Թուրքիայում
2018 թվականին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններն արձանագրեցին
մի քանի կարևոր քաղաքական իրողություններ, որոնք նախանշեցին հետագա տարիների զարգացման
հիմնական միտումները։ Ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակն առաջին հերթին իրավական
առումով լեգիտիմացրեց նրա միանձնյա իշխանությունը։ Դեռևս 2014 թվականին հին՝ խորհրդարանական
կառավարման համակարգով, սակայն ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ընտրվելով նախագահ՝ Էրդողանը
թեև դե յուրե ուներ խիստ սահմանափակ, իսկ որոշ հարցերում՝ միայն ներկայացուցչական լիազորություններ,
սակայն, դե ֆակտո հենց նա էր շարունակում լինել երկրի ղեկավարը՝ վերահսկելով ու համակարգելով
թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև շարունակելով մնալ ամենաազդեցիկ
գործիչը ԱԶԿ-ում (թեև նախագահ ընտրվելուց հետո, օրենքի պահանջին համապատասխան, պաշտոնապես
դուրս էր եկել կուսակցությունից)։ Կառավարման համակարգի այս «անհամապատասխանության»
խոսուն բանաձևում կարելի է համարել 2016-2018 թվականներին Թուրքիայի դե յուրե ղեկավար
հանդիսացող վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետևյալ խոսքերը՝ նախագահական համակարգին անցնելու
անհրաժեշտության մասին․ «Թուրքիան պարտավոր
է փաստացի կարգավիճակը վերածել իրավական կարգավիճակի»։ Իսկ մեկ այլ առիթով լրագրողի
այն հարցին, թե ինչ է մտածում վարչապետը նախագահի կողմից կառավարության փոփոխության
վերաբերյալ արած հայտարարությունների մասին, Յըլդըրըմը պատասխանել է․ «Նախագահ Էրդողանի խոսքից հետո խոսք ասելու կարիք կա՞»։ Ընտրություններում
Էրդողանի հաղթանակը նշանավորեց լայն լիազորություններով սուպեր-նախագահական համակարգի
լիարժեք ներդրումը Թուրքիայի Հանրապետությունում՝ այդպիսով էականորեն փոփոխելով հանրապետության
հիմնադրման օրվանից սահմանված կառավարման մոդելը։
Ընտրությունները նաև յուրատեսակ վստահության հանրաքվե էին իշխող
ԱԶԿ-ի և անձամբ Էրդողանի համար։ Վատթարացող տնտեսական դրության, շարունակվող ահաբեկչությունների,
գաղթականների ահագնացող խնդիրների, ինչպես նաև 2016 թվականի ռազմական չստացված հեղաշրջման
փորձի հետևանքով հասարակական խորացված բևեռացման պայմաններում Էրդողանի կողմից առաջին
փուլում տարած հաղթանակը է՛լ ավելի ուժեղացրեց իշխանության դիրքերը։ Այս վստահության
պաշարը թույլ տվեց վերջինիս հաջորդ տարիներին իրականացնել թեև խնդրահարույց, սակայն
միաժամանակ հասարակական աջակցություն ունենալու հիմնավորմամբ քաղաքականություն թե՛
ներքին և թե՛ արտաքին ճակատներում։
Սուպեր-նախագահական համակարգը ընտրություններին հաջորդող տարիներին
է՛լ ավելի ամբողջացավ և ամրապնդվեց։ Տարբեր ոլորտներին առնչվող նոր ընդունված օրենքներն
ու փոփոխություններն ապահովեցին նախագահի լիազորությունների շարունակական ընդլայնումը։
Արդյունքում՝ նախագահը դարձավ իշխանության բոլոր ճյուղերից վեր կանգնած ինստիտուտ,
իսկ նախագահի աշխատակազմն ու անձամբ Էրդողանին հավատարիմ պաշտոնյաների փոքր խումբը
վերածվեց բոլոր հարցերում որոշումների կայացման գլխավոր օղակի, որից ներքև գործում
է իշխանական խիստ ուղղահայացը։ Պատահական չէ, որ 2023 թվականին ձևավորված նոր կառավարության
առանցքային պաշտոններում նշանակվեցին այդ խմբից անձինք, որոնք էլ նախորդ տարիներին
կազմել էին նախագահի մերձավոր քաղաքական շրջապատը և իրենց լավ էին դրսևորել թե՛ որպես
վարչարար, թե՛ որպես Էրդողանին նվիրված գործիչ։
Սուպեր-նախագահական կառավարման համակարգի նոր խորհրդանիշը դարձավ
Անկարայի Բեշթեփե թաղամասում կառուցված նախագահական պալատը՝ Աքսարայը, որը վերածվեց
քաղաքական նոր կենտրոնի։ Սելջուկյան և օսմանյան ճարտարապետական տարրերով, թյուրքականության
խորհրդանիշներով պատված հսկայական պալատը թուրքական քաղաքական լեզվում վերածվել է բացարձակ
իշխանության հոմանիշի։ Զուգահեռաբար շարունակվեց նաև Էրդողանի անձի պաշտամունքի կերտումը,
որի գլխավոր խորհրդանիշներից մեկը «ռեիս» տիտղոսն է՝ համաժողովրդական առաջնորդը, որը
մարմնավորում է գերակա գաղափարախոսական հոսանքներն ու «ազգային կամքը»։
Էրդողանի և ԱԶԿ հաղթանակը, սակայն, միաժամանակ ցույց տվեց, որ
ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, Էրդողանն ունի ոչ թե հասարակական տարրեր
ու լայն շերտերի աջակցությունը, այլ առավելապես ներկայացնում է հասարակության խիստ
որոշակի՝ ազգայնական և իսլամամետ հատվածի շահերը, դրան գումարած՝ ադմինիստրատիվ և համանման
այլ ռեսուրսներ։ Այս հանգամանքը, ի թիվս այլ գործոնների, արդյունքն էր 2015 թվականից
ի վեր ԱԶԿ գլխավոր գործընկեր՝ ԱՇԿ հետ գաղափարախոսական ու քաղաքական սերտ համագործակցության,
որն ԱԶԿ համար անխուսափելիորեն հանգեցրել էր առավել ազատական հայացքների տեր ընտրազանգվածների
կորստին։ ԱԶԿ կողմից իսլամի, ազգայնականության և օսմանյան կարոտախտի վրա հիմնված քաղաքական
հռետորաբանության կիրառումը և ներդրումը շարունակվեց հաջորդող բոլոր տարիներին՝ ըստ
էության վերածվելով Թուրքիայում տիրապետող գաղափարախոսության և քաղաքական ինքնության՝
իսլամական ազգայնականության։
2018 թվականի ընտրությունները և դրանց արդյունքներն ուրվագծեցին
ոչ միայն Թուրքիայի քաղաքական նոր համակարգը, այլև թուրքական քաղաքական դաշտում ուժերի
նոր հարաբերակցությունը։ Չնայած Էրդողանի առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերներին,
որոնք հանգեցրել էին անձամբ նրա և կուսակցության աջակցության որոշակի անկմանը, միևնույն
է, թուրքական քաղաքական դաշտում չկար որևէ այլ գործիչ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր
դաշտում, որը կարող էր իր հեղինակությամբ ու առկա ռեսուրսներով մրցակցել Էրդողանի հետ։
Այդ առումով 2018 թվականը դարձավ նաև նոր մեկնակետ ընդդիմության համար՝ նոր օրակարգով,
մարտավարությամբ ու երիտասարդ գործիչներով հանդես գալու համար։
Ընդդիմության նոր սերնդի գործիչների մեջ իր հռետորական հմտություններով,
հմուտ կառավարչի համարումով և որոշակի խարիզմայով առավել առանձնանում է Ստամբուլի քաղաքապետ,
ՀԺԿ անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին լարված պայքարի միջոցով
հասնելը նրան արդեն իսկ տվել էր որոշակի քաղաքական լիցք, պատճառ դարձել ավելի հեռուն
գնացող քաղաքագիտական վերլուծությունների, որոնք հենված են թուրքական քաղաքականության
մեջ տարածված այն չգրված սկզբունքի վրա, թե ով կարողանում է դառնալ Ստամբուլի քաղաքապետ
և հաջողել այդ գործում, նա կարող է դառնալ նաև Թուրքիայի ղեկավար։ Այս քաղաքական բանաձևն
ասոցացվում է ուղիղ Էրդողանի հետ, քանի որ հենց նա էր, ով 1990-ականներին անցել էր
այդ ճանապարհով և հաջողել դառնալ երկրի ղեկավար, սակայն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի
կարևորումն առանց հաշվի առնելու այլ հանգամանքներ սխալ է։ Իմամօղլուն, իրոք, հետաքրքիր
քաղաքական կերպար է, որը տիրապետում է նաև պոպուլիզմի գործիքակազմին, սիրված է ստամբուլցիների
շրջանում, ինչը նրան հնարավորություն է տալիս առնվազն հավակնել լուրջ դերակատարման
հետագա քաղաքական գործընթացներում։ Սակայն նրան նաև պակասում է որոշ քաղաքական փորձառություն,
ինչն ամենևին չի նշանակում, որ իշխանության և կոնկրետ Էրդողանի քաղաքական հավանական
ժառանգների հետ մրցելիս նա կլինի թույլ մրցակից կամ հեշտ հաղթահարելի թիրախ։
Խոսելով իշխանական թևում նոր քաղաքական կերպարների, կամ ապագայի
հեռանկար ունեցող գործիչների մասին՝ պետք է նախ նկատել, որ Թուրքիայում փոխվել է «ընդօրինակման
արժանի» քաղաքական գործչի կերպարի ընկալումը։ Եթե մինչ 2000-ականների սկիզբը Թուրքիայում
տարբեր գործիչներ մրցում էին «Նոր Աթաթուրք» կամ «երկրորդ Աթաթուրք» դառնալու համար,
ապա այդ քաղաքական իդեալը փոխվել է և դարձել «նոր Էրդողան» դառնալու համար պայքար,
ընդ որում, Էրդողանի կերպարի որոշակի դետալները փոխառելու կամ նրան նմանվելու բացահայտ
ու քողարկված ձգտումներ կան և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր գործիչների շրջանում։ Կանխատեսելի
է նաև քաղաքական մեկ այլ օրինաչափություն․ Թուրքիայի
հաջորդ լիդերը դժվարություն է ունենալու վերցնել «Էրդողանական թագը» կամ ստանձնել համանման
դերակատարում, քանի որ դա ընդգծված անձնավորված է ներկայիս նախագահի «բռավադայի» կերպարով։
Էրդողանն արդեն իսկ մտել է պատմության մեջ, իր քաղաքական և անձնական
ծրագրի մեծ մասն իրականացրել է․ այսօր Թուրքիայի Հանրապետության
պատմությունը կերպարների առումով ունի երկու ընդգծված հենասյուն՝ Աթաթյուրք և Էրդողան,
նրանց միջև տասնամյակների ընթացքում եղած գործիչները՝ Մենդերես, Օզալ, Դեմիրել և այլն,
մեկն են հավասարներից, բայց բացառիկ չեն։ Էրդողանը նաև կերտել է քաղաքական ռեկորդ
2002 թվականից՝ դե ֆակտո, իսկ 2003 թվականից՝ դե յուրե ղեկավարելով Թուրքիան, ընդ որում՝
հաղթելով բոլոր ընտրություններում արդար կամ «թեթև խախտումներով»։ Էրդողանը ոչ միայն
ներկա քաղաքական հարցերում է առաջնորդվում և կարևորում սիմվոլներն ու սիմվոլիկ տարեթվերը,
այլև այդպես է մոտենում, եթե կարելի է ասել, իր քաղաքական կտակին։ Մասնավորապես, նա,
կարևորելով 2023 թվականը, որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ՝ իր
հաջորդներին կտակում է կենտրոնանալ և աշխատել ևս երկու սիմվոլիկ տարեթվերի շուրջ՝
2053 և 2071 թվականների։ 2053-ն օսմանցիների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաք և ուղղափառ
քրիստոնեական աշխարհի կենտրոն Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակն է, իսկ 2071 թվականը
Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակն է, որը խորհրդանշում է այս տարածաշրջան թյուրքական
տարրի ներխուժման և թյուրքական պետականության ձևավորման ամրագրումը։ Սիմվոլիկ այդ թվականների
մասին Էրդողանի բանաձևը հետևյալն է․ «Մեր սերունդը կհասնի
2023 թվականի հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053 թվականի, իսկ մեր թոռները՝
2071 թվականի հետ կապված նպատակներին»։
Իշխանական ճամբարի նոր կերպարների հետ կապված տևական ժամանակ
կարծես ընթանում է ստուգատես, յուրահատուկ «քաղաքական քասթինգ», որի միջոցով անցել
են մի շարք կերպարներ՝ Ահմեթ Դավութօղլու, Հուլուսի Աքար, Մևլյութ Չավուշօղլու, Սուլեյման
Սոյլու, Էրդողանի փեսաներ։ Այդ գործընթացը ենթադրում է քաղաքական մրցակցությանը և ճգնաժամային
իրավիճակներին դիմանալը, անձնական խարիզմայի կատարելագործում, անվտանգային, ներպետական,
ավելի լայն աշխարհաքաղաքական խնդիրներին ծանոթ լինելը, համաշխարհային քաղաքական գործիչների
ակումբին հասանելիություն ու այդ շրջանակներում ընդունելի դառնալը։ Այս չափորոշիչների
լույսի ներքո առավել լավ մրցակցային դիրքեր ունի հետախուզական ծառայության երկարամյա
նախկին ղեկավար և արտաքին գործերի ներկայիս նախարար Հաքան Ֆիդանը, որը իշխանական քաղաքական
կերպարների մեջ ամենափորձառուն և պատրաստվածն է․ այս հանգամանքները լավ հիմք են թուրքական քաղաքական օլիմպոսին
ձգտելու համար։ Իշխանական քաղաքական գործիչների «պահեստայինների նստարանում» կարող
են լինել նաև այլ կերպարներ, որոնք հանրային-քաղաքական ակտիվություն ունեն կամ գործում
են Էրդողանի թիմի «կուլիսային ճակատում»։
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն
Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը
1923-2023 թվականներին»
Comments
Post a Comment