Միացյալ
Նահանգները և Ռուսաստանը մշտապես ունեցել են աշխարհաքաղաքական և գաղափարական սուր հակասություններ։
Առաջին
մեծագույն հակամարտությունը այս երկու տերությունների միջև եղել է առաջին համաշխարհային
պատերազմի ավարտին և հաջորդող մի քանի տարիներին, երբ 1917 թվականին Պետրոգրադ քաղաքում
Լենինը մեկնարկեց բոլշևիկյան հեղափոխությունը։ Չնայած Միացյալ Նահանգների, Բրիտանական
կայսրության և արևմտյան այլ տերությունների ջանքերին՝ Լենինին հաջողվեց Ռուսաստանում
իրականացնել բոլշևիկյան հեղաշրջում՝ նաև ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող
բազմաթիվ այլ երկրներում։
Բոլշևիկները
կարողացան հաղթել Ռուսական կայսրության քաղաքացիական պատերազմում՝ պարտության մատնելով
սպիտակգվարդիականներին, ցարական բանակի գեներալ Դենիկինին և ադմիրալ Կոլչակին։ Իրավամբ
նոր ձևավորված բոլշևիկյան կառավարության մեծագույն հաջողությունն էր հաղթելը նման ծանր
ճնշման ներքո։ Եվ Վլադիմիր Լենինին օբեկտիվորեն կարելի է դասել պատմության մեծագույն
քաղաքական գործիչների շարքում (անկախ գաղափարական տեսակետներից)։
Բոլշիկյան
Ռուսաստանի ձևավորման առաջին օրից նորաստեղծ երկրի մեծագույն թշնամին Ուինսթոն Չերչիլն
էր, ով խորապես ափսոսում էր արևմտյան տերությունների պարտությունը բոլշևիկների դեմ
պայքարում ՝ պնդելով․ «Սովետական Ռուսաստանը
պետք է խեղդվեր իր իսկ օրորոցում», իսկ բոլշևիկյան հեղափոխության գաղափարախոսներից
Տրոցկին Չերչիլին համարել էր «կապիտալիստական բռնության չեմպիոն, ով ցանկանում էր խեղդել
ազատության համար պայքարող պրոլետարական զանգվածներին»։
Ուինսթոն Չերչիլը իրապես մարդկության պատմության մեծագույն հակակոմունիստ
անձնավորություններից էր,- այս տեսակետին էր Լենինը․ «Ուինսթոն Չերչիլը սովետական Ռուսաստանի մեծագույն ատողն էր»։
Սովետներին աճելու պատճառներից էր և այն, որ ցարին տապալելուց հետո բոլշևիկները հրաժարվեցին
շարունակել գերմանացիների դեմ պատերազմը։ Սա բոլշիկներին ատելու առաջին, բայց ոչ վերջին
պատճառն էր․ «Չերչիլը հենց այդ
պատճառով էր պաշտպանում Կոլչակին և Դենիկինին, ինչպես նա էր բազմիցս արտահայտվել, որ
Դենիկինը և Կոլչակը, նրա կարծիքով, հանդիսանում են Անգլիայի շահերի պաշտպանները․․․»։
Այսպիսով, Ռուսաստանում և նրա տիրապետման ներքո գտնվող երկրներում
(Ուկրաինա, Բելառուս, Հարավային Կովկաս, Միջին Ասիա) հաստատվեցին սովետական կարգեր,
70 տարի Սովետական Միության տարածքում իշխում էր սոցիալիստական «մղձավանջը»՝ օբյեկտիվորեն
մեծ վնասներ հասցնելով այդ տարածքում բնակվող ժողովուրդներին․ անհատի ազատության ամբողջական սահմանափակում, քաղաքացիների
կենսակերպի վերահսկում, միլիոնավոր քաղաքացիների՝ ներառյալ մտավորականների բռնաճնշում՝
սպանություններ, արտաքսումներ։
Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական սպառնալիքի ներքո միավորվեցին
երկու հակադիր գաղափարական ճամբարներ ընդդեմ Հիտլերի՝ Միացյալ Նահանգները, Միացյալ
Թագավորությունը և Սովետական Միությունը ձևավորեցին հակահիտլերյան կոալիցիան։
Կապիտալիստական ճամբարի և կոմունիստների միջև ժամանակավրեպ կոմպրոմիս
տեղի ունեցավ։ Այս շրջանում երեք առաջնորդների միջև եղած հարաբերությունները արագորեն
ջերմացան, առաջին եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ 1943 թվականին Թեհրանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակից
հետո սկսվեց նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, անմիջապես փլուզվեց հակահիտլերյան
կոալիցիան (գուցե չփլուզվեր, եթե Ֆրանկլին Ռուզվելտը 1945 թվականի ապրիլին չվախճանվեր)։
Արևմտյան և արևելյան բլոկների հակասությունները վերաճեցին «երկաթյա վարագույրի», Թրումենի
դոկտրինով Միացյալ Նահանգները պաշտոնապես ստանձնեց պարտավորություն՝ դեմոկրատական պետություններին
աջակցելու ընդդեմ ավտորիտար ռեժիմների։
70 տարի տևած կոշտ հակամարտությունում՝ սառը պատերազմում ելքը
վճռվեց Սովետական Միության ջախջախմամբ (այն տրոհվեց, և 15 հանրապետություններ ձեռք
բերեցին անկախություն), ՆԱՏՕ-ի հաղթանակով և միաբևեռ աշխարհակարգի ձևավորմամբ։
Նախագահ Ռեյգանը Բեռլինում ունեցած ելույթում հայտարարեց․ «Գլխավոր քարտուղար Գորբաչով, եթե դուք ձգտում եք խաղաղության,
եթե դուք ձգտում եք բարգավաճման Սովետական Միության և Արևելյան Եվրոպայի համար, եթե
ձգտում եք ազատականացման՝ եկեք այստեղ։ Եկեք այս դարպասի մոտ, պարոն Գորբաչով, բացեք
այս դարպասը, պարոն Գորբաչով, քանդեք այս պատը»։
Նախագահ Ռեյգանի որոշմամբ Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն
կտրուկ ավելացավ, ինչի շնորհիվ սպառազինությունների մրցավազքում ավելի շրջանցեցին Սովետական
Միությունը՝ վերջնականապես ապահովելով «անազատ աշխարհի» տրոհումը։
Միաբևեռ աշխարհակարգին մարտահրավեր նետեց Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը իր մյունխենյան հայտնի ելույթով․ «Ոչ ոք անվտանգ չէ, որովհետև ոչ ոք չի զգում, որ միջազգային
իրավունքը քարե պատի պես կպաշտպանի իրենց»։
Պուտինը վերջնականապես սրեց ռուս-ամերիկյան հարաբերությունները՝
Ղրիմի բռնակցմամբ և հատկապես 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելով, ինչի արդյունքում
արևմուտքում տեղի ունեցավ կոնսոլիդացիա Ուկրաինայի շուրջ (նախագահ Զելենսկու ռոմանտիկ
վարքի պատճառով այն մոտ է փլուզման)։
Այժմ ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի քան մոտ են թշնամական
լինելուն, պետք է հույս ունենալ, որ երկու գերտերությունների առաջնորդները կդրսևորեն
բավարար ողջամտություն և հարաբերությունները սրելով չեն սկսի երրորդ համաշխարհային
պատերազմը։ Այս խնդիրը մտահոգում է ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփին, ով պնդում է, որ երրորդ
համաշխարհային պատերազմը չափազանց հավանական է, և որ պատերազմից Միացյալ Նահանգների
խուսափելու վերջին շանսը կկորսվի, եթե Բայդենը վերընտրվի։
Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»
Comments
Post a Comment