Skip to main content

Թուրքիայի սոցիալ-քաղաքական զարգացումների հիմնական միտումները

 

2018-2023 թվականների Թուրքիայի քաղաքական և հասարակական կյանքի կարևորագույն թեմաներից մեկը կարելի է համարել թուրքական տնտեսության անկայուն վիճակը։ Տնտեսական քաղաքականության անհաջողությունները գերազանցապես կապված էին նոր տնտեսական մոդելի փնտրտուքով, որը սկսվեց 2010-ականների կեսից և ուղեկցվեց տնտեսական լուրջ ցնցումներով։ Վերջիններիս պատճառների շարքում էին նաև ավտորիտար համակարգերին բնորոշ ուղիղ միջամտությունները տնտեսական կյանքին, երբ իշխող վերնախավի փոքր խումբը որոշում էր տնտեսական քաղաքականությունը՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքները և, առաջնորդվելով նեղ անձնական քաղաքական շահերով, երբեմն էլ նաև պոպուլիզմի թելադրանքով։ Տնտեսական իրավիճակի անկայունության առավել վառ դրսևորումներ կարելի է համարել ինչպես գործազրկության մակարդակի աճը, այնպես էլ ազգային արժույթի՝ թուրքական լիրայի շարունակական արժեզրկումը, կայուն գնաճն ու բնակչության գնողունակության անկումը։

2018-2023 թվականների Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության մեջ էական նշանակություն ուներ նաև օտարերկրյա ներդրումների ներգրավումը։ Եթե նախկինում այս հարցում շեշտը դրված էր արևմտյան երկրներից եկող ներդրումների վրա, ապա քաղաքական շրջադարձերի և տնտեսական անկայունության հետևանքով արևմտյան ներդրումները զգալիորեն կրճատվեցին։ Թուրքիան փորձում էր բացը լրացնել Արևելքի նոր գործընկերների հետ համատեղ աշխատանքով։ Մասնավորապես Ծոցի երկրներից (Քաթար, Քուվեյթ, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) եկած բազմամիլիարդ ներդրումները թուրքական տնտեսության համար որոշ դեպքերում ունեցան առանցքային նշանակություն՝ մասամբ ապահովելով նաև փոխարժեքի համեմատական կայունություն։

Թուրքիայի նոր տնտեսական քաղաքականության ևս մեկ առանձնահատկությունը կարելի է համարել արտահանմանը միտված տնտեսական մոդելի զարգացումը։ Ընդ որում՝ եթե նախկինում արտահանման հիմնական մասը կազմում էր թեթև արդյունաբերական արտադրանքը, որը հասցվում էր գերազանցապես եվրոպական և մերձավորարևելյան շուկաներ, ապա վերջին տարիներին այս հարցում ևս գրանցվել է փոփոխություն։ Նախ, ավելացել են արտահանման նոր շուկաներ, որոնցում կարելի է առանձնացնել հատկապես Աֆրիկան։ Երկրորդ, Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում ռազմարդյունաբերության զարգացմանը, որը ևս միտված է ապահովելու արտահանման զգալի ծավալներ։ Թեև Թուրքիան նախկինում աչքի չէր ընկել ռազմարդյունաբերական արտադրանքով, սակայն 2010-ականներից ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը թույլ տվեց 2020 թվականից ի վեր բավական մեծածավալ արտահանում ապահովել դեպի տարբեր երկրներ։ Թուրքական ռազմարդյունաբերության հանրայնացման տեսանկյունից, ցավոք, էական նշանակություն ունեցավ 2020 թվականի արցախյան երրորդ պատերազմում թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» ինտենսիվ կիրառումը, ինչը թուրքական և ադրբեջանական կողմերը լայնորեն գովազդում էին որպես «հաղթանակի ապահովման հիմնական գործոն»։ Վերոնշյալ երկու միտումներն էլ ոչ միայն զուտ տնտեսական քաղաքականության արդյունք են, այլ փոխկապակցված էին Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության հետ։ Ռազմարդյունաբերությանը զուգահեռ, նկատելի են Թուրքիայի փորձերը զարգացնելու մեքենաշինության տարբեր ոլորտներ ևս։ ԱԶԿ-ն ծանր արդյունաբերության, ռազմարդյունաբերության և մեքենաշինության ոլորտները հայտարարել է որպես «Նոր Թուրքիայի» զարգացման գերակա ճյուղեր և ակտիվորեն օգտագործում է այս հանգամանքը իր քաղաքական հռետորաբանության մեջ։

Նշվածներից զատ 2020-2023 թվականներին Թուրքիան ակտիվորեն զբաղվում էր սեփական նավթագազային պաշարների հետազոտման, հայտնաբերման և հնարավոր արդյունահանման խնդիրներով։ Մասնավորապես, 2020 թվականին հայտարարվեց այն մասին, որ Սև ծովի՝ Թուրքիայի տարածքային ջրերում հայտնաբերվել են գազի հսկայական պաշարներ, որոնց՝ հետագա տարիներին ավելացան ևս մի քանի նմանատիպ բացահայտումներ։

Էրդողանական Թուրքիայի տնտեսական կյանքի մեկ այլ կարևոր բնութագրիչ է մերձիշխանական տնտեսական միավորների շարունակական հարստացումը պետական կապալների հաշվին։ Առավել խոշոր ընկերությունները գերազանցապես փոխկապակցված են իշխանության, իսկ շատ դեպքերում՝ անձամբ Էրդողանի ու իր ընտանիքի անդամների, կամ նրա անմիջական շրջապատի հետ։ Բիզնես հոլդինգների ձևաչափով գոյություն ունեցող այս ընկերությունները ներկայացված են էներգակիրների, մեծածավալ շինարարության, վերամշակման, արտադրության, մեդիայի և այլ ոլորտներում՝ այդպիսով իշխանության համար ապահովելով հասարակության ամենալայն շերտերի վրա ազդեցության հավելյալ գործիքներ։

Էրդողանի սուպեր-նախագահության առաջին հնգամյակի սոցիալ-քաղաքական օրակարգի մյուս կարևոր թեման շարունակում էր մնալ գաղթականների հիմնախնդիրը։ Գերազանցապես Սիրիայից տեղափոխված գաղթականների հանդեպ պետական քաղաքականության հարցը պարբերաբար դառնում է թեժ քննարկումների առարկա։ Ընդդիմադիր ուժերը, օգտվելով գաղթականների հանդեպ առկա հանրային մեծ դժգոհությունից, շարունակաբար թիրախավորում են իշխանությանը՝ վերջինիս մեղադրելով սխալ միգրացիոն քաղաքականություն վարելու մեջ։ Գաղթականների կողմից որևէ մեծ կամ փոքր հանցագործության դեպքը հաճախ դառնում է հանրային ընդվզման առիթ, որն, իր հերթին, կարող է վերածվել բախումների և մինչև անգամ՝ լինչի դատաստանի փորձերի, գաղթականների նկատմամբ։ Ըստ առկա տվյալների՝ շուրջ 4 միլիոն գաղթականներից որոշ հատվածը ստացել է Թուրքիայի քաղաքացիություն, ինչն իշխող ուժի համար հավելյալ ձայներ կարող է ապահովել տեղական և համապետական ընտրություններում։ Կարելի է ասել, որ գաղթականների խնդիրը սերտորեն առնչվում է նաև իշխող ուժի նեղ քաղաքական շահերի հետ։

Քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը պարբերաբար ենթարկվում էր կտրուկ տեղաշարժերի՝ պայմանավորված Թուրքիայի տարբեր հատվածներում հաճախ գրանցվող բնական աղետներով։ Ջրհեղեղները, անտառային հրդեհները, սողանքները և երկրաշարժերն առաջ էին բերում հանրային դժգոհության մեծ ալիքներ։ Դրանցից հիշատակության է արժանի հատկապես 2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։

2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որին զոհ գնացին 53000-ից ավելի, վիրավորվեցին 122000-ից ավելի քաղաքացիներ, ընդհանուր վնասը գնահատվեց 150 միլիարդ դոլարից ավել, անօթևան մնացածների թիվն անցնում էր մեկ միլիոնը, ըստ տարբեր տվյալների, 2 միլիոնից ավել մարդ անվտանգությունից ելնելով հեռացել է այն նահանգներից, որտեղ տեղի է ունեցել բնական աղետը։ Երկրաշարժից հետո, բացի հումանիտար և այլ խնդիրներից, Թուրքիայի և միջազգային քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում՝ սկզբում ավելի քիչ ինտենսիվությամբ, իսկ օրեր անց արդեն ակտիվորեն սկսեց շրջանառվել երկու կարևոր հարց։ Առաջին՝ մայիսի 14-ին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա՞ն, թե՞ կհետաձգվեն երկրորդ՝ նախագահ Էրդողանը կկարողանա՞ այս հարվածին դիմագրավել նաև քաղաքական առումով, թե՞ Թուրքիայի էրդողանական փուլը մոտենում է ավարտին։

Երկրաշարժից արդեն ժամեր անց անձամբ նախագահ Էրդողանի և իշխանական թիմի գործողությունները ցույց էին տալիս, որ աղետի հասցրած քաղաքական հարվածին նրանք պատրաստվում են դիմակայել, և կարճ ժամանակ անց դա արդեն իրողություն էր։ Մասնավորապես՝ Էրդողանը ինչպես նախորդ ճգնաժամային իրավիճակներում (2013 թվականին Գեզի այգու դեպքեր, 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձ), այնպես էլ հիմա, կառավարման ղեկն անմիջապես վերցրեց իր ձեռքը և գործով ցուցադրեց ճգնաժամային մենեջերի իր հայտնի և արդեն կոփված հատկությունները։

Էրդողանն անմիջապես հայտնվեց աղետի ենթարկված նահանգներում, սկսեց հայտարարություններ անել, ակտիվորեն շփվել ժողովրդի և մամուլի հետ։ Դա առաջին հերթին ստեղծեց և ամրապնդեց այն ընկալումը, որ Էրդողանը դրության տերն է ու չի խուսափում պատասխանատվությունից որպես գերագույն իշխանության կրող։ Իշխանությունները փրկարարական, երբեմն ոչ այդքան արագ և էֆեկտիվ քայլերին զուգահեռ՝ ձեռնարկեցին արագ և տեսանելի որոշ քայլեր։ Մասնավորապես, սկսեցին փլուզված շենքերի շինարարների, կապալառուների, սեփականատերերի ձերբակալություններ և դրանց լայնորեն լուսաբանում մամուլում դա ունեցավ որոշակի դրական ազդեցություն, մանավանդ որ որոշ կապալառուների ձերբակալեցին Թուրքիայից փախչելու, սահմանը հապճեպ հատելու փորձերի ժամանակ, ինչը հասարակության մի հատվածում ձևավորեց իրական մեղավորի կոնկրետ կերպար և ինչ-որ առումով կամ փոքր-ինչ հեռացրեց հարվածը Էրդողանից, որին ընդդիմությունն արդեն իսկ փորձում էր հռչակել գլխավոր մեղավոր և նրա ընտանիքի հետ կապել փլուզված շենքերը կառուցած շինարարական ֆիրմաները։ Բացի այդ, կառավարությունը փորձեց արագ լուծել անօթևան մնացածների հարցը։ Ավելորդ չէ նաև փաստել, որ Թուրքիան ահռելի դրամական և այլ տիպի օգնություն ստացավ աշխարհի տարբեր երկրներից, ինչը, բնականաբար, նպաստեց աղետի հետևանքների ավելի արագ վերացման աշխատանքներին։

Ընդդիմությունը, բնականաբար, փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից, և որոշ գործիչներ սկսեցին իշխանությանը քննադատելով՝ ըստ էության, ծավալել նախընտրական քարոզարշավ։ Սակայն նկատենք, որ չհաշված Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Իմամօղլուին և Յավաշին, որոնք համակարգված և թիրախային աշխատում էին հատկապես իրենց բուն պարտականությունների ոլորտում (Ստամբուլի քաղաքացիների շրջանում հնարավոր երկրաշարժին ընդառաջ կանխարգելիչ ծրագրեր, շենքերում սեյսմիկությունը ստուգելու սարքերի տեղադրում), մնացած գործիչները և ընդհանուր ընդդիմությունն չկարողացավ իրեն ճիշտ դիրքավորել և դրսևորել։ Ընդդիմադիր մամուլը, փորձագետներն իրենց քննադատությունը կառուցեցին ոչ համոզիչ, կանխատեսելի, երբեմն ուռճացված լուրերի ու փաստերի ու դրանց կրկնությունների հիման վրա։ Ակնհայտորեն չհաջողված պոպուլիզմով խոսում էին փլուզված շենքերի որակի և դրանում էրդողանական իշխանության պատասխանատվության մասին, դեմ արտահայտվում բուհերում դասերի հեռավար անցնելուն և համալսարանական հանրակացարանները աղետյալներին տրամադրելուն ու դրանով փորձելով իրենց կողմը գրավել ուսանողությանը, որը նույնպես չստացվեց։ Ընդդիմության կողմից կարևոր մարտավարական սխալ և կեղծ մեկնարկ էր նաև երկրաշարժից անմիջապես հետո խորհրդարանական ու նախագահական ընտրությունների մասին խոսելը և, մասնավորապես, պահանջը չհետաձգել դրանք ակնհայտորեն ունենալով այն հաշվարկը, որ ավերիչ երկրաշարժի և տասնյակ հազարավոր զոհերի պարագայում իշխանության ռեյտինգը անկում ապրած կլինի։

Ի տարբերություն ընդդիմության, Էրդողանը չէր շտապում խոսել ընտրությունների մասին և առաջին անգամ այդ թեմային անդրադարձավ միայն մարտի 1-ին, այսինքն՝ երկրաշարժից 25 օր անց։ Մինչ այդ Էրդողանը անտեսում էր թեման և միայն երբեմն-երբեմն ընդդիմության ընտրությունները չհետաձգելու պահանջը դիտարկում էր բարոյականության համապատկերում՝ շեշտելով, որ փլատակներում դեռ կան զոհվածներ, և այդ պարագայում առնվազն բարոյական չէ խոսել նման թեմաների մասին, ու դրանով ընդդիմությանը ուղղակի մեղադրում անգամ բարոյական գծերը հատելու մեջ։

Լուծելով երկրաշարժի հասցրած հարվածը դիմագրավելու համար անհրաժեշտ մինիմում խնդիրները՝ Էրդողանն անցավ հակագրոհի ինչպես կազմակերպչական-պոպուլիստական, այնպես էլ քաղաքական դաշտում։ Նախ, Էրդողանն իրեն լիովին տեղավորեց սգավոր, բայց դրության տեր, վստահություն ներշնչող, հույսի և ապավենի խորհրդանիշ ղեկավարի դերում, իսկ իշխանության ուժային ներկայացուցիչները խախտումներին, թերացումներին և քննադատություններին սկսեցին տալ շատ կտրուկ ու կոպիտ արձագանք։ Էրդողանը շարունակեց շատ հաճախ այցելել աղետի գոտի, հանդիպել ժողովրդի հետ, մտնել վրաններ, տներ, շփվել տարեցների, երեխաների հետ։ Էրդողանը սկսեց շռայլել խոստումներ և, մասնավորապես, հայտարարեց, որ բացի մարդկային կյանքերից, մնացած ամեն ինչ վերականգնելու են, նորից կառուցելու են քաղաքները, արագ ներկայացվեցին կառուցվելիք տասնյակ հազարավոր շենքերի նախագծերը, նոր մոտեցումներով՝ ավելի քիչ հարկայնությամբ, սեյսմակայուն։ Դիմելով ժողովրդին՝ Էրդողանն ասաց «Ես ձեզնից մեկ տարի ժամանակ եմ խնդրում։ Տվեք ինձ մեկ տարի, և ձեր տները նոր, ավելի ամուր, ավելի հուսալի կառուցած կտամ ձեզ»։ Սակայն Էրդողանի ընտրած մարտավարության մեջ կրկին աչքի զարնեց իսլամական պոպուլիզմը, որի գագաթնակետը դարձավ այն, որ դիմելով ժողովրդին՝ նա հայտնեց, թե գիտակցում և ընդունում է նաև իրենց՝ իշխանության մեղքը, հատկապես փրկարարական աշխատանքների սխալների, թերացումների համար։ Սա փաստելով՝ Էրդողանը ոչ թե սովորական ներողություն խնդրեց, այլ կրոնական երանգներով պարուրված թուրքերեն արտահայտություն կիրառելով՝ դիմեց ժողովրդին «թողություն տվեք ինձ, ես ձեզնից թողություն եմ հայցում»։ Կրոնական մեղավորության և զղջման գաղափարը շեշտելով՝ Էրդողանը շատ կարևոր մեսիջ հղեց իր հասարակությանը, որն ունեցավ դրական ու ազդեցիկ նշանակություն։

Հասարակական բևեռացումը, սոցիալական բնույթի խնդիրները, ինչպես նաև տնտեսական անկայունությունը պարարտ հող էին հանդիսանում հասարակության տարբեր շերտերում իշխանության հանդեպ քննադատության մեծացման համար։ Հանրային բողոքը կառավարելիության տիրույթում պահելու համար իշխող վերնախավը մեծ ուշադրություն էր դարձնում մեդիադաշտի վրա վերահսկողությանը։ 2010-ականների երկրորդ կեսին Էրդողանը կարողացավ ապահովել թուրքական ԶԼՄ տիրույթի շուրջ 2/3-ի հանդեպ կառավարելիությունը։ Ընդ որում, դա ենթադրում էր ոչ միայն նախկինում ընդդիմադիր պարբերականների խմբագրական քաղաքականության փոփոխություն և գրաքննություն, այլև անցանկալի ու անվերահսկելի լրագրողների, խմբագիրների լռեցում, ազատազրկում, արտագաղթի հարկադրում, պարբերականների փակում։ Ավանդական մեդիայի (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) մեծ մասը պատկանում է իշխանամերձ բիզնես-ընկերություններին, որոնք այդպիսով ձեռք են բերում իշխանության հետ բանակցելու հավելյալ գործիք գործարարները մեդիայի միջոցով իրենք իրենց ապահովագրում են՝ ստանալով իշխանության կողմից որոշակի հովանավորչություն իրենց հիմնական բիզնես գործունեության անխափան զարգացման համար։ Այդ հովանավորչությունը ենթադրում է իրենց սատարող իշխանական ուժի դրական լուսաբանում մեդիայում և վերջիններիս հանդեպ քննադատության նվազեցում կամ լռեցում։

Այս պայմաններում այլախոհության հիմնական հարթակը դարձել է համացանցային տիրույթը, որտեղ վերջին տարիներին առաջացել են նոր մեդիայի տիպին պատկանող տարբեր պարբերականներ։ Թեև համացանցը պակաս վերահսկելի է իշխանությունների համար, սակայն իշխանական գրաքննությունն առկա է նաև առցանց։ Պետական տարբեր գերատեսչությունների միջոցով իշխանությունը կարողանում է ոչ միայն փակել դեպի այս կամ այն ռեսուրս հասանելիությունը, այլև սահմանափակումներ մտցնել համացանցում ազատ կամարտահայտման վրա։ Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ իշխանությունները քրեական կամ վարչական գործեր են հարուցել համացանցային տարբեր հարթակներում իրենց տեսակետին հակասող, իշխանությանը սուր քննադատության ենթարկող օգտատերերին։ Հատկապես ուշադրություն է դարձվում Էրդողանի անձը վիրավորող նյութերին։ Խիստ գրաքննության պայմաններում շարունակվում է նաև պետության կողմից այլախոհության այլ դրսևորումների հանդեպ կոշտ քաղաքականությունը, որն ուղեկցվում է հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների հանդեպ պարբերական բռնաճնշումներով (ձերբակալություններ, դատական գործերի հարուցում, հանրային պարսավանքի կազմակերպում)։

Իշխանության կողմից ավտորիտար համակարգի ամրապնդումը հնարավորություն է տվել պետությանը մեծացնելու բռնաճնշումները քրդերի հանդեպ։ Բացի քուրդ զինյալների դեմ վարվող ռազմական գործողություններից, որոնք ընդգրկում են ոչ միայն Թուրքիայի հարավ-արևելքը, այլև սահմանակից որոշ երկրներ (Սիրիա, Իրաք) թուրքական իշխանությունները պայքարում են քրդական ինքնակազմակերպման դեմ նաև քաղաքական հարթակներում։ Քուրդ և քրդամետ բազմաթիվ գործիչների հանդեպ պետությունն իրականացնում է բռնաճնշումներ, իսկ նրանցից որոշները ազատազրկվում են՝ այդպիսով չեզոքացվելով քաղաքական կյանքին մասնակցությունից (օրինակ՝ ԺԴԿ նախկին առաջնորդ և խարիզմատիկ գործիչ Սելահեթթին Դեմիրթաշը շարունակում է բանտարկված մնալ 2016 թվականից)։ Իշխանությունները և վերջիններիս սպասարկող մեդիան շարունակաբար թիրախավորում էին քուրդ կամ քրդամետ գործիչներին, առաջին հերթին՝ ԺԴԿ-ին որպես ահաբեկչական ուժ։ Նման հռետորաբանությունը լայն տարածում է գտնում հանրության շրջանում, ինչի արդյունքում ԺԴԿ գրասենյակների ու ներկայացուցիչների հանդեպ հարձակումները կրում են պարբերական բնույթ։ Իշխանությունները չէին թաքցնում, որ նպատակ ունեն չեզոքացնելու ԺԴԿ-ն՝ որպես ազդեցիկ քաղաքական ուժի, որը կարողանում էր էականորեն ազդել ընդհանուր քաղաքական օրակարգի վրա։ Այս նպատակով 2021 թվականին դատախազության կողմից հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում պետությունը պահանջում էր լիովին փակել ԺԴԿ-ն, իսկ նրա մի քանի հարյուր անդամներին զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Հարուցված քրեական գործի պատճառով 2023 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԺԴԿ-ն ստիպված էր լինելու մասնակցել քաղաքական դաշինքով, որի առանցքն էր կազմում «Կանաչ ձախ կուսակցությունը»։ Իսկ նույն տարվա հոկտեմբերին ԺԴԿ-ն փաստացի ձուլվեց «Կանաչ ձախ կուսակցության» հետ՝ հանդես գալով «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցություն» անվան ներքո։

Չնայած իշխանությունների կողմից մշտական վերահսկողությանն ու բռնաճնշումներին՝ քրդական քաղաքական ուժերին մերթընդմերթ հաջողվում է քրդերի խիտ բնակության վայրերում ապահովել որոշակի քաղաքական հաջողություններ։ Այդ հաջողությունները հատկապես երևում են ՏԻՄ ընտրությունների ընթացքում, երբ շատ բնակավայրերում որպես տեղական կառավարիչներ ընտրվում են քուրդ կամ քրդամետ գործիչներ։ Սա է նաև պատճառը, որ թուրքական պետությունը հաճախ չեղարկում է ընտրությունների արդյունքները, ձերբակալում ընտրված համայնքապետերին և վերջիններիս տեղում նշանակում պարտականությունները ժամանակավոր կատարողների։ Այսպես, 2019 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով համայնքապետ դարձած ավելի քան 10 գործիչներ ահաբեկչության հետ կապված տարբեր մեղադրանքներով հեռացվեցին իրենց պաշտոններից։ Թուրքիայի հակաքրդական քաղաքականության այս դրսևորումները նպաստում են ինչպես ընտրությունների, այնպես էլ ընդհանրապես՝ իրավական գործընթացների հանդեպ հանրության բացասական վերաբերմունքի և թերահավատության աճին։

Իշխանությունների կողմից ոչ թուրք փոքրամասնությունների ներքին գործերին կոպտորեն միջամտելու ցայտուն օրինակներից են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած գործընթացները, որոնց հետևանքով տարիներ շարունակ հնարավոր չէր լինում ընտրել Թուրքիայի հայերի հոգևոր հովվապետին։ Թուրքական իշխանությունների նման քաղաքականության հիմքում սակայն կար նաև անձնական հարց երկար բյուրոկրատական և այլ խոչընդոտների ընթացքում արված հարցումները ցույց էին տալիս, որ հաղթելու ռեալ շանսեր ունի Հայաստանը ներկայացնող թեկնածուն՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Չկարողանալով օրինական ճանապարհով հաղթահարել «հայաստանցի թեկնածուի» արգելքը՝ թուրքական իշխանությունները, կատարելով որոշակի կանոնադրական փոփոխություններ, որոշում ընդունեցին, որ պատրիարքի թեկնածու կարող են առաջադրվել միայն տվյալ պահին Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ հոգևորականները։ Այդ պարագայում մնացին միայն երկու թեկնածուներ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին շուրջ 12 տարի տևած անորոշությունից և արհեստական խոչընդոտներից հետո Թուրքիայի հայ համայնքն ընտրեց Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին, որը դարձավ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ի նշան բողոքի՝ հայ համայնքի մի մասը բոյկոտեց թուրքական իշխանությունների ակնհայտ միջամտությամբ և սցենարով տեղի ունեցած ընտրությունները։ Ընտրական կանոնների փոփոխմամբ ու եկեղեցական կանոնակարգի խախտմամբ՝ Թուրքիայի կառավարությունը կանխեց հայաստանցի թեկնածուի՝ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հաղթանակը, որը կարող էր դրական դեր ունենալ ինչպես Թուրքիայի հայ համայնքի տարբեր խնդիրների, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...