17 նոյեմբերի, 2017 թիվ, Քասլիք
Բեյրութում
գտնվելուս օրերին ծրագրված է հանդիպել Լիբանանում Սերբիայի Հանրապետության պատվավոր
հյուպատոս Ժոզեֆ Մարտինոսի հետ։ Օր առաջ, լիբանանահայ բարեկամիս օգնությամբ կապվեցի
Ժոզեֆի հետ, պայմանավորվեցինք հանդիպել։ Նա սիրով զրույցի հրավիրեց իր գրասենյակը։
Ժոզեֆի
հետ առաջին անգամ հանդիպել և ծանոթացել եմ Լիբանան կատարած իմ առաջին այցի ժամանակ՝
2013 թվականին, այնուհետև 2 անգամ Բելգրադում՝ 2015 թվականի փետրվարին և հունիսին։
Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, Սերբիայի պետականության օրվա առթիվ,
երկուսիս էլ շնորհվեց բարձրագույն պարգև՝ հանրապետության Ոսկե մեդալ, իսկ երկրորդ անգամ
հանդիպել ենք Սերբիայի պատվավոր հյուպատոսների առաջին համաժողովի օրերին։ Ես և Ժոզեֆը
հիշում ենք այդ անմոռանալի օրերը, մտաբերում տաք ու անջնջելի հիշողությունները։
-Սիրելի
բարեկամ, ուրախ եմ, որ կրկին Լիբանանում եք և հանդիպելու առիթ ունենք,- ասում է Մարտինոսը՝
առաջարկելով լիբանանյան ծխախոտ։
-Ծխող
չեմ, սիրելի Ժոզեֆ, նույնիսկ արգելել եմ ծխելը իմ հյուպատոսական գրասենյակում,- պատասխանում
եմ,- ավելի լավ է սառը ջուր, քանի որ լիբանանյան շոգը զգացնել է տալիս։
-Ի դեպ,
2015 թվականին Բելգրադում Սերբիայի Հանրապետության Ոսկե մեդալ ստանալու առիթով, Ձեր
մասին հրաշալի է արտահայտվել նախագահ Նիկոլիչի խորհրդական, երբեմնի արտգործնախարար
պարոն Իվան Մրկիչը։ Նա շատ բարձր է գնահատել Ձեր գրական-մշակութային գործունեությունը,
ինձ հետ առանձնազրույցում է նշել, որ ճանաչված գրող ու մտավորական եք,- ասում է Ժոզեֆը։
Ոսկե մեդալի հանձնման արարողության ժամանակ, երբ ներկայացվեց Ձեր կենսագրությունը,
հասկացա, թե ինչ նվիրումով եք կատարում Ձեր գործը։
-Շնորհակալ
եմ, սիրելի Ժոզեֆ, տաք ու բարի խոսքերի համար,- պատասխանում եմ,- ի դեպ, ինձ էլ Ձեր
մասին է դրվատանքով պատմել Իվան Մրկիչը, նշել, որ ճանաչված գործարար եք և ամեն բան
անում եք Սերբիայի և Լիբանանի միջև տնտեսական կապեր ստեղծելու ուղղությամբ։
-Տեղյակ
եմ, որ սերբական իշխանությունները ելնելով մեր հանդեպ ունեցած հարգանքից ու գնահատելով
մեր ավանդը, մտադիր են երկուսիս Սերբիայի Հանրապետության քաղաքացիություն շնորհել։
Հավանաբար գիտեք այդ մասին,- ասում է Ժոզեֆը։
-Գիտեմ,
անշուշտ, Սերբիայի Հանրապետության նախագահ Նիկոլիչը սիրով է տվել երկուսիս քաղաքացիություն
շնորհելու իր համաձայնությունը,- ասում եմ զրուցակցիս։ Այդ մասին ինձ ասել է նախագահի
խորհրդական պարոն Մրկիչը, բայց դեռ նորություն չկա, գուցե արարողակարգային որոշակի
գործընթաց է հարկավոր։ Կարծում եմ՝ առաջիկայում դա իրագործելի կդառնա։
Մարտինոսը
խոսում է սերբ գործարարների հետ իր տնտեսական կապերի ու այլ ծրագրերի մասին։
-Նախկինում
Բեյրութ-Բելգրադ ուղիղ չվերթ չկար և դա շատ բանով դժվարացնում և դանդաղեցնում էր մեր
տնտեսական կապերի զարգացումը,- ասում է զրուցակիցս։ Հիմա ամեն օր Բեյրութից Բելգրադ
և Բելգրադից Բեյրութ չվերթներ կան։ Դրանով ավելի դյուրին են դարձել մեր կապերը։ Հավատացեք,
այս տարի Լիբանանի ավելի քան 7000 քաղաքացի է մեկնել Սերբիա տարբեր գործերով։
-Լավ է,
որ օդային հաղորդակցություն է ստեղծվել Բեյրութի և Բելգրադի միջև,- պատմում է Ժոզեֆը,-
երկու քաղաքներն էլ կարող են տարանցիկ դեր կատարել և կապել Սերբիան ու Լիբանանը այլ
երկրների հետ։
Ժոզեֆի
հետ իմ չորրորդ հանդիպումն ավելի է իմաստավորվում, մանավանդ աշխարհաքաղաքական ներկայիս
պայմաններում, երբ ասելիք կա և երբ կրկին լարված իրավիճակ է Միջին և Մերձավոր Արևելքում,
երբ պատերազմի հրդեհն արյան գնով մեծ մասամբ մարած Սիրիան փորձում է ուշքի գալ ու ոտքի
կանգնել, իսկ աշխարհի մութ ուժերը ծրագրում են հրդեհի նոր օջախներ ստեղծել հարևան երկրներում՝
լարված պահելով այդ տարածաշրջանը։
Ժոզեֆը
հետաքրքրվում է Հայաստանի տնտեսական իրավիճակով, հարևան երկրների հետ ունեցած հարաբերություններով,
բնակչության կենսամակարդակով։
-Ինքնիշխան
դառնալուց հետո, Հայաստանի Հանրապետությունը նոր մարտահրավերների առջև է հայտնվել,- տեղեկացնում եմ Ժոզեֆին։
Մասամբ թուլացել են երբեմնի ավանդական մշակութային ու տնտեսական կապերը, բայց մենք
փորձում ենք վերականգնել և բարելավել հարաբերությունները բոլոր երկրների հետ։
-Ես հրաշալի հայ գործարարներ ունեմ և, ընդհանրապես, բարձր եմ
գնահատում Լիբանանում ապրող հայերին, նրանք գործունյա, ստեղծող ու բարի մարդիկ են,-
հպարտությամբ ասում է Ժոզեֆը։ Տեղյակ եմ նաև Արցախի հիմնահարցին, գիտեմ, թե ինչ դժվարություններով
եք պահպանում ձեր պատմական հողը։ Վերջին տարիներին արաբերենով շատ գրքեր են հրատարակվել
Հայաստանի ու հայոց պատմության մասին և ես ավելի խորությամբ եմ հասկանում ձեր պայքարի
խորհուրդը։
Ժոզեֆի հետ խոսում եմ Սերբիայի Հանրապետության պետականության
տոնն ամեն տարի նշելու, Սերբիա մուտքի արտոնագրային ռեժիմի և այլ հարցերի մասին։
-Արդեն ավելի քան 40 տարի կապված եմ սերբ ժողովրդի հետ, սերբական
գրականությանն ու մշակույթին,- բացատրում եմ Մարտինոսին։ Ամեն տարի մեր հյուպատոսությունը
բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում, ըստ արժանվույն ենք ներկայացնում Սերբիան
Հայաստանում։ Դրանք հիմնականում դասախոսություններն են, գրական-երաժշտական երեկոներ,
ռադիո և հեռուստահաղորդումներ, գրական ստեղծագործությունների թարգմանություններ։ Մեծ
տեղ ենք հատկացնում նաև հրատարակչական գործունեությանը։
-Գիտեմ, որ մի շարք գրքերի հեղինակ եք և Ձեր գրական գործունեությունը
բարձր է գնահատվել Սերբիայում, այդ մասին կրկին ինձ ասել է նախագահ Նիկոլիչի խորհրդական
Իվան Մրկիչը,- շարունակում է Մարտինոսը։ Մինչդեռ, ես գործարար մարդ եմ, գրքեր երբեք
չեմ գրել, բայց ծրագրում եմ գրել մի գիրք, որը, գուցե լինի առաջինն ու վերջինը։
Մտքովս չէր անցնի, թե ինչ գրքի մասին է խոսքը, երբ նա գործարար
աշխարհի մարդ է, լավ պատկերացնում է տնտեսական զարգացման հեռանկարները։
-Երբ Սերբիայի ղեկավարությունը 1999 թվականին ինձ պատվավոր հյուպատոս
նշանակեց, որոշեցի գրի առնել իմ պաշտոնական բոլոր հանդիպումները,- ասում է Մարտինոսը։
Պատվավոր հյուպատոս նշանակվելուց անցել է 18 տարի։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ
հանդիպումներ են եղել բարձրաստիճան այրերի հետ և եկել է ժամանակը դրանք ամփոփելու գրքի
ձևով։ Հենց դա էլ երևի լինի իմ առաջին ու վերջին գիրքը։
-Ժոզեֆ, հրաշալի՜ է, ողջունո՛ւմ եմ,- ասում եմ գործընկերոջս։
Նման օրագրություն ես կատարում եմ պատվավոր հյուպատոս նշանակվելու առաջին իսկ օրվանից՝
2007 թվականի հունվարի 25-ից։ Եվ վստահորեն կարող եմ ասել, որ այդ օրագրությունը ոչ
միայն իմ հյուպատոսական գործունեության վկայագիրն է, այլև՝ ժամանակի դիվանագիտական
քաղաքականության արտացոլումը։ Ի դեպ, բացառիկ են այն պատվավոր հյուպատոսները, ովքեր
նման սկզբունքներով են իրականացնում իրենց առաքելությունը։ Մեծ մասը հիմնականում ավելի
շահագրգռված է եկամուտ բերող գործարարությամբ, իսկ օրագրությունն ավելի ծանրակշիռ է
դարձնում հյուպատոսի գործունեությունն ու վարկանիշը։ Ես արդեն ավարտին եմ հասցնում
օրագրությունս և առաջիկայում այն լույս է տեսնելու առանձին գրքով, որը համեմված է լինելու
բազմաթիվ լուսանկարներով։ Ես, ի դեպ, այդ ամենին վերաբերվում եմ գրողի տեսանկյունից
և առաջնորդվում եմ գեղարվեստական շարադրական սկզբունքներով։ Զուտ վավերացումներ ու
սղագրություններ չեն լինելու իմ գրքում, այլ երկխոսությունների միջոցով աշխարհաքաղաքական
վերլուծություններ, մեկնաբանություններ ու գնահատականներ։ Լավ գիտեք, թե որքան հրատապ
ու ցավոտ է սերբերի համար Կոսովոյի հիմնահարցը, ինչպես մեզ՝ հայերիս համար Արևմտյան
Հայաստանը, Հայկական լեռնաշխարհը, որը 1915 թվականի եղեռնի ժամանակ բռնակցվեց Թուրքիային,
իսկ մեր հայրենակիցների մեծ մասը բռնեց պանդախտության ուղին, զգալի մասը հասավ Լիբանան,
ուր արաբ ժողովուրդը սիրով ընդունեց մեր տարաբախտ ժողովրդի մի հատվածին։
-Լսում եմ Ձեր ցավոտ պատմությունները և լավ եմ հասկանում, քանի
որ մենք գիտենք ինչ է պատերազմն ու ավերածությունը,- ասում է Մարտինոսը։ Դուք քաջատեղյակ
եք Լիբանանում 1975 թվականին բռնկված քաղաքացիական պատերազմին, որի հետևանքով մեր երկիրը
զգալի կորուստներ ունեցավ։ Ինձ հասկանալի չէ, թե ինչո՞ւ մարդկությունը հանգիստ ապրելու
իրավունք չունի, ո՞ւմ են խանգարում հալածված ու տառապած փոքրաթիվ ժողովուրդները, որոնք
ցանկանում են պահպանել իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը։
-Դուք միանգամայն ճի՛շտ եք, Ժոզե՛ֆ,- շարունակում եմ զրուցակցիս
խոսքը,- բայց աշխարհը կառավարող մութ ուժերին ամենևին չի՛ հետաքրքրում տառապած ժողովուրդների
ճակատագիրը։ Քաղաքականությունը և դիվանագիտությունը մարդասիրություն չե՛ն ճանաչում։
Չգիտեմ, հայտնի՞ է Ձեզ, արդյոք, հայ ժողովրդի ամենաոխերիմ թշնամի, «հեղափոխության առաջնորդ»
Լենինի՝ «Հայերն առանց Հայաստանի, Հայաստանն առանց հայերի» հայտնի կարգախոսը։ Իսկ մինչ
այդ, Աթաթուրքին Լենինը զենք ու ոսկի տվեց, որպեսզի, իբր, «ժամանակակից դարձնի ու նորոգի
իր բանակը»։ Այդ զենքը, սակայն, ուղղվեց անզեն ու անպաշտպան հայ ժողովրդի դեմ։ Շուրջ
2 միլիոն անմեղ հայեր զոհ դարձան 1915 թվականի ցեղասպանությանը։ Մեր հայրենակիցներին
դաժանաբար սպանելուց զատ, մեզանից խլեցին մեր շեներն ու օջախները, քարուքանդ եղան սրբավայրերը
և հային զրկեցին իր պատմական հայրենիքում ապրելուց։
-Այդ մասին մասամբ տեղյակ էի, բայց մանրամասնություններին ծանոթ
չէի, մանավանդ՝ Արցախին ու Նախիջևանին վերաբերող,- ասում է Ժոզեֆը։ Պարզապես չեմ հասկանում,
որտեղի՞ց այդ թշնամական վերաբերմունքն ու ատելությունը հայերի հանդեպ։
-«Հեղափոխության առաջնորդ» Լենինը հայերի ամենաոխերիմ թշնամին
էր,- բացատրում եմ Մարտինոսին,- նրա բացահայտ հայատյաց քաղաքականության հետևանքով մեր
երկիրը վերաձևվեց և ամբողջ Արևմտյան Հայաստանը բռնկացվեց քեմալական Թուրքիային։ Տարիներ
անց նրա հրեշավոր գաղափարախոսությունը իրականացրեց մեկ այլ դահիճ՝ Իոսիֆ Ստալինը, ով
երբեք գոյություն չունեցած Ադրբեջանին 1921 թվականին նվիրեց Արցախն ու Նախիջևանը։ Եթե
ուշադրությամբ ծանոթանաք պատմական փաստաթղթերին, կտեսնեք ու կհամոզվեք, որ Ադրբեջանի
ստեղծման ժամանակ Արցախը և Նախիջևանը երբեք չեն եղել նրա կազմում։ Ավելի ճիշտ, ադրբեջանցի
ազգ ու ադրբեջանական պետություն այդ ժամանակ գոյություն չեն ունեցել։ Ի դեպ, Ադրբեջանը
1918 թվականին ինքնիշխան է դարձել առանց Արցախի և Նախիջևանի։ Ու հիմա երբ մենք, արյան
գնով, շտկել ենք հայոց հանդեպ գործած երբեմնի անարդարությանը մի մասը, Ադրբեջանը չի
ցանկանում համակերպվել իրողության հետ և ռազմատենչ քաղաքականությամբ պարբերաբար լարված
է պահում տարածաշրջանը՝ հույսը դնելով արյան ծարավ ու բարբարոս թուրքերի վրա։ Ցավով
եմ ասում, բայց դասական դիվանագիտությունն այսօր բավականին նահանջել է և վերածվել գրասենյակային
դիվանագիտության։ Այսօր աշխարհն առաջնորդվում է ուժի իրավունքով։ Մեր օրերում դիվանագիտական
լծակներով անհնար է լուծել ազգային ու տարածքային որևէ հարց։ Սա բացահայտ իրողություն
է։ Ռուսաստանն ու եվրոպական շատ կառույցներ ցանկանում են «խաղաղ ճանապարհով» լուծել
Արցախի խնդիրը, որի տակ կասկածելի ենթատեքստեր կան։ Մենք, հայերս, քաջ ծանոթ ենք քաղաքական
այդ խաղերին ու գերտերությունների՝ «խաղաղ ճանապարհով» հարցը լուծելու դավադիր քաղաքականությանը։
Նրանք քաջ գիտակցում են, որ անհնար է արհամարհել ու անտեսել ինքնորոշվող ու ազատ ապրել
ցանկացող ժողովրդի կամքը։ Մենք արյան գնով ենք ազատագրել հայոց Արցախը։ Այն մեզ հենց
այնպես նվեր չի՛ տրվել։ Արցախահայությունը հանրաքվեով է արտահայտել ազատ ու անկախ ապրելու
իր կամքը։
Խոսում ենք բազմաթիվ այլ հարցերի մասին, որոնք անհանգստանալու,
մտորելու տեղիք են տալիս, մանավանդ ներկայիս աշխարհաքաղաքական լարված ու պայթյունավտանգ
պայմաններում։
Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Հյուպատոսական գրառումներ»
Comments
Post a Comment