Skip to main content

Աշխարհառազմավարական խաղացողներ և աշխարհաքաղաքական առանցքներ

 

Աշխարհառազմավարական ակտիվ խաղացողներն այն պետություններն են, որոնք առկա աշխարհաքաղաքական դրությունը փոխելու համար ունեն սեփական սահմաններից դուրս իշխանություն, ազդեցություն գործադրելու բավարար ունակություն և ազգային կամք՝ ընդհուպ մինչև Ամերիկայի շահերի վրա ներգործությունը։ Աշխարհաքաղաքական առումով նրանք աչքի են ընկնում անկայունության մեծ ներուժով կամ նախատրամադրվածությամբ։ Անկախ այնպիսի պատճառներից, ինչպիսիք են՝ ազգային վսեմության ձգտումը, գաղափարական իրացվելիությունը, կրոնական մեսիականությունը կամ տնտեսական վերելքը, որոշ պետություններ իրապես ձգտում են հասնել տարածաշրջանային գերիշխանության կամ աշխարհի մակարդակով էական դիրք ունենալ։ Նրանց շարժառիթները խորը արմատներ ունեն և բավականին բարդ են, և լավագույնս բացատրվում են Ռոբերտ Բրաունինգի բնորոշմամբ «․․․ Մարդու՝ ինչ-որ բանի հասնելու կարողությունը պետք է գերազանցի այդ բանը ձեռքում բռնելու ունակությանը, այլապես ինչի՞ համար է երկինքը»։ Այդպիսով նրանք հանգամանորեն հաշվարկում են Ամերիկայի կարողությունը, ուրվագծում են այն սահմանները, որոնց շրջանակում իրենց շահերը համընկնում կամ հատվում են Ամերիկայի շահերին, որից հետո ձևակերպում են իրենց սեփական, ավելի սահմանափակ եվրասիական խնդիրները, որոնք երբեմն համապատասխանում են, իսկ երբեմն էլ՝ հակադրվում ամերիկյան քաղաքականությանը։ Միացյալ Նահանգներն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի նման մոտեցումներով առաջնորդվող եվրասիական պետություններին։

Աշխարհաքաղաքական առանցքներն այն պետություններն են, որոնց նշանակությունը բխում է ոչ թե իրենց տիրապետած ուժից կամ դրդապատճառներից, այլ առավելապես իրենց աշխարհագրական դիրքի կարևորությունից և նրանց՝ աշխարհառազմավարական խաղացողների վարքագծով պայմանավորված հավանական խոցելի վիճակի հետևանքներից։ Աշխարհաքաղաքական առանցքներն հաճախ որոշվում են իրենց աշխարհագրական դիրքով, որը որոշ դեպքերում նրանց հատուկ դեր է ապահովում կարևոր տարածաշրջաններին հասանելիությունը վերահսկելու կամ առանցքային խաղացողներին ռեսուրսների մատակարարումը խափանելու հնարավորության առումով։ Որոշ դեպքերում աշխարհաքաղաքական առանցքը աշխարհաքաղաքական թատերաբեմում կենսական կարևորություն ունեցող պետության կամ տարածաշրջանի համար կարող է վահանի դեր խաղալ։ Երբեմն անգամ աշխարհաքաղաքական առանցքի գոյության փաստն ինքնին կարող է քաղաքական և մշակութային լուրջ հետևանքներ ունենալ հարևանությամբ գործող աշխարհառազմավարական խաղացողի համար։ Ըստ այդմ՝ Ամերիկայի գլոբալ աշխարհառազմավարության սկզբունքային խնդիրն է հետսառըպատերազմյան շրջանի Եվրասիայում աշխարհաքաղաքական առանցքների նույնականացումը, ինչպես նաև դրանց պաշտպանությունը։

Հենց սկզբից պետք է նշել, որ թեև աշխարհառազմավարական բոլոր խաղացողները, որպես կանոն, կարևոր ու հզոր երկրներ են, սակայն ոչ բոլոր կարևոր և հզոր երկրներն են, որ ինքնաբերաբար դառնում են աշխարհառազմավարական խաղացողներ։ Ուստի, եթե աշխարհառազմավարական խաղացողների նույնականացումը համեմատաբար ավելի հեշտ է, ապա այդ ցանկից որոշ ակնհայտ կարևոր երկրների դուրս մնալը հիմնավոր բացատրություններ է պահանջում։

Ներկայիս գլոբալ պայմաններում Եվրասիայի քաղաքական նոր քարտեզի վրա կարելի է առանձնացնել առնվազն 5 աշխարհառազմավարական խաղացող և 5 աշխարհաքաղաքական առանցք (երկուսին մասամբ կարելի է տալ խաղացող բնորոշումը)։ Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը խոշոր և ակտիվ խաղացողներ են, իսկ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Ինդոնեզիան, լինելով շատ կարևոր երկրներ, այդպիսիք չեն։ Ուկրաինան, Ադրբեջանը, Հարավային Կորեան, Թուրքիան և Իրանն ունեն չափազանց կարևոր աշխարհաքաղաքական առանցքի դեր, չնայած Թուրքիան ու Իրանը, իրենց սահմանափակ կարողություններով հանդերձ, ակտիվ են նաև աշխարհառազմավարական առումով։

Այս փուլում բավարար է նշել, որ Եվրասիայի արևմտյան ծայրամասում առանցքային ու դինամիկ աշխարհառազմավարական խաղացողները Ֆրանսիան և Գերմանիան են։ Նրանց երկուսի համար էլ դրդապատճառը միասնական Եվրոպայի տեսլականն է, թեև առկա է տարակարծություն, թե այդ Եվրոպան որքան ժամանակ և ինչպես պետք է կապված մնա Ամերիկային։ Բայց երկուսն էլ ցանկանում են Եվրոպայում հավակնոտ մի այնպիսի նոր բան անել, որը կփոխի առկա ստատուս քվոն։ Մասնավորապես, Ֆրանսիան ունի Եվրոպայի աշխարհառազմավարական իր սեփական հայեցակարգը, որը մի շարք էական պահերով տարբերվում է Միացյալ Նահանգների ունեցած հայեցակարգից, և հակված է դիմել այնպիսի մարտավարական խուսանավումների, որոնք Ռուսաստանին կստիպեն ոչ շահեկան դիրքերից հանդես գալ Ամերիկայի դեմ, իսկ Մեծ Բրիտանիային՝ Գերմանիայի դեմ՝ ըստ որում, սեփական հարաբերական թուլությունը փոխհատուցելու համար ապավինելով ֆրանս-գերմանական դաշինքին։

Ավելին, ավելի լայն շառավիղով ազդեցություն գործադրելու համար թե՛ Ֆրանսիան և թե՛ Գերմանիան ունեն բավական ներուժ ու հաստատակամություն։ Ֆրանսիան ոչ միայն ձգտում է կենտրոնական դեր ունենալ միասնական Եվրոպայում, այլև իրեն որպես միասնական շահեր ունեցող միջերկրածովյան-հյուսիսաֆրիկյան երկրների խմբի միջուկ է դիտարկում։ Գերմանիան էլ ավելի է հակվում իրեն դիրքավորել որպես Եվրոպայի ամենակարևոր երկիր՝ տարածաշրջանի տնտեսական «քարշակ» և Եվրոպական Միության կայացող առաջնորդ։ Գերմանիան զգում է, որ հատուկ պատասխանատվություն ունի վերստին ազատագրված Կենտրոնական Եվրոպայի նկատմամբ։ Բացի այդ՝ և՛ Ֆրանսիան, և՛ Գերմանիան համարում են, որ իրենց վրա է դրված Ռուսաստանի հետ գործակցության ընթացքում Եվրոպայի շահերի ներկայացումը, իսկ Գերմանիան էլ, ելնելով աշխարհագրական դիրքից, համենայն դեպս, գոնե տեսականորեն, նույնիսկ հակված է Ռուսաստանի հետ յուրահատուկ երկկողմ պայմանավորվածությունների հայեցակարգին։

Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, աշխարհառազմավարական խաղացող չէ։ Վերջինս ավելի քիչ հավակնություններ ունի ապագա Եվրոպայի հավակնոտ տեսլականի հույս չունի, իսկ գրանցած հարաբերական անկումն էլ նվազեցրել է Եվրոպայում ուժերի հավասարակշռությունն ապահովող պետության իր երբեմնի ավանդական դերը։ Եվրոպայի միասնականությանն առնչվող երկակիությունը, ինչպես նաև Ամերիկայի հետ հատուկ փոխհարաբերություններ ունենալու նրա հավատարմությունը, Մեծ Բրիտանիան վերածել են Եվրոպայի ապագա ընտրության հարցում հետաքրքրություն չներկայացնող երկրի։ Լոնդոնն ինքն իրեն էականորեն դուրս է դրել եվրոպական խաղից։

Եվրոպական հանձնաժողովում բրիտանացի բարձրաստիճան նախկին պաշտոնյա Սըր Ռոյ Դենմենն իր հուշերում գրում է, որ դեռևս 1955 թվականի Մեսինայի խորհրդաժողովի ժամանակ, երբ դիտարկվում էր Եվրոպական Միության ստեղծման հարցը, Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչը ներկա Եվրոպայի ճարտարապետների մոտ կտրուկ հայտարարել է «Ապագա պայմանագիրը, որը քննարկում եք, ընդհանուր հաստատման հնարավորություն չունի, իսկ եթե անգամ դրա շուրջ համաձայնություն լինի, ապա միևնույնն է, այն իրականություն չի դառնալու։ Իսկ եթե իրականություն դառնա, ապա բացարձակ անընդունելի է լինելու Մեծ Բրիտանիայի համար․․․ Ցտեսություն, պարոնա՛յք, հաջողություններ եմ մաղթում»։

Շուրջ 40 տարի անց վերը հիշատակված միտքը շարունակում է նշանակալի չափով մնալ իրապես միասնական Եվրոպայի հարցում Մեծ Բրիտանիայի սկզբունքային մոտեցման հիմքում։ 1999 թվականի հունվարից մեկնարկող Տնտեսական և դրամավարկային միությանը Մեծ Բրիտանիայի մաս չկազմելու ցանկությունն ի ցույց է դնում Եվրոպայի ապագայի հետ իրեն չնույնականացնելու բրիտանացիների պատրաստակամությունը։ Այդ հարաբերությունների բնույթը փայլուն ամփոփվել էր 1990-ական թվականների սկզբներին

Մեծ Բրիտանիան մերժում է քաղաքական միավորման նպատակը

Մեծ Բրիտանիան նախապատվությունը տալիս է ազատ առևտրի հիմքով տնտեսական ինտեգրացիային

Մեծ Բրիտանիան նախընտրում է արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության համակարգումն իրականացնել Եվրոպական համայնքի շրջանակից դուրս

Մեծ Բրիտանիան իր ազդեցությունը հազվադեպ է գործադրում Եվրոպական Միությունում

Մեծ Բրիտանիան, անշուշտ, շարունակում է կարևոր մնալ Ամերիկայի համար։ Այն Բրիտանական համագործակցության միջոցով դեռևս պահպանում է որոշակի ազդեցություն, բայց այլևս խոշոր տերություն չէ և ոչ էլ հավակնոտ տեսլականներով է առաջնորդվում։ Այն շարունակում է մնալ Ամերիկայի հիմնական աջակիցը, շատ հավատարիմ դաշնակիցը, կենսական կարևոր ռազմաբազան և մտերիմ գործընկերը չափազանց կարևոր՝ հետախուզական գործունեության ոլորտում։ Նրա բարեկամությունը պետք է փայփայել, բայց նրա քաղաքականությանը չարժե մեծ ուշադրություն դարձնել։ Այն զառամյալ աշխարհառազմավարական խաղացող է, որը ննջում է իր պերճաշուք դափնիների վրա՝ լրջորեն դուրս մնալով եվրոպական մեծ արկածախնդրությունից, որի գլխավոր դերակատարները Ֆրանսիան ու Գերմանիան են։

Եվրոպական մյուս՝ հիմնականում միջին չափերի երկրները, որոնց մեծ մասը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ է, կա՛մ հետևում են Ամերիկային, կա՛մ էլ հանդարտորեն հակվում են դեպի Գերմանիան կամ Ֆրանսիան։ Նրանց քաղաքականությունը տարածաշրջանային լայն ազդեցություն չունի, և իրենք էլ այն վիճակում չեն, որ հիմնական կողմնորոշում փոխեն։ Այս փուլում նրանք ո՛չ աշխարհառազմավարական խաղացողներ են և ո՛չ էլ աշխարհաքաղաքական առանցքներ։ Ասվածը ճիշտ է նաև Կենտրոնական Եվրոպայից ՆԱՏՕ և ԵՄ հավանական կարևոր անդամ Լեհաստանի դեպքում։ Աշխարհառազմավարական խաղացող լինելու համար Լեհաստանը չափազանց թույլ է, և մեկ ուղի ունի՝ ինտեգրվել Արևմուտքին։ Ավելին՝ հին Ռուսական կայսրության անհետացումը և Ատլանտյան դաշինքի հետ Լեհաստանի կապերի ամրապնդումը, ինչպես նաև ձևավորվող Եվրոպան Լեհաստանի համար պատմականորեն աննախադեպ անվտանգություն են ապահովում՝ միաժամանակ սահմանափակելով նրա ռազմավարական ընտրությունը։

Կարիք չկա հիշեցնելու, բայց Ռուսաստանը, չնայած թուլացած պետականությանը, և, ըստ ամենայնի, երկարատև վատառողջությանը, կշարունակի մնալ աշխարհառազմավարական խոշոր խաղացող։ Ռուսաստանի գոյությունն ինքնին շոշափելի ներգործություն է ունենում Խորհրդային Միության նախկին եվրասիական ընդարձակ տարածքների վրա ձևավորված նորանկախ երկրների վրա։ Այն հավակնոտ աշխարհաքաղաքական խնդիրներ է առաջադրում, որոնց մասին աստիճանաբար ավելի ու ավելի բացահայտ է արտահայտվում։ Իր հզորությունը վերականգնելուն պես այն սկսելու է էական ազդեցություն թողնել իր արևմտյան և արևելյան հարևանների վրա։ Բացի դրանից՝ Ռուսաստանը դեռ պետք է կատարի իր հիմնական աշխարհառազմավարական ընտրությունը Ամերիկայի հետ հարաբերությունները բարեկամակա՞ն են, թե՞ թշնամական։ Ռուսները, ըստ ամենայնի, շատ լավ զգում են, որ այդ առումով եվրասիական մայրցամաքում ընտրության շուրջ տարբերակներ ունեն։ Շատ բան կախված է ներքաղաքական զարգացումներից և հատկապես նրանից՝ արդյոք Ռուսաստանը կդառնա՞ եվրոպական ժողովրդավարություն, թե՞ կրկին եվրասիական կայսրություն։ Բոլոր դեպքերում այն անկասկած, կմնա որպես խաղացող՝ չնայած այն հանգամանքին, որ կորցրել է իր մի քանի «կտորներ», ինչպես նաև եվրասիական շախմատային տախտակի վրա ունեցած որոշ առանցքային դիրքեր։

Նույն կերպ կարիք չկա ապացուցելու, որ Չինաստանը խոշոր խաղացող է։ Չինաստանն արդեն իսկ տարածաշրջանային կարևոր տերություն է, և հաշվի առնելով մեծ տերության նրա հիշողությունն ու չինական պետության՝ որպես աշխարհի կենտրոնի մասին պատկերացումների պահպանումը՝ այն կարծես մեծ ձգտումներ ունի։ Չինաստանի որդեգրած մոտեցումներն արդեն իսկ ազդեցություն են ունենում Ասիայում աշխարհաքաղաքական ուժերի բաշխման վրա, իսկ տնտեսական թափը, անկասկած, նրան կապահովի հսկայական ֆիզիկական հզորություն, ինչպես նաև աճող հավակնությունների հիմք։ «Մեծ Չինաստանի» վերածնունդը չի շրջանցի Թայվանի հարցը, իսկ դա անխուսափելիորեն ազդելու է Հեռավոր Արևելքում Միացյալ Նահանգների շահերի վրա։ Խորհրդային Միության փլուզումը Չինաստանի արևմտյան սահմանների մոտ նոր պետությունների առաջացման պատճառ դարձավ, որոնց նկատմամբ չինացի առաջնորդները չէին կարող անտարբեր լինել։ Հետևաբար միջազգային թատերաբեմում Չինաստանի ավելի ակտիվ դերակատարությունն ազդեցություն է թողնելու նաև Ռուսաստանի վրա։

Եվրասիայի արևելյան հատվածը պարադոքս է։ Ճապոնիան միջազգային հարաբերություններում, վստահաբար, խոշոր տերություն է, իսկ ամերիկա-ճապոնական դաշինքը հաճախ և իրավացիորեն որակվում է որպես կարևորագույն երկկողմ հարաբերություն։ Որպես աշխարհի ամենաառաջատար տնտեսական տերություններից մեկը՝ Ճապոնիան ակնհայտորեն ունի առաջին կարգի քաղաքական տերություն դառնալու ներուժ։ Այդուհանդերձ, Ճապոնիան այդ ներուժը չի օգտագործում՝ հետևողականորեն խուսափելով տարածաշրջանային գերակայության որևէ ձգտման ցուցաբերումից և նախընտրելով դրա փոխարեն գործել Ամերիկայի հովանու ներքո։ Ճապոնիան, ինչպես Մեծ Բրիտանիան Եվրոպայում, նախընտրում է չմասնակցել Ասիայի մայրցամաքային քաղաքականությանը, չնայած դրա համար մասամբ հիմնավոր պատճառ կա ասիացի եղբայր ժողովուրդներից շատերը Ճապոնիայի կողմից տարածաշրջանում քաղաքական առաջատար դեր ստանձնելու ցանկացած հավակնությանը թշնամանքով են վերաբերվում։

Ճապոնիայի նման զսպված քաղաքական դիրքորոշումն իր հերթին Միացյալ Նահանգներին է թույլ տալիս Հեռավոր Արևելքում առանցքային դեր խաղալ անվտանգության գործում։ Այսպիսով՝ Ճապոնիան աշխարհառազմավարական խաղացող չէ, չնայած ունի այդպիսին դառնալու ներուժ (հատկապես, եթե Չինաստանը կամ Ամերիկան հանկարծ վերանայեն իրենց ներկայիս քաղաքականությունը), և սա Միացյալ Նահանգներին ավելի է պարտավորեցնում, որ խնամքով վերաբերվի ճապոնա-ամերիկյան հարաբերություններին։ Ամերիկան պետք է ուշադրություն դարձնի ոչ թե Ճապոնիայի արտաքին քաղաքականությանը՝ հսկելով այն, այլ ճապոնական զսպվածությանը՝ այն խնամքով պահպանելու ու խթանելու համար։ Ճապոնա-ամերիկյան քաղաքական կապերի ցանկացած էական թուլացումն անմիջապես ազդելու է տարածաշրջանի կայունության վրա։

Աշխարհառազմավարական ակտիվ խաղացողների ցանկում Ինդոնեզիային չընդգրկելն ավելի հեշտ է արդարացնել։ Ինդոնեզիան կարևոր երկիր է Հարավարևելյան Ասիայում, սակայն նույնիսկ բուն տարածաշրջանում ազդեցություն ունենալու նրա հնարավորությունները սահմանափակված են այն պատճառով, որ Ինդոնեզիայի տնտեսությունը թերզարգացած է, ներքաղաքական վիճակն անկայուն է, կղզիախումբը ցրված է, հակում կա էթնիկական հակամարտությունների, որոնք հատկապես սրվում են երկրի ֆինանսական ոլորտում չինացի փոքրամասնության առանցքային դերակատարմամբ։ Ինդոնեզիան ինչ-որ առումով կարող էր լուրջ խոչընդոտ դառնալ հարավային ուղղությամբ Չինաստանի նկրտումների համար։ Ի վերջո, Ավստրալիան, որը որոշ ժամանակ խուսափում էր ինդոնեզական էքսպանսիոնիզմից, հետագայում ողջունելով անվտանգության ոլորտում ինդոնեզա-ավստրալական ավելի սերտ համագործակցությունը՝ ընդունել է դա։ Տարածաշրջանում գերիշխող դերակատար համարվելու համար Ինդոնեզիան պետք է քաղաքական համախմբման ու տնտեսական հաջողության որոշակի փուլ անցնի։

Հնդկաստանը, ընդհակառակը, արդեն իսկ գտնվում է տարածաշրջանային տերության կայացման փուլում և իրեն ընկալում է որպես հավանական խոշոր համաշխարհային խաղացող։ Այն ինքն իրեն տեսնում է նաև Չինաստանի մրցակցի դերում։ Բացառված չէ, որ այդպիսով այն գերագնահատում է իր երկարաժամկետ հնարավորությունները, բայց կասկած չկա, որ Հնդկաստանը Հարավային Ասիայի ամենահզոր երկիրն է՝ տեսակով հեգեմոն, և այդպիսին դարձել է ոչ թե Պակիստանին վախեցնելու կամ շանտաժի ենթարկելու, այլ Չինաստանի միջուկային զինանոցը հավասարակշռելու համար։ Իր տարածաշրջանային դերի առնչությամբ Հնդկաստանն աշխարհառազմավարական տեսլական ունի թե՛ իր հարևանների հետ հարաբերությունների և թե՛ Հնդկական օվկիանոսի մասով։ Ինչևէ, այս փուլում Հնդկաստանի հավակնություններն ընդամենն աննշանորեն են հատվում Ամերիկայի եվրասիական շահերի հետ, ուստի որպես աշխարհառազմավարական խաղացող՝ Հնդկաստանն աշխարհաքաղաքական անհանգստության աղբյուր չէ, համենայն դեպս, ինչպես Ռուսաստանն ու Չինաստանն են։

Ուկրաինան եվրասիական շախմատային տախտակի նոր և կարևոր դիրք է՝ աշխարհաքաղաքական առանցք, քանի որ դրա՝ որպես անկախ պետության գոյությունն ինքնին թույլ է տալիս փոխակերպել Ռուսաստանը։ Առանց Ուկրաինայի Ռուսաստանը կդադարի լինել եվրասիական կայսրություն։ Առանց Ուկրաինայի Ռուսաստանը դեռ կարող է պայքարել կայսերական կարգավիճակի համար, բայց այդ դեպքում այն կդառնա գերազանցապես ասիական կայսերական պետություն և այդ կերպ ամենայն հավանականությամբ կներքաշվի թուլացնող հակամարտությունների մեջ՝ վերելք ապրող կենտրոնասիական երկրների հետ, որոնք վերջերս ձեռք բերած անկախությունը կորցնելու վտանգից մտահոգ՝ կապավինեն հարավի բարեկամաբար տրամադրված իսլամական պետությունների օժանդակությանը։ Հաշվի առնելով տարածաշրջանի նորանկախ պետությունների հանդեպ ունեցած իր հետաքրքրությունները՝ Չինաստանը հավանաբար ևս դեմ կլինի Կենտրոնական Ասիայում ռուսական գերակայության ցանկացած վերականգնմանը։ Բայց եթե Մոսկվային հաջողվի վերականգնել 52 միլիոն բնակչություն և խոշոր ռեսուրսներ, ինչպես նաև դեպի Սև ծով ելք ունեցող Ուկրաինայի նկատմամբ հսկողությունը, ապա Ռուսաստանն ինքնաբերաբար հնարավորություն կստանա վերստին դառնալու հզոր կայսերական պետություն՝ ծավալվելով և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում։ Ուկրաինայի անկախության կորուստն անմիջական հետևանքներ կունենա Կենտրոնական Եվրոպայի համար, ինչի արդյունքում Լեհաստանը կդառնա միավորված Եվրոպայի արևելյան սահմանագծի աշխարհաքաղաքական առանցք։

Չնայած փոքր տարածքին ու փոքրաթիվ բնակչությանը՝ Ադրբեջանն իր ահռելի էներգետիկ ռեսուրսներով աշխարհաքաղաքական իմաստով առանցքային երկիր է։ Այն Կասպյան ավազանի և Կենտրոնական Ասիայի հարստությունները պարունակող "շշի խցանն է"։ Եթե Ադրբեջանը լիովին ենթարկվի Մոսկվայի վերահսկողությանը, ապա Կենտրոնական Ասիայի պետությունների անկախությունը կարելի է գրեթե անիմաստ համարել։ Եթե Ադրբեջանի անկախությունը վերանա, այդ երկրի սեփական ու բավական նշանակալի նավթային ռեսուրսները նույնպես կարող են ենթարկվել Ռուսաստանի վերահսկողությանը։ Անկախ և Արևմուտքի շուկաների հետ Ռուսաստանի վերահսկողության տակ չգտնվող նավթամուղերով կապված Ադրբեջանը կարող է էներգիա սպառող տնտեսությունների համար դառնալ առաջատար և խոշոր մայրուղի դեպի էներգառեսուրսներով հարուստ կենտրոնասիական հանրապետություններ։ Ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ապագան որոշիչ նշանակություն ունի այն հարցում, թե ինչ կարող է կամ առհասարակ չի կարող դառնալ Ռուսաստանը։

Թուրքիան և Իրանը, օգտվելով Ռուսաստանի հսկողությունը կորցնելու հանգամանքից, փորձում են որոշակի ազդեցություն հաստատել Կասպյան-կենտրոնասիական տարածաշրջանում։ Այդ պատճառով նրանց կարելի է համարել աշխարհառազմավարական խաղացողներ։ Սակայն այս երկու պետություններն էլ բախվում են լրջագույն ներքաղաքական խնդիրների, իսկ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխելու նրանց կարողությունները սահմանափակ են։ Բացի դրանից՝ նրանք մրցակիցներ են, ուստի միմյանց ազդեցությունները զրոյացնում են։ Օրինակ՝ Ադրբեջանի հարցում, որտեղ Թուրքիան ազդեցիկ դերակատարման է հասել, Իրանի դիրքորոշումը (պայմանավորված է իր տարածքում ադրբեջանցիների հավանական ազգայնական անկարգությունների շուրջ մտահոգություններով) օգտակար է Ռուսաստանի համար։

Սակայն և՛ Թուրքիան, և՛ Իրանը առաջին հերթին կարևոր աշխարհաքաղաքական առանցքներ են։ Թուրքիան կայունացնում է Սևծովյան տարածաշրջանը, վերահսկում է այնտեղից ելքը դեպի Միջերկրական ծով, Կովկասում հակակշռում է Ռուսաստանին, դեռևս շարունակում է մնալ «հակաթույն» իսլամական արմատականության դեմ՝ ծառայելով որպես ՆԱՏՕ-ի հարավային խարիսխ։ Ապակայունացված Թուրքիան, ըստ ամենայնի, հարավային Բալկաններում մեծ բռնությունների տեղիք կտար՝ Ռուսաստանին միաժամանակ հնարավորություն տալով հսկողություն հաստատել Կովկասի նորանկախ պետությունների նկատմամբ։ Չնայած Ադրբեջանի հանդեպ երկակի վերաբերմունքին՝  Իրանը  նույն կերպ կայունացնող օժանդակություն է ցուցաբերում Կենտրոնական Ասիայի նոր քաղաքական բազմազանությանը։ Այն գերակայություն ունի Պարսից ծոցի արևելյան ափին, իսկ նրա անկախությունը, անկախ Միացյալ Նահանգների հանդեպ այսօր ունեցած թշնամանքից, Պարսից ծոցում Միացյալ Նահանգների շահերի դեմ ռուսական երկարաժամկետ սպառնալիքների առջև կանգնած պատնեշ է։

Ի վերջո, Հարավային Կորեան Հեռավոր Արևելքի աշխարհաքաղաքական առանցքն է։ Միացյալ Նահանգների հետ նրա սերտ կապերն Ամերիկային թույլ են տալիս Ճապոնիայի համար վահանի դեր կատարել՝ այս կերպ կանխելով, որ այն վերածվի անկախ ու հզոր ռազմական տերության, որտեղ չի լինի ամերիկյան ճնշող ներկայություն։ Հարավային Կորեայի կարգավիճակի ցանկացած էական փոփոխություն՝ միավորում կամ Չինաստանի ընդլայնվող ազդեցության գոտու մեջ ընդգրկում անպայմանորեն արմատապես փոխելու է Հեռավոր Արևելքում Ամերիկայի դերակատարությունը՝ փոխելով նաև Ճապոնիայի դերակատարությունը։ Բացի այդ՝ Հարավային Կորեայի աճող տնտեսական հզորությունն այդ երկիրն ինքնին դարձնում է ավելի կարևոր «տարածք», որի նկատմամբ վերահսկողությունը գնալով ավելի արժեքավոր է դառնում։

Աշխարհառազմավարական խաղացողների և աշխարհաքաղաքական առանցքների վերը տրված ցանկը ո՛չ մշտական է, ո՛չ էլ անփոփոխ։ Ժամանակ առ ժամանակ որոշ պետություններ կարող են ներառվել կամ դուրս մնալ այդ ցանկից։ Անշուշտ, ինչ-որ առումով կարող է պատահել այնպես, որ կարիք լինի վերջինում ընդգրկելու նաև Թայվանը, Թայլանդը, Պակիստանը, գուցե նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը։ Սակայն ներկա փուլում թվարկվածների պարագայում հիմնավորումները սպառիչ չեն։ Նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի փոփոխությունը նշանակալի իրադարձություն կլինի՝ փոփոխություններ առաջ բերելով ուժային դասավորումներում, բայց կասկածելի է, որ այդքանից ավելի հեռուն գնացող հետևանքներ կարող են լինել։ Միակ բացառությունը կարող էր լինել Թայվանը, սակայն եթե այն Չինաստանից առանձին դիտարկվեր։ Բայց նույնիսկ այդ դեպքում հարցի սրությունը կաճեր միայն այն ժամանակ, եթե Չինաստանը համարձակվեր, ի հեճուկս Միացյալ Նահանգների, էական ուժի գործադրմամբ գրավել կղզին՝ մարտահրավեր նետելով Միացյալ Նահանգներին և այդպիսով ավելի լայն սպառնալիք ստեղծելով Հեռավոր Արևելքում Ամերիկայի քաղաքական հեղինակության համար։ Իրադարձությունների նման ելքը քիչ հավանական է, սակայն Չինաստանի ուղղությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը մշակելիս այդ ամենը չպետք է մոռացության մատնել։

Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...