Skip to main content

Քառորդդարյա ճանապարհ դեպի ռևանշ

 

1988 թվականի փետրվարը Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ եղավ այն ռուբիկոնը, որից հետո խնդրի խաղաղ կարգավորումն անհնար դարձավ, իսկ ռազմական լուծումը վերածվեց ժամանակի խնդրի: Միանգամայն հավանական է, որ դեռ Հեյդար Ալիևն էր եկել նման եզրահանգման՝ որդուն և պետության ղեկավարի դերում իր ժառանգորդին թողած քաղաքական կտակում «ռեկոնկիստան» դարձնելով առանցքային գաղափար:

Ադրբեջանի ներկայիս նախագահը հարցի լուծմանը մոտեցավ մանրակրկիտ և առանց ավելորդ շտապողականության: Գերագույն գլխավոր հրամանատարը նպատակաուղղված և համակարգված լուծեց խնդիրների երեք բլոկ՝ ռազմական շինարարություն, դրա արտաքին քաղաքական և տնտեսական ապահովում:

Ռազմական շինարարության ասպարեզում լայնածավալ միջոցառումներ իրականացվեցին ադրբեջանական պետության, այդ թվում՝ զինված ուժերի ռազմական կազմակերպման բարեփոխման ուղղությամբ, ինչպես նաև ուժային այլ՝ ռազմական մեթոդներով առաջադրանքներ կատարող կառույցների ձևավորման ու դրանց վերահսկման մարմինների ստեղծման ուղղությամբ: 17 տարվա ընթացքում՝ 2003 թվականից մինչև 2020 թվականը, հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման խնդիրներն ու երկրի տնտեսական հնարավորությունները՝ կատարելագործվում էին զինված ուժերի և այլ զորքերի կազմակերպչական կառուցվածքը, կազմը և թիվը, դրանց տեխնիկական հագեցվածությունը, համալրումը և համակողմանի ապահովումը: Այդ նպատակով ձևավորվեց նորմատիվ-իրավական և ռազմատնտեսական համապատասխան հիմք. ընդունվեցին մի շարք նոր օրենսդրական ակտեր (օրենքներ «Ազգային անվտանգության մասին», «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին», «Զինված ուժերի մասին») և փոփոխություններ կատարվեցին գործող օրենսդրությունում («Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Զինծառայողի կարգավիճակի մասին» և այլ օրենքներում), մշակվեցին հայեցակարգային և դոկտրինալ փաստաթղթեր (Ռազմական դոկտրին, Ազգային անվտանգության հայեցակարգ, Ծովային անվտանգության ռազմավարություն):

Արտաքին քաղաքականության ասպարեզում Ադրբեջանի Հանրապետությունը կարողացավ իր օգտին շրջել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային հանրության նարատիվը և պատշաճ հավասարակշռել տարածաշրջանային և արտատարածաշրջանային խոշորագույն դերակատարների՝Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի ու Եվրամիության շահերը: Տնտեսության ոլորտում տեղի ունեցավ ենթակառուցվածքային-լոգիստիկ բեկում. երկիրը վերածվեց տարածաշրջանային հանգույցի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի, ավելի զարգացավ Կասպից ծովի ընդերքում ածխաջրածինների արդյունահանումն ու վերամշակումը: Դա ևս հնարավորություն տվեց բյուջեն լցնել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով և արտաքին քաղաքական բարենպաստ ֆոն ապահովել պետության ռազմական կազմակերպման հաջող վերափոխման համար:

2018-2020թթ. Ադրբեջանի զինված ուժերի և այլ զորքերի խմբավորումների ընդհանուր թվաքանակն անվանականորեն անփոփոխ է մնացել. զինված ուժերի կանոնավոր բաղադրիչն իր կազմում ունեցել է մոտ 67.000 մարդ, այդ թվում՝ ցամաքային զորքերում՝ մոտ 57.000, ռազմաօդային ուժերում՝ ավելի քան 2.000, ևս 15.000 մարդ եղել է այլ ուժային գերատեսչությունների գծով՝ 10.000 ներքին գործերի նախարարության ներքին զորքերում և 5.000՝ Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերում և առափնյա պահպանությունում: Զինված ուժերի ռազմավարական կառուցվածքը ներառում էր համազորային բանակը և 3 բանակային կորպուս՝ առաջին ռազմավարական էշելոնում և մեկ բանակային կորպուս՝ երկրորդ ռազմավարական էշելոնում, ընդամենը՝ 31 միավորում, այդ թվում՝ 4 մեքենայացված (ծանր) և 19 մոտոհրաձգային (թեթև) բրիգադներ, պահպանության բրիգադը, երկու հրետանային (այդ թվում՝ մեկ ուսումնական) բրիգադ, ռեակտիվ հրետանային և հակատանկային բրիգադներ, ինժեներական բրիգադ և կապի բրիգադ, նյութատեխնիկական ապահովման բրիգադ: Ռազմաօդային ուժերը ներառում էին երկու գունդ և երեք առանձին էսկադրիլիաներ, ռազմածովային ուժերը՝ ռազմանավերի երկու բրիգադ, օժանդակ նավերի առանձին ջոկատներ և ծովային հետևակի գումարտակ: Հատուկ նշանակության ուժերը, ըստ գնահատականների, ներառում էին բրիգադի զորական միավորում (համազորային բանակի կազմում), մինչև չորս (5) առանձին ջոկատներ (յուրաքանչյուր բանակային կորպուսի համար՝ մեկական միավոր), ծովային հետախուզության հավաքակետ և միացյալ ուսումնական կենտրոն:

Այս կառուցվածքում նոր տարրը երկրորդ ռազմավարական էշելոնում ևս մեկ՝ հինգերորդ (պահուստային) կորպուսի ի հայտ գալն էր, որը գործարկվելու էր զորահավաքի արդյունքում: Զորքերի այս գործարկումը հնարավոր է եղել ապահովել տպավորիչ զորահավաքային ռեսուրսով, որը ներառում է 300.000 մարդ, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պաշարներ, որոնք պահեստավորվել էին նոր տեսակի՝ սպառազինություն զինված ուժեր մտնելուն զուգընթաց, ռազմական կառավարման կենտրոնական մարմիններ՝ առաջին հերթին զինված ուժերի Գլխավոր շտաբի կազմակերպական-զորահավաքային վարչության ու 2012 թվականին ներքին գործերի նախարարությունից որպես ինքնուրույն վարչություն առանձնացված Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության տարածքային մարմինների արդյունավետ աշխատանքով: Ադրբեջանի ռազմական ծախսերը նախապատերազմյան 2018 և 2019 թվականներին տատանվել են բյուջեի ծախսային մասի 10-11%-ի սահմաններում և չեն գերազանցել ՀՆԱ-ի 4%-ը, որը բացարձակ արտահայտությամբ կազմել է 1.7-1.8 միլիարդ դոլար: 2020 թվականի պատերազմական տարում դրանք կարճաժամկետ աճել են մինչև 2.2 միլիարդ դոլար, որը կազմել է բյուջեի ծախսային մասի 14%-ը կամ ՀՆԱ-ի 5.4%-ը: Ընդ որում, Ադրբեջանը, առանց պետական բյուջեն չափազանց մեծ ռազմական ծախսերով ծանրաբեռնելու, կարող էր իրեն թույլ տալ ժամանակակից գերճշգրիտ սպառազինության համակարգերի լայնածավալ գնումներ: Այսպիսով, 2020 թվականի աշնան սկզբին ստեղծվել էր սպառազինության և զինամթերքի անհրաժեշտ պաշարը, որն այնուհետ զանգվածաբար օգտագործվեց մարտական գործողությունների ամբողջ ընթացքում՝ ապահովելով ադրբեջանական զինուժի ընդհանուր կրակային գերազանցությունը ԼՂՀ ՊԲ-ի նկատմամբ: Ռազմատեխնիկական քաղաքականության մեջ խաղադրույքն արվել էր ԱԹՍ-ների և թևածող զինամթերքի, ինչպես նաև հրետանու հեռահար կրակային միջոցների վրա: Զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի վերոնշյալ և այլ մոդելների ձեռքբերման ներդրումներն ավելի քան փոխհատուցվել են Ադրբեջանի համար. ռազմական գործողությունների արդեն առաջին փուլում նրանք ոչնչացրին և շարքից հանեցին հակառակորդի զրահատեխնիկայի զգալի մասը, դաշտային հրետանու կրակային կետերը և հակաօդային պաշտպանությունը, ինչը հնարավորություն տվեց պաշտպանությունն այնքան թուլացնել, որ հնարավոր դարձավ դրա ճեղքումը: Ավելին՝ հետախուզական-կրակային (հետախուզական-հարվածային) օղակների արդյունավետ կիրառումը հայկական հրամանատարության համար շատ ավելի դժվարացրեց պաշտպանության խորքում ուժերի և միջոցների մանևրումը և որոշակի ժամանակ անց, ըստ երևույթին, սկսեց ազդել զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա: Նույնքան արդյունավետ դուրս եկան ներդրումները զրահատեխնիկայի համար, որոնք ապահովում էին հակառակորդի պաշտպանության հիմնական գծի կրծոտումը և մարտավարական հաջողության վերածումն օպերատիվի:

Ադրբեջանի զինված ուժերի տարբեր միավորումների և ստորաբաժանումների օպերատիվ-մարտավարական ինտենսիվ պատրաստությունն առաջիկա լայնածավալ հարձակողական գործողության նախապատրաստման կարևոր բաղադրիչներից էր, որի նպատակն էր հայ անջատողականների գրաված Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքի և հարակից 7 շրջանների ազատագրումը: 4.5 տարի շարունակ՝ 2016 թվականի մայիսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր, տարեկան երկուսից 4 լայնածավալ (օպերատիվ-մարտավարական, օպերատիվ և երկստիճան բազմափուլ հրամանատարաշտաբային) զորավարժություն է անցկացվել ցամաքային զորքերի զորամիավորումների մասնակցությամբ, որոնց միացել են զինված ուժերի այլ զորատեսակների և ուժային կառույցների միավորումներ: Այս բոլոր զորավարժությունների ընթացքում զորքերի (ուժերի) պրակտիկ գործողություններն ուղեկցվում էին ուղիղ մարտական կրակով: Առնվազն 2017 թվականից օպերատիվ և մարտական պատրաստության կարևոր տարր է եղել զինված ուժերի զորահավաքային ռեսուրսի ներգրավման միջոցառումների մշակումը:

Լայնածավալ զորավարժությունների հիմնական համալիր նպատակներն էին՝ ռազմական հրամանատարության և կառավարման մարմինների համակարգվածության ապահովումը, տարբեր մակարդակներում շտաբների փոխգործակցության բարելավումը, զորքերի և զենքերի հեռանկարային կառավարման համակարգերի զուգակցումը, ապագա ճակատային հարձակողական գործողության հայեցակարգի փորձարկումը, բոլոր մակարդակի հրամանատարների կողմից մարտի (գործողության) կազմակերպման և զորքերի կառավարման միջոցառումների պլանավորման փորձի ձեռքբերումը, կազմավորումների և ստորաբաժանումների դաշտային, օդային և ծովային պատրաստության ավելացումը:

Այսպես, 2016թ. անցկացվեցին օպերատիվ-մարտավարական զորավարժություններ (հունիսի 19,24) առաջին և երկրորդ բանակային կորպուսների զորքերի (ուժերի), ինչպես նաև առանձին համակցված բանակի մասնակցությամբ, որոնց մասնակցում էր մինչև 25.000 մարդ, 300-ից ավելի զրահամեքենա, 100-ից ավելի հրանոթային և հրթիռային հրետանի, 30-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ռազմաճակատի և բանակային ավիացիայի մինչև 40 օդաչուավոր և անօդաչու թռչող սարք: Դրանց հաջորդեցին ռազմավարական զորավարժությունները (նոյեմբերի 12-18-ը)՝ զինված ուժերի և զորատեսակների բոլոր միավորումների ու մասերի ընդգրկմամբ, որոնց ներգրավված էր մինչև 60.000 հոգի՝ տարբեր դասերի ավելի քան 150 զրահապատ մարտական մեքենա, թնդանոթային և հրթիռային հրետանու ավելի քան 700 համակարգ, ճակատային, բանակային և ծովային ավիացիայի ավելի քան 50 օդաչուավոր և անօդաչու թռչող սարք: Ուշագրավ է, որ կառավարման այն կետը, որտեղ տեղակայված էր այս զորավարժությունների ղեկավար շտաբը, գտնվում էր Ֆիզուլիի շրջանի տարածքի առաջնագծում (որտեղ պետք է ծավալվեին 2020 թվականի աշնան հիմնական իրադարձությունները):

2017 թվականին արդեն անցկացվեց օպերատիվ-մարտավարական երկու զորավարժություն՝ (ապրիլի 16-21-ը և հունիսի 19-24-ը) համապատասխանաբար առաջին և երկրորդ բանակային կորպուսների զորքերի (ուժերի) մասնակցությամբ: Այս զորավարժություններին ներգրավվեց 20.000-ից մինչև 30.000 մարդ, տարբեր դասերի 120-ից 250 զրահամեքենա, 180-ից 200 թնդանոթային և հրթիռային հրետանու համակարգեր, առաջնագծի և բանակային ավիացիայի 25-ից 30 օդաչուավոր և անօդաչու թռչող սարքեր: Տարեվերջին (նոյեմբերի 16-20) սրանց գումարվեցին հրամանատարաշտաբային զորախաղերը՝ զինված ուժերի ստորաբաժանումների, զորատեսակների և հատուկ նշանակության ուժերի ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական ստորաբաժանումների կառավարման մարմինների մասնակցությամբ: Զորախաղերի որոշակի փուլում նրանց միանում էին զորքեր՝ մարտավարական դրվագներ խաղարկելու համար:

2018 թվականին օպերատիվ-մարտավարական զորավարժությունների թիվը հասավ երեքի (մարտի 12-17, հուլիսի 2-6, սեպտեմբերի 17-22). դրանց ներգրավվեցին առաջին, երկրորդ և երրորդ բանակային կորպուսների զորքերը՝ 20.000-ից մինչև 25.000 մարդ, տարբեր դասերի 120-ից 250 զրահամեքենա, 200-ից 1000 հրանոթային և հրթիռահրետանային համակարգեր, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, առաջնագծի և բանակային ավիացիայի 30-ից 50 օդաչուավոր և անօդաչու թռչող սարքեր: Նոյեմբերի 12-ին, ինչպես և նախորդ տարի, անցկացվեցին հրամանատարաշտաբային զորախաղեր՝ զինված ուժերի ստորաբաժանումների, զորատեսակների և հատուկ նշանակության ուժերի ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական ստորաբաժանումների կառավարման մարմինների մասնակցությամբ: Զորավարժությունների շտաբը տեղակայվեց՝ Ադրբեջանի զինված ուժերի նորաստեղծ մարտական հրամանատարության կենտրոնում:

2019 թվականին առաջին, երկրորդ և չորրորդ բանակային կորպուսների զորքերի մասնակցությամբ անցկացվեց օպերատիվ-մարտավարական երեք զորավարժություն (մարտի 11-15, մայիսի 20-24 և սեպտեմբերի 16-20), որոնց մասնակցեց մինչև 10.000 հոգի, տարբեր դասերի 100-ից 150 զրահամեքենա, 120-ից 300 հրանոթային և հրթիռային հրետանային համակարգ, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, առաջնագծի և բանակի ավիացիայի 20-ից 35 օդաչուավոր և անօդաչու թռչող սարքեր: Տարին ավարտվեց օպերատիվ զորավարժությամբ (նոյեմբերի 12-15), որին մասնակցում էին զինված ուժերի և բոլոր զորատեսակների խոշոր միավորումներ, կազմավորումներ և ստորաբաժանումներ: Ընդ որում, նման լայնածավալ միջոցառման կապակցությամբ առաջին անգամ չնշվեց օպերատիվ պատրաստության ներգրավված ուժերի և միջոցների կազմը:

Վերջապես, 2020 թվականի պատերազմական տարվա առաջին կիսամյակում անցկացվեց օպերատիվ-մարտավարականն երեք զորավարժություն՝ առաջին բանակային կորպուսի զորքերի (մարտի 2-6), երկրորդ բանակային կորպուսի զորքերի ու նաև առանձին համակցված բանակի մասնակցությամբ (միաժամանակ տեղի ունեցավ մայիսի 18-22-ը), որոնց ներգրավված էր 5000-ից մինչև 10.000 մարդ, տարբեր դասերի մինչև 120 զրահատեխնիկա, հրանոթային և հրթիռային հրետանու մինչև 120 համակարգ, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, առաջնագծի և բանակի մինչև 30 օդաչուավոր և անօդաչու թռչող սարքեր: Ռազմական գործողությունների անմիջապես նախօրեին՝ 2020 թվականի սեպտեմբերի 6-ից 7-ը, անցկացվեցին ադրբեջանա-թուրքական լայնածավալ համատեղ մարտավարական և թռիչքամարտավարական կրակային վարժանքներ, որոնք ներգրավեցին ցամաքային զորքերի և բարձրագույն օդուժի զորակազմերի մինչև 5000 մարդու (որոնցից 2600-ը՝ ակտիվ փուլում), տարբեր դասերի ավելի քան 200 զրահամեքենա, մոտ 180 հրանոթային ու հրթիռային համալիր, 30-ից ավելի ՀՕՊ համակարգ, առաջնագծի և բանակի ավիացիայի 18 օդաչուավոր և անօդաչու թռչող սարք:

Հարկ է նշել, որ երկու պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացումը նախատեսված է 2010 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագրով: Նշյալ համաձայնագրի շրջանակում՝ 2016-2020թթ. Ադրբեջանում անցկացվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» և «Անխախտ եղբայրություն» շարքի ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, 2020 թվականին՝ «Հեյդար Ալիև», իսկ 2017, 2019 և 2020թթ.՝ «Թուրք-ադրբեջանական արծիվ» շարքի երկկողմ մարտավարական զորավարժությունները: Ադրբեջանական զինուժը համատեղ մարտական պատրաստության միջոցառումների է մասնակցել նաև Թուրքիայում. 2016 և 2018թթ.՝ EFES շարքի միջազգային մարտավարական և հատուկ-մարտավարական զորախաղերին, 2019 թվականին՝ «Ձմեռ» «Էրջիյես» և «Անատոլիայի փյունիկ», և 2016 ու 2018թթ.՝ ադրբեջանա-թուրքական համատեղ «Թուրք-ադրբեջանական բազե» շարքի մարտավարական թռիչքային վարժանքներին:

Բացի ադրբեջանա-թուրքական երկկողմ ձևաչափից, Ադրբեջանի ռազմական համագործակցությունը տարածաշրջանի պետությունների հետ զարգանում էր նաև եռակողմ ձևաչափով. 2006 թվականից անցկացվում են ադրբեջանա-թուրք-վրացական Eternity եռակողմ հրամանատարաշտաբային վարժանքները՝ համակարգչային աջակցությամբ, իսկ 2012 թվականից՝ ադրբեջանա-թուրք-վրացական եռակողմ՝ հատուկ նշանակության ուժերի «Կովկասի արծիվ» զորավարժությունները: Այս զորավարժությունների հիմնական նպատակը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի տարածքում նավթի և գազի փոխադրման և երկաթուղային ենթակառուցվածքների անվտանգության ապահովման գործնական անկյունների մշակումն է: Զորավարժություններն անցկացվում են ռոտացիոն սկզբունքով թվարկված երեք պետությունների տարածքում. 2012 և 2015թթ. անցկացվել են Թուրքիայում, 2013 և 2019թթ.՝ Ադրբեջանում, 2014 և 2017թթ.՝ Վրաստանում: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական համագործակցության եռակողմ ձևաչափը որոշակիորեն նպաստել է Հայաստանի քաղաքական մեկուսացմանը և ապահովել մարտական գործողությունների թատերաբեմի տարածքի փոխկապվածությանը՝ հօգուտ ադրբեջանա-թուրքական դաշինքի:

Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մեծապես նպաստել է նաև Բաքվի նկատմամբ դաշինքի բարյացակամ չեզոքության ձևավորմանը: Դիտարկվող ժամանակահատվածում ադրբեջանական բանակը պլանային հիմունքներով իրականացրել է նշված ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի օպերատիվ կարողությունների հայեցակարգի միջոցառումներ՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններում: Համաձայն նշված հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի գնահատողական վարժանքներին Ադրբեջանից մասնակցել են մոտոհրաձգային գումարտակ (2017 թիվ հունիս), հետախուզական վաշտ (2018թ. մայիս, 2019թ. սեպտեմբեր) և Ми-17-1B բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Ադրբեջանը մասնակցում է նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին, Պլանավորման և վերանայման գործընթացին և Ուժերի կարգավիճակի համաձայնագրի մեխանիզմներին: Գործնական առումով՝ դիտարկվող ժամանակահատվածում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի համագործակցությունը իրականացվել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում՝ այդ երկրի կառավարական ուժերին մարզելու և օգնություն տրամադրելու նպատակով. այնտեղ տեղակայվել էր ադրբեջանական խաղաղապահ ստորաբաժանման վաշտ (90 մարդ մինչև 2018 թվականի հունվարը, մինչև 120 մարդ՝ հետո): Ադրբեջանական ստորաբաժանումը ներառվել էր թուրքական զորագնդի մեջ և ապահովում էր Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ու պաշտպանությունը:

Գնահատելով ուսումնասիրվող ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստությունը՝ պետք է նշել, որ այն ուղղված էր գրավյալ տարածքի ազատագրման համար ստանդարտ սցենարով լայնածավալ հարձակողական գործողությունների կազմակերպման և անցկացման խնդիրների մշակմանը. հակառակորդի զինված սադրանքի հետմղում (որպես տարբերակ՝ հարձակման հետմղում), նրան կրակային վնասի պատճառում, սկզբնական դիրքի վերականգնում՝ մի քանի օպերատիվ ուղղություններով հակահարձակման հետագա անցումով: 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այս ամենը կյանքի կոչվեց:

Ադրբեջանի ռազմական նախապատրաստություններում մեծ դեր են խաղացել զորքերի հանդերձավորումը, ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և զինվորական ծառայության հեղինակության բարձրացումը: Հատկապես նշանակալի իրադարձություն էր այն զորքերի վերազինումը, որոնք անցյալ դարի 90-ականների կեսից մինչև 2010-ականների կեսը բաց դաշտում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում էին: Իսկ դա ուղղակիորեն կապված է Զաքիր Հասանովի՝ ռազմական գերատեսչության ղեկավարությունը ստանձնելու հետ. 2013 թվականի վերջից մինչև 2018 թվականի կեսն առաջնագծում կառուցվել է 4 տասնյակից ավելի ռազմական ավան: Վերակառուցվել կամ հիմնանորոգվել է զորանոցային-բնակելի ֆոնդի 80%-ը: Արդյունքում զինված ուժերի անձնակազմի 85%-ը տեղակայվել է ժամանակակից պայմաններում: Արմատապես բարելավվել է առաջնագծի գոտում զինվորական կազմավորումների զինծառայողների սոցիալական, կենցաղային և պարենային ապահովումը, լուծվել են ռազմական ավանների գազաֆիկացման և դաշտային ջրամատակարարման հարցերը: Միևնույն ժամանակ, ամբողջ երկրում զգալիորեն բարելավվել են զինծառայողների ընտանիքների կենցաղային պայմանները. Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի որոշմամբ՝ պետությունը անվճար բնակարան է տրամադրում 20 տարի անբասիր ծառայություն անցած զինծառայողներին:

2016-2020թթ. շահագործման են հանձնվել ռազմաօդային ուժերի թռիչքների և տեխնիկական վերահսկողության կենտրոնը, ռազմաօդային ուժերի միացյալ հրամանատարական կետը, մարտական ավիացիայի օդաչուների պատրաստության կենտրոնը, անօդաչու ավիացիայի մասնագետների պատրաստման կենտրոնը, ռազմաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումների կառավարման կենտրոնը, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբի հրամանատարական կենտրոնը, կապի սարքավորումների սպասարկման և վերանորոգման կենտրոնը, վերակառուցված ջրասուզական պոլիգոնը, ռազմական հոսպիտալներ և ռազմական այլ ենթակառուցվածքներ: Ընդհանուր առմամբ, բանակի ամբողջ ենթակառուցվածքի թարմացման գործընթացը պետք է ամբողջությամբ ավարտվի 2021 թվականին:

Զինվորական ծառայության հեղինակության բարձրացման և դեպի պրոֆեսիոնալ բանակ շարժվելու էական տարր էր անցումը աութսորսինգի քաղաքականությանը, որն ավելի քան 20.000 զինծառայողի ազատել է տնտեսական առաջադրանքներից և փոխարինել քաղաքացիական անձանցով: Բացի այդ, 2020 թվականին պաշտպանության նախարարությունը, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը, երիտասարդության և սպորտի նախարարությունը, կրթության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, ինչպես նաև Զորահավաքի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայությունը ստորագրել են 2020-2023թթ. համատեղ գործունեության միջգերատեսչական պլան՝ բարձրացնելու զինվորական ծառայության հեղինակությունը հասարակության մեջ ընդհանրապես և երիտասարդ սերնդի շրջանում՝ հատկապես:

Ադրբեջանական հասարակության սոցիալական համախմբման հարցում կարևոր իրադարձություն էր երկրի օկուպացված տարածքների ազատագրմանն ուղղված ռազմական նախապատրաստական աշխատանքներին սատարելու համար զինված ուժերի աջակցության հիմնադրամի ստեղծումը՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 17-ի հրամանագրի հիման վրա: Դիտարկվող ժամանակահատվածում դրա դրամական միջոցները 2016 թվականի հուլիսի 2-ի սկզբնական 74.2 միլիոն ադրբեջանական մանաթ, 212400 դոլար, 3300 եվրո և 5000 ռուբլի գումարից աճել և 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում էին 113.4 միլիոն ադրբեջանական մանաթ, 213600 դոլար, 18300 եվրո, 5000 ռուբլի: Հասկանալի է, որ այդ միջոցները չեն կարող համեմատվել նույն նպատակների համար նախատեսված բյուջետային հատկացումների հետ, սակայն այս դեպքում կարևոր է պետության և ադրբեջանական սփյուռքի քաղաքացիների ներգրավվածությունը պետության նպատակի՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում:

Վերջապես, շատ կարևոր անկյուն է նաև կադրային քաղաքականությունը: Եթե երկրի օկուպացված տարածքի ազատագրման համար ռազմական գործողություն իրականացնելու քաղաքական որոշումը կայացվել է դեռ 1998 թվականին և հաստատվել 2003 թվականին, իսկ 2008-2014թթ. իրականացվել են զենքի և ռազմական տեխնիկայի զանգվածային գնումները (արտահանմանն ուղղված նավթագազային ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների գործարկումից հետո), ապա կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, որը նախատեսված է պետության ղեկավարի առաջադրած քաղաքական խնդիրները ռազմական եղանակով լուծելու համար, ձգվել է 2014-2020թթ. և ընթացել զորքերի մարտական պատրաստության բարձրացման գործընթացին զուգահեռ: Բեկումնային պահը Զաքիր Հասանովի նշանակումն էր պաշտպանության նախարարի պաշտոնում 2013 թվականի հոկտեմբերին. ռազմական գերատեսչության նոր ղեկավարը, ըստ երևույթին, քարտ բլանշ է ստացել երկրի բարձրագույն ղեկավարությունից՝ իրականացնելու արմատական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով նախապատրաստել զինված ուժերը նախատեսված կիրառության՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության զինված պաշտպանության համար: 2014 թվականից զինված ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության բովանդակությունը, կենտրոնացումը և ինտենսիվությունը կտրուկ փոխվեցին. 20-ամյա խրամատային պատերազմում լճացած (և բարոյապես քայքայված) բանակն անցավ առաջիկա լայնածավալ ռազմական գործողությունների համակարգված և նպատակային պատրաստությանը՝ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով:

Օպերատիվ և մարտական պատրաստության տարեկան պլանների իրականացմանը զուգահեռ ընթանում էր հրամանատարական կազմի ընտրություն, ընդ որում, ընդունված կադրային որոշումները պարբերաբար հաստատվում կամ վերանայվում էին մասնավոր գործողությունների արդյունքների հիման վրա, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հարավային Կովկասի ռազմական գործողությունների թատերաբեմի բոլոր օպերատիվ տարածքներին՝ 2016 թվականի ապրիլին Մարտակերտի, Ֆիզուլու և Ջեբրայիլի, 2018 թվականի մայիսին՝ Նախիջևանի, 2020 թվականի հուլիսին՝ Թովուզի տարածքներին: Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերին արդեն պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և նրա տեղակալի՝ անձնակազմի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևի (2021 թվականի հուլիսից ղեկավարում է զինված ուժերի Գլխավոր շտաբը) տանդեմի ջանքերով ձևավորվեց առաջատար զինվորականների ողնաշարը, հաջողությամբ իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ երկրի գրավյալ տարածքի ազատագրման ռազմավարական ծրագիրը:

Հատկապես կարևոր կադրային որոշումներ էին գնդապետ (2016 թվականի ապրիլից՝ գեներալ-մայոր) Մաիս Բարխուդարովի նշանակումը երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում, գնդապետ (2019 թվականի հունիսից՝ գեներալ-մայոր) Մունասիբ Բաբաևի նշանակումը երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնում, գնդապետ (2019 թվականի հունիսից՝ գեներալ-մայոր) Փոլադ Հաշիմովի՝ երրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնում (նպատակ ունենալով նրան բարձրացնել հրամանատարի պաշտոնի. մահացել է 2020 թվականի հուլիսին), գնդապետ (2019 թվականի հունիսից՝ գեներալ-մայոր) Իլգար Լատիֆովի նշանակումը չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնում (իսկ ավելի ուշ՝ նշված կազմավորման հրամանատար), գեներալ-մայոր Էնվեր Էֆենդիևի նշանակումը 6-րդ բանակային պահուստային կորպուսի հրամանատարի պաշտոնում (2021 թվականի հուլիսին նշանակվել է նորաստեղծ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում), գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովի նշանակումը հրթիռային ուժերի և հրետանու հրամանատարի պաշտոնում, գնդապետ (2020 թվականի դեկտեմբերից՝ գեներալ-մայոր) Անար Քերիմովի նշանակումը ինժեներական զորքերի տնօրինության պետի պաշտոնում, գնդապետ Նամիգ Իսլամզադեի (2020 թվականի դեկտեմբերից՝ գեներալ-մայոր) նշանակումը ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ-ավիացիայի պետի պաշտոնում, գեներալ-մայոր (2020 թվականի հոկտեմբերից՝ գեներալ-լեյտենանտ) Հիքմեթ Միրզոևի նշանակումը հատուկ նշանակության ուժերի հրամանատարի պաշտոնում և գնդապետ (2020 թվականի նոյեմբերից՝ գեներալ-մայոր) Քենան Սեիդովի նշանակումը հատուկ նշանակության ուժերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում (2021 թվականի հուլիսին գլխավորեց նորաստեղծ 5-րդ բանակային կորպուսը): Լեռնային Ղարաբաղում սեպտեմբեր-հոկտեմբերյան ռազմավարական հարձակողական գործողության նախապատրաստման և անցկացման գործում կարևոր, թեև առաջին հայացքից ոչ այնքան նկատելի դեր են խաղացել նաև զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված գեներալ-լեյտենանտ Նիզամի Օսմանովը, որը նաև Մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր տնօրինության պետն է (2020 թվականի հուլիսից կատարում էր պաշտպանության նախարարի տեղակալի՝ նյութատեխնիկական ապահովման գծով-նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները, իսկ 2021 թվականի հուլիսին նշանակվեց այդ պաշտոնում) և պաշտպանության նախարարի տեղակալ համազորային առանձին բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ (2020 թվականի հունիսից՝ գեներալ-գնդապետ) Քերիմ Մուստաֆաևը: Զինված ուժերի աստղային այս թիմը, ինչպես նաև Պետական սահմանապահ ծառայության և ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարներն Ադրբեջանին ուղեկցեցին դեպի հաղթանակ այն ռազմարշավում, որը երկրում ստացավ Հայրենական պատերազմ պաշտոնական անվանումը:

Եզրափակելով՝ թվարկենք 2020 թվականի աշնանն իր տարածքային ամբողջականության վերականգնման ռազմական գործողության ընթացքում Ադրբեջանի հաղթանակի հիմնական բաղադրիչները: Դա, առաջին հերթին, քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից որպես առանցքային տարր ռազմավարական պլանավորման արդյունավետ նպատակադրումն է. պետության ղեկավարի դերում գտնվելու առաջին օրերից նախագահ Իլհամ Ալիևը ռազմական շինարարության ուղղություն վերցրեց՝ որպես ապագայում ղարաբաղյան հիմնախնդրի հաջող լուծման երաշխիք, որի քաղաքական կարգավորումը մտել էր փակուղի: Երկրորդը՝ սահմանափակ (թեև բավարար) ֆինանսական, նյութական և մարդկային ռեսուրսների ու նաև ժամանակային ռեսուրսի նույնքան արդյունավետ կառավարումն էր. զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի հիմնական գնումները կատարվել են ածխաջրածինների վաճառքից երկրի եկամուտների գագաթնակետին, համակարգված կերպով իրականացվել են զինված ուժերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքի կատարելագործման, օպերատիվ և մարտական պատրաստության համակարգում զորքերի մարտական ուսուցման որակի բարձրացման, ռազմական ենթակառուցվածքի զարգացման համալիր միջոցառումներ, ժամանակին են կայացվել կադրային որոշումները, և, ի վերջո, հաջող է ընտրվել ռազմական գործողության պահը (Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, հայ հասարակության պառակտումը, Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում լարվածության առաջացումը): Երրորդը՝ տարածաշրջանային առաջատար դերակատարների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության հավասարակշռված ծրագիրն էր. Բաքվին հաջողվեց անցնել նեոօսմանականության և նեոպանթյուրքականության Սկիլլայի և հետխորհրդային տարածքում ռուսական գերակայության Խարիբդայի արանքով՝ միաժամանակ արդյունավետ չեզոքացնելով պարսկական ազգայնականությունը:

2020 թվականի աշնան ռազմարշավի 44 օրերը հաղթանակով պսակվեցին դրան նախապատրաստվելու 23 տարիների շնորհիվ:

Նյութի աղբյուրը՝ Ռուսլան Պուխով- «Փոթորիկ Կովկասում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...