Skip to main content

Թուրքիայի գաղափարախոսական հոսանքներն ու տեսլականները

 

Հանրության շրջանում շարունակում է աճել իսլամական ազգայնականության նշանակությունը։ Քաղաքական այս գաղափարախոսությունը, որը կարելի է համարել թուրք-իսլամական սինթեզի նորագույն դրսևորումը, դարձավ ԱԶԿ վարած հասարակական-քաղաքական փոփոխությունների առանցքային գործոնը։ Որպես տիրապետող գաղափարախոսություն այն հանդիսանում է քաղաքական իսլամիզմի և թուրքական ազգայնականության համադրություն։ Քաղաքական տիրույթում իսլամական ազգայնականության գերակա դիրքի ամրապնդմանը նպաստեց 2015 թվականի ԱԶԿ և ԱՇԿ միջև ձևավորված դաշինքը, որը շարունակվում է մինչ օրս։ Քաղաքական այս համագործակցությունն ապահովում է վերոնշյալ գաղափարախոսության հիման վրա պետության և հասարակության վերափոխումների համապատասխանությունը իշխող վերնախավի գաղափարական պատկերացումներին։ Մասնավորապես, շարունակվում է ձևավորվել թուրքական նորինքնությունը, որը հենվում է ոչ միայն իսլամականության և ազգայնականության էթիկայի ու սկզբունքների վրա, այլև ունի ընդգծված հետկայսերական (օսմանյան) քաղաքական ու մշակութային տեսլականներ՝ այսպիսով հակադրվելով նաև քեմալիստական (հանրապետական) գաղափարախոսությանը։ Էթնոկրոնական ազգայնականությունը հանդիսանում է նաև իշխանական պոպուլիզմի կարևորագույն գործիքը՝ ծառայելով այսրոպեական քաղաքական նպատակների իրականացմանը։ Այս նույն համապատկերում կարելի է փաստել, որ և՛ քաղաքական գործիչների խոսույթում, և՛ հասարակության լայն շերտերի առօրյայում շեշտակիորեն ավելացել է ազգայնական եզրույթների, խորհրդանշական ժեստերի և ընդհանրապես ծայրահեղական հռետորաբանության կիրառումը, որի ընդգծված առաջամարտիկներից է նախագահ Էրդողանը։

Իսլամական ազգայանականության գերակայության հաստատման խորհրդանշական քայլերից կարելի է համարել 2020 թվականի հուլիսին Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի՝ որպես մզկիթ վերագործարկումը։ Նախագահ Էրդողանն այս քայլը ներկայացրեց ոչ թե զուտ որպես կրոնական արարողություն, այլ կրոնական ազգայնականության օրինակ։ Նա մեկնաբանեց մզկիթի բացումը որպես պատմական անարդարության վերականգնում ու Թուրքիայի ինքնիշխանության պաշտպանություն՝ նշելով, որ իր այդ որոշումը կասկածի տակ առնելը չի տարբերվում Թուրքիայի դրոշը կամ նույնիսկ սահմանները կասկածի տակ առնելուց։ Այդ օրերին մամուլում, տարբեր սոցիալական ցանցերում սկսեց ակտիվորեն շրջանառվել Էրդողանի համար մեծ հեղինակություն համարվող թուրք հայտնի պոետ և իսլամական գաղափարախոս Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի տասնամյակներ առաջ ասված խոսքերը «Չգիտեմ այսօր, թե վաղը, բայց Այա Սոֆիան բացվելու է»։

Սուրբ Սոֆիայի տաճարը 1453 թվականի Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերածվել էր մզկիթի, սակայն Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո վերածվել էր թանգարանի, և դա որոշակիորեն ներկայացվում էր որպես թուրքական հանդուրժողականության ապացույց։ Սակայն աշխարհում տարբեր գրված ու չգրված նորմերի քանդման համապատկերում Էրդողանի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարի կրկին վերածումը մզկիթի ուներ մի քանի նշանակություն։ Նախ՝ սրանով Թուրքիայի նախագահը կարծես հոգեբանական զուգահեռ է դնում սուլթան Մեհմեթ Երկրորդի և իր միջև, քանի որ իսլամամետ հասարակությունը սա ընդունեց որպես Էրդողանի կողմից իսլամի հաղթարշավի ևս մի օրինակ և նվեր յուրաքանչյուր բարեպաշտ մուսուլմանի։ Երկրորդ՝ սա Էրդողանի համար ուներ այլ նշանակություն՝ կապված իր հոգևոր ուսուցիչ Քըսաքյուրեքի հետ Էրդողանը կյանքի կոչելով իսլամամետ պոետի վերոհիշյալ կանխատեսումը, մի կողմից իր քաղաքական կենսագրությունը հարստացրեց ևս մեկ խորհրդանշական հաղթանակով և միգուցե ի կատար ածեց երիտասարդ տարիներից իր մեջ արմատացած անձնական-քաղաքական երազանքը։ Եվ ի վերջո, լինելով պրագմատիկ ու պոպուլիստ գործիչ, Էրդողանը հաշվարկեց, որ Թուրքիայի և անձամբ իր քաղաքական կերպարի համար այդ պահին ավելի կարևոր է նման քայլով թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում (իսլամադավան երկրների հասարակությունների որոշակի շերտերում) հեղինակության աճը, քան թե իր երկրի կեղծ հանդուրժողական կերպարը, որի քաղաքական օգուտն անհամեմատ քիչ է։ Ինչ վերաբերվում է Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերածմանը հետևած արտաքին արձագանքներին, ապա ուղղափառ աշխարհի կարևոր երկիրը՝ Հունաստանը, բողոքի ձայն բարձրացրեց, դիմեց ՅՈւՆԵՍԿՕ-ին վանդալիզմի բացահայտ դրսևորման հիմնավորմամբ, իսկ Ռուսաստանը հայտարարեց, որ դա դիտարկում է որպես Թուրքիայի ներքին գործ։ Նկատենք նաև, որ Սուրբ Սոֆիայի տաճարը միակը չէր, մինչ այդ էլ Թուրքիայում բազմաթիվ հունական և հայկական եկեղեցիներ վերածվել էին մզկիթների, և հաշվի առնելով առկա տենդենցները՝ այդ գործընթացը շարունակվելու միտում ունի։

Էրդողանական իշխանությունը նաև շարունակում է տարբեր խորհրդանշական միջոցներով թուրքական նոր հավաքական ինքնության ձևավորումը։ Դրանց շարքում էական նշանակություն ունեն հանրային տարածքների վերաձևումները, որոնցով իշխանությունը փորձում է իր գաղափարախոսական ուղերձները հասանելի դարձնել հանրությանը։ Այստեղ հիշատակության է արժանի Ստամբուլի կենտրոնական՝ Թաքսիմի հրապարակի վերաձևման շարունակական աշխատանքները, որոնց շրջանակներում աշխարհիկության և քեմալականության խորհրդանիշ հրապարակում կառուցվեց և 2021 թվականին բացվեց Թաքսիմի մզկիթը, որը գերակա դիրք ունի հրապարակի մնացած հատվածի հանդեպ։ Խորհրդանշական մեկ այլ նմանատիպ քայլ կարելի է համարել Ստամբուլի ասիական հատվածի Սկյուտար թաղամասի Չամլըջա տեղանքի նույնանուն հսկա մզկիթի կառուցումը։ 2019 թվականին բացված այս կառույցը, որը տեղակայված է Չամլըջա բարձրադիր բլրի վրա, հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ մզկիթը և ոչ միայն իր դիրքով, այլև ճարտարապետական խորհրդանիշներով վերածվել է նոր Ստամբուլի կերպարի ձևավորման, ինչպես նաև իսլամական ազգայնականության կարևոր տարրերից մեկին։

Հավաքական ինքնության ձևավորման գործում էական նշանակություն ունի իշխանության կողմից ապագայի վերաբերյալ նոր տեսլականների սահմանումը, որոնք ևս հենվում են պատմական անցյալի վրա և ունեն խորհրդանշական իմաստներ։ Իշխանության կողմից ակտիվորեն շրջանառվում է նաև «Թուրքիայի դարը» տեսլական-ծրագիրը, որը 2023 թվականի ընտրություններին ընդառաջ վերածվեց գործող իշխանությունների նախընտրական հիմնական կարգախոսներից մեկին և շարունակում է մնալ իշխանական օրակարգում։

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...