Skip to main content

Ինչպես են իմաստուն դառնում

 

Իմաստունները, ի տարբերություն մարդկանց մեծամասնության, ունեն ազատ ժամանակ՝ մտածելու համար, և դա նրանց գլխավոր առավելություններից մեկն է: Խոսքն այն մասին է, երբ որոշակի գիտելիք ես կուտակում, որոշակի փորձ ես ձեռք բերում, հետո այդ ամենը կարգավորում, իրար ես միացնում, վերլուծություններ ու հետևություններ ես անում և արդյունքում ինչ-որ նոր բան ես ստանում:

Գործարար մարդը, ով իր բիզնեսում մեծ հաջողությունների է հասել, նույնպես կարող է իմաստուն լինել, եթե ունենա ազատ ժամանակ՝ աշխատանքից կտրվելու, կյանքը վերլուծելու, մարդկանց հետ շփվելու, տարբեր իրավիճակներում հայտնվելու, այլ ոլորտներից գիտելիք ստանալու համար: Սակայն եթե նրա մտքերն անընդհատ զբաղված են իր աշխատանքով, նա բաց է թողնում այդ հնարավորությունը: Աղքատության մեջ ապրող մարդը նույնպես հնարավորություն ունի իմաստուն լինելու, եթե մտքերն ուղղի կյանքը վերլուծելուն, այլ մարդկանց փորձին ծանոթանալուն, սովորելուն, աշխարհն ավելի լայն տեսնելուն: Սակայն եթե նրա մտքում միայն գումար աշխատելն է, ապա նա նույնպես բաց է թողնում իմաստուն դառնալու հնարավորությունը: Դուք էլ կարող եք իմաստուն լինել, եթե պատրաստ եք նպատակաուղղված գործել ու համբերատար լինել, եթե պատրաստ եք դրան նվիրել ձեր կյանքի առաջիկա 10 տարիները, եթե պատրաստ եք օրվա կեսը տրամադրել սովորելուն և մտորումներին, եթե պատրաստ եք ծանոթանալ մարդկանց փորձին, հասկանալ նրանց ապրելակերպը, գիտելիք ստանալ:

Իմաստուն դառնալու համար առանցքայինը գիտելիքի և փորձի դերն է: Իմաստունի զգացողությունները, այլ կերպ ասած՝ իմաստությունները, առաջանում են այն գիտելիքի շնորհիվ և օգնությամբ, որ նա ունի: Այդ պատճառով էլ իմաստուն դառնում են ոչ թե 1 օրում կամ ամսում, այլ տարիների ընթացքում: Եթե իմաստությունները պարզապես մարդու գլխում ծնվեին և փորձի ու գիտելիքի հետ կապված չլինեին, հնարավոր կլիներ իմաստուն դառնալ մի քանի օրում:

Եկեք խոսենք հին դարերի խոշորագույն իմաստուններից մեկի՝ Բուդդայի մասին. նա գիտելիք ստանում էր շրջելով (իմիջայլոց, հին իմաստուններից շատերն էին շրջում և այդ եղանակով գիտելիք ստանում: Այն ժամանակներում դա առավելություն էր, քանի որ գիտելիքի տարածման այլ աղբյուրները զարգացած չէին): Մինչև իր իմաստություններին հանգելը Բուդդան մոտ 6 տարի ճանապարհորդում է Նեպալից մինչև Հնդկաստան, որտեղ էլ երկար ժամանակ է անցկացնում՝ ծանոթանալով կրոնական և փիլիսոփայական տարբեր ուսմունքների հետ: Նա ծանոթանում էր տարբեր մտածելակերպերի հետ, դրանք իր վրա էր փորձում, որոշ բաներ ընդունում էր, որոշ բաներ չէր հասկանում: Հետո շարունակում էր իր ճանապարհը, ուրիշ մարդկանց ու մտածելակերպերի էր հանդիպում, հետևում էր, լսում, գիտելիք ու փորձ կուտակում:

Գիտե՞ք՝ ինչպես է դա աշխատում: Իմաստությունը նման է խճանկարի, որը պետք է հավաքել: Դրա առանձին կտորները մարդկային գիտելիքի և փորձի կտորներն են: Որքան շատ կտոր հավաքես, այնքան մեծ է հավանականությունը, որ խճանկարը կարող ես հավաքել: Որքան շատ կտորներ ունես, այնքան մեծ է ընտրությունը՝ դրանք որոշակի կերպով միացնելու: Կտորների մեծ մասն այլ տեղերից ես վերցնում, ոչ թե ինքդ ես ստեղծում: Ամենակարևորն այն է, թե ինչ հերթականությամբ դրանք կմիացնես, վերջում ինչ պատկեր կստանաս:

Գիտելիքի նույնանման կտորներ ունեցող երկու տարբեր մարդիկ կարող են լինել, որոնցից առաջինը կկարողանա խճանկար հավաքել (կստանա պատկեր, որը հասկանալի կլինի մյուսներին), երկրորդը՝ ոչ: Պարտադիր չէ, որ առաջինի մոտ դա ստացվի միանգամից: Ոչ ոքի չի հաջողվում հենց առաջին փորձից գտնել ճիշտ կտորները և ճիշտ կերպով միացնել դրանք. պետք է այնքան փորձել, մինչև ստացվի: Արդյունքը տարբեր գործոններից է կախված՝ փորձ, ապրելակերպ, միջավայր, մարդկանց հետ շփումներ, աշխատանք, համառություն: Ուղեղի առումով՝ իմաստուն մարդը ոչ իմաստունից առավել չէ:

Իմաստունին ազատ ժամանակ է հարկավոր: Այդ ժամանակը նա օգտագործում է, որ խճանկարի շատ կտորներ հավաքի, ապա փորձի դրանք միացնել: Երբ կտորների որոշակի քանակություն ունես, սկսում ես դրանց հետ աշխատել: Վերցնում ես մեկը, փորձում միացնել մյուսին, տեսնում ես, որ ոչ մի կերպ չեն միանում: Պտտում ես կտորը, կրկին չեն միանում: Եվս մեկ պտո՜ւյտ… և գլխումդ այսպիսի մի ձայն է հնչում՝ չըխկ. կտորներն իրենց տեղում են: Հազվադեպ է լինում, որ կտորներն առաջին փորձից միանան. պետք է այնքան փորձես, մինչև ստացվի: Երբ խոսում ենք իմաստության այն տեսակի մասին, որը բացատրում է կյանքի իմաստը, սովորեցնում է ճիշտ ապրել, միջանձնային ճիշտ հարաբերություններ կառուցել, երջանիկ լինել, ապա երբ խճանկարի առաջին կտորները ճիշտ ես միացնում, արդյունքն առաջինը քեզ վրա ես զգում: Դա արտահայտվում է ներքին հանգստության և կյանքի հետ ներդաշնակության զգացման ի հայտ գալով կամ ավելացմամբ: Դա է առաջին ազդակը, որ խճանկարի առաջին կտորները ճիշտ են միացված:

Բայց դա միայն սկիզբն է. հարկավոր է մեծացնել խճանկարը: Իմաստուններից շատերն անում են դա իրենց առաջին հետևորդների միջոցով: Եթե խոսենք այնպիսի իմաստունների մասին, ինչպիսիք են, օրինակ, Կոնֆուցիոսը, Սոկրատեսը կամ Բուդդան, ապա նրանք խճանկարը մեծացնում էին աշակերտների միջոցով: Սովորաբար իմաստուններն աշակերտներ ունենում են մինչ այն պահը, երբ հայտնի են դառնում: Երբ այն, ինչը քեզ հանգստության և կյանքի հետ ներդաշնակության զգացողություն է պարգևում, փորձարկում են նաև աշակերտներդ, և նրանք էլ զգում են նույն բանը, կարող ես համարել, որ խճանկարին ևս մի քանի ճիշտ կտորներ են միացված: Կարևորը՝ շարունակել փորձել, գործել: Արդեն ավելի հեշտ է, քանի որ միայնակ չես, օգնում են նաև աշակերտներդ: Եթե այն, ինչը միացյալ ուժերով սովորեցնում եք մարդկանց, հանգստացնում է նրանց, տալիս է ապահովության, երջանկության, ճիշտ ապրելակերպի զգացողություն, ապա կարելի է համարել, որ խճանկար հավաքելու նոր համակարգ եք ստեղծել:

Մինչ այդ պահը ժամանակն անցնում էր փորձարկումների մեջ: Սկզբում խճանկարի ամեն մի նոր կտորը դժվարությամբ էր միանում, հետո, ինչ-որ պահից սկսած, խճանկարի ամեն մի նոր կտոր հայտնվում է ճիշտ տեղում: Դա նշանակում է, որ մտածողության համակարգը, որ ստեղծել եք, մարդկանց գլխում արդեն որոշակի պատկեր է ձևավորել, և ամեն անգամ, երբ նոր կտոր ավելացնեք, պատկերն ավելի լիարժեք կդառնա: Մարդիկ կսկսեն հավատալ և վստահել ձեր տեսությանը:

Սակայն նույնիսկ այս փուլում պետք է շարունակել մեծացնել խճանկարը: Իմաստության ճանաչելիությունը և տարածվածությունը կախված է նրանից, թե որքան նոր կտորներ են խճանկարին ավելանում, որքան է պատկերը մեծանում: Իմաստության այնպիսի ուսմունքները, ինչպիսիք են, օրինակ, համաշխարհային կրոնները, տարբերվում են ավելի փոքր ուսմունքներից հենց կտորների քանակով, որոնք անընդհատ ավելանում են խճանկարին: Երկուսն էլ մարդկանց հանգստության, ներդաշնակության զգացողություն են պարգևում, բայց մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Դա չի նշանակում, որ մեկը լավն է, մյուսը՝ վատը, պարզապես մեկի դեպքում համակարգն այնպես է կառուցված, որ արագ է մեծանում, մյուսի դեպքում՝ ոչ:

Հիշեք՝ ինչպես գիտնականները մարդիկ չեն, ում գլխում պայծառ մտքեր են ծագում, այնպես էլ իմաստունները մարդիկ չեն, ում գլխում պայծառ մտքեր են ծագում: Կյանքի տարբեր հանգամանքներում միևնույն մարդը կարող է լինել և՛ գիտնական, և՛ իմաստուն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ընտրություն ես կատարում, ինչի վրա ես կենտրոնանում, ինչպես է կյանքդ դասավորվում: Ամեն ինչ կախված է սեփական ցանկությունների առանցքից և կյանքի հանգամանքներից: Ինչպես գիտնական չեն ծնվում, այնպես էլ չեն ծնվում իմաստուն: Երկուսն էլ դառնում են հետևելով, գիտելիք ստանալով և փորձելով:

Նյութի աղբյուրը՝ Հրաչյա Մանուկյան- «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...