Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները շոկային էին հայ
հանրության համար: Ռազմական պարտությունը հանգեցրեց սարսափելի հետևանքների. հազարավոր
մարդիկ զոհվեցին, հիմնականում՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ: Տասնյակ հազարավորները
մնացին անօթևան: Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կողմից վերահսկվող տարածքները կրճատվեցին 4 անգամ: Նոր սահմանները շատ ավելի քիչ են
հարմարեցված պաշտպանության համար, իսկ Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյատևման երաշխավորն
այժմ իրականում ռուսական խաղաղապահ զորքն է, ոչ թե սեփական զինված ուժերը: Հայաստանի
հետ կապը հնարավոր է միայն նեղ ու խոցելի միջանցքով, իսկ չճանաչված հանրապետության
մայրաքաղաք Ստեփանակերտը ծայրահեղ խոցելի վիճակում է: Այս ամենը, իհարկե, հայ հասարակության
աղետ ընկալմամբ, և սա արտառոց չէ. աշխարհի որևէ երկրում ռազմական մեծ պարտությունն
այդպես է զգացվում:
Ավելին՝ այս պատերազմում պարտությունը Հայաստանում և բուն
Ղարաբաղում հաճախ ընկալվում է ոչ միայն որպես ռազմական ձախողում, այլև որպես հայկական
նոր պետականության կառուցման գաղափարական հիմքի փլուզում: Փաստն այն է, որ ղարաբաղյան
խնդիրը եղել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության
ստեղծման հիմնաքարը: Ֆորմալ առումով Հայաստանի համար արտաքին համարվող Ղարաբաղի գործոնը՝
հայաբնակ անկլավը Խորհրդային Ադրբեջանի կազմում, դարձավ Հայաստանի անկախության գեներատորը:
Նախկին խորհրդային բոլոր հանրապետություններից միայն Հայաստանում ու թերևս նաև Ադրբեջանում
էր, որ անկախության շարժման կատալիզատորը ոչ թե ամբողջատիրության դեմ պայքարը կամ կայսերական
կախվածությունից ազատվելու ցանկությունն էր, այլ տարածքային հակամարտությունը: Նախկին
խորհրդային մյուս երկրներն անկախություն են ձեռք բերել կա՛մ նպատակաուղղված պայքարի
արդյունքում՝ հատուկ մոսկովյան կենտրոնից և խորհրդային իշխանությունից անկախանալու
համար (ինչպես բալթյան հանրապետությունները), կա՛մ էլ ԽՍՀՄ փլուզման արդյունքում (օրինակ՝
կենտրոնասիական երկրները), ինչը նրանց համար արտաքին գործընթաց էր և կապ չուներ իրենց
ներքաղաքական զարգացումների հետ:
Էթնոքաղաքական հակամարտությունները ցնցեցին ամբողջ հետխորհրդային
տարածքը, սակայն աբխազական, հարավօսական և մերձդնեստրյան հակամարտությունները թերևս
նախկին խորհրդային հանրապետությունների էթնիկ փոքրամասնությունների արձագանքն էին մինի
մետրոպոլիաների շարժմանը դեպի անկախություն: Համենայն դեպս, ո՛չ Վրաստանում, ո՛չ Մոլդովայում,
ո՛չ Ռուսաստանում այս հակամարտությունները պետականության ձեռքբերման պայքարի խթան չէին:
Հայաստանի և Ադրբեջանի պարագայում հենց ղարաբաղյան հակամարտությունն էր, որ խթան հաղորդեց
ազգային անկախության գաղափարախոսությանը:
Հայաստանի և առհասարակ ամբողջ աշխարհի հայերի համար Ղարաբաղն
ընդամենը էթնիկ խմբի մի մասի մշակութային և ֆիզիկական գոյատևման կամ տարածքային խնդիր
չէր: ԽՍՀՄ փլուզումից հետո այն դարձավ հայկական քաղաքական ինքնության ձևավորման առանցքը, հայոց պետականության գաղափարը,
և դրանում հսկայական դեր խաղաց հայերի հաղթանակը 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմում:
Այդ հաղթանակն ընկալվում էր որպես պատմական, որպես շրջադարձ
հայոց պետականության մեջ բազմադարյա գաղութային կախվածությունից, ճնշումներից և հալածանքներից,
որոնց ծայրակետը 1915 թվականի Ցեղասպանությունն էր… դեպի անկախություն, ինքնազորություն,
հաղթանակներ ու ձեռքբերումներ: Ղարաբաղյան հաղթանակը որպես առանցքային խորհրդանիշ դրվեց
պետակաշինության հիմքում: Նմանապես, ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը
դարձավ ավելին, քան սոսկ պարտություն. այն ընկալվում է որպես Հայաստանի Հանրապետության
հիմքերի փլուզում, որպես հարված նոր ձեռք բերված քաղաքական ինքնության հիմքերին: Հայաստանում
(գուցե նաև ավելի մեծ չափով՝ հայկական սփյուռքում) այս պարտությունն ընկալվում է որպես
պատմական, որպես հայոց պատմության ևս մեկ աղետալի շրջադարձ:
Տարօրինակ պատերազմ
Հետահայաց՝ անբացատրելի է, որ թե՛ պատերազմը, թե՛ դրանում
կրած պարտությունն անակնկալ էին հայ փորձագետների, քաղաքական գործիչների և լայն հանրության
համար: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանն այս պատերազմին անթաքույց պատրաստվում էր
առնվազն 1.5 տասնամյակ՝ անընդհատ սպառնալով ռևանշով: Ընդ որում, նավթային այս երկրի
լուրջ ֆինանսական միջոցները որևէ մեկի համար գաղտնիք չէին: Ինչո՞ւ էր պատերազմն, այնուամենայնիվ,
անսպասելի՝ հաշվի առնելով Հայաստանի համար այդաստիճան կարևորությունը: Ինչո՞ւ էին ուժայիններն
այդքան անպատրաստ դրան: Մամուլի բազմակարծության նման պայմաններում ինչո՞ւ այդ սպառնալիքը
լայնորեն չէր քննարկվում լրատվամիջոցներում: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի
ռեսուրսային բազաների միջև եղած հսկայական տարբերությունն առնվազն չհանգեցրեց լայնածավալ
պատերազմի հավանականության գիտակցմանը: Ինչպե՞ս այս պատերազմն այդքան անսպասելի դարձավ:
Պատերազմի ավարտից հետո հայ հասարակությունը, բնականաբար,
սկսել է փնտրել այս հարցերի պատասխանները: Այս թեմայով գիտական հետազոտություններ գործնականում
դեռ չկան, սակայն մամուլում և սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվում են կատարվածի
տարբեր մեկնաբանություններ և բացատրություններ: Տեղի ունեցածը բացատրելու այս փորձերը
կարելի է բաժանել մի քանի խմբերի:
Առաջին խումբը, բնականաբար, բոլոր տեսակի դավադրության տեսություններն
են: Պատերազմում պարտությունը և պատերազմին անպատրաստ լինելը վերագրում են Հայաստանի
պարտությունից և որպես սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհետացումից ինչ-ինչ
պատճառներով շահած մարդկանց, սովորաբար՝ քաղաքական գործիչների դավադրություններին,
դավաճանությանն ու չարամտությանը: Այսինքն՝ դավադրության տեսության համաձայն՝ պատերազմը
սանձազերծել և պարտվել են Հայաստանի ներսում և արտերկրում գտնվող անձանց և ուժերի անձնական
հանգամանքներին ու նպատակներին առնչվող պատճառներով: Կախված բանախոսի քաղաքական կողմնորոշումից՝
դավադրության կոնկրետ մեղավորները, պատճառներն ու նպատակները տարբեր են, սակայն սխեման
ընդհանուր առմամբ դասական է և հատուկ վերլուծության կարիք չունի:
Տեսությունների երկրորդ խումբը քաղաքական մեղադրանքներն են:
Ընդդիմության կողմնակիցները (հաճախ՝ նախկին վերնախավերի ներկայացուցիչները, բայց ոչ
միայն նրանք) տեղի ունեցածը բացատրում են նոր իշխանությունների անփորձությամբ և անկարողությամբ,
որոնք իրականում ի վիճակի չեղան կառավարել ռազմական ոլորտը, չկարողացան ճիշտ գնահատել
անվտանգության մարտահրավերները և համարժեք արձագանքել դրանց ու չկարողացան նաև ղեկավարել
ռազմական գործողությունները: Նոր վերնախավի ներկայացուցիչները, ընդհակառակը, պնդում
են, որ պաշտպանության ոլորտում ոչկոմպետենտությունն ու անարդյունավետությունը ձևավորվել
էին երեք տասնամյակ, և երկու տարուց մի փոքր ավելի ժամանակում դրանք շտկելու որևէ հնարավորություն
չկար: Այսպիսով, պարտության մեղավորները նախորդ իշխանություններն են:
Տեսությունների այս խմբի ենթատարբերակներից է այն բացատրությունը՝
կախված բանախոսի հայացքներից, որ տեղի ունեցածը մինչև 2018 թվականի «Թավշյա հեղափոխությունը»
բանակում և ընդհանրապես վերնախավերում կոռուպցիայի և վատ կառավարման հետևանքով է, որ
կոռումպացված քաղաքական գործիչներն ու գեներալները՝ հին, նոր կամ երկուսն էլ, մտահոգված
էին ոչ թե երկրի պաշտպանությամբ, այլ միայն իրենց բարօրությամբ, հետևաբար՝ չէին պատրաստվում
պատերազմի և չկարողացան կանխել այն: Ու թեև քաղաքականացված մեղադրանքները տարածված
են քաղաքական խմբերից և կուսակցություններից անդին, դրանք բոլորը տեղավորվում են հայ
հասարակության քաղաքական սուր բևեռացման հարացույցի մեջ, և համապատասխանաբար, խոսնակի
քաղաքական դիրքորոշման, այլ ոչ թե անաչառ ընկալման փորձի արդյունք են:
Տեսությունների երրորդ խումբը տեղի ունեցածը բացատրում է
տեխնիկական, հիմնականում տնտեսական և ռազմատեխնիկական գործոններով: Տնտեսական հայեցակարգն
ասում է, որ Ադրբեջանն ավելի հարուստ է և հնարավորություն ուներ ձեռք բերել ժամանակակից
թանկարժեք զենքեր, և Հայաստանը սկզբունքորեն չկարողացավ դիմակայել դրան: Ըստ այդմ,
անհավասար ֆինանսական հնարավորություններով պայմանավորված՝ բանակների սպառազինության
տեխնիկական մակարդակների տարբերությունը սկզբունքորեն, ամեն դեպքում, վաղ թե ուշ պետք
է հանգեցներ Հայաստանի պարտությանը, իսկ Թուրքիայի ներգրավումը միայն մոտեցրեց այդ
պահը: Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական բացատրություններին, ապա դրանք բազմազան են,
բայց ամեն դեպքում հանգում են այս ոլորտում Հայաստանի դանդաղ առաջընթացին: Դա անբավարար
ուշադրությունն է առաջնագծի ամրաշինական աշխատանքներին և դիրքերի կահավորմանը. նախորդ
պատերազմից հետո ավելի քան 25 տարվա ընթացքում չէր ստեղծվել կամ առնվազն անբավարար
է եղել երկարաժամկետ կրակակետերի («դոտերի»), ամրացված տարածքների, պաշտպանական հանգույցների
և առանցքային կետերում ինժեներական արգելապատնեշների համակարգը: Դա նաև հայկական կողմի
ռազմական ստրատեգիայում գերակշռող՝ հրանոթային և հրթիռահրետանային համակարգերի վրա
խաղադրույքն էր, ինչը բավարար չէր նոր պայմաններում պատերազմի համար: Եվ, իհարկե, ամենակարևորը՝
մի շարք փորձագետներ պնդում են, որ Ղարաբաղին պարզապես վիճակվեց լինել նոր ռազմական
տեխնոլոգիաների առաջին փորձադաշտերից մեկը, որտեղ գլխավոր դերը խաղում էին անօդաչու
թռչող սարքերն ու կառավարվող հրթիռները: Փաստացի, վերջին տասնամյակում ռազմական տեխնիկայում
տեղի է ունեցել հեղափոխություն, որը հերթական անգամ արմատապես փոխել է պատերազմի տեխնոլոգիան,
ու մինչև այժմ ոչ ոք չգիտի՝ ինչպես դիմադրել դրան: Այս տեսության մեջ խոսքը ոչ թե փողի,
այլ հենց տեխնոլոգիայի մասին է. հետախուզական և գերճշգրիտ թիրախավորման զենքի անօդաչու
կրիչները համեմատաբար մատչելի են, և դառնում են միտում աշխարհի շատ բանակներում, սակայն
դրանց արդյունավետությունը հստակ դրսևորվեց հենց այս պատերազմում:
Վերոնշյալ բոլոր տեսությունները, բացառությամբ դավադրության
տեսության, նկարագրում են իրականության տարբեր տեսանկյունները և առաջին հայացքից համոզիչ
ընդհանուր պատկեր տալիս՝ Հայաստանի պարտությանը ըստ ներքին գործոնների՝ կոռուպցիայի,
կոմպետենցիայի պակասի, անարդյունավետ կառավարման և արտաքին գործոնների՝ առաջին հերթին
Ադրբեջանի հարստության և Թուրքիայի ռազմական ուղղակի օգնության համադրությամբ: Սակայն
ավելի մանրազնին դիտարկումը թույլ է տալիս առաջ քաշել դրույթ, ըստ որի, ստացված պատկերը
թերի է, հետևաբար՝ սխալ:
Կոռուպցիան և վատ կառավարումն իսկապես կարող են ազդել պատերազմի նախապատրաստման և ռազմական գործողությունները
վարելու վրա: Սակայն դժվար է պնդել, որ կոռուպցիան Հայաստանում ավելի խորն է եղել,
քան Ադրբեջանում: Կոնկրետ չարաշահումների համար կոնկրետ քաղաքական գործիչներին մեղադրանքները
կարող են արդարացի լինել, սակայն ինչո՞ւ են հայ քաղաքական գործիչներն ընդամենը մեկ
սերնդի ընթացքում այնքան փոխվել, որ այլևս ուշադրություն չեն դարձնում 20 տարի առաջ
երկրի համար առանցքային եղած խնդրին, և ինչո՞ւ է հանրությունը նրանց թույլ տվել այդպես
վարվել: Ադրբեջանի և Հայաստանի ռեսուրսների անհամաչափությունը նույնպես նորություն
չէր. այն կար նաև առաջին պատերազմի ժամանակ: Ադրբեջանի սպառազինության տեխնիկական մակարդակը
և պատերազմի վարման նոր ձևերը, իհարկե, լուրջ գործոն են, բայց դա միանգամայն պարզ էր
2016 թվականի ապրիլյան մարտերից հետո: Դեռ այն ժամանակ կարելի էր հասկանալ, թե անօդաչու
թռչող սարքերն ինչ դեր կունենան պատերազմում, և քայլեր ձեռնարկել: Սա չարվեց: Ինչո՞ւ:
Վերջապես, Թուրքիայի հարևանությունը, Էրդողանի օրոք նրա քաղաքականության
առանձնահատկություններից Սիրիայի և Լիբիայի դեպքերը կարող էին հուշել, որ թուրքական
այսօրինակ քաղաքականությունը կարող է հասնել Հարավային Կովկաս: Բայց սա նույնպես անակնկալ
էր, թեև Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ հարաբերությունները գաղտնիք չէին, ընդհակառակը՝
ի ցույց էին դրվում ամեն առիթով: Կարելի է եզրակացնել, որ աղետի պատճառն ավելի խորն
էր, քան անբարենպաստ հանգամանքների համընկնումը:
Ինչպե՞ս կարող էր այդպես պատահել
Հնարավոր են նաև այլ բացատրություններ, որոնք մակերեսին չեն
երևում ու առանձնապես չեն քննարկվում մամուլում և սոցցանցերում:
Այսպես, պատճառը, որ փորձագիտական հանրությունը ձախողեց այս
պատերազմի կանխատեսումը, կարելի է վերագրել Հայաստանում և, ավելի լայն առումով, հետխորհրդային
երկրներում գիտության և քաղաքագիտական վերլուծությունների կառուցման առանձնահատկություններին:
Բանն այն է, որ հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող հետազոտողները
տարանջատված են: Նրանց խոսույթները տարբեր են, գործնականում նրանք չեն հանդիպում նույն
հարթակներում, չեն մասնակցում ընդհանուր նախագծերի: Հարավային Կովկասում հակամարտությանը
Թուրքիայի ակտիվ մասնակցության հնարավորությունը և մասնակցության տեսակը կարելի էր
հասկանալ միայն այս երկու՝ հետխորհրդային և մերձավորարևելյան նարատիվների խաչմերուկում:
Թուրքիայի վարքագիծը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլ հակամարտություններում մոդելային
էր, կիրառվում էր մոտավորապես նույն գործիքակազմը, նույն ռազմավարությունը: Սակայն
հետխորհրդային տարածքի փորձագետները դա ընկալեցին որպես արտաքին գիտելիք, որն այնքան
էլ կիրառելի չէ իրենց ուսումնասիրության առարկայի իրականությանը: Եվ հակառակը, թուրքագետներն
ու արևելագետներն ուսումնասիրում էին ոչ թե Կովկասը, այլ Մերձավոր Արևելքը: Արդյունքում՝
պատերազմի առանցքային գործոնը, որ կարելի էր ըմբռնել Սիրիայի, հյուսիսում՝ Թուրքիայի
մասնակցությամբ գործողությունների օրինակով, բավականաչափ հաշվի չառան հետխորհրդային
տարածքի փորձագետները: Անշուշտ, եղել են առանձին բացառություններ, բայց ընդհանուր առմամբ,
ղարաբաղյան հակամարտությունն ընկալվել է հետխորհրդայինների շարքում, ոչ թե մերձավորարևելյան
մի շարք թեժ կետերի, որ հաճախ աշխարհագրորեն շատ ավելի մոտ են:
Բացի այդ, իրավունք ունի գոյություն ունենալ նաև ինչ-որ չափով
օտարված բացատրություն, ինչը դժվար է հասկանալ նրանց, ում այս պատերազմը հարված է հասցրել:
Դա այն է, որ մարդիկ սխալական են ու տարբեր պատճառներով կարող են սխալ գնահատել թե՛
սեփական, թե՛ թշնամու ուժերը: Պատմության մեջ աշխարհի տարբեր ծայրերում բազմիցս պատերազմներ
են տանուլ տրվել, ու առավել ևս, հնարավոր դարձել հենց այդ պատճառով: Այդպիսին էր
1973 թվականի Յոմ Կիպպուրի պատերազմը, որի հնարավորությունը իսրայելական վերնախավը
հերքում էր՝ վեցօրյա պատերազմից հետո այն թերևս լրիվ անհնար համարելով: Այդպիսին էր
նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը. հետահայաց պարզ է, որ այն այլ կերպ չէր
էլ կարող ավարտվել: Բայց և այնպես, այն տեղի ունեցավ: Իսկ Ռուսաստանի արձագանքն ուկրաինական
իրադարձություններին, որոնք ավարտվեցին Ղրիմի բռնակցմամբ և Ուկրաինայից Դոնբասի անջատմամբ,
դժվար չէր կանխատեսել: Այնուամենայնիվ, պատահեց այն, ինչ պատահեց: Վերջապես, կա հատկապես
ցցուն դեպք՝ Ֆրանսիայի մասնակցությունը երկու աշխարհամարտերին: Հերոսական պատերազմ,
այնուհետև՝ Ֆրանսիայի հաղթանակը 4 տարի տևած առաջին աշխարհամարտում և ընդամենը 22 տարի
անց՝ մեկ սերունդ էլ չանցած, Տարօրինակ պատերազմը, ապա՝ Փարիզի հանձնումն առանց կռվի,
Ֆրանսիայի անկումը 6 շաբաթում ու կոլաբորացիոնիզմի երևույթը: Արդեն 1940թ. հունիսին
Ֆրանսիայի վիշիական նոր կառավարության ղեկավար մարշալ Ֆիլիպ Պետենը ժողովրդին հղած
իր ուղերձում նախորդ կառավարություններին մեղադրում էր պարտության, ինչպես նաև «անբարեխղճության
և ամենաթողության» մթնոլորտի համար, ինչը հանգեցրել էր ֆրանսիացիների կռվելու դժկամությանը:
Ի դեպ, Պետենը մեծ ժողովրդականություն ուներ, ինչը չէր կարելի ասել դը Գոլի մասին:
Այսպիսով, Հայաստանի դեպքը եզակի չէ: Հենց Ֆրանսիայի օրինակը
ցույց է տալիս, որ համոզիչ հաղթանակից հետո երկիրը կարող է հանգստանալ իր դափնիների
վրա, որ հասարակության կողմնորոշումների, պայքարելու նրա պատրաստակամության և կարողության
կտրուկ փոփոխությունները կարող են տեղի ունենալ պատմական այդքան կարճ ժամանակահատվածում:
Ահա հենց սա հաշվի առնելով էլ ղարաբաղյան երկրորդ պատերազմի
արդյունքը հիմնարար իրողությունների հետևանք է, ոչ թե պարզապես ներքին ու արտաքին հանգամանքների
և մարդկային սխալների միատեղման:
Մենթալ քարտեզ
1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմում հայերի հաղթանակը ԽՍՀՄ
փլուզման դարաշրջանի առանձնահատկություններից բխող բազմաթիվ հանգամանքների հետևանք
էր: Հայաստանի բնակիչները և Ղարաբաղի հայերը բավականաչափ համախմբված ու լավ կազմակերպված
էին: Իսկ Ադրբեջանը ներքին անկայունության և փաստացի անգործունակ պետության պատճառով
ներքին դժվարությունների հորձանուտում էր: Չխորանալով այդ տարբերությունների պատճառների
մեջ՝ կարող ենք միայն ասել, որ այս վերջին հանգամանքը, որը մեծ դեր խաղաց պատերազմի
ելքի հարցում, թերագնահատված էր Հայաստանի, և ԼՂՀ հասարակական կարծիքում: Հերոսությունը,
ինքնակազմակերպվելու կարողությունը, զինվորականների արհեստավարժությունը, հայրենասիրական
վերելքը. այս բոլոր հանգամանքները, բնականաբար, դարձան և՛ պաշտոնական, և՛ ժողովրդական
գաղափարախոսության մաս: Իսկ Ադրբեջանի վիճակը, որն այդ տարիներին տևական քաղաքական
ճգնաժամի մեջ էր, կա՛մ չարտացոլվեց, կա՛մ էլ ընկալվեց որպես մշտական և ո՛չ ժամանակավոր:
Ընդ որում, պատերազմի վերջին տարին լիարժեք ժամանակակից պատերազմ էր՝ այն ժամանակների
համար բավական արդիական տեխնոլոգիայով և, ի դեպ, զոհերի ահռելի քանակով երկու կողմից
էլ: Արդյունքում՝ Հայաստանի և Ղարաբաղի լայն հասարակությունն ու ինչպես ցույց տվեց
փորձը, քաղաքական գործիչները, մասնագետները տարվեցին հեշտ հաղթանակի թեթևամիտ տրամադրություններով:
Բացի այդ, 1991-1994թթ. պատերազմը անկախության համար պայքարի
գործընթացի մի մասն էր:
Ազատության համար պայքարի, խորհրդային մեկուսացումից ու կախվածությունից
դուրս գալու, դեպի մոդեռն ճեղքման, զարգացած ժողովրդավարական հասարակության կառուցման
հարացույցը համակել էր հետխորհրդային առաջին տարիները Հայաստանում և Ղարաբաղում: Ղարաբաղի
ազատության և ինքնորոշման համար մղվող հերոսական պայքարը դրա անբաժան մասն էր:
Պատերազմում հաղթանակ տանելով՝ հայ հասարակությունը շարունակեց
երազել զարգացած ժողովրդավարական երկրների նման քաղաքակիրթ ժողովրդավարական պետություն
կառուցելու մասին: Նման սպասումներն ու տրամադրությունները՝ տարբեր աստիճանի միամտությամբ,
ներհատուկ են նախկին խորհրդային տարածաշրջանի բոլոր հասարակություններին, որտեղ կան
առնվազն բազմակարծության, մամուլի ազատության և վերնախավերի ռոտացիայի տարրեր: Ընդ
որում, գրեթե անմիջապես մոդեռնը սկսեց ասոցացվել Արևմուտքի, իսկ հինը, հետխորհրդայինը
կամ անգամ խորհրդայինը՝ նախկին մետրոպոլիայի՝ Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, անվտանգության
ապահովման կոշտ օրակարգը Հայաստանի համար հրատապ դարձրեց Ռուսաստանի հետ դաշինքի անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը և Ադրբեջանի էներգետիկ պաշարները՝
այդ քաղաքականությունը դիտվում էր որպես այլընտրանք չունեցող:
Հասարակական տրամադրություններում զարգացումը շարունակում
էր դիտարկվել արևմտականացման, զարգացած ժողովրդավարական երկրներից ինստիտուտների և
փորձի փոխառության միջոցով: Հասարակությունը Արևմուտքի հետ ինտեգրումը դիտարկում էր
որպես երկրի անհրաժեշտ ինստիտուտները կառուցելու միջոց: Սա, ըստ էության, հետգաղութային
սովորական համախտանիշ է, որն ուռճացել է և իր հարացույցներով լցրել Հայաստանի գրեթե
ամբողջ դիսկուրսային տարածքը՝ սոցիալական ցանցերից մինչև քաղաքական գործիչների հայտարարություններ:
Պատերազմից հետո երկու տասնամյակների ընթացքում այն այնքան ընդլայնվեց ու գերիշխող
դարձավ, որ երիտասարդ հայ հեղափոխականները հաղթող դուրս եկան «թավշյա հեղափոխությունում»՝
կիրառելով բացառապես սոցիալական հռետորաբանություն: Ղարաբաղյան խնդիրը նրանց խոսույթների
լուսանցքում էր: Երիտասարդները դուրս եկան փողոց՝ սոցիալական արդարության պահանջով,
իսկ հետո հասարակությունը քվեարկեց երիտասարդ հեղափոխականների օգտին:
Այդ ժամանակ՝ անկախության արդեն գրեթե 30 տարում, Հայաստանում
մեծացել էր մի սերունդ, որն ի տարբերություն իրենց հայրերի ու պապերի, դաստիարակվել
էր ոչ թե արդիականացված երկրում՝ թեկուզ խորհրդային իմաստով, ոչ թե գիտատար, արդյունաբերական
տնտեսությունում՝ թեկուզ ոչ շուկայական ու ոչ արդյունավետ, այլ երրորդ աշխարհի երկրի
արխաիկացող տնտեսական ու սոցիալական իրականության մեջ՝ կրթության և հանրային դիսկուրսների
համապատասխան դեգրադացմամբ:
Հնարավոր է՝ արդիականացումից անխուսափելի հետընթացն էր, որ
հանգեցրեց հետխորհրդային տարածքում մենթալ մեկուսացումից դուրս գալու Հայաստանի
30-ամյա անկարողությանը: Նոր սերնդի մոտ մենթալ աշխարհագրությունն արդեն կառուցված
է ոչ թե խորհրդային ուղղահայաց մատրիցայով՝ «կենտրոն-ծայրամաս», այլ «արևմուտք-արևելք»
վեկտորային մոդելի վրա, որտեղ արևմուտքն առաջին հերթին Եվրոպան է, իսկ արևելքը նույն
հետխորհրդային տարածքը, միայն առանց բալթյան երկրների, որոնք հենց վեկտորի երկայնքով
ճիշտ շարժման օրինակ են:
Արդյունքում նոր սերնդի մոտ աշխարհի պատկերը հիմնված է արխաիկ
հետխորհրդայինի և քաղաքակիրթ արևմտյանի պարզ երկփեղկման վրա: Աշխարհի այս պատկերում
1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմն ընկալվում է ոչ թե որպես ակտուալ իրադարձություն,
այլ որպես պատմություն: Ազգի և պետության ակտուալ ձգտումները դիտվում են որպես արդիականացման
համար պայքար, որին խոչընդոտում է միայն հին խորհրդային աշխարհի տրամաբանությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ակտուալ էր և սրացումներով հաճախ հիշեցնում էր
իր մասին, բայց մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանում երիտասարդների շրջանում
տարածված էին խոսակցությունները, որ իրական զենքը երկաթը չէ, այլ ժողովրդավարությունն
ու մարդու իրավունքները, և որ հասնելով զարգացման՝ հնարավոր կլինի նաև հասնել հակամարտության
կարգավորման: Ավելին՝ Ադրբեջանը պարտվել է առաջին պատերազմում, իսկ Արևելքն ու Արևմուտքը
նրան թույլ չեն տա սանձազերծել երկրորդը (այստեղ կարելի է ենթադրել, որ «կենտրոն-ծայրամաս»
մոդելը թաքուն շարունակում է գործել, բայց պարզապես արդեն երկու կենտրոն կա):
Հայկական լրատվամիջոցներ ընթերցելիս տպավորություն է, թե
Հայաստանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ տեղ՝ Բրյուսելի, Վաշինգտոնի և Պետերբուրգի
միջև: Մոսուլի, Աֆրինի կամ Թավրիզի իրադարձությունների մասին մամուլում գրեթե ոչինչ
գրված չէ: Իսկ եթե գրված է, ապա արևմտյան կամ ռուսական լրատվամիջոցներից թարգմանված
նյութերի տեսքով: Կարող է թվալ, թե Հայաստանից Բրյուսել կամ նույնիսկ Վլադիվոստոկ շատ
ավելի մոտ է, քան Աֆրին կամ Իդլիբ: Հոգեբանորեն դա այդպես է, բայց ուղիղ հեռավորությունը
Հայաստանից մինչև Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային շրջաններ ավելի փոքր է, քան Մոսկվայից
Պետերբուրգ հեռավորությունը: Մենթալ առումով Հայաստանը չի ապրում այն տարածաշրջանում,
որտեղ աշխարհագրորեն գտնվում է:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև գործընկերությունը զարգանում
էր 1990-ականներից, և Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը հստակ ցույց
տվեց Էրդողանի օրոք այս երկրի կուրսի առանձնահատկություններն ու հարևան տարածաշրջանում
շատ անկախ ու կոշտ քաղաքականության պատրաստակամությունը: Հայաստանը շրջապատող տարածությունն
ավելի ու ավելի էր վերածվում մրցակցության և անկայունության տարածքի:
Մինչդեռ հայկական խոսույթները հիմա էլ դեռ կառուցվում են
զարգացման արևմտյան և ռուսական ուղիների միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության
շուրջ: Կրկին արտառոց ոչինչ չկա այս այս վեճերում. հետխորհրդային ամբողջ տարածքում
դրանք ամենուր են: Պարզապես Հայաստանի իրական աշխարհագրությունը որոշակիորեն տարբերվում
է բալթյան երկրների կամ նույնիսկ Բելառուսի աշխարհագրությունից: Այն իր մասին հիշեցրեց
2020 թվականի սեպտեմբերի 27-ին:
Նյութի աղբյուրը՝ Ռուսլան Պուխով- «Փոթորիկ Կովկասում»
Comments
Post a Comment