Skip to main content

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարության արտացոլում

 

Անկարայի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմին (սեպտեմբերի 27-նոյեմբերի 10, 2020) մեծապես պայմանավորված էր տարածաշրջանային և գլոբալ ընդհանուր լարված մթնոլորտով, ինչպես նաև վերջին տարիներին Թուրքիա-Ադրբեջան և Թուրքիա-Ռուսաստան առանցքների երկայնքով հարաբերությունների էապես փոխված բնույթով: Թուրքիայի քաղաքական ղեկավարության հռետորաբանությունն ու գործողությունները տեղափոխվել էին մի հարթություն, որը սկսել էր էական դժվարություններ հարուցել Լեռնային Ղարաբաղի սրված հակամարտության մասնակիցների, ուղղակիորեն Ռուսաստանի համար: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի նախաձեռնողական և հանդուգն ներգրավվածությունը հետխորհրդային տարածքում ռազմական գործողություններին թուրքական պետության արտաքին և ռազմական ջանքերի ակտիվացման նման օրինակն է: Պաշտոնական Անկարայի գործողությունները միայն ավելացրին լարվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում և մեծամասամբ հարցականի տակ դրեցին հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու ապագան:

Վերջին տասնամյակի ընթացքում պաշտոնական Անկարան աստիճանաբար նվաճեց դերակատարի այնպիսի կարգավիճակ, որն ունակ է այս կամ այն կերպ շոշափելի դժվարություններ ստեղծել միջազգային հարաբերությունների բազմաթիվ մասնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, Եվրամիության և Մերձավոր Արևելքի երկրների համար: Կանխատեսել գործողությունները, որոնք Թուրքիայի ղեկավարությունն այս կամ այն պահին կարող էր ձեռնարկել միջպետական, տարածաշրջանային հարթություններում, շատ առումներով դժվարացել է: Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի իրադարձությունների զարգացումը կարելի է դիտարկել որպես Անկարայի վարած արտաքին քաղաքականության ռազմավարության օղակներից մեկը:

Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն դերը, որ Թուրքիան խաղացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմում: Մի շարք գործոններ ցույց են տալիս, որ Անկարան շատ հարցերում եղել է Բաքվին առաջնորդող ձեռքը ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի պատրաստման գործում. նա ակտիվ մասնակցություն է ունեցել անմիջապես գործողությունների պլանավորմանը, ինչպես նաև բուն մարտական գործողություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը մեծապես դեռ Ռուսաստանի պատասխանատվության տարածաշրջանն է, Մոսկվայի արտաքին քաղաքական շահերի անմիջական գոտում այնպիսի խաղացողի առկայությունը, ինչպիսին Թուրքիան է, չէր կարող չառաջացնել մի շարք նոր տարաձայնություններ թուրք-ռուսական հարաբերություններում՝ ի հավելումն արդեն երկար ժամանակ գոյություն ունեցող հակասությունների:

Ղարաբաղյան ճգնաժամի «քամիների վարդը»

Անկարան ցույց է տվել Լեռնային Ղարաբաղում իր շահերն ապահովելու ձգտումը՝ միաժամանակ Մոսկվայից հասնելով այլ տարածաշրջաններում մանևրելու ավելի մեծ հնարավորության: Թուրքիայի ղեկավարության տրամաբանությունը շատ առումներով հանգում էր Կրեմլից զիջումներ կորզելուն՝ Հարավային Կովկասում կայունության պահպանման դիմաց իր «մերձավոր արտասահմանում» արտաքին քաղաքական փոխհատուցումներ ստանալուն: Նկատի ունենալով այն փաստը, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն իր համար շանս էր տեսնում Լեռնային Ղարաբաղում դրված նպատակներին հասնելու համար՝ ռուսական կողմը, հաշվի առնելով նաև պաշտոնական Անկարայի հետ փոխհարաբերությունների բնույթը, ստեղծված պայմաններում նախընտրեց գնալ ծագող ռիսկերի կառավարման, այլ ոչ թե դրանց կանխարգելման ճանապարհով:

Չի կարելի հաշվի չառնել նաև Փաշինյանի գործոնը, որը մեծապես կանխորոշեց ադրբեջանա-հայկական հակամարտությանը թուրքական մասնակցության վճռականությունը: Մի կողմից, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կերպարի, տեսան ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարի տեսանկյունից Մոսկվայի շահերին չհամապատասխանող առաջնորդի: Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական նոր ղեկավարության գործողությունները 2018 թվականից հետո՝ արևմտյան ինստիտուտների հետ համագործակցության ընդլայնման օգտին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության ընդհանուր մթնոլորտը՝ Անկարան և Բաքուն կանխագուշակել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բաց փուլի դեպքում Կրեմլի աջակցությունը Փաշինյանին զուսպ է լինելու: Մյուս կողմից, ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Ռուսաստանի ղեկավարությունը կարող էր նաև հնարավորություն տեսնել Հայաստանի քաղաքական վերնախավին դաս տալու և որոշ առումով թուլացնելու նրա դիրքերը ներքաղաքական դաշտում: Մոսկվան, ինչպես հայտնի է, վաղուց էր պնդում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի գրաված 7 շրջաններն աստիճանաբար խաղաղ փոխանցվեն ադրբեջանական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պայմանավորվածություններին համապատասխան: Ավելին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից մի քանի ամիս առաջ այս հարցի շուրջ լարվածություն առաջացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի իշխանությունների միջև: Անկարայի կարծիքով՝ դա վերահաստատեց հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Երևանի մոտեցումների տարբերությունը:

Գլխավոր նպատակներից մեկը, որ Բաքուն և Անկարան դրել էին իրենց առջև, հասնելն էր Մոսկվայի առավել զուսպ և հնարավորինս չեզոք դիրքորոշմանը ոչ միայն ադրբեջանական կողմի առաջխաղացման, այլև ռազմական գործողություններին թուրքական զորակազմի ակտիվ մասնակցության դեպքում: Ակնհայտ է, որ Մոսկվայի չեզոքությունը շահեկան եղավ Բաքվի և Անկարայի համար, և Ռուսաստանը մինչև ինչ-որ պահ չդիմադրեց ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը: Հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվել, և նրա անկախությունը չի ճանաչել անգամ Հայաստանը, Ռուսաստանի պաշտոնական պատասխանատվությունը թե՛ ՀԱՊԿ, թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակում չէին տարածվում հակամարտության գոտու վրա: Այս բոլոր հանգամանքներն ապահովեցին Բաքվի և, համապատասխանաբար, Անկարայի գործողությունների հարաբերական ազատության հնարավորությունը: Բացի Փաշինյանի գործոնից, Ռուսաստանին անհրաժեշտ էր հաշվի առնել Ադրբեջանի փոփոխված դերը Հարավային Կովկասում, քանի որ հիմա, ի տարբերություն ղարաբաղյան առաջին պատերազմի, Բաքուն դարձել է Մոսկվայի կարևոր գործընկերը՝ էներգետիկայի բնագավառից մինչև հումանիտար-մշակութային հարաբերություններ:

Անկարան բազմիցս ցույց է տվել, որ սեփական հավակնությունները բավարարելու համար համառորեն օգտագործում է արտաքին քաղաքական առևտրի հնարավորությունները: Արժի առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրական ռազմական գործողությունների մեկնարկից առաջ Թուրքիայի ղեկավարությունը շատ առումներով փորձարկում էր Ռուսաստանի դիմացկունությունը Սիրիայում և Լիբիայում: Նման քաղաքականության վառ օրինակ էին 2016 թվականից ի վեր թուրքական բանակի ռազմական բազմաթիվ գործողությունները Սիրիայի հյուսիսում: Աստանայի ձևաչափում փոխգործակցությունը և 2020 թվականի մարտին Իդլիբի վերաբերյալ նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը, ինչպես նաև Թուրքիայի գործողություններն Արևելյան Եփրատի շրջանում, որտեղ իրականացվում է թուրք-ռուսական համատեղ պարեկություն, Ռուսաստանից ավելի մեծ ուշադրություն և դիվանագիտական ջանքեր էին պահանջում: 2020 թվականի ամռանը Մոսկվայի և Լիբիայում կարգավորման գործընթացի մյուս մասնակիցների՝ առաջին հերթին Թուրքիայի և Եգիպտոսի գործողությունների շնորհիվ ձեռք բերվեց ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն: Երկու պետությունների համար գերկարևոր տարածաշրջաններում տեսանելի փխրուն համաձայնության պատկերին զուգահեռ՝ այլ գործընթացներ էին զարգանում՝ մի կողմից՝ Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը, մյուս կողմից՝ Անկարայի սերտ համագործակցությունը Կիևի հետ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում, որոնք մեծ հավանականությամբ կարող են օգտագործվել Դոնբասում պատերազմի ժամանակ: Թուրք-ռուսական հարաբերություններում լրացուցիչ լարվածություն էին առաջացնում Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերի, օրինակ՝ Ղրիմի թաթարների վերաբերյալ շահարկումները:

Չնայած Ռուսաստանն այդքան էլ ակնհայտ չհակադրվեց 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական մասնակցության փաստին՝ կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրեցին Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը, տեղի ունեցավ առանց Թուրքիայի մասնակցության: Հակամարտության մեջ Անկարայի ակտիվ ներգրավվածությունը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը կրկին հաստատվել է որպես գերիշխող ուժ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում: Եթե մինչև պատերազմը Ռուսաստանի իրական ռազմական ներկայությունն Ադրբեջանի տարածքում զրոյացվել էր, ապա դրա ավարտից հետո և Գաբալայի ռուսական ռազմակայանի փակումից 8 տարի անց Մոսկվան Ադրբեջան է վերադարձել երկհազարանոց ռազմական զորակազմով և հաստատել իր որոշիչ դերը տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և հաղորդակցության բոլոր կապերի պահպանման և ապագայում բացման գործում, ներառյալ՝ Լաչինի և Նախիջևանի միջանցքների: Այս համատեքստում կրակի դադարեցման վերահսկման խաղաղապահ կենտրոնի տեղակայումը ռիսկերի կառավարման Ռուսաստանի հետևողական քաղաքականության օրինակ է, երբ, հաշվի առնելով երրորդ ուժի առկայությունը, Կրեմլին ոչ միայն հաջողվեց նվազագույնի հասցնել դրա ուղղակի մասնակցության կորուստները, այլև փաստացի բացահայտ ցույց տալ Անկարայի քաղաքական քաշի տեսլականը: Ավելին՝ Մոսկվայի, Երևանի և Բաքվի՝ 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարությունում բացակայում են ոչ միայն Թուրքիան, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Հայաստանի ու Ադրբեջանի կախվածությունն ավելի է մեծացել Մոսկվայից, իսկ Կրեմլը Մինսկի խմբի մյուս համանախագահների դերի նվազման հետնապատկերին Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմին կարողացել է շրջել իր օգտին: Չնայած Անկարայի առջև բացվել է Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապի հեռանկարը, հարց է ծագում այդ կապի անարգել և ազատ գործողության մասին: Նախիջևանի միջանցքի բացման դեպքում ցանկացած տեղաշարժ հնարավոր կլինի բացառապես Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վերահսկողության ներքո:

Մյուս կողմից, ղարաբաղյան երկրորդ պատերազմը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ այնպիսի խոշոր դերակատարներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրամիությունը, խիստ զբաղված էին իրենց ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ Վաշինգտոնը, տարված էր 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքով և, համապատասխանաբար, մեծապես հեռու մնաց Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից: Բացի այդ, Հարավային Կովկասում իրավիճակի սրումից ոչ շատ առաջ՝ 2020 թվականի սկզբից, Անկարան լրացուցիչ դժվարություններ ստեղծեց ԵՄ-ի համար՝ մեծացնելով իր ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի ղեկավարությունը երկար ժամանակ փաստացի շանտաժի էր ենթարկում ԵՄ-ին՝ բացելով իր սահմանները գաղթականների բազմամիլիոնանոց բանակի համար, որոնց Անկարան ամենափոքր հնարավորության դեպքում օգտագործում էր որպես սակարկության առարկա և ճնշում ԵՄ առանձին երկրների վրա: Ծավալվող միգրացիոն ճգնաժամի պայմաններում Անկարան իր աջակցությունը ստացող ջիհադական և արմատական խմբավորումները դարձրեց սեփական հաղթաթղթերից մեկը: Բացի այդ, 2020 թվականի ամռանը լարվածությունը կտրուկ աճեց Թուրքիա-Հունաստան գծի երկայնքով՝ Արևելյան Միջերկրածովի և Կիպրոսի խնդիրների շուրջ: Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԵՄ-ն չկարողացավ բացահայտ և հստակ վերաբերմունք դրսևորել շատ հարցերի վերաբերյալ: Չնայած կոշտ հռետորաբանությանը՝ Փարիզը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նույնպես ստիպված էր պասիվ դիրք գրավել «տեղում»՝ Ֆրանսիայի «մերձավոր արտասահման» հանդիսացող Լիբիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության պատճառով: Արտաքին քաղաքական նման ռազմավարության տրամաբանությունը պարզ էր. Ռեջեփ Էրդողանի հետ հարաբերությունների սրմանը Ղարաբաղում կհետևեին Թուրքիայի ղեկավարության անկանխատեսելի քայլերն անմիջապես Եվրամիության սահմանների մոտ և լարվածության նոր օջախ կթեժացնեին:

Միևնույն ժամանակ, Անկարայի մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մեծապես արտացոլում է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականության ընդհանուր գիծը: Վերջին տարիներին Ռուսաստանի սահմանների նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը պայմանավորված է հենց հետխորհրդային տարածքում Թուրքիայի ռազմական ակտիվության աճով: Անկարան և, շատ առումներով, անձամբ Էրդողանը Ռուսաստանի համար յուրատեսակ էներգետիկ վամպիրի դեր են խաղում Սիրիայում, Լիբիայում և այն շրջաններում, որտեղ Մոսկվան ակտիվացնում է իր արտաքին քաղաքական ջանքերը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում: Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եզակի օրինակ չէ, թե ինչպես է Անկարան այս կամ այն չափով մոտենում անմիջականորեն Ռուսաստանի սահմաններին: Արդեն մի քանի տարի է՝ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական մերձեցման ակտիվ գործընթաց կա: Նախատեսվում է Կիևին վաճառել 48 նոր անօդաչու թռչող սարք՝ ի հավելումն 6 Bayraktar TB2-ի, որ վաճառվել է 2019թ.: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ պատահական չէր Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Անկարա 2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների գագաթնակետին: Կիևն այդ ժամանակ ակտիվ պաշտպանեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության դիրքորոշումը ընթացող հակամարտությունում: Ավելին՝ հաշվի առնելով 2021 թվականի ապրիլ-մայիսին Դոնբասի շուրջ ստեղծված լարվածությունը, ինչպես նաև Թուրքիայի ղեկավարության խիտ ներգրավվածությունը բալթյան երկրների և Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում և հաշվի առնելով այն դերը, որ խաղացել է պաշտոնական Անկարան Ադրբեջանում և Վրաստանում՝ կարելի է ենթադրել, որ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունեցող շրջաններում կաճի:

Անկարայի արտաքին քաղաքական ռիսկային ռազմավարության վերջին վառ օրինակներից էր Աֆղանստանը, որտեղ ամերիկյան զորակազմի դուրսբերումից հետո Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը փորձում է ֆիզիկական ուղղակի ներկայության միջոցով այս կամ այն կերպ Կենտրոնական Ասիայի պետությունների նկատմամբ իր ազդեցության քաղաքականությունը զարգացնել: Ակնհայտ է, որ նման գործողությունները չեն կարող անտարբեր թողնել Մոսկվային, քանի որ իրականում խոսքը ոչ միայն և ոչ այնքան Աֆղանստանում Անկարայի դերի, որքան Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հնարավոր նոր անկանխատեսելի գործընթացների մասին է լինելու:

«Երեքը նավակում՝ չհաշված…»

Ադրբեջանի ռազմական ներուժն արդեն վաղուց գերազանցում է հայկականին, 1990-ականների սկզբից, այսինքն՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից, Ադրբեջանը էներգառեսուրսների վաճառքից ստացված միջոցներն ինտենսիվորեն ներդնում է ռազմական շինարարության ոլորտում: 2000-ականների կեսից Ադրբեջանի ռազմական բյուջեն անգամներով ավելի էր Հայաստանի պաշտպանական բյուջեից. միայն 2020թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 2.2 միլիարդ դոլար՝ համեմատ Հայաստանի 634 միլիոն դոլար ծախսերի:

Այս առումով՝ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև սրընթաց ջերմացող հարաբերությունները, այս երկրների ղեկավարների անձնական սերտ շփումները մեծապես կանխորոշեցին պատերազմի ելքը: Հատկապես կարևոր է, իհարկե, Ադրբեջանի և Թուրքիայի սոցիալ-մշակութային և էթնիկ նմանության գործոնը, ինչպես նաև Անկարայի՝ Հայաստանի հետ պատմականորեն լարված հարաբերություններն ու պաշտոնական ցանկությունն ուժեղացնելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

Աշխարհաքաղաքական տեսակետից այն դերը, որն իր համար սահմանել էր Թուրքիայի ղեկավարությունը, հստակ դրսևորվեց Ադրբեջանի հետ ռազմավարական ռազմական հարաբերությունների հաստատման գործում: Սկսած 1990-ականներից՝ լայն տարածում գտավ «Մեկ ազգ, երկու պետություն» ամբոխահաճո կարգախոսը: Հաշվի առնելով, որ Անկարան շարունակում էր ռազմաբազաներ տեղակայել արտերկրում՝ մկանները ցուցադրելով Աֆրիկա մայրցամաքում (Լիբիա, Սոմալի, Եթովպիա, Սուդան) և Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, Քաթար)՝ Բաքվի հետ հարաբերությունների էլ ավելի ինտենսիվ ակտիվացումը Թուրքիայի ղեկավարությանը հնարավորություն է ընձեռել ամրապնդելու ռազմական դիրքերը Հարավային Կովկասի կարևորագույն տարածաշրջանում ընդհանրապես և Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես:

Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը մեծապես ուղղված է ապագայում Թուրքիայի էներգետիկ շահերի ապահովմանը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, TANAP նավթատարները և գազատարները, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Ադրբեջանը կապում է Վրաստանի, ապա Թուրքիայի հետ, շարունակում են արդիական մնալ: Տեսականորեն, ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվին ցուցաբերած օգնությունը կարող է նշանակել Անկարայի դիրքերի ամրապնդում տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների բաշխման հարցում: Բացի այդ, ադրբեջանական գազի մասնաբաժինը թուրքական շուկայում աճել է. 2020թ. Ադրբեջանը (24%) Ռուսաստանից հետո (33.6%) երկրորդ տեղում էր Թուրքիա գազի արտահանման մասնաբաժնում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմատեխնիկական և տնտեսական բաղադրիչները հատկապես կարևոր են: Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև ամրապնդվում է անմիջական փոխգործակցությունը: Թուրքական ակադեմիաներում ադրբեջանցի զինվորականների պատրաստումը, համատեղ վարժանքների անցկացումը մի ասպարեզ է, որտեղ Անկարան հատկապես ուժեղ էր զգում իր ազդեցությունը: Գաղտնիք չէ, որ Թուրքիան հատուկ հույսեր էր կապում Ադրբեջանին զենքի վաճառքների ավելացման հետ, ինչն առանց այն էլ արագ աճում է: Չնայած Անկարան այս առումով չկարողացավ Ադրբեջանում մրցակցել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իսրայելի հետ՝ զենքի մատակարարման հեռանկարները բավական տպավորիչ էին:

Օրինակ՝ միայն 2020 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում (մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկիզբը) Անկարան Բաքվին 123 միլիոն դոլարի տարբեր տեսակի սպառազինություն է վաճառել, ինչը 6 անգամ ավելի է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2020 թվականի ամբողջ ընթացքում Ադրբեջանը թուրքական զենքի արտահանման երկրորդ մեծ շուկան էր (261 միլիոն դոլար), ինչը, բնականաբար, վկայում է պատերազմի ընթացքում մատակարարումների ակտիվացման մասին:

2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն ձեռք բերվեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին 200 միլիոն թուրքական լիրայի (մոտ 33 միլիոն դոլար) զենք վաճառելու մասին: Խոսքը թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի, տարբեր հեռահարության հրթիռների, TR-300 Kasirga և T-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, Kaplan հակատանկային նորագույն ինքնագնաց համակարգերի, Kobra զրահամեքենաների, SOM-B1 մեծ հեռահարության թևավոր հրթիռների և այլ զենքերի գնման մասին է: Չնայած ռազմական գործողություններն ավարտվել են՝ մատակարարումների բարձր տեմպը պահպանվում է: Միայն 2021 թվականի առաջին 5 ամիսներին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է մոտ 136 միլիոն դոլարի սպառազինություն:

Հետաքրքրական է փաստը, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բազմաթիվ պետությունների հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Անկարա-Լոնդոն փոխգործակցությունը ոչ միայն չբարձրացավ, այլև շարունակեց զարգանալ առանցքային ուղղություններով: Bayraktar TB2 անօդաչուների արտադրությունը կախված է աշխարհի տարբեր երկրներից, առաջին հերթին՝ բրիտանական տեխնոլոգիաների մատակարարումից: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, չնայած անօդաչու թռչող սարքերի դետալներ մատակարարող երկրներից մի քանիսը (Կանադան և Ավստրիան) պատժամիջոցներ սահմանեցին Թուրքիայի նկատմամբ, Մեծ Բրիտանիան որևէ սահմանափակում չմտցրեց և շարունակեց Անկարային մատակարարել անհրաժեշտ ռազմական սարքավորումները: Պատահական չէ նաև, որ Անկարա այցից մի քանի օր առաջ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում առանձին հանդիպում էր ունեցել Բրիտանիայի գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, որը 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման ժամանակ եղել էր Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Անկարայի և Լոնդոնի միջև ռազմական հարաբերությունները նկատելիորեն սկսել են ակտիվանալ 2016 թվականից հետո: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը և Անկարայի վարած քաղաքականությունը վկայում են այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը երկրորդ ջութակն է վերջին տարիներին Լոնդոնի և Մոսկվայի միջև ծավալվող հիբրիդային պատերազմում: Այստեղ հարկ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հաշվի առնելով միայն British Petroleum-ի ներդրումներն Ադրբեջանի նավթագազային հանքավայրերում և նախագծերում՝ Բրիտանիայի համար Բաքվի կարևորությունն անհամատեղելի է Երևանի նշանակության հետ:

Այս առումով անհրաժեշտ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության և ռազմական գործողությունների իրականացման ակնհայտ նոր մոտեցում դրսևորվեց: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, բացի իսրայելական անօդաչու թռչող սարքերից, առանցքային դեր են խաղացել թուրքական Bayraktar TB2 սարքերը: Թուրքիան Bayraktar TB2-ը փորձարկել էր 2020 թվականի փետրվարի վերջին և մարտի սկզբին Իդլիբում սիրիական կառավարական ուժերի դեմ «Գարնանային վահան» գործողության ժամանակ, նաև 2020 թվականի գարնանը, երբ թույլ չտվեց, որ մարշալ Հաֆթարի ուժերը գրավեն Տրիպոլին: Հարձակողական ԱԹՍ-ները «չկայացած բանակների» դեմ ցուցադրեցին իրենց արդյունավետությունը, և վերջին տարիներին դարձել են Թուրքիայի ռազմական գործողությունների անբաժանելի մասը: Նոր սպառնալիքը թելադրում է խաղի այլ կանոններ և հանգեցնում մեծ կորուստների: Այսպես, Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերը չունեին ինտեգրված և ժամանակակից պաշտպանական համակարգեր՝ Ադրբեջանի օդային հարվածներից, առաջին հերթին՝ հարվածային անօդաչուներից պաշտպանվելու համար: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հստակ ցույց տվեց, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, եթե կողմերից մեկը պատրաստ չէ դիմակայել հակառակորդի նոր զինատեսակին:

Հարկ է նշել, որ Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ղեկավարում է նախագահ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը: Պատահական չէ, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթական շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրում էր ոչ միայն ռուսական և իսրայելական զենքեր, այլև թուրքական Bayraktar TB2 անօդաչուներ: Հաշվի առնելով Bayraktar TB2-ների ակտիվ մասնակցություն և ղարաբաղյան երկրորդ պատերազմում ունեցած առանցքային դերերից մեկը՝ 2021 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սելջուկ Բայրաքթարին շնորհեց «Ղարաբաղ» պատվո շքանշան: 2021 թվականի հունիսին Բաքու և Շուշի կատարած այցի ժամանակ Էրդողանն Ալիևի հետ ստորագրեց Շուշիի հռչակագիրը, որը խորացնում է երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հարաբերությունները ռազմական ոլորտում, պայմանավորվածություններից բացի, լայնորեն ազդում են նրանց անձնական, տնտեսական շահերին, ու շատ առումներով, այս կամ այն նախագծում նրանց ֆինանսական հետաքրքրություններին: Այսպես, Էրդողանի՝ Շուշի այցի ժամանակ Ալիևն ասաց, որ դեպի Շուշի երկաթուղու նախագծումն ու կառուցումը, ինչպես նաև ենթակառուցվածքային կարևորագույն նախագծերի մեծ մասն իրականացնում են թուրքական խոշորագույն Kolin, Cengiz, Kalyon ընկերությունները: Դրանք Էրդողանի մերձավոր 5 բիզնես կայսրությունների շարքից են:

Մյուս կողմից, ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախապատրաստման պատկերին միայն 2019 թվականին թուրք-ադրբեջանական 13 համատեղ զորավարժություն է անցկացվել: 2020 թվականին, չնայած ծանր համաճարակային իրավիճակին, դրանք ինտենսիվ շարունակվեցին: Ռուսաստանյան ռազմական և դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած հերթական զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայից Ադրբեջան ռազմական և տրանսպորտային ու ռազմական ավիացիայի թռիչքների կտրուկ աճի և սպառազինության ու տարբեր զինտեխնիկայի մատակարարումների պայմաններում՝ թուրքական տպավորիչ ռազմական զորակազմ, այդ թվում՝ օդուժ, մնացել է Ադրբեջանի տարածքում և շարունակել ակտիվ գործել: Ըստ աղբյուրների՝ խոսքը «… 600 զինծառայողի, այդ թվում՝ 200 հոգանոց մարտավարական գումարտակի մասին է: Նախիջևանում՝ 50 հրահանգիչ, Բաքվում՝ 90 ռազմական խորհրդական (որոնք մարտական գործողությունների ժամանակ ապահովել են բրիգադ-կորպուս-Գլխավոր շտաբ շղթայի կապը), Գաբալայի ավիաբազայում՝ 120 թռիչքատեխնիկական անձնակազմ, Դալյարի օդանավակայանում՝ անօդաչուների 20 օպերատոր, Եվլախի օդանավակայանում՝ 50 հրահանգիչ, 4-րդ բանակային կորպուսում (Պիրեքեշկուլ)՝ 50 հրահանգիչ և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմածովային բազայում և ռազմական դպրոցում 20 հոգի»:

Բացի այդ, թուրքական զինուժի զգալի թվով զինծառայողներ ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարբեր գործողությունների պլանավորմանը, այլև անմիջականորեն դրանց իրականացմանը: Խոսքը հիմնականում այն գեներալների մասին է, որոնք ղեկավարել են թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում: Ենթադրվում է, որ դրանցից մի քանիսը սերտորեն կապված են թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ: Մի շարք աղբյուրների համաձայն՝ մի քանի բարձրաստիճան թուրք գեներալ, ինչպես նաև ռազմական տեխնիկա, այդ թվում՝ F-16 կործանիչներ, 2020 թվականի հուլիս-օգոստոսի զորավարժություններից հետո մնացել են Ադրբեջանում: Շատ հավանական է, որ թուրքական F-16-երը մասնակի և խիստ սահմանափակ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին: Չի կարելի բացառել նաև, որ դրանք Երևանի վրա որոշակի հոգեբանական ճնշում էին՝ Թուրքիայի, մասնավորապես այդ կործանիչների ցցուն ֆիզիկական ներկայությամբ պատերազմի ելքը կանխորոշելու առումով:

Էրդողանի «քաղաքավարի մարդիկ»

Հայկական կողմի աշխարհագրական առավելությունը Լեռնային Ղարաբաղում չեզոքացվեց անօդաչու թռչող սարքերի հնարավորություններով, ինչը, իհարկե, հիբրիդային պատերազմի նոր բնութագիր է, որը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեծապես ապահովում է Ռեջեփ Էրդողանի վարչակարգի գոյատևման ռազմավարությունը: Բացի այդ, դրա բաղադրիչներն ուժեղացնում են երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերահսկողությունը պետական ինստիտուտների նկատմամբ՝ միաժամանակ ստեղծելով անվտանգության որոշակի վակուում հենց Թուրքիայում և տարածաշրջանային հարթությունում: Այս հանգամանքներում որոշումների կայացման խիստ անհատականացված քաղաքականությունը չի կարող չազդել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության գործողությունների վրա նրա համար կարևոր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Արտերկրում աճող ռազմական ակտիվությանը զուգահեռ՝ Անկարան բազմազանեցնում է պետության ռազմական գործիքակազմը՝ հիբրիդային պատերազմի մեթոդներ կիրառելով ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Բացի պաշտոնական կառույցներից, ինչպիսին է Թուրքիայի զինված ուժերը, վերջին տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ են եկել և ամրապնդվել նաև որոշ ոչ պաշտոնական ռազմական կազմավորումներ: Դրանց վառ օրինակը SADAT մասնավոր ռազմական ընկերությունն է, որը վերապատրաստում և մարզում է հիմնականում իսլամական-էրդողանամետ կառույցների, արմատական և ջիհադական ուժերի: Թուրքական հետախուզության և SADAT-ի նման կառույցների միջև խորացող հարաբերությունները սպառնալիք են թե՛ հենց Թուրքիայի, թե՛ այն պետությունների անվտանգության համար, ուր դրանք անկայունություն են արտահանում:

Հիբրիդային պատերազմի դրսևորում էր նաև թուրքական ղեկավարության աջակցությունը վայելող զինյալների, ըստ հաղորդումների, Սիրիայից և Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխումը: Ջիհադականները վերջին տարիներին դարձել են պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային տարրերից մեկը: Դրանք սերտորեն ինտեգրվում են պետության ներքին քաղաքականությանը՝ սերտաճելով կարևորագույն պետական մարմինների հետ, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար: Մյուս կողմից, վարձկանները ակտիվորեն ներկա են և կռվում են այնտեղ, որտեղ թուրքական բանակն ուղղակիորեն գործում է, օրինակ՝ Սիրիայի և Լիբիայի գործողություններում: Ներկայում այս գործընթացը շարունակվում ու թափ է հավաքում, և Թուրքիան այդպիսով անկայունություն է արտահանում իր սահմաններից դուրս:

Պատահական չէ, որ, ըստ Կրեմլի մամուլի հաղորդագրությունների, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծում էր ռուսական կողմի մտահոգությունը մարտական գործողություններում Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության և ահաբեկիչների լայնածավալ ներգրավվածության առնչությամբ: Ավելին, ըստ ռուսական ռազմական և դիվանագիտական աղբյուրների, Անկարային հավատարիմ կամ անմիջականորեն ենթակա արմատական ջիհադական և իսլամական խմբավորումները, որոնք կռվում են Սիրիայում և Լիբիայում, ուղղակիորեն տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նշվում էր նաև, որ «վարձկանների մատակարարման նյութատեխնիկական շղթաների գործունեության նկատմամբ հսկողությունն իբր իրականացնում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ պաշտպանության նախարարության ուժերի և միջոցների աջակցությամբ», ինչպես նաև այնպիսի կազմավորումների, ինչպիսին է SADAT-Ը: 2020 թվականի միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մոտ 1300 սիրիացի զինյալների և 150 լիբիացի վարձկանների տեղափոխման մասին վկայակոչված տվյալները խոսում են ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ղեկավարության կողմից աջակցություն վայելող կամ վերահսկվող արմատական ուժերի ներգրավվածության մասշտաբի մասին: Չնայած 44-օրյա պատերազմին արմատական խմբավորումների մասնակցության՝ ադրբեջանական կողմի պաշտոնական հերքումներին՝ ջիհադական տարբեր կառույցների և իսլամական ուժերի կիրառմամբ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը կասկածից վեր է:

Ղարաբաղ. հետգրություն

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է, բայց վերջնական խաղաղություն դեռ չի հաստատվել: Տարածաշրջանի վերականգնման համար ներկայիս ստատուս քվոն մեծ ջանքեր է պահանջում և թողնում ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, թե ինչպես լուծել բազմաթիվ խնդիրները և տարածաշրջանի ապագան: Դա մեծապես կախված կլինի ոչ միայն հայ-ադրբեջանական երկխոսությունից, այլև, ոչ պակաս չափով, թուրք-հայկական, ինչպես նաև թուրք-ռուսական հարաբերություններից: Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավման հեռանկարը ներկայում թողնում է արտաքին քաղաքական փազլի բազմաթիվ ցաքուցրիվ բեկորներ և իրար հետ կապ չունեցող դրվագներ, որոնց հավաքելով միայն հնարավոր կլինի ստանալ ամբողջական պատկեր:

Ի տարբերություն հայ-թուրքական ապագա երկխոսության անորոշությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև փխրուն և զգայուն հարաբերությունները մի կողմից երկու երկրներին կապում են իրար և որոշակի փոխկախվածություն ստեղծում՝ հարաճուն ռիսկերով, մյուս կողմից՝ Անկարան Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերի գոտում մանևրելու տարածքի հնարավորություն է ստանում: Նման իրավիճակը, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում, ոչ միայն թեժացնում է թուրք-ռուսական հարաբերությունների ցավոտ կետերը, այլև նախադեպ է ստեղծում, որ Ռուսաստանը Թուրքիայի ղեկավարության հետ համաձայնություն գտնելու անհրաժեշտության պատճառով իր համար կարևոր այլ տարածաշրջաններում (առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում) ստիպված համակերպվի Անկարայի որոշակի գործողությունների հետ: Հաշվի առնելով այն դերը, որը երկար ժամանակ խաղում է պաշտոնական Անկարան՝ Մոսկվան, ինչպես և միջազգային հարաբերությունների մյուս մասնակիցները, ստիպված է մանևրել իր արտաքին քաղաքական ռազմավարության համար կարևոր տարածաշրջաններում՝ իրավիճակի վատթարացումը կանխելու համար:

Ղարաբաղյան տարածաշրջանում Անկարայի վարած քաղաքականությունը Թուրքիայի ռազմական ակտիվության ընդլայնման գործընթացի օղակներից մեկն է, որը ներդաշնակ է հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ռազմավարությանը: Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւմ կարող է ձեռնտու լինել նման իրավիճակը նշանակալի հետաքրքրության դեպքում: Ինչպես երևում է, Արևմուտքի որոշ երկրների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար Թուրքիայի դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Ուկրաինայում և Աֆղանստանի միջոցով՝ Կենտրոնական Ասիայում, կարող է նշանակալի օգուտներ բերել:

Գաղտնիք չէ, որ անմիջականորեն Էրդողանի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն մեծացնում է արմատական ուժերի վրա ներազդելու հնարավորությունը, որոնց հետ նա ամենուր սերտորեն համագործակցում է: Մեծ Բրիտանիայի համար, որն իր ռազմական դոկտրինում Ռուսաստանին բնորոշում է որպես գլխավոր հակառակորդ, իրավիճակի նման զարգացումը ձեռնտու է և թույլ է տալիս բարդություններ հարուցել Մոսկվայի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, հատկապես անվտանգության ոլորտում: Ակնհայտ է, որ անկայունության այս փաստը՝ դեպի Ռուսաստանի սահմաններ, հարուցում է Կրեմլի անհանգստությունը: Չի կարելի մոռանալ նաև, որ Էրդողանը երկար ժամանակ այս կամ այն կերպ համբերություն էր դրսևորում Ռուսաստանի հանդեպ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում: Եվ հենց ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Անկարան առաջին անգամ իր ռազմական գործողություններով այդքան ակնհայտ ցույց տվեց հետխորհրդային տարածքում Մոսկվայի անվտանգության կարմիր գծերը շոշափելու ցանկությունը: Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերմամբ կմեծանա Թուրքիայի ղեկավարության ցանկությունը՝ կրակի վրա յուղ լցնելու և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում սրելու որոշակի հակամարտություններ, որոնցում կարող է ներգրավվել Ռուսաստանը: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հնարավոր է, Ռուսաստանի «մերձավոր արտասահմանում» Թուրքիայի ներկայիս ղեկավարության արտաքին քաղաքական ռազմավարության ընդամենը մի փոքր դրվագն է:

Նյութի աղբյուրը՝ Ռուսլան Պուխով- «Փոթորիկ Կովկասում»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...