Skip to main content

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները

 

Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն ունեն յուրահատուկ պատմական ջերմ հարաբերություններ։ ԱՄՆ անկախություն ձեռք բերելու ճանապարհին բախվելով գաղութարարությանը և կայսերականությանը՝ արժանացել էր Ֆրանսիայի աջակցությանը։ 1778 թվականին երկու երկրների միջև ստորագրվել է դաշնակցային պայմանագիր, ինչն ամրապնդվել է ժողովուրդների բարեկամությամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի ընդգծվեց պետությունների ջերմ հարաբերությունները, երբ Գերմանիան կարողացել էր օկուպացնել Ֆրանսիան՝ այնտեղ գործող թուլակամ ռեժիմի պատճառով, որն ունակ չէր պաշտպանելու Ֆրանսիայի տարածքային ամբողջականությունը՝ Եվրոպային առերեսված մարտահրավերների ժամանակ։

«Ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն»-ից Էդուարդ Դալադիեն, իսկ հետագայում «Դեմոկրատական դաշինք»-ից Պոլ Ռեյնոն չկարողացան դժվարին ժամանակներում ապահովել Ֆրանսիայի անվտանգությունը և ստիպված եղան կարճ ժամանակահատվածում հանձնվելով լքել Ֆրանսիան՝ բռնելով Լոնդոնի ուղին (Եվրոպայի օկուպացված պետությունների ղեկավարները սովորաբար պարտությունից հետո տեղափոխվում էին Լոնդոն, այնտեղ հաջորդաբար ստեղծվում էին միգրանտային կառավարություններ, որոնք հետագայում՝ գերմանական օկուպացիայից ազատագրվելուց հետո պետք է ստանձնեին իրենց երկրների կառավարումը)։

Էդուարդ Դալադիեն՝ Մյունխենյան համաձայնագրի ճարտարապետներից մեկը (Մեծ Բրիտանիայի 60-րդ վարչապետ Նևիլ Չեմբեռլենի հետ) հավատում էր Հիտլերի խոստումներին։ Արդյունքում Հիտլերը «հիմարացրեց» դաշնակիցներին՝ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, մասնավորապես Չեմբեռլենին և Դալադիեին։

Դալադիեին հաջորդած Պոլ Ռեյնոյին նույնպես չհաջողվեց զերծ պահել Ֆրանսիան Հիտլերի կայսերական նկրտումներից։ Միակ բանը, որ երրորդ հանրապետության վերջին վարչապետը իրականացրեց, Ֆրանսիայի կառավարության անդամների էվակուացիան էր։

Անկում ապրող Ֆրանսիայի վերջին օրերի մասին պատմաբան Նիկոլայ Մոլչանովը գրում է «Ռեյնոն հասարակությունից թաքցրեց այդ հայրենասիրական կոչի բովանդակությունը (նկատի ունենալով 1940 թվականի հունիսի 6-ին կառավարությանը ուղղված Փարիզի պաշտպանության ծրագիրը, որ առաջարկել էին ընդհատակում գործող Ֆրանսիայի կոմունիստները)։ Նրա կառավարությունն այլ բան էր մտածում, թեև ինքը՝ Ռեյնոն, օգտագործելով դը Գոլին և կաբինետի հայրենասիրաբար տրամադրված մյուս անդամներին, ձևացնում էր, որ կողմնակից է պատերազմը շարունակելուն։ Իրականում Պետենին պահելով կառավարությունում, իսկ Վեյգանին՝ գլխավոր հրամանատարի պաշտոնում, նա փաստորեն օգնում էր նրանց՝ «թաղելու» Ֆրանսիան։ Նրանք արդեն բնավ չամաչելով խոսում էին իրենց մտադրությունների մասին»։

Շառլ դը Գոլը մեմուարներում նկարագրում է իր զրույցը Վեյգանի հետ, երբ վերջինս հայտնում է, որ նրանք ի վիճակի չեն Սոմում գերմանացիներին կանգնեցնել

-Դեհ, ուրեմն ինչ, թող անցնեն։ Իսկ հետո՞։

-Հետո կհետևեն Սենը և Մառնը։

-Այդպես, իսկ այնուհե՞տև։

-Այնուհետև։ Բայց չէ որ դա հենց վախճան է։

-Վախճա՞ն։ Իսկ ողջ աշխա՞րհը։ Իսկ մեր կայսրությո՞ւնը։

Վեյգանը դը Գոլի այս հարցադրմանը պատասխանում է ծիծաղով «Դա անլուրջ է․․․ մի շաբաթ էլ չի տևի երբ ինձ կջախջախեն, իսկ Անգլիան արդեն բանակցություններ կսկսի Գերմանիայի հետ»,- նայելով դը Գոլի աչքերի մեջ նա ավելացնում է,- Ա՜խ, եթե միայն վստահ լինեի, որ գերմանացիներն ինձ բավականաչափ ուժեր կթողնեն կարգուկանոնի պահպանման համար»։

Դը Գոլը այս շրջանում Ֆրանսիայի բացառիկ անհատներից էր, ով չէր ցանկանում հանձնվել։

Հրաժարվելով գերմանացիներին հպատակվել և ծառայել Վիշիի կառավարությանը, տեղափոխվելով Լոնդոն իր ռադիոելույթում դը Գոլը հայտարարեց «Ես նա եմ, ով ասում է ձեզ, որ սա ոչինչ է՝ Ֆրանսիան չի պարտվել։ Կգա օրը, և մենք կհաղթենք։ Քանի որ Ֆրանսիան մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Նա մի մեծ կայսրություն է, կարող է դաշնակցել Բրիտանական կայսրության հետ, որը շարունակում է իր պայքարը ծովում։ Նա կարող է, ինչպես Անգլիան, անսահմանորեն օգտվել Միացյալ Նահանգների արդյունաբերությունից»։

Դը Գոլը Ֆրանսիայի աֆրիկյան գաղութներում ստեղծեց «Ազատ Ֆրանսիան» և դաշնակիցների հետ միասին գերմանացիներին և իտալացիներին դուրս վռնդեց Աֆրիկայից։

Արդյունքում ֆրանսիացիները Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների օժանդակությամբ ազատագրեցին իրենց հայրենիքը։ Ֆրանսիան խայտառակ պարտությունից մի քանի տարի անց կարողացավ կրկին դառնալ ակտիվ դերակատար միջազգային հարաբերություններում, և այս ամենը շնորհիվ գեներալ դը Գոլի վճռականության և դաշնակիցների հետևողական աջակցության։

Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...