Skip to main content

2023 թվականի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում

 

2023 թվականի մայիսի 14-ին Թուրքիայում նշանակված էին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք մի քանի առումով ունեին որոշակի քաղաքական ամփոփումների, ջրբաժանի և հետագա գաղափարա-քաղաքական զարգացումները կանխորոշող նշանակություն։ Ընտրություններն աչքի էին ընկնում նաև խորհրդանիշների գերառատությամբ, որոնցից ամենակարևորը ընտրությունների օրն էր՝ մայիսի 14-ը, որը համընկնում էր 1950 թվականի մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների օրվան, երբ իսլամին ավելի շատ տեղ տրվող «Ժողովրդավարական կուսակցությունը» և նրա ղեկավար Ադնան Մենդերեսը ջախջախիչ հաղթանակ տարան քեմալականության և աշխարհիկության գաղափարախոսության ու վերջինիս քաղաքական արտացոլման՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցության» դեմ։ Քաղաքական իսլամի գաղափարախոսության կրող և դրա հաղթարշավի ամենաազդեցիկ կերպարը՝ Էրդողանը, ով իրեն նաև համարում է Ադնան Մենդերեսի քաղաքական ժառանգ, փորձելու էր հասնել «երկրորդ մայիսի 14-ին», այսինքն՝ ևս մեկ անգամ ֆիքսել Թուրքիայում իսլամականության գերակայությունն աշխարհիկության հանդեպ։

Այս ընտրությունները կարելի է ենթադրել նաև, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար վերջին և վճռական քաղաքական ճակատամարտն էր, որը հաղթելու համար նա պատրաստ էր ցանկացած քայլի՝ պոպուլիզմի գերդոզավորման, վարչական ռեսուրսի կիրառման, խախտումների, ճնշումների, սենտիմենտալ հուզականության դրսևորումների։ Այս ընտրությունները լինելու էին 1990-ականներից քաղաքականության մեջ մտած և 2002 թվականից մինչ օրս Թուրքիայում իշխող Էրդողանի քաղաքական գծի ու ոճի սիմվոլիկ ու գործնական ամրագրումը։ 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունն իր 100-ամյակին «քեմալականից» վերածվում էր «էրդողանական» պետության, և ընտրությունները միտված էին վերջնաականապես փաստելու այդ իրողությունը։

Էրդողանը և իշխող թիմն ընտրություններին պատրաստվել էին թե՛ քաղաքական, թե՛ մեթոդական և թե՛ ֆինանսական առումներով ֆինանսա-տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիան բավական մեծ գումարներ էր ստացել արաբական որոշ երկրներից, և ընտրություններից կարճ ժամանակ առաջ դրանք ուղղվում էին թոշակների բարձրացմանը, քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանը և նմանատիպ այլ «ֆինանսական պոպուլիզմի» դրսևորումների ապահովմանը։ Տարիների ընթացքում Էրդողանը գերհմտացել է հռետորաբանության և պոպուլիզմի սինթեզում նա Թուրքիայի քաղաքական դաշտում, ըստ էության, չունի այնպիսի մրցակից, որը կարող է այդքան ինքնավստահ, հմուտ և դիպուկ կիրառել քաղաքական, կրոնական, փողոցային, գրական-գեղարվեստական խոսքն ու դրա տված հնարավորությունները։ Նախընտրական շրջանում Էրդողանը հմտորեն խաղում էր թուրքական հասարակության տարբեր հույզերի հետ, որոնց մեջ տեսանելին, իհարկե, կրոնականն էր, սակայն այս ընտրություններում դրսևորվում էր նաև սենտիմենտալ հուզականը, որի ամենացայտուն օրինակն էր այն հայտարարությունը, թե Թուրքիայի նախագահը վերջին անգամ է խնդրանքով դիմում ժողովրդին իրեն ձայն տալ։ Այս հայտարարությունը հասարակության մոտ առաջացնում էր անհրաժեշտ հուզականությունը, որն էլ, իր հերթին, մեծ շանսեր ուներ վերածվելու Էրդողանի օգտին՝ քվեների։

Ընդդիմությունը ձևավորել էր 6 կուսակցությունների ֆորմատ, որն էլ քննարկում էր միասնական թեկնածու ներկայացնելու հարցը։ Եվ չնայած որ շրջանառվում էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը, որը բարձր հեղինակություն ուներ հասարակության տարբեր շերտերում, սակայն, ի վերջո, ընդդիմադիր ֆորմատը նախագահի միասնական թեկնածու առաջադրեց «Հանրապետական ժողովրդական կուսակցության» այն ժամանակվա նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, ինչն ի սկզբանե հիասթափություն առաջացրեց հասարակության ընդդիմադիր հատվածում։ Քըլըչդարօղլուն Էրդողանի համար թերևս ամենահարմար ընդդիմադիր թեկնածուն էր, որին նա քանիցս հաղթել էր։ Բացի այդ, Քըլըչդարօղլուն մի շարք հարթություններում զիջում էր Էրդողանին և՛ որպես հռետոր, և՛ խարիզմայով, և՛ քաղաքական հմտություններով Քըլըչդարօղլուն նաև ուներ քաղաքական ձախողակի համարում, ինչը նախագահական ընտրություններում վերջնականապես ամրագրվելու էր և պատճառ էր դառնալու նրա՝ նաև կուսակցության նախագահի պաշտոնից զրկվելուն։

Քաղաքական և քաղաքագիտական հարթություններում ակտիվորեն քննարկվում էին այս ընտրություններում Արևմուտքի աջակցության հարցը և, մասնավորապես, այն, որ արևմտյան պետությունների համար անկառավարելի Էրդողանի փոխարեն նախընտրելի էր ընդդիմադիր որևէ թեկնածու։ Այստեղ կա երկու կարևոր հանգամանք, որոնք չի կարելի անտեսել նախ՝ այսօրվա Թուրքիան էականորեն տարբերվում է 20-րդ դարի Թուրքիայից, որտեղ Արևմուտքի ազդեցությունը և ցանկությունը կարող էին որոշիչ լինել, և երկրորդ՝ արևմտյան աջակցություն կոչված գործոնն արդեն շատ հնաոճ է հնչում ներկայիս Թուրքիայի պարագայում, որը շատ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերում հասել է ինքնաբավության բավական լուրջ աստիճանի։ Ուստի, մինչև ընտրությունները թուրք ընդդիմադիր գործիչների այցերն արևմտյան երկրներ և դրանց խորհրդավորության քող հաղորդելը անցած ու ներկայումս գոյություն չունեցող քաղաքական իրավիճակի մասին ժամանակավրեպ նոստալգիայի դրսևորումներ էին։ Սակայն պետք է փաստել, որ նախընտրական շրջանում Արևմուտքը չէր էլ թաքցնում իր՝ գրեթե բացահայտ, եթե ոչ աջակցությունը, ապա առնվազն համակրանքն ընդդիմության և վերջինիս թեկնածուի հանդեպ, ինչը Էրդողանին թույլ էր տալիս ևս մեկ տարր ավելացնել իր քարոզչության մեջ Քըլըչդարօղլուին ներկայացնելով «դրսի ուժերի թեկնածու», որի դեմ պայքարելը Թուրքիայի քաղաքացիների պարտքն է։

Ընդդիմության միասնական ֆորմատի՝ 6 ընդդիմադիր կուսակցությունների մեջ կար պառակտվելու կամ ընդհանուր որոշման չհանգելու լուրջ «ներուժ», և «լավ կուսակցության» լիդեր Մերալ Աքշեները շուտով լքեց «6-ի սեղանը»՝ իր սկզբունքային անհամաձայնությունը հայտնելով ընտրված միասնական թեկնածուի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կապված, քանի որ, նրա կարծիքով, մարտավարական առումով ավելի ճիշտ էր Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Յավաշի թեկնածության առաջադրումը։ Ի դեպ, թեկնածուների քննարկման տարբեր, այդ թվում և՛ թեժ փուլում Իմամօղլուն հանդես եկավ ավելի շատ իրավիճակի և լարվածության թուլացման օգտին և թերևս հաշվարկելով, որ իր համար դեռ շուտ է, կամ սխալ է պայքարել Էրդողանի դեմ և փոշիացնել ռեսուրսներն ու առավել նպատակահարմար է պայքարել 2024 թվականի ՏԻՄ ընտրություններում ևս մեկ անգամ Ստամբուլի քաղաքապետ դառնալու համար, դրանով ավելի ուժեղանալով և պատրաստվելով Էրդողանի քաղաքական ժառանգի դեմ պայքարի։ Սա, կարծես, ավելի իրատեսական և քաղաքականապես հաշվարկված քայլ կարելի է համարել։ Ինչևէ, նույն Իմամօղլուի և Յավաշի խնդրանքով Մերալ Աքշեները որոշ ժամանակ անց վերադարձավ «6-ի սեղան», սակայն այն պայմանով, որ եթե Քըլըչդարօղլուն ընտրվի նախագահ, ապա Իմամօղլուն և Յավաշը պետք է դառնան երկրի փոխնախագահներ։

Ինչևէ, ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացավ 49,52 տոկոս և փաստորեն չկարողացավ վստահ հաղթանակ տանել, սակայն, այնուամենայնիվ, ամենաշատ քվեներեն էր ստացել։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել էր 44,8 տոկոս, իսկ երրորդ տեղում ծագումով ադրբեջանցի, ԱՇԿ նախկին պատգամավոր Սինան Օղանն էր, որը ստացել էր 5,17 տոկոս ձայն։ Ստեղծված իրավիճակը ենթադրում էր ընտրությունների երկրորդ փուլ, որը նշանակվեց մայիսի 28-ին և որին մասնակցում էին առաջին երկու տեղերը զբաղեցրած անձինք, այսինքն՝ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։ Իրավիճակը կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանեց յուրովի ընդդիմությունը սկսեց հայտարարել, որ հաղթանակը մոտ է, և երկրորդ փուլում Էրդողանը այլևս շանս չունի հաղթելու, իսկ իշխող թիմը գործող նախագահի արձանագրած 49,52 տոկոս ցուցանիշը ներկայացրեց որպես իրական ժողովրդավարության դասական օրինակ, երբ իշխանությունը չի փորձում տարատեսակ ռեսուրսներով լրացնել պակասող 0,5 տոկոս ձայնը և գնում է ընտրությունների երկրորդ փուլի։ Հետաքրքիր էր նաև երրորդ տեղը զբաղեցրած անձի՝ Սինան Օղանի դիրքորոշումը, և կողմերը ջանքեր էին ներդնում նրան իրենց կողմը տանելու համար, և կուլիսային քաղաքական պայմանավորվածություններում հաղթեց Էրդողանը Օղանը հայտարարեց երկրորդ փուլում նրան սատարելու մասին, որն առնվազն թվային լեգիտիմություն էր տալիս հավանական արդյունքին։

Մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացավ 52,18, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս ձայն այսպիսով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահ, իսկ սուպերնախագահական համակարգում և լիազորություններով՝ երկրորդ անգամ։ Հետընտրական գործընթացներ չեղան, հավաքական Արևմուտքը բավարարվեց ստանդարտ հայտարարություններով և ակնհայտորեն թուլացրել էր իր աջակցությունը ընդդիմությանը, որը նկատվում էր ընտրությունների առաջին փուլում ըստ երևույթին, մեծ քաղաքական առևտուրը կայացել էր։ Իսկ խորհրդարանում իշխող «Ժողովրդական դաշինքը» ստացել էր 49,50 տոկոս ձայն (323 պատգամավոր) և կրկին ունենալով սահմանադրական մեծամասնություն՝ ձևավորել կառավարություն։ Ընդդիմադիր «Ազգային դաշինքը» ստացել էր 35,04 տոկոս ձայն (212 պատգամավոր), իսկ քրդամետ ու ձախակողմյան քաղաքական ուժերի ձևավորած «Աշխատանք և ազատություն դաշինքը» 10,56 տոկոս ձայն (65 պատգամավոր)։ Այսպիսով, ամբողջ օրենսդիր և գործադիր իշխանությունը շարունակեց մնալ ԱԶԿ-ի և նրա ղեկավարած դաշինքի ձեռքին։

Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...