Skip to main content

Նոր հանդիպում արաբ հրատարակչի հետ կրկին "Դեմիրճյան" կենտրոնում մոռացված հանճարեղ ճարտարապետը

 

25 նոյեմբերի, 2013 թիվ, Ջունի, Անթիլիաս

Այսօր առավոտյան կրկին զանգահարեց լիբանանահայ բարեկամս՝ Հովսեփ Արթինյանը։

-Պատրաստվեք, Նեժիի մոտ ենք գնալու,- ասաց նա։- Քիչ առաջ եմ խոսել իր հետ, դիպլոմն արդեն պատրաստ է, հանդիսավոր Ձեզ պիտի հանձնի։

Նորից ճամփա ընկանք Ջունի։ Մուտքի մոտ այս անգամ մեզ դիմավորեց ինքը՝ Նեժին։

-Սիրելի՛ Բաբկեն, ուրախ եմ այս պահի համար,- ասում է արաբ բարեկամս,- հիմա արդեն մեր համագործակցությունը պաշտոնական բնույթ է կրում։ Դուք մեր դեսպանն եք Հայաստանում։ Գիտեմ, որ սիրով եք անելու Ձեր գործը։

Հաճելի էր երկրորդ անգամ հանդիպել Նեժի Նաամանի հետ։ Նա ևս ոգևորվել էր։ Մեր զրույցը նրան մտովի տեղափոխել էր իր երջանիկ պատանեկությունը, երբ Կարապետ Ուզունյանի հետ խոսում ու քննարկում էին իրենց հետաքրքրող շատ հարցեր։

-Չմոռանամ ասել, որ հետաքրքիր մի ծրագիր էլ ունեմ և մտադիր եմ այն իրականացնել,- ասում է նա։- Ցանկանում եմ առանձին գրքով տպագրել օտարազգի բանաստեղծների մեկական ստեղծագործություն՝ բնագրով և թարգմանաբար՝ արաբերեն կամ անգլերեն։ Սկզբունքն այսպիսին է՝ պետք է լինի հեղինակի ձեռագիր-բանաստեղծությունը, թարգմանությունը, նշված լինեն ամսաթիվը, վայրը, բութ մատի՝ թանաքով արված դրոշմը և բանաստեղծությունն արտասանելիս արված լուսանկարը։ Անպայման ուղարկե՛ք, կսպասե՛մ։ Ընդգրկեք նաև այլ բանաստեղծների։

-Հրաշալի գաղափա՛ր է,- ասում եմ Նեժիին,- նման բան դեռ ոչ ոքից չեմ լսել, անպայման կուղարկեմ։

Հետո բոլորի ներկայությամբ Նեժին հանդիսավոր ինձ հանձնեց դիպլոմը և շնորհավորեց։ Հովսեփը, հերթական անգամ, Հայաստանին ու հայ գրականությանը վերաբերող արաբալեզու տասնյակ գրքեր էր բերել նվիրելու Նեժիին։ Արաբ հրատարակիչը անսահման երջանիկ էր։ Անհնար է նկարագրել, թե ի՜նչ սիրով նա ընդունեց գրքերը։ Այդ օրը գրքի ու գրականության, հայ-արաբական բարեկամության իսկական տոն էր Նեժիի հրատարակչատանը։

Նա արաբ առաջին գրողն ու հրատարակիչն էր, ում հետ ծանոթացա՝ հուսալով, որ այդ ծանոթությունը գրական հարատև կամուրջ կդառնա Հայաստանի ու Լիբանանի միջև։

Հովսեփի հետ վերադառնում ենք Անթիլիաս՝ փոքր-ինչ հանգստանալու։ Բայց ի՞նչ հանգիստ․․․ Հերթական հանդիպումն էր սպասվում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում՝ Հայ երիտասարդաց ընկերակցության վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի հետ։

-Հիասքանչ մի գիրք եմ ուզում նվիրել Ձեզ,- ասաց Հովսեփ Արթինյանը։- Երևի լսել եք անվանի ճարտարապետ Մարտիրոս Ալթունյանի մասին։ Լիբանանում հազիվ թե գտնեք մի տեղ, ուր Ալթունյանն իր մտքի ու ձեռքի հետքը թողած չլինի։

-Օրվա երկրորդ կեսին կուսումնասիրեմ գիրքը,- ասացի Հովսեփին՝ թերթելով գրքի էջերը։- Ալթունյանի մասին շատ քիչ բան գիտեմ։ Տեղյակ եմ, որ նրա մասին հիացմունքով է արտահայտվել հայրենի ակադեմիկոս, ծնունդով վանեցի Վարազդատ Հարությունյանը։

Հովսեփը պատմեց, որ Ալթունյանի անունը երկար ժամանակ մոռացության էր մատնվել։ Լիբանանահայ ու առհասարակ հայ նոր սերնդի հիշողության մեջ նրա անունը կրկին արթուն պահելու նպատակով, որդին՝ Աշոտ Ալթունյանը, պատկերազարդ շքեղ մի գիրք հրատարակեց՝ ցանկանալով մոռացությունից փրկել տաղանդաշատ հոր՝ ցավոք վաղուց մոռացված անունը։ Անգլերենով հրատարակված այդ արժեքավոր գիրքը մի վավերագիր է անվանի ճարտարապետի թողած մշակութային ժառանգության մասին։

Խնդրեցի Հովսեփին, որ երեկոյան ինձ պտտեցնի քաղաքում և ցույց տա ալթունյանական մտքի հանճարից ծնունդ առած գոհարները, որոնք զարդարում են ոչ միայն Լիբանանի մայրաքաղաքը, այլև ուրիշ շատ բնակավայրեր։ Հովսեփը սիրով ընդունեց առաջարկս՝ երեկոյան հանդիպելու պայմանով։

Կրկին ՀԲԸՄ-ՀԵԸ «Դեմիրճյան» կենտրոնում եմ՝ Գևորգ Սանթուրյանի մոտ։ Խոսում ենք Բարեգործականի ազգանպաստ ծրագրերի, Սփյուռքի հայապահպանության գործում կատարած հսկայածավալ աշխատանքի մասին։ Սանթուրյանի պատմությունները տանում են ինձ ավելի քան 100 տարի հետ՝ 1906 թվական, երբ մեծ բարերար Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ և Յաղուբ Արթին փաշայի, Երվանդ Բեյ Աղաթոնի, Առաքել Բեյ Նուբարի, Կարապետ Բեյ Շերիթճյանի, Մկրտիչ Բեյ Մարկոսոֆի, Դոկտոր Նազարեթ Տաղավարյանի, Տիարք Գրիգոր Եղիայանի, Մկրտիչ Անդրանիկյանի, Հովհաննես Հակոբյանի մասնակցությամբ Կահիրեում, Սուրբ Հարության տոնի օրը՝ ապրիլի 15-ին ստեղծվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Մինչ հայոց մեծ եղեռնը միությունը զգալի չափով սատար է եղել Հայաստանում և Կիլիկիայում բնակվող մեր հայրենակիցների տնտեսական և մտավոր զարգացմանը, բարոյական նկարագրի պահպանմանը։ Մեծ եղեռնի օրերին և հաջորդող տարիներին Բարեգործականն իր ուշադրությունը սևեռել է ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերին սատարելուն, որբահավաքությանը, որբանոցներ և խնամատար հաստատություններ ստեղծելուն։ Առ այսօր միությունն աշխարհի 24 երկրներում շուրջ 200 մասնաճյուղ ունի, 25000 անդամ։ Հայ եկեղեցին, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ևս իրենց մեծ ավանդն են բերում Միության հայանպաստ գործունեությանը, մասնավորապես բարեսիրական, առողջապահական, կրթական, հասարակական, երիտասարդական, մշակութային ոլորտներում։

Բարեգործականի լիբանանյան մասնաճյուղը ստեղծվել է Բեյրութում՝ 1910 թվականին, նախաձեռնությամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Պետրոս վարդապետ Սարաջյանի, ով հետագայում՝ 1940 թվականին դարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ գահակալելով ընդամենը մի քանի ամիս։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիները և հատկապես մեծ եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համար։ 1914 թվականին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես փոխադրվում Փարիզ։ Չնայած Բարեգործականի տարբեր մասնաճյուղերի կրած մեծ կորուստներին, միությունը, այնուամենայնիվ, կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել եղեռնը վերապրած հայերին։ 1915 թվականի հոկտեմբերին Պորտ-Սայիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է Բարեգործականի “Սիսուան» վարժարանը՝ 1222 աշակերտով, ապա՝ որբանոցը և այրիանոցը։ Եղեռնի հետագա տարիներին Բարեգործականը հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ։ Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն աշխուժացրել է իր աշխատանքները նոր ստվարացած գաղթօջախներում՝ Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

1921 թվականին միության կենտրոնը Կահիրեից տեղափոխվել է Ֆրանսիա։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո միության գործունեության հիմնական նպատակն էր կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայ լեզուն՝ դրանով պահպանելով ազգային ինքնությունը։ 1926 թվականին Բարեգործականը Նիկոզիայում հիմնում է Մելքոնյան կրթական հաստատությունը, «Նուպարյան սաներ» հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին՝ եվրոպական համալսարաններում ուսանելու համար։

1930 թվականին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահ է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մեծ գործարար Գալուստ Գյուլբենկյանը։ Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է Պողոս Նուբարի որդին՝ Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բարեգործականի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու Յորք։ 1942 թվականին Արշակ Կարագյոզյանը դառնում է միության չորրորդ նախագահը։

ՀԲԸՄ ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի երկարատև նախագահության օրոք։ Այդ ժամանակահատվածում միությունն ընդլայնվել և դարձել է սփյուռքահայ ամենաազդեցիկ կազմակերպությունը։ 1954 թվականին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968 թվականին՝ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ, հրատարակել բազմաթիվ գրքեր։

Շարունակենք թերթել ՀԲԸՄ հարուստ տարեգրության էջերը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1923 թվականին Ասքանազ Մռավյանի և Արմենակ Երզնկյանի ստորագրած որոշումով ՀԲԸՄ-ն դարձավ ավանդական միակ կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում։ 1920-ական թվականներին Խորհրդային Հայաստանը գյուղատնտեսական մեքենաներ, սերմացու և այլ օժանդակություն ստացավ։ 1923-1936 թվականներին կազմակերպվեց շուրջ 17 հազար հայ գաղթականների վերադարձը մայր հայրենիք՝ Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Պաղեստինից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։ 1924 թվականին ՀԲԸՄ-ի որբանոցներից 250 որբեր տեղափոխվեցին Հայաստան։ 1929 թվականին Երևանում հիմնադրվեց «Մարի Նուբար» աչքի կլինիկան, 1929 թվականին «Դարուհի Հակոբյան մայրանոց» ծննդատունը։ Գաղթածներին վերաբնակեցնելու նպատակով 1925 թվականին ստեղծվեց Նոր Եվդոկիա գյուղը։ 1936 թվականին՝ ՀԲԸՄ-ն Երևանում կառուցեց Հայ մտավորականների տունը, 1937 թվականին՝ Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանը և բացվեց տպարանը։ 1937 թվականին կազմակերպվեց հանգանակություն շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարով կառուցվեց Նուբարաշեն ավանը, որտեղ բնակվեցին 1000 գաղթականներ։ 1944 թվականին 105 հազար դոլարին համարժեք դեղորայք և հագուստեղեն տրամադրվեց Հայաստանին։ 1946 թվականին կազմակերպվեց ավելի քան 50 հազար հայերի ներգաղթը հիմնականում Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից։ Այդ նպատակի համար ՀԲԸՄ-ն հանգանակել էր ավելի քան 1 միլիոն դոլար։ 1946-1948 թվականներին ընդհանուր առմամբ հայրենադարձությանն օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է ընդհանուր առմամբ մոտ 2 միլիոն 300 հազար դոլար։ 1950-1988 թվականներին ՀԲԸՄ-ն Հայաստանին աջակցություն է ցուցաբերել հիմնականում հայ եկեղեցու միջոցով։ 1983 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է Ալեք Մանուկյան գանձատունը։

Բարեգործականը նաև 1988 թվականի ազգային զարթոնքից հետո իր օգնությունն է ցուցաբերել Հայաստանին՝ մանավանդ կործանարար երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Երկրաշարժից 3 օր անց դեղորայք, հագուստ, սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ հասան Հայաստան։ Աղետից տուժածներից շատերը բուժում ստացան ԱՄՆ-ում։ Արտերկրի բժիշկ մասնագետների շնորհիվ մեծ օգնություն ցուցաբերվեց նաև աղետի գոտու տուժածներին։ 1989-1992 թվականներին Գյումրիում կառուցվեց մթերանոց-սառցարան։ 1991 թվականին Երևանում հիմնվեց պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոն։ Հաջորդ տարիներին, այս երկու հույժ կարևոր հաստատությունները, ցավոք, փոշիացվեցին ՀՀ որոշ իշխանավորների միջամտությամբ։ Օգնության բազմաթիվ այլ ծրագրեր իրականացվեցին Գյումրիում և այլուր։

ՀԲԸՄ ֆինանսավորմամբ կառուցվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն ու Սուրբ Երրորդություն եկեղեցին, Գյումրիի Սուրբ Հակոբ, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս և բազմաթիվ այլ եկեղեցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերակառուցվեցին Խրիմյան Հայրիկ ցուցասրահը, գանձատունը, կառուցվեցին վեհարանի վարչական շենքը, բաց խորանը, միաբանական շենքը։ Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեի 70 տոկոսը միությունն է հատկացնում։ Միությունը հոգում է Մայր Աթոռի Հայորդաց տների ողջ ծախսերը։

Բարեգործականը մեծ օգնություն է ցուցաբերել նաև Արցախին, հսկայական աշխատանք է կատարվում վերաբնակեցման ուղղությամբ։ ՀԲԸՄ ուժերով վերածնվեց Նորաշեն գյուղը և 22 տուն հանձնվեց շահագործման։ Բարեշենը ՀԲԸՄ ջանքերով կառուցվող երկրորդ գյուղն է Արցախում։

Մեծ է Բարեգործականի օգնությունը կրթական ու մշակութային կազմակերպություններին, մասնավորապես Երևանի պետական համալսարանին, Գիտությունների ազգային ակադեմիային, Մատենադարանին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի գրողների միությանը․․․

-Եվրոպական երկրներում մեր կառույցները այդքան էլ շատ չեն,- տեղեկացնում է Սանթուրյանը։- Կառույցների զգալի մասը կենտրոնացած է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Միջին և Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում։ Մասնաճյուղեր ունենք նաև Կիպրոսում, Իրաքում, Եգիպտոսում, իսկ Եվրոպայում մեր գործունեությունը կենտրոնացած է Փարիզում, ուր առկա է ազդեցիկ հայ գաղթօջախ, և այնտեղից կանոնակարգվում է եվրոպական մյուս երկրներում ստեղծված Բարեգործականի կառույցների գործունեությունը։ Վերջին 10-15 տարիներին Բարեգործականն ավելի ընդլայնվեց։ Հիմա մասնաճյուղեր ունենք նաև Հոլանդիայում, Գերմանիայում, Հունաստանում։ Հասարակական տարբեր ոլորտներում Բարեգործականը եռանդուն գործունեություն է իրականացնում ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում։

Իսկ երբ Սանթուրյանին հարցրի, թե ինչպիսի՞ն է իրեն պատկերվում հայ գաղթօջախների ապագան և ի՞նչ ավանդ են բերում տեղի հայ մտավորականները, ինչո՞վ են նպաստում Հայաստան-Սփյուռք դաշնության հզորացմանը, նա մտաբերեց անցյալ դարի 60-ական թվականները, հիշեց ծնողների և ավագների հորդորը․․․

-Մեր ծնողները ու մեծերը օտարության մեջ մեզ դաստիարակել են հայրենասիրության ոգով, հորդորել են, որ սիրենք և փայփայենք մեր լեզուն, մշակույթը, հավատարիմ մնանք ազգային ավանդույթներին, որոնք ազգապահպանության կարևոր կռվաններ են։ Պարզ է, որ առանց հայրենիքի Սփյուռքը գոյատևել չի կարող։ Մենք Լիբանանում զորացանք հզոր հայրենիք ունենալու, բարգավաճումի երազով։ Հիմա, երբ Հայաստանն ինքնիշխան պետություն է դարձել, մենք, սփյուռքահայերս, մեր հայացքը հառել ենք Մայր հայրենիքին, որովհետև լավ ենք գիտակցում, որ հայի միակ հանգրվանը Հայաստան երկիրն է՝ մեր գոյության և հավերժության անմար փարոսը։ Առանց զորավոր հայրենիքի՝ Սփյուռքի ճակատագիրը վտանգված է։ Երբեք չեմ մոռանա 1959 թվականի նոյեմբերին հյուրահամերգներով առաջին անգամ Բեյրութ այցելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի վաստակավոր համույթը։ Այդ ժամանակ ես տակավին պստիկ էի, բայց հիշողությանս մեջ այսօր էլ թարմ են մնացել հայաստանցի վարպետների ելույթները։ Մենք ունկնդրել ու դիտել ենք իսկական հայ երգարվեստն ու պարարվեստը, որոնք զերծ էին արևելյան ազդեցություններից։ Ինչո՞ւ հատկապես կնշեմ այս հանգամանքը, որովհետև հորիցս ու հորաքրոջիցս հաճախ եմ լսել կիսահայերեն ու կիսաթուրքերեն երգեր։ Ու երբ համեմատում եմ, թե ի՜նչ գեղեցիկ ու մաքուր հայերենով են հնչում հայաստանցի երգիչների կատարումները, պարզապես հիանում էի, սիրտս անափ հպարտությամբ լցվում էր։ Հիշում եմ, թե ինչպես ավագ սերնդի լիբանանահայերը արցունքն աչքերին, բայց բերկրանքով լի ընդունեցին հայ անվանի արվեստագետների ելույթները։ Ուզում եմ ասել, որ մեր ակունքները հայրենիքում են՝ Հայաստան աշխարհում, որ Սփյուռքը հարատև լինել չի կարող, որքան էլ երկար գոյատևի։

Սանթուրյանը հուզված էր։ Կարոտախտով լի նրա պատմություններից հուզմունքը փոխանցվեց նաև ինձ։ Եվ դա ինձ հասկանալի էր, քանի որ Սերբիայում ապրելուս շուրջ 7 տարիներին նույն զգացողությունն է առաջնորդել ինձ, մանավանդ երբ հեռախոսազրույց էի ունենում՝ հիմա, ավա՜ղ արդեն հանգուցյալ, ծնողներիս ու քրոջս հետ․․․ ու կարոտս խեղդելու համար՝ զգացմունքներս բանաստեղծական տողերի էի վերածում։

-Լա՛վ եմ հասկանում ձեզ, սիրելի Գևորգ,- ասում եմ Սանթուրյանին,- ի՛նքս ունեցել եմ այդ զգացողությունը։

-Գիտե՞ք, Դուք այդ առումով մեզնից ավելի երջանիկ եք, քանի որ հայրենիքում եք ապրում,- շարունակում է զրուցակիցս։- Դուք, կարող եմ ասել, Հայաստանում ազգապահպանության խնդիր չունեք, մինչդեռ մենք Լիբանանում փորձում ենք հայ մնալ։

Սանթուրյանի հետ զրույցում շոշափեցինք ոչ միայն Բարեգործականի գործունեությանը վերաբերող, այլև այսօր, համաշխարհային մարտահրավերների պայմաններում համայն հայության առջև ծառացած շատ խնդիրներ, որոնք մեզ՝ հայերիս՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում խորհելու տեղիք են տալիս։

Բարեգործականում Սանթուրյանի հետ զրույցն ավարտելուց հետո վերադարձա Անթիլիաս՝ մի փոքր դադար առնելու, հանգստանալու։ Մինչև Հովսեփ Արթինյանի հետ երեկոյան հանդիպելը, օրվա երկրորդ կեսին բավականին ժամանակ ունեի։ Մանրակրկիտ ուսումնասիրեցի Մարտիրոս Ալթունյանի կյանքին ու գործին նվիրված՝ որդու՝ Աշոտի հեղինակած գիրքը, որի ամեն մի էջից լույս է ճառագում։ Զարմանալի ու ինքնատիպ մարդ էր Մարտիրոս Ալթունյանը։ Իզուր չէ, որ հայտնի անվանի ճարտարապետ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը Ալթունյանին անվանել է «Լիբանանի Թամանյան»։

Մարտիրոս Ալթունյանը ծնվել է 1889 թվականին Թուրքիայի Բուրսա քաղաքում։ Մի քանի տարի անց ընտանիքը փոխադրվել է Բուլղարիա, ուր նա միջնակարգ կրթություն է ստացել։ Նկարչության հանդեպ սերը արտահայտվել է դեռ վաղ մանկությունից։ Եվ ահա 1910 թվականին երիտասարդ Ալթունյանը մեկնում է նվաճելու Փարիզը։ Սովորում է տեղի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, որը հայտնի էր որպես ֆրանսիական կլասիցիզմի ամրոց, իսկ այնուհետև՝ ճարտարապետության բոզար (գեղեցիկ արվեստների) ուղղվածության օրրան։ Ալթունյանն այնտեղ սովորել է կերպարվեստ, քանդակագործություն և ճարտարապետություն, իսկ 1918 թվականին ավարտելով՝ ստացել է դիպլոմ։ Բոզար ոճը, որը, ըստ էության, իտալական վերածննդի և ֆրանսիական բարոկկոյի լավագույն ավանդույթների շարունակությունն էր, Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտների համար գործնականում կիրառելու լավ ձեռնարկ էր։ Ալթունյանի կուռքը Թոնի Գառնիեն էր, ով նույն դպրոցի շրջանավարտ էր և ֆրանսիական արդի ճարտարապետության հիմնադիրը։

Ալթունյանի ուսումնառությունը համընկավ առաջին աշխարհամարտի հետ, և գեղեցիկ արվեստներից ստացած այդ պաշարը ողողվեց ռումբերի ու արկերի պայթյունով։ Մինչ այդ, 1915 թվականին հայոց հանդեպ իրականացված մեծ ոճիրը վշտով ու տագնապով լցրեց երիտասարդ Մարտիրոսի հոգին։ Պատկերացնել էր պետք Մարտիրոսի հոգու խռովքն ու տագնապը, քանի որ նրա ծնողները գտնվում էին Օսմանյան կայսրությունում և նա նրանցից ոչ մի լուր չուներ, ընդհուպ մինչև 1918 թվականը։

Եվ, սակայն, զարմանալի ժամանակներ էին Մարտիրոսի համար։ Իր իսկ խոսքով, Փարիզում նրա գտնվելը իսկական վերածնունդ էր, որ նա երազել էր դեռ պատանի տարիներին։ Փարիզում նա ծանոթանում է ապագա կնոջ՝ Փեփրոնեի հետ, այնուհետև հաջորդում է ուրախալի լուրը՝ ծնողները ողջ են և գտնվում են Սիրիայում։

Երիտասարդ ճարտարապետի առջև ընտրության հարց էր դրված՝ որտե՞ղ ապրել։ Արդյոք քաղաքների քաղաք Փարիզո՞ւմ, թե՞ ճակատագիրը կապել մոխիրներից հառնող Հայաստանի երիտասարդ հանրապետության հետ։ Նա ցանկանում էր վերջապես տեսնել Էջմիածինը, հպվել Գառնիի հինավուրց քարերին, տեսնել սքանչելի հուշարձաններն ու խաչքարերը։ Իսկ ծնողնե՞րը։ Եվ Ալթունյանը հաստատակամ որոշում ընդունեց՝ փոխադրվել ֆրանսիական մանդատի ներքո գտնվող Լիբանան և բնակություն հաստատել Բեյրութում, ուր անարգել կարող էր տեղափոխել նաև ծնողներին։

Փարիզից հետո Բեյրութը Ալթունյանին արևելյան խուլ մի գավառ էր հիշեցնում։ Նոր-նոր ի հայտ էին գալիս քաղաքային առաջին փոխադրամիջոցները։ Փողոցների անմաքուր վիճակը ևս ուրախացնող չէր։ Ու եթե աշխարհում մեծ համբավ ունեցող Փարիզի Գեղեցիկ արվեստների բարձրագույն  ազգային դպրոցի դիպլոմը ճարտարապետության փայլուն առաջադիմության և հռչակի գրավական էր, ապա Բեյրութի վերնախավի շրջանում 1920-ականների սկզբին այն կարող էր արժանանալ լոկ հարգալից վերաբերմունքի։

1926 թվականին Լիբանանը հռչակվեց հանրապետություն, թեև դեռ շարունակում էր գտնվել ֆրանսիական մանդատի ներքո։ Առաջին նախագահ դարձավ Շառլ Դըբբասը, ում նախաձեռնությամբ էլ սկսվեց կիրառվել երկրի բարենորոգման ծրագիրը։

Ստեղծելով գերատեսչական և վարչական կառույցներ, նախագահ Դըբբասի առջև խնդիր էր դրված շինարարական մեծ աշխատանքներ իրականացնել։ Ալթունյանը հրավիրվեց մասնակցելու մայրաքաղաք Բեյրութի կառուցմանը։ Առաջին գործը, որ նա իրականացրեց, խորհրդարանի շենքի նախագիծն է, որը մեծ համբավ բերեց Ալթունյանին։ 1933 թվականին ավարտած այդ շինությունը դարձավ դարավոր արմատներ ունեցող, բայց և զարգացող քաղաքի խորհրդանիշը՝ իրականացված ճարտարապետական բոզար ոճով։

Բեյրութում խորհրդարանի հրապարակն անվանում են Էթուալ կամ Նըջմե, որ ֆրանսերենում և արաբերենում աստղ են նշանակում և որից ճյուղավորվում են մնացած բոլոր փողոցները։ Հրապարակի սրտում հառնում է շքեղաշուք մի աշտարակ՝ ի պատիվ դրա պատվիրող ու հովանավորող՝ լիբանանյան արմատներով մեքսիկացի Միգել Աբեդի։

Մեծահարուստ Միգել Աբեդը Էտուալ հրապարակում կառուցվելիք ժամացույց-աշտարակի մրցույթ հայտարարեց։ Հաղթողի համար նախատեսված էր 150 թուրքական ոսկի։ Մրցույթը շահեց Ալթունյանը։ Նրա նախագծով 1934 թվականին կառուցված «Աբեդ» ժամացույց-աշտարակը ևս դարձավ Բեյրութի խորհրդանիշներից մեկը։

Մասնավոր պատվերներից զատ, ճարտարապետը 1930-ական թվականներին իրականացնում էր նաև բազմահարկ շենքերի, հասարակական կառույցների նախագծեր, այդ թվում Լեռնալիբանանի Շուֆի շրջանում գտնվող Ազունիե գյուղի հայկական առողջարանը, խալիֆ Աբու-Բաքրի անվան մզկիթը Բեյրութում։ Այդ շրջանում Ալթունյանը երկրի տարբեր վայրերում գտնվող եկեղեցիների ու մզկիթների նորոգման պատասխանատուն էր, միաժամանակ լիբանանյան մետաղադրամների ու մեդալների էսքիզներ էր ստեղծում։

1939 թվականին Լիբանանը պաշտոնապես հրավիրվում է մասնակցելու Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսին։ Լիբանանցի բանաստեղծ Շառլ Քորմը, որ տաղավարի պատասխանատուն էր և Ալթունյանի մտերիմ բարեկամը, խնդրում է նրան փյունիկյան պատմությանը վերաբերող գեղանկարչական 4 աշխատանք ստեղծել։ Ու թեև այդ շրջանում Ալթունյանն ամբողջությամբ տրված էր Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի շինարարությանը, այնուամենայնիվ, նա չի մերժում ընկերոջը և ստեղծում է պատվիրված 4 աշխատանքները, որոնցից մեկը հետագայում ձեռք բերեց Լիբանանի նախագահ Էմիլ Էդդեն։

Կյանքին իրատեսորեն վերաբերվող Շառլին լոկ բարեկամությունն էր կապում ճարտարապետ և նկարիչ Մարտիրոս Ալթունյանի հետ, որ ամենևին ծանրացած չէր նորարարությունների պատրանքով, այլ չէր պատկերացնում իր կյանքը առանց հարազատ հայ մշակույթի։ Շառլի հետ Ալթունյանի մտերմությունը շատ բանով նպաստեց, որպեսզի նա կարողանա ներգրավվել 1920-1950-ական թվականների Լիբանանի բարդ հասարակությանը, արտահայտել ոչ միայն իր հնարավորությունները որպես ինքնատիպ ճարտարապետ, այլև լինել նաև Լիբանանի նախագահ Էմիլ Էդդեի սիրելիներից մեկը։ Նախագահ Էդդեն Ալթունյանին պարգևատրում է Պատվո արծաթե մեդալով։

Բազմաթիվ են տաղանդաշատ հայորդու ստեղծագործությունները։ Դրանցից են նաև Անթիլիասի կաթողիկոսարանի համալիրի բակում կառուցված Նահատակների մատուռը, Երուսաղեմի սուրբ Հռիփսիմեի մատուռը, Բաղդադի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ բոլորն էլ հայկական ճարտարապետության ավանդական ձևերի ու ժամանակակից շինարվեստի նոր մտածողության համադրությամբ։

Մարտիրոս Ալթունյանը արդիականի և արաբական ազգայինի համադրումով նախագծել է արքունական պալատի համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ) Ամմանում, Վատիկանի պատվերով՝ Սուրբ Պողոս հույն կաթոլիկ մայր տաճարը՝ Բեյրութի մերձակա Հարիսա գյուղի մոտ։ Ալթունյանի գեղանկարչական գործերից են Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի կրոնապատմական թեմայով 5 որմնանկարները, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրբերի սրբապատկերները, Անթիլիասի Մայր տաճարի աղոթասրահի սրբանկարները։

Եթե թվարկելու լինենք հայ ճարտարապետի ստեղծած բոլոր աշխատանքները, որոնք շատ են ու բազմաբնույթ, պարզ ու հստակ կդառնա նրա վաստակը, որը փառք ու պատիվ է բերել ոչ միայն Լիբանանի, այլև Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների մշակույթին։

Անունդ դարե՛ր թող հնչի, ո՜վ մեծն վարպետ Մարտիրոս Ալթունյան, մտքիդ ու ձեռքիդ գործն անմա՛հ թող մնա, թող հավերժի հուշարձա՛ն դառնա ներկա և ապագա սերունդների համար։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...