Skip to main content

Այնքա՜ն երազած Երևան-Բեյրութ չվերթը

9 նոյեմբերի, 2013 թիվ, Երևան-Բեյրութ

Ուղեկցորդուհին արաբերենով, ապա քաղցրահունչ արևմտահայերենով տեղեկացրեց, որ Երևանից Բեյրութ մեկնող ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Րոպեներ անց մետաղե հսկա թռչունը պոկվեց գետնից ու խառնվեց ամպերին։ Ինքնաթիռի պատուհանից երևացին ձյունե հավերժական քողով ծածկված Մասիսի ադամանդե գմբեթները, իսկ ամպերի տակ հայոց հայրենիքն է, թուրք դահիճի բռնազավթած Հայկական լեռնաշխարհը՝ Վասպուրական երկիրը, Վանա լիճը, մեր նախնյաց շեներն ու քաղաքները, որոնք տնօրինում է վայրագ ու բարբարոս մարդասպան-թուրքը։

Լիբանանի և Հայաստանի ժամային գոտիները տարբերվում են 2 ժամով։ Իսկ թռիչքի տևողությունը մոտ 2 ժամ է, ասել է, թե ո՛ր ժամին թռչի ինքնաթիռը՝ նույն ժամին էլ հասնելու ենք Բեյրութ։

-Թռիչքին տեւողութիւնը Երեւանէն Պէյրութ մէկ ժամ եւ 50 վայրկեան է,- տեղեկացրեց ուղեկցորդուհին։

Հետևի շարքում նստած երևանցի 2 երիտասարդները հաճույքով ու կենսուրախ քչփչում էին «Պատկերացնո՞ւմ ես, 1 ժամ ու 1 րոպեում հասնում ենք Բեյրութ․․․»։ Ի՜նչ իմանային նրանք, որ արևմտահայերը վայրկյան ասելով նկատի ունեն րոպեն։ Այսինքն, Բեյրութ ենք հասնելու ոչ թե 1 ժամ ու 1 րոպեում, այլ 1 ժամ 50 րոպեում։ «50 վայրկեան» ասածը նույն 50 րոպեն է, որ մեր՝ հայաստանաբնակներիս պատկերացմամբ փոքր-ինչ տարօրինակ է հնչում, քանի որ մենք րոպեն և վայրկյանը, որպես ժամանակի չափման միավորներ, այլ կերպ ենք ընկալում, ի տարբերություն արևմտահայերի։

Ինքնաթիռը հերկում է Կիլիկյան երբեմնի հայկական պետության երկինքը, քիչ անց թռչում ենք Կիպրոսի վրայով։ Իսկ հետո, մինչև Բեյրութ հասնելը, Միջերկրականի կապույտ ջրերն են ուղեկցում։ Կապույտ ու ողորկ ջրե՜րը․․․

Հազիվ էի հասցրել զրուցել կողքիս նստած բեյրութահայ ուղևորների հետ, երբ կրկին լսվեց ուղեկցորդուհու բարեհունչ արևմտահայերենով տեղեկատվությունը՝ Բեյրութի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջք կատարելու մասին։ Ինքնաթիռի պատուհանից երևաց Բեյրութը՝ Միջերկրականի մարգարիտը։ Մետաղե հսկա թռչունը սահելով ծովի կապույտ հայելու վրայով՝ հանգիստ վայրէջք կատարեց։ Հիմա պետք էր Բենիամինի օգնությունը, որ արաբերենով պիտի հասկացներ ինձ անհասկանալի շատ մանրամասներ։

-Նախ պիտի գրանցուի բջջային հեռախօսդ,- ասաց Բենիամինը,- ասիկա պարտադիր է, քանի որ ծայրահեղականներու եւ օտար ուժերու կողմէ հակալիբանանեան շատ գործողութիւններ հսկողութեան տակ առնուած են։ Յետոյ կը կարգաւորենք մնացած կարեւոր հարցերը։

Մոտեցանք հատուկ ծառայության աշխատողին։ Թարգմանչի պարտականություններն իր վրա վերցրեց Բենիամինը։ Աշխատակիցը նայեց անձնագրիս ու հարցրեց

-Արմենիա՞

-Այո՛, Հայաստանից եմ,- ասացի։

-Տատիկս հա՛յ է,- ասաց օդանավակայանի արաբ աշխատակիցը,- հայերի հանդեպ հատուկ համակրանք կա մեր երկրում։ Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ հայ ժողովրդի հանդեպ, քանի որ երակներումս հայի արյուն կա։

Միանգամից ջերմ ու տրամադրող մթնոլորտ ստեղծվեց։ Օտարության զգացողությունն ասես հեռացել էր ինձնից ու կարծես Հայաստանից հեռու՝ Միջերկրականի ափերին հարազատ հարկի տակ լինեի։

-Քեզ դիմաւորողը եկա՛ծ է,- ասաց Բենիամինը,- երթանք, օթօն կը սպասէ։

Իսկ ինձ դիմավորողը Գրիգոր Դաքեսյանն էր՝ երևանաբնակ Գևորգ Յազիչյանի դասընկերը։ Գրիգորը եկել էր իր շքեղ մեքենայով։ Օրն արևոտ էր ու պայծառ, օդը՝ միջերկրածովյանին բնորոշ, բայց րոպե առաջ ցանկանում էի ազատվել նոյեմբերյան կիզիչ արևից։

-Ասիկա Լիբանանին բնորոշ տաք է, եթէ չէք դիմանար՝ կրնամ բանալ պատուհանը,- ասաց Գրիգորը։

-Բացե՛ք, բացե՛ք,- շոգից հազիվ շունչ քաշելով ասացի ես։

Մեղմ հովիկը մեկեն ներխուժեղց մեքենա։

-Իսկ եթե ամառը գալու ըլլայիք, ինչպէ՞ս պիտի դիմանայիք այս տաքերուն,- զրույցը առաջ է տանում Գրիգորը։

-Դրա համար էլ նախընտրեցի աշունը,- ասացի,- բայց տեսնում եմ նույնիսկ լիբանանյան խոր աշունը ամառվանից շատ չի տարբերվում։

Մինչ երթևեկում ենք Բեյրութի փողոցներով, Գրիգորը տեղեկացնում է, որ պիտի տեղավորվեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հյուրասենյակներից մեկում, որից հետո երեկոյան կրկին կհանդիպենք։

Ահա և Անթիլիասի նշանավոր շրջանը, ուր գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Մեքենան կանգ է առնում դարպասի առջև։ Մեզ դիմավորում է կաթողիկոսության «մշտարթուն պահապանը»՝ Թորոս Հելվաջյանը, որի նվիրյալ ու աչալուրջ աշխատանքի մասին դեռ Երևանում ինձ պատմել էր Գևորգ Յազիչյանը։

-Մեր հիւրը ժամանա՛ծ է,- ասաց Գրիգոր Դաքեսյանը,- քիչ մը թող հանգստանայ, երեկոյեան նորէն պիտի գամ հիւրը տանելու քաղաք։

-Ձեր սենեակը պատրա՛ստ է, երթանք ցո՛յց տամ,- ասաց Թորոսը՝ ուղեկցելով ինձ երկրորդ հարկի թիվ 607 սենյակը,- եթէ հարցեր ըլլան, հոս եմ, կրնաք ինծի ըսել։ Միայն թէ ժամացոյցին սլաքները 2 ժամ ետ տարէք, որպէսզի ժամադրութիւններէն չուշանաք ու ձեր փլաններուն մեջ խճողումներ չըլլան։

Հետո Գրիգորին ասացի, որ Գևորգ Յազիչյանը գրքեր է ուղարկել, պիտի իրեն հանձնեմ։

-Գիրքերը ձեր սենեակը ձգեցէ՛ք, երեկոյեան երբ գալու ըլլամ, կ'առնեմ,- հանդարտ պատասխանեց Գրիգորը,- հիմա գործեր ունիմ, պիտի երթամ։

Գրիգորը գաղթօջախի ճանաչված մարդկանցից է, գրքասեր ու արվեստասեր մարդ է, որ հաճույքով օգտակար է լինում Հայաստանից Բեյրութ այցելած մտավորական մարդկանց։ Եվ, անշուշտ, ազնվագույն մի անձնավորություն, ով Գևորգ Յազիչյանի խնդրանքով սիրով էր համաձայնել համակարգել ու իրականացնել իմ ստեղծագործական ծրագիրը, որպեսզի ոչ մի օր անտեղի չանցնի, որպեսզի Լիբանանում անցկացրած օրերս լինեն պատկերներով լեցուն ու հյութեղ։

Լիբանանում գտնվելու օրերին պիտի բնակվեի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում ինձ տրամադրված շքեղ հյուրասենյակում։ Ուրախ էի, որ սենյակիս պատուհաններն ուղղված էին դեպի բակ ու նայում էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարին։ Ամեն առավոտ պիտի արթնանայի, տեսնեի եկեղեցին ու աղոթեի առ Աստված։ Լուսամուտից երևում էին Արամ Ա կաթողիկոսի աթոռանիստը՝ Վեհարանը, Մատենադարանի ու թանգարանի շենքը։ Ի՜նչ լավ է, որ ամեն օր պիտի տեսնեմ այդ ամենը,- շշնջում էի ինքս ինձ,- ի՜նչ լավ է, որ ամեն օր աղոթքով մի պատառ հաց պիտի կիսեմ կաթողիկոսության հոգևորականների հետ, որ պիտի հանդարտեցնեմ հոգուս խռովքը, որ հանգիստ չի տալիս ինձ այս խառնակ ու անհանգիստ ժամանակներում, երբ չարը կրկին գլուխ է բարձրացրել՝ նպատակ ունենալով բնաջնջել այն ամենը, ինչ ազգային է ու ավանդական։ Իսկ կիրակնօրյա պատարագներին պիտի լսեի Նահապետ Ռուսինյանի խոսքերով պոլսահայ անվանի կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի ստեղծած «Կիլիկիա» հրաշալի երգը․․․

Երբոր բացուին դռներն յուսոյ,

Եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ,

Չքնաղ երկիրն մեր Արմենիոյ,

Երբ փայլի իւր քաղցրիկ օրեր.

Երբոր ծիծառն իւր բոյն դառնայ,

Երբոր ծառերն հագնին տերեւ`

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխարհ, որ ինձ ետուր արեւ․․․

Իմ մեջ թրթռում էր սիրելի ու պաշտելի երգը, որ ձոն էր Կիլիկիա աշխարհին, ձոն Միջերկրականի ափերին ծվարած մեր Կիլիկյան երբեմնի հայկական պետությանը։ Երգ, որ անհնար է լսել առանց արցունքի, երգ, որ արձագանքում է ամեն հայի կարոտաբաղձ հոգում՝ վառ պահելով նախնյաց անմեռ հուշը։

Դուրս եկա բակ, շրջեցի Մայրավանքի ծառաշատ բակում, հետո մտա եկեղեցի՝ աղոթք մրմնջալու։ Եկեղեցում ոչ ոք չկար, միայն Բարձրյալի խորհրդավոր ներկայությունն էի զգում․․․ և ունկերումս դարձյալ մեր սրբալույս «Կիլիկիա» երգն էր արձագանքում։ Մեզանից անբաժան ու մեր սիրելի «Կիլիկիան»․․․

Օրը հաճելի տաք էր, երկինքը՝ կապույտ ու անամպ։ Մայրավանքի բակում հոգևորականներ էի տեսնում, ովքեր ճեմում էին երկնասլաց նոճիների ներքո։ Ոչ ոքի չէի ճանաչում ու չէի համարձակվում մոտենալ՝ մտածելով, թե անպայման առիթներ կլինեն ծանոթանալու ու շփվելու։ Տարեց մի հոգևորական ինձ մոտեցավ ու անվարան ասաց

-Գիտեմ, որ Երեւանէն եկած էք ու կաթողիկոսարանին հիւրն էք, բարով եկած էք,- բարեհամբույր ու սիրալիր ասաց հոգևորականը,- ճաշե՞ր էք։

-Ո՛չ, դեռ չեմ ճաշել, այստեղ ամեն բան անծանոթ է ինձ, քիչ առաջ եմ եկել Երևանից,- պատասխանեցի։

-Ազատ գացէ՛ք ճաշարան, զգացէ՛ք Ձեզի ինչպէս ձեր տան մէջ,- շարունակեց հոգևորականը,- հիմա ես ալ կու գամ, լաւ առիթ կ'ըլլայ ծանօթանալու։

Մինչ ճաշարան գնալը մոտեցա Թորոսին, որ, իրոք, կաթողիկոսարանի «մշտարթուն պահապանն» է, հարցրի ով է հոգևորականը ու ինչպես դիմեմ նրան։

-Կորիւն արքեպիսկոպոս Պապեանն է,- ասում է Թորոսը,- մենք անոր Կորիւն սրբազան ըսելով կը դիմենք։ Ոչ միայն պայծառ հոգեւորական մըն է, այլեւ՝ հրաշալի մտաւորական ու գիտնական․․․

Կորյուն սրբազան․․․ այդ անունն ինձ շատ ծանոթ թվաց և ես փորձեցի պրպտել հիշողությունս, քանի որ հոգևորականների հետ հանդիպելու բազում առիթներ եմ ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, Բելգրադում ու Ցետինյեում, Վենետիկում ու Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Թեհրանում ու Նոր Ջուղայում։ Դե արի ու հիշիր բոլոր հոգևորականներին․․․ Միայն մտապահել էի, որ դեռ Երևանում Գևորգ Յազիչյանն ինձ գիրք էր տվել ու խնդրել, որ հանձնեմ Կորյուն արքեպիսկոպոս Պապյանին։

Մինչ ես կփորձեի պրպտել հիշողությունս, քիչ հետո մոտեցավ ինքը՝ Կորյուն սրբազանը

-Երթանք ճաշելու, բարեկա՛մս, երկար ճանապարհ անցած էք, յետոյ քիչ մը հանգստացէ՛ք։

-Սրբազան, Գևորգ Յազիչյանը Երևանից Ձեզ գիրք է ուղարկել, հիմա կբերեմ,- ասացի նրան։

-Երէկ կապուեր եմ Գէորգին հետ, ինծի բան չըսաւ, չեմ պատկերացներ, թէ ինչպէս հասցուցած է մէկ օրուան մէջ գտնել այս գիրքը,- զարմացած ասում է սրբազանը։

-Գևորգը եթե որևէ բան խոստանում է, միշտ կատարում է,- վստահորեն ասում եմ՝ լավ ճանաչելով Յազիչյանին։

-Լա՛վ, գիրքին մասին յետոյ կը խօսինք, բարեկա՛մս,- երջանկացած ասում է սրբազանը,- հիմա երթանք ճաշելու։

Ճաշարանը, որ Մայրավանքի հարևանությամբ գտնվող շենքի երկրորդ հարկում է, նախատեսված է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև Անթիլիաս այցելող պաշտոնական ու պատվարժան հյուրերի համար։

Ներս մտանք։ Ճաշարանում արդեն հոգևորականներ կային։ Ջերմ ու աստվածահաճո մթնոլորտ էր թևածում սեղանի շուրջ։

-Ահա սա՛ է մեր ճաշարանը, ամէն օր այստեղ պիտի նախաճաշէք, ճաշէք եւ ընթրէք,- ասաց Կորյուն սրբազանը, ապա ինձ ներկայացրեց ճաշի եկած հոգևորականներին։

Անբացատրելի խաղաղություն կար ճաշարանում։ Ասես օրհնա՜նք կար շաղախված կերակուրին։ Մի պահ մտաբերեցի վաղեմի ճամփորդությունս Վիեննա, ուր Մխիթարյան միաբանության աբբահոր՝ Հայր Պողոս Գոճանյանի հրավերով տեղի դիվաններում սերբահայ գաղթօջախին վերաբերող ուսումնասիրություններ էի անում։ Մխիթարյան միաբանության հոգևորականների հետ ամեն օր «Հայր մեր․․․» արտասանելով սեղանի շուրջ էինք նստում՝ վայելելով Տիրոջ տված մի պատառ հացը։

Հիմա այստե՛ղ, Կիլիկիո կաթողիկոսության ճաշարանի հացն եմ ճաշակում՝ պարզ գիտակցելով, որ առանց հոգևոր սնունդի ու աղոթքի, ունայն ու փո՜ւչ են աշխարհիկ բոլոր կերակուրները․․․

-Վաղն աւելի շատ ժամանակ կ'ունենանք զրուցելու,- ասաց Կորյուն սրբազանը,- դեռ նոր եկած էք, պիտի յարմարիք Անթիլիասին, նաեւ՝ հանգստանաք։

Ի՜նչ հանգստանալու մասին էր խոսքը, երբ ամեն վայրկյանը թանկ էր ինձ համար ու երբ հասկանում էի, որ Լիբանանում գտնվելուս 3 շաբաթները 3 րոպեի պես սահելու են։

Ճաշից հետո մի քիչ հանգիստ առա, տեսակավորեցի Երևանից բերած գրքերս, որպեսզի առաջիկա օրերին հանձնեմ ում հարկն է։ Հազիվ էի հասցրել տեսակավորել գրքերը, երբ իմ առանձնասենյակում հեռախոսազանգ հնչեց

-Պարոն Սիմոնեա՛ն, Թորոսն է, կրնա՞ք իջնել, Գրիգորը հոս Ձեզ կը սպասէ․․․

Գրիգորն իր մեքենայով ինձ էր սպասում։

-Քանի որ այս իրիկուն ծրագիր մը չունիք, ձեզի կ'ուզեմ պտտցնել Պէյրութի մէջ,- ասաց Գրիգորը,- երեկոյեան Պէյրութը շատ աղուոր կ'ըլլայ։

Գրիգորի հետ ուղևորվում եմ Բեյրութի փողոցներով։ Նա հետաքրքիր պատմություններ է անում քաղաքի մասին, տեղեկացնում, որ 250 հազարանոց լիբանանահայ երբեմնի գաղթօջախը զգալիորեն նվազել է, իսկ հայերի թիվը այսօր լավագույն դեպքում կազմում է շուրջ 90 հազար։

-Լիբանանեան պատերազմէն ետքը շատ հայեր ձգեցին երկիրը, ատոր համար գաղութը քիչ մը տկարացաւ,- տեղեկացնում է Գրիգորը,- բայց միևնույնն է՝ հայերը հոս բաւականին ազդեցիկ եղած են ու հիմա ալ իրենց ազդեցութեամբ պակաս դեր չեն խաղար։

Գրիգորը պատմում է, որ լիբանանահայ գաղթօջախի մասնակի տկարացումը պատերազմի հետևանք է։ Պատերազմը, մարդկության պատմության մեջ առկա այդ մեծագույն չարիքը որքա՜ն հայերի ստիպեց լքել Լիբանանը, ովքեր հարկադրված էին նոր հանգրվաններ փնտրել արևմտյան երկրներում, հիմնականում՝ Միացյալ Նահանգներում։ Գաղթօջախը, սակայն, կենսունակ է մնում նաև մեր օրերում։ Դրա ամենավառ վկայությունը Լիբանանում այսօր գործող հայկական շուրջ 27 դպրոցներն են, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, վանքերն ու եկեղեցիները, Հայկազյան համալսարանը, հայկական մշակութային և այլ կազմակերպությունները, երկրում լույս տեսնող բազմաթիվ հայալեզու թերթերն ու ամսագրերը, որոնք ոչ միայն լիբանանահայերի, այլև Մերձավոր ու Միջին Արևելքի մյուս հայ գաղթօջախներում ապրող հայերի մեջ ամուր են պահում ազգային ինքնության գիտակցումը, հայապահպան մեծ դեր կատարում։

Մեքենայով շրջում ենք իրիկնային Բեյրութով։ Ծովափնյա հատվածում վեր են խոյանում բարձրահարկ ու շքեղ բազմաթիվ կառույցներ, ու ասես այն տպավորությունն է ստեղծվում, որ ոչ թե Բեյրութում ես, այլ Արևմուտքի ծովափնյա շքեղաշուք մի անկյունում։ Իմ պատկերացումներում Լիբանանը միշտ եղել է արևելյան բարքերով ու տպավորություններով ապրող երկիր, բայց հիմա այլ կերպ եմ տեսնում ու այլ զգացողությամբ եմ ընկալում Լիբանանի մայրաքաղաքը։

-Ծովեզերք երթանք,- ասում է Գրիգորը,- հոն շատ գեղեցիկ է, մանաւանդ երեկոյեան միշտ մարդաշատ կ'ըլլայ։

Միջերկրականի ափին ծիրանավառ մայրամո՜ւտ էր, պերճաշուք մայրամուտ։ Հրավառ արեգակը թիկնել է ծովի հայելուն ու լույսով ողողել ծովի ջրերը․․․ Ի՜նչ դրախտային երեկո էր․․․ Ամբողջ Բեյրութը ողողված էր լույսերով, որոնք, որպես թանկարժեք ակնեղեն, զարդարում էին Արևելքի այս գեղեցիկ քաղաքը։

Օրը հաճելի էր ու մարդիկ շրջում էին հարազատ քաղաքում՝ վայելելով ծիրանավառ մայրամուտը։

-Երթանք ընթրելու,- ասում է Գրիգորը,- ի՞նչ կը սիրէք ուտել։

-Մսեղենից բացի ամեն ինչ,- պատասխանում եմ։

-Շատո՞նց միս չէք ուտեր,- հետաքրքրվում է Գրիգորը՝ հավանաբար որոշելով, թե ուր կարելի է գնալ ընթրելու։

-Շուրջ 25 տարի,- հստակ պատասխանում եմ,- հիմնականում բուսամթերք եմ գործածում, երբեմն նաև՝ ձուկ։

-Եթէ կը սիրէք ձուկը, կրնանք երթալ ճաշարան մը, ուր ձուկէն շատ աղուոր ուտելիք կը պատրաստեն,- առաջարկում է Գրիգորը։

Նոր էինք տեղավորվել ռեստորանի բացօթյա սրահում, երբ հայտնվեց նիհարակազմ, բայց շարժուն մի երիտասարդ՝ առաջարկելով ուտեստների ցանկը։

-Հիւրս Հայաստանէն է, միս չ'ուտեր,- ասաց Գրիգորը սպասարկողին,- ձուկով ուտելիք մը պատրաստեցէ՛ք հիւրին համար։

Մինչ ես և Գրիգորը կզրուցեինք Լիբանանում իմ անցկացնելիք օրերի ու ծրագրի իրագործման մասին, չանցած 20 րոպե, կրկին հայտնվեց սպասարկողը՝ աղցանի, ձկան և տապակած կարտոֆիլի սկուտեղը ձեռքին՝ հուսալով, որ կերակուրն ինձ դուր կգա։

-Կը յուսամ համեղ պիտի ըլլայ,- ասում է Գրիգորը,- անո՜յշ ըրէք։

-Շատ ախորժալի տեսք ունի,- ասում եմ Գրիգորին,- բայց չափաբաժինը մեծ է, գուցե կիսե՞նք։

-Ի՞նչը կիսենք, աս թեթեւ ուտելիք է, հանգիստ կրնաք ուտել,- զրույցն առաջ է տանում մարմնեղ ու հաղթանդամ Գրիգորը,- հիմա իմ ուտելիքը կը բերեն, ես մսակեր եմ, կը սիրեմ միսը։

Առանց ասելու էլ զգացվում է, որ նա անտարբեր չէ մսեղենի նկատմամբ։

Գրիգորը պատմում է իր ընտանիքի, զավակների մասին, հետաքրքրվում է ինձնով,իմ գրական-մշակութային գործունեությամբ, առաջիկայում կարդացվելիք «Սերբիայի հայ համայնքը» դասախոսությամբ, որով պիտի հանդես գամ Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքի հարևանությամբ գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Դեմիրճյան» կենտրոնում։

-Կրնամ ըսել, որ լիբանանահայերը Սերպիոյ հայ համայնքի մասին գրեթէ բան մը չեն լսած,- ասում է Գրիգորը,- շատ հետաքրքութեամբ պիտի տեղեկանան ձեր նիւթերուն։

-Իրոք, սերբահայ համայնքը բացառիկ է, քիչ ուսումնասիրված,- տեղեկացնում եմ զրուցակցիս,- նման դասախոսությունները ես սովորաբար ներկայացնում եմ տեսանյութով՝ 15-ից 2 ժամ տևողությամբ։ Եվ հետո չմոռանանք, որ Սերբիայի հայ համայնքն այնքան էլ մեծ չէ, ընդամենը 300 հոգի, որոնցից շատերը խառն ամուսնություններից ծնվածներ են, զտարյուն հայեր, կարելի է ասել, շատ քիչ կան։ Այդ առումով դուք բախտավոր եք, բացառիկ հնարավորություններ ունեք հայ մնալու օտարության մեջ։ Սերբիայում նույնիսկ հայկական եկեղեցի կամ դպրոց չկա, իսկ մի քանի տասնամյակ հետո համայնքը կարող է ամբողջությամբ ձուլվել։

Ուշ գիշեր էր, երբ Գրիգորն ինձ հասցրեց կաթողիկոսարան։ Իմ առաջին գիշերն էր, որ պիտի անցկացնեի Անթիլիասում։

-Դուք պէտք է հանգստանաք,- ասում է նա,- առաւօտեան կու գամ, պիտի երթանք Պիպլոս, եւ քանի որ կիրակի օր է, կրնամ ձեր տրամադրութեան տակ ըլլալ։

Հանդարտ քայլերով բարձրացա սենյակս։ Բեյրութի աստղաշատ երկինքն ու գիշերային պատկերներն էին դրոշմվել աչքերիս մեջ։ Առաջին տպավորությունները տաք էին ու անմիջական, բայց հանգստանալ էր պետք, որովհետև այցելությունը Բիբլոս ամբողջ մի օր է տևելու։ Հոգնած էի ու աչքերս մեկեն փակվեցին․․․ Երազում Միջերկրականի կապույտ հայելին էր ինձ պատկերվում, ինքնաթիռից երևացող Կիլիկիան, նրա արևախանձ ու առնական լեռները, որոնց գրկում շուրջ 5 դար ծվարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը․․․

Այդ ամենը, ավա՜ղ, երազ է մնացել, անհաս ու ցավատանջ մի երազ․․․

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան- «Պատկերներ Լիբանանից»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...