Skip to main content

Դատախազության հիմնադրման և կայացման պատմական ակնարկ

 

Անվիճելի է, որ ներկա ժամանակաշրջանը, տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ հասկանալու, գնահատելու, ապագայի ծրագրեր կազմելու համար անհրաժեշտ է անցյալի խորը իմացություն, պատմությունից դասեր քաղելու և եզրակացություններ անելու ունակություն։ Այս առումով բացառություն չեն նաև որևէ պետական մարմնի հիմնադրման, ձևավորման և հետագա զարգացման վերաբերյալ պատմական ըմբռնումներն ու վերլուծությունները, ինչն օգնում է ճիշտ գնահատել տվյալ կառույցի նշանակությունը, նրա տեղն ու դերը այլ պետական կառույցների համակարգում, նրանց գործառույթների պատմական անհրաժեշտությունը, ինչպես նաև ժամանակակից պայմաններում տվյալ կառույցի գործունեության բարեփոխումների նպատակով իրականացվող սահմանադրական և կազմակերպչական միջոցառումների կարևորությունն ու արդյունավետությունը։

Դատախազական մարմինների դերը, գործառույթները պատմական տարբեր ժամանակաշրջաններում և յուրաքանչյուր պետության մեջ միանշանակ չեն գնահատվել, ավելին՝ դատախազական հսկողության, նրա գործառույթների, դրանց իրականացման ձևերի ու եղանակների վերաբերյալ մշակվել են տարբեր հայեցակարգեր, որոնց զգալի մասը գործածություն չեն ունեցել, այլ, հակառակը՝ իրականությունը, ժամանակի պահանջները դատախազական համակարգին առաջադրել են խնդիրներ, գործառույթներ, որոնք այդ մարմիններն իրագործել են իրավակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների, շահերի և ազատությունների պաշտպանության և հանցագործությունների դեմ պայքարի բնագավառներում։ Հարկ է նշել, որ դատախազական համակարգի կողմից իրականացվող մի շարք գործառույթներ օրենսդրորեն չեն ամրապնդվել և գիտական հիմնավորում չեն ստացել։

Իրավական պետության կայացման ներկա փուլում իրականացվող դատաիրավական բարեփոխումների, դատախազական համակարգի վերաբերյալ հայեցակարգերի մշակման ու արդեն իսկ գործունեության մեջ դրված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի առավելությունների և թերությունների մասին դատողություններ անելու համար անհրաժեշտ է այդ պետական մարմնի պատմության խորը իմացություն։

Ըստ բացատրական և իրավաբանական բառարանների աշխարհի շատ երկրներում օգտագործվող “prosecutor” բառը և ռուսերեն “прокурор”, “прокуратура” հասկացություններն ունեն լատինական ծագում և առաջացել են լատիներեն “prosecuro” բառից, որն արտահայտում է «հոգում եմ», «ապահովում եմ», «կանխում եմ» իմաստները։ Ըստ Դալի բացատրական բառարանի “Прокурор-чиновник, наблюдающий по суду, или по губернии за верным применением и точным исполнением законов”: Ինչպես լատինական, այնպես էլ ռուսական բացատրությամբ «դատախազ» բառն արտահայտում է այնպիսի իմաստներ, որոնք բնութագրում են դատախազական գործառույթները՝ ապահովում եմ օրենքների կատարումը, կանխում եմ օրինախախտումները, հոգ եմ տանում, հսկում եմ օրենքների միատեսակ կիրառումը։ Արտահայտում է նաև կառավարել, կարգադրել, խնամակալել, ներկայացուցիչ, հավատարմատար իմաստները։

Իր լատինական ծագմամբ ու ներկա իմաստով «դատախազի» ինստիտուտը առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում 14-րդ դարում, որտեղ դատախազը հանդես էր գալիս որպես թագավորական գանձարանի, պետական շահերի պաշտպան։ 1355-1360 և 1371 թվականների օրդոնանսներով դատախազին վերապահվում է նաև քրեական հետապնդման իրավունքը։ Որպես զուտ մեղադրական ֆունկցիա իրականացնող, պետության և նրա օրինական շահերը պաշտպանող մարմին, դատախազի ինստիտուտը (պետական մեղադրողի ֆունկցիա), Ֆրանսիայում ստեղծվել է 1792 թվականին և միայն 1808 թվականին ստացել է իր ավարտուն ձևն այն իմաստով, ինչպիսին շարունակում է մնալ առ այսօր։ Ռուսաստանում այդ ինստիտուտը ստեղծվել է 1722 թվականին՝ Պետրոս Մեծի նախաձեռնությամբ։ Այնուհետև սենատին կից ստեղծվեց գլխավոր դատախազի պաշտոնը՝ որպես «պետության աչք և պետության գործերի վերահսկիչ»։ Հետագայում, Ռուսաստանում որպես օրենքների պահպանման հսկող մարմին, դատախազությունն ավելի է ընդլայնվում և երկրի նահանգներում ևս ստեղծվում են նման պաշտոններ։ Սակայն դատախազը, որպես մեղադրող, քրեական դատավարությունում հայտնվում է միայն 1864 թվականին։

Որպես մեղադրանքի պաշտպանությունն իրականացնող կամ պետության շահերը ներկայացնող մարմին, դատախազական ինստիտուտը հայտնի չէր հայ իրավունքին։ Սակայն 5-րդ դարի պատմիչներից մինչև Մխիթար Գոշի Դատաստանագիրքը, Աստրախանի Հայոց դատաստանագիրքը և «Որոգայթ փառաց»-ը հաճախակի ենք հանդիպում «դատախազ» հասկացությանը, որն արտահայտում էր դատավարության կողմերից մեկի իրավական վիճակը։ Որտեղի՞ց է փոխառնված «դատախազ» բառը և ի՞նչ իմաստով է օգտագործվել այն հին, միջնադարյան և նոր շրջանի իրավունքում։ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վարդանի և հայոց պատերազմի մասին» հայտնի երկում խոսելով դավաճան Վասակ Սյունու՝ որպես Հազկերտ II և պետությանը Վարդանանց պատերազմի ժամանակ դավաճանած, անհավատարիմ մարզպանի մասին նշում է, որ նրա ազգականները ևս, որոնք մինչև այդ էլ գանգատվել էին Վասակից, շարունակում էին մեղադրել, ամբաստանել Վասակին։

Այստեղ դատախազ բառն օգտագործված է մեր օրերի համար էլ սովորական՝ գանգատվող, բողոքող իմաստով։ Անշուշտ, գանգատվել, բողոքել բառերն իմաստով բավականաչափ հարազատ են և կարող են նույնիսկ նույնացվել ամբաստանել, մեղադրել բառերի հետ։

5-րդ դարի մեկ այլ պատմիչի՝ Ղազար Փարպեցու մոտ ևս հանդիպում ենք դատախազ տերմինի օգտագործմանը։ Ավարայրի ճակատամարտից հետո էլ պարսից արքունիքը, տարբեր միջոցներով շարունակում էր Հայաստանում վարել զրադաշտականությունը տարածելու, հայերին հավատափոխության հակելու քաղաքականություն, որին համառորեն դիմադրում էր Գյուտ կաթողիկոսը, որի համար էլ հայ հավատուրաց իշխան Գադիշո մաղխազը Գյուտին ամբաստանում է Պերոզի առաջ և ահա այդ կապակցությամբ էլ «Մաղխազ Գադիշոյից այս ամբաստանական խոսքերը լսելով պարսից Պերոզ թագավորը զայրացած՝ հայոց սուրբ կաթողիկոսին հրամայեց հասնել արքունիք և այնտեղ պատասխան տալ դատախազի խոսքերին»։

Այստեղ ևս դատախազ բառն օգտագործվել է հիշատակված գանգատվող, բողոքող, մեղադրող իմաստներով։

Ըստ Հայկազյան բառարանի «դատախազ» բառը նշանակում է «․․․ Ոսոխ, հակառակորդ ամբաստանող ի դատաստանիգ», ըստ նույն բառարանի «Դատախազ+եմգ ամբաստանել, բողոքել, գանգատել յատենի» կամ «դատախազութիւնգ ամբաստանութիւն, բողոք, հակառակություն»։ Ըստ Հրաչյա Աճառյանի «Դատախազ․․․ դատ պահանջող, դատի մեջ ամբաստանողգ, որից՝ դատախազութիւն․․․ Իրանեան բարդութիւն է, որի առաջին մասն է դատ, իսկ երկրորդ մասը՝ խազ, անհայտ է․․․»։ Ըստ պրոֆեսոր Սուքիասյանի՝ մի շարք բառերի հետ միասին «դատախազ» բառը ևս փոխառնված է պարսկերենից և նշանակում է «հայցվոր»։ Ըստ պարսկերեն-ռուսերեն բառարանի «դատախազ» բառն իր արմատով նշանակում է «հայցվոր», «խնդրատու», «արդարություն, արդարադատություն պահանջող»։

Աստրախանի հայոց դատաստանագրքում «դատախազ» բառն օգտագործվում է իր իսկական՝ պարսկա և հայկական նշանակությամբ, որպես հայցվոր, տուժող, որը որոշակի պահանջ, հայց, բողոք, գանգատ է ներկայացնում իր իրավունքների պաշտպանության, պատճառված նյութական վնասի վերականգնման համար, այդ իրավունքների խախտման համար մեղադրում որևէ մեկին։

Դատաստանագիրքը տալիս է նաև պատասխանողի բնորոշումը «Պատասխանօղ անուանի այն, որ հրաւիրմամբ ումեմն դատախազի կոչեցեալ լինի ի դատաստան։ Ուստի հարկաւորի պատասխանօղն ընդ դատախազին համահաւասար տեղեաւ կանգնիլ և դատաստանարանի և լսել զխնդիր դատախազին»։ Դատաստանագիրքը սահմանում է, որ դատախազ չեն կարող լինել «որդիք ի վերայ ծնօղաց, ծնօղք ի վերայ որդոց», «կին ի վերայ առն իւրոյգ»։ Իսկ քրեական գործերով՝ արքայական մեծության կամ աստծո դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ, դատախազ կարող են լինել բոլորը։ Ի դեպ, ուշագրավ է, որ մերձավոր ազգականները միմյանց նկատմամբ դատախազ, գանգատվող, բողոքող լինելն արգելելը նախատիպ է բացարկի։ Աստրախանի հայոց դատաստանագրքի 11 հոդվածներ հստակ ձևով սահմանում են դատախազի և պատասխանողի իրավական վիճակը։ Հասկանալի է դառնում, որ «դատախազ» բառն այստեղ օգտագործվում է իր իսկական նշանակությամբ, այսինքն՝ այնպես, ինչպես օգտագործվել է Եղիշեի, Բյուզանդի մոտ, ինչպես այն բացատրվել է Հայկազյան և արմատական բառարաններում և ինչպիսին ստուգաբանվում է իր իրանական ծագմամբ՝ որպես հայցվոր, գանգատվող, բողոքող, գանգատ տված անձ, ամբաստանող, մեղադրող։ Ըստ էության, համանման նշանակությամբ էր օգտագործվում «դատախազ» տերմինը ավելի վաղ շրջանի մի այնպիսի իրավական հուշարձանում, ինչպիսին Մխիթար Գոշի Դատաստանագիրքն է։ Այսպես օրինակ, 6-րդ հոդվածը Գոշը վերնագրել է «Յաղագս թէ որպէս արժան է լինել դատաւորաց ամբաստանաց եւ դատախազաց»։

Դատաստանագրքում Գոշը պարտավորեցնում է դատավորին, որպեսզի վերջինս լսի/քննի ոչ թե կողմերից միայն մեկին, այլ՝ երկուսին էլ՝ անաչառ քննություն ապահովելու նպատակով։

«Որոգայթ փառացում» քրեական դատավարությունում որպես կողմեր մատնանշվում է «գանգատող» և «քրեական մեղավոր» հասկացությունը, իսկ քաղաքացիական դատավարությունում՝ «գանգատող» և «դատախազ» հասկացությունը։  Ըստ որում, «Որոգայթում» դատախազը ստանում է պատասխանողի կարգավիճակ «2Գ» հոդվածում տրվում է գանգատողի դիմումի՝ հայցի ձևը։

Մենք հայ իրավունքում ունենք նաև դեպք, երբ «դատախազ» բառն օգտագործվում է պատասխանողի վիճակում գտնվող դատավարության կողմը նշելու համար։

Այսպիսով, հայ պատմա-իրավական աղբյուրներում օգտագործված դատախազ բառի լեզվաստուգաբանական և իրավաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ իրավունքում դատախազ հասկացությունը, տերմինը օգտագործվել է դատավարության մասնակից կողմերից մեկին՝ հայցվորի, տուժողի, գանգատվողի, բողոքատուի, ամբաստանողի, մեղադրողի իմաստով նշանակելու համար և չի ունեցել այդ բառի ժամանակակից իմաստը՝ պետական մեղադրողի կամ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դրա ներկայացուցիչ պաշտոնատար անձի իմաստը։ Ինչպես հայտնի է, դատախազ բառը հիշատակված իմաստը ձեռք է բերում հայ նորագույն շրջանի իրավունքում՝ ռուսական իրավունքի անմիջական ազդեցությամբ։

Դատախազական կառույցի, որպես պետական մարմնի իմաստը, նպատակը ամենևին էլ պատժիչ գործառույթի իրականացումը չէր, այլ՝ օրինականության և արդարության ապահովումը։ Արևելքի երկրներում, ինչպես նաև Հունաստանում, դատախազությունն ուներ հիմնականում դատարանում մեղադրանքի պաշտպանության և հսկողության լիազորություններ։ Հունաստանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնողները «հռետորներն» էին։

Եվրոպայում դատախազական կառույցը հիմնադրվել է 14-րդ դարում Ֆրանսիայում և սկզբնական շրջանում եղել է լոկ մեղադրանքի պաշտպանության գործառույթ իրականացնող մարմին»։

Նշված ժամանակահատվածում Եվրոպայում, և հատկապես Իսպանիայում, սաղմնավորվում էին ինկվիզիցիոն դատավարությունները, ինչը, չնայած փոխարինեց հրապարակայնության և մրցակցության սկզբունքներին, սակայն ինչ-որ չափով խթանիչ էր դատախազական գործունեության կազմակերպման և սկզբունքների ձևափոխման համար։

Ֆրանսիայում մինչև միապետության տապալումը դատախազներին կոչում էին «Թագավորի մարդիկ»։ Եվ, իրոք, նրանք կոչված էին կատարելու միապետի կամքը և գործում էին նրա անունից։ Դատախազության այդպիսի գործունեությունը հետագայում, որպես պետական կառույց նրա ձևավորման, լիազորությունների հստակեցման հարցում վճռորոշ դեր խաղաց։

Պատմական զարգացումը նպաստեց, որ Ֆրանսիայում 1586 թվականին ընդունվեց դատախազության կազմակերպման և գործունեության մասին օրենք։ Այդ օրենքով սահմանվեցին դատախազության դերը պետական կառույցների համակարգում, նրա լիազորությունները։ Մասնավորապես, դատախազական հսկողության ոլորտն ընդգրկվեցին վարչաքաղաքական բնույթի գործունեությունը, քրեական գործերի քննության նկատմամբ հսկողությունը, դատաիրավական գործունեությունը, այդ թվում՝ ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով։

Հետագա ժամանակաշրջաններում և հատկապես 1789-1810 թվականներին Ֆրանսիայում դատախազությունը ենթարկվում է էական ձևափոխությունների, սակայն նրա հիմնական գործառույթները, այն են՝ պատժիչ, մեղադրանքի պաշտպանություն իրականացնողի, գերագույն իշխանության, իրավակարգի անսասանությունն ապահովողի դերը պահպանվում է։

Ֆրանսիական դատախազական համակարգը եվրոպական մի շարք պետությունների և Ռուսաստանի համար դարձավ նախատիպ։

Ռուսաստանի դատախազական կառույցների պատմական վերլուծությունը պատահական չէ, և պայմանավորված է նրանով, որ Հայաստանի երկրորդ հանրապետության դատախազական մարմինները հիմնականում ածանցված էին ԽՍՀՄ դատախազությունից և գործում էին դրա անմիջական ենթակայությամբ։

Ռուսաստանում դատախազական կառույցի, դատախազական հսկողության գործառույթի հիմնադիրը համարվում է Պետրոս Առաջինը, որի հրամանագրով 1722 թվականի հունվարի 12-ին ստեղծվեց Ռուսական կայսրության դատախազությունը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1997 թվականի հունիսի 7-ի հրամանագրով հունվարի 12-ը հռչակվեց «Դատախազության օր» և նշվեց Ռուսաստանի դատախազության 275-ամյակը։

Մինչ այդ, դեռևս 1711 թվականի մարտի 2-ին Պետրոս Առաջինի հրամանագրով Գերմանական կայսրության օրինակով հիմնադրվեց վերահսկիչ (լրտեսական) ծառայություն։ Այդպիսի ծառայության ստեղծումը թելադրված էր այդ ժամանակաշրջանում Ռուսաստանում հանցագործությունների էական աճով, հատկապես պետական պաշտոնյաների կողմից կամայական աշխատաոճով, պաշտոնական դիրքի չարաշահումներով և համատարած կաշառակերությամբ, հատկապես դատական համակարգում, կայսրության գանձարանից զգալի հափշտակություններով։

Ֆիսկալային ծառայության հիմնական գործառույթն ու նպատակը, ինչպես ձևակերպված էր հրամանագրում՝ «գաղտնի դիտարկել բոլոր գործերը և զեկուցել անճիշտ դատերի մասին, ինչպես նաև գանձարանի հավաքման և այլնի մասին»։ Ֆիսկալներից պահանջվում էին բարձր մասնագիտական, բարոյակամային կարողություններ։ Այդ ծառայությունը խիստ գաղտնի էր, ուստի հասարակական կյանքում, ինչպես նաև օրինականության ու իրավունքի ամրապնդման գործում առանձնապես դեր չկատարեց։ Ինչպես նշված էր այդ ծառայության մասին հրամանագրում, նրանք գոյանում էին «սեփական պաշարների» հաշվին և իշխանությունից նյութական ապահովություն չէին ստանում։ Այդ հանգամանքը հանգեցրեց ֆիսկալների կողմից կաշառակերության, դրամաշորթության և այլ բազմատեսակ չարաշահումների։

Ոչ միայն այս ծառայության պատմական փորձը, այլև բոլոր ժամանակաշրջաններում, երբ իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձը չի բավարարում նրանց կենսական պահանջները, լրացուցիչ պայման է ստեղծում նրանց կողմից կաշառակերության և շահադիտական դրդումներով պաշտոնեական այլ չարաշահումների համար։ Ժամանակի ընթացքում այդ բացասական երևույթները և ֆիսկալային ծառայության անարդյունավետությունը հարկադրեցին Պետրոս Առաջինին հիմնադրելու դատախազական համակարգը։

«Գեներալ-դատախազի պաշտոնի մասին» հրամանագրում ուղղակիորեն նշված էր «Այս պաշտոնը մեր աչքն է և պետական գործերի հսկիչը»։ Դատախազները միաժամանակ կատարում էին մեղադրողի, պատիժ պահանջողի և անմեղներին պաշտպանելու գործառույթները։ Գործնականում, դատախազությունը ակտիվորեն պաշտպանում էր կայսրության իրավակարգն ու շահերը։ Հարկ է նշել, որ մինչև 1917 թվականը Ռուսական կայսրության դատախազությունը ցարական տիրապետության հավատարիմ պաշտպանն էր՝ խիստ հետադիմական մի կառույց։

Պետրոս Առաջինից հետո դատախազական կառույցի գործառույթներին անդրադարձավ կայսրուհի Ելիզավետան։ 1741 թվականի դեկտեմբերի 12-ի նրա հրամանագրով դատախազությանը տրվեցին մի շարք լիազորություններ՝ օրինականության ամրապնդման, գործող օրենքների կատարման վրա հսկողության սահմանման բնագավառներում, ինչը նպաստեց դատախազական հսկողության գործունեության որակական բարձրացմանը։ Ստեղծվեցին նաև նահանգային դատախազություններ և ձևակերպվեցին նրանց խնդիրներն ու լիազորությունները։ Ավելի ուժեղացավ դատախազական հսկողությունը տեղերում։

Դատախազական համակարգի գործունեությունը նոր ձևափոխումների է ենթարկվում ու առավել արդյունավետ է դառնում Ալեքսանդր II-ի օրոք։

1862 թվականին Ռուսական կայսրության պետական խորհուրդն ընդունեց «Դատախազության հիմնադրույթները»։ Այդ փաստաթղթում հստակորեն սահմանվեցին դատախազական հսկողության պետական նշանակությունը և հատկապես՝ դրա բովանդակությունը, առարկան, խնդիրներն ու լիազորությունները։ Պարզորոշ սահմանվեց, որ Ռուսաստանի կայսրությունում դատախազությունը հսկողություն է իրականացնում օրենքների ճիշտ ու միատեսակ կատարման վրա։

Նշված փաստաթղթում առաջին անգամ ամրագրվեցին դատախազական համակարգի կազմակերպական և գործունեության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ միասնականությունը, կենտրոնացումը, գերագույն հսկողության իրականացումը կայսրության գեներալ և դատախազի միջոցով, դատախազների կողմից իրենց լիազորությունների իրականացումն ամբողջ համակարգի անունից, ստորադաս դատախազների խստագույն ենթակայությունը վերադասներին, դատախազների անկախությունը տեղական ազդեցություններից և այն, որ դատախազները չէին կարող աշխատանքից ազատվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված կարգով, ինչը դատախազի համար ապահովում էր առավել կայուն վիճակ։ Գեներալ-դատախազները և նահանգային դատախազները նշանակվում և ազատվում էին կայսեր շնորհագրով։ Ստորադաս դատախազների նշանակումը միայն գեներալ-դատախազի մենաշնորհն էր։ Բոլոր դատախազները նշանակվում էին ցմահ, ուստի վստահություն ունեին իրենց գործի նկատմամբ։

Նկատելի է, որ դատախազական մարմինների կազմակերպման և գործունեության մի շարք սկզբունքներ, որոնք այսօր էլ դրված են այդ համակարգի վերաբերյալ օրենսդրության հիմքում, ձևավորվել են դեռևս 19-րդ դարի կեսերին։ Դեռևս այն ժամանակ դատախազական համակարգի արդյունավետ գործունեության համար նյութական ապահովվածությունը ոչ պակաս կարևոր գործոն էր համարվում, ինչով պետությունը ձգտում էր, օրենքի և արդարության ծառայողներին զերծ պահել պաշտոնեական դիրքի չարաշահումներից և կաշառակերությունից։

Հետագա տարիներին և հատկապես 20-րդ դարի սկզբին «ցարական դատախազությունը պետական այն մարմիններից էր, որը կյանքի էր կոչում ինքնակալության քաղաքականությունը՝ հեղափոխականորեն տրամադրված զանգվածների դեմ զանգվածային ահաբեկչություն իրականացնելու ուղղությամբ։ Այստեղ դատախազների գործունեության օրինականության և արդարության մասին խոսք անգամ լինել չի կարող»։ Այդ էր պատճառը, որ Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխությունից շուրջ 5 տարի անց՝ 1922 թվականին միայն հիմնադրվեց դատախազությունը։ Լենինը, չնայած գիտակցում էր, որ պետության համակարգում անհրաժեշտ է մի մարմին, որն օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնի, սակայն հասկանում էր նաև, որ այդպիսի օրենսդրական նախաձեռնությունն անպայման կձախողվի, քանի որ մարդկանց գիտակցության մեջ դատախազ և դատախազություն բառերը զուգակցվում էին բռնություն հասկացության հետ։

1917 թվականից հետո, մինչ դատախազության ստեղծումը նրա լիազորությունները դրվեցին նորաստեղծ տարբեր մարմինների վրա։ Հսկողության գործառույթը մասնավորապես կատարում էին բանվորա-գյուղացիական տեսչությունները, ժամանակավոր արտակարգ կոմիտեները, նահանգային գործկոմները՝ իրենց տեղական մարմիններով և, իհարկե, Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Շատ կարճ ժամանակահատվածում օրենքների կատարման հսկողությունը դրվեց նաև Պետական վերահսկողության ժողովրդական կոմիսարիատի վրա, որը, սակայն, 1920 թվականին լուծարվեց։

Բոլոր թվարկված կառույցների մեկուսի գործելակերպը և անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը չապահովեցին Ռուսաստանի ամբողջ տարածքում օրենքների ճիշտ ու միասնական կատարումը։

Դատախազական այլ գործառույթներ արդեն իսկ արմատավորվում էին՝ հանձինս Հեղափոխական տրիբունալներին կից մեղադրողների կոլեգիայի և պետական մեղադրողների կենտրոնական կոլեգիայի գործունեության։

Մեղադրողների կոլեգիաների անդամները հսկողություն էին իրականացնում օրենքների կատարման, հանցագործությունների բացահայտման և նախաքննության կատարման նկատմամբ, քրեական գործերի դատաքննության ընթացքում պաշտպանում էին պետական մեղադրանքը, բողոքարկում էին դատարանների անհիմն ու անօրինական դատավճիռները։ Մեղադրյալների կոլեգիաների գործառույթները սահմանափակվում էին քրեական գործի դատավարության ոլորտով։ Հարկ է նշել նաև, որ այս կոլեգիաներն ինքնուրույն պետական կառույցներ չէին։ Այդ տարիներին դատախազական համակարգի մասին մի շարք հայեցակարգեր քննարկվեցին։ Առաջարկներ եղան անգամ դատախազության երկակի ենթակայության մասին, ինչը լուրջ քննադատության ենթարկվեց և ընդունվեց այն տեսակետը, որ դատախազական գործունեությունը չի կարող ունենալ տեղական առանձնահատկություններ և պետք է զերծ մնա տեղական ազդեցություններից։ Ի վերջո, 1922 թվականի մայիսի 28-ին ընդունվեց «Դատախազական հսկողության դրույթները» օրենքը, հիմնադրվեց խորհրդային դատախազությունը։ Սակայն կազմակերպական իմաստով այն ինքնուրույն կառույց չէր և արդարադատության նախարարության կազմում առանձին բաժին էր։ Արդարադատության ժողովրդական կոմիսարը միաժամանակ հանդիսանում էր հանրապետության դատախազը։

Դրույթները սահմանեցին դատախազական համակարգի կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները։ Մասնավորապես նշվեց, որ դատախազությունը կենտրոնացված կառույց է, միանձնյա ղեկավարման, ստորադաս դատախազների վերադասներին խստագույնս ենթարկվելու սկզբունքով։ Շեշտվում էր անկախության և լայն հասարակայնությանը օգնելու, հենարան լինելու սկզբունքը։

«Դրույթներում» նշվում էր, որ դատախազությունը պարտավոր է

· Պետության անունից իշխանության բոլոր մարմինների, տնտեսական հիմնարկությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ մարդկանց գործունեության օրինականության ապահովման նպատակով անհրաժեշտ հսկողության իրականացումը հանցագործություն կատարած անձանց դեմ քրեական հետապնդման հարուցելու միջոցով և օրենքների խախտման դեպքերը բողոքարկելու իրավունքով

·Իրականացնել հետաքննության մարմինների և Հատուկ պետական քաղաքական վարչության գործունեության անմիջական հսկողություն

·Հետաքննության մարմինների և Հատուկ պետական քաղաքական վարչության գործունեության անմիջական դիտարկում

·   Դատապարտյալներին կալանքի տակ պահելու օրինականության նկատմամբ հսկողություն

·   Դատարանում մեղադրանքի պաշտպանության իրականացում

Չնայած օրենքով սահմանված էր, որ դատախազական կառույցները զերծ են տեղական ազդեցությունից, սակայն, իրականում, դատախազական գործունեությանն անմիջականորեն միջամտում և տարբեր ձևերով խոչընդոտում էին մարզային գործադիր կոմիտեները։ Դրան նպաստում էր հենց այն հանգամանքը, որ դատախազական համակարգը գտնվում էր գործադիր իշխանության կառույցում հանձինս Արդարադատության նախարարության։

Այս բացը շտկելու նպատակով ընդունվեցին մի շարք օրենքներ և դեկրետներ։

1926 թվականից սկսած դատախազության մարմինները ձեռք են բերում հանցագործությունների նախաքննության մենաշնորհը, ընդգծվում է քննիչների դատավարական ինքնուրույնությունը։

Դատախազների անկախ գործունեությունը չապահովվեց նաև այն ժամանակ, երբ այդ համակարգն ընդգրկվեց Գերագույն դատարանի կառուցվածքի մեջ։ Դատախազների անկախությունը սահմանափակվում էր, հատկապես, քրեական և քաղաքացիական գործերով դատարանների կողմից կայացրած դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականության և հիմնավորվածության հսկողության բնագավառում։

Հետագա տարիներին դատախազների իրավասություններն էականորեն ընդլայնվեցին։ Դատախազական գործունեության փորձը և այդ մարմինների կարգավիճակը հանգեցնում էին դատախազական համակարգի կենտրոնացման, ինքնուրույն և միասնական պետական կառույց դառնալու գաղափարին։

1933 թվականի դեկտեմբերի 17-ին հաստատվեց «ՍՍՌՄ Դատախազության մասին դրույթները», որով սահմանեցին ՍՍՌՄ Դատախազության կարգավիճակը, որպես ինքնուրույն պետական կառույցի։

ՍՍՌՄ դատախազը նշանակվում էր ՍՍՌՄ կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից և հաշվետու էր միայն նրան ու ժողովրդական կոմիսարների խորհրդին։ Դա ապահովում էր դատախազների անկախությունը մյուս պետական մարմիններից և պաշտոնյաներից։ Այդ օրենքը նպաստեց նաև դատախազական համակարգի միասնությանն ու կենտրոնացմանը։

1936 թվականի դեկտեմբերի 5-ի ՍՍՌՄ Սահմանադրության 113 հոդվածով պատմության մեջ առաջին անգամ մտցվեց օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ բարձրագույն հսկողություն հասկացությունը։ Համաձայն այդ սահմանադրական նորմի, այդպիսի լիազորությամբ օժտված էր ՍՍՌՄ Դատախազը, որը նշանակվում էր ՍՍՌՄ Գերագույն խորհրդի կողմից՝ 7 տարի ժամանակով։ Ստորադաս դատախազները նշանակվում կամ հաստատվում էին ՍՍՌՄ դատախազի կողմից։

Սահմանադրության 117 հոդվածը հստակորեն ամրագրեց տեղական մարմիններից դատախազական կառույցների անկախության սկզբունքը։

Հետագա ժամանակահատվածում դատախազության առանձին ստորաբաժանումների կառուցվածքները, կադրային առանձին գործառույթները, աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը և դատախազական գործունեության ձևերն ու եղանակները առավելագույնս կատարելագործվեցին մի շարք օրենսդրական ակտերով և ԽՍՀՄ Գլխավոր դատախազի հրամաններով։

Դատախազությանը մեծ տեղ է հատկացրել և որպես պետական մարմնի՝ էական նշանակություն տվել 1977 թվականի նոյեմբերի 7-ի ԽՍՀՄ Սահմանադրությունը, որի 21-րդ գլուխն ամբողջովին նվիրված է դատախազական համակարգին։

Սահմանադրության 164 հոդվածը պարտավորեցնում էր դատախազությանը հսկողություն իրականացնել ոչ միայն օրենքների ճշգրիտ, այլև՝ միատեսակ կատարմանը։ Դա նոր խնդիր էր դատախազական մարմինների համար, ինչը պայմանավորված էր ԽՍՀՄ ամբողջ տնտեսության և ազգային մշակութային հարցերի տարատեսակությամբ։

Ի տարբերություն 1936 թվականի Սահմանադրության, նոր Սահմանադրությունը բարձրագույն հսկողության իրականացումը դնում է ոչ միայն ԽՍՀՄ Գլխավոր դատախազի, այլև նրան ենթակա բոլոր դատախազների վրա՝ ըստ իրենց իրավասությունների շրջանակների։ Այդ լիազորությունները նրանք իրականացնում էին անկախ տեղական որևէ ազդեցությունից և ենթարկվում էին միայն ԽՍՀՄ Գլխավոր դատախազին, որը գործում էր պետության գերագույն իշխանության անունից, նշանակվում էր նրա կողմից (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի) և հաշվետու էր միայն նրան։ Գործնականում, իհարկե, այս սկզբունքը զգալիորեն խախտվում էր ինչպես ԽՄԿԿ կենտրոնական ղեկավար մարմինների, այնպես էլ միութենական հանրապետությունների կենտկոմների և տեղական մարզային ու շրջանային բյուրոների կողմից։ Բավական է միայն նշել, որ նույն Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրում էր «Խորհրդային հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական սիստեմի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունն է»։

Սահմանադրության մեջ արտացոլված էր նաև, որ դատախազության մարմինների կազմակերպման և գործունեության իրավական հիմքերը որոշվում են «ԽՍՀՄ դատախազության մասին» օրենքով։ 1979 թվականի նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց այդ օրենքը, որը խթանեց դատախազական հսկողության դերի ու արդյունավետության բարձրացմանը։ Այդ օրենքի ընդունումը նպաստեց նաև դատախազական գործունեության հրապարակայնության, ժողովրդավարության և կոլեգիալիզմի ընդունմանը։

Այդ խնդիրներն առավել բարեհաջող լուծելու նպատակով ԽՍՀՄ Գլխավոր դատախազը ստորագրեց մի շարք հրամաններ և հարկ է ընդգծել, որ այդ հրամանները պարտադիր էին նաև ՆԳՄ-ի և ՊԱԿ-ի աշխատակիցների համար։

ԽՍՀՄ միութենական հանրապետությունների անկախացումից հետո ԽՍՀՄ Գլխավոր դատախազությունը դադարեց գործել։

Նյութի աղբյուրը՝ Աղվան Հովսեփյան-«Դատախազական հսկողությունը Հայաստանում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...