1950-ից 60-ականները Ճապոնիայի բնապահպանական
պատմության թերևս ամենավատ տարիներն էին: Կային բազմաթիվ այլ խնդիրներ, օրինակ, օդի
աղտոտվածությունը մեծ քաղաքներում: Պատմաբան Սայմոն Ավենելը գրում է, որ 1960 թվականին
Օսակայի երկինքը 165 օր սմոգով էր պատված, իսկ ներկայումս Տոկիոյի խորհրդանիշներից
մեկը համարվող Սումիդա գետը 1955 թվականից այնքան էր աղտոտված, որ կարծես կոյուղի լիներ:
1960-ականների կեսին Ճապոնիան զարգացած երկրների շարքում ամենաաղտոտվածն էր:
Հենց այս իրավիճակն էլ զարկ է տալիս ճապոնական
բնապահպանական շարժմանը: 1964 թվականին Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման տարում
լույս տեսած «Սարսափազդու աղտոտվածությունը» գրքի հեղինակներ Շյոջի Հիկարուն (հանրային
առողջապահության մասնագետ) և Միյամոտո Կեն-իչին (տնտեսագետ) վերջին՝ «Համազգային շարժման
անհրաժեշտություն» կոչվող գլխում գրում են, որ մարդկության պատմության մեջ չեն եղել
այնպիսի դեպքեր, երբ մասնավոր ձեռնարկությունները, տեղական ինքնակառավարման մարմինները
կամ պետությունը ինքնաբուխ միջոցառումներ ձեռնարկեն շրջակա միջավայրի աղտոտվածությունը
կանխարգելելու համար և կոչ են անում տեղային, փոքր մասշտաբի շարժումներից անցում կատարել
համազգային բնապահպանական շարժման: Գրեթե նույն ժամանակաշրջանում աղտոտված վայրերի
բնակիչները, արդյունաբերական աղետների զոհերը և նրանց ընտանիքներն սկսում են տեղական
շարժումներ, որոնց միանում են տարբեր աջակիցներ՝ իրավապաշտպաններ, գիտնականներ, տեղական
ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, ուսանողներ:
1964 թվականին Շիձուոկա պրեֆեկտուրայի ուսուցիչների
գլխավորությամբ պայքար է սկսվում, որը դեմ էր Շիձուոկայում Միե պրեֆեկտուրայի Յոկկայչի
քաղաքում գտնվող գործարանի տիպի նավթաքիմիական կոմբինատի բացմանը: Այս շարժումը ստանում
է լայն հասարակական աջակցություն և տեղական պաշտոնյաներին ստիպում է հրաժարվել նախագծից:
1968 թվականից սկսած՝ արդյունաբերական աղետների զոհերը դատական գործեր են սկսում պատասխանատու
գործարանների դեմ՝ 1971-1973 թվականներին հաղթանակ տանելով: Մամուլը նույնպես սկսում
է ավելի պատասխանատու վերաբերել բնապահպանական հարցերին՝ կանոնավոր լուսաբանելով հատկապես
չորս մեծ աղետներին վերաբերող խնդիրները:
Ընդունվում են նաև բնապահպանությանը վերաբերող
նոր օրենքներ: 1967 թվականին ընդունվում է աղտոտվածության դեմ միջոցառումների հիմնական
օրենքը, որը, սակայն, ուներ մեկ «սողանցք». օրենքի «նպատակներում» գրված էր, որ շրջակա
միջավայրի պահպանությունը պետք է «ներդաշնակ» լինի «առողջ տնտեսական զարգացման» հետ՝
շատերի կարծիքով այդպիսով գերադասելով տնտեսական զարգացումը բնապահպանությունից: Սակայն
հասարակական կարծիքն արդեն խիստ քննադատորեն էր վերաբերում պատասխանատվությունից խուսափելու
այսպիսի փորձերին, և Ճապոնիայի իշխանությունները ստիպված էին անցնել ավելի վճռական
քայլերի:
1970 թվականի նոյեմբերի 25-ին տեղի է ունենում
խորհրդարանի արտակարգ նիստ (հայտնի է որպես «Աղտոտվածության խորհրդարան»), որտեղ ընդունվում
կամ փոփոխության է ենթարկվում շրջակա միջավայրին վերաբերող 14 օրենք, որոնք մեծապես
խստացնում են կարգավորումները: Հաջորդ տարի՝ 1971 թվականին, ստեղծվում է շրջակա միջավայրի
գործակալությունը: Այսպիսով, Ճապոնիայում ստեղծվում է բնապահպանությանը վերաբերող աշխարհում
ամենաառաջատար օրենսդրական և բյուրոկրատական համակարգերից մեկը, որը, առաջատար տեխնոլոգիաների
կիրառման հետ համատեղ, հետագա տարիներին զգալիորեն բարելավում է Ճապոնիայի բնապահպանական
ցուցանիշները: 2000 թվականին հրապարակված Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպության բնապահպանական կատարողականության մասին զեկուցագրում նշվում է, որ
1970-ականներից ի վեր Ճապոնիան էական հաջողությունների է հասել վնասակար նյութերի արտանետումների
զգալի կրճատման, օդի որակի բարելավման, թափոնների կառավարման, վայրի բնության պահպանման
և այլ բնագավառներում: Եյլի համալսարանի բնապահպանական արդյունավետության ցուցիչի
2022 թվականի տվյալների համաձայն՝ Ճապոնիան 180 երկրների և տարածաշրջանների մեջ զբաղեցնում
է 25-րդ հորիզոնականը: Նաև, ինչպես նշում է բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող
Իշի Հիրոյուկին, 1970-ականներից հետո տարբեր անհատների և կազմակերպությունների ջանքերի
շնորհիվ Ճապոնիայում վերականգնվել են բնաջնջման եզրին եղած բազմաթիվ թռչնատեսակներ,
օրինակ, կռունկների որոշ տեսակներ, ճապոնական ալբատրոսը, կարմրաոտ քաջահավը, ինչպես
նաև մաքրված գետեր և լճեր են վերադարձել տարբեր ձկնատեսակներ:
Սակայն Ճապոնիան արդյոք «կանաչ գերտերությո՞ւն»
է, ինչպես այն երբեմն նկարագրում են: Չնայած Ճապոնիայի գրանցած բազմաթիվ հաջողություններին՝
դեռևս կան մի շարք խնդիրներ: Դրանցից են շինարարական անվերջ նախագծերը, որոնք հաճախ
բնական միջավայրի ավերման պատճառ են դառնում: Վառ օրինակներից մեկը Նագասակիում գտնվող
Իսահայա ծովածոցի «զարգացման» նախագիծն է, երբ 1989 թվականին ծովածոցի մի մասը չորացնելու
և գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվելու համար կառուցվում են ճնշումային
դամբեր: Միջավայրի փոփոխությունը անդառնալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի կենսաբազմազանության
համար՝ դառնալով բազմաթիվ ծովային կենդանիների վերացման պատճառ: Մեծ խնդիր է նաև պլաստիկը:
Ճապոնիայում գործում են աղբի տեսակավորման խիստ կանոններ, որոնց համաձայն բնակիչները
պարտավոր են աղբը բաժանելու այրվող, չայրվող, պլաստիկ, ապակի և այլ կատեգորիաների:
Շատերը ենթադրում են, որ տեսակավորված աղբը վերամշակվում է, սակայն դա ոչ միշտ է տեղի
ունենում: Ինչպես նշում է Ճապոնիայի հնագույն բնապահպանական կազմակերպություններից
մեկը՝ Ճապոնիայի վայրի թռչունների միությունը, Ճապոնիայում տարեկան առաջանում է մոտ
9 միլիոն տոննա պլաստիկ աղբ, որից վերամշակվում է մոտավորապես 28 տոկոսը, իսկ 70 տոկոսից
ավելին պարզապես այրվում է: Ճապոնիան հաճախ է քննադատվում նաև թույլատրելիից ավելի
ձկնորսության, ինչպես նաև կետորսության համար: 2023 թվականի աշնանը աղմուկ էր բարձրացրել
նաև Ճապոնիայի կառավարության՝ Ֆուկուշիմայի վթարված ատոմակայանից մաքրված ջրի օվկիանոս
բացթողման ծրագիրը: Այս ծրագիրը հատկապես մտավախություն է առաջացրել Ճապոնիայի հարևան
երկրներում, որ ռադիոակտիվ նյութերը կարող են կուտակվել ծովում և ծովամթերքի միջոցով
վնաս հասցնել մարդկանց առողջությանը:
Նյութի աղբյուրը՝ Աստղիկ Հովհաննիսյան- «Ճապոնական հասարակություն»
Comments
Post a Comment