Skip to main content

Ցնծությո՜ւն է Լիբանանում

 

22 նոյեմբերի, 2013 թիվ, Բեյրութ

Այսօր Լիբանանի ազգային տոնն է՝ անկախության 70-ամյակը։ Հոբելյանական է։ Փակ են բոլոր հիմնարկները և ուսումնական հաստատությունները, բայց քաղաքում աշխուժություն է, մարդիկ փողոց են դուրս եկել ուրախանալու և վայելելու իրենց երկրի տոնը։ Եվ քանի որ ոչինչ ծրագրված չէր, որոշեցի մնալ կաթողիկոսարանի իմ առանձնասենյակում, փոքր-ինչ դադար առնել ամենօրյա հանդիպումներից ու զրույցներից։ Չանցած մեկ ժամ, զանգահարեց Սաքո Օգնայանը՝ «Սփիւռք» ամսագրի հրատարակիչը, և ասաց, որ իր խոստումի համաձայն ուզում է ինձ պտտեցնել Բեյրութում, ցույց տալ քաղաքի տեսարժան վայրերը։ Անկեղծ ասած, սիրով ընդունեցի նրա առաջարկը, քանի որ անցած 2 շաբաթվա ընթացքում բոլոր հանդիպումներս հիմնականում աշխատանքային ու պաշտոնական են եղել ու չեմ հասցրել լիարժեք ծանոթանալ Բեյրութին։

-Կէսօրին քեզի պիտի գամ, կ'ուզեմ քիչ մը պտտեցնել Պէյրութին մէջ, պարապ ըլլալէն լաւ է,- սիրալիր ասաց Սաքոն։

-Ես երբեք պարապ չեմ լինում, անելիք միշտ էլ ունեմ, եթե միայն օրվա հուշագրություններով զբաղվեմ, արդեն օրս կանցնի,- ասացի Սաքոյին,- բայց սիրով կուզեմ մի քիչ շրջել քաղաքում։

Հրաշալի օր էր՝ արևոտ ու պայծառ։ Դուրս եկա կաթողիկոսարանի բակ։ Հազիվ էի հասցրել մի քանի բառ փոխանակել «մշտարթուն» Թորոսի հետ, երբ նկատեցի Սաքոյի մեքենան։

-Պատրա՞ստ ես, երթա՞նք,-հարցրեց նա։

-Շարժվե՛նք,- պատասխանեցի։

-Եթէ այսօր ուրիշ ծրագիր մը չունիս, յետոյ կրնանք երթալ մեր տուն,- առաջարկեց Սաքոն։

-Ոչինչ չունեմ ծրագրված, պարզապես ցանկանում եմ տեսնել քաղաքը,- ասացի նրան։- Ավելի հարմար օր հազիվ թե լինի, բոլոր օրերս հագեցած են։

Սաքոյի հետ մեքենայով գնում ենք ինձ արդեն քաջ ծանոթ փողոցներով։ Հասնում ենք Բեյրութի կենտրոն։ Սաքոն մեքենան կանգնեցնում է Բեյրութի ծովափնյա հատվածում, ուր գտնվում է նշանավոր «Աղավնոց ժայռը» Ռաուշե թաղամասում։ Բնության անձեռակերտ այս հուշարձանը համարվում է Բեյրութի հիմնական տեսարժան վայրերից մեկը։ Այդ երկու զանգվածեղ ժայռ-կղզյակները իրենց գեղեցկությամբ գրավում են ոչ միայն տեղացիներին, այլև Լիբանան այցելող օտարազգիներին։ Լիբանանի մայրաքաղաքի այդ մասում հետազոտողները հայտնաբերել են վաղնջական ժամանակների հնավայրեր։ «Աղավնոց ժայռը» զբոսանքի ու մարզանքի սիրահարների նախընտրելի վայրերից է։ Ժայռերից մեծ մասին Բեյրութում բազմաթիվ լեգենդներ են պահպանվել՝ հիմնականում կապված սիրային դժբախտ պատմությունների հետ։ Պատմում են, թե հուսալքված սիրահարներն իրենց նետում էին ժայռից, որպեսզի մեկընդմիշտ վերջ տան կյանքին։

Ասում են «Աղավնոց ժայռը» գեղեցիկ է արշալույսին կամ մայրամուտին, երբ արեգակի շողերն անպատմելի գեղեցկությամբ արտացոլվում են ժայռի անհարթ մակերեսին։ Ժայռի հարևանությամբ, ծովափին, բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ են, ուր այցելուները կարող են վայելել լիբանանյան անկրկնելի խոհանոցի համեղ խորտիկները, նրանցում կամ մայթին նստածները՝ նաև սուրճ, թեյ ու նարգիլե․․․

-Նորէն կու գանք հոս, բայց երեկոյեան ժամերուն, որ մայրամուտ ըլլայ,- ասում է Սաքոն,- այն ատենը ավելի գեղեցիկ է «Աղավնոց ժայռը»։

-Ի՞նչ հրաշքներ ասես, որ չի ստեղծել ամենազոր Տերը,- շշնջացի ինքս ինձ ու ակնթարթորեն մտաբերեցի Վարդան Մամիկոնյանի «Ժայռակերտ կիսանդրին» Վայոց ձորում։ Պիտի իմանաս, սակայն, որտեղ կանգնես, որպեսզի երևա Վարդան Զորավարը՝ հաղթական սաղավարտը գլխին։ Կամ էլ Տաթևի նշանավոր «Ճոճվող սյունը», որի առեղծվածը առ այսօր մնում է անվերծանելի ու անբացատրելի։

-Իսկ գիտե՞ս, որ Լիբանանի մէջ բնութեան ուրիշ հրաշք մըն ալ կայ՝ երկյարկանի քարանձաւ մը, որ Ժէիթա կը կոչուի,- պատմում է Սաքոն,- նման բան աշխարհի մէջ չկայ։

-Լսել եմ այդ քարանձավի մասին,- ասում եմ Սաքոյին,- մեծ ցանկություն ունեմ տեսնելու։- Մի փոքրիկ Լիբանան ու այսքա՜ն հրաշալի վայրեր, ո՞ր մեկը բաց թողնես։

Քարանձավը տեսնելու համար մի քանի օր անց հանդիպելու եմ լիբանանահայ երգիչ Մանուկ Մինասյանին, ում ուղեկցությամբ պիտի այցելեմ Ժեիթա։

Սաքոն ինձ ցույց տվեց Բեյրութը, նրա հին ու նոր թաղամասերը, կապույտ երկինք խրված շքեղաշուք երկնաքերները։ Բեյրութն ըմբոշխնելու վայելքը հանկարծ մի պահ ընդահատվեց Գևորգ Յազիչյանի երևանյան հեռախոսազանգով։

-Գևո՛րգն է, սիրելի՛ Բաբկեն, խնդրում եմ անհապաղ վերադառնաս Երևան,- տագնապած ձայնով ասաց նա,- Լիբանանում շատ լարված իրավիճակ է։ Վերադարձի՛ր, Աստված մի արասցե բան պատահի։

Ինձ հասկանալի էր Գևորգի տագնապը, քանի որ նա էր նախաձեռնել ու նախապատրաստել իմ այցը Լիբանան ու նա էլ իր վրա էր վերցրել ամբողջ պատասխանատվությունը։

-Գևո՞րգն է,-հետաքրքրվեց Սաքոն։

-Այո՛,- սառնասրտորեն պատասխանեցի ես։

-Ի՞նչ կ'ըսե, ինչո՞ւ տագնապած է,- նույնքան սառնասրտորեն ասաց նա,- մենք արդեն 40 տարի այս տագնապներուն մէջ կ'ապրինք, մեզի համար սովորական բան մըն է։

Գևորգին մտահոգել ու անհանգստացրել էր նույն օրը առավոտյան Այնճարի մոտ հայտնաբերված 400 կիլոգրամ պայթուցիկը, որ կարող էր գործի դրվել ու պատճառ դառնալ մեծ ողբերգության։ Այդ օրերին նաև պայթյուն էր տեղի ունեցել Բեյրութում Իրանի դեսպանության առջև։ Դրան պիտի հաջորդեր պայթուցիկով լի մեքենայի ներխուժումը Իրանի դեսպանատուն։ Դեպքերն այլ զարգացում կարող էին ունենալ, եթե այդ մեքենայի առջև պատահաբար չհայտնվեր ջրատար մեկ այլ մեքենա՝ կանխելով կես տոննա պայթուցիկով բեռնված մեքենայի ներխուժումը Իրանի դեսպանատուն։ Այնուհանդերձ, մարդկային զոհեր էին եղել և մեծ ավերածություններ։ Այս ամենը տագնապելու լուրջ հիմք էր տվել Գևորգին։

-Ես տագնապելու հիմք չունեմ, Սաքո՛,- ասում եմ նրան,- մահն աչքիս առաջ մի քանի անգամ զգացել եմ ու ինձ համար միևնույն է։ Եթե մի բան պատահի, կարող է նաև Հայաստանում պատահել։ Երբ նախկին Հարավսլավիայում սկսվեցին ազգամիջյան ընդհարումները, որոնք ավելի ուշ վերածվեցին լայնածավալ պատերազմի, ամբողջ ժամանակ ականատես եմ եղել ավերածությունների ու դաժանությունների։ Բալյանյան վերջին պատերազմը և Հարավսլավիայի տրոհումը տեղի են ունեցել աչքիս առջև, ես այդ ամենի վկան եմ ու ժամանակագիրը։ Ի՞նչ ունեի կորցնելու։ Երբ մահը գալիս է բախելու դուռդ, թաքնվելու տեղ չունես, պիտի հստակ գիտակցես, որ դա է քո ճակատագիրը և պատրաստ լինես հեռանալուն։ Այդ տարիներին ես հաճախ եմ նայել մահվան արյունոտ ու դաժան աչքերին։ Մահը, այդ նողկալի ու տկար գոյությունը, որ իր սև գործն անելուց հետո ընդամենը մի քանի վայրկյանի կյանք ունի, անզոր էր կռիվ տալու ինձ հետ, քանի որ ես աստվածահաճո առաքելություն էի իրականացնում։ Ուրեմն ինչի՞ց վախենամ, Սաքո՛։

Գևորգի անհանգստությունը հասկանում եմ, բայց ամենևին չեմ պատրաստվում վերադառնալ Երևան։

Գիտեի, որ խաղաղ ու բարգավաճ Լիբանանին խեթ նայող թշնամիները միշտ էլ ցանկանում են լարված ու անհանգիստ իրավիճակ ստեղծել։ Հասկանում էի, որ իրավիճակը իրոք լարված է և ամեն րոպե կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել, սակայն հոգիս խաղաղվել էր Գևորգի հեռախոսազանգից հետո։ Չանցած 1 ժամ կրկին զանգահարեց Գևորգը

-Քեզ վաղը կսպասեմ Երևանի օդանավակայանում, խնդրո՛ւմ եմ շտապ վերադառնաս, կյանքս մի՛ վերածիր դժոխքի, առանց այն էլ փոթորկված է հոգիս․․․

-Գևո՛րգ, հանդարտվի՛ր,- սառնասրտորեն պատասխանեցի ես,- իրավիճակը, իրոք, լարված է, բայց ոչ պայթյունավտանգ։ Եթե բանը հասնի վտանգին ու պատերազմին, տեղի իշխանությունները կզգուշացնեն նաև Հայաստանի դեսպանության աշխատողներին, իսկ ինձ՝ կաթողիկոսարանում։

Սաքոն խնդրեց ձեռքիս հեռախոսը՝ հավանաբար Գևորգի փոթորկուն հոգին հանդարտեցնելու համար։ Հեռախոսից լսվում էր Գևորգի տագնապով լի ջղային ձայնը, բայց Սաքոյի հետ խոսելուց հետո կարծես փոքր-ինչ հանդարտվել էր նրա խռովահույզ ձայնը։ Հեռախոսազանգից զգում էի, թե որքան լարված է Յազիչյանը, և որքան է ցանկանում, որ 1 շաբաթ շուտ վերադառնամ։ Բայց որոշումս վերջնական էր՝ մնալ մինչև վերջ։ Ու՝ մնացի։

Այդ պահին մտաբերում էի մորս հետ իմ հեռախոսազրույցները, երբ 1991-1994 թվականներին գտնվում էի Բալկանյան կրակներում, երբ պատերազմ էր նախկին Հարավսլավիայում։ Մայրս հեռուստացույցի առջև նստած, ամեն օր տագնապած հետևում էր բալկանյան պատերազմին ու դրա շուրջ զարգացող իրադարձություններին և ամեն հեռախոսազրույցի ժամանակ անհանգստացած հարցնում էր ինչպե՞ս եմ, արդյոք այցելո՞ւմ եմ պատերազմական գործողությունների վայրեր։ Ես, իհարկե, բոլորովին այլ բան էի ասում, բայց իրականում պատերազմն ու նրա կործանարար հետևանքներն էին աչքիս առջև, նաև՝ փշրված ճակատագրերով անտուն ու խեղանդամված 100 հազարավոր մարդիկ։

Երբեք չեմ մոռանա մորս՝ համարյա արցունքաշաղ ձայնը, երբ հեռախոսազանգերից մեկի ժամանակ ասաց «Թող հանգիստ ապրեմ, ոչ մի տեղ մի՛ գնա, բան չպատահի»․․․ Բայց Տերն իր Աջով պահպանում էր ինձ։ Էլ ո՞ր օրվա համար էին պետք իմ՝ գրողիս առաքելությունն ու գրչիս զորությունը, եթե ոչ այդ բախտորոշ պահին։ Ու հիմա կեսից թողնեմ ու հեռանա՞մ Լիբանանից․․․ ինքս ինձ հետո երբեք չեմ ների։ Դեռ Այնճար պիտի գնայի, որ սահմանամերձ է Սիրիային ու առավել պայթյունավտանգ․․․ Ի՞նչ վերադառնալու մասին էր խոսքը։

Սաքոն առաջարկեց փոխել խոսակցության թեման, բայց ունկերիս մեջ բարեկամիս՝ սրտացավ Գևորգի տագնապալից ձայնն էր թրթռում։

-Հիմա կ'երթանք մեր տուն, կը ծանօթացնեմ մերիններուն հետ,- ասում է նա,- քիչ մը լիբանանեան ուտելիք կը համտեսենք, կը զրուցենք։

Սաքո Օգնայանը բնակվում է Բեյրութի Ռաբուե արվարձանի նորակառույցներից մեկում։ Բնակավայրը շատ մոտ է Ջունիին։ Պատմում է, որ արվարձանում շատ են հայերը։ Մեզ սիրալիր ընդունում է կինը՝ Մարալը և ներս հրավիրում։ Հարմարավետ ու հաճելի բնակարանում երեքով են ապրում՝ միակ դստեր հետ։ Քիչ հետո մեզ է միանում նաև դուստրը՝ Շողերը։ Ծանոթանում ենք, զրուցում, բայց ներողություն է խնդրում, որ երկար չի կարող ընկերակցել մեզ։ Սաքոյի տիկինը ընթրիքի թեթև սեղան է պատրաստում և հրավիրում է հյուրասիրության։ Պատշգամբից երևում էր լույսերի մեջ ողողված իրիկնային Բեյրութը, իսկ Միջերկրականի ալիքների հետ պար էին բռնել լուսնի ոսկեզօծ ցոլքերը։

-Ի՜նչ հրաշալի տեսարան է, Սաքո՛,- հիացած ասում եմ նրան,- Բեյրութն ասես ափիդ մեջ լինի։

-Այո՛, հրաշալի թաղամաս մըն է, բնակարանս ալ շատ լաւ է, բայց մտադիր եմ Հայաստան փոխադրուիլ,- ասում է նա։-Եթէ յաջողուի, սիրով կ'ապրիմ Հայրենիքին մէջ։

Հայրենի՜ք․․․ ամենաթանկ բառը աշխարհում, մանավանդ չքնաղ մի երկրից արտաքսված հայի համար․․․ Որտեղ էլ ապրի հայը, ո՛ր պետության երկնքի տակ էլ անցնի նրա կյանքը, միևնոփյւյնն է, հայի հոգում դրոշմված է Մայր երկրի կերպարը, հայը Մայր երկրի գոյությամբ, նրա կենարար ուժով է սնվում։ Նույնիսկ աշխարհի բոլոր գերհզոր ուժերը անզոր են Սփյուռքում ապրող հայի հոգուց ու մտքից տարանջատել «Հայրենիք» բառը, որովհետև հայը հազարամյակների անմեռ հիշողություն ունի, որն արյան կանչով փոխանցվում է սերնդեսերունդ։

-Շատ կը հաւնիմ քու «Խաչքար» գիրքին հայրենասիրական բանաստեղծութիւնները,- թերթելով ժողովածուս ասում է Սաքոն։- Ատոնցմէ ամէն մէկը կարծես կոչ ըլլայ Սփիւռքին մէջ ապրող հայերուն, որ Հայրենիքին մէջ բնակին։ Ամբողջովին ցաւի եւ կարօտի գիրք մըն է «Խաչքար»-ը, որ հայրենասիրութիւն դաստիարակելու լաւ օրինակ կրնալ ըլլալ։

-Դե ի՞նչ ասեմ, Սաքո՛, ինձ համար Հայրենիքը ամենից վեր է,- շարունակում եմ նրա խոսքը։- Անհնար է ապրել առանց Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո ու կարոտի։ Եթե նկատել ես, Հայաստանին նվիրված բանաստեղծություններիս մեծ մասը գրել եմ Սերբիայում, իսկ Սերբիային նվիրված բանաստեղծություններիս զգալի մասը՝ Հայաստանում։ Օտարության մեջ այդ կարոտն ավելի է ընդգծվում ու ավելի է մղում գրողին՝ հայրենակարոտ գործեր ստեղծելու։

Հետո կրկին խոսում ենք իր հրատարակած «Սփիւռք» ամսագրի, ամենօրյա բազմաբնույթ հոգսերի, Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների, նաև՝ հայապահպանության մասին։

-Երեւան վերադառնալէն առաջ նորէն կը հանդիպինք,- ասում է Սաքոն։ «Սփիւռք» ամսագրի համարներէն քանի մը օրինակ առանձնացուցած եմ, պիտի տամ քեզի, քանի որ անոնց մէջ հայ-սերպական կապերու մասին նիւթեր տպուած են։ Կը յուսամ պէտք կ'ըլլայ։

Տանտիրուհուն՝ Մարալին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրասիրության համար։ Սաքոն ինձ ուղեկցում է Անթիլիաս։

Իրոք անմոռանալի վայելք էր Սաքոյի ուղեկցությամբ տեսնել ու զգալ խորհրդավոր Բեյրութը։

Նյութի աղբյուրը՝ Բաբկեն Սիմոնյան-«Պատկերներ Լիբանանից»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...