Հայ ժողովուրդը, լինելով ավանդապաշտ և սեփական սովորույթները
հարգող, կարելի է ասել՝ խիստ «արարողակարգային» է: Անգամ առօրեական, ոչ պաշտոնական
հարաբերություններում մենք պահում ենք արարողակարգային սովորույթները և խստորեն հետևում
դրանց կանոններին՝ թեկուզև ոչ միշտ ուշադրություն դարձնելով, որ այդ ամենն ուղիղ կապ
ունի արարողակարգի հետ:
Հայաստանը, ունենալով հազարամյակների պատմություն, պետականության
ձևավորված ավանդույթներ, բնականաբար, ունեցել է նաև հասարակական, քաղաքական կյանքը
կարգավորող, միջպետական հարաբերությունները համակարգող արարողակարգային նորմեր և ավանդույթներ:
Բազմաթիվ են դրա մասին վկայությունները հայ պատմիչների աշխատություններում: Հայկական
թագավորությունները, անկախ գոյության ժամանակահատվածից և բարդ աշխարհաքաղաքական պայմաններից,
մշտապես ունեցել և պահպանել են արարողակարգային ուրույն և հստակ կանոններ: Ընդ որում,
ինչպես ներարքունական, այնպես էլ արտաքին աշխարհի՝ հարևան երկրների, կայսրությունների
հետ հարաբերություններ կառուցելիս:
Հայկական թագավորություններն ունեցել են ազգային ավանդույթներից
բխող արարողակարգային նորմեր, սովորույթներ: Միևնույն ժամանակ Հայաստանը, գտնվելով
քաղաքակրթությունների խաչմերուկում և հին աշխարհում լինելով ակտիվ միջազգային դերակատար,
չէր կարող չհարստանալ այլ երկրների արարողակարգային փորձով: Հարևան երկրների, ինչպես
նաև ժամանակի քաղաքակրթական տարբեր կենտրոնների քաղաքական, մշակութային ազդեցությունները,
վստահաբար, արտահայտվել են նաև հայկական իշխանությունների, թագավորությունների արարողակարգային
սովորույթներում: Հայտնի է, որ մի շարք հայ արքաներ, արքունիքներում՝ հետագայում կարևոր
դերակատարումներ ստանձնած պետական այրեր, կրթություն և դաստիարակություն են ստացել
Հայաստանի սահմաններից դուրս, ոմանք անգամ եղել են «պատվավոր» պատանդի կարգավիճակում
տասնամյակներ շարունակ: Վերադառնալով Հայաստան, ստանձնելով երկրի բարձրագույն իշխանությունը՝
նրանք իրենց հետ կամա թե ակամա բերել և տարածել են նաև այդ երկրների արքունիքներում
ընդունված կարգերն ու արարողակարգային սովորույթները:
Հետևաբար կարելի է փաստել, որ Հայաստանում այս առումով պատմականորեն
ազդեցություն են ունեցել մի շարք այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հին Հունաստանը, Պարթևստանը,
Հռոմեական կայսրությունը, Բյուզանդիան և մի շարք այլ տերություններ:
Ինչպես հայտնի է, հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով
պետականությունից, հայ ժողովուրդը, այդուամենայնիվ, հաջողել է պահպանել իր ազգային
ինքնությունը, ազգային առանձնահատկությունները, ավանդույթներն ու սովորույթները: Դարեր
շարունակ Հայ առաքելական եկեղեցին, ստանձնած լինելով պետության որոշ գործառույթներ,
իր մեջ կրել և փոխանցել է նաև ոչ զուտ կրոնական արարողակարգային նորմեր, կանոններ:
Պետական արարողակարգին բնորոշ բազմաթիվ ավանդույթներ հասել են մինչև մեր օրերը հենց
եկեղեցու շնորհիվ:
Հայոց պետականության վերականգնման հետ զուգահեռ, 1918-1920թթ.
վերականգնվեցին նաև Հայաստանի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ինքնուրույն
կապն արտաքին աշխարհի հետ: Անգամ այդ կարճ ժամանակահատվածում Հայաստանի առաջին հանրապետությունը
փորձեց վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ
էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի,
Պարսկաստանի և այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել
ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:
Երևանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, Պարսկաստանը:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նույնպես,
իհարկե, բազմաթիվ սահմանափակումներով, այդուամենայնիվ, պահվում էր որոշակի կապ արտաքին
աշխարհի հետ: 1920թ. դեկտեմբերին ստեղծվեց Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական
կոմիսարիատը, լիազոր ներկայացուցչություններ բացվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում,
Ադրբեջանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Պարսկաստանում:
ԽՍՀՄ տարիներին ՀԽՍՀ արտգործնախարարությունը գործում էր ՀԽՍՀ
կառավարության և ԽՍՀՄ արտգործնախարարության ղեկավարությամբ: Նախարարությունն ուներ
քաղաքական տեղեկատվության և արարողակարգային-հյուպատոսական բաժիններ: Հիմնականում իրականացվում
էին առևտրատնտեսական, գիտական, մշակութային, հյուպատոսական և արարողակարգային գործառույթներ:
Թեպետ Հայաստանն այդ տարիներին միջազգային իրավունքի լիիրավ
սուբյեկտ չէր, այդուամենայնիվ, տեղի էին ունենում բարձրաստիճան փոխայցելություններ:
Կազմակերպվում էին Խորհրդային Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ
արտերկիր, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների այցելություններ Խորհրդային Հայաստան:
Բնականաբար, այդ բոլոր այցերը համակարգվում էին ԽՍՀՄ արտաքին
գերատեսչության արարողակարգի համապատասխան ծառայության կողմից, սակայն դրանք հնարավոր
չէր լինի իրականացնել՝ առանց տեղում՝ Խորհրդային Հայաստանի ԱԳՆ աշխատակիցների գործուն
մասնակցության:
Արդեն 1991թ., երբ Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր
անկախությունը և դարձավ միջազգային հարաբերությունների լիիրավ մասնակից, անհրաժեշտություն
առաջացավ արտաքին գերատեսչության գործունեությունը ենթարկելու արմատական փոփոխությունների,
կարելի է ասել՝ այն վերահիմնադրվեց՝ համապատասխանեցվելով արդեն անկախ և ինքնիշխան երկրի
պահանջներին:
Ձևավորվեց նաև համապատասխան իրավական դաշտ: Ընդունվեցին օրենքներ
«Դիվանագիտական աստիճանների մասին» (05.05.1992), «Դիվանագիտական ծառայության մասին»
(24.10.2001 հետագա փոփոխություններով), «Հյուպատոսական ծառայության մասին»
(29.05.1996), ԱԳՆ համակարգը կարգավորող մի շարք իրավական ակտեր, այդ թվում՝ ՀՀ նախագահի
հրամանագրեր: Բարձրագույն դիվանագիտական աստիճանների առաջին շնորհումները տեղի են ունեցել
ՀՀ նախագահի 25.07.1992թ. հրամանագրով:
Ելնելով անկախ պետականության պահանջներից՝ ձևավորվեց նաև
ՀՀ պետական արարողակարգի ինստիտուտը. 1991թ.՝ որպես ԱԳՆ վարչություն, այնուհետև՝
1998թ. ԱԳՆ կազմում գործող ՀՀ պետական արարողակարգի ծառայություն, որը 2002թ. վերակազմավորվեց
ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված
ստորաբաժանման կարգավիճակով: Ներկայումս ծառայության ամբողջական անվանումն է՝ Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն:
Այս տարիների ընթացքում ձևավորվել է նաև արարողակարգի ոլորտը
կարգավորող անհրաժեշտ իրավական հենք. նախ՝ ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1067 հրամանագրով
հաստատվեցին «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթները», ապա՝
2018թ. մարտի 30-ին ընդունվեց «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքը (ՀՕ-291-Ն), որոնք, անշուշտ, կարևոր դեր ունեն ՀՀ արարողակարգի կայացման, ծառայության
զարգացման գործում:
Հայաստանի Հանրապետության ներկա պետական արարողակարգի ինստիտուտը,
ինչպես և ինքը՝ Հանրապետությունը, երիտասարդ է: Այն ունի լոկ երեք տասնամյակի պատմություն:
Սակայն այս ընթացքում, շնորհիվ արարողակարգի ծառայության տարբեր տարիների աշխատակիցների
և ղեկավարների մեծ ջանքերի և անձնուրաց նվիրման, կարելի է փաստել, որ ՀՀ պետական արարողակարգի
ծառայությունն այսօր արդեն կայացած և փորձառու համակարգ է՝ հենված ազգային առանձնահատկությունների,
ավանդույթների ուժի, միջազգային փորձի, ինչպես
նաև անհրաժեշտ օրենսդրական հենքի վրա:
Արցախի Հանրապետության արարողակարգը մեծամասամբ նույնական է Հայաստանի Հանրապետության արարողակարգի հետ: Արարողակարգային խնդիրները հաճախ լուծվում են ՀՀ հետ փոխգործակցությամբ՝ միևնույն սկզբունքների հիման վրա:
ՀՀ պետական արարողակարգի ծառայություն
Կառուցվածքը, գործառույթները
Դիվանագիտական արարողակարգի բազմաթիվ և տարաբնույթ գործառույթներն
իրականացնելու համար գրեթե բոլոր երկրներում գործում են այդ նպատակով ստեղծված հատուկ
մասնագիտացված ծառայություններ: Այդ ծառայությունների կառուցվածքը կարող է լինել տարբեր:
Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու տեսակի՝ կենտրոնացված և ապակենտրոնացված:
Կենտրոնացված համակարգի դեպքում երկրում գործում է հիմնական
համակարգող մարմին, որն իրականացնում է միասնական պետական քաղաքականություն՝ տարբեր
մակարդակի պաշտոնյաների միջազգային հարաբերությունների, կոնտակտների արարողակարգային
ապահովման հարցում: Նման երկրների շարքին են պատկանում, օրինակ՝ Ֆրանսիայի Հանրապետությունը,
Ռուսաստանի Դաշնությունը:
Ապակենտրոնացված համակարգի պարագայում արարողակարգային ստորաբաժանումներ
են գործում տարբեր պետական մարմիններում, պետական կառավարման համակարգի տարբեր մակարդակներում:
Այսինքն՝ յուրաքանչյուր գերատեսչություն ունենում է իր սեփական արարողակարգի ծառայությունը:
Սա թերևս այսօր աշխարհում ավելի տարածված տարբերակ է (ԱՄՆ, ԳԴՀ, Ճապոնիա):
Այդուամենայնիվ, այս բաժանումը պայմանական է: Հաճախ կարելի
է հանդիպել նաև խառը տարբերակին, որտեղ առկա են երկու համակարգերի տարրեր, օրինակ՝
Հայաստանի Հանրապետություն, Իսպանիայի Թագավորություն:
Ըստ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության
կանոնադրության՝ նախարարության խնդիրներից մեկը Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի
ապահովումն է: Նա այդ գործառույթն իրականացնում է պետական արարողակարգի ծառայության
միջոցով, որը ՀՀ ԱԳՆ ենթակա մարմին է: Պետական արարողակարգի ծառայության գործունեությունը
կարգավորվում է «Պետական արարողակարգի մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սեփական կանոնադրությամբ:
Պետական արարողակարգի ծառայության կարգավիճակը և կազմավորման
կարգը սահմանվում են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով:
Ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը: Վերջինս ունի
երկու տեղակալ: Ծառայության պետը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ:
Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների՝ աշխատանքի
անցնելու, ծառայության ընթացքի, աշխատանքից ազատվելու հարաբերությունները կարգավորվում
են «Դիվանագիտական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
Ըստ ՀՀ պետական արարողակարգի մասին օրենքի՝ պետական արարողակարգի
ծառայության խնդիրները հետևյալն են.
·ապահովել
Հայաստանի Հանրապետությունում միասնական արարողակարգային գործելակերպ՝ համագործակցելով
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ
· լինել մշտական
աշխատանքային կապի մեջ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական
ծառայության մարմինների հետ՝ արարողակարգային հարցերով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու
նպատակով
·պահպանել
գործնական կապեր Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային
կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ պետական արարողակարգի
ծառայության լիազորությունների շրջանակում
ուսումնասիրել
միջազգային արարողակարգային գործելակերպը՝ պետական արարողակարգի ծառայության գործունեությունը
և գործելակերպը բարելավելու նպատակով
Ըստ նույն օրենքի՝ ծառայությունն օժտված է նաև լիազորություններով:
Եվ, համաձայն այդ լիազորությունների, պետական արարողակարգի ծառայությունը՝
· աջակցում
է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի
Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ընթացակարգերի
նախապատրաստմանն ու իրականացմանը
· աջակցում
է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման
համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների
նախապատրաստմանն ու իրականացմանը
· աջակցում
է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների՝
օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու
իրականացմանը
աջակցում
է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ
այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը
·աջակցում
է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ
այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը
· նախապատրաստում
ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի
հետ կապված արարողակարգային ընթացակարգերը
·աջակցում
է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների
պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային
միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը
ըստ անհրաժեշտության՝
աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների
հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների
ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի
և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը
·ըստ անհրաժեշտության՝
աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով
Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝
օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների
նախապատրաստմանը և իրականացմանը
·կազմակերպում
է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների,
հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման
և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը
ապահովում
է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող
պաշտոնական միջոցառումներին
· նախապատրաստում
և իրականացնում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական
ներկայացուցչությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված
արարողակարգային ընթացակարգերը
· ապահովում
է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական
հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների
ղեկավարների և դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման
և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը
հետևում
է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների
և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական
և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների և Հայաստանի
Հանրապետության օրենսդրության պահպանմանը
իրականացնում
է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների
ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն
գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ և անհրաժեշտ միջոցառումներ
· կազմակերպում
է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների
ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական,
աշխատանքային և արարողակարգային հանդիպումները
·մշակում
և սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների
ընթացակարգերը և ծիսակարգերը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի և Հաղթանակի և խաղաղության
տոնի և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման
համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում
· իրականացնում
է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին
և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին
և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոններին ծանոթացնելու նպատակով:
Այս ամենն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն
անմիջականորեն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց
իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:
ՀՀ պետական խորհրդանիշները
Ցանկացած համայնքային, հասարակական միավոր, մյուսներից տարբերվելու,
իր ինքնուրույնությունն ու յուրահատկությունն ընդգծելու համար ստեղծում է բնորոշիչ
խորհրդանշաններ:
Պետական խորհրդանշանները էթնոմշակութային ընդհանուր արժեքների,
պատմական հիշողության, համընդհանուր բնորոշիչ գծերի, ապագային միտված տեսլականների
ու նպատակների հիման վրա ստեղծված պատկերների և հնչյունների միջոցով ստեղծված խորհրդանիշներն
են, որոնք միավորում են մարդկանց խմբերին, ազգերին, պետություններին:
Պետականության հիմնական խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը
և օրհներգը: Որոշ պետություններ ունեն նաև այլ խորհրդանիշեր:
Ինչպես յուրաքանչյուր ազգ, հայերը ևս ունեցել են իրենց իշխանական,
թագավորական, պետական խորհրդանշանները՝ զինանշանն ու դրոշները:
1991թ. հռչակված Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Հայաստանի
առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և օրհներգը:
Դրոշը
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև
կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում
է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի,
Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի
ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական
տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն
է՝ 1:2-ի: Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության
չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել
է Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից
հետո՝ 2006թ. հունիսի 15-ին, ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը: Այն կարգավորում
է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը:
Այդ օրենքն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության դրոշը
մշտապես բարձրացվում է տարբեր պետական հաստատությունների շենքերի վրա, այդ թվում՝ Հայաստանի
Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական
դատարանի, դատարանների, դատախազության մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական
բանկի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, Հայաստանի
Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների,
հանձնաժողովների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ
թվում՝ Երևանի քաղաքապետարանի) շենքերի վրա:
Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես պետք է բարձրացվի
օտարերկրյա պետությունների տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական
ծառայության մարմինների (դեսպանատների, ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների)
և Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա՝ միջազգային
իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների
սովորույթներին համապատասխան: Դրոշը պետք է նաև տեղադրվի դիվանագիտական ներկայացուցչությունների
ղեկավարների աշխատասենյակներում:
Օրենքը սահմանում է նաև դրոշի տեղադրման վայրերը, ինչպես
շենք-շինությունների, այնպես էլ փոխադրամիջոցների վրա: Օրինակ՝ ՀՀ նախագահի, վարչապետի,
Ազգային ժողովի նախագահի փոխադրամիջոցների վրա, ՀՀ արտաքին գործերի նախարարի փոխադրամիջոցների
վրա՝ միայն արտասահմանյան պատվիրակությունների այցերի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության
պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, դիվանագիտական և մշտական ներկայացուցչությունների
ղեկավարների փոխադրամիջոցների վրա՝ ընդունող պետությունների արարողակարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական պաշտոններում նշանակվող
անձանց կամ օրենքով սահմանված այլ անձանց երդման արարողությունն իրականացվում է Հայաստանի
Հանրապետության դրոշի ներքո: Օրենքը սահմանում է նաև ՀՀ դրոշի բարձրացման, իջեցման,
փոխանցման, գործածման կարգերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող
պահանջները:
Զինանշան
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն
ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին:
Արդյունքում վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության
զինանշանը, որի հեղինակներն են Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը:
ՀՀ Սահմանադրության 2005 թվականի բարեփոխումներից հետո՝
2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը, որը տալիս է Հայաստանի
Հանրապետության զինանշանի նկարագրությունը և կարգավորում գործածման կարգը:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի
վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից
չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշեսյանների,
ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը
(աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը,
պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ,
ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ
լեռը՝ նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի
գույները:
Օրենքը սահմանում է ՀՀ զինանշանի պատկերի գործածման, տեղադրման
կարգը, ՀՀ զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա պետության զինանշանի հետ:
Այսպես, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման
մարմինների զինանշանները, կազմակերպությունների խորհրդանիշերը, ինչպես նաև այլ խորհրդանիշերն
ու զինանշանները պետք է տարբերվեն Հայաստանի Հանրապետության զինանշանից և չեն կարող
շփոթության աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության զինանշանին:
Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում
է հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի
նախագահի, հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի,
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի
նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների,
ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների
և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի)
աշխատասենյակներում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Կառավարության նիստերի դահլիճում,
դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական
գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հանրապետության նախագահի
նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, դատախազության
մարմինների, Կենտրոնական բանկի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման
համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների,
մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), ՀՀ
նոտարական գրասենյակների շենքերի վրա, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության
մարմինների (դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների,
հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունում ՀՀ այլ պաշտոնական ներկայացուցչությունների
շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների
սրահներից կամ նախասրահներից մեկում, ՀՀ պաշտոնական ինտերնետային կայքերում:
ՀՀ տարածքում ՀՀ զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի
հետ միաժամանակ տեղադրելու դեպքում այլ պետությունների պետական զինանշանների չափերը
չեն կարող գերազանցել ՀՀ զինանշանի չափերը:
ՀՀ զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ
տեղադրելու դեպքում ՀՀ զինանշանը չի կարող տեղադրվել ավելի ցածր, քան օտարերկրյա պետության
զինանշանը:
ՀՀ զինանշանը օտարերկրյա պետության զինանշանի հետ միաժամանակ
տեղադրվելու անհրաժեշտության դեպքում ՀՀ զինանշանը պետք է տեղադրվի տվյալ շենքի ձախ
կողմից (դեմքով դեպի այդ շենքը): Եթե միաժամանակ տեղադրվում է կենտ թվով մի քանի զինանշան,
ապա ՀՀ զինանշանը պետք է տեղադրվի դրանց մեջտեղում: Եթե տեղադրվում են զույգ թվով
(2-ից ավելի) զինանշաններ, ապա ՀՀ զինանշանը պետք է տեղադրվի կենտրոնից ձախ:
ՀՀ զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, փրկարար ծառայության
դրոշների վրա, Ոստիկանության զորքերի, քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների,
զինծառայողների և ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:
Օրհներգը
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. հուլիսի
1-ի որոշմամբ՝ օրհներգ է ընդունվել Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը:
2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ
օրենքը: Այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները
և օգտագործման կարգը:
ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել
Նալբանդյանը, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:
Օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, որը
կատարվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում
է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով:
Այն պետք է կատարվի օրենքով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ:
Օրենքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ օրհներգը պիտի կատարվի
պարտադիր կերպով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պաշտոնական և հանդիսավոր
արարողություններ, դրանց ընթացքում դրոշի բարձրացման ժամանակ, երդման և պաշտոնի ստանձնման
ժամանակ, ԱԺ նստաշրջանների բացման և փակման ժամանակ: Օրենքը տալիս է նաև այն դեպքերի
նկարագիրը, երբ օրհներգը կարող է կատարվել՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց
կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների ժամանակ, պետական
տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ժողովների ժամանակ:
Ներկայացվում են նաև ՀՀ օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները:
Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը
հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը), տղամարդիկ՝ առանց
գլխարկի:
Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի օրենքի
հավելվածով հաստատված երաժշտական խմբագրությամբ և տեքստի համապատասխանությամբ: Օրենքում
չկա օրհներգի ամբողջական կատարման ուղիղ պահանջ, սակայն դա ենթադրվում է: Այդուհանդերձ,
գործնականում շատ են դեպքերը, երբ, օրինակ, ընդունելությունների կամ հանրային այլ միջոցառումների
ժամանակ կատարվում է միայն երկու կամ երեք քառատող:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական
ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները
սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով:
Հայաստանի Հանրապետության օրհներգի և մյուս պետական խորհրդանշանների
նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է:
ՀՀ օրհներգը, ինչպես նաև զինանշանը և դրոշը, պաշտոնական օգտագործման
համար կարելի է բեռնել հանրապետության նախագահի կամ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքերից.
https://www.president.am/hy/state-symbols/
https://www.mfa.am/hy/state-symbols/
ՀՀ նախագահը, վարչապետը, կաթողիկոսը ունենում են պաշտոնական
լուսանկարներ, որոնց էլեկտրոնային տարբերակները, ըստ անհրաժեշտության, տրամադրվում
է համապատասխան գերատեսչությունների կողմից:
Բացի պետական հիմնական խորհրդանիշերից՝ պետություններն ունենում
են նաև ազգային խորհրդանիշեր՝ սիմվոլներ: Սակայն դրանք ավելի ոչ պաշտոնական կիրառման
են: Օրինակ՝ Հնդկաստանում ազգային խորհրդանիշերից է լոտոս ծաղկատեսակը: Այն համարվում
է սուրբ ծաղիկ, բացառիկ տեղ և դեր է զբաղեցնում Հնդկաստանի մշակույթում, դիցաբանության
մեջ, և հատուկ նշանակություն ունի հնդկական ինքնության համար, ընդ որում՝ անհիշելի
ժամանակներից սկսած:
Սինգապուրի ազգային խորհրդանիշն է «Վանդա Միսս Ջոակիմ» անունը
կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր
խոլորձ»:
Իռլանդիայի ազգային խորհրդանիշն են երեքնուկն ու քնարը, Լիբանանինը՝
կանաչ մայրենու ծառը, Կանադայինը՝ թխկու տերևը և այսպես շարունակ:
Հայաստանի դեպքում չկան համընդհանուր կերպով ընդունված և
կանոնակարգված կերպով գործածվող ազգային խորհրդանիշեր, սակայն տարբեր պատկերների վրա
այդ իմաստով հաճախ են հայտնվում Արարատ լեռը, հավերժության շրջանաձև նշանը, ծաղկած
խաչով խաչքարը, ծիրանը, նուռը:
ՀՀ պետական պարգևներ և պատվավոր կոչումներ
Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների
հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ պետական պարգևների
և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում
և պատվավոր կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ հրապարակելով
հրամանագրեր: Նույն պետական պարգևով, ինչպես նաև նույն պետական պարգևի նույն աստիճանով
միևնույն անձը մեկից ավել անգամ չի կարող պարգևատրվել: Հայաստանի Հանրապետության պետական
պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:
Տարբեր երկրներում ընդունված է պետական բարձր պարգևները շնորհել
որոշակի պարբերականությամբ (օրինակ՝ Միացյալ Թագավորությունում՝ Ծննդյան տոների նախօրեին
և թագուհու ծննդյան պաշտոնական օրվա կապակցությամբ) և հատուկ դեպքերում: Հայաստանում
դրանք հիմնականում շնորհում են Անկախության օրվա և Հանրապետության տոնի կապակցությամբ:
Պետական պարգևները շնորհվում են ՀՀ նախագահի նստավայրում,
հանդիսավոր պայմաններում: Հնարավոր են միջոցառման անցկացման նաև այլ վայրեր՝ կախված
պարգևատրվողների մասնագիտական ուղղվածությունից և միջոցառման ընդհանուր տրամաբանությունից:
Արարողությունն ուղեկցվում է ելույթներով, ՀՀ պետական օրհներգի
կատարմամբ, հատուկ այդ առիթով հրավիրված հյուրերի և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ:
Միջոցառման սրահում/վայրում տեղադրվում են նաև ՀՀ դրոշ կամ դրոշներ:
Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու
և բացառիկ ծառայությունները նշելու համար տրվող պետական պարգևներն են՝
·
Հայաստանի
Հանրապետության բարձրագույն կոչում
·
Հայաստանի
Հանրապետության շքանշաններ
·
Հայաստանի
Հանրապետության մեդալներ
·
Հայաստանի
Հանրապետության պատվավոր կոչումներ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումն է «Հայաստանի
ազգային հերոս»-ը: Այն շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում,
ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը
մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
Պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ
Փառքի շքանշանի և Պատվո շքանշանի:
Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի
շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը,
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային
վաստակի համար» մեդալը և Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգևատրման
հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու
մեդալը և Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:
Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի
շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը:
Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի
վրա:
Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:
Հայաստանի Հանրապետության շքանշանները
Հայրենիքի շքանշան
Շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման
բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի
Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների
համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:
Փառքի շքանշան
Շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և
զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի
զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության
համար:
Տիգրան Մեծ շքանշան
Շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ
ծառայությունների համար:
«Մարտական խաչ» շքանշան
Շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման
գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Մարտական
խաչ» շքանշանն ունի երկու աստիճան՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան և «Մարտական
խաչ» երկրորդ աստիճանի շքանշան:
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան
Շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս
ցուցաբերած բացառիկ խիզախության, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության
ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության,
կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում
ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական,
տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
Պատվո շքանշան
Շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային
շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ
ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու,
ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման
գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար» շքանշան
Շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության,
տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, հումանիտար բնագավառներում
նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար: «Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան:
Բարեկամության շքանշան
Շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական
համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի
ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Հայաստանի Հանրապետության մեդալները
Արիության մեդալ
Շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի
պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր
կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության,
կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու
համար:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար» մեդալ
Շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների
համար: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան:
Մարտական ծառայության մեդալ
Շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ,
նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման,
երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
Մխիթար Գոշի մեդալ
Շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Մխիթար Հերացու մեդալ
Շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության
զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի,
նշանակալի բարեգործական գործունեության համար:
Անանիա Շիրակացու մեդալ
Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության,
գիտության և տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների
համար:
Մովսես Խորենացու մեդալ
Շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության,
հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների
համար:
«Հասարակական կարգի գերազանց պահպանման
համար» մեդալ
Շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման
կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության,
ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն
ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:
Երախտագիտության մեդալ
Շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական,
հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման
գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ
Շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության,
տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում
ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի
համար:
Ծնողական փառքի մեդալ
Շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող
այն ծնողներին, որդեգրողներին, որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:
Ծնողական փառքի մեդալով պարգևատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում
են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների առողջության, կրթության,
ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ,
օրինակ են ծառայում զավակների դաստիարակության և ընտանիքի ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներն
են՝
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող
Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
վաստակավոր գործիչ
Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ
Նյութի աղբյուրը՝ Հովհաննես Վիրաբյան- «Պետական արարողակարգ»
Comments
Post a Comment