Բայդենը սկսեց սենատոր աշխատել
1973 թվականին։ Նա հիմնականում կենտրոնացավ Սենատում մնալու վրա։ Նորեկին
Washingtonian ամսագիրն այսպես էր բնութագրում․«Սենատոր Բայդենը համարում է, որ ընտրության ելքի վրա վճռական ազդեցություն ունեն
ոչ այնքան իրադարձությունները, որքան անհատականություններն ու հանրությանը ներկայանալու
նրանց կարողությունը»։ Նա Կոնգրես մտավ Ռիչարդ Նիքսոնի անսպասելի վերընտրությունից
մի քանի ամիս անց։ Վերջինս վերընտրվել էր, թեև այդ ընթացքում թափ էր հավաքում Ուոթերգեյթի
սկանդալը։
Սենատում պաշտոնավարելու սկզբնական
շրջանում Բայդենը զգուշանում էր որպես լիբերալ հայտնի դառնալուց։ Երկկուսակցական ազգային
բևեռացումը պատմության մեջ նվազագույն մակարդակի վրա էր, և ընտրողների հավանությունը
բաշխվում էր բազմաթիվ ուժերի թեկնածուների միջև։ Քաղաքացիական իրավունքներին աջակցելու
և Վիետնամի պատերազմի դեմ հանդես գալու համար Բայդենը 1974 թվականին ստացավ «Ամերիկացիները
հանուն ժողովրդավարական գործողության» առաջադեմ հասարակական կազմակերպության շատ ազդեցիկ
աջակցությունը։ Նա այդ առիթով դժգոհ էր․«Այդ կազմակերպության բարձր
գնահատականը մեզ այնպիսի խնդրի առաջ կանգնեցրեց, որ մեզնից շատերն ուղիներ էին փնտրում
պահպանողականների օգտին քվեարկելու համար»,- ասել էր նա մի լրագրողի։ «Երբ գործը հասնում
է քաղաքացիական իրավունքներին ու ազատություններին, ես լիբերալ եմ, բայց այդքանը, վե՛րջ։
Ես իսկապես ամբողջությամբ պահպանողական եմ մյուս հարցերում։ Կինս ասում էր, որ ես իր
հանդիպած սոցիալապես ամենապահպանողական մարդն եմ»։
Արվարձանային գոտում ապրող սպիտակամորթ
անձինք այդ տարվա ամռանը համայնքային մի հանդիպման ժամանակ դժգոհության ալիքով ու հարցերի
տարափով էին դիմավորել Բայդենին, որովհետև նա պատրաստ էր աջակցել դատարանի վճռով ներդրված
բասինգի գաղափարին։ Բայց նա դարձավ նրանց սիրելին՝ Դեմոկրատական կուսակցության հակաբասինգյան
շարժման առաջատար խաչակիրը։ Հյուսիսային համալսարանի պատմաբան Գեդսդենն Ուիլմինգսթոնի
արվարձաններում ապրող աշակերտներից էր, որոնց ավտոբուսները հիմնականում սևամորթ աշակերտներ
ունեցող դպրոց էին տեղափոխում այն պատճառով, որ Բայդենը դեմ էր բասինգին։ «Կարծում
եմ, որ ես էլ, իմ դասընկերներն էլ շահեցինք դրանից,- ասում էր նա ինձ,- զուտ քաղաքական
իմաստով հասկանալի էր, թե Բայդենը 1970-ականներին ինչու էր դեմ բասինգին։ Որպես պատմական
երևույթ, սակայն, Բայդենը նպատակաուղղված ընտրեց սևամորթ երեխաների սահմանադրական իրավունքների
երկարաժամկետ խախտումներն արհամարհելը»։ Դա «ամրապնդեց նրա տեղը քաղաքացիական իրավունքների
պաշտպանությունից հետո քաշվող լիբերալների շարքում՝ բասինգի հանդեպ բացասական արձագանքից
մինչև նախագահ Քլինթոնի եռանկյունային քաղաքականությունը»,- ասաց նա։
Սենատում իր անցկացրած առաջին
տարիներին նա բախվում էր գործընկերների մշտական դարձած լուռ քմծիծաղին, քանի որ չուներ
քաղաքական կշիռ և հեղինակություն։ Երբ Հենրի Քիսինջերը պետքարտուղար էր, տղայական տարիքի
սենատոր Բայդենին շփոթել էր ծառայողի հետ։ Երբ զգուշացրին, նա իր սխալն ուղղեց շատ
սառը արտահայտությամբ․«Ներողություն եմ խնդրում, սենատոր Բիդ-դեն»,-
ասել էր Քիսինջերը՝ խեղելով Բայդենի ազգանունը։ (Բայդենը տակ չէր մնացել ու ակնհայտ
վրդովմունքով պատասխանել էր․«Խնդիր չկա, պետքարտուղար Դալլես»)։
Սենատի ամբիոնից Բայդենը մի անգամ ոգևորված ելույթ ունեցավ իր համար բացարձակ անծանոթ
թեմայի՝ նավթապոմպերի մասին, և նրան հակադարձող գործընկերը նրան բարձրաձայն դիտողություն
արեց։ («Սենատո՛ր Բայդեն, Դուք երբևէ տեսե՞լ եք սպառման եզրին հայտնված նավթահանք»)։
Բայդենի նախկին օգնականը հիշում է․«Նա զգում էր, որ իր հետույքին
ոտքով խփել են։ Դրանից հետո ասաց․«Ես այսուհետև միշտ լիարժեք
պատրաստված եմ լինելու»։
Նա իր օգնականներին գործի դրեց՝
հանձնարարելով պատրաստել հնարավոր բոլոր հարցերի դեպքում իր պատասխանները։ Գտավ մարդկանց,
որոնք մասնագիտացած էին իր համար անծանոթ հարցերում։ 1975 թվականի մայիսին նամակ գրեց
ամբողջատիրության արմատները հետազոտող, քաղաքական տեսաբան Հաննա Արենտին։
Հարգելի միսս Արենտ։
Վերջերս Թոմ Ուիքերի մի հոդվածում
կարդացի Բոստոնի 200-ամյակի համաժողովում Ձեր դասախոսության մասին։ Այն շատ հետաքրքրեց
ինձ, որպես Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի։ Ուզում եմ ստանալ
Ձեր ելույթի կրկնօրինակը։
Շնորհակալություն։
Հարգանքով՝
Ջոզեֆ Ռ․Բայդեն Կրտսեր
ԱՄՆ սենատոր
Ելույթը, որի մասին խոսում էր Բայդենը, կոչվում էր «Անցյալից չես փախչի»։ Դասախոսություն էր, որն Արենտը 1975 թվականի մայիսի 20-ին
կարդացել էր Բոստոնի Ֆանեյլ Հոլլում։ Սա մահից առաջ Արենտի վերջին հրապարակային կտակներից
մեկն էր։ Նա մահացավ այդ տարվա դեկտեմբերին։ Իր ելույթում զգուշացնում էր՝ կանխատեսելով,
որ կոմերցիոն աշխարհի գերիշխող դարձող կանոնները՝ Մեդիսոն Ավենյուի՝ առաջին հայացքից
անմեղ խաբեբայությունները, ուռճացվող բիզնեսները և փիարը, ամերիկացի քաղաքական գործիչներին
տալիս էին մարդկանց մոլորեցնելու ավելի մեծ ուժ։ Ստելը նույնքան հին երևույթ էր, որքան
քաղաքականությունը, նշում էր նա, բայց ստելը, «որպես կենսակերպ», շատ ավելի տարածված
էր ամբողջատիրական իշխանությամբ երկրներում»։ Հետո ավելացնում էր․«Երբ դառն անցյալը բախում է մեր դուռը, փորձենք գոնե ընդունել այն, չփորձենք թաքնվել
ինչ-որ ուտոպիաների՝ պատկերների, թեզերի կամ ակնհայտ հիմարությունների թիկունքում։
Այս հանրապետության հզորությունն այն է, որ պատշաճ է գնահատում մարդու մեջ լավագույնն
ու վատագույնը, և այդ ամենը՝ հանուն Ազատության»։
Սենատում կարիերայի աճին զուգահեռ
Բայդենը վերակառուցում էր իր ընտանիքը։ Նեյլիայի մահից 2․5 տարի անց Բայդենի եղբայրը կազմակերպեց նրա հանդիպումը Ջիլ
Ջեյքոբսի հետ, որի հետ այդ պահին դեռ ծանոթ չէր։ Ջիլ Ջեյքոբսը մի քանի ամիս անց ավարտելու
էր Դելավերի համալսարանը և անգլերենի մասնագետ էր դառնալու։ Նա Ֆիլադելֆիայի արվարձաններից
եկած նպատակասլաց ուսուցչուհի էր։ Ջեյքոբսը փորձում էր հասկանալ, թե ինչ տիպի մարդ
է նա՝ասելով․«Նա աղերս չուներ երկար բակերով, հոլիդեյ շալվարով տղաների հետ,
որոնց հետ ես սովոր էի հանդիպել»։ Ջիլը կես դրույքով մոդել էր աշխատում։ Բայդենը նրան
ճանաչել էր օդանավակայանում փակցված գովազդային մի պաստառից։ Ջեյքոբսը քաղաքականացված
կյանք չէր ուզում, բայց սիրեց Բայդենի որդիներին։ Բայդենի ընտանիքում միանձնյա որոշումներ
երբեք չէին կայացվում։ Նեյլիայի մահից 2․5 տարի անց Բայդենի որդիները
հարցրին՝ նրանք կամուսնանա՞ն։ 1977 թվականին, բազմաթիվ առաջարկություններից հետո, Ջեյքոբսն
ու Բայդենն ամուսնացան։ Նրանք դուստր ունեցան, անվանեցին Էշլի, որը դարձավ հանրային
ծառայող։
Հաջորդող տասնամյակներին Ջիլ
Բայդենն իր կենսակերպը հնարավորին չափ պահպանեց․ նա դարձավ փոխնախագահի առաջին տիկինը, որը շարունակում էր լիադրույք
աշխատել, համեստ աշխատասեղան ուներ, որն օգտագործում էր իր այլ գործընկերների հետ,
Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջում դասավանդում էր անգլերեն։ Երբ ես ու նա
նստեցինք սրճարանում, Սպիտակ տան մոտ, նրա անվտանգության ծառայությունը գրեթե անտեսանելի
էր, և որևէ մեկը կարծես նրան չէր ճանաչել։ 2008 թվականին նրա ամուսինը, կնոջն անվանելով
«մահացու գեղեցկուհի», զայրացրել էր որոշ կին ընտրողների։ Ես նրան հարցրի, թե ինչպես
է արձագանքել։ «Երբեմն ես փոքր-ինչ տհաճություն եմ զգում, երբ նա ինչ-որ բան է ասում,
որը շատ անձնական է ինձ համար, բայց հարցն այն է, որ, իմ կարծիքով, Ջոն իսկապես հավատում
է դրան»,- ծիծաղում է նա,- ինչպե՞ս կարող եք վիրավորվել, եթե ձեր ամուսինը ձեր մասին
այդպես է մտածում»։
1987 թվականին, Սենատում 15
տարի անցկացնելուց հետո, Բայդենը հաղթահարում էր սկզբնական կասկածները։ Որպես Պետաիրավական
հանձնաժողովի նախագահ, նա ձեռք էր բերել իր կուսակից դեմոկրատների հարգանքը՝ Գերագույն
դատարանի անդամի՝ Ռոնալդ Ռեյգանի՝ պահպանողական թեկնածու Ռոբերտ Բորքի դեմ հաջողված
պայքարի շնորհիվ։ Այդ տարի նա առաջին անգամ մտավ նախագահական ընտրապայքարի մեջ։ Բայց,
հայտնվելով ուշադրության կենտրոնում, նրա հին բարդույթներն ու դյուրանցումները նրան
շարքից հանեցին։ Նախընտրական իր անհաջող մի ելույթում նա ցիտել է բրիտանացի քաղաքական
գործիչ Նիլ Քիննոքի՝ զրոյից ինքն իրեն ստեղծելու միտքը։ Սակայն Այովայում անցկացվող
ամենամյա տոնավաճառ-փառատոնին նա չհիշեց Քիննոքին։ Ըստ Բայդենի՝ դա անմիտ սխալ էր,
նա բրիտանացու կենսագրությունը ներկայացրեց այնպես, կարծես այն հենց իրենն էր՝ ասելով․«Իմ պապերը Փենսիլվանիայի հյուսիս-արևելքի ածխահանքերում օրը 12 ժամ էին աշխատում»։
Բայդենն ածխահանքերում աշխատած
պապ չուներ։ Լրագրողները պարզեցին ևս մեկ անպատեհ մեջբերում (Ռոբերտ Քեննեդուց), որից
պարզ էր դառնում, որ Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ նա չափազանցրել էր իր ակադեմիական
հաջողություններն ու գլուխ էր գովել իրեն հարց տված մի մարդու մոտ՝ ասելով․«Կարծում եմ, որ հավանաբար իմ IQ-ն շատ ավելի բարձր է, քան քոնը»։ Բայդենը պարծեցել
էր, որ ստացել էր «ակադեմիական ամբողջական կրթաթոշակ» և ավարտել «լավագույնների շարքում»։
Երկու պնդումն էլ սուտ էր։ Երբ նրան այդ մասին հարց էին տվել, ներողություն էր խնդրել
ու ասել․«Ես չափազանցնում եմ, երբ զայրացած եմ լինում, բայց ես մարդկանց
երբեք իմ մասին ստեր չեմ պատմում»։ Կոնգրեսում սկսել էին կատակել․«Քեննեդիները մեջբերում էին հույներին, Բայդենը՝ Քեննեդիներին»։ Նա ձեռք էր բերել
ինքնահավան գլուխգովանի համբավ, Կոնգրեսի աշխատակիցների շրջանում էլ տարածվել էր նրա
ծաղրալի կենսագրությունը։ Բայդենի նկարով ու ձեռքբերումներով, որոնք ներառում էին «պոլիուրեթանի
և խոտհնձիչի գյուտերի հեղինակին և «Ռոքետտես»
կանանց պարախմբի անդամին (1968)»:
Բայդենի համար ընտրարշավն ավարտվեց
սեպտեմբերի վերջին։ Այն տևեց 4 ամսից էլ քիչ։ Դրան հաջորդած տարիներին ու մինչև այսօր
նա երբեմն դեռ գունազարդում է իր կենսագրությունը։ Մի առիթով ասել էր, որ մի անգամ
իրեն «կրակել են» Իրաքում։ Երբ հարցերով ճնշվեցին, հիշեց ու ասաց․«Ես մոտ էի այն վայրին, որտեղ կրակել էին»։ Դիտարկելով նրա չափազանցություններն
ու գրագողությունները՝ հասկացա, որ դրանք մի մարդու պոռթկումներ էին, որն ուզում էր
զրնգուն դարձնել յուրաքանչյուր պատմություն, նույնիսկ անհարմար դրության մեջ հայտնվելու
ռիսկով։ Այդ թուլության գինը չափազանց բարձր էր, բայց Բայդենը մասամբ էր ընդունում
իր մեղքը։ Երբ նա հայտարարեց 1987 թվականի նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին,
ընդունեց իր սխալները, բայց նաև մեղադրեց «նախագահական միջավայրին, որն ամերիկացիների
համար բարդացնում է Ջո Բայդենին տեսնելը և հեշտացնում՝ իր սխալ հայտարարությունները
որսալը»։ Հաջորդ տարիներին նա մեղադրեց գերուշադիր ընդդիմությանը՝ հասցրած վնասի համար,
և գերեռանդուն մամուլին։ Սակայն 2007 թվականին Բայդենը վերջապես դադարեց ափսոսալ նախագահական
իր ձախողված ընտրարշավի համար։ «Հետևանքն այն էր, որ ես սխալ էի գործել, և դա իմ մեծամտությունից
էր,- ասել էր նա մի լրագրողի, ես արժանի չէի նախագահ լինելուն»։
Նախագահական ընտրարշավի ավարտից
շատ չանցած՝ բժիշկներն ախտորոշեցին Բայդենի ուղեղի անոթների անևրիզմ, որի պատճառով
էլ նա հայտնվեց հյուրանոցային իր համարի հատակին։ Աշխատանքի օրը նա արդեն վերադարձել
էր Կոնգրես։ Հանրության առաջ նրա հայտնվելը ցույց տվեց, որ վերակենդանացել է։ Սակայն
լիարժեք վերականգնվելը ենթադրում էր ևս մեկ սարսափելի փորձություն։ 1991 թվականին Բայդենն
անցկացրեց Քլարենս Թոմասի՝ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նրա նշանակման լսումները։
Բայդենը ցնցեց իր լիբերալ աջակիցներին, քանի որ լսումների ժամանակ թույլ չտվեց ելույթ
ունենալ կանանց, որոնք կարող էին ամրապնդել Անիտա Հիլլի՝ դատավորի թեկնածուին առաջադրված
սեռական ոտնձգությունների մեղադրանքը։ Թեև, ի վերջո, Բայդենն անձամբ դեմ քվեարկեց։
Թոմասը շատ փոքր առավելությամբ՝ ձայների 52/48 հարաբերակցությամբ հաղթեց ու դարձավ
դատավոր։ Բայդենն իր հուշագրություններում բաց էր թողել Թոմասի լսումները, բայց լսումների
մասին պատմող «Տարօրինակ արդարություն» գրքի հեղինակներ Ջեյն Մեյերին և Ջիլ Աբրամսոնին
ասել էր, որ ինքը «Թոմսոնի հանդեպ ազնիվ վարվեց, ինչին, հետահայաց գնահատմամբ, նա արժանի
չէր»։
Բայդենը շատ ջանք էր գործադրում
իր հեղինակությունը վերականգնելու համար։ 1994 թվականին նա գլխավորեց «Կանանց դեմ բռնության
մասին» օրենքն ընդունելու արշավը։ Այդ օրենքով աճում էր բռնարար զուգընկեր տղամարդկանցից
կանանց պաշտպանության հնարավորությունը։ Սա նրան օգնեց կանանց միությունների աջակցությունը
վերադարձնելու հարցում։ Բայդենը սիրում էր ավանդական գործարքները, երկկուսակցական քաղաքավարի
շփումը, որոնց ժամանակ քաղաքական առևտուր էին անում համաձայնության որոշակի մակարդակի
հասնելու համար։ Նա այնպիսի բազմաբնույթ դաշինքների մեջ էր հայտնվում, որ դարձել էր
միակ սենատորը, որին խնդրել էին մի բան ասել Սթրոմ Թուրմոնդի՝ նախկին սեգրեգացիոնիստի
հոգեհանգստի արարողությանը։ Արիզոնայի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը և Նյու Ջերսիի
դեմոկրատ սենատոր Ֆրենկ Լաութենբերգը Բայդենին անվանում էին «միակ կաթոլիկ հրեան»։
Բայդենն ինձ ասում էր․«Դուք նրանց դիմում եք ինչ-որ քաղաքական հարցով,
նրանք ասում են՝ լավ։ Ու երբ գալիս է դա անելու ժամանակը, նրանք անում են դա, եթե նույնիսկ
հանգամանքներ են փոխվել»։
«Նա ծանր էր տանում ավելի հակամարտող
սենատորների մուտքը վերին պալատ։ Նրանք «իսկապես ոչ մի հարգանք չեն տածում սենատի հանդեպ,-
ասում էր նա ինձ,- իմ կարծիքով՝ նրանք ուզում են սենատը դարձնել ներկայացուցիչների
պալատ։ Նրանցից մեկը Քլինթոնի նախագահության տարիներին սենատի ամբիոնից նախագահին անվանեց
Բուբբա։ Ես երբեք չեմ մոռանա դա»։ Օրենսդիրները պարզապես ցուցադրական քաղաքավարությունից
չէին հրաժարվում։ Նրանք իրենց անձնական քաղաքական հաշվարկները վեր էին դասում հանրային
շահից։ «Այսօր հանձնառությունը, որպես երևույթ, դարձել է փոփոխական»,- ասում է Բայդենը
և նմանակում Կոնգրեսի շահախնդիր անդամի հավաքական կերպարի խոսքը,- ես հիշում եմ՝ այնն
ժամանակ ինչ եմ ասել, բայց հիմա, Աստված իմ, հիմա ես խնդիր ունեմ, հետևաբար այլևս չեմ
կարող լինել քեզ հետ»։
Սենատում Բայդենն այսօրվա առաջադեմների
աչքում ձեռք բերեց այնպիսի հեղինակություն, ինչպիսին կունենար ամբաստանյալը գործած
հանցանքները թվարկելու ժամանակ։ Նա կողմ էր քվեարկել Ուոլ Սթրիթի ապակարգավորմանը,
Ամուսնության պաշտպանության օրենքին, Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրին,
Իրաքի պատերազմին։ 2020 թվականի ներկուսակցական ընտրարշավի ժամանակ Մասսաչուսեթսի սենատոր
Էլիզաբեթ Ուորենը նրան մեղադրեց «կրեդիտ քարտերի ընկերությունների օգտին» օրենսդիր
աշխատելու մեջ։ Սոցիալիստական ուղղվածությամբ Jacobin ամսագրում մի հոդված էր հրապարակվել,
որի վերնագրում նրան համեմատել էին 20-րդ դարի առանցքային իրադարձություններում հիմնական
դերակատարում ունեցող անօգնական կինոկերպարի հետ՝ նրան անվանելով Դեմոկրատական կուսակցության
աջ շրջադարձի Ֆորեստ Գամփ։
Բայդենի քաղաքական կենսագրության
մեջ նրան ոչինչ այդքան չի հետապնդել, որքան նրա դերակատարությունը 1994 թվականի Քրեական
օրենսգրքի պատրաստությանը, օրենսդրական նախաձեռնություն, որն ամերիկյան պատմության
մեջ ամենաարմատականն էր։ Այն բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծում էր դաշնային
«երեք հանցանքի» օրենքով, որը խրախուսում էր երկարաժամկետ ազատազրկումները և նախատեսում
նոր բանտեր կառուցելու համար միլիարդավոր դոլարներ ուղղել նահանգներին։
Այդ ժամանակ օրենքին ձախ կողմից
աջակցեցին որոշ դեմոկրատներ, նաև Բերնի Սանդերսը, որն այսօր ասում է․«Ցավում եմ, որ կողմ եմ քվեարկել այդ սարսափելի օրենքին»։ Սատարեցին նաև սևամորթ
քաղաքական առաջնորդներ, օրինակ՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Քլայբյորնը
(Հարավային Կարոլինա)։ Վերջինս ծանր փորձությամբ հասկացավ, որ իր սևամորթ շատ ընտրողներ
ավելի քիչ էին ոգևորված Քրեական օրենսգրքի բարեփոխմամբ, քան սպիտակամորթ լիբերալները։
Մի քաղաքապետարանում 1994 թվականին հանդիպման ժամանակ նրան բացատրեցին ազատազրկումների
խստացման նախաձեռնության հանդեպ թերահավատությունը։ «Ես հուսալքված էի այդ հանդիպման
ժամանակ, այնտեղ բոլորը սևամորթ էին»,- վերջերս ինձ ասաց Քլայբյորնը,- կռեկ կոկաինն
աղետ էր սևամորթների համայնքների համար։ Նրանք ուզում էին լուծել այդ հարցը և կոշտ
էին տրամադրված նյութերի դեմ։ Այդ պատճառով էլ ես և Կոնգրեսի աֆրո-ամերիկյան հանձնախմբի
մյուս անդամները կողմ էինք քվեարկել 1994 թվականի Քրեական օրենքին»։ Քլայբյորնը Բայդենի
պես հպարտ էր, որ այդ օրենքը ներառում էր նաև կանանց հանդեպ բռնության դեմ բանաձևը,
գրոհային զինատեսակների ազատ վաճառքի արգելքը, որով նաև նախատեսվում էր գումար հատկացնել
համայնքային ոստիկանական ուժերին և թմրանյութերի դեմ պայքարը գլխավորող հատուկ դատարաններին։
Սակայն 1994 թվականի աշնանը հանրապետականները վերահսկողություն հաստատեցին ներկայացուցիչների
պալատում։ Քլայբյորնը նրանց մեղադրում է առաջ քաշած փոփոխությունների համար։ «Նրանք
պահեցին օրենքի ամբողջ պատժիչ մասը և չեղարկեցին ամբողջ դրական մասը»,- ասում է նա։
Բայդենն այս առիթով ափսոսանք էր հայտնում․«Ես գիտեմ, որ մենք ոչ միշտ
ենք ճիշտ քայլեր արել, բայց ես միշտ փորձել եմ։ Մենք մտածում էինք փորձագետների ասածի
շուրջ, թե թմրանյութից երբեք չեն կտրվում, թե այն արմատապես տարբեր է։ Այդ թմրանյութը
կլանեց մի ամբողջ սերունդ»։
Քրեական արդարադատության և ռասայական
քաղաքականության ոլորտում Պուլիցերի մրցանակի արժանացած «Փակելով յուրայիններին» հետազոտության
հեղինակ Ջեյմս Ֆորման Կրտսերը զանգվածային ազատազրկումները ներկայացնում է որպես «միմյանց
հետ անհամատեղելի դերակատարների խմբի՝ ժամանակի ընթացքում կայացրած փոքր որոշումների»
հետևանք։ Ըստ էության՝ այդ մարդիկ տեղավորվում էին Ֆորմանի ձևակերպած «պատասխանատվության
քաղաքականության» սահմաններում, ինչն անձնական կարգապահության մասին տեսություն էր՝
համահունչ լռակյաց և նրանց հաջորդած Բումերների սերունդների անհատականացմանը, մարդկանց,
որոնց ձայնը պարբերաբար լսելի էր դառնում Դեմոկրատական կուսակցության ամենաբարձր դիրքերից։
1993 թվականին իր երդման ելույթում Բիլ Քլինթոնը խոստացել էր «բոլորին տալ ավելի մեծ
հնարավորություններ ու բոլորից պահանջել ավելի մեծ պատասխանատվություն»։
Դա Հանրապետական կուսակցության
լեզվամտածողությունն էր։ 1980-ականների վերջին, երբ դեմոկրատները պարտվել էին նախագահական
նախորդ 6 ընտրություններից 5-ում, Քլինթոնն ու դեմոկրատների աճող սերնդի այլ ներկայացուցիչներ
որդեգրեցին անձնական պատասխանատվությանը նվիրված հռետորաբանությունը, որը հստակ տարանջատում
էր օգուտներ ստանալու արժանի համարվողներին ու նրանց, ովքեր համարվում էին դրան անարժան։
Ռոնալդ Ռեյգանը հայտարարել էր․«Մենք երբեք չենք լքի նրանց,
ովքեր ոչ իրենց մեղքով պետք է ստանան մեր օգնությունը»։ «Ոչ իրենց մեղքով» ձևակերպումը
նախագահական հռետորաբանության մեջ առաջին անգամ ի հայտ էր եկել պահպանողական Քելվին
Քուլիջի և Հերբերտ Հուվերի նախագահության տարիներին, սակայն Ռեյգանն այն շատ ավելի
հաճախ էր օգտագործում, քան նրան նախորդած որևէ նախագահ։ Հետո էլ, ըստ Հարվարդի համալսարանի
քաղաքական գիտությունների փիլիսոփա Մայքլ Սանդելի հաշվարկի, Քլինթոնն այդ արտահայտությունը
սկսեց կիրառել առնվազն կրկնակի ավելի, քան Ռեկգանը։ 1995 թվականին Էրիկ Հոլդերն առաջին
սևամորթն էր, որը զբաղեցնում էր մայրաքաղաքի գլխավոր դատախազի պաշտոնը։ Հենց նա էլ
նախաձեռնել էր «Հրադադար» գործողությունը, որը Վաշինգտոն քաղաքի ոստիկանությանը խրախուսում
էր կանգնեցնել մեքենաներն ու զենք որոնել։ Գործողություն, որն ազդարարեց «կանգնեցնել
և խուզարկել» քաղաքականության սկիզբը, ինչն ավելի ուշ, Օբամայի նախագահության ժամանակ,
արդեն որպես երկրի գլխավոր դատախազ, հենց ինքն էլ քննադատել էր։ «Ես միամիտ չեմ այս
հարցում»,- 1995 թվականին համայնքային մի հանդիպման ժամանակ ասել էր Հոլդերը,- ոստիկանները
մեծ մասամբ կանգնեցնելու են սևամորթ երիտասարդների»։
Խոսելով այդ տարիներին իրենց
կայացրած որոշումների մասին՝ Քլայբյորնը և նրա գործընկերներն ասում են, որ չէին փորձում
մարդկանց բանտ ուղարկել։ «Մենք փորձում էինք արձագանքել մեր համայնքների ցանկություններին»։
Ի հավելումն քրեական օրենքին՝ պատասխանատվության քաղաքականությունը խթանեց բարեկեցության
բարեփոխումը 1996 թվականին, ինչը դաշնային մակարդակում քիչ օգուտ տվեց աղքատներին։
Նույնը եղավ նաև սնանկության օրենսդրության ընդունման ժամանակ, որին Բայդենը նույնպես
աջակցում էր, և որն ամերիկացիների համար բարդացրեց պարտքերի մարումը։
Պատասխանատվության և հաշվետվողականության
ընդգծումը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ բարձր պաշտոններում գտնվողների համար։
Քլինթոնը ընտրարշավի ժամանակ խոստանում էր սանձել խոշոր ընկերությունների գործադիր
տնօրենների աստղաբաշխական աշխատավարձերը՝ սահմանափակելով գործադիր կառավարմանը որպես
փոխհատուցում հարկեր վերադարձնելու հարցում ընկերության կարողությունը։ Սակայն ընտրությունից
հետո Կոնգրեսի ընդունած բանաձևում Քլինթոնի խորհրդականներն օրենսդրական մի բաց էին
ստեղծել, որը կոչվում էր «արտադրողականության» վճար (օրինակ՝ արժեթղթերով օպցիոններն
ու բոնուսները, որոնց միջոցով էլ կատարվում էին վճարումները)։ Գործադիր տնօրենների
աշխատավարձերը կտրուկ աճեցին, որովհետև ընկերությունները հսկայական գումարներ հատկացրին
«արտադրողականությանը»։ Բայդենը զղջացել էր, որ կողմ էր քվեարկել․«Այդ պահին ամեն ինչ ճիշտ էր հնչում, և արձագանքը հետևյալն էր․«Լավ, եկե՛ք հետ գնենք մեր սեփական արժեթուղթը, ավելացնենք դրա արժեքը և ինձ վճարենք
այդ արժեթղթով»»։ (2007-2008թթ․ ֆինանսական փլուզմանը հաջորդած
տարիներին ամերիկյան առաջատար 20 բանկերի թոփ գործադիր տնօրեններն արժեթղթերով ստացել
էին ընդհանուր առմամբ գրեթե 800 միլիոն դոլարի արտադրողականության վճար)։
Հարվարդի պրոֆեսոր, «Գունավոր
մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի» նախկին ղեկավար Քորնել Ուիլիամ Բրուքսին
խնդրեցի գնահատել Բայդենի գործունեությունը Վաշինգտոնում։ Նա նկարագրեց մի պատկեր,
որը հիշեցնում էր Բայդենի թռիչքների ու անկումների մենթալ մատյանը։ «Մարդկանց դուր
էր գալիս այն փաստը, որ ինքը հավատարմորեն և լավ ծառայում էր երկրի առաջին աֆրոամերիկացի
նախագահին, բայց մարդիկ ատում էին քրեական օրենսգրքի փոփոխություններում նրա առաջնորդությունը։
Մարդկանց համար խնդրահարույց էր բասինգի հանդեպ նրա դիրքորոշումը, սակայն նրանք գնահատում
էին նրան որպես պատմական ամբողջություն և չափում էին ըստ նրա անկեղծության մակարդակի,-
ասում էր Բրուքսը,- Ջո Բայդենի հանդեպ դեմոկրատական կուսակցության առաջադեմ թևի անհանգստության
պատճառները հիմնականում հենց նրանք են, որոնք անհանգստություն են հարուցում դեմոկրատական
ամբողջ կուսակցության հանդեպ»։
Նա քաղաքականության հանդեպ ուներ
այնպիսի հակում, որն անսպառ էր նույնիսկ Վաշինգտոնի չափանիշներով։ Մեն նահանգից ընտրված
դեմոկրատ սենատոր Ջորջ Միտչելը, որը սենատում մեծամասնության ղեկավարն էր, վրդովվում
էր, որ իր բազմաթիվ գործընկերներ առանձնապես չէին հետաքրքրվում ձայներ հավաքելու կուլիսային
ոչ վսեմ աշխատանքով։ «Սովորաբար ինձ, որպես մեծամասնության առաջնորդի, սենատոր էր այցելում
և ասում․«Դե ինչ, մենք այս հարցում խնդիր ունենք։ Կարո՞ղ ես ձայներ ապահովել»»։
Դրանից հետո նրանք գնում էին ընթրելու։ Բայդենն ուրիշ էր։ Միտչելը հիշում է, որ խնդրել
էր նրան օգնել զանգել բոլոր դեմոկրատ սենատորների տուն, մի քանի ժամ անց վերադարձել
էր, որ ստուգի Բայդենի աշխատանքը․«Ես հասել էի 8-րդին, իսկ ինքը
դեռ 2-րդի հետ էր խոսում, ասացի․«Ջո՛, գիտեմ, որ ուզում ես այդ
հարցերը բացատրել այդ մարդկանց, բայց դու պետք է փոքր-ինչ հակիրճ լինես»։
2007 թվականին Բայդենը երկրորդ
անգամ մտավ նախագահական ընտրապայքարի մեջ։ Նա իրեն լավ դրսևորեց բանավեճերի ժամանակ։
Երբ նրան հարցրին, թե «կարողանո՞ւմ է իրեն զսպել ու կարճ խոսել», պատասխանեց՝ «այո»
ու լռեց։ Բայց նա դժվարությամբ ու քիչ գումար հավաքեց ընտրարշավի համար, նաև բավականին
վաղ դուրս եկավ մրցակցությունից։ Նրա ընտրարշավը կարծես պետք է հիշվեր Օբամային փոքր-ինչ
ոտնահարող հաճոյախոսությամբ։ Ապագա նախագահը նրա կուսակից թեկնածուն էր, որին Բայդենը
նկարագրել էր որպես «հոդաբաշխ, լուսավոր, մաքուր և լավ տեսք ունեցող տղայի»։ Երբ Բայդենին
քննադատեցին դրա համար, Օբաման նրան պաշտպանեց՝ ասելով․«Ես չեմ կասկածում նրա սրտի մաքրությանը և այս երկրում ռասայական հավասարության
հանդեպ հարգանքի նրա հանձնառությանը»։
Փաստացի, Բայդենի թեկնածությունը
տպավորել էր Օբամային, որը սկսել էր նրանից խորհուրդներ հարցնել ազգային անվտանգության
և արտաքին քաղաքականության հարցերում։ Սենատի հանձնաժողովում լսումներից առաջ Բայդենն
Օբամային օգնել էր պատրաստվել գեներալ Դեյվիդ Պետրեուսին հարցեր տալուն, ինչից հետո
Օբամային գովաբանել էին իր կատարած աշխատանքի համար։ Օբաման նաև հիանում էր արտասահմանում
Բայդենի կապերի խորությամբ։ Միտչելը հիշում է, որ մի անգամ սենատում, տարբեր երկրների
ղեկավարների ընդունելիս, մի պետության առաջնորդի ծանոթացնում էր սենատորների հետ՝ ասելով՝
սենատոր Սմիթն է, սենատոր Ջոնսն է։ «Երբ հասա Ջոյին, այդ երկրի ղեկավարը նայեց նրան
ու ասաց․«Ողջույն, Ջո՛»։ Ե՛վ ներքին քաղաքականության մեջ, և՛ արտաքին
հարաբերություններում Բայդենը պոտենցիալ գործընկերներ գտնելու հարցում հեռուն էր նայում։
«Դուք նրան կարող եք տանել Ղազախստան կամ Բահրեյն, էական չէ, և կպարզվի, որ նա մի
30 տարի առաջ այդտեղ շփվել էր մի միջին վիճակագրական
անձի հետ, որն այսօր շատ բարձրաստիճան պաշտոնյա էր դարձել,- ասում է ազգային անվտանգության
հարցերով նրա խորհրդականի նախկին տեղակալ Ջուլիան Սմիթը,- և ամենևին էական չէ, թե որ
քաղաքական շերտերի մասին է խոսքը․ նա ճանաչում է պահպանողականներին,
ճանաչում է սոցիալ-դեմոկրատներին, քանի որ ավելի քան 35 տարի բոլորը գալիս էին սենատի
արտաքին հարաբերությունների հանձնաժողով»։
Երբ Օբաման ապահովեց դեմոկրատական
կուսակցությունից նախագահի պաշտոնում իր առաջադրումը, կանչեց Բայդենին ու հարցրեց,
թե կկարողանա՞ իրեն թույլ տալ դիտարկել փոխնախագահ դառնալու հնարավորությունը։ Բայդենը
հրաժարվեց՝ իր օգնականներին հարցնելով․«Որևէ մեկը կարո՞ղ է հիշել նույնիսկ
Լինքոլնի փոխնախագահին»։ Բայց Ջիլ Բայդենը նրան համոզեց, որ վերանայի այդ մոտեցումը։
Նա ինձ ասաց․«Ես զայրացած էի, որ Ջորջ Բուշը ներքաշեց այդ պատերազմի մեջ։
Ինձ համար դա շատ զգայուն խնդիր էր»։ Նա իր ամուսնուն դրդել էր մտնել նախագահական ընտրապայքարի
մեջ՝ ասելով․«Դու պետք է վերջ դնես այս պատերազմին»։ Այժմ փոխնախագահ լինելը
մեկ այլ շանս էր։ Ավելին, նա ավելացրեց․«Ջոն քաղաքականություն էր մտել
քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար։ Այն ժամանակից, այդ խնդրի կարգավորումը
կատարելագործվելով, հասել էր մի պատմական կետի, երբ առաջին անգամ սևամորթ էր ընտրվում
որպես Միացյալ Նահանգների նախագահ։ Եվ դրա էական մասը լինելը Ջոյի համար, իմ կարծիքով,
գրեթե հեքիաթ էր»։
Կար միայն մեկ խնդիր։ «Ի՞նչ
տեսք էր ունենալու N2 լինելը,- ասում է Ջիլը,- և ինչպե՞ս էր նա աջակցելու մեկ ուրիշի
դիրքորոշումներին»։ Բայդենը երբեք որևէ մեկի ձեռքի տակ չէր աշխատել և վստահ չէր, որ
կկարողանա դա անել։ Բայդենն իր մի ընկերոջը պատմել էր կնոջ հետ վճռական խոսակցության
մասին։ Ինքը կնոջը հարցրել էր․«Ինչպե՞ս եմ ես անելու դա»։
Ջիլը պատասխանել էր․«Մեծացի՛ր»։
Նյութի աղբյուրը՝ Էվան Օզնոս- «Ջո Բայդեն կյանքը, կարիերան և ամենակարևորը»
Comments
Post a Comment