Skip to main content

Միտաննի-Նահարինա տերությունը

 

Քա 16-րդ դարում Առաջավոր Ասիայում գործում է ուշագրավ հնդեվրոպական համերաշխություն խեթերը հիմնական ուժը լինելով քա 1595 թվականին Բաբելոնի գրավման ժամանակ, թողնում են այն քասեցիներին՝ իրենք միայն ռազմավարով վերադառնալով Փոքր Ասիա։ Քասեցիներն իրենց հերթին դարավերջին հրաժարվում են Միջագետքի հյուսիսային լայնածավալ տարածքից՝ հօգուտ միտանիական հնդեվրոպական արքայատոհմի, և հեռանում Բաբելոն։ Միջերկրական ծովի արևելյան ավազանում շարունակում էին պահպանվել  հիքսոսյան մանր իշխանությունները։ Քա 16-րդ դարի վերջերին Հայաստանի հարավային և Միջագետքի հյուսիսային շրջաններն անցնում են Միտաննիի իշխանության տակ, որի գահը նույնպես գտնվում էր հնդեվրոպացիների ձեռքում։ Քա 15-րդ դարի վերջից Հայկական լեռնաշխարհի՝ Հայկական Տավրոսից հյուսիս և Արևմտյան Եփրատից արևելք ընկած տարածքներում հիշատակվում է Հայասա (քա 15-13-րդ դարեր) վաղնջահայկական թագավորությունը։ Փաստորեն, Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում և արևելամիջերկրածովյան ավազանում՝ Առաջավոր Ասիայի մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտաննի թագավորությունը։

Քա 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում՝ Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծվեց Միտաննի թագավորությունը՝ Վաշշուգանե մայրաքաղաքով։ Միտաննին (եգիպտական աղբյուրներում՝ Նահարինա, որը որոշ գիտնականներ նույնացնում են «Նաիրիի» հետ, իսկ ասորեստանյան աղբյուրներում՝ Խանիգալբատ, Խալիգալբադ) սկսում է էական դերակատարում ունենալ Առաջավոր Ասիայում քա 16-րդ դարի վերջերից։ Միտաննիի հզորության հիմնադիրներն են համարվում Պարատառնա և Սաուսադատար թագավորները (քա 15-րդ դարի առաջին կես)։ Եգիպտոսի, Բաբելոնի, Խեթական թագավորությունների տիրակալների շարքում Միտաննիի արքաները կրում են «մեծ թագավոր» տիտղոսը։

Միտաննիի արքաների իշխանությունը տարածվել է արևելքում մինչև Առապխա (ներկայիս Քերքուքը), ներառյալ Բոհտան և Մեծ Զաբ գետերի հովիտները, արևմուտքում՝ մինչև Օրոնտես գետի հովիտը Ասորիքում, Միջերկրականի ծովեզերքը (Ուգարիթ) և Կիլիկյան Տավրոսի լեռները։ Միտաննիի իշխանությունը հյուսիսում տարածվել է առնվազն մինչև Արևմտյան Եփրատի և Արածանիի միախառնման շրջանը։ Դժվար է ասել, թե մինչև ուր էր տարածվում Միտաննիի ազդեցությունը և իշխանությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան շրջաններում։ Հայտնի արևելագետ Վայդները, նկատի ունենալով Միտաննիի արքա Տուշրատտայի (քա 14-րդ դարի կեսեր) մի արձանագրությունը, եզրակացնում է, որ Միտաննիի կառավարման համակարգի մեջ մտել են Հյուսիսային Միջագետքն ու Հայաստանն ամբողջությամբ։ Կան ուշագրավ այլ փաստեր ևս, որոնք խոսում են հօգուտ Միտաննիի իշխանության հյուսիսային ընդգրկման։ Եգիպտական աղբյուրները վկայում են, որ մարտակառքերի համար շինանյութը Եգիպտոս էր բերվում Նահարինա երկրից, ընդ որում, հիշատակվում են այնպիսի ծառատեսակներ, որոնք աճում են Տրապիզոնից քիչ հարավ կամ Արարատի ստորոտներին։ Նման ընդգրկման մասին անուղղակիորեն կարող են վկայել նաև ՀՀ տարածքից հայտնաբերված միտաննիական կնիքները։

Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին։ Այդ մասին են վկայում ոչ միայն նրանց հնդեվրոպական անունները (ինչը միշտ չէ, որ էթնիկ բնութագրի ցուցանիշ է), այլև դիցարանի հնդեվրոպական բնութագիրը։ Բավական է նշել, որ Միտաննիի դիցարանում պաշտվում էին հնդեվրոպական գլխավոր աստվածներ Միթրան (Միհրը), Վարունան, Ինդրան։

Հին արևելյան գրավոր աղբյուրների համադրությամբ կատարվող ուսումնասիրությունները գնալով ավելի են ամրապնդում տասնամյակներ առաջ հայտնված տեսակետը, համաձայն որի Մովսես Խորենացու վկայակոչած Հայկազուն նահապետների ու արքաների ցանկում միավորվել են ոչ թե մեկ արքայատան, այլ տարբեր ժամանակներում Հայկական լեռնաշխարհում գոյատևած մի քանի պետական կազմավորումների տիրակալները։ Խոսքը մասնավորապես Պարետից Վաշտակով շարքի մասին է։ Ժամանակագրական սահմանագծմանը նպաստող փաստերի քննությունը թույլ է տալիս Պարետ-Վաշտակ շարքի պատմությունը թվագրել քա 16-13-րդ դարերով, որը ճշգրտորեն համապատասխանում է Միտաննի թագավորության ժամանակաշրջանին և դեպքերին։ Պատմաժամանակագրական համապատասխանություններից բացի կա շատ ուշագրավ մեկ այլ հանգամանք։ Միտաննիի առաջին և վերջին հզոր տիրակալները՝ հայտնի «մեծ թագավոր» տիտղոսով, եղել են Պարատառնան և Վասաշատան, որոնց անունները գրեթե նույնանում են մեզ հետաքրքրող շարքի համապատասխան տիրակալների անուններին (Պարատառնա-Պարետ, Վասաշատա-Վաշտակ), ինչը վերոնշյալ փաստերի հետ մեկ համակարգում դիտելիս՝ չի կարելի համարել պատահական։ Միտաննիի երկրորդ հզորագույն արքայի անունը՝ Sausadatar, Սօսանուէր անվան վաղ տարբերակն է (անվան երկրորդ բաղադրիչը՝ դատ (ար), նշանակում է «նվեր, տրված, տուրք», օրինակ՝ Տրդատ, Վարազդատ, առաջին հատվածը՝ Սաւս, գրաբարի ա>օ օրինաչափության համաձայն, դառնում է Սօս, իսկ ողջ անունը՝ Սօսանուէր

Հետաքրքրական է նաև, որ հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի բերած գահաժամկետները (որոնց սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ) գումարելով՝ Պարետ-Վաշտակ շարքի իշխանության տևողությունը ստանում ենք 281 տարի, որը համապատասխանում է Միտաննիի գոյության ժամանակաշրջանին։

Այս ամենը նշանակում է, որ հնդեվրոպական ծագում ունեցող հարավ-հայաստանյան թագավորության տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվել են բնիկ հայ արքաներ՝ Հայկազուններ, ուստի Միտաննի-Նահարինա թագավորությունը պետք է դիտարկել որպես հայոց պատմության անբաժանելի մի մասը։

Միտաննիի թագավորությանը վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի Նոր թագավորության տիրակալների դեմ, քանի որ վերջիններս շարունակում էին հիքսոսների դեմ վրիժառու պատերազմը՝ հարվածներն ուղղելով դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան, ուր հիքսոսյան տիրապետությունից ազատագրվելով՝ գոյացել էին մի քանի պետություններ։ Վերջիններիս դեմ հաջողության հասնելով՝ Թութմոս 3-րդ փարավոնը քա 1450-ական թվականներին անցավ Եփրատը և բախվեց Միտաննիի հետ։ Սկսվեց եգիպտա-միտաննիական պատերազմների երկարատև մի շղթա, որի սկզբնավորումը կարելի է համարել դեռևս Թութմոս 3-րդի նախնի Թութմոս 1-ի օրոք (քա 16-րդ դարի 2-րդ կես) տեղի ունեցած Եգիպտոսի և Միտաննիի զինված ուժերի առաջին բախումը։

Եգիպտոսի և Միտաննիի պատերազմը մղվում էր Միջերկրական ծովի արևելյան ավազանում գերիշխանության համար։ Թութմոս 3-րդը քա 1450-ականներին հասավ որոշակի հաջողության, սակայն  դրությունը փոխվեց նրա հաջորդ՝ Ամենհոտեպ 2-րդի օրոք, երբ Միտաննիի տիրակալ Սաուսադատարը շռնդալից հաջողությամբ հաղթանակներ տանելով՝ արևելամիջերկրածովյան ավազանի մեծ մասն ազատեց եգիպտացիներից՝ այնտեղ ամրապնդելով Միտաննիի իշխանությունը։ Ամենհոտեպ 2-րդը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց Միտաննիի դեմ, որոնք, ըստ էության, փոփոխություն չմտցրեցին ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության մեջ։ Ի վերջո, նրա որդի և հաջորդ՝ Թութմոս 4-րդին (քա 1400-1390թթ) այլ բան չէր մնում անել, քան հաշտություն առաջարկել Միտաննիի արքա Արտադամային։ Կնքվեց հաշտություն, որն ամրապնդվեց խնամիական ամուսնություններով մի քանի սերունդ Միտաննիի արքայադուստրերը դառնում էին եգիպտական փարավոնների առաջին տիկնայք, որոնցից ամենանշանավորը Նեֆերտիտին էր։

Այսպիսով՝ Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր։ Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը՝ Հայաստանի հարավում և Հյուսիսային Միջագետքում բարձրացած Միտաննի հնդեվրոպական թագավորությանը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են Հայկազուններ․․․

Նյութի աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան-«Հայոց պատմության աշխարհակալությունները»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...