3 առանձնահատկություններով
(ռազմականացվածություն, ռազմավարական ինքնավարություն և ծավալապաշտություն) էլ պայմանավորված
էր 2018-2023 թվականների Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում
Մերձավոր Արևելքի, Բալկանների, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական
Ասիայի տարածաշրջանների գերակայությունը։
Արտաքին
քաղաքական օրակարգում առավել մեծ տեղ էին զբաղեցնում հատկապես սահմանակից երկրները։
Այս առումով առանձնանում էին Սիրիան և Իրաքը։ Երկու պետությունների տարածքում ռազմական
գործողություններով, որոնք շարունակվում էին քննարկվող ժամանակահատվածում, Թուրքիան
լուծում էր միաժամանակ երկու հիմնական խնդիր։ Մի կողմից ապահովում էր իր հարավային
սահմանների անվտանգությունը՝ չեզոքացնելով ու նվազեցնելով քրդական գործոնը, մյուս կողմից՝
այդ գործողությունների արդյունքում Թուրքիան փաստացի իր տիրապետության տակ էր վերցնում
նոր տարածքներ, որոնք համընկնում էին թուրքական ծավալապաշտական նկրտումների հետ։ Թե՛
Սիրիայում և թե՛ Իրաքում թուրքական կողմի ջանքերն ուղղված էին հնարավորինս ընդլայնելու
վերահսկողության տակ գտնվող տարածքը, իսկ, հատկապես, Սիրիայի օկուպացված տարածքներում
(շուրջ 4000 քկմ) Թուրքիայի գործողությունները կարելի է բնորոշել որպես տեղում թուրքական
քվազի պետություն ստեղծելու ջանքեր։ Այդ նպատակով 2016-2022 թվականներին Թուրքիայի
զինված ուժերի կողմից իրականացված 4 ռազմական գործողությունների հետևանքով գրավված
տարածքներում թուրքական պետական ինստիտուտների միջոցով ընթանում է պետականաշինական
լայնածավալ գործունեություն։ Նշված տարածքներում կենսագործունեության բոլոր ոլորտները
(անվտանգային համակարգից մինչև կրթություն, տնտեսությունից մինչև կառավարում և կրոն)
համակարգվում են Թուրքիայի կողմից, իսկ տեղական ինստիտուտներն աստիճանաբար ինտեգրվում
են թուրքականների հետ։ Բացի այդ, Թուրքիան զբաղվում է ժողովրդագրական քաղաքականությամբ,
ինչի հետևանքով գրավված տարածքներում բնիկները (հիմնականում՝ քրդեր) ենթարկվեցին կոտորածի
և բռնագաղթի, իսկ նրանց փոխարեն տարածաշրջանում ակտիվորեն բնակեցվեցին թյուրքալեզու
ժողովուրդները՝ թուրքոմանները, ինչպես նաև սուննի արաբախոս ցեղեր, որոնք Թուրքիայի
հանդեպ ցուցաբերում էին հավատարմություն և դիտարկվում որպես բնական պատնեշ ընդդեմ ավելի
հարավ ընկած քրդաբնակ տարածքների։
Ավելի
փոքր ծավալներով նմանատիպ քաղաքականության փորձեր էին նկատվում նաև Իրաքի հյուսիսում։
Իրաքում իր կողմից ուղիղ վերահսկողության տակ գտնվող տարածքներն ընդլայնելու նպատակով
2019 թվականի մայիսից թուրքական զինված ուժերի կողմից սկսվել է «Ճանկ» ընդհանրական
անունը ստացած ռազմական գործողությունների նոր շարքը, որը տարբեր ծավալներով և ինտենսիվությամբ
շարունակվում է Հյուսիսային Իրաքի մի շարք երկրամասերում։ Թուրքիայի կողմից Սիրիայում
և Իրաքում տարածքների զավթումը թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը փաստող
առավել վառ օրինակներից են։
Անկարայի
տարածաշրջանային առաջնահերթություններից էր նաև Լիբիայում ռազմական ներկայացվածություն
ապահովելու միջոցով աֆրիկյան այդ երկրում սեփական ազդեցության գոտու ստեղծումը։ Այդ
միջամտության արդյունքում Թուրքիան վերածվեց Լիբիայում առավել ազդեցիկ դերակատարներից
մեկի, ինչը նպաստում է Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան
ու կենտրոնական հատվածներում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։ 2019 թվականի նոյեմբերին
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (որին ռազմական աջակցություն էր ցուցաբերում
Անկարան) հետ Թուրքիան կնքեց ծովային համագործակցության մասին համաձայնագիր, ինչը զգալիորեն
մեծացնում էր Անկարայի հնարավորությունները միջամտելու Միջերկրական ծովի արևելյան հատվածում
գտնվող գազային հսկայական պաշարների շահագործման և տեղափոխման հարցերին։
Արևելյան
Միջերկրականում Թուրքիայի ազդեցության մեծացման հարցում կարևորագույն նշանակություն
ուներ «Կապույտ հայրենիք» ծավալապաշտական ռազմավարական հայեցակարգի մշակումն ու ներդրումը։
Այն նախատեսում է Թուրքիայի գերակայության ստեղծում վերջինիս հարակից բոլոր ծովային
տիրույթներում։ Թեև «Կապույտ հայրենիքը» չի ստացել պաշտոնական կարգավիճակ, սակայն երկրի
ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվում է որպես ծովային նոր
ռազմավարական մտածողության հիմնավորում։
Նշված
ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում առանձնանում
էր Հարավային Կովկասը, որտեղ Անկարան ստացավ մեծ հնարավորություններ՝ մեծացնելու իր
ազդեցությունը։ Հարավային Կովկասն առանցքային նշանակություն ունի Թուրքիայի համար՝
որպես հենակետ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում (Կենտրոնական Ասիա, Հյուսիսային
Իրան, Հյուսիսային Կովկաս, Մերձվոլգյան շրջան) թյուրքախոս ժողովուրդների միավորման
և նրանց շուրջ թուրքական ազդեցության գոտու կառուցման համար։
Թուրքիան
բացահայտ կերպով ներգրավվեց 2020 թվականի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ
Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ փաստացի հանդիսանալով այդ պատերազմի գլխավոր շահառուներից
մեկը։ Ի տարբերություն արցախյան նախորդ պատերազմի՝ այս անգամ Թուրքիայի ռազմական, քաղաքական,
տարատեսակ ռեսուրսային աջակցությունն աննախադեպ մեծ էր և ուղղակի։ Պատերազմի ընթացքում
թուրք տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես էին գալիս ծայրահեղ հակահայկական հայտարարություններով,
իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ոլորտի ղեկավարները գտնվում էին ամենօրյա շփման
մեջ։ Կարելի է հստակ և հիմնավորված ասել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը թուրք-ադրբեջանական
համատեղ ռազմական լայնածավալ գործողություն էր ընդդեմ Արցախի և Հայաստանի, որն իր մեջ
ուներ ակնհայտ ցեղասպանական բաղադրիչ։ Պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի
10-ին Բաքվում հաղթանակի զորահանդեսին մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչը
թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի և միասնականության ամենացայտուն և խորհրդանշական
ցուցադրումն էր։ Էրդողանն այդ զորահանդեսին ելույթ ունենալով՝ հիշատակեց երիտթուրք
պարագլուխ Էնվեր փաշային և Արցախի օկուպացիան ներկայացրեց որպես նրա գործի շարունակություն։
44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած Արցախի հայության շրջափակման, սովի մատնելու ադրբեջանական
ծրագրում Թուրքիան նույնպես բացահայտ մասնակից էր և հակամարդկային գործողությունների,
միջազգային սահմանված սկզբունքների, անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության
որոշակի դրույթների խախտման քաջալերողը։
Ե՛վ
44-օրյա պատերազմը, և՛ դրան հաջորդած գործողությունները բացահայտ ցույց տվեցին հետխորհրդային
տարածքում զսպման մեխանիզմների և ուժերի հարաբերակցության փոփոխության մասին՝ ընդ որում
ի օգուտ Թուրքիայի, որը դեռ 1990-ականներին էր ուզում ուղղակի միջամտություն ունենալ
հարավկովկասյան գործընթացներին, սակայն նման հնարավորություն չունեցավ։ Պատերազմի ավարտին
Թուրքիան ստացավ հնարավորություն լեգիտիմացնելու Հարավային Կովկասում (մասնավորապես՝
օկուպացված Արցախի տարածքներում) իր ռազմական ներկայությունը՝ այդպիսով հիմնավորապես
վիճարկելով Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության գոտին տարածաշրջանում։ Դրա վառ դրսևորումներից
էր Ակնայից արևելք ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը, որտեղ
տեղակայված են թուրք զինվորականներ։ Տարածաշրջանում հայկական քաղաքական գործոնի թուլացումը
հնարավորություն ընձեռեց թուրք-ադրբեջանական տանդեմին պահանջելու նաև նոր ճանապարհային
միջանցք Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով դեպի Ադրբեջան և ապա՝ Կենտրոնական Ասիա։
Այդ նախագիծը, որն ունի առնվազն 100 տարվա վաղեմության նախապատմություն, կոչվեց «Զանգեզուրի
միջանցք» և վերածվեց Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առանցքային նախաձեռնություններից
մեկին։
Թուրքիայի
և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների բարձրագույն մակարդակի ցայտուն առհավատաչյան
դարձավ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Էրդողանի և Ալիևի կողմից ստորագրված
«Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է ռազմաքաղաքական ամենասերտ և ամենաբարձր մակարդակի
համագործակցություն։ Տեքստում առկա են թուրք-ադրբեջանական տանդեմի ինչպես հայատյացության,
պատմական իրողությունների խեղաթյուրման բացահայտ դրսևորումներ, այնպես էլ օկուպացիոն
և ագրեսիվ սահմանումներ։
Պատերազմից
հետո Թուրքիան «խաղաղության հաստատման» պատրվակով շարունակեց մեծածավալ ճնշումներ գործադրել
Հայաստանի վրա՝ ակնկալելով նոր զիջումներ։ Չնայած որ հարաբերությունների կարգավորման
համար երկու երկրները նշանակեցին հատուկ բանագնացների, որոնք պետք է քննարկեին կոնկրետ
քայլեր, սակայն թուրքական կողմը, մի կողմից՝ շարունակելով ապակառուցողական քաղաքական
ոճը, հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններով
և տվյալ պարագայում՝ ադրբեջանական օրակարգով, «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ,
մյուս կողմից՝ ի հայտ է բերում կամ ակտիվացնում նոր նախապայմաններ, որոնց մեջ առաջնային
են Հայաստանի պետական զինանշանի, Սահմանադրության, Անկախության հռչակագրի հետ կապված
պահանջները։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշման
մեղմացման վրա չազդեց նաև 2023 թվականի երկրաշարժից հետո Հայաստանի կողմից աղետյալներին
տրամադրված հումանիտար օգնությունը։ Եվ, չնայած որ հատուկ այդ բեռները տեղափոխելու
համար բացվեց Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը, սակայն գլոբալ իմաստով թուրքական
քաղաքականության մեջ դրական՝ անգամ ամենափոքր տեղաշարժ չնկատվեց, ավելին՝ հենց այդ
նույն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից փակված Լաչինի միջանցքը, որի հետևանքով
Արցախի հայությունը հայտնվել էր տոտալ շրջափակման մեջ և սովի եզրին, շարունակեց մնալ
փակ։
Հարավային
Կովկասում Թուրքիայի ակտիվացումը և ազդեցության մեծացումը նպատակ ուներ էլ ավելի մեծ
ծավալով ընդգրկվել Կենտրոնական Ասիայի երկրներում՝ Հարավային Կովկասն ունենալով որպես
հենակետ այդ ճանապարհին։ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ռազմաքաղաքական և սոցիալ-մշակութային
ազդեցության տարածումը համընկնում է վերջինիս նեոպանթյուրքիստական նպատակների հետ։
Այս ուղղությամբ առավել նշանակալի են եղել Թուրքիայի ջանքերը՝ նոր բովանդակություն
հաղորդելու դեռևս 2009 թվականին ստեղծված Թյուրքական պետությունների խորհրդին, որը
թյուրքախոս պետությունների ինտեգրացիոն հիմնական կառույցն է և, ըստ թուրքական մտահղացման,
«Թյուրքական աշխարհի» քաղաքական մարմնավորումն է։
Թուրքիայի
արտաքին քաղաքական գլխավոր նպատակներից մեկն անցնող տարիներին եղել է տարածաշրջանային
ենթակառուցվածքների և, հատկապես՝ էներգակիրների տեղափոխման առանցքային հանգույցի վերածվելը։
Այս ուղղությամբ տարվող աշխատանքները նախատեսում են Ռուսաստանից, Իրանից, Կենտրոնական
Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրներից էներգակիրների՝ դեպի արևմտյան շուկաներ տարանցումն
ապահովել Թուրքիայի տարածքով։ Նախորդ տարիներին կառուցված խողովակաշարերը (մասնավորապես՝
TANAP և TAP նախագծերը), որոնք Ադրբեջանից եկող գազատարները միացրել են դեպի հարավային
Եվրոպա գնացող խողովակներին, հանդիսանում են այն հիմքը, որի վրա Թուրքիան ձգտում է
վերածվել էներգետիկ գլխավոր հանգույցի։
Բացի ավանդական
տարածաշրջաններից՝ Թուրքիան ակտիվորեն փորձում է ներթափանցել նաև նոր շրջաններ՝ այդպիսով
ձևավորելով իր ազդեցության նոր գոտիները։ Անկարայի ուշադրության կենտրոնում էին հատկապես
Աֆրիկան և Լատինական Ամերիկան, որոնցում առկա տնտեսական և քաղաքական իրավիճակը, ինչպես
նաև հեռանկարները հնարավորություն են ընձեռում Թուրքիային փափուկ ուժի գործիքակազմի
միջոցով ստեղծել ու մեծացնել սեփական ներկայությունը։ Թուրքիայի արտաքին քաղաքական
ազդեցության տարածման գործում, բացի պրոֆիլային գերատեսչություններից, իրենց ակտիվությամբ
աչքի էին ընկնում նաև մի շարք պետական և մասնավոր կառույցներ, այդ թվում՝ Թուրքիայի
կրոնական հարցերի տնօրինությունը, որն ակտիվ աշխատում է իսլամադավան երկրներում, հումանիտար
և մշակութային գործունեություն ծավալող այլ կառույցներ (օրինակ՝ Համագործակցության
և համակարգման թուրքական գործակալությունը, Մարդասիրական օգնության հիմնադրամը, Յունուս
Էմրեի ինստիտուտը)։
Նյութի աղբյուրը՝ Ռուբեն Սաֆրաստյան- «Թուրքիայի պատմություն. հարյուրամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թվականներին»
Comments
Post a Comment