Skip to main content

Աշխարհաքաղաքականություն և աշխարհառազմավարություն

 

Ամերիկայի գլոբալ գերակայության իրացման ընթացքում պետք է հաշվի առնել այն նուրբ փաստը, որ քաղաքական աշխարհագրությունը միջազգային հարաբերություններում սկզբունքային նշանակություն ունի։ Ասում են՝ Նապոլեոնը մի առիթով ասել է՝ եթե տիրապետում ես երկրի աշխարհագրությանը, ապա գիտես նաև այդ երկրի արտաքին քաղաքականությունը։ Սակայն «քաղաքական աշխարհագրություն» հասկացության մեր ընկալումները պետք է հարմարեցվեն ուժային նոր իրողություններին։

Միջազգային հարաբերությունների պատմության մեծ մասում քաղաքական հակամարտությունները սևեռված են եղել տարածքի նկատմամբ հսկողության խնդրի վրա։ Ազգայնականության ի հայտ գալուց ի վեր արյունալի պատերազմների մեծ մասի պատճառը կա՛մ նոր տարածքներ գրավելուն ուղղված սեփական ազգայնական ձգտումները բավարարելն էր, կա՛մ էլ ազգային կորստի զգացումը՝ պայմանավորված «սրբազան» հողերի կորուստներով։ Չափազանցություն չի լինի ասելը, որ տարածքային հրամայականն ազգ-պետության վարքագիծը կառավարող հիմնական խթանն էր։ Կայսրությունները ևս ստեղծվում էին հանգամանորեն մտածված նվաճումներով ու կենսական կարևորության ունեցվածքը պահպանելով, ինչպես, օրինակ, Ջիբրալթարը, Սուեզի ջրանցքը կամ Սինգապուրը, որոնք կայսերական վերահսկողության տեսանկյունից ամրոցի կամ արգելապատնեշի դեր էին խաղում։

Ազգայնականության և տարածքային նվաճումների միջև կապի լավագույն դրսևորումներն ի ցույց են դրել նացիստական Գերմանիան և Ճապոնիան։ «Հազարամյա ռեյխ» կառուցելու փորձը դուրս էր բոլոր գերմանախոս ժողովուրդներին քաղաքական մեկ հարկի տակ միավորելու խնդրի սահմաններից և կենտրոնացած էր նաև ինչպես Ուկրաինայի «ամբարների», այնպես էլ սլավոնական այլ հողերի նկատմամբ հսկողություն սահմանելու ցանկության վրա, իսկ այդ հողերի վրա ապրող բնակչությունն էլ պետք է  էժան ստրկական աշխատանք ապահովեր կայսերական տիրապետության համար։ Ճապոնացիները ևս կենտրոնացել էին այն մտքի վրա, որ Մանջուրիայի ուղիղ տարածքային հսկողությունը, իսկ ավելի ուշ՝ նաև նավթաբեր հոլանդական Օստ Ինդիայի նկատմամբ տարածքային հսկողությունն էապես կարևոր էր ազգային հզորության ու գլոբալ կարգավիճակի հասնելու ճապոնական ձգտումների բավարարման համար։ Նույն կերպ դարեր շարունակ ռուսական ազգային վսեմությունը նույնականացվել է տարածքային ձեռքբերումների հետ, և նույնիսկ 20-րդ դարավերջին ռուսների համառ պնդումները, թե անհրաժեշտ է պահպանել կենսական կարևորություն ունեցող նավթամուղի մոտ ապրող ոչ ռուս ժողովրդի՝ չեչենների նկատմամբ հսկողությունը, արդարացվում էին հայտարարություններով, որ այդ հսկողությունը սկզբունքային կարևորություն ունի Ռուսաստանի՝ որպես հզոր տերության կարգավիճակի համար։

Ազգ-պետությունները շարունակում են մնալ համաշխարհային համակարգի հիմնական միավորները։ Թեև մեծապետական ազգայնականության անկումն ու գաղափարական տարրի խամրումը նվազեցրել են գլոբալ քաղաքականության հուզական բովանդակությունը, իսկ միջուկային զենքն էլ ուժի գործադրման հարցում բավական լուրջ զսպող դեր է հաստատել, միևնույնն է, տարածքներ տիրելու վրա հիմնված մրցակցությունը շարունակում է տարածված մնալ միջազգային հարաբերություններում նույնիսկ այն պարագայում, երբ դրա դրսևորման ձևերը ներկայումս միտված են ավելի քաղաքակիրթ դառնալուն։ Այդ մրցակցության շրջանակներում ազգ-պետության արտաքին քաղաքական գերակայությունների սահմանման տեսանկյունից աշխարհագրական դիրքը շարունակում է մնալ մեկնակետ, իսկ ազգային տարածքի սահմանները, ինչպես և նախկինում, կարգավիճակի և ուժի տեսանկյունից համարվում են կարևորագույն չափանիշ։ Սակայն ավելի ուշ ազգ-պետություններից շատերի համար տարածքային ձեռքբերումների հարցն սկսեց կորցնել իր երբեմնի նշանակությունը։ Իսկ այն, որ տարածքային վեճերը որոշ պետությունների դեպքում դեռ շարունակում են մնալ արտաքին քաղաքականության ձևավորման կարևոր գործոն, դա ոչ թե տարածքի ընդլայնման միջոցով ազգային կարգավիճակն ամրապնդելու խնդիր է հետապնդում, այլ առավելապես վիրավորվածության հարց է այն առումով, որ իրենց էթնիկ եղբայրները զրկված են ինքնորոշվելու իրավունքից և այդ կերպ իրենց «մայր հայրենիքին» միանալուց, կամ էլ հարևանը ենթադրյալ վատ վերաբերմունք է դրսևորում էթնիկ փոքրամասնության նկատմամբ։

Կառավարող ազգային վերնախավերն աստիճանաբար հակվում են այն տեսակետին, որ պետության ազգային կարգավիճակի սահմանման կամ դրա միջազգային ազդեցության մակարդակի հարցում սկզբունքային նշանակություն ունեն ոչ թե տարածքային, այլ բոլորովին այլ գործոններ։ Տնտեսական սխրագործությունն ու դրա վերածումը տեխնոլոգիական նորարարությունների նույնպես կարող են դիտարկվել ուժի առանցքային չափորոշիչ։ Ասվածի վառ օրինակը Ճապոնիան է։ Այնուամենայնիվ, աշխարհագրական դիրքը տակավին որոշում է պետության ռազմական, տնտեսական ու քաղաքական հզորությունը, այնքան մեծ է անմիջական հարևաններից անդին այդ պետության կենսական աշխարհաքաղաքական շահերի, ազդեցության ու ներգրավվածության շառավիղը։

Մինչև վերջերս աշխարհաքաղաքականության առաջատար մասնագետները բանավիճում էին՝ ավելի կարևոր է ցամաքի՞, թե՞ ծովի նկատմամբ հսկողությունը, և Եվրասիայի ո՞ր տարածաշրջանը ամբողջ մայրցամաքի նկատմամբ հսկողություն սահմանելու տեսանկյունից կենսական կարևորություն ունի։ Աշխարհաքաղաքականության հայտնի մասնագետներից Հելֆորդ Մաքինդերը 20-րդ դարասկզբին նախաձեռնեց մի բանավեճ, որի արդյունքում ծնվեց եվրասիական «առանցքային տարածքի» հայեցակարգը (որը, ինչպես նշվում էր, պետք է ընդգրկեր ամբողջ Սիբիրը և Կենտրոնական Ասիայի մեծ մասը), իսկ ավելի ուշ ի հայտ եկավ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի «սիրտ» լինելու հայեցակարգը՝ որպես մայրցամաքի նկատմամբ գերակայության հասնելու համար կենսական նշանակության ցատկահարթակ։ Մաքինդերն իր «Հարթլենդի» հայեցակարգը հայտնի դարձրեց նշանավոր ասույթով

«Ով հսկում է Արևելյան Եվրոպան, տիրում է «Հարթլենդին»։

Ով հսկում է «հարթլենդը», տիրում է «Համաշխարհային կղզուն»։

Ով հսկում է «Համաշխարհային կղզին», տիրում է ողջ աշխարհին»։

Իրենց երկրի «Ցատկ դեպի Արևելք» հայեցակարգն արդարացնելու համար գերմանացի որոշ առաջատար քաղաքական աշխարհագրագետներ նույնպես հղում են արել աշխարհաքաղաքականությանը, ինչպես, օրինակ, Կառլ Հաուսհոֆերի կողմից Մաքինդերի հայեցակարգի հարմարեցումն էր գերմանական ռազմավարական կարիքներին։ Այդ հայեցակարգի ավելի գռեհիկ մեկնաբանության հանդիպում ենք Ադոլֆ Հիտլերի մոտ, երբ վերջինս շեշտադրում էր գերմանական ազգի համար կենսատարածքի անհրաժեշտությունը։ Հարյուրամյակի առաջին կեսի եվրոպացի այլ մտածողներ կանխատեսում էին, որ աշխարհաքաղաքական ձգողականության կենտրոնը կտեղաշարժվի դեպի Արևելք, իսկ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, մասնավորապես Ամերիկան ու Ճապոնիան կդառնան Եվրոպայի մարող գերակշռության հավանական ժառանգորդները։ Նման տեղաշարժերը կասեցնելու համար ֆրանսիացի քաղաքական աշխարհագրագետ Պոլ Դեմանժոնը, նաև ուրիշներ, դեռ երկրորդ աշխարհամարտից առաջ հանդես էին գալիս եվրոպական պետությունների մասնակցությամբ մեծ միավորման կայացման անհրաժեշտության դիրքերից։

Ներկայումս աշխարհաքաղաքականության հարցադրումն այլևս չի հանգում նրան, թե Եվրասիայի աշխարհագրական որ մասն է առանցքային՝ մայրցամաքի նկատմամբ տիրապետություն հաստատելու համար, և ոչ էլ այն, թե որն է ավելի կարևոր՝ ցամաքայի՞ն, թե՞ ծովային տերությունը։ Աշխարհաքաղաքականությունը տարածաշրջանայինից տեղաշարժվել է դեպի գլոբալ հարթություն, բայց համաշխարհային գերազանցության հասնելու համար Եվրասիա մայրցամաքի նկատմամբ հսկողության խնդիրը շարունակում է առանցքային մնալ։ Ներկայումս ոչ եվրասիական տերություն Միացյալ Նահանգներն ունի միջազգային գերակայություն, և նրա իշխանությունն անմիջականորեն տարածվում է Եվրասիա մայրցամաքի 3 ծայրամասային շրջանների վրա՝ այնտեղից էլ ազդեցություն գործելով մայրցամաքի «հինթերլանդի» վրա։ Բայց խնդիրն այն է, որ Ամերիկայի հավանական հակառակորդը կարող է ի հայտ գալ հենց աշխարհի ամենակարևոր խաղադաշտում՝ Եվրասիայում։ Ուստի Եվրասիայում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի երկարաժամկետ կառավարման տեսանկյունից ԱՄՆ-ի կողմից աշխարհառազմավարության մշակման համար ելակետային պետք է լինի ուշադրության կենտրոնացումը՝ Եվրասիայում գործող հիմնական դերակատարների, ինչպես նաև առկա գործընթացների ճիշտ գնահատման վրա։ Ուստի անհրաժեշտ է ձեռնարկել երկու կարևորագույն քայլ։

Առաջին՝ բացահայտել աշխարհառազմավարական տեսանկյունից ակտիվ եվրասիական այն երկրները, որոնք ի վիճակի են ազդեցություն ունենալ ուժերի միջազգային բաշխվածության փոփոխության վրա, և գուշակել այդ երկրների քաղաքական վերնախավերի արտաքին քաղաքական հիմնական նպատակները՝ մատնանշելով այն բոլոր հավանական հետևանքները, որոնք ի հայտ կգան այդ նպատակները կյանքի կոչելու դեպքում, հստակ մատնանշել աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր եվրասիական այն երկրները, որոնց դիրքը կամ գոյությունը կարող է կատալիզատորի դեր խաղա; գործող աշխարհառազմավարական դերակատարների կամ տարածաշրջանում համապատասխան պայմանների ձևավորման համար։

Երկրորդ՝ ԱՄՆ կենսական շահերի պահպանման և առաջմղման համար ձևակերպել Միացյալ Նահանգների հստակ քաղաքականություն, որը թույլ կտա փոխհատուցել, համագործակցության հուն բերել կամ հսկողության տակ առնել վերը թվարկված գործընթացները, ինչպես նաև կազմել աշխարհառազմավարության ավելի ընդգրկուն հայեցակարգ, որը թույլ կտա գլոբալ մասշտաբով փոխկապվածություն հաստատել ԱՄՆ քաղաքական կուրսերի միջև։

Կարճ ասած՝ եվրասիական ուղղության աշխարհառազմավարությունը Միացյալ Նահանգների համար պետք է ենթադրի աշխարհառազմավարական առումով ակտիվ երկրների նպատակային կառավարում, ինչպես նաև զգուշավոր վերաբերմունք աշխարհաքաղաքական առումով կատալիզատոր-պետությունների նկատմամբ այս գործընթացները պետք է միտված լինեն ԱՄՆ-ի համար հավասարաչափ նշանակություն ունեցող 2 շահերի հետապնդմանը՝ կարճաժամկետ հեռանկարում պահպանել իր բացառիկ գլոբալ իշխանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում այն փոխարկել ավելի ինստիտուցիոնալացված գլոբալ մրցակցության։ Հին կայսրությունների ժամանակաշրջանի ավելի կոշտ բառապաշարով ասած՝ կայսերական աշխարհառազմավարության 3 խոշոր հրամայականներն են՝ կասեցնել վասալների շրջանում հավանական դավադրությունները և պահպանել նրանց կախվածությունն համընդհանուր անվտանգային միջավայրից, պահպանել ենթակաների հպատակությունը, ապահովել նրանց պաշտպանությունը և թույլ չտալ բարբարոսների միավորում։

Նյութի աղբյուրը՝ Զբիգնև Բժեզինսկի- «Շախմատային մեծ տախտակ»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...