Քանի որ հետագայում այդ ժառանգության մասին դեռ երկար ենք խոսելու, այժմ եկեք փորձենք ամփոփել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիները մի քանի հարցով։ Առաջինը՝ բանակցային գործընթացի համատեքստում ի՞նչ ստացավ Քոչարյանը որպես ժառանգություն, և ո՞ւր հասցրեց գործընթացը։ Որտե՞ղ էր նշաձողը 1998 թվականին, և ո՞ւր էր այն հասել 2008 թվականին։ Ի՞նչ տրանսֆորմացիաներ էին տեղի ունեցել։
1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն էր ստացել այն, որ երկրի նախորդ նախագահն անձամբ ու այդ ժամանակվա իշխանության մի հատվածը, իր հերթին, համաձայնել էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է եղել ստորագրել «Փուլային» տարբերակը՝ շատ լավ իմանալով, որ այն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնող փաթեթ էր։ Անկախ բոլոր շահարկումներից, միևնույն է, առաջին նախագահը գիտեր և հիմա էլ շատ լավ գիտի, թե ինչ է պատրաստվել ստորագրել։
Ի՞նչ էր թողնում որպես ժառանգություն․ իրավիճակ, որում Արցախը կարող էր դիտարկվել Ադրբեջանի կազմից դուրս։ Խոսքը վերաբերում էր խորհրդային տերմինաբանությամբ ԼՂԻՄ-ին և Լաչինի միջանցքին։ Ազատագրված տարածքների, այսինքն՝ առանց միջանցքի 7 շրջանների հարցում, կարելի է ասել, որևէ փոփոխություն չկար, որովհետև և՛ նախկին փաթեթում էր նախատեսվում, որ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին, և՛ «Մադրիդյան սկզբունքներում»։ Սակայն այստեղ կա մի նրբություն, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել․ վերադարձվեին Ադրբեջանին ո՞ր դեպքում և ինչի՞ դիմաց։ Սա շատ կարևոր է։
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցած փաստաթղթով նախատեսվում էր հանձնել շրջանները, և չգիտես, թե երբ է պետք բանակցություններ վարել կարգավիճակի շուրջ արդեն Ադրբեջանի կազմում, ապա Քոչարյանը թողնում էր փաստաթուղթ, որը բաժանվում էր 2 փուլի։ Առաջին փուլում նախատեսվում էր ԼՂԻՄ հարակից 5 շրջանի վերադարձը Ադրբեջանին, որից հետո Արցախը պետք է ստանար ժամանակավոր կարգավիճակ։ Ի դեպ, այդ ժամանակավոր կարգավիճակի հետ կապված՝ կրկին տեղեկատվության արտահոսք է եղել, բավականին հստակ ու բանաձևային արտահայտություն է օգտագործվել՝ «դե ֆակտո իրավիճակ+»։ Այնուհետև նախատեսվում էր մյուս 2 շրջանների հանձնումը՝ հայկական վերահսկողության տակ թողնելով Լաչինի միջանցքը, ինչն էլ փոխկապակցված էր Արցախի վերջնական կարգավիճակին։ Այսինքն՝ առանց միջանցքի մյուս 2 շրջանների հանձնումը պետք է տեղի ունենար Արցախի վերջնական կարգավիճակի դիմաց։
Ի՞նչ մակարդակի վրա էր Արցախի սուբյեկտայնությունը 1998 թվականին և 2008 թվականին՝ բանակցային գործընթացի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Հայաստան-Արցախ հարաբերությունների համատեքստում։ Այս հարցում կա՞ր դրական դինամիկա։
Կարծում եմ՝ ուզենք, թե չուզենք, հարցը պետք է դիտարկենք 2 հարթության մեջ․ առաջինը՝ ֆորմալ հարթություն կամ բանակցային գործընթացից արվող եզրակացություն, երկրորդը՝ ֆոնային հարթություն, հանրային ու միջազգային ընկալում։
Առաջին հարթության հետ կապված՝ եթե մինչև 1998 թվականը միջազգային հանրությունը կամ նույն միջնորդները չէին դիտարկում Արցախի անջատումն Ադրբեջանից ու ինքնորոշման իրավունքի իրացումն ամենաբարձր մակարդակով որպես կարգավորման տարբերակ, ապա 2008 թվականին այս սցենարն արդեն դիտարկվում էր։ Հետևաբար բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով՝ սուբյեկտայնությունը էական, որակական փոփոխության էր ենթարկվել։
Միաժամանակ բանակցային գործընթացին մասնակցության մասով, ճիշտն ասած, կդժվարանամ պատասխանել, քանզի պարզ չէ, թե ինչն է կարելի համարել չափման միավոր։ «Մադրիդյան սկզբունքներն» Արցախ չէին ուղարկվելու՝ կարծիք արտահայտելու համար, կարծիք, որը կարող էր որոշիչ լինել։ Բայց դա բխում էր արդեն որդեգրված բանակցային տրամաբանությունից։
Ինչ վերաբերում է ֆոնային, ընկալումային հարթությանը, ապա էական տարբերություն երևի թե չկար, որովհետև Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում վարչապետի պաշտոնում նշանակելու և այնուհետև Հայաստանում նախագահի թեկնածու առաջադրվելու պատճառով մեծ հարված էր հասցվել Արցախի սուբյեկտայնությանը։ Այո՛, աստիճանաբար այս ամենն ինչ-որ չափով մոռացության էր մատնվում՝ դառնալով ֆոնային ազդեցություն ունեցող գործոն, սակայն փաստ էր, որ այդ հարվածն արդեն հասցվել էր։
Ճիշտ չի լինի ասել, թե սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ էական քայլեր էին ձեռնարկվել։ Սուբյեկտայնությունը բարձրացնելու ոչ բոլոր հնարավորություններն էին կիրառվել ու օգտագործվել, օրինակ՝ միջազգային հանրության, աշխարհի համար կային ընկալելի, տեսանելի ղարաբաղյան ԶԼՄ-ներ, որոնցից նրանք Արցախում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված տեղեկատվություն էին վերցնում ոչ միայն բանակցային գործընթացի, այլ առհասարակ Արցախում ապրող մարդկանց առօրյայի մասին, այսինքն՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում ապրող հասարակ ժողովրդի կյանքի մասին։ Կային նաև վերլուծական կենտրոններ, որոնք սկսում էին տեսանելի լինել առնվազն մասնագիտական շրջանակներին։ Սակայն Արցախ-Սփյուռք-Հայաստան մակարդակով արդյո՞ք ունեինք ինստիտուցիոնալ այնպիսի կապեր, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ այդ ամենը կապիտալիզացնել միջազգային մակարդակում։ Այդ ամենը կարող էին ընթացքի կամ լուծման ինչ-որ հանգրվանների հանգեցնել, բայց ասել, որ բերված էին, ճիշտ չէր լինի, հետևաբար սուբյեկտայնությունը գրեթե նույն մակարդակի վրա էր։
Հաշվի առնելով նախընտրական գործընթացները՝ ինչպիսի՞ն էին հանրային տրամադրություններն Արցախի, արցախյան հիմնախնդրի ու առհասարակ առկա իրավիճակի վերաբերյալ 1998 և 2008 թվականներին։
Այստեղ պետք է 2 գործընթաց տարանջատենք՝ ամբողջ կառավարման շրջանը մինչև 2008 թվականի նախընտրական քարոզարշավն ու նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը՝ դրանից հետո ստեղծված իրավիճակով։
Եթե մինչև նախընտրական քարոզարշավ ընկած ժամանակահատվածն ենք դիտարկում, ապա կային որոշակի փոփոխություններ, որոնք առնչվում էին սոցիալական գործընթացներին։ Մենք այն երկրներից ենք, որտեղ ազգաբնակչությունը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, և դժգոհությունն առաջին հերթին ուղղվում է դեպի այդ պահին գործող իշխանությունը։ Սոցիալական վիճակի հետ կապված այդ դժգոհություններն առկա էին, և դրանց ժամանակ առ ժամանակ ու ինչ-որ փուլերում նույնիսկ շատ ակտիվորեն ավելացվում էին «ղարաբաղյան կլանի», «ղարաբաղյան իշխանությունների» մասին թեզեր՝ ստեղծելով համապատասխան լարվածություն։ Դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը զգալի տնտեսական աճ էր արձանագրել։
Մինչև նախընտրական քարոզարշավը, այո՛, այդ թեզերը կրիտիկական աստիճանի չէին հասնում, սակայն ինչ-որ չափով արդեն իրենց ազդեցությունն էին թողնում հակամարտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի, պատկերացումների, մոտեցումների վրա։
Ցանկանում եմ մեկ այլ հարցի նույնպես անդրադառնալ․ 1998-2008 թվականներն ընդգրկում էին այն ժամանակահատվածը, որի ընթացքում վստահ եմ՝ կարելի էր ձեռնարկել շատ ավելի լուրջ ու խորքային քայլեր՝ Հայաստանի ու Արցախի հասարակությունների ինտեգրումը շատ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Սա ժամանակահատված էր, երբ հարկավոր էր բարեփոխումներ կատարել կրթական ոլորտում՝ այս բոլոր հարցերը ներառելով կրթական համակարգում։ Սակայն, ցավոք սրտի, այդ քայլերը չձեռնարկվեցին։ Իրականում հանրության ներսում նմանատիպ տրամադրությունների առկայության դեպքում, որոնք շատ դեպքերում միտումնավոր էին տարածվում, պետությունն այդ ամենը պետք է բալանսավորեր ինստիտուցիոնալ ծրագրերով։ Նշածս ոլորտներում հստակ քայլեր չձեռնարկելու հետևանքով այդ բացասական միտումները, իրոք, ներգործություն էին ունենում հանրության վրա․․․
Ինչ վերաբերում է նախընտրական փուլին, ապա այս ժամանակահատվածում տիրող իրավիճակը միանգամայն տարբերվող էր։ Այն պահից սկսած, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մտնում է 2008 թվականի նախագահական ընտրությունների գործընթաց, ներառյալ ֆորմալ քարոզարշավը, Տեր-Պետրոսյանի թիմի քարոզչական ողջ ներուժը, ռեսուրսներն ուղղվեցին բաժանարար գծեր ստեղծելուն։ Որքան էլ այդ ժամանակ ու հետագայում փորձել են այդ ամենն այլ լույսի ներքո ներկայացնել և չեն խոստովանել, որ այդ ամենը նախապես ծրագրված ու միտումնավոր է արվել, իրականությունն այն է, որ այն պահից սկսած, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց մրցապայքարի մեջ մտնելու մասին, սկսվեց բաժանարար գծերի կառուցման գործընթացը, գործընթաց, որով արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվեցին «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատումն ու «ղարաբաղյան կլան» թեզի շահարկումը։ Անգամ սոցիալական անարդարության այն խնդիրների մասին խոսելիս, որոնցում, իհարկե, օբյեկտիվ կողմեր կային, ելույթներն ուղեկցվում էին «ղարաբաղյան կլանի» մասին թեզերով։ Հասել էին այն աստիճանի, որ համեմատություններ էին անցկացնում մոնղոլ-թաթարական խաների հետ։ Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը հետագայում փորձել է համոզել հանրությանը, որ դրանցով չի ցանկացել որևէ մեկին վիրավորել, այլ նկատի է ունեցել մոնղոլ-թաթարական խանական համակարգը, սակայն իրականությունն այլ էր․․․
Բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Իրավական տարաբնույթ
հարցերի ու սոցիալական անարդարությունների հետ կապված հանրային դժգոհությանն ավելացվում
էին «Ղարաբաղից եկածների» մասին թեզերը։ Շատ քիչ էին մարդիկ, որոնք գիտակցում էին,
որ այդ շահարկումներն այլ նպատակ են հետապնդում։ Ընդհակառակը, այդ իներցիայի ներքո
ավելի էր խորանում ներազգային բաժանարար գծեր կառուցելու գործընթացը, ահագնացավ նաև
«հայաստանցի-ղարաբաղցի» կործանարար դիսկուրսը։ Այն աստիճանի էին ծայրահեղացել, որ նշում
էին, թե «ով իրենց հետ չէ, ուրեմն իրենց թշնամին է»։ Ցավալին այն էր, որ այդ բաժանարար
գծերը սկսեցին տարածվել նաև ընկերական շրջապատներում, ընտանիքներում․․․
Ահա այս կարգի լարվածություն էր ստեղծվել այդ քարոզարշավի ժամանակ,
որի հետագիծն ու հետևանքները զգում ենք մինչև օրս։ 2008 թվականը նախագահական ընտրությունների
քարոզարշավով, իր ընթացքով, մարտիմեկյան ողբերգությամբ շարունակական հետագիծ ունեցավ,
որը մինչ օրս էլ իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության մտածելակերպի,
հոգեվիճակի, աշխարհայացքի, արժեքների վրա․․․
Ինչպիսի՞ն էին աշխարհի հետ մեր հարաբերությունները 1998 և
2008 թվականներին, 2008 թվականը՝ մինչև մարտիմեկյան իրողությունը ու դրանից հետո։ Ինչպե՞ս
էին այդ հարաբերությունները պրոյեկտվում բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրության
վրա։
Եթե փորձենք բանաձևել 1998 թվականը աշխարհի հետ մեր հարաբերությունները
կամ աշխարհի ընկալումը մեր նկատմամբ, ապա հավանաբար երկու հանգամանքի վրա պետք է կենտրոնանանք։
Առաջինն անդրադառնանք նրան, թե ինչպիսին էր վերաբերմունքը երկրի կամ իշխանության նկատմամբ,
երկրորդ՝ այդ ամենը դիտարկենք ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում։
1998 թվականին բավականին լուրջ հիասթափություն կար երկրից ու նախագահից,
որովհետև բոլոր ակնկալիքները՝ ժողովրդավարական գործընթացներից սկսած և այլ հարցերով
վերջացրած, այդ ընթացքում դոմինոյի էֆեկտով փլուզվել էին։ Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում
այն ամենն էր, ինչն արտացոլվեց Լիսաբոնում, որովհետև Լիսաբոնն աշխարհի կողմից խնդրի
ընկալման ամենալավ ցուցիչն էր՝ իր ողջ ներկապնակով հանդերձ։
2008 թվականի մարտի 1-ը բավականին ծանր դրոշմ թողեց երկրի հեղինակության
վրա, բավականին ծանր․․․ Այն, որ ներքաղաքական
գործընթացն արդեն սկսեց մարդկային կյանքեր խլել, չէր կարող միջազգային հանրության ուշադրությունը
վրիպել կամ իր անդրադարձն ու ազդեցությունը չթողնել երկրի հանդեպ վերաբերմունքի վրա։
Սա շատ մեծ հարված էր Հայաստանի հեղինակությանը։ Մյուս կողմից՝ իշխանության նկատմամբ
միջազգային հանրության վերաբերմունքն այս պարագայում բավականին ոչ միանշանակ և քաոտիկ
էր։ Իշխանությունը գնացող իշխանություն էր դիտարկվում, և միջազգային հանրության մոտ
չկար ընդհանրական, միջինացված ու միանշանակ մոտեցում, որ այս ամենն ամբողջապես պետք
էր տարածել եկող իշխանությունների վրա, որն իրավահաջորդությամբ էր գալիս։
Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի վրա ազդեցությանը, այդ
ժամանակ Հայաստանն արդեն բավականին հստակ դիրքերից էր հանդես գալիս, հայեցակարգային
բանակցող էր իր պատկերացումների, մոտեցումների և այլնի շրջանակներում։ Ամրագրված էր
քաղաքական գիծ, ըստ որի՝ Հայաստանը կարևորում էր Արցախի կարծիքը, միևնույն ժամանակ
ուրվագծված էին «կարմիր գծերի» վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Հայաստանն այլևս
ամեն ինչին համաձայնվող Հայաստանը չէր։ Եվ Հայաստանի այս դիրքորոշումը միջազգային հանրության
կողմից ընկալվում էր որպես փաստ։ Բացի դրանից՝ կար նաև հստակություն արտաքին քաղաքական
գերակայությունների մասով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արտաքին
քաղաքականության գերակայությունների հերթականությունը բավականին հստակ էր դրվել, և
դա նույնպես տեսանելի էր միջազգային հանրության համար։
Իհարկե, այս գործոններն ունեին իրենց և՛ դրական, և՛ բացասական
կողմերը, բայց ամբողջական իրավիճակն այսպիսին էր։ Հասկանալի էր նաև, որ մարտի 1-ի թողած
հետքը՝ այդ ողբերգության ողջ դրսևորումներով հանդերձ, մեզ վերաբերող մոտեցումների ու
ընկալումների առումով դեռ երկար ժամանակ պետք է ազդեցություն ունենար արտաքին քաղաքական
գործընթացներում։
Նյութի աղբյուրը՝ Կարեն Բեքարյան-«Ճոճանակ»
Comments
Post a Comment