Հարավային
Կովկասում Միացյալ Նահանգները չի վարում հետևողական ինտերվենցիոնիստական քաղաքականություն,
այստեղ ամերիկացիները ապավինում են փափուկ, և ոչ թե կոշտ ուժին։ Տեսանելի ապագայում
Միացյալ Նահանգների հետ դաշնակցային մակարդակի հարաբերություններ ունենալու հնարավորություն
այս տարածաշրջանում թերևս ունի միայն Վրաստանը։
2003 թվականի
նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունը» ստեղծեց նշանակալի հնարավորություններ՝
արտաքին քաղաքական կողմնորոշումը անշրջելիորեն դեպի արևմուտք ուղղելու համար։ Վրաստանում
Շևարդնաձեի ռեժիմին փոխարինելու եկավ նախկին արդարադատության նախարար Միխեիլ Սաակաշվիլին,
և ի տարբերություն Շևարդնաձեի (ով նախկինում ղեկավարում էր սովետական Վրաստանը, իսկ հետագայում զբաղեցրեց Սովետական Միության արտգործնախարարի
պաշտոնը։ Այդ տարիներին Ադրբեջանում իշխանության
էր եկել նույնպես սովետական նախկին չինովնիկ՝ Հեյդար Ալիևը։ Հայաստանում նույնպես սպասվում
էր, որ 1974-1988 թվականներին Սովետական Հայաստանը ղեկավարած Կարեն Դեմիրճյանը իշխանության
կգա, բայց դա տեղի չունեցավ) աչքի էր ընկնում լիբերալ մոտեցումներով և եվրոպական աշխարհայացքով,
ով իհարկե պատրաստվում էր Վրաստանը դարձնել եվրոպական ընտանիքի և «ազատ աշխարհի» անդամ։
Սաակաշվիլին
ներքին կյանքում հաջողությունների հասնելով, 2008 թվականին փորձեց ազատագրել Հարավային
Օսիան և Աբխազիան, չնայած պատերազմի սկզբում, երբ Վրաստանը հասել էր որոշ հաջողությունների՝
Ռուսաստանը միջամտեց և վրացական ուժերին ամբողջությամբ դուրս շպրտեց Աբխազիայից և Հարավային
Օսիայից։ Այնուհետև շարունակելով առաջխաղացումը՝ ռուսները շարժվեցին մայրաքաղաք Թբիլիսիի
ուղղությամբ՝ փաստի առաջ կանգնեցնելով Միխեիլ Սաակաշվիլուն։
Երբ ռուսական
ուժերին Թբիլիսին գրավելուց և Վրաստանում գործող ռեժիմին տապալելուց բաժանում էր մի
քանի կիլոմետր (որն ընդամենը ժամերի հարց էր)՝ Սաակաշվիլուն այլ բան չէր մնում, քան
նեղսրտած զանգահարել ԱՄՆ պետքարտուղարին։ Քոնդոլիզա Ռայսն այդպես էլ չպատասխանեց Սաակաշվիլու
զանգերին, իսկ Վրաստանի նախագահը ստիպված էր միայն «համտեսել սեփական փողկապը»։
Ի երջանկություն
վրաց ժողովրդի՝ օգոստոսի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ջանքերով կողմերի
միջև կնքվեց զինադադար, այն բաղկացած էր 6 կետից (ի սկզբանե՝ 4, բայց վերջին երկուսը
հավելվեց ռուսների առաջարկությամբ)․
Ուժի կիրառման բացառում
Ռազմական գործողությունների վերջնական դադարեցում
Փախստականների վերադարձ և հումանիտար աջակցություն
Վրաստանի զինված ուժերի վերադարձ՝ նախկինում զբաղեցրած դիրքեր
Ռուսական ուժերը պետք է վերադառնան բախումներից առաջ զբաղեցրած դիրքեր (ռուս խաղաղապահների տեղակայում՝ 6 ամսով)
Սկսել միջազգային քննարկում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի երկարաժամկետ անվտանգության ապահովման շուրջ
Արդյունքում Սաակաշվիլու չհաշվարկված արկածախնդրության պատճառով հարյուրավոր անձինք
զոհվեցին, Վրաստանը մոտ ապագայում կորցրեց եվրաինտեգրվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու
շանսերը, էլ ավելի սրվեց հարաբերությունները իր անմիջական հարևանի հետ և միջազգային
հանրության կողմից ընկալվեց «ապուշ», ով իր ժողովրդին տարավ պարտության։
Սարկոզին իր մեմուարներում անկեղծանում էր․ «Իրավիճակը
ամբողջովին անընդունելի էր, բայց ես պետք է ազնվորեն ընդունեմ, որ Վրաստանի նախագահ
Սաակաշվիլին արեց ամեն բան՝ իրավիճակը սրելու համար»։
Վրաստանի հարևան, տարածաշրջանի մյուս պետության՝ Հայաստանի հետ հարաբերություններում
ԱՄՆ շահերը մի փոքր այլ են, ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն
է և անդամակցում է վերջինիս կողմից համահիմնադրված Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպությանը։
Թերևս հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմության գագաթնակետին են եղել Հայաստանի
անկախության առաջին տարիներին, սա միակ դեպքն էր, երբ Հայաստանի Հանրապետության հիմնադիր
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենաբարձր կարգի ընդունելության է արժանացել Սպիտակ տանը,
նախագահ Ջորջ Բուշ Ավագի կողմից։ Նախագահ Տեր-Պետրոսյանի մասին այդ ժամանակ Միացյալ
Նահանգներում խոսում էին մեծագույն հիացմունքով, նախագահ Բուշը հայտարարել էր․ «Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը
նախկինում բանտարկվել էր իր գաղափարների համար, մեծ համազգային շարժում է առաջնորդում,
որպեսզի վերափոխի տնտեսական մոդելը և ազատագրի իր ժողովրդին քաղաքական հալածանքներից»։
Լևոն Տեր-Պետրոսյան լիբերալ գործիչը բնականաբար ընդունելի էր Միացյալ Նահանգների համար։
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում իր կարևոր ներդրումն է ունեցել
Միացյալ Նահանգները, որը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ մեկտեղ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող
երկրներից էր։ Չնայած Հայաստանում եղած սպասումներին՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ
լուրջ ճիգեր չգործադրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման ուղղությամբ։
Հայաստանյան իշխող վերնախավերը՝ նախկին երեք նախագահները, հասկանում էին այն պարզ
ճշմարտությունը, որ չարժե Միացյալ Նահանգներից և արևմտյան պետություններից ակնկալել
որևէ նշանակալի քայլ։ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր․ «Արևմուտքի համար մեր նման՝ հետխորհրդային հանրապետությունները
արժեք ունեն միայն այն դեպքում, թե ինչքան պրոբլեմներ կստեղծեն Ռուսաստանի համար»,
նաև բազմիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասը Արևմուտքի համար զուտ ռուսական ազդեցության
գոտի է։
Կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները (և Արևմուտքը) փափուկ
ուժը երբեք չի փոխարինելու կոշտ ուժով և որևէ նշանակալից միջամտության չի դիմելու,
թերևս Հայաստանի առաջին հանրապետությանը ռուս-թուրքական ուժերի առաջ միայնակ թողելը
և ֆրանսիական զորքերի Կիլիկիան լքելը վերոնշյալ պնդումների լավագույն օրինակն են․․․
Հարկավոր է առերեսվել մի պարզ ճշմարտության․ Հարավային
Կովկասը Միացյալ Նահանգների համար չունի և չի կարող ունենալ կենսական նշանակություն։
Նյութի աղբյուրը՝ Արի Անդրանիկյան- «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ»
Comments
Post a Comment