Նախագահական
տոմսեր ստանալը, սովորաբար, պատահաբար հղիանալու պատճառով ստիպված ամուսնանալու պես
բան է։ Բայդենն ու Օբաման առանձնահատուկ անհամապատասխան զույգ էին։ Քաղաքական գործիչների
չափանիշներով Օբաման բացարձակ անտարբեր էր իր հանդեպ ստեղծված պաշտամունքի հանդեպ։
Մինչդեռ Բայդենը ձգտում էր իր համախոհը դարձնել յուրաքանչյուրին։ Նրանց միջև կար
19 տարվա տարբերություն և ոճային մի ամբողջ վիհ։ Օբաման տեխնոկրատ էր, Բայդենը՝ խորապես
քաղաքական գործիչ։ Օբաման շրջիկ ծագումով ռասաների խառնուրդ էր՝ Հավայան կղզիների,
Քենիայի ու Չիկագոյի արմատներով 1970-ականների զավակ, որն ուներ «թեթև փչելու» փորձ։ Բայդենը մեծացել էր երկու ծնողներով, երեք քույր-եղբայրով
և կիրակնօրյա կրկնվող ռեժիմով։ «Հայրս ինձ 1 դոլար էր տալիս, և ես վազում էի Քաթլերի
պաղպաղականոց ու գնում կես գալոն Բրեյերի պաղպաղակ։ Հետո վերադառնում էի տուն, ու բոլորս
նստում էինք հյուրասենյակում և դիտում «Լեսսի» սերիալը, Ջեք Բեննիի և Էդ Սալիվանի շոուները»։
Երբ Օբաման Բայդենին համոզեց
դառնալ փոխնախագահ, որոշ դեմոկրատներ տարակուսանքի մեջ ընկան։ Օբամայի նախագահությունը
ենթադրում էր ամերիկյան քաղաքականության սերնդափոխություն, Ջորջիայի նահանգապետի նախկին
թեկնածու, ընտրական իրավունքների պաշտպանության ակտիվիստ Սթեյսի Աբրամսի՝ ավելի ուշ
ձևակերպած «Ամերիկյան նոր մեծամասնության»՝ «մաշկի տարբեր գույն ունեցողների, երիտասարդների
և առաջադեմ սպիտակամորթներին հարող չափավորների» կոալիցիայի հաղթանակ։ Բայդենին Այովա
նահանգում ներկուսակցական հաղթանակից բաժանել էր ընդամենը 1%: Իսկ Օբաման ներկուսակցական
բանավեճին հիացրել էր իր հանդուգն կեցվածքով, այլ երկրների առաջնորդների մասին իր գիտելիքներով
և Վաշինգտանում իր կապերով։ Օբամայի գլխավոր ռազմավարագետ Դեյվիդ Աքսելրոդի խոսքով՝
Բայդենը նույնպես «համապատասխանում էր մշակութային ու աշխարհագրական առումով»։ Նա Օբամայի
կերպարն ավելի գրավիչ դարձրեց կենտրոնական նահանգների տարեց սպիտակամորթ աշխատավորական
դասի համար, որոնք չէին կարող բնական կապ զգալ սևամորթ համայնքային նախկին կազմակերպչի
հանդեպ։
Աքսելրոդը նաև զգում էր, որ
Բայդենի մեջ ուժ կա, որը բարդ է նկարագրել քաղաքական սովորական բառապաշարով։ Փոխնախագահ
ընտրելու գործընթացի ժամանակ Դելավերում Աքսելրոդն այցելել էր Բայդենի տուն և հետևել
ընտանիքի անդամների հետ նրա շփմանը «Նա Բոյի հետ էր խոսում և ասում էր․ «Այսօր ուշ եմ գալու, երեխաներին չեմ հասցնի
տեսնել»,- հիշում է Աքսելրոդը՝ հավելելով․«Տպավորիչ էր, որ նա համբուրեց
երեխաներին»։ Երբ Աքսելրոդը վերադարձավ Վաշինգտոն, Օբամային ասաց․«Ինչ-որ շատ առանձնահատուկ բան կա նրա ընտանիքում»։ Վաշինգտոնում ընտանիքը սովորաբար
օգտագործվում է որպես հենարան։ Սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր։ «Սա այդ դեպքը
չէր, սա իրական էր»,- Օբամային ասել է Աքսելրոդը,- չգիտեմ, թե այս ամենի մեջ դա ինչ
դեր կարող է ունենալ, բայց կարծում եմ՝ իրական արժեք է»։
Նրանք պետք է ճանաչեին միմյանց։
Բայդենին զայրացնում էին Օբամայի երիտասարդ որոշ աշխատակիցներ, Օբամայի օգնականներին
էլ անհանգստացնում էր Բայդենի չծրագրված խոսելը։ Փոխնախագահը սովոր չէր խոսել հուշարարով։
Կակազելու պատճառով բարձրաձայն կարդալը նրա համար ավելի դժվար էր, քան հանպատրաստից
խոսելը։ Երբեմն աշխատում էր ելույթներ գրող մասնագետների հետ և հետո արհամարհում էր
պատրաստված ու հաստատված տեքստը, ինչը նրան խոցելի էր դարձնում։ Օբամայի ընտրարշավի
թիմի անդամները նրան անվանում էին Ջո Բոմբս։ Նա ասում էր մի բան՝ նկատի ունենալով այլ
բան («Ընկերներ, կարող եմ ասել, որ ես ճանաչել եմ 8 նախագահների, որոնցից 3-ին՝ ի մոտո»)։
Նա նաև ասում էր այն, ինչ նկատի ուներ, բայց չպետք է ասեր։
Հարավային Ֆիլադելֆիայում ընտրարշավի
ժամանակ Էդ Ռենդելը, որն այդ պահին Փենսիլվանիայի նահանգապետն էր, շատ էր զարմացել՝
հայտնաբերելով մարդկանց, որոնք Բայդենի համար հուշարար էին տեղադրում։ «Ես ասացի․ «Ջոյի ինչի՞ն է պետք հուշարար սարքը։ Նա այն
երբեք չի օգտագործում»։ Եվ նրանք ինձ ոչ պաշտոնապես ասացին մոտավորապես այսպես․«Օբամայի ընտրարշավի պատասխանատուներն ուզում են, որ նա խոսի ամբողջությամբ տեքստով,
որպեսզի սխալներ չանի»։ 2009 թվականի փետրվարին, Օբամայի երդմնակալությունից հետո,
Բայդենը մի ելույթում լսարանին ասաց, որ «տնտեսության մեջ կա սխալվելու 30% հավանականություն»։
Երբ մի լրագրող այդ մասին Օբամային հարց տվեց, ասաց․«Հստակ չեմ հիշում, թե Ջոն ինչի մասին էր խոսում։ Զարմանալի չէ»։
Սպիտակ տանը մի լանչի ժամանակ
Բայդենը բարձրացրեց PR-ի խնդիրը՝ ասելով, որ իրեն և Օբամային իրարից բաժանելը երկուսին
էլ կվնասի։ Օբաման համաձայնեց, խոստացավ հետևել իր արտահայտություններին։ «Փոխնախագահը
մեկ բան խնդրեց»,- հիշում է Օբամայի աշխատակազմի առաջին ղեկավար Ռահմ Էմանուելը,- որ
ինքը մշտապես պետք է կարողանա մեկնաբանել, երբեք լուռ չմնա, և որ իր հետ խոսելու է
միայն Օբաման։ Եվ նախագահն ընդունեց ու սկսեց գործել ըստ այդմ»։ Նույն կերպ է թեման
մեկնաբանում Բայդենը․«Նախագահի առաջարկած համաձայնությունն այն
էր, որ երկուսս էլ միմյանց հետ անկեղծ խոսենք, երբ մեր մտքում ինչ-որ ասելիք ծագի,
երբ մեզնից որևէ մեկի արարքը մյուսին անհանգստացնի»։
Դելավեր նահանգում, որի բնակչությունը
հազիվ Հյուսթոն նահանգի կեսի չափ է, Բայդենն ամենահայտնի քաղաքական գործիչն էր ավելի
քան 4 տասնամյակ։ Մեքենաներին փակցվող նրա սենատորական ընտրարշավի պաստառներին պարզապես
գրված էր «Ջո»։ Բայց հայտնվելով Սպիտակ տանը Բայդենը պետք է նպատակ գտներ և արդյունավետություն
պահանջող դեր։ Նրանից առաջ փոխնախագահի պաշտոնը բուն իշխանությունից շատ հեռու էր։
Դենիել Ուեբսթերը հրաժարվել էր այդ աշխատանքից՝ ասելով․«Ես չեմ ուզում, որ ինձ թաղեն նախքա՛ն մեռնելս»։ Երբ ապագա նախագահ Քելվին Քուլիջն
էր փոխնախագահ, նա հպարտանում էր, որ կարող էր իրեն թույլ տալ քնել 11 ժամ։ Սակայն
երկրորդ աշխարհամարտին հաջորդած տասնամյակներին՝ Սպիտակ տանն ընդունվող որոշումների
արագության ու ծավալի մեծացմանը զուգահեռ, փոխնախագահական իշխանությունն աճում էր։
Առանց աշխատանքային հստակ ձևակերպված պարտականությունների՝ պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր
փոխնախագահ որդեգրում էր սեփական մոտեցումը։ Ալբերտ Գորը հստակ խմբերին հետաքրքրող
նախագծերով էր զբաղված (շրջակա միջավայր, կառավարման վերաիմաստավորում), Դիք Չեյնին
էլ հսկում էր, նրա աջակիցների բնութագրմամբ, «երկաթե հարցերը» (պաշտպանություն, էներգետիկա)։
Սկզբում ակնկալվում էր, որ Բայդենը
կլինի Լինդոն Ջոնսոնի պես փոխնախագահ, որը նրա պես երկար ժամանակ աշխատել էր Կոնգրեսում
և իրենից երիտասարդ նախագահի մոտ փոխնախագահ էր։ Ավելի ուշ, կարդալով Ջոնսոնի կենսագրությանը
նվիրված «Իշխանության ուղին» (Ռոբերտ Քարոյ) գրքի 4-րդ հատորը, Բայդենը հասկացավ, թե
որքան հիասթափված էր Ջոնսոնը․«Նրա կարծիքը չէին հարցնում
1961 թվականին Կուբա ներխուժելու գործողությունից մինչև Կարիբյան ճգնաժամ։ Նրան պարզապես
հաշվի չէին առնում»։ Ջո Բայդենի քաղաքական բառապաշարում ոչինչ ավելի կարևոր չէր, քան
«հաշվի առնված լինելը»։ Ջոնսոնյան փոխնախագահության փոխարեն նա փորձում էր հետևել Ուոլթեր
Մոնդեյլի օրինակին։ Ջիմի Քարթերի փոխնախագահ Մոնդեյլը հրաժարվեց կատարել փոքր նշանակության
հանձնարարություններ և իր գրասենյակն Էյզենհաուերի անվան վարչական շենքից տեղափոխեց
Սպիտակ տուն։ «Իմ գործը նախագահի գլխավոր խորհրդական լինելն էր»,- ինձ ասում էր Մոնդեյլը։
Նա, ինչպես Բայդենը, ավելի քան 3 տասնամյակ անցկացրել էր Կոնգրեսում և փորձում էր Կոնգրեսը
կապել նախագահի հետ, որն իր պես կապեր այնտեղ չուներ։ «Օբաման խակ էր։ Նա դաշնային
կառավարության կողքին նոր էր հայտնվել»,- ասում է Մոնդեյլը,- նա, իհարկե, հաջողակ էր,
սակայն թաթախված չէր այդօրինակ գործերում։ Իսկ Ջոն թաթախված էր։ Դա լրացնում էր այն
բացը, որը պետք է լրացվեր»։
Երբ Բայդենը համաձայնեց դառնալ
փոխնախագահ, նրա միակ պահանջը երաշխավորությունն էր, որ ինքը «հաշվի կառնվի»՝ կարժանանա
կարևոր հանդիպումներին մասնակցելու պատվին, և որ նախագահը միշտ կլսի նրա կարծիքը։ Օբաման
համաձայնել էր՝ ավելացնելով․«Ես ուզո՛ւմ եմ լսել քո տեսակետը,
Ջո՛։ Բայց ես ուզում եմ, որ դա տևի 10 րոպե, ոչ թե 60»։
Սպիտակ տանը Բայդենի գրասենյակը,
որը նախագահի օվալաձև աշխատասենյակից 17 քայլ հեռավորության վրա էր, կահավորված էր
դասական հյուրանոցի պես՝ մուգ փայտանյութ, ծանր վարագույրներ, պատեր և մուգ կապույտ
գորգ։ Այնտեղ փակցված էին առաջին երկու փոխնախագահների՝ Ջոն Ադամսի և Թոմաս Ջեֆերսոնի
դիմանկարները (Ադամսը բողոքում էր, որ այդ աշխատանքը «մարդու երբևէ հնարած ամենանվազ
ազդեցիկ պաշտոնն էր»)։ Բայց Բայդենն ավելի նրբանկատ հայացքով մոտեցավ դրան։ Իր գրասենյակում
լանչ-հարցազրույցի ժամանակ ինձ ասաց․«Այդ պաշտոնն այն է, ինչ դրանից
նախագահն է ստանում»։ Բայդենը մտավ Սպիտակ տուն՝ ունենալով կասկածներ, որ կարող է երկիրն
ավելի լավ կառավարել, քան անփորձ նախագահը, բայց 6 ամիս անց հնազանդվեց, երբ Օբաման
միավորեց ֆինանսական բարդ ճգնաժամից դուրս գալու ջանքերը, ինչը քաղաքական քիչ օգուտներ
էր տալիս։ «Ես կարծում եմ, որ Բարաք Օբամայի առաջնորդությունը կանխեց ճգնաժամի ձգձգումն
ու երկարումը»,- ասաց ինձ Բայդենը՝ ավելացնելով,- առաջնորդի, ծնողի, քաղաքական գործչի,
հոգևորականի, որևէ մարդու համար ամենադժվար քայլը վատը կանխելն է, քանի որ երբեք չես
կարող ապացուցել, որ կանխել ես շատ ավելի վատը»։
Ամեն առավոտ Բայդենն իջնում
էր օվալաձև աշխատասենյակ՝ նախագահի կողքին նստելու և հետոխուզական ու տնտեսական հարցերով
խորհրդակցություններին մասնակցելու համար։ Նա կարող էր ամեն պահ նախագահին միանալ պետքարտուղարի
և պաշտպանության նախարարի հետ պարբերական բնույթ կրող հանդիպումներին։ Նախկին փոխնախագահ
Դիք Չեյնիին Բայդենը սենատոր եղած ժամանակ քննադատում էր իշխանության կենտրոնացման
համար, բայց, զբաղեցնելով նույն պաշտոնը, նա պահպանել էր Չեյնիի որոշ նորարարություններ։
Չեյնիից առաջ փոխնախագահը մշտապես չէր այցելում «Պետերի» հանձնաժողովի նիստին, որի
անդամները նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ամենաբարձրաստիճան ենթականերն
էին։ Չեյնին գրեթե միշտ մասնակցում էր այդ հանդիպումներին։ Բայդենը մասնակցում էր գրեթե
յուրաքանչյուր երրորդ հանդիպմանը։
Բայդենի հանդեպ Օբամայի վստահությունն
աճել էր այնքան, որ նրան հանձնարարում էր ամենազգայուն բանակցությունները։ Երբ Սպիտակ
տանը պետք էր, որ Կոնգրեսը հաստատի 787 միլիարդ դոլարի՝ տնտեսությունը խթանող ծրագիրը,
Էմանուելը Բայդենին խնդրել էր զանգել հանրապետական 6 սենատորների։ Բայդենը երեքին համոզել
էր, և բանաձևն ընդունվել էր 3 ձայնի առավելությամբ։ Բայդենը Սոնիա Սոտոմեորին օգնել
էր նախքան Գերագույն դատարանի դատավորի նրա թեկնածության լսումները և առաջնորդել էր
լոբբիստական ջանքերը, որոնց նպատակն էր Փենսիլվանիայից ընտրված հանրապետական սենատոր
Առլեն Սպեքթերին համոզել, որ փոխի կուսակցությունը։ Բայդենն օգնել էր հայտնաբերել
«Հասանելի առողջապահության մասին» օրենքին կողմ օրենսդիրներին․ դա Լինդոն Ջոնսոնի «Մեծ հասարակություն» ծրագրաժողովածուից
հետո սոցիալական ամենածավալուն օրենսդրական նախաձեռնությունն էր։
Օբաման նրան խնդրել էր վերահսկել
տնտեսությունը խթանելուն միտված հիմնադրամների ծախսերը՝ կառավարելով տեղական և նահանգային
շահերի հսկայական ծավալի համադրությունները։ Բայդենը կատակում էր, որ ինքը վարչակազմի
միակ անդամն էր, որին աշխատանքից չէին կարող ազատել, և նա նպատակադրված անկեղծ էր Սպիտակ
տան ներքին բանավեճերում։ «Յուրաքանչյուր նախագահ կասի, որ Սպիտակ տանը ամենաքիչ հանդիպող
երևույթը ճշմարտությունն է, բացարձակ ճշմարտությունը, անկախ նրանից, թե դա որքան տհաճ
է,- ասում է 2011-2013թթ․ Բայդենի գրասենյակի ղեկավար
Բրյուս Ռիդը,- դա այդ ժամանակ ոչ միշտ էր ողջունելի, մինչդեռ բոլոր նրանք, ովքեր շրջապատում
են նախագահին, պետք է ձգտեն հենց դրան»։
Քաղաքականության մեջ նրանք անհամաձայնություններ
ունեին։ 2011 թվականին Բայդենը դեմ էր վարչակազմի ծրագրին, որով նախատեսվում էր պահանջել,
որ «Հասանելի առողջապահության մասին» օրենքի շրջանակում կաթոլիկ հիվանդանոցներն ու
մյուս հաստատություններն իրենց վրա վերցնեն հակաբեղմնավորիչների ծախսերը։ Նա ասում
էր, որ այդպես իրենք կկորցնեն աշխատավոր դասի ձայները։ Օբամայի քաղաքական որոշ խորհրդատուներ
եզրակացրել էին, որ Բայդենի քաղաքական ռադարը ժամկետանց է։ Սակայն, չնայած այդ քաղաքականության
հարցում տարակարծություններին, Բայդենն ու Օբաման նույն հիմնարար կարծիքն ունեին, որ
ամերիկացիները քաղաքականության մեջ միասնականության էին ձգտում։ Մտնելով նախագահական
ընտրապայքարի մեջ՝ Օբաման ուշադրություն էր հրավիրել սոցիալական քայքայվող կապերի վրա։
2008 թվականին նա մի ելույթում մարդկանց ասել էր․«Ես խոսում եմ կարեկցանքի պակասի մասին, դիմացինի մեջ ինքներս մեզ ճանաչելու անկարողության
մասին։ Ես խոսում եմ այն մասին, որ մենք չենք հասկանում՝ մենք մեր եղբայրների ու մեր
քույրերի պահապաններն ենք, և ինչպես ասում էր դոկտոր Քինգը, բոլորս հյուսված ենք «ճակատագրի
միասնական գործվածքի մեջ»։
Բայդենի աշխարհընկալումն այդքան
խոհափիլիսոփայական չէր։ Նա ինձ ասում էր․«Տեսե՛ք, ես երբեք չեմ ակնկալում,
որ արտասահմանցի որևէ առաջնորդ, գործընկեր, սենատոր կամ կոնգրեսական դառնա «Խիզախության
դիմանկարներ» գրքի երկրորդ հրատարակության հերոս։ Այսինքն՝ դու պետք է մտածես, թե որն
է նրանց շահը»։ Ու քանի դեռ Բայդենը հաշվարկում էր քաղաքական շահերը, ստիպված էր լինում
ավելի մոտ լինել առաջադեմներին։ 2012 թվականի մայիսին, երբ Օբաման ծանրութեթև էր անում
նույնասեռ ամուսնություններին հավանություն տալու-չտալու խնդիրը, Բայդենը նրանից առաջ
էր ընկել՝ հարցազրույցի ժամանակ ասելով, որ ինքը «լիովին նորմալ» է համարում , որ նույնասեռական
ամուսիններն ունենան իրավական լիարժեք իրավունքներ։ Օբաման ներել էր նրան, բայց նախագահի
քաղաքական խորհրդատուները ցնցված էին։ Բայդենի գրասենյակի աշխատակիցները լսել էին,
որ նրա հրապարակային օրակարգն այդ շաբաթ կրճատվել էր։ Դրսից շատերի աչքին դա նման էր
Բայդենի՝ հերթական անհարմար դրության մեջ հայտնվելուն, բայց Սպիտակ տան պաշտոնյաները
Բայդենի հաշվարկների մեջ տեսել էին որոշակի օրինաչափություն։ «Նա հստակ զգում է, թե
դեպի ո՛ր կողմ է փչում ձախ քաղաքական քամին»,- ասում է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան
պաշտոնյան,- նա կարող է մտածել այսպես․«Լավ, ահա թե դեպի որ կողմ է
շարժվում հասարակությունը։ Ահա, թե ուր է գնում Դեմոկրատական կուսակցությունը, և ես
գնում եմ նույն ուղղությամբ»։
Բայդենը դարձավ Սպիտակ տան ներկայացուցիչն
անդրդվելի Կոնգրեսում՝ օգտագործելով տասնամյակներով կառուցած իր հարաբերությունները։
Օբամայի քաղաքական խորհրդատուներից մեկը՝ Դեյվիդ Փլոուֆը, Բայդենի առաքելությունը հարցի
տեսքով է դիտարկում․«Որտե՞ղ կա համաձայնության հասնելու հնարավորություն»։
Գաղափարախոսության շուրջ փոխզիջման հասնելու հավատամքը Բայդենին ավելի էր մոտեցրել
Օբամային։ «Այդ դաշտում նրանք իսկապես նույն գաղափարն էին կրում»,- ասում է Փլոուֆը։
Բայդենը պահպանել էր Սենատի մարզասրահում իր հանդերձապահարանը և սիրում էր գնալ այնտեղ։
«Նա պարզապես հետախուզությամբ էր զբաղվում,- ասում է նրա նախկին օգնականներից մեկը,-
զանգում էր Սենատում մի խմբակցության ղեկավարի, հետո մյուսին, հետո 5 այլ սենատորների,
որոնք պարզապես ընկերներ էին, և նրանց հետ քննարկում էր, փորձում ընդհանուր հայտարարի
գալ տեղի ունեցող դեպքերի շուրջ»։
Երբեմն, սակայն, դեմոկրատների
բարկությունն աճում էր Բայդենի այն հավատամքի հանդեպ, որ ինքը պետք է Հանրապետական
կուսակցության առաջնորդների հետ փոխզիջման հասնի։ 2012 թվականի վերջին օրերին Բուշի
ժամանակների հարկային կրճատումների ժամկետը լրանում էր, ինչը հաջորդ տասնամյակի համար
ապահովելու էր լրացուցիչ 3․7 տրիլիոն դոլարի մուտքեր։ Փորձելով
պահել հարկային կրճատումները՝ հանրապետականները պատմության մեջ առաջին անգամ սպառնացին
տապալել ԱՄՆ պարտքի մարումը։ Բայդենը վերջին պահին փոխզիջման հասավ Սենատի Հանրապետական
փոքրամասնության առաջնորդ Մակքոնելի հետ․ նրանք համաձայնեցին 3․7 տրիլիոնից վերադարձնել 600 միլիարդը և հարկային որոշ կրճատումներ
մշտական դարձնել։ Սենատի Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռեյդն այնպես էր
սարսափել այդ գործարքի պայմաններից, որ այդ փաստաթուղթը նետել էր բուխարին (Ռեյդը հերքում
է սա)։
2014 թվականի կիրակնօրյա մի
պայծառ առավոտ, փոխնախագահի պաշտոնը ստանձնելուց 5 տարի անց, Բայդենը կանգնած էր Դելավերի
համալսարանի Թուբի Ռեյմոնի անվան մարզադաշտի հանդերձարանի մոտ։ Նա պատրաստվում էր ելույթով
հանդես գալ դիպլոմներ հանձնելու արարողությանը։ Բոլոր կարևոր անձինք կրում էին ակադեմիական
հանդերձանք ու գլխարկ՝ բացի Բայդենից, որն այն հանել էր։ (Բայդենի առաջին կանոնը՝ ոչ
մի ծիծաղելի գլխարկ, Բայդենի երկրորդ կանոնը՝ չփոխել սեփական իմիջը)։ Կազմակերպիչը
նրան ուղեկցել էր մուտքի մոտ, որտեղ գետնին գրված էր Vpotus (այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահ՝
Vice-President of the United States): Այդտեղից նրանք դուրս էին եկել դեպի իրենց ողջունող
4000 շրջանավարտները, որոնք վառ կապույտ թիկնոցներով էին։ Բացման խոսքում համալսարանի
ռեկտորը տարվել էր ու Բայդենին անվանել «Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ»։
Հավաքված մարդկանց կեսը ծիծաղել էր, կեսը՝ զարմանքից բերանը բացել, բայց ոչ ոք նրան
չէր ուղղել։ Բայդենը՝ նույնպես։ Ելույթից հետո, հենց այն պահին, երբ Բայդենը մտնում
էր հանդերձարան, մի երիտասարդ տղամարդ բղավել էր․«Պինդ մնա, Ջո՛, կողքիդ եմ»։ Բայդենը գլուխը բարձրացրել էր տեսնելու համար, թե
ով էր։ Նա գոհ էր, բայց նաև մտահոգ, որ այդ իմիջային շտրիխն առանց իր վերահսկողության
էր հրապարակ նետվել։ Նա պարզապես ձեռքով էր արել ու անցել ներս։
Տարիների ընթացքում Բայդենն
ամերիկյան քաղաքականության փոփ մշակույթում գտել էր իր եզակի տեղը։ Սպիտակ տանը պաշտոնավարելու
ժամանակ, ինչն ինքնաբավ լինելու արտոնություն է շնորհում, Բայդենը մշտապես վայելում
էր հաջողության բերկրանքը, բայց նաև տառապում էր իր մեղքով տապալվելու վախից։ Փոխնախագահին
վիճակված ստորացումներից վրդովվելու փոխարեն նա վայելում էր իր պաշտոնը։ Կոնգրեսի
2 պալատներին նախագահին ուղղած ամենամյա ճառի ժամանակ սենատի նախագահի իր բազկաթոռին
նստած, վերևից զննելով կոնգրեսական նախկին գործընկերներին, Բայդենն ատրճանակով կրակելու
պես պահել էր մատները, նշան բռնել ու իբր կրակել՝ առանց ակնհայտ հեգնանքի։ Պաշտոնական
իրադարձություններ լուսաբանող C-SPAN հեռուստաալիքը 2013 թվականին ցույց տվեց, թե Բայդենն
ինչպես էր ընդունում նոր սենատորների երդմնակալությունները։ Յուրաքանչյուր սենատորի
ընտանիքի նա ողջունում էր զվարթ ոգևորությամբ։ Տարեց տիկնանց ասում էր․«Գեղեցիկ աչքեր ունես, հրաշալի է»։ Երիտասարդ կանանց ասում էր․«Հիշե՛ք, մինչև 30 տարեկանը լուրջ հարաբերություններ պետք չէ ունենալ»։ Տոնական
հագուստով երեխաներին ասում էր․«Հոգ տարեք ձեր պապիկի մասին։
Դա ձեր ամենակարևոր գործն է»։ Ռեյ-Բան ավիատորների լպրծուն լկստվածների, Ֆոնցին կրկնօրինակողների
այդ ամբողջ շքախումբը նրան երբեք չէր դարձրել իշխող վերնախավի սիրելին, սակայն նրանց
հետ Բայդենը շատ վստահ էր զգում իրեն, ինչը հազվադեպ երևույթ էր իր մասնագիտության
պարագայում։ Դա նաև ստեղծել էր նրանով հիանալու այնպիսի մթնոլորտ, որ նրա կերպարն ավելի
նման էր Բեթի Ուայթին, քան Ջոն Բեյներին՝ Օհայոյից ընտրված ու երկար պաշտոնավարած կոնգրեսականին,
որն այդ պահին Ներկայացուցիչների պալատի խոսնակն էր։ 2014 թվականի մայիսին, երբ մի
պարմանուհի Բայդենին հրավիրել էր իր ավարտական երեկույթին, նա պատասխանել էր՝ ծաղկեփունջ
ուղարկելով և իր ձեռքով մակագրելով․«Ավարտական երեկույթը վայելեք
այնպես, ինչպես ես եմ վայելել իմը»։ Թվիթերում բոլորի սիրտը նվաղեց այս խոսքից։
Բայդենը «կապը պահելու» անհագուրդ
ձգտում ուներ, արգելապատնեշից ողջունում էր մարդկանց, սեղմում իր գլխի հետևից մեկնած
ձեռքերը, հավաքված մարդկանց մեջ հայացքով գտնում էր որևէ թերահավատի։ «Նա կարծես բառերով,
երբեմն էլ ֆիզիկապես նրանց մոտեցնում էր իրեն և գրկում,- ասում է այդ ժամանակ պետքարտուղարի
պաշտոնը զբաղեցրած Ջոն Քերրին,- նա շատ հասանելի քաղաքական գործիչ է, և այդ ամենն իրական
է։ Ոչինչ ձևական չէ»։ 2008 թվականի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցած մի ընդունելության
ժամանակ քաղաքական խորհրդատու Ջոն Մարտիլան կարծում էր, թե կօգնի Բայդենին՝ ուղեկցելով
նրան դուրս։ «Ես անընդհատ տեղիցս վեր էի կենում ու ասում էի․«Լավ, կարծում եմ՝ դուրս գալու ժամանակն է»։ Բայց նա մնում էր այնտեղ։ Կարծում
եմ՝ մենք այդ օրը քնեցինք գիշերը երկուսին, իսկ զարթուցիչը զնգաց ժամը 5-ին կամ 5 անց
կես։ Ինչ-որ առումով դա հազվագյուտ երևույթ է քաղաքական գործիչների շրջանում։ Մարդկանց
հետ հանդիպելը լիցքավորում է նրան»։ Բայդենը շփվելիս այնքան է մոտենում, որ երբեմն
խոսակցության կեսին կարող է ճակատով հարվածել զրուցակցին։ Սա այնքան աննշան է իր դեպքում,
որ նկատելի կարող է լինել միայն այն ժամանակ, երբ փորձեք պատկերացնել նույնը Բարաք
Օբամայի կատարմամբ։
Բայց Բայդենը մշտապես նեղվում
էր իր ձևակերպմամբ «Քեռի Ջոյի ախտանիշից»՝ թմրած, անկարգապահ լավ բիձուկի կերպարից։
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա գալա երեկույթին մի անգամ ցույց տվեցին
HBO ընկերության նկարահանած «Փոխնախագահ» երգիծական սերիալը նմանակող մի տեսանյութ։
Այդ ֆիլմում Ջուլիա Լյուիս-Դրեյֆուսը խաղում է հուսահատության աստիճանի հավակնոտ փոխնախագահի
դերը։ Երբ սերիալն էկրան էր բարձրացել 2012 թվականին, Բայդենին հեռու էին պահել այն
դիտելուց։ («Եթե ես աշխատեի նրա մոտ, ես նույնպես դա կանեի»,- ասում է Լյուիս-Դրեյֆուսը)։
Սակայն նրան դուր էր եկել սերիալը, և թղթակիցների երեկույթին ֆիլմը նմանակող տեսանյութում
Բայդենը հայտնվել էր Լյուիս-Դրեյֆուսի հետ։ Երկու փոխնախագահներն էլ՝ ֆիլմային ու իրական,
անկառավարելի հերոսի դերում էին․ նրանք դաջվածք էին անում Նենսի Փելոսիի հետ, ներխուժում էին Վաշինգտոն
Պոստ թերթի խմբագրի աշխատասենյակ՝ վերաշարադրելով հոդվածների վերնագրերը՝ ներառյալ
«Բայդենը վեր է սլանում․ վարկանիշը 200 տոկոս է» երգիծական գլխագիրը։ Երեկույթի արձագանքները ցույց էին տվել, որ այդ տեսանյութը
հաջող էր, թեև քննադատաբար տրամադրված Slate ամսագրում այդ պահին քաղաքական հոդվածներ
գրող Դեյվիդ Ուեյգելը գրել էր, որ Բայդենին ուղղված ծիծաղելի կատակների տակ թաքնված
ակնարկ կար։ Հոդվածագիրը համարում էր, որ «Սպիտակ տունը նրբորեն, զգուշորեն ակնարկում
էր, որ կուսակցությունը 2016 թվականին Բայդենին չի առաջադրելու նախագահի պաշտոնում»։
Թղթակիցների երեկույթից մի քանի օր անց Բայդենին հարցրի, թե ինչ է մտածում այդ հոլովակի
մասին։ Ասաց․«Մի տեսակ զվարճալի էր»։ Եվ ավելացրեց, որ ինքը հոլովակի սցենարը
հղկել էր՝ է՛լ ավելի հիմար վիճակում չհայտնվելու համար։ Ասաց, որ այն տեսարանը, որտեղ
իրեն ու Լյուիս-Դրեյֆուսին բռնել էին Սպիտակ տան խոհանոցում պաղպաղակ ուտելիս, ենթադրում
էր, որ ինքը պետք է վախից կծկվեր՝ հայտնվելով Միշել Օբամայի առջև։ Բայդենն ասում է․«Առաջին տիկինը հայտնվում է, և ես վախից կծկվո՞ւմ եմ։ Դա կերպարին չի համապատասխանում»։
Սպիտակ տնից դուրս Բայդենի հանդեպ
հանրային գնահատականները խիստ հակադիր էին։ 2012 թվականի ընտրությունից առաջ New
York Times-ի նախկին խմբագիր Բիլ Քելլերն իր սյունակում Օբամային կոչ էր անում մի կողմ
թողնել մրցավազքի իր գործընկեր Բայդենին և նրան փոխարինել այդ ժամանակ պետքարտուղարի
պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնով։ (Օբամայի ընտրարշավի կազմակերպիչներն այդ տարբերակը
քննարկեցին, մինչև հարցումները ցույց տվեցին, որ այդ փոխարինումը ոչինչ չի փոխի)։ Այդ
տարվա մարտին Ուսամա բեն Լադենին ոչնչացնելուց հետո նրա տնից հայտնաբերված ու գաղտնազերծված
փաստաթղթերը Բայդենի հասցեին անսպասելի վիրավորանք էին պարունակում․ բեն Լադենը մարդասպաններին կոչ էր անում խնայել Բայդենին ու
թիրախավորել Օբամային՝ ասելով․ «Բայդենը բացարձակ անպատրաստ է այդ պաշտոնին։ Նախագահ դառնալով նա Միացյալ Նահանգները
կուղղորդի դեպի ճգնաժամ»։ Այդ ամառ Pew հետազոտական կենտրոնը և Washington Post թերթը
հարցում էին արել՝ պարզելով, թե մարդիկ մեկ բառով ինչպես կբնութագրեն Բայդենին։ Ամենից
հաճախ հնչած ու գրեթե հավասար թվով պատասխաններն էին «լավ» և «հիմար»։ Հանրապետականներն
ուրախանում էին, երբ Բայդենը ներկայացվում էր որպես սպառված քաղաքական գործիչ, անփույթ,
անտաշ և զառամյալ մարդ։ «Փոխնախագահ Ջո Բայդենն է քաղաքում,- Հարավային Կարոլինայի
պահպանողականների հետ ընթրիքի ժամանակ ասել էր սենատոր Թեդ Քրուզը,- գիտե՞ք, ամենալավն
այն է, որ նույնիսկ պետք էլ չէ ինչ-որ բան ասել։ Դուք պարզապես անում եք դա, ու մարդիկ
ծիծաղում են»։
2012 թվականի ընտրարշավի վերջին
ամսում Բայդենը, սակայն, բոլորին հիշեցրեց, թե ինչու է հենց ինքը փոխնախագահի թեկնածուն։
Երբ Օբաման իր մրցակից թեկնածու Միթ Ռոմնիի հետ բանավեճի ժամանակ աններելի լուռումունջ
պահեց իրեն, փոխնախագահը պատրաստվեց բանավեճի փոխնախագահի նրա թեկնածու, իր մրցակից
Փոլ Ռայանի հետ, որն այդ ժամանակ 42 տարեկան կոնգրեսական էր Վիսկոնսին նահանգից և առանձնանում
էր քուռակի վառ կապույտ աչքերով։ Բեմահարթակին հայտնվեց Բայդենը գայլի քմծիծաղով։ Նա
քրքջում էր, հեգնում ու ընդհատում։ (Երբ Ռայանն ասաց, որ Ջեք Քեննեդին իջեցրեց հարկերը
և տնտեսական աճ ապահովեց, Բայդենը վրա եկավ․«Օ՜, հիմա էլ դուք Ջեք Քեննեդին
եք»)։ Բայդենի թատերական կեցվածքը ոմանց խելագարության էր հասցրել, սակայն ընտրարշավի
պատասխանատուները ցնծում էին։ Բայդենը կանգ առավ։ Երբ Օբաման պատրաստվում էր իր հաջորդ
բանավեճին, նրա խորհրդականները պարբերաբար ասում էին նրան, որ պետք է յուրացնել Բայդենի
լարված էներգիայի մի մասը։ 2012 թվականի վերջին Սպիտակ տունը նրան սիրահոժար ողջունում
էր N2 պաշտոնում։ The Atlantic պարբերականի առաջին էջին զետեղվել էր հարց-վերնագիր․«Պատմության մեջ ամենաազդեցիկ փոխնախագա՞հը»։
Ամեն ինչից առաջ, սակայն, ինչպես
Բայդենի կյանքի շատ այլ հարցերում, Օբամայի հետ նրա հարաբերությունները հիմնված էին
հավատարմության վրա։ Ըստ Բայդենի՝ փոխնախագահ դառնալիս «ստանձնում ես նախագահի թիկունքը
պահելու պարտավորություն, ինչ էլ նա անի։ Եվ այդպես մինչև նրա գործողությունները բարոյական
հիմնարար երկընտրանքի առջև կանգնեցնեն։ Եթե ես երբևէ հասնեի դրան, կհայտարարեի, որ
ունեմ շագանակագեղձի քաղցկեղ ու պետք է հեռանամ»։ Երբ Դեմոկրատական կուսակցությունը
կորցրեց մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, տեղի ունեցավ կուսակցական լանչ,
որի ժամանակ կոնգրեսական Էնթոնի Ուեյներն Օբամային քննադատեց հարկային կրճատումների
հարցով հանրապետականների հետ գործարքի գնալու համար։ Բայդենը պոռթկաց՝ ասելով․«Նույնիսկ անեծքի տակ ես այստեղ չէի կանգնի ու այդպես չէի խոսի նախագահի հետ»։
Կարճ ժամանակ անց նա նմանատիպ պոռթկմամբ դիմեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին,
որը քննադատում էր Օբամայի մերձավորարևելյան քաղաքականության որոշ տարրեր։ Երբ նախագահի
հասցեին մեղադրանքներ ուղղվեցին, Բայդենը, ըստ Փլոուֆի, «ժանիքներ ցույց տվեց»։ Այս
դեպքերի մասին Օբամային հայտնում էին։ Նրա Ազգային անվտանգության խորհրդականի ռազմավարական
կապերի գծով տեղակալ Բեն Ռոդսն ինձ այդ ժամանակ ասել էր․«Նա գիտի, որ փոխնախագահը պահում է նրա թիկունքը»։ Որքան շատ հարվածներ էր ստանում
Օբաման Վաշինգտոնում, այդքան ավելի շատ էր գնահատում Բայդենի պաշտպանությունը։ «Կարծում
եմ՝ այդ քաղաքական մարտերը կառուցեցին վստահության մի մակարդակ, որն այսօր էլ պահպանվում
է նրանց հարաբերություններում»,- ասում է Ռոդսը։
Նրանք երկուսն էլ հպարտ մարդիկ
էին և չէին ակնկալում միմյանցից սովորել, սակայն ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունների
ազդեցությունը տեսանելի էր նրանց շուրջ գտնվող մարդկանց։ Օբամայի ժամանակ Կենտրոնական
հետախուզական վարչության, ավելի ուշ՝ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ինձ ասել էր,
որ Օբաման ընդունում էր իր փորձի ու հմտությունների միջև եղած վիհը։ «Սրտի խորքում
նա իրավագետ պրոֆեսոր է, և կարող է մտածել մոտավորապես այսպես․«Ես իսկապե՞ս պետք է անեմ սա»։ Եվ Ջոն հենց այնն ստվերն է, որը կարող է ԱՄՆ նախագահին
ասել․«Այո, դու պետք է դա անես»։ Օբաման իր աջակիցների հետ զրույցներում և ելույթներում
սովորաբար ասում էր, որ Բայդենին փոխնախագահի թեկնածու հայտարարելն իր կայացրած լավագույն
քաղաքական որոշումն էր․«Կարծում եմ՝ Բայդենը շատ դասեր քաղեց Օբամայի
կարգապահությունից, և դա երբեմն ուսուցողական էր, թեև զայրացնում էր նրան,- ասում է
Բայդենի նախկին օգնականը,- և կարծում եմ, որ Օբաման Ջոյից սովորեց տաքարյունություն։
Երբ նրանք միասին ինչ-որ հանդիպման էին, արտասահմանցիներն ավելի շատ հայացքը թեքում
էին դեպի Բայդենը, քան Օբաման։ Նրանցից յուրաքանչյուրը զգում է, որ ինքն է մենթորը»։
Երբ Բայդենը սկսել էր պաշտոնավարել որպես փոխնախագահ, Դեյվիդ Աքսելրոդին ասել էր, որ
շարունակում է կարծել, թե «կլիներ լավագույն նախագահը»։ Սակայն Օբամային 1 տարի հետևելուց
հետո Բայդենն Աքսելրոդին ասել էր, որ սխալվել էր․«Ճիշտ տղա է հաղթել, ու ես պարզապես հպարտ եմ, որ ասոցացվում եմ նրա հետ»։
Նախագահի ու փոխնախագահի առջև
հայտնված փորձությունները նրանց ավելի մտերմացրին, քան ակնկալում էին շատերը, ու, ոչ
վերջին հերթին, հենց իրենք երկուսը։ Բայդենի խորհրդական Ջոն Մարթիլան ինձ ասում էր․«Ջոն ու Բարաքը մի անգամ լանչի էին, և Օբաման Բայդենին ասաց․«Դու ու ես լավ ընկերներ ենք դառնում։ Ինձ համար սա անակնկալ է»։ Ջոն պատասխանել
էր․«Դու, գրողը տանի, անակնկալի ես եկել»։
Նրանք հաղթահարեցին Բայդենի
անկառավարելի խոսքի և Օբամայի զիջողականության պատճառով սկզբնական շրջանում իրենց միջև
առաջացած չհասկացվածությունը։ Լարվածությունը, սակայն ամբողջությամբ չանէացավ, և նրանց
անհամաձայնությունները կրկին դուրս էին ժայթքելու ոչ միայն 2016-ի, այլև 2020 թվականի
ընտրությունների ժամանակ։
Նյութի աղբյուրը՝ Էվան Օզնոս- «Ջո Բայդեն կյանքը, կարիերան և ամենակարևորը»
Comments
Post a Comment