«Արարողակարգ» եզրույթի ստուգաբանությունը
«Արարողակարգ» եզրույթի միջազգայնորեն ընդունված և լայնորեն
կիրառվող «պրոտոկոլ» տարբերակը հունական ծագումնաբանություն ունի: Հին հունարենում
պրոտոկո՛կոլլոն բառացի նշանակում էր ձեռագրի առաջին սոսնձված էջ՝ «պրոտոս»՝ առաջին+
«կո՛լլա»՝ սոսինձ: Որպեսզի ձեռագրերը, գրագրությունները տեղափոխման ընթացքում չվնասվեին,
դրանց առաջին էջի վրա փակցվում էր հավելյալ պաշտպանիչ էջ, որը վավերացվում էր լիազոր
անձի կողմից: Ի սկզբանե Հին Հունաստանում եզրույթը հիմնականում նկարագրում էր պաշտոնական
գրագրությանն առնչվող դեպքերը, սակայն հետագայում այն կամաց-կամաց ավելի ընդլայնեց
իր կիրառությունը և սկսեց գործածվել ինչ-որ բանի ընդունված կարգ, ձև նշանակությամբ:
Միջնադարյան լատիներենով նշանակում էր նախագիծ կամ փաստաթղթի, գրքի առաջին էջ: Միջին
շրջանի ֆրանսերենում՝ արդեն փաստաթուղթ, գրանցում իմաստով: Հետագայում՝ պաշտոնական
գրանցում, դիվանագիտական փաստաթուղթ, իսկ է՛լ ավելի ուշ շրջանում՝ ֆրանսերեն «protocole»
հնչյունափոխված տարբերակը սկսեց ձեռք բերել «դիվանագիտական վարվելակերպի բանաձև» նշանակությունը:
Անգլերեն «protocol»-ը փոխառված է ֆրանսերենից և մեկնաբանվում էր որպես «դիվանագիտական
վարվելակերպի կանոններ»:
Այսպիսով, եթե միջին դարերում «պրոտոկոլ» եզրույթը հիմնականում
վերաբերում էր փաստաթղթերի ձևակերպմանը, արխիվների վարմանը, ապա հետագայում այն սկսեց
ավելի ու ավելի առնչվել դիվանագիտական ծառայության հետ, սկզբում՝ ընկալվել որպես դիվանագիտական
փաստաթղթերի կազմման կանոններ, իսկ հետագայում եզրույթին սկսեցին վերագրվել նաև դիվանագիտական
վարվելակերպը, միջոցառումների կազմակերպման կարգը:
Մեր օրերում նույնպես եզրույթը շարունակում է ենթարկվել բովանդակային
լրամշակումների՝ պայմանավորված ժամանակակից քաղաքական իրողություններով, արագ զարգացող
գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներով: Օրինակ՝ աշխատանքային կամ պաշտոնական
հանդիպումների և համաժողովների ավանդական ձևաչափերին այսօր ավելանում են առցանց հեռավար
հանդիպումները, պաշտոնական գրագրության ավանդական ձևերին հաճախ փոխարինում է էլեկտրոնային
գրագրությունը, հայտարարությունների, դիրքորոշումների փոխանցման ակտիվ հարթակ են դառնում
սոցիալական ցանցերը, մեծ թափ է հավաքում «էլեկտրոնային դիվանագիտությունը»: Այս ամենն
անմիջականորեն առնչվում են արարողակարգին և դրա զարգացմանը:
Պատմական ակնարկ
Արարողակարգը ծնվել է մարդկային հասարակության ձևավորման
հետ միասին: Արարողակարգի տարբեր տարրեր հավասարապես կարևոր են եղել թե՛ սրանից միլիոնավոր
տարիներ առաջ, թե՛ այսօր: Մինչ մարդ արարածը որևէ եզրույթ կսահմաներ այն նկարագրելու
համար, նա ջանասիրաբար պահպանում էր արարողակարգային կանոններն ընտանիքում, ցեղախմբերում,
կրոնական ծեսերի ժամանակ, իսկ հետագայում՝ միջպետական հարաբերություններում: Մարդը
միշտ անհրաժեշտություն և ցանկություն է ունեցել հարաբերակցվել իր նմանների հետ, և հենց
արարողակարգն է, որ թույլ է տվել, որպեսզի այդ հարաբերություններն արդյունավետ լինեն:
Անգամ պալեոլիթյան ժամանակների մարդը գոյատևելու համար պետք է հարաբերվեր այլ մարդկանց
հետ և դրա միակ անվտանգ ու արդյունավետ ձևը սահմանված որոշակի կանոններին կամ վարքագծային
նորմերի պահանջներին հետևելն էր:
Արարողակարգի վերաբերյալ առաջին գրավոր արձանագրություններն
ունեն հազարամյակների պատմություն և լայն աշխարհագրություն՝ Բաբելոնից մինչև Եգիպտոս,
Հունաստանից Չինաստան:
Նման օրինակներից է Բաբելոնի արքա Համմուրապիի օրենսգիրքը:
Այն համարվում է մարդկության պատմությանը հայտնի առաջին օրենսգիրքը, որը ստեղծվել է
մ.թ.ա. 1750թ.: Այն սեպագիր արձանագրություն է՝ փորագրված բազալտի վրա: Օրենսգիրքը
կանոնակարգում էր «քաղաքացիների» և «ոչ քաղաքացիների» (ստրուկների) կյանքը Բաբելոնի
անտիկ թագավորությունում՝ մարդկանց ավելի լավ համակեցությունն ապահովելու համար: Համմուրապիի
օրենսգիրքը բաղկացած է 3 հիմնական մասերից, որոնցից յուրաքանչյուրն անմիջականորեն առնչվում
է արարողակարգի հետ:
Դրանցից առաջինն արարողակարգային ամենայն մանրամասներով նկարագրում
է Բաբելոնի արքայի թագադրման արարողությունը:
Երկրորդ մասում հստակորեն սահմանվում է առայսօր արդիական
ավագության արարողակարգային սկզբունքը բոլոր մակարդակներում, ինչպես պաշտոններին հատուկ,
այնպես էլ՝ արդիական խմբերով պայմանավորված, որոնցում դասակարգված էր բաբելոնյան հասարակությունը:
Հետաքրքրական է, որ ավագության այդ դասակարգման չափանիշներից մի քանիսը ինչպես նախկինում,
այնպես էլ այսօր՝ գրեթե 4000 տարի անց, շարունակում են մնալ արդիական:
Օրենսգրքի երրորդ բաժինը կարծես արարողակարգի և վարվելակերպի
ձեռնարկ լինի՝ բաբելոնցի պաշտոնատար անձանց համար: Դրանում, օրինակ, ասվում է, որ անհրաժեշտ
է միշտ առավելագույն հարգանքով և քաղաքավարությամբ վերաբերվել թագավորության բոլոր
քաղաքացիներին՝ անկախ նրանց անձնական և սոցիալական դիրքից:
Նշվում է, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել թագավորության
բոլոր միջոցառումները և արարողությունները ճիշտ և արդարացի ձևով իրականացնելու համար,
քանի որ դրանք «նպաստում են խաղաղությանը, բարօրությանը և երջանկությանը»: Իսկ վերջում
նշվում է, որ բոլոր բաբելոնացիները, անկախ իրենց անձնական և սոցիալական դիրքից, «Բաբելոնի
արքայի զավակներն են»:
Համմուրապիի օրենսգիրքն արարողակարգի պատմության տեսանկյունից
կարևոր և տպավորիչ է նաև այն առումով, որ այդ հին փաստաթուղթը, փաստորեն, հստակ սահմանում
է արարողակարգի բովանդակությունը, բնույթը և վերջնական նպատակը:
Բազմաթիվ արարողակարգային ավանդույթների, միջոցառումների
մասին են վկայում հին եգիպտական հիերոգլիֆները: Բազում հիերոգլիֆներում նկարագրված
են Հին Եգիպտոսի պետական և կրոնական այրերի ավագությունը, փարավոնի ներկայությամբ կատարվող
ծեսերն ու արարողությունները: Հին Եգիպտոսն ուներ անգամ արարողակարգի ղեկավար, ով կոչվում
էր «արարողությունների պետ» կամ «գլխավոր ծիսագետ»:
Հայտնի է, որ Եգիպտոսի և Բաբելոնի միջև դիվանագիտական հարաբերություններ
են գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 1450 թվականից: Ուստի բազմաթիվ են հիշատակումները
նաև այդ հարաբերություններին վերաբերող արարողակարգային դրվագների մասին՝ վարվելակերպ,
դիվանագիտական անձեռնմխելիություն, պաշտոնական ընդունելություններ և այլ հանդիսավոր
միջոցառումներ:
Արարողակարգային ավանդույթներով հարուստ է եղել նաև Հին Չինաստանը:
Արարողակարգի մասին գրավոր հիշատակումներ են մեզ հասել դեռևս մ.թ.ա. 12-րդ դարից և
վերագրվում են չինական Չաու դինաստիայի հիմնադիր Չոու Կունգին: Նկարագրված են բազմաթիվ
արարողակարգային մանրամասներ՝ քաղաքական և հասարակական կյանքի կազմակերպման վերաբերյալ:
Անտիկ Հունաստանում մեծ նշանակություն էր հատկացվում արարողակարգի
իրավական կողմին: Հունական քաղաք-պետությունների համար միմյանց հետ հարաբերություններ
կառուցելու, այդ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար խիստ կարևոր էր
արարողակարգային սահմանված նորմերի պահպանումը՝ բանագնաց-դեսպանների անձեռնմխելիությունը,
ավագությունը, կարևոր միջոցառումներին փոխադարձ մասնակցության կարգը:
Այդ ամենն է՛լ ավելի զարգացավ և համակարգվեց Հռոմեական կայսրության
ժամանակաշրջանում: Մշտապես այլ պետությունների, կայսրությունների հետ հարաբերակցվող,
ռազմարշավներ իրականացնող ժամանակի գերտերությունը չէր կարող չունենալ այդ ամբողջը
համակարգող հստակ արարողակարգ, ինչն էլ հետագայում ժառանգեց Բյուզանդական կայսրությունը:
Արարողակարգային բազմաթիվ նկարագրություններ կան նաև Աստվածաշնչի
մեջ: Այն լի է արարողակարգային կոնկրետ դրվագների անդրադարձներով, նկարագրություններով՝
ավագություն, պաշտոնների ստանձնման արարողություններ, հյուրերի պաշտոնական ընդունելություններ,
ճաշկերույթներ, նստեցման կարգ:
Արաբական աշխարհում նույնպես արարողակարգն ունեցել է իր կարևոր
տեղն ու դիրքը հասարակական, քաղաքական կյանքի կազմակերպման գործում: Մասնավորապես՝
Օմայան խալիֆայության ժամանակահատվածում հստակ արարողակարգային կանոններ կային կառավարիչների
և նախարարների համար: Սրա մասին գրավոր վկայություններից է Ալ-Ջահիզի «Արքայի հետ հաղորդակցվելու
սկզբունքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն նկարագրվում է՝ ինչպես ողջունել, ընդունել,
նստել, խոսել, ճաշել արքայի ներկայությամբ: Այն նաև ներառում է բանագնացների պահելաձևի
կանոններ, միջոցառումների, տոնակատարությունների ընթացքում արքայի կողմից հյուրերի
ընդունելության ուղեցույց:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում արարողակարգի հետագա ձևավորումը
պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլի.
Միջնադարից (5-15-րդ դարեր) մինչև Վերածննդի սկիզբ եվրոպական
պետություններում արարողակարգն աչքի էր ընկնում պարզունակությամբ: Այն տարբեր էր նոր
առաջացող յուրաքանչյուր պետությունում՝ որպես դրանց միմյանցից կտրված լինելու հետևանք:
Թերևս միակ բացառությունը Հռոմեական կայսրության ժառանգորդ Բյուզանդիան էր:
Վերածննդի ժամանակաշրջանում (վաղ և ուշ շրջանների ընդգրկմամբ՝
13-17-րդ դարեր) բարելավվում են ցամաքային և ծովային հաղորդակցությունները, նկատվում
է տնտեսական և ժողովրդագրական աճ, առևտրի ակտիվացում, ի հայտ են գալիս նոր գաղափարներ:
Այդ ամենի շնորհիվ Եվրոպայում դանդաղ, սակայն աճող տեմպով մեկնարկում է արարողակարգի
«ունիվերսալացումը»:
17-19-րդ դարերը, ինչպես նաև 20-րդ դարասկիզբը կարելի է համարել
Եվրոպայում արարողակարգի ձևավորման և կատարելագործման ժամանակաշրջան: Դա հենց այն ժամանակահատվածն
է, երբ Եվրոպայում տեղի ունեցավ արարողակարգի միասնականացում, նույնականացում: Այս
առումով անկյունաքարային եղավ նապոլեոնական պատերազմների ավարտին Վիեննայի առաջին համաժողովը,
որը դրեց միասնական արարողակարգի և դիվանագիտական արարողակարգի հիմքերը:
Եվրոպայում հաստատված արարողակարգը հետագայում լայն տարածում
գտավ ողջ աշխարհով մեկ: Դա հիմնականում պայմանավորված էր եվրոպական երկրների վարած
գաղութացման քաղաքականությամբ, որը բերում էր քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային
ազդեցության տարածում: Հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում՝ եվրոպացիներն իրենց
հետ բերում էին իրենց սովորույթներն ու պետականաշինության պատկերացումները, նաև արարողակարգային
ավանդույթներն ու կանոնները:
Այսպես, Միացյալ Նահանգների, Կանադայի, Լատինական Ամերիկայի,
Աֆրիկայի և Ասիայի բազմաթիվ երկրների ժամանակակից արարողակարգի հիմքը եվրոպականն է:
Նույնն է նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի պարագայում: Ընդ որում, ընդհանուր եվրոպական
ազդեցությունից զատ, զգալի է նաև գաղութացրած կոնկրետ երկրների ազդեցությունը: Իհարկե,
արարողակարգային ավանդույթները հաստատվել են նաև բնիկ ժողովուրդների, սովորույթների,
բարքերի, պատմական հիշողության և մշակութային արժեքների հիմքի վրա, սակայն, միևնույն
է, այսօր դրանք հիմքում եվրոպական են և ունիվերսալ:
Այսպիսով, կարելի է փաստել, որ մարդկության պատմության ընթացքում
տարբեր քաղաքակրթական կենտրոններ իրենց դրոշմն ու ազդեցությունն են թողել արարողակարգի
միջազգայնորեն ընդունված համընդհանուր նորմերի և կանոնների սահմանման, ինչպես նաև արարողակարգի՝
որպես ինստիտուտ, կայացման վրա: Ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, արարողակարգը նույնպես
մշտական լրամշակվում է և զարգանում: Պահպանելով իր հիմնական սկզբունքներն ու անկյունաքարային
նորմերը՝ արարողակարգը, այնուամենայնիվ, քարացած և անփոփոխ կարծրատիպերի հանրագումար
չէ և քայլում է ժամանակի հետ՝ հընթացս թարմացվելով, զարգանալով, նաև հարմարվելով: Այսպես,
օրինակ, Covid-19 համավարակով պայմանավորված, արարողակարգային մի շարք խնդիրներ, սկզբունքներ
փոփոխվել, հարմարեցվել էին նոր իրողություններին. ի հայտ եկան «այլընտրանքային» ձեռքսեղմումները,
սովորական դարձան հեռավար հանդիպումները, անգամ գագաթնաժողովները: Անգամ այնպիսի արարողակարգային
միջոցառում, ինչպիսին է հավատարմագրերի հանձնումը, որը կարծես թե անհնար է առանց ֆիզիկական
ներկայության, կազմակերպվում է առցանց, իսկ բուն հավատարմագրերը փոխանցվում են փոստով:
Արարողակարգի հիմքը փոխադարձ հարգանքն է՝ հավասարության սկզբունքից
ելնելով:
Արարողակարգի առաջնային նպատակը դրա կողմից ղեկավարվող կամ
դրա միջամտությանը ենթակա գործընթացների պատշաճ կերպով իրականացումն է: Դրան հասնելու
համար անհրաժեշտ է ապահովել միասնական արարողակարգային գործելակերպ: Քանի որ արարողակարգը
ճկուն է, դրա ընդունված նորմերը, ուղեցույցները, չափորոշիչները պետք է հարմարեցվեն
կոնկրետ իրավիճակին: Առավելագույն ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի առկա խնդիրների
լուծումն անուղղակիորեն չհանգեցնի այլ խնդիրների ստեղծման կամ բարդացման:
Արարողակարգը սովորույթի և ավանդույթի ուժի վրա հիմնված սոցիալական
և դիվանագիտական կանոնների հանրագումար է, որը հնարավորություն է տալիս կարգավորել
պետական ինստիտուտների գործունեությունը և միջպետական հարաբերությունները:
Նյութի աղբյուրը՝ Հովհաննես Վիրաբյան- «Պետական արարողակարգ»
Comments
Post a Comment