Skip to main content

Շրջակա միջավայր և բնապահպանություն

 

Հայկական երևակայության մեջ Ճապոնիան հաճախ է պատկերվում որպես մի երկիր, որտեղ մարդիկ առանձնահատուկ կապ ունեն բնության հետ և ավելի հարգանքով ու պատկառանքով են վերաբերվում դրան, քան շատ այլ ժողովուրդներ: Բնության հանդեպ այս սերը կամ «պաշտամունքը» հաճախ բացատրվում է դարերից եկող կրոնական հավատալիքներով ու փիլիսոփայությամբ: Իսկապես, սինտոիզմում բնությունը սրբազան է համարվում և հանդիսանում է երկրպագության առարկա, և ճապոնիայում մինչև այժմ պահպանվել են բնության երկրպագման դրսևորումներ: Ճապոնիան նաև զարգացած երկրների մեջ ամենահարուստն է անտառներով, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 70 տոկոսը: Սակայն այսպիսի պատկերացումները միայն որոշ չափով են ճշմարտացի: Ճապոնիան միաժամանակ ունի բնության շահագործման և աղտոտման երկար փորձ: Ճապոնիայում բնության աղտոտման դեպքեր հայտնի են եղել դեռևս Էդոյի ժամանակաշրջանից, իսկ 19-րդ դարի վերջից տեղի են ունեցել բազմաթիվ բնապահպանական և արդյունաբերական աղետներ, որոնք առավել սուր են դրսևորվել 1960-ական թվականներին: Դրանց կարելի է ավելացնել օդի աղտոտումը, կուսական անտառների հատումը և դրանց փոխարեն կոմերցիոն ծառատեսակների տնկումը, գետափերի, ծովափերի բետոնապատումը, ենթակառուցվածքներ կառուցելու համար ամբողջական էկոհամակարգերի ավերումը:

Ճապոնացիները և բնությունը. Էդոյի ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարի առաջին կես

Ինչպես գրում է կրոնագետ Հելեն Հադեքրը, ճապոնացիները հնագույն ժամանակներից երկրպագել են «կամի»-ներին, որոնք, ըստ էության, որևէ վայրի կամ բնության ուժերի՝ քամիների, գետերի, լեռների ոգիներ են: Ընդ որում՝ դրանք միայն բարի ուժեր չեն: Ինչպես բնությունն է անկանխատեսելի և կարող է առաջացնել հեղեղներ, երկրաշարժեր, համաճարակներ, այնպես էլ «կամի»-ները, և այդ բնական ուժերին չբարկացնելը կամ նրանցից գթություն աղերսելը վաղ շրջանի սինտոյի երկրպագության ձևերից մեկն էր: Ճապոնիայում չկար այնպիսի վայր, որ «կամի»-ների տիրակալության տակ չլիներ, և նրանց տիրույթում գյուղատնտեսական, շինարարական գործունեություն ծավալելիս պետք էր աղոթքների, սննդի և խմիչքի նվիրաբերության միջոցով նրանից թույլտվություն խնդրել, ինչպես նաև կառուցել սինտոյական տաճարներ, առանց որոնց տվյալ վայրը մարդկային բնակության համար անպիտան կլիներ: 6-րդ դարում Ճապոնիա ներմուծված բուդդիզմը նույնպես խրախուսում էր բնության հանդեպ ակնածանքով վերաբերմունքը, կենդանիներ սպանելը և միս ուտելը համարում էր մեղք:

Կրոնական հավատալիքները, անշուշտ, մեծ ազդեցություն են ունեցել ճապոնացիների՝ բնության և շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքի վրա, և մինչ այժմ հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ ճապոնացիները բնության հանդեպ բնածին ակնածանք ունեն: Օրինակ՝ հնագետ Յասուդա Յոշինորին համարում է, որ ի տարբերություն «անտառահատման քաղաքակրթություն» հանդիսացող Եվրոպայի՝ Ճապոնիան «անտառային քաղաքակրթություն է», որը հնագույն ժամանակներից պահպանել է իր անտառները: Ճապոնական ավագ դպրոցներում գործածվող դասագրքերից մեկում գրված է, որ «ի տարբերություն եվրոպացիների, որոնք անընդմեջ պայքարում են բնության դեմ և ձգտում են այն նվաճել, ճապոնացիները բնության հետ ներդաշնակ են և ձգտում են դրա մի մասնիկը լինել»: Նմանատիպ կարծիքների հաճախ կարելի է հանդիպել և արևմուտքում: Օրինակ՝ ժամանակին բավական մեծ ազդեցություն է ունեցել պատմաբան Լին Ուայթի 1967 թվականին արտահայտած այն կարծիքը, որ քրիստոնեական քաղաքակրթության մեջ մարդը բնությունից վեր է համարվում, իսկ Ձեն բուդդիզմում այն հավասար է բնությանը և դրա մի մասն է:

Որպես վերը նշվածի ապացույց հաճախ բերվում է Էդոյի ժամանակաշրջանի՝ անտառների պահպանման համար ձեռնարկված միջոցառումները: Տոկուգավայի սյոգունատը անտառահատումները կանխելու նպատակով ձեռնարկում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացմանը և արդյունավետությանը մղված բազմաթիվ միջոցառումներ, որոնք թույլ կտային սահմանափակ հողատարածքից ստանալ հնարավորինս շատ բերք: Այդ նպատակի համար տնկում են նոր տեսակներ, ինչպես նաև գործածում ավելի արդյունավետ պարարտանյութեր: Գյուղատնտեսական արդյունավետությունը նշանակում էր, որ նոր դաշտեր շահագործելու համար անտառներ հատելու կարիք չէր լինի: Բացի այդ, Տոկուգավայի սյոգունատը կարգավորում էր ծառահատումները: Օրինազանցները պատժվում էին ամենայն խստությամբ՝ հաճախ «մեկ ծառ, մեկ վիզ» սկզբունքով: Տնկվում էին նաև նոր ծառեր, որոնց մեծանալուց հետո էր միայն թույլատրվում հատել ուրիշները ու օգտագործել շինարարական և այլ նպատակներով: Սույն կարգավորումների շնորհիվ անտառը մշտապես վերարտադրվում էր, հնարավոր էր դառնում նրա կայուն օգտագործումը:

Սակայն մինչինդուստրիալ շրջանի Ճապոնիան դժվար է անվանել բնապահպանական ուտոպիա: Նախ Տոկուգավայի սյոգունատի կողմից վերոհիշյալ միջոցառումները ձեռնարկվել էին հենց այն պատճառով, որ մինչև 17-րդ դարը Ճապոնիայի անտառները անխնա ծառահատման էին ենթարկվել: Բացի այդ, Տոկուգավայի շրջանի Ճապոնիայում գործում էին ոսկու, արծաթի, պղնձի, ածխի և այլ հանքեր, որտեղից հանքանյութ հանելու համար գործածվող քիմիական նյութերը հաճախ էին թափվում մոտակա գետեր և աղտոտում շրջակա միջավայրը: Առաջին նման դեպքերից մեկը եղել է 1640 թվականին, երբ Ակաձավա պղնձի հանքի թափոններն աղտոտել են շրջակա դաշտերը: Կարևոր է նաև նշել, որ Տոկուգավայի շրջանի բնական պաշարների կայուն օգտագործումը հնարավոր էր դառնում այնուների երկրի՝ ներկայիս Հոկայդոյի շահագործման միջոցով: Ինչպես գրում է Թեսսա Մորիս Սուձուկին, Էդոյի ժամանակաշրջանի արդյունավետ գյուղատնտեսության նախադրյալներից մեկը պարարտանյութերն էին, որոնց հիմքում հաճախ սարդինաձուկ կամ սաղմոն էին օգտագործում: Քանի որ այդ ձկները հիմնականում որսում էին այժմյան Հոկայդոյում, դրանց պաշարները կտրուկ նվազում են: Սաղմոնաձկան պաշարները նվազում են նաև այն պատճառով, որ այն ճապոնացիների սննդի մեջ էր օգտագործվում: Հոկայդոյի պաշարների անխնա շահագործումը աղետալի հետևանքներ է ունենում կղզու տեղաբնիկների՝ այնուների համար: Հայտնի է, որ 1723 թվականին Իշիկարի գետի ափամերձ շրջաններում բնակվող 200 այնուներ սովամահ են եղել, քանի որ գետում ձուկ չէր մնացել: Սաղմոնի պաշարների նվազեցումը բազմաթիվ այնուների ստիպում է տեղափոխվել ծովամերձ շրջաններ, որտեղ նրանք ստիպված էին գրեթե ստրկական աշխատանք կատարել ճապոնացիների համար: Անխնա ձկնորսությունը բերում է նաև կղզու էկոհամակարգի փոփոխությունների, երբ բազմաթիվ թռչուններ և կենդանիներ կեր հայթայթելու համար փոխում են իրենց բնական միջավայրը:

Թեև շատերը պնդում են, թե Ճապոնիայում բնությունն անխնա շահագործելու սովորությունը ներմուծվել է Արևմուտքից ինդուստրիալիզացիայի հետ մեկտեղ, հետազոտությունները ցույց են տալիս, որ Էդոյի ժամանակաշրջանում արդեն իսկ շրջանառության մեջ էին դրվել գաղափարներ, որոնք գաղափարական հենք էին տալիս մարդու կողմից բնության շահագործմանը:

1868 թվականին Մեյջիի հեղաշրջմամբ սկիզբ առած Ճապոնիայի մոդեռնիզացիան և ինդուստրիալիզացիան նոր զարկ են տալիս բնության շահագործմանը: «Հարուստ երկիր, ուժեղ բանակ» կարգախոսով առաջնորդվող Ճապոնիայում բացվում են բազմաթիվ հանքեր և գործարաններ, որոնց թափոններն աղտոտում էին գետերն ու դաշտերը: Այս շրջանում էլ Ճապոնիայի պատմության մեջ գրանցվում է առաջին խոշոր մասշտաբի բնապահպանական աղետը՝ Աշիո պղնձի հանքի միջադեպը, ինչպես նաև ի հայտ է գալիս առաջին բնապահպան Տանակա Շյոձոն:

Դեռևս Էդոյի ժամանակաշրջանից շահագործվող Աշիո պղնձի հանքը, որը գտնվում էր ներկայիս Տոչիգի պրեֆեկտուրայում, 1877 թվականին դառնում է գործարար, օլիգարխ Ֆուրուկավա Իչիբեյի սեփականությունը, որը տեխնոլոգիական թարմացումներ կատարելուց հետո հանքը նոր թափով է շահագործում: Սակայն շուտով հանքից արտանետվող ծծմբական թթուն չորացնում է մոտակա անտառները, իսկ թափոնային ջրերը, թափվելով մոտակա Վատարասե գետը, թունավորում են ջուրը և բրնձի դաշտերը: Վատարասե գետն անբնական երանգ է ստանում, ձկները սատկում են, իսկ արտերն ու անտառները՝ չորանում: Անտառների մակերեսի նվազեցումը բերում է հաճախակի ջրհեղեղների, որոնք ավելի են տարածում աղտոտվածությունը: Բնակիչները ունենում են առողջական խնդիրներ, նվազում է ծնելիությունը, բարձրանում մահացությունը: 1890-ականներին հարակից գյուղերի բնակիչները հասարակական, քաղաքական գործիչ, պատգամավոր Տանակա Շյոձոյի առաջնորդությամբ պահանջում են դադարեցնել հանքի գործունեությունը, սակայն այդ պահանջներն անտեսվում են: 1891 թվականին Տանական ելույթ է ունենում խորհրդարանում՝ կառավարությանը կոչ անելով փակել հանքը, սակայն այն մնում է անպատասխան: Աշիոն Ճապոնիայի ամենաեկամտաբեր հանքերից մեկն էր, և «հարուստ երկիր» կառուցել փորձող Ճապոնիայի կառավարությունը խնդրին առերեսվելու մտադրություն չուներ:

1896 թվականին մեծ ջրհեղեղից հետո վնասն էլ ավելի է տարածվում, և Տանական բնակիչների հետ միասին մի քանի անգամ հանքը փակելու ստորագրահավաք է ներկայացնում կառավարությանը՝ ամեն անգամ ստանալով մերժում: Սակայն Տանակային հաջողվում է մի շարք ազդեցիկ աջակիցներ ձեռք բերել, որոնց թվում էին՝ լրագրող Տոկուտոմի Սոհոն, քրիստոնյա փիլիսոփա Ուչիմուրա Կենձոն, անարխիստ Կոտոկու Շյուսույը և նույնիսկ նախկին բարձրաստիճան զինվորական, ազնվականների պալատի պատգամավոր Տանի Տատեկին, որը Տանակային կոչում էր «հասարակության պահապան Աստված»: Տանական նաև մի քանի անգամ գյուղացիների հետ քայլարշավ է կազմակերպում դեպի Տոկիո, բայց 1897 թվականին տրված «Աղտոտվածությունը կանխարգելելու» որևէ օգուտ չտվող հրամանից բացի էական հաջողություններ չեն գրանցվում: 1901 թվականին նա հրաժարվում է պատգամավորի իր մանդատից և նույն թվականի դեկտեմբերին փորձում է հայցով անմիջապես դիմել կայսերը, ինչն աննախադեպ երևույթ էր այդ տարիներին և կարող էր նույնիսկ բերել մահապատժի: Չնայած Տանակայի՝ կայսերը գրություն փոխանցելու փորձը հաջողությամբ չի պսակվում, այն մեծ աղմուկ է բարձրացնում և բնապահպանական շարժման նոր աջակիցներ ձեռք բերում: 20-րդ դարի սկզբում մի քանի ձևական հրամաններ և օրենքներ են ընդունվում, ինչպիսին էր, օրինակ, 1911 թվականի գործարանների մասին օրենքը. դրանք խնդիրը միայն մասամբ են լուծում: «Հարուստ երկիր, ուժեղ բանակ», «քաղաքակրթություն և լուսավորություն» կարգախոսներով «արևմտյան» տիպի երկիր դառնալ ցանկացող Ճապոնիայի իշխանությունները արդյունաբերական հզորությունը գերադասում էին բնապահպանական խնդիրներից: Հիասթափված Տանական 1912 թվականին իր օրագրում գրում է. «Իրական քաղաքակրթությունը չի՛ ավերում լեռները, չի՛ ապականում գետերը, չի՛ քանդում գյուղերը, չի՛ սպանում մարդկանց»: Ճապոնիայի «առաջին բնապահպան» Տանակա Շյոձոն մահանում է 1913 թվականի սեպտեմբերի 4-ին: Ներկայիս Սանո քաղաքի Սոշյուջի տաճարում անցկացված նրա հուղարկավորությանը տարբեր հաշվարկներով 40-50 հազար մարդ է մասնակցել:

Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...