքում Յոհանես Գութենբերգը ստեղծեց շարժական տառերը և տպագրության տեխնիկան: Այդ հայտնագործության շնորհիվ ստեղծվեցին առաջին տպագրահաստոցները, որոնց օգնությամբ գիրք ստեղծելն արտագրելուց վերածվեց մեխանիկական գործընթացի: Գութենբերգի հայտնագործությունից կես դար անց աշխարհում արդեն 1000-ից ավելի տպարաններ էին գործում, որտեղ միլիոնավոր գրքեր էին տպագրվում: Գիրքը սկսում էր տարածվել, գրադարանների միջոցով հասանելի էր դառնում հասարակությանը, որի գերակշիռ մասը նախկինում անգրագետ էր: Գութենբերգի հայտնագործությունը գիտելիքի տարածման արագության ավելացմանն ուղղված հսկայական քայլ էր:

Գիտելիքի տարածման արագության մեծացման ուղղությամբ հաջորդ քայլը 19-րդ դարի վերջին հեռախոսային կապի ու ռադիոյի, և 20-րդ դարի սկզբին հեռուստատեսության հայտնագործումն էր: Հեռախոսով մարդիկ կարող էին իրար հետ խոսել, փորձով փոխանակվել՝ առանց երկար տարածություններ անցնելու և առանց հանդիպելու, իսկ ռադիոն և հեռուստատեսությունը հնարավորություն էին տալիս տեղեկատվությունը և գիտելիքը հասանելի դարձնել մարդկանց լայն զանգվածներին: Վստահաբար կարող ենք ասել, որ հարյուրավոր հայտնագործությունների կամ որևէ նոր բան ստեղծելու հիմքը դրվել է հենց այս սարքերի շնորհիվ, երբ մարդը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ ինչ-որ բան է լսել կամ տեսել, և դա որևէ մտքի զարգացման աղբյուր է հանդիսացել:

Գիտելիքի տարածման արագության իրական թռիչքն ապահովեց 20-րդ դարի վերջին համացանցի ստեղծումը և դրա հետագա զարգացումը: Գիտելիքի և տեղեկատվության այն հսկայական պաշարը, որ մենք այսօր ունենք համացանցի շնորհիվ, ընդամենը կես դար առաջ անիրական էր թվում: Համացանցն է ապահովում մարդկության ներկայիս աննախադեպ առաջընթացը: Դրա շնորհիվ գիտնականը Շվեդիայում կարող է տեղեկանալ, թե ինչ արդյունքների են հասել իր գործընկերները Ճապոնիայում, ճարտարագետը Հայաստանում կարող է ծանոթանալ ծրագրային ապահովման վերջին զարգացումներին ԱՄՆ-ում, բնագետն Աֆրիկայում կարող է իմանալ, թե ինչ է կատարվում Անտարկտիդայում, նկարիչը կամ դերասանը, կոշկակարը կամ ոճաբանը, ֆիզիկոսը կամ քիմիկոսը կարող են համեմատվել նույն ոլորտի մյուս մասնագետների հետ՝ իրենց համար սահմանելով առաջընթացի նոր նշաձող, օգտագործելով նրանց ձեռքբերումները, ներկայացնելով սեփական փորձը: Մենք կարող ենք տեղեկատվություն ստանալ, կարծիքներ լսել, հեռավորության վրա շփվել, բոլոր անհրաժեշտ նյութերն ու սարքավորումներն աշխարհի մյուս ծայրից ստանալ 1 շաբաթվա ընթացքում: Այս ամենի արդյունքում է ապահովվում առաջընթացը: Այս ամենն է արագացնում այն, ինչը մեկ այլ պարագայում դարերի ընթացքում կստանայինք:

Բնականաբար, այն, ինչ մենք այսօր ունենք, գիտելիքի տարածման առավելագույն արագությունը չէ: Դժվար է վստահորեն ասել, թե որը կլինի հաջորդ քայլը, ինչի շնորհիվ գիտելիքը մի մարդուց մյուսը կհասնի ավելի արագ, քան այսօր է, բայց մի բան պարզ է. դա անպայման լինելու է:

Նյութի աղբյուրը՝ Հրաչյա Մանուկյան- «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...