Skip to main content

21-րդ դարի միջազգային հարաբերությունների համառոտ ակնարկ

 

Սառը պատերազմի ավարտից հետո շատ է գրվել այն մասին, որ աշխարհը, որպես առանձին պետությունների ընդհանրություն, տեղը զիջում է գլոբալ աշխարհին, որում պետություններն այլևս չեն խաղալու գլխավոր դերը։ Կարևոր, երբեմն նաև առաջատար դերը պատկանելու է վերազգային կորպորացիաներին, տեխնոլոգիական և տեղեկատվական կայսրություններին, ներդրումային բանկերին, տարատեսակ կազմերով և նպատակներով միջազգային ցանցերին՝ մասնագիտականից մինչև քրեական, ամեն տեսակ շարժումներին՝ արմատականից մինչև ծայրահեղական ու ահաբեկչական։ Իսկապես որ, այս ցանկի առանձին խաղացողներ միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ դուրս եկան շատերից, իսկ հաճախ՝ ՄԱԿ-ի այժմյան 193 անդամ երկրների մեծամասնությունից։ Այնուամենայնիվ, չնայած գլոբալացման բոլոր հաջողություններին, 3 տասնամյակ անց ստիպված ենք ընդունել, որ ժամանակակից աշխարհում պետությունների գերիշխող դերն ավելի ամրապնդվել է։ Միջազգային հարաբերություններն իրենց էությամբ մնում են միջպետական հարաբերություններ։

Շատ վեճեր են ընթանում աշխարհակարգի խնդրի շուրջ։ Ներկայիս ժամանակը հայտարարվել է աշխարհակարգի փոփոխության դարաշրջան։ Ոմանք ասում են, որ անցում է կատարվում միաբևեռից բազմաբևեռ աշխարհ, ոմանք էլ նշում են, որ կարգն արդեն փոխարինվել է անկարգությամբ։

Աշխարհակարգն ընդհանուր ոչինչ չունի համաշխարհային սահմանադրության հետ, ըստ որի իբր ապրում են պետությունները։ Պետությունները, նույնիսկ ամենափոքրերն ու թույլերը, տեսականորեն ինքնիշխան են, այսինքն՝ չեն ճանաչում որևէ մեկի իշխանությունն իրենց վրա։ Բառի բուն իմաստով միջազգային հարաբերություններն անարխիայի տիրույթ են։

Միշտ չէ, որ այսպես է եղել։ Վաղ նոր ժամանակի Եվրոպայում գոյություն ունեին իշխանության տարբեր մակարդակներ։ Մայրցամաքի կենտրոնում գերմանացիների Սրբազան հռոմեական կայսրությունն էր, որի կազմում էին անհամար թագավորություններ, դքսություններ, կուրֆյուրստություններ, կոմսություններ և իշխանություններ, ազատ քաղաքներ և եկեղեցական կալվածքներ։ Կայսրության կողքին կային խոշոր կենտրոնացած պետություններ՝ Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան։ Ամբողջ քրիստոնեական աշխարհում ազդեցության էր հավակնում Պապը, բայց կաթոլիկ եկեղեցուն ընդդիմանում էին բողոքականների տարածքները։ Եվրոպայի ծայրամասերում առաջացան խոշոր պետություններ՝ Օսմանյան կայսրությունը և Ռուսական թագավորությունը։

Կենտրոնացած պետությունների ձևավորմամբ նախկինում գերակշռող տոհմական շահը սկսեց տեղը  զիջել պետականին՝ պետական շահ, ինչպես դա սահմանեց ֆրանսիական քաղաքականության ղեկավար կարդինալ Ռիշելյեն։ Պետական շահը, որը հետագայում ժողովրդավարության պայմաններում սկսեցին կոչել ազգային շահ, հիմնված էր պետության բարօրության անվերապահ առաջնության վրա։ Բարոյական և կրոնական նկատառումներն իջեցվեցին երկրորդական մակարդակի։ Գերմանիան և հարևան երկրները պատած արյունալի երեսնամյա պատերազմի արդյունքը եղավ 1648 թվականին կնքված հաշտության պայմանագիրը, որի հռչակած սկզբունքի համաձայն՝ յուրաքանչյուր պետություն՝ կաթոլիկ կամ բողոքական, անկախ նրանից՝ կայսրության մաս է, թե ոչ, լիովին ազատ էր իր ներքին գործերի կազմակերպման հարցերում։ Ներքին գործերին միջամտելն անթույլատրելի էր, բայց դրանով հանդերձ ներդրվեցին միջպետական հաղորդակցության որոշ նորմեր՝ սկսած պետությունների բարդ հիերարխիայից և դիվանագիտական արարողակարգից։

Վեստֆալյան համակարգը, որն անվանումը ստացել է արևմտագերմանական այն վայրի անունից, որտեղ ստորագրվել է խաղաղության համաձայնագիրը, մինչև այժմ շարունակում է մնալ աշխարհակարգի անկյունաքարը պետությունը միջազգային հարաբերությունների  գլխավոր տարրն է, իսկ պետական ինքնիշխանությունը դարձավ դրա ամենակարևոր սկզբունքը։ 1648 թվականին հաստատված պետությունների հիերարխիան բազմիցս փոխվել է՝ նրանց միջազգային կշռի փոփոխությունների արդյունքում։ Վեստֆալյան խաղաղությունը սահմանեց կանոններ, բայց չվերացրեց պատերազմները։

Հետևաբար պետությունները հավասար են միայն տեսականորեն կյանքում նրանք անհավասար են։ Նրանց հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում ոչ թե իրավունքի, այլ ուժի վրա։ Հիմնական գործոնը զարգացման տարբեր ընթացքների արդյունքում պետությունների միջև ուժերի անընդհատ փոփոխվող հավասարակշռությունն էր, որը շարունակ փորձության էր ենթարկվում հաճախակի տեղի ունեցող պատերազմներում։ Եվրոպայի և աշխարհի այլ տարածաշրջանների միջև տարբերությունն այն էր, որ այստեղ, համեմատաբար փոքր տարածքում, կային բազմաթիվ պետություններ, որոնցից յուրաքանչյուրը վախենում էր, որ հարևանը չափազանց կուժեղանա և կկլանի իրեն։ Մշտական պատերազմների համակարգը, որն ապահովում էր առնվազն դրա հիմնական մասնակիցների գոյատևումը, ստացավ ուժերի հավասարակշռություն անվանումը։

Պետությունները հավասար են միայն տեսականորեն իրականում՝ ոչ։ Նրանց հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում ոչ թե իրավունքի, այլ ուժի վրա։

Միայն ուժերի հավասարակշռությունը, սակայն, բավարար չէ աշխարհակարգի գոյության համար։ Կարգի ուժային հենարանները պետք է ամրացվեն դրանց ճանաչմամբ՝ կամավոր կամ հարկադիր, միջազգային  հարաբերությունների համակարգի առնվազն հիմնական մասնակիցների կողմից։ Այս իմաստով Վեստֆալյան հաշտությունը հաստատեց աշխարհակարգի ամենակարևոր սկզբունքը՝ առանձին պետությունների ինքնիշխանությունը։ Եվրոպայում միջազգային կարգն ըստ էության ձևավորվեց 18-րդ դարում և ձևակերպվեց 19-րդ դարի սկզբին։

Նապոլեոնյան դարաշրջանը, որը հանգեցրեց Արևմտյան Եվրոպայում ֆրանսիական հեգեմոնիայի կարճաժամկետ հաստատմանը, ավարտվեց հակաֆրանսիական կոալիցիայի հաղթանակով և հաստատեց ուժերի հավասարակշռության մեխանիզմի արդյունավետությունը։ Այդ ուժային բաղադրիչից բացի՝ նոր կարգին օժանդակում էր միապետական կառավարման համակարգի լեգիտիմության պահպանողական գաղափարը։ Ավելին, հաղթանակի արդյունքներն ամփոփող՝ Վիեննայի 1815 թվականի համաժողովում ստեղծվեց Եվրոպայի գործերի կառավարման առաջին խորհրդատվական մարմինը՝ Մեծ տերությունների եվրոպական համերգը՝ կազմված Ավստրիայից, Անգլիայից, Պրուսիայից և Ռուսաստանից, որոնց շուտով ավելացավ նաև պարտված Ֆրանսիան։ Այս վերջին հանգամանքը սկզբունքային կարևորություն ուներ, քանզի աշխարհակարգը դարձնում էր ներառական և կանխում էր պարտված տերության ռևանշը։

Համերգն այնքան էլ ներդաշնակ չստացվեց պետական շահերի բախման և գաղափարական տարբերությունների պատճառով, դրան գումարած՝ Ռուսաստանը շուտով գերիշխող դիրք գրավեց մայրցամաքում, ինչն առաջացրեց Անգլիայի ու Ֆրանսիայի հակազդեցությունը և գերմանական 2 պետությունների թաքուն դժգոհությունը։ Հետևանքը եղավ Ղրիմի պատերազմը և Ռուսաստանի ժամանակավոր թուլացումը։ Այդուհանդերձ Վիեննայի կարգը մի ամբողջ դար վերջ տվեց համաեվրոպական պատերազմներին։

Առաջին համաշխարհային պատերազմը խաթարեց ընդհանուր եվրոպական խաղաղությունը և հանգեցրեց հսկայական ցնցումների։ Պատերազմի արդյունքներով հաստատված Վերսալյան համակարգն առաջին անգամ ներառում էր ոչ միայն մեծ տերությունների Համերգը՝ Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա կազմով, այլև խաղաղության պահպանման համաշխարհային կազմակերպությունը՝ Ազգերի լիգան։ Վերսալյան համակարգի խնդիրն այն էր, որ, ի տարբերություն Վիեննայի համակարգի, այն ի սկզբանե չէր ներառում մի շարք կարևորագույն երկրներ՝ պարտված հակառակորդ Գերմանիան, Ռուսաստանը, որտեղ հաղթել էր հեղափոխական բոլշևիկյան ռեժիմը, և որը որոշ ժամանակով դարձել էր միջազգային հարաբերություններից վտարված երկիր, ինչպես նաև Միացյալ Նահանգները, որն ակտիվորեն մասնակցում էր Վերսալի համաժողովին, նախաձեռնեց Լիգայի ստեղծումը, բայց շուտով ինքնամեկուսացավ։ Հետևաբար, Վերսալյան համակարգի լեգիտիմության աստիճանն ի սկզբանե ցածր էր։ Այսպիսով, Վերսալն արձանագրում էր ռազմական հաղթանակը, սակայն չէր ապահովում տևական խաղաղություն։ Ուժերի փոփոխվող հավասարակշռությունը շուտով պայթեցրեց այդ աշխարհը։

Արևմտյան տերությունների՝ Վերսալի համակարգի հիմնական շահառուների և պահապանների քաղաքականության սխալներն ու սխալ հաշվարկները թույլ չտվեցին, որ գործի ուժերի հավասարակշռության մեխանիզմը երկրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։ Եվրոպական գլխավոր տերությունները պարտված կամ թուլացած էին։ Վերջնարդյունքում, պատերազմի արդյունքներով պայմանավորված և Յալթայում ու Պոտսդամում բանակցությունների ընթացքում ձևավորված համակարգը հիմնվեց միայն 2 առաջատար համաշխարհային տերությունների՝ 2 գերտերություններ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության հարաբերությունների վրա։ (Յալթայում և Պոտսդամում ներկայացված երրորդ ուժը՝ Մեծ Բրիտանիան իր կայսրությամբ, մեծապես թուլացել էր և արդեն պատերազմի ժամանակ ստիպված էր համակերպվել ԱՄՆ կրտսեր գործընկերոջ կարգավիճակի հետ)։ Այս համակարգը, որը գոյություն ուներ սառը պատերազմի ամբողջ ընթացքում, ստացավ երկբևեռ անվանումը։ Ուժերի բազմակողմանի հավասարակշռությունը փոխարինվեց երկկողմանիով։

Խորհրդային ղեկավարության անկարողությունը՝ հաղթահարել երկրում տիրող ներքին ծանր ճգնաժամը, որից նա փորձեց դուրս գալ չմտածված բարեփոխումների օգնությամբ, հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը, իսկ մի փոքր ավելի վաղ՝ երկբևեռ համակարգի փոխակերպմանը միակ գերտերություն մնացած ԱՄՆ գերակայությամբ միաբևեռ համակարգի՝ Pax Americana: Սա միջազգային հարաբերությունների պատմության մեջ առաջին և դեռևս միակ դեպքն էր, երբ 1 պետությունը գերիշխում էր համաշխարհային մասշտաբով։ Այն, ինչ նախկինում հնարավոր էր միայն փակ աշխարհներում՝ Հռոմեական կայսրության դարաշրջանում Միջերկրական ծովում կամ Արևելյան Ասիայում, որտեղ Չինաստանի միջին պետությունը գերիշխում էր մինչև 18-րդ դարը ներառյալ, 21-րդ դարասկզբում դարձավ գլոբալ իրականություն։ Բայց երկար չտևեց։

Սառը պատերազմի ավարտից 2-3 տասնամյակ անց ուժերի փոխվող հարաբերակցությունը սկսեց խարխլել ամերիկյան առաջնորդության հիմքերը։ Արդեն 2010-ականներին տնտեսական ճգնաժամի հարվածների տակ, Չինաստանի վերելքի և Ռուսաստանի մասնակի վերականգնման արդյունքում այն դադարեց լինել անվիճելի։ Չինաստանը դարձել է հզոր տնտեսական տերություն՝ տեխնոլոգիական մեծ ներուժով և քաղաքական հավակնություններով։ Հնդկաստանը սկսել է ավելի արագ զարգանալ և ավելի հաճախ ի ցույց դնել իր հավակնությունները։ Արևմուտքի կողմից հաշվից դուրս գրված Ռուսաստանը վերադարձրել է մեծ տերության կարգավիճակը։ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի գլխավորությամբ արևմտյան առաջատար տնտեսությունների «Մեծ յոթնյակը», որպես ամերիկյան գլոբալ ռազմական գերակայության համակարգի հենարան, դադարել է գերագույն համաշխարհային ատյան լինել։ Տնտեսության ոլորտում «Վաշինգտոնյան կոնսենսուսը» և քաղաքականության ոլորտում լիբերալ-դեմոկրատական մոդելը կորցրել են գրավչության զգալի մասը։ ԱՄՆ և նրա եվրոպական դաշնակիցների շահերին համահունչ արևմտյան արժեքների վրա հիմնված կոնսենսուսը սկսել է փլուզվել։ Միջազգային հարաբերությունների միակողմանի ընթացքը փոխարինվել է բազմակողմանիով։

Միջազգային հարաբերությունների ոլորտը դինամիկ միջավայր է, որտեղ պաշտոնապես հավասար, բայց իրականում փոխհարաբերություններում խիստ անհավասար ինքնիշխան պետությունները հետապնդում են իրենց՝ հաճախ միմյանց հակասող շահերը և առաջնորդվում գաղափարներով, սկզբունքներով ու արժեքներով, որոնք մեծապես անհամատեղելի են։

Ըստ այդմ, սովորաբար տեղի է ունենում շահերի բախում, որը, սակայն, չի բացառում համագործակցությունը, երբ շահերը մոտ են, կամ ընդհանուր հակառակորդ է հայտնվում։ Միշտ այսպես է եղել, կա ու կլինի հավանաբար այնքան ժամանակ, քանի դեռ, եթե նման բան ընդհանրապես տեղի ունենա, ամբողջ աշխարհը չի դարձել 1 միասնական քաղաքական օրգանիզմ։ Համաշխարհային հանրությունը կառուցվածքային առումով դեռևս շատ թույլ է։ ՄԱԿ-ը գերպետություն չէ, ՄԱԿ-ի կանոնադրությունը համաշխարհային սահմանադրություն չէ, Գլխավոր ասամբլեան գլոբալ խորհրդարան չէ, իսկ Անվտանգության խորհուրդը համաշխարհային կառավարություն չէ։

Միջազգային հարաբերություններում տիրող անարխիան, սակայն, չի նշանակում որևէ տիպի կարգավորման բացակայություն։ Պետություններն անընդհատ հարաբերությունների մեջ են միմյանց հետ։ Տեսականորեն դա տեղի է ունենում ազատ, փոխադարձ համաձայնությամբ։ Նման հարաբերությունները ձևակերպվում են պայմանագրերի, համաձայնագրերի, կոնվենցիաների և նմանատիպ փաստաթղթերի տեսքով։ Դրանց մի մասը բազմակողմանի բնույթ ունեն։ Այդ փաստաթղթերի ամբողջությունը կոչվում է միջազգային իրավունք։

Միջազգային և ներպետական իրավունքների միջև տարբերությունն այն է, որ միջազգային պայմանավորվածությունների կողմերն ազատ են ուզածդ ժամանակ հրաժարվել դրանցից, նաև չկա ստանձնած պարտավորությունների կատարումը պարտադրելու ֆորմալ մեխանիզմ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախնական գաղափարը՝ 5 մշտական անդամներով որպես միջազգային անվտանգության պահապաններ, համատեղության կարգով միջազգային ոստիկաններ և միջազգային զինուժի ու խաղաղություն ապահովող ուժերի հրամանատարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող և Նյուրնբերգյան տրիբունալի օրինակով՝ միջազգային դատարանի դատավորներ՝ անիրագործելի դուրս եկավ «հնգյակի» ներսում անհաղթահարելի հակասությունների պատճառով և վերածվեց բավական թույլ գործիքակազմի։

Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները պաշտոնապես միջուկային տերություններ են, սակայն 21-րդ դարում դա այլևս նրանց բացառիկ չի դարձնում։ Միջուկային զենք են նախագծել և ստեղծել Հնդկաստանն ու Պակիստանը, Իսրայելն ու Հյուսիսային Կորեան։ ԿԺԴՀ օրինակը ցույց է տալիս, որ ուզածդ երկիր՝ նույնիսկ համեմատաբար աղքատ և շատ առումներով հետամնաց, կարող է հասնել իր նպատակին, եթե նրա ղեկավարությունը միջուկային ներուժ ստեղծելու խնդիր է դրել, իսկ ռեժիմը բավականաչափ դիմացկուն է արտաքին ճնշումների նկատմամբ։ Փհենյանի և Վաշինգտոնի փոխարեն կարելի է պատկերացնել ժամանակակից աշխարհի որևէ այլ պետություն։ Սա բոլորովին նոր իրադրություն է։ Միջուկային ծրագիր ունի Իրանը։ Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների մի շարք պետություններ միջուկային հավակնություններ են ցուցաբերում։ Կարողությունները, որոնց տիրապետում են միջուկային պետությունները, կարևոր են հակառակորդներին զսպելու տեսանկյունից, բայց այլևս միջազգային արտոնություններ չեն ստեղծում։

Միջազգային իրավունքը պատմականորեն ձևավորվել է պետությունների ինքնիշխանության և նրանց ներքին գործերին չմիջամտելու Վեստֆալյան բանաձևի հիման վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի փաստաթղթերում գլխավոր նացիստական հանցագործներին դատապարտող Նյուրնբերգյան տրիբունալի որոշումներում ինքնիշխանության սկզբունքները լրացվեցին դրույթներով առ այն, որ ագրեսիան միջազգային հանցագործություն է, իսկ խաղաղության սպառնալիքը խնդիր է միջազգային հանրության համար, որ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության որոշակի նորմեր, այդ թվում՝ ռասիզմի և խտրականության տարբեր ձևերի դատապարտումը, պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սառը պատերազմում արևմտյան երկրների հաղթանակից հետո ԱՄՆ-ում և Եվրոպայում միտք առաջացավ, որ նույնիսկ արդիականացված միջազգային իրավունքն այլևս բավարար չէ միջազգային կյանքը կարգավորելու համար։ Դրա փոխարեն սկսեցին առաջ քաշել կանոնների վրա հիմնված աշխարհի գաղափարը։

Այս գաղափարը փաստացի նպատակաուղղված է նրան, որ ամբողջ աշխարհի վրա տարածվի այն կարգը, որ գործում է Արևմուտքի երկրների ընկերակցության շրջանակում։ Կանոնների վրա հիմնված կարգը նախատեսում է, որ բոլոր պետությունները բաժանում են լիբերալիզմի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների արժեքները, ընդ որում, ոչ թե իրենց դասական տեսքով, այլ ժամանակակից մեկնաբանությամբ։ Փաստացի, խոսքը լիբերալ-առաջադիմական կարգի մասին է։ Այս ուղղությամբ առաջին նորամուծությունը հումանիտար ինտերվենցիայի դոկտրինն էր, որը 1999 թվականին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի երկրների զինված միջամտության համար հիմք հանդիսացավ Բոսնիայում հակամարտության ժամանակ։ Հաջորդ խոշոր նորամուծությունը 2005 թվականին ընդունված՝ բնակչությանը ցեղասպանությունից, ռազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պատասխանատվության մասին ՄԱԿ-ի հայեցակարգն էր։

Եթե ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների նկատմամբ կա միջազգային կոնսենսուս, ապա կարգավորման առարկաների ավելի լայն շրջանակը, օրինակ՝ քաղաքական ռեժիմի բնույթը, որը կարող է չհամապատասխանել ժողովրդավարության չափանիշներին և նույնիսկ այս կամ այն պետության սահմանադրությանը, դիմադրության է հանդիպում։ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը բացահայտ հանդես են գալիս պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի պաշտպանությամբ։ Հատկանշական է, սակայն, որ նաև ԵՄ որոշ անդամներ՝ Լեհաստանը, Հունգարիան դեմ են ԵՄ մարմինների միջամտությանն իրենց ներքին գործընթացներին։ ԵՄ այլ անդամներ, թեև զգուշավորությամբ, հանդես են գալիս ընդդեմ ԱՄՆ անօրինական գործողությունների։

Սա թույլ է տալիս եզրակացնել, որ կանոնների վրա հիմնված կարգը չի կարող հաստատվել այլ կերպ, քան այդ կանոնների մշակմանը բոլոր երկրների մասնակցության, կանոնների կատարման և առանց բացառության բոլոր պետությունների կողմից դրանց պարտադիր կատարման նկատմամբ վերահսկողության պայմաններում։ Այդպիսի պայմաններ, սակայն, կարող են ի հայտ գալ միայն համաշխարհային քաղաքական հասարակության ձևավորման և համաշխարհային կառավարության ստեղծման գործընթացում։

Միջազգային հանրությունը, որին հղում են անում համընդհանուր կանոնների ջատագովները, գործնականում արևմտյան ընկերակցությունն է։ Այդ ընկերակցությունում կան և՛ կարգ, և՛ կանոններ, և՛ առաջնորդ՝ ԱՄՆ-ն։ Միացյալ Նահանգների հզորությունը, հեղինակությունը և ազդեցությունն իրական հիմքն են այն կարգի, որը տարածվում է Արևմուտքի երկրների և նրանց միացած պետությունների վրա։

Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում, առանց բացառության, բոլոր պետություններն այսպես թե այնպես միմյանցից կախված են։ Միայն մի քանի խաղացողներ իրապես ունեն բավարար ռեսուրսներ և կամք, որպեսզի վարեն իրենց արտաքին քաղաքականությունը՝ անհրաժեշտության դեպքում հակառակ բոլորի կամքի։ Դրանք առաջին հերթին ԱՄՆ-ն և Չինաստանն են։ Ռուսաստանն ու Հնդկաստանը նույնպես վարում են անկախ քաղաքականություն։ Իսկ ահա Եվրոպայի երկրներն ու Ճապոնիան, Կանադան և Ավստրալիան, նաև մի շարք այլ երկրներ, չնայած իրենց ունեցած մեծ ռեսուրսներին և հնարավորություններին, նախընտրել են պաշտպանության կենսական կարևորության գործառույթը փոխանցել ավագ դաշնակցին՝ ԱՄՆ-ին։ Այս առումով միանգամայն արդար է, որ պաշտպան երկիրը բավարար չափով վերահսկողություն է պահանջում պաշտպանյալ երկրների արտաքին քաղաքականության նկատմամբ։

Ավանդական միջազգային հարաբերությունները հիմնված էին ռեալիզմի վրա՝ պետության ամբողջական հզորության և ռազմական ուժի նկատմամբ հարգանքի, որպես միջազգային կյանքի կարևորագույն գործոն, և պրագմատիզմի վրա, որի հիմքում փոխգործակցող պետությունների շահերն էին, իսկ քաղաքականությունը դիտարկում էր որպես հնարավորի արվեստ։

20-րդ՝ գաղափարախոսությունների դարը, միջազգային հարաբերություններ ներմուծեց ուժեղ գաղափարաբանական գործոնը։ Կոմունիզմի և լիբերալ դեմոկրատիայի հակամարտող գաղափարախոսություններն առերևույթ առաջնորդվում էին վերազգային շահերով։ 21-րդ դարի սահմանագիծը դարձավ գլոբալիզմի հաղթարշավ՝ համաշխարհային արևմտական առաջադիմականության տարբերակով, և վերածնեց հնագույն ցեղային և կրոնական գաղափարախոսությունները։ 21-րդ դարի առաջին 3 տասնամյակներն ավարտվում են կարծես ազգայնականության վերածնունդով և արևմտյան աշխարհի ներսում առաջադեմ ու ավանդական արևմտականության միջև կոշտ պայքարով։ Սա միջազգային հարաբերությունները դարձնում է ավելի լարված, մասնակիցների գործողությունները՝ ավելի վճռական, նրանց պայքարը՝ անզիջում։

Նյութի աղբյուրը՝ Դմիտրի Տրենին- «Ուժերի նոր բալանս»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...