Ք․ա․ 9-րդ դարում միջազգային
ասպարեզում իր հայտը ներկայացրեց Վանի թագավորությունը, որն ասուրերեն բնագրերում մշտապես
կոչվում է Ուրարտու, տեղական արձանագրություններում՝ Նաիրի և Բիայնիլի, Աստվածաշնչում՝
Արարատ։ «Ուրարտու»-ն «Արարատ»-ի ասուրա-բաբելոնյան
անվանաձևն է․ ասուրերեն և բաբելերեն արձանագրություններում
Հայաստանն այդպես է կոչվում մինչև ք․ա․ 4-րդ դարի առաջին կեսը ներառյալ։
Ք․ա․ 830-ական թվականներին որպես
«Նաիրի երկրի արքա» ներկայացող Սարդուրի Ա-ն Տուշպա մայրաքաղաքի հիմնադրման արձանագրություններում
Սարդուրի Ա-ն ներկայանում է ասորեստանյան արքաների տիտղոսաշարով՝ «մեծ արքա, հզոր արքա,
տիեզերքի արքա, արքաների արքա․․․», որը, հավանաբար, նրան էր
անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում։
Մեկ միասնական պետության մեջ
Հայկական լեռնաշխարհի համախմբման բուռն ընթացքը պայմանավորված էր մի կողմից՝ նրա բնակիչների
ազգակցությամբ, մյուս կողմից՝ ընդհանուր թշնամի Ասորեստանին համատեղ ուժերով դիմակայելու
անհրաժեշտությամբ։
Վանի թագավորության հզորացման
և տարածաշրջանային գերտերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպուինի թագավորի
(ք․ա․ 825-810թթ․) օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում (ք․ա․ 810-786թթ․) շարունակված բարեփոխումները։ Դրանցից հատկապես հիշատակության են արժանի գրային
բարեփոխումը՝ տեղական սեպագրի ստեղծումը, կրոնական բարեփոխումը՝ ողջ տերության համար
միասնական դիցարանի ստեղծումով (որն արձանագրվեց «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա), ռազմական
բարեփոխումները, որոնց արդյունքում նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ,
կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերով, անցկացվեցին բանակի վերազինում
և այլ միջոցառումներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ռազմական շինարարությանը․ երկրի ռազմավարական ուղղություններում ամրոցների մեծ ցանց է
ստեղծվում։
Մենուայի միանձնյա կառավարման
շրջանում Վանի թագավորությունը հասնում է աննախադեպ հզորության։ Նրա հաղթարշավների
շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության
մեջ, իսկ հյուսիսային շրջանների իշխանությունները թեպետ չեն մտնում Վանի տերության
մեջ, բայց՝ ընդունելով նրա գերիշխանությունը՝ հարկատու են դառնում։ Միաժամանակ, իր
իշխանության երկրորդ շրջանում նա ոչ միայն իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիո
լճի ավազանից շատ հարավ և Եփրատից արևմուտք, այլև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան
լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող ռազմավարական ուղիների վրա։ Մենուան հաղթանակներ
է տանում տարածաշրջանի գերտերություն՝ Ասորեստանի նկատմամբ և Բիայնիլի-Ուրարտու-Արարատ
պետությունը վերածում տարածաշրջանային գերտերության։
Արգիշտի Ա-ի օրոք (ք․ա․ 786-764թթ․) Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա կերտած
բուն թագավորությունը ձգվում էր Ուրմիայի հարավային ափերից մինչև Ջավախքը ներառյալ,
Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտեա
և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։ Նրա գերիշխանության
սահմաններն ավելի լայնածավալ էին․ դրանք ընդգրկում էր Փոքր Ասիայի
արևելյան լուվիական պետությունները և մերձուրմյան մի քանի երկրներ՝ արևելքում մինչև
Կասպից ծով, իսկ հարավում՝ մինչև Բաբելոնիան ներառյալ։
Նրա հեռավոր արշավանքներից,
ամենանշանավորը, թերևս, Բաբելոնիայի (Բաբիլու երկրի) նվաճումն էր՝ Զագրոսյան լեռներով
դեպի հարավ հաղթարշավով։ Դրանով նա 3 կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակման
մեջ վերցրեց Ասորեստանը։ Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորության՝ Առաջավոր Ասիայի հզորագույն
տերություն դառնալը պերճախոս կերպով վկայված է նաև նրա գլխավոր մրցակից Ասորեստանի
զորքերի գերագույն հրամանատարի խոստովանության մեջ, որում հայոց մեծ տիրակալը ներկայանում
է որպես մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ,
նրա ուժերը մեծաքանակ են»։
Արգիշտի Ա-ի ազդեցության ոլորտների
շատ ավելի մեծածավալ պատկեր է ուրվագծվում հնագիտական պեղումներից հայտնաբերված փաստերի
ուսումնասիրության շնորհիվ։ Դրանք մասամբ համընկնում են գրավոր աղբյուրների հետ, մասամբ՝
ուրվագծվում նոր սահմաններ։ Գրավոր աղբյուրների հետ չհամընկնող հնագիտական հայտնագործությունների
մի շարք է ուրվագծվում հյուսիսային ուղղությամբ։ Մասնավորապես, Արգիշտի Ա-ի անվամբ
սեպագիր արձանագրությամբ սաղավարտ է գտնվել Հյուսիսային Կովկասից (Տերի մարզ, Վերին
Ռուտկա ավան), որը ներկայումս պահվում է Բեռլինի Առաջավորասիական թանգարանում։ Համանման
սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայից (Պրիմորսկոյե ավան), Օսեթիայից (Ֆասկաու
ավան), Թռեղքից (Գուգարաց աշխարհի ամենահյուսիսային գավառը, Ջավախքի հարևանությամբ),
որոնք կարծես լրացնում են գրավոր աղբյուրներից հայտնի Արգիշտի Ա-ի ամենահյուսիսային
նվաճումից (Ջավախք-Զաբախա) մինչև Հյուսիսային Կովկաս տարածությունը։
Խորխոռյան տարեգրությունից կամ
Արգիշտի Ա-ից մեզ հասած այլ արձանագրություններից մեզ հայտնի չեն այդպիսի մեծ հեռավորության
հյուսիսային արշավանքների մասին տեղեկություններ։ Կարելի է ենթադրել, որ այդպիսիք եղել
են տարեգրության մեզ չհասած հատվածներում կամ առանձին արձանագրություններում, որոնք
նույնպես չեն պահպանվել։ Չի բացառվում նաև, որ հնագիտական այդ գտածոները վկայություններն
են ոչ թե արքայական մեծ արշավանքների (որոնց մասին թողնվում էին կոթողային արձանագրություններ),
այլ արքայի առանձին զորագնդերի կատարած ռազմերթերի, որոնք խնդիր են ունեցել լուծելու
ռազմաստրատեգիական զանազան հանձնարարություններ։ Բոլոր դեպքերում, հնագիտական փաստերը
վկայում են Արգիշտի Ա-ի՝ մինչև Հյուսիսային Կովկաս տարածված ռազմաքաղաքական ազդեցության
ոլորտի մասին։
Հնագիտական նյութերն անակնկալներ
են մատուցում նաև Վանի տերությունից դեպի հարավ և արևելք ձգվող ուղղություններում։
Հարավում մինչև Բաբելոնիա կատարած մեծ արշավանքի (որը մեզ հայտնի է Խորխոռյան տարեգրությունից)
հնագիտական հիմնավորումներից կարելի է համարել Լուրիստանից (Քերմանշահ) հայտնաբերված
բիայնա-ուրարտական սաղավարտը (պահվում է Էսսենի թանգարանում)։
Ամփոփելով Արգիշտի Ա-ի աշխարհակալության
մասին մեր ունեցած տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել
է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Բաբելոնիան ներառյալ,
իսկ քաղաքական ազդեցության և հետաքրքրությունների ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային
Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։ Սա է իրական պատկերը Հայոց մեծ տիրակալի ստեղծած
աշխարհակալության։
Վանի թագավորության հզորությունը
շարունակվում է նաև Արգիշտի Ա-ի հաջորդի՝ Սարդուրի Բ-ի օրոք (ք․ա․ 764-735թթ․)։ Նրա օրոք նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում․ նա սկսում է վերացնել կախյալ թագավորությունները՝ վերածելով
պետության վարչական միավորների՝ դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում
կատարելով գերկենտրոնացված պետության։
Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակաշրջանում
Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Այն հյուսիսում հասնում էր Սև
ծով (Ճորոխի ավազանում գտնվող Կուլխա երկրի նվաճումով), հյուսիս-արևելքում՝ Կուր գետ
(Ուրտեխի (Արցախ) երկրի միավորմամբ), արևելքում՝ Կասպից ծով (Պալուադի երկրի գրավումով),
արևմուտքում՝ Փոքր Ասիա (անդրեփրատյան Մելիտեա, Մուշանի և Զապշա երկրների հնազանդեցումով),
հարավում ընդգրկում էր Բաբելոնիան, հարավ-արևմուտքում՝
Դամասկոսի թագավորությունը (Ռուիշիանի)։ 4 ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։
Այսպիսով՝ Վանի տերությունը
Առաջավոր Ասիայում հզորագույն ուժ դարձավ Մենուայի, իսկ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի
օրոք եղավ միանձնյա առաջատարը։ Դա տևեց ավելի քան կես հարյուրամյակ։
743 և 735թթ․ Թիգլաթպալասար 3-րդի արշավանքները կանխեցին Վանի տերության՝
Ասորեստանը լիակատար շրջափակման ենթարկելու և ոչնչացնելու ծրագիրը, ինչից հետո Ասորեստանը
վերականգնեց դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի 2 հզորագույն տերություններից
մեկը։
Վանի տերությունը շարունակեց
մնալ Առաջավոր Ասիայի 2 հզորագույն տերություններից մեկը մինչև ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Այդ ընթացքում
հատկապես նշանավոր էին Ռուսա Բ-ի գահակալության տարիները (ք․ա․ 680-650-ական թվականներ), որի
արտաքին քաղաքականության մեջ ընդգծված էր հատկապես արևմտյան ուղղությունը․ հայտնի են նրա հաղթարշավները դեպի արևմտյան 5 երկրներ (Թաբլանի-Թաբալ,
Կաինարու, Մուշկինի, Խալիտու (Խաղտիք) և Խաթե)։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային
և հյուսիսարևելյան շրջաններում հաստատված կիմմերները դեռևս ք․ա․715-714 թվականներից թշնամական
արշավանքներ էին ձեռնարկել Վանի տերության դեմ՝ դրանով, փաստորեն, նպաստելով Ասորեստանին։
Այսինքն՝ առկա էր 50-ամյա թշնամություն երկու ուժերի միջև։ Դժբախտաբար, մեզ հայտնի
չէ, թե ինչպես, սակայն փաստ է, որ Ռուսա Բ-ին հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարաբերություններ
հաստատել կիմմերների հետ, նպաստել նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն, ինչը սկսել
էր դեռևս ք․ա․ 8-րդ դարի վերջերին (նրանք
հաստատվեցին Կապադովկիայի տարածքում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց
անվամբ կոչվում է Գամիրք)։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա Բ-ն կարողացավ կիմմերներին
ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն, դիվանագետ-արքան կարողացավ ոչ միայն կանխել կիմմերների
հնարավոր հարձակումներն իր երկրի դեմ, այլև կեսդարյա թշնամուն դարձրեց իրեն դաշնակից,
ապա ուղղեց իր հին թշնամու՝ Ասորեստանի դեմ։ Վանի տիրակալի այս բացառիկ քայլը, որը
դիվանագիտության համաշխարհային պատմության մեջ ևս ակնառու երևույթ է, մեզանում մնացել
է քիչ նկատված ու գնահատված։
Ավարտելով Վանի տերության պատմության
համառոտ ակնարկը՝ անհրաժեշտ ենք համարում մեջբերել վերջինիս քաղաքակրթական գնահատականը՝
տրված մեծագույն պատմաբաններից մեկի՝ Նիկողայոս
Ադոնցի կողմից․
«Ուրարտուն կատարել է այնպիսի
առաքելություն, որը պետք է գնահատել ըստ արժանվույն․ նա փակել է սեփականության ծավալման ճանապարհը դեպի Հայաստանի
լեռնաշխարհը և Փոքր Ասիա։ Ինչպիսին էլ որ լինեն ասորեստանյան քաղաքակրթության արժանիքները,
չպետք է թաքցնել, որ Ասորեստանը զուրկ էր մարդու ունեցած արժեքի գիտակցությունից, որ
այնքան էական է քաղաքակրթության համար։ Աշշուրի տիրակալների անգթությունը առասպելական
էր։
Նրանք նույնիսկ իրենք իրենց
հաշիվ չէին տալիս այն հրեշավոր հայտարարությունների համար, որ անում էին առանց նեղվելու
և հպարտությամբ, ասելով, թե «կատաղած շան և վայրի ցուլի
նման» իրենք նետվում են թշնամի երկրների վրա։ Հիվանդագին
կրքոտությամբ նրանք նկարագրում են, թե ինչ սարսափելի գործեր են կատարել հարձակման ենթարկված
երկրներում՝ ավերել հրկիզել քաղաքներն ու դաշտերը, կոտորել բնակչությանը, կենդանի այրել
երիտասարդ տղաներին ու երիտասարդ աղջիկներին, կտրել ձեռքերը, մատները, ականջները, մորթել
և կաշիները փռել պարիսպների վրա, կտրված գլուխներով բուրգեր բարձրացրել և նրանց շուրջը
շարել ցցահանված դժբախտներին, գյուղերում դադարեցրել աշխատավորների ուրախ ձայնը և թողել,
որ այնտեղ հաստատվեն վայրի էշերն ու վայրի գազանները և այլն․․․ Կատարելապես հասկանալի է բիբլիական մարգարեի արձակած թեթևացման
ճիչը Ասորեստանի անկման առթիվ․ «Նինվե՛ն, արյան, նենգության ու բռնության քաղաք, կործանվել է։ Ո՞վ կափսոսա նրան։
Բոլոր իմացողները երկու ձեռքով ծափ կտան, որովհետև ո՞վ չի տանջվել նրա չարությունից»։
Ուսանելի է, որ մեկ ուրիշ մարգարե կոչ է անում «Արարատի թագավորներին», այսինքն՝ Ուրարտուին,
Ասորեստանի վրա հարձակվելու։
Ռուս ասուրագետ Նիկոլսկին, որն
Ուրարտուի անցյալի առաջին հետազոտողներից մեկն է, շատ լավ նկատել ու ընդգծել է ասուրական
վայրենի ոգու և Ուրարտուի շատ ավելի մեղմ ու մարդկային ոգու միջև եղած հակադրությունը։
Սանձահարել Ասորեստանի մոլեգնությունը և արգելել նրան ներխուժելու նաիրյան երկրները,
ահա մի էապես ազնիվ առաքելություն, որը բաժին էր ընկել Ուրարտուին։ Նա շատ արժեքավոր
ծառայություն մատուցեց՝ իր ավանդը ներմուծելով մարդասիրական գաղափարների մեջ»։
Նյութի աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան-«Հայոց պատմության աշխարհակալությունները»
Comments
Post a Comment