Թուրքիայի
արտաքին քաղաքականության պատմության մեջ 2018-2023 թվականները առանձնանում են իրադարձությունների
և արմատական կերպափոխումների առատությամբ։ Նշված ժամանակահատվածում պաշտոնական Անկարայի
գերակտիվ արտաքին քաղաքականությունը արդյունք էր թե՛ ներքին և թե՛ արտաքին միջավայրում
արձանագրված իրողությունների ու փոփոխությունների։ Ներքին փոփոխությունների շարքում
էական է մատնանշել Թուրքիայի ժողովրդագրական, տնտեսական, ռազմական և քաղաքական կարողությունների
աճը, որն արձանագրվել էր նախորդ մի քանի տասնամյակներում։ Կուտակված ռեսուրսները Թուրքիային
թույլ տվեցին հանրապետության հարյուրամյակին ընդառաջ բոլորովին նոր՝ ավելի ամուր դիրքերից
հանդես գալ տարածաշրջանային ու համաշխարհային հարթակներում։
Վերոնշյալ
կերպափոխումները տեղի էին ունենում արտաքին իրադրության ձևափոխման պայմաններում։ Նախ
համաշխարհային մակարդակում շարունակվում էր միաբևեռ աշխարհի վերափոխումը բազմաբևեռ
աշխարհի, որի արդյունքում նորից վերականգնվեցին տարբեր պետությունների և դաշինքների
միջև հակամարտություններն ու բախումները մի շարք տարածաշրջաններում (այդ բախումն առավել
ցայտուն դրսևորվեց Ուկրաինայում 2022 թվականին սկսված պատերազմով)։ Բազմաբևեռ աշխարհի
ձևավորումը որոշակիորեն նվազեցրեց Մերձավոր Արևելքում այդ բևեռներից մեկի՝ ԱՄՆ տասնամյակներով
հաստատված տարածաշրջանային բացարձակ գերակայությունը։ Առաջացած ուժի բացը փորձում էին
լրացնել ոչ միայն այլ գերտերություններ (օրինակ՝ Ռուսաստանը և Չինաստանը), այլև տարածաշրջանային
«միջին ուժերը»։ Դրանց շարքում առանձնանում էին Իրանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան,
որոնք ջանում էին ընդլայնել իրենց ազդեցությունը ողջ տարածաշրջանի վրա։ Նման պայմաններում,
ըստ էության, տեղի էր ունենում Մերձավոր Արևելքում հաստատված ուժերի հավասարակշռության
փոփոխություն, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր վարչական սահմանների և ազդեցության
գոտիների փոփոխության։
Ներքին
և արտաքին վերոնշյալ հանգամանքները ձևավորեցին Թուրքիայի արտաքին նոր քաղաքականությունը,
որը կարելի է բնութագրել ըստ երեք հիմնական առանձնահատկության՝ ռազմականացվածություն,
ռազմավարական ինքնավարություն և ծավալապաշտություն։
Թուրքիայի
արտաքին քաղաքականության ռազմականացումը սկսվել է 2010-ականներից։ Ռազմականացումը ենթադրում
է ռազմական ուժի գործիքակազմի կիրառման հաճախակիություն արտաքին քաղաքական նպատակներին
հասնելու և խնդիրները լուծելու գործում, ինչը շարունակվում է մինչ օրս ու կարելի է
ասել, որ դարձել է արտաքին քաղաքականության դասական կամ հիմնական գործիքներից մեկը։
Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը այս հարցում կարելի է գտնել նախագահ Էրդողանի հետևյալ
խոսքում․ «Թուրքիան ձեռք է բերել
այնպիսի ուժ, որ կարող է իր քաղաքական և տնտեսական քաղաքականությունը տեղերում իրականացնել
ակտիվ ռազմական աջակցությամբ»։ Արտաքին քաղաքականության ռազմականացման մասին է վկայում
նաև այն հանգամանքը, որ 2010-ական թվականներից Թուրքիայի ռազմական գերատեսչությունները
(մասնավորապես՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը և պաշտպանության նախարարությունը)
մեծապես ներգրավված էին պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման
գործում։
Թուրքիայի ռազմական ներկայությունը ու ռազմական միջամտությունները
տարբեր գոտիներում աստիճանաբար վերածվեցին Անկարայի դիվանագիտական գործիքակազմի գլխավոր
բաղադրիչներից մեկի՝ հանգեցնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական կշռի բարձրացմանը։
2023 թվականի դրությամբ Թուրքիան ռազմական բազաներ կամ մշտական տեղակայման զորախմբեր
ունի մի շարք երկրներում (Կիպրոսի հյուսիսային՝ օկուպացված հատված, Քաթար, Ադրբեջան,
օկուպացված Արցախ, Ալբանիա, Իրաք, Լիբիա, Սոմալի, Սիրիա), ինչպես նաև առկա է ռազմական
ինտենսիվ համագործակցություն Աֆրիկայի, Բալկանների և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների
հետ։ Այս հանգամանքը, ինչպես նաև մասնակցությունը պատերազմներին, հնարավորություն է
ընձեռում Թուրքիային քաղաքական հարթակներում ամրապնդել իր դիրքերը և մնացյալ դերակատարներից
պահանջել հաշվի նստել սեփական շահերի հետ։ Նման մարտավարության արդյունավետությունը
կարելի է տեսնել, օրինակ, սիրիական պատերազմում Աստանայի, Արցախյան հարցում՝ հայ-ռուս-ադրբեջանական,
լիբիական հարցում՝ ՄԱԿ բանակցային ձևաչափերում ընդգրկվածությամբ և նշված հակամարտությունների
կարգավորման գործընթացում խաղացած առանցքային դերով։ Թուրքիայի ռազմականացված արտաքին
քաղաքականությունը էականորեն փոխեց ուժերի հարաբերակցությունը բոլոր նշված տարածաշրջաններում
(և առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում)՝ հանգեցնելով տարածաշրջանային ուժերի և դաշինքների
վերադասավորման։
Ռազմականացված արտաքին քաղաքականության մեկ այլ բաղադրիչ կարելի
է համարել Թուրքիայի կողմից ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը տարբեր
գործընկերների հետ։ Այս հարցում Անկարայի ակտիվության աշխարհագրությունն է՛լ ավելի
լայն է՝ ընդգրկելով տասնյակ երկրներ Եվրոպայում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում,
Մերձավոր Արևելքում և այլուր։ Այս գործակցության շնորհիվ Թուրքիան ստանում է ոչ միայն
իր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի սպառման նոր շուկաներ, այլև ազդեցության
հավելյալ գործիքներ այն երկրներում, որոնց հետ համագործակցում է։
Ռազմականացված արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հասարակության
և քաղաքական ուժերի կողմից ունի լայն աջակցություն, և ըստ էության, չի վիճարկվում նաև
ընդդիմության կողմից, ինչը պայմանավորված է Թուրքիայում քաղաքական վերնախավերի և հասարակության
լայն շերտերում առկա «կայսերական, մեծապետական» մտածողությամբ։
Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության երկրորդ հիմնական առանձնահատկությունը
կարելի է համարել ընդգծված ձգտումը դեպի ռազմավարական ինքնավարության մեծացում։ Ընդ
որում, այս միտումը առկա է եղել նախորդ բոլոր շրջափուլերում, սակայն առավել հաջող դրսևորվեց
նկարագրվող ժամանակահատվածում։ Հանրապետության հիմնադրումից ի վեր Թուրքիան իր արտաքին
քաղաքականությունը կառուցում էր՝ հիմնվելով տարածաշրջանային ստատուս քվոյի վրա, որն
էլ իր հերթին սահմանված էր խոշոր տերությունների կողմից։ Սառը պատերազմի մեկնարկից
և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Թուրքիայի համար արտաքին քաղաքական հարցերում գործելու
շրջանակը թելադրվում էր Արևմուտքի և առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից։ Վերջիններից գտնվելով
քաղաքական, տնտեսական և անվտանգային կախվածության մեջ՝ Թուրքիան ստիպված էր համաձայնեցնել
կամ սահմանափակել իր քաղաքականությունը բազմաթիվ հարցերում։ ԽՍՀՄ փլուզումից, ինչպես
նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ դերակատարման նվազմանը զուգահեռ, Թուրքիան փորձում էր աստիճանաբար
մեծացնել իր «քաղաքական ինքնավարությունը»՝ նվազեցնելով իր կախումը և որդեգրելով ավելի
անկախ արտաքին քաղաքականություն։ 2018-2023 թվականները կարելի է որակել որպես արտաքին
քաղաքական առավել բարձր ինքնավարության շրջան, երբ Թուրքիան կարողանում էր տարբեր հարցերում
հակադրվել իր դաշնակիցների կամքին և առաջ մղել սեփական օրակարգը, ինչպես նաև համագործակցել
աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ։ Ընդ որում՝ այդ գործընթացում Թուրքիան կարողանում
էր անհրաժեշտ պահին մեղմացնել կամ կոշտացնել իր դիրքորոշումը՝ փաստացի քաղելով առավելագույնը
թե՛ որպես ՆԱՏՕ անդամ և ԱՄՆ տարածաշրջանային դաշնակից, թե՛ որպես տարածաշրջանային անկախ
դերակատար։ Այս առումով հիշատակության են արժանի հատկապես Անկարայի կողմից հետևյալ
քայլերը։ 2019 թվականին, չնայած ԱՄՆ և այլ դաշնակիցների զգուշացումներին, Թուրքիան
Ռուսաստանից գնեց Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչը լիովին հակասում էր ՆԱՏՕ-ի
սկզբունքներին և դաշինքի ներսում առաջացրեց լուրջ սկանդալ ու լարվածություն։ Սակայն
դա որոշիչ ազդեցություն չունեցավ Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամության վրա և միաժամանակ դիրքավորեց
Անկարային որպես առավել անկախ դաշնակից, որը կարող է հարաբերվել հակառակորդ բևեռների
հետ։
Թուրքիայի ինքնուրույնության ցայտուն դրսևորում դարձավ ՆԱՏՕ-ին
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում նրա պահվածքը։ Թուրքիան, սպառնալով
կիրառել վետո, առաջ մղեց իր շահերը, որոնք բավարարելուց հետո միայն թուրքական կողմը
համաձայնություն տվեց այդ երկրների անդամակցությանը։ Իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Թուրքիան չնայած հանդես եկավ Ռուսաստանի
քննադատությամբ, հայտարարեց, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
(բացի այդ, Թուրքիան շարունակ հանդես է գալիս Ղրիմի վերաբերյալ հայտարարություններով
և դա համարում Ռուսաստանի կողմից օկուպացիա), Կիևին տրամադրեց անօդաչու թռչող սարքեր՝
«Բայրաքթարներ», սակայն ոչ միայն չխզեց իր հարաբերությունները Մոսկվայի հետ, այլև սկսեց
հանդես գալ որպես միջնորդ, կարևոր դեր ունենալ «հացահատիկային գործարքում» և չմիացավ
հավաքական Արևմուտքի սահմանած մեծածավալ պատժամիջոցներին։
Արտաքին քաղաքականության հարցերում ռազմավարական ինքնավարության
ձգտումը ենթադրում էր նախաձեռնողական արտաքին քաղաքականություն տարբեր տարածաշրջաններում
և հարաբերություններ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ։ Այս մարտավարության
շրջանակներում Թուրքիան փոփոխական հաջողությամբ կիրառում էր «փափուկ ուժի» և «կոշտ
ուժի» գործիքակազմի ամբողջ համալիրը։
Արտաքին քաղաքականության ռազմականացումը և ռազմավարական ինքնավարության
ձգտումը հնարավորություն էին ընձեռում Թուրքիային ավելի լայն գործիքակազմով սպասարկել
իր կենսական շահերը։ Սրան զուգահեռ, նշված ժամանակահատվածում առավել բյուրեղացան Թուրքիայի
արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, որոնք թելադրված էին Թուրքիայի
աշխարհագրական դիրքով, ռեալիզմով պայմանավորված քաղաքական մտածողության գերակայությամբ,
պատմական ժառանգությամբ, գաղափարական ու հանրային տրամադրություններով, ինչպես նաև
անվտանգային ու տնտեսական խնդիրներով։ Բոլոր նշված գործոններով պայմանավորված՝ Թուրքիայի
արտաքին քաղաքականությունն ընդունեց ագրեսիվ ծավալապաշտական բնույթ։ Այլ կերպ ասած՝
վերանայման ենթարկելով (ռևիզիոնիզմ) գոյություն ունեցող վարչական և քաղաքական ազդեցության
գրեթե բոլոր սահմանները՝ Թուրքիան ձգտում էր լուծումներ տալ առկա խնդիրներին և ստեղծել
իր սրընթաց զարգացման նոր հնարավորություններ։
Ծավալապաշտական արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման, մշակման
և իրականացման հարցում առանցքային նշանակություն ուներ այն գաղափարախոսական հիմքը,
որն ապահովում էր արտաքին քաղաքական հայեցակարգի կենսունակությունը։ Ագրեսիվ ծավալապաշտության
համար որպես գաղափարախոսական հիմք ծառայում էր Թուրքիայում տիրապետող իսլամական ազգայնականությունը,
որի անբաժան մասն էին կազմում օսմանյան անցյալի ու ժառանգության վերաիմաստավորումն
ու վերջինիս հանդեպ կարոտախտը։ Լինելով տարբեր գաղափարախոսական հոսանքների միաձուլում՝
իսլամական ազգայնականության մեջ գերիշխող դերը պատկանում էր նեոօսմանիզմի, նեոպանթյուրքիզմի
և նեոպանիսլամիզմի հայեցակարգերին։ Նեոօսմանիզմն ընկալվում էր որպես հավատարմություն
կայսերական անցյալին և նոր աշխարհակարգում նախկին ազդեցությունը վերականգնելու ցանկություն
(առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում), նեոպանթյուրքիզմը ենթադրում է թյուրքական
պետությունների և ժողովուրդների ինտեգրում մեկ ընդհանրական քաղաքական միավորի մեջ՝
հիմնված նրանց էթնիկական, լեզվական և կրոնական մերձավորության վրա, իսկ նեոպանիսլամիզմը
դիտարկում է Թուրքիան որպես իսլամական աշխարհը միավորող տերություն։ Երեք ուղղություններն
էլ տարբեր չափերով ընկած են արտաքին քաղաքական նոր նախաձեռնությունների հիմքում։
Ծավալապաշտական արտաքին քաղաքականության զարգացմանը զուգահեռ
ընդլայնվում էին Թուրքիայի նոր երևակայական աշխարհագրության սահմանները։ Հանրային-պետական
խոսույթում պարբերաբար ներառվում էին քարտեզներ, որոնք որպես Թուրքիայի մաս էին ներկայացնում
սահմանակից պետությունների զգալի տարածքներ։ Ծավալապաշտական խոսույթների կերտման համար,
քարտեզներից զատ, մեծ նշանակություն ունեին նաև այլ միջոցները (տոնական ու հիշատակի
միջոցառումներ, թանգարաններ, դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ֆիլմեր, սերիալներ)։
Երևակայական աշխարհագրության տեսանկյունից ազգայնականության
կողքին էական էին իսլամական երկու հայեցակարգեր, որոնք լայնորեն կիրառվում էին հատկապես
նախագահ Էրդողանի կողմից։ Առաջին հայեցակարգը բանաձևվում է «աշխարհագրությունը ճակատագիր
է» արտահայտությամբ և հիմնված է նախասահմանման իսլամական հայեցակարգի վրա՝ որպես հիմք
ընդունելով «Աստծո կողմից ժամանակին թուրքերին տրված օսմանյան ընդարձակ սահմանները»,
իսկ երկրորդը «սրտի աշխարհագրության» հայեցակարգն է, որը հիմնավորում է պետական սահմաններից
դուրս ընկած տարածքներում Թուրքիայի քաղաքական ներկայության անհրաժեշտությունն այնտեղ
գտնվող իսլամդավան կամ թյուրքալեզու տարրի առկայությամբ։
Ծավալապաշտական խոսույթները Թուրքիայի իշխող վերնախավի և հանրության
մեծամասնության շրջանում տիրապետող են դարձել այնպիսի պատումներ, որոնք լեգիտիմացնում
են Թուրքիայի կողմից այլ երկրների տարածքների հանդեպ ունեցած նկրտումները և այդ ուղղությամբ
իրականացված քաղաքականությունը։ Այդ պատումների մեջ առանձնանում էր «Թուրքիան Թուրքիայից
մեծ է» և «Թուրքիան 783 հազար քառակուսի կիլոմետրից մեծ է» կարգախոսները։ Այս և նմանատիպ
կարգախոսների մեկնաբանությունը կարելի է գտնել նախագահ Էրդողանի հետևյալ ելույթում․ «Մեր ֆիզիկական սահմաններն ուրիշ են, սրտի սահմանները՝ բոլորովին
ուրիշ։․․․ Հնարավո՞ր է առանձնացնել
Ռիզեն Բաթումից։ Ինչպե՞ս կարելի է Էդիրնեն Սալոնիկից առանձին պատկերացնել։ ․․․ Իրաք, Սիրիա, Լիբիա, Ղրիմ, Ղարաբաղ, Բոսնիա և այլ եղբայրական
շրջաններով հետաքրքրվելը Թուրքիայի թե՛ պատասխանատվությունն է, և թե՛ իրավունքը։ Թուրքիան միայն Թուրքիան չէ։ Այն
օրը, երբ մենք հրաժարվեցինք վերոհիշյալից, այդ օրը կլինի մեր անկախությունից ու ապագայից
հրաժարվելու օրը․․․»։ Իսկ մեկ այլ ելույթում
Էրդողանը նշել էր․ «Թուրքիայի և թուրք
ազգի ճակատագիրն իր ուսերին կրում է Բալկաններից մինչև Կովկաս, Հյուսիսային Աֆրիկայից
մինչև Կենտրոնական Ասիա ձգվող աշխարհագրության բեռը։ Աշխարհագրությունը ճակատագիր է,
մենք էլ մեր ճակատագրից չենք փախչելու․․․»։ Էրդողանի այս խոսքերն
արտահայտում էին Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի մոտեցումներն արտաքին քաղաքականության
և տարածաշրջանային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև նախանշում Թուրքիայի՝
նշված տարածաշրջաններում իր ազդեցության գոտու ձևավորմանն ուղղված քաղաքականությունը։
Ծավալապաշտական քաղաքականության սնուցմանն էր նպաստում նաև ներքին
լսարանում արտաքին թշնամու կերպարների կերտումը և վերջիններիս հանդեպ ատելության խոսքի
կիրառումը։ Թեև այս գործընթացը մշտապես առկա էր թուրքական քաղաքական դաշտում, սակայն
քննարկվող ժամանակահատվածում այն ընդունել էր նոր ծավալներ։ Հատկանշական է, որ
2010-ականների կեսից թշնամիների ցանկում մշտապես առաջնային տեղ էին գրավում «ավանդական
թշնամի» համարվող Հայաստանն ու հայերը։
Արտաքին քաղաքականության վերոնշյալ մոտեցումների հիման վրա Թուրքիան
ձգտում էր վերածվել տարածաշրջանային գերտերության, որը կարող է լինել համաշխարհային
քաղաքականությունը վճռող երկրներից մեկը։ Բազմաբևեռության առաջացման պայմաններում Թուրքիան
հանդես է գալիս «Աշխարհը հինգից մեծ է» օրակարգով՝ նկատի ունենալով, որ երկրորդ աշխարհամարտից
հետո ձևավորված աշխարհակարգը, որի վերին կառավարման օղակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն
է՝ իր 5 մշտական անդամներով, պետք է վերափոխել, և այդ նոր համակարգում Անկարան պետք
է զբաղեցնի հավասար դիրք գերտերությունների շարքում։ Այսպիսի մոտեցումը Թուրքիային
հնարավորություն էր տալիս ներգրավվելու նաև հակագաղութային պայքարի գործընթացում՝ որպես
գերտերությունների կողմից ճնշված ժողովուրդների ու պետությունների «հովանավորի ու ներկայացուցչի»։
Վերոնշյալ քաղաքականությունը հավելյալ հնարավորություններ էր ընձեռում Թուրքիային մեծացնելու
իր ազդեցությունը որոշ տարածաշրջաններում և երկրներում։ Գլոբալ մակարդակում Թուրքիայի
նոր կերպարի ստեղծմանն ու ինքնուրույնության հավաստմանն էր ուղղված նաև 2022 թվականին
երկրի անգլերեն պաշտոնական անվան՝ «Turkey»-ի անվանափոխությունը թուրքերեն «Türkiye»
տարբերակի։
Ծավալապաշտական քաղաքականության մեկ այլ դրսևորում են հանդիսանում
Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից Մերձավոր Արևելքի ժամանակակից սահմանների
հիմքում ընկած իրավական փաստաթղթերի վերանայման կոչերը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից
հետո Թուրքիայում ակտիվորեն քննարկվում էր 1936 թվականի Մոնտրոյի համաձայնագրի վերանայման
հարցը, իսկ ավելի վաղ քննարկվում էր 1923 թվականի Լոզանի պայմանագրի վերանայման, ինչպես
նաև 1920 թվականի «Ազգային ուխտի» սահմանների վերականգնման հարցերը։
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»
Comments
Post a Comment