Skip to main content

Թուրքական գործոնն արցախյան երրորդ պատերազմում

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց անմիջապես հետո, հստակորեն ուրվագծվեց Թուրքիայի գործոնը Անկարան ամենաբարձր մակարդակով իր լիարժեք աջակցությունը հայտնեց Բաքվին։

Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին որոշակի փոփոխություններով մշտապես առկա է եղել արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում։ Անկարան չի էլ փորձել թաքցնել, որ արցախյան հարցում լիարժեք ու հնարավոր բոլոր տարբերակներով աջակցում է Բաքվին, ավելին՝ 1993 թվականին հայկական զինված ուժերի կողմից Քարվաճառն ազատագրելուց հետո Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի միակողմանի փակումն էլ էր աջակցություն Ադրբեջանին, որի արդյունքում էլ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան գործոնը՝ որպես նախապայման, որոշիչ դարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններում։

Թուրքիայի՝ արցախյան զարգացումներում ներգրավվելու դրդապատճառներն առավելապես բխում էին հարավկովկասյան տարածաշրջանում դերակատարումը մեծացնելու վերջինիս նպատակներից։ Սա գերակա ուղղորդիչ էր և՛ արցախյան առաջին պատերազմում, և՛ ապրիլյան քառօրյայի ընթացքում, և՛ 2020 թվականի պատերազմում Թուրքիայի կեցվածքի համար։

Անկարայում լավ էին հասկանում, որ սիրիական ճակատում որոշակի դերակատարում ստանձնելուց, մասնավորապես Աստանայի ձևաչափի անդամ դառնալուց ու այնտեղ իր դիրքերն ամրապնդելուց հետո բարենպաստ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում՝ որպես տարածաշրջանային ուժ ամրանալու համար։ Արցախյան հակամարտությունն այս առումով «լավագույն» հարթակն էր, որտեղ մի խնդիր կար ստատուս քվոն պետք էր փոխել։ Ստատուս քվոյի փոփոխությունը հնարավորություն կտար Թուրքիային հերթական անգամ փորձելու ներգրավվում ունենալ բանակցային գործընթացում, անմիջական մասնակից, միջնորդ դառնալու քաղաքական գործընթացներում նպատակ, որին Թուրքիան չէր հաջողել հասնել առաջին պատերազմի արդյունքում։ Այն ժամանակ Թուրքիան հասավ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամության՝ չընդգրկվելով, սակայն, բանակցային գործընթացում անմիջական միջնորդական առաքելություն ստանձնած համանախագահության կազմում։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, նոր իշխանությունների մոտեցումները, հայտարարություններն ու գործողությունները, որոնց արդյունքում արցախյան կարգավորման համատեքստում Հայաստանի համար բավական անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվել, Թուրքիայի կողմից ընկալվեցին որպես նոր հնարավորություն։ Հնարավոր պատերազմն ու դրա արդյունքները, Թուրքիայի ընկալմամբ, կարող էին նպաստել իր կողմից դրված նպատակների իրականացմանը։ Սրան հասնելու համար Ադրբեջանի հետ աշխատանքի նոր դաշտ բացվեց, սկսեցին պարբերական բնույթ կրել համատեղ զորավարժությունները։

Բաքվին ուղղված Անկարայի աջակցությունն էական փոխակերպման ենթարկվեց՝ ձևափոխվելով ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության հենց պատերազմի դաշտում։ Սա փորձարկվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը՝ տավուշյան դեպքերի ընթացքում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ այս համագործակցությունն առավել քան տեսանելի էր, և այս մասին բարձրաձայնում էին նաև Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին: Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանին ուղղված թուրքական բացահայտ աջակցության մասին ակտիվորեն գրում էր նաև միջազգային մամուլը, Թուրքիայի ներգրավվածության հարցն ամենօրյա կտրվածքով քննարկվում էր բարեկամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու հեռախոսազրույցների ընթացքում։ Ավելին, Անկարան ամենաբարձր մակարդակով չէր էլ թաքցնում և հրապարակայնորեն խոսում էր այն մասին, որ «պատրաստ է Ադրբեջանին աջակցել նաև ռազմի դաշտում»։

Արցախյան երրորդ պատերազմում Թուրքիայի մասնակցության մանրամասների ու դերակատարման մասին հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական զինված ուժերի որոշակի ուժեր շարունակել են մնալ Ադրբեջանի տարածքում, և նրանք էլ կարևոր դերակատարում են ունեցել Արցախի դեմ ռազմական օպերացիայի ծրագրման ու իրականացման գործում։ Նույն պարբերականն անդրադարձել էր նաև Սիրիայում ու Լիբիայում կռվող իսլամիստական խմբավորումներից զինյալներ հավաքագրելու ու Ադրբեջան տեղափոխելու Թուրքիայի գործողություններին։

Ադրբեջանի կողմից վարձկան զինյալների ներգրավման փաստի մասին սեպտեմբերի 30-ին խոսեց նաև պաշտոնական Մոսկվան՝ ԱԳՆ մակարդակով հայտարարելով, որ Սիրիայից ու Լիբանանից անօրինական ռազմական խմբավորումների զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի՝ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով։ Հոկտեմբերի 1-ին ահաբեկիչների մասին հայտարարեց նաև ֆրանսիական կողմը։ Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարեց, որ «Ֆրանսիական հետախուզության տվյալների համաձայն՝ Սիրիայից ջիհադիստական խմբավորումների զինյալներ կան ղարաբաղյան հակամարտության գոտում, որոնք տարածաշրջան են ներթափանցել Թուրքիայի միջոցով»։ Այնուհետև «Sky news Arabia”-ին տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի ներկայացուցիչը ևս հաստատեց այս տեղեկությունը։

Բոլորի համար արդեն ակնհայտ էր՝ Թուրքիան պատերազմին ներգրավված էր անմիջականորեն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն Անկարայի ռազմական մասնակցությունը գնահատում էր որպես նորություն արցախյան հակամարտության մեջ՝ պնդելով, որ Թուրքիայի անմիջական մասնակցությունը կարող է բերել հակամարտության միջազգայնացման, ինչից իրենք բոլորը խուսափում են։

«Անցել է 100 տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը»,- կանադական հեղինակավոր «Գլոբ ընդ Մեյլ»-ին տված հարցազրույցում ասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հնարավոր բոլոր տարբերակներով Ադրբեջանին բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիայի գործողությունները հայտարարությամբ դատապարտեց նաև ՀՀ ԱԺ-ն «Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանի՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին»։

Թուրքիայի կեցվածքի, գործողությունների առնչությամբ միջազգային հանրության համարժեք գնահատականի ու քայլերի բացակայությունը Անկարայի կողմից ընկալվում էր որպես կանաչ լույս։ Թուրքիայի համար բավական նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել նախ պատերազմի ողջ ընթացքում ու դրան հաջորդող ամիսների ընթացքում բավական պասիվ էր Միացյալ Նահանգները։ ԱՄՆ այս կեցվածքը պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով, մասնավորապես նախագահական լարված ընտրապայքարով։ Չզգալով Վաշինգտոնի կողմից ճնշումներ՝ Անկարան լիարժեք ազատ էր իրեն զգում արցախյան զարգացումներում։ Միաժամանակ չի կարելի անտեսել նաև այն, որ ԱՄՆ «բացակայությունը» կամ առնվազն ոչ բավարար քաղաքական ներգրավվածությունը 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի համար կարող էր նաև բացասական հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ, ըստ էության, տարածաշրջանային պայքարում Թուրքիան միայնակ էր մնում Ռուսաստանի դեմ։ Այս հանգամանքի գիտակցումն ու արագ կողմնորոշումը կարող էին լավ հնարավորություն դառնալ առաջին հերթին հայկական կողմի համար ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հետևողական, լուրջ աշխատանք տանելու պարագայում։

Փոխարենը պատերազմի առաջին շրջանում արդեն ակնհայտ էր, որ Թուրքիայի գործողությունները պատշաճ արձագանք չեն ստանում անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, եթե հաշվի չառնվեն, իհարկե, առանձին երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հայտարարությունները։ Թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, թե՛ դրան հաջորդած՝ հոկտեմբերի 5-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ որևէ գնահատական չկար Թուրքիայի հայտարարություններին ու անմիջական գործողություններին։ Ավելին՝ ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ կար բավական ուշագրավ ձևակերպում «Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ»։ Հարկ է հիշել, որ Մինսկի խմբի անդամ երկիր էր նաև Թուրքիան։

Նյութի աղբյուրը՝ Հերմինե Մխիթարյան- «Ընտրված պարտություն արցախյան հակամարտություն արհավիրքի 3 տարի (2018-2021թթ

Comments

Popular posts from this blog

Հիրոյոշի Սեգավա- «Հայերի մոռացված ցեղասպանությունը»

Աիչի Սանգյո համալսարանի նախկին դասախոս, ճապոնացի միջազգայնագետ-իրավաբան Հիրոյոշի Սեգավայի աշխատությունը, որը 2005թ. թարգմանվել է նաև հայերեն՝  https://drive.google.com/drive/u/2/folders/1YCq7J1K8B5fjhdDvPAsBtwPONL5lQj6O

Թուրքիան 1993 թվականին

  1993 թ . ապրիլի 20- ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը ` նախագահ Տեր - Պետրոսյանին , արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին , ընդունում է վարչապետ Դեմիրելը : Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր , պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը : « Դեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց ` սա Հայաստանն է , հայկական հող է , հարց չունենք ` մեր հարևանն է , սա Ղարաբաղն է , հայկական հող չէ , բայց այնտեղ հայեր են ապրում , մտահոգություններ ունեք , վերցրեցիք Ղարաբաղը , դա էլ հասկացանք , սա Լաչինն է , սա ձեր հողը չէ , ոչ էլ հայեր էին ապրում , վերցրեցիք , ասացիք անվտանգության համար է , դա էլ հասկացանք : Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք : Քելբաջարը որ գրավեցինք , այդ մարդիկ ( թուրքերը ) ասացին , չէ ’, մեր եղբայրներին ծեծում եք» ,- հիշում է Լիպարիտյանը : Այսպես , հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը Ան

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագույն