Քաղաքական տուրբուլենտությունը, որպես աշխարհակարգի ցանցային
փոփոխությունների գործընթաց, բնութագրվում է մշտական անկայունությամբ, անորոշությամբ
ու վիրտուալությամբ: Այն պարբերաբար խաղարկվում է գլոբալ քաղաքականության դերակատարների
կողմից, եթե ազգային էլիտան կառավարման իր արժեքաբանության հիմքում չի դնում բազմամակարդակ
դիսկուրս վարելու և բնականոն արդիականանալու ռազմավարությունը: Ըստ «RAND
Corporation» ուղեղային կենտրոնի փորձագետ Ռոսենաուի՝ գլոբալ քաղաքականությունը թևակոխել
է զարգացման այնպիսի փուլ, որի պերմանենտ հեղափոխական տատանումներին չարձագանքող և
չադապտացվող ազգային քաղաքական համակարգերը ստիպված զարգանում են երկարատև անհավասարակշռության
և անկայունության պայմաններում: Ռոսենաուն առանձնացրեց ազգային քաղաքական համակարգի
զարգացման չափորոշիչները փոփոխող 5 հիմնական պատճառ.
1.համաշխարհային կարգի անցումը արդյունաբերական համակարգից
հետարդյունաբերականի. զարգացած տեխնոլոգիաները և տեխնիկան պայմանավորում են փոփոխման
տրամաբանությունը
2.անդրազգային բնույթ ունեցող այնպիսի երևույթների առաջացում,
ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, էկոլոգիական,
արժութային ճգնաժամերը և ՁԻԱՀ-ը
3.պետությունների անկարողությունն արդյունավետորեն լուծելու
հիմնական քաղաքական խնդիրները, քանի որ դրանք, միահյուսվելով միջազգայինի հետ, գտնվում
են իրենց իրավասություններից դուրս
4.ապակենտրոնացման միտումների համատարած տարածում բոլոր կազմակերպչական
մակարդակներում
5.բնակչության կողմից աշխարհընկալման փոփոխություն և վերլուծական
կարողությունների մեծացում, ինչը պայմանավորված է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ
Այս փոփոխականները քաղաքական տուրբուլենտության ուսումնասիրության
մեջ մեծ դեր են խաղում, քանի որ, պայմանավորված նոր ազատականության խոստացած բարեփոխումների,
սոցիալական և տնտեսական ոլորտների ձևական կատարելագործմամբ, արդի հասարակությունները
մտել են զարգացման նոր փուլ: Դրա բնորոշիչը միաժամանակ և՛ կապիտալի սոցիալական պատասխանատվության
նվազումն է, և՛ քաղաքացիների անպատասխանատու ազատության ձգտումը, և՛ անհատ քաղաքացիների
չհիմնավորված կամ հիմնավորված հավակնությունների միջոցով իրականությունը հեղափոխականացնելը:
Այս համատեքստում էլ հնարավոր է դարձել արդի քաղաքական գործընթացները բնութագրել որպես
«քաոսային, փոթորկոտ և տագնապալի»: Ավելին, հետազոտողները հաճախ այն որակում են աշխարհաքաղաքական
հեղափոխություն, երբ, օրինակ, խոսում են «տուրբուլենտացված սահմանների» մասին՝ ենթադրելով
նախ ուժային կենտրոնների միջև հարաբերությունների արագ փոփոխություն, ապա՝ ազգային
պետություններում նոր սահմանադրության ընդունում կամ գոյություն ունեցող սահմանադրության
փոփոխություն: Այս ամենը դիտարկվում է տնտեսական և սոցիալ-մշակութային, բարոյահոգեբանական
այն գլխապտույտ վերափոխումների տիրույթում, որոնք «էրոզիայի» են ենթարկում պետությունների
սահմանները և դրանցում գործող արժեշահային համակարգը՝ ստեղծելով բազմաչափ սպառնալիք
ընդլայնված օրակարգով ազգային անվտանգության ապահովման համար: Վստահորեն կարելի է եզրակացնել,
որ տուրբուլենտությունն ունի համապարփակ զարգացման երեք միտում՝ աշխարհաքաղաքական գերիշխանության,
գլոբալ անվտանգության խնդրի մուտացիա, տարբեր գաղափարախոսությունների և արժեքային համակարգերի
միջև հակամարտությունների ինտենսիվ աճի: Նշված միտումների տիրույթներում տուրբուլենտությունը
ծնում է քաղաքական գործընթացների այնպիսի քաոսային երևույթների շարք, ինչպիսիք են ահաբեկչությունը,
ծայրահեղականությունը, ազգային և ռասայական թշնամանքով պայմանավորված պատերազմները,
զանգվածային միգրացիան, էլիտայի դեմ ուղղված հավասարապաշտական տրամադրություններով
հագեցած հեղափոխությունները: Ակնհայտ է, որ քաղաքական տուրբուլենտությունը, որպես բազմաչափ
մարտահրավեր, ուղղված է ազգային անվտանգությանը, արդյունքի կառավարմանը, ռազմավարական
ապագային, քանի որ անգործունակ է դարձնում միջազգային իրավունքը, իսկ ազգային քաղաքական
գործընթացները բնութագրվում են որպես «տագնապալի տուրբուլենտությամբ օժտված» երևույթ:
Այսօր անորոշության և անկանխատեսելիության հետ ասոցոցվող տուրբուլենտությունը ստիպում
է, որ արդի հասարակությունը, հատկապես կառավարող վերնախավը, պատրաստ լինի ապագան կանխատեսելու
գիտավերլուծական հարացույցի սկզբունքներով: Այս իմացությամբ էլ անցումային երկրների
քաղաքական գործընթացներում անհրաժեշտ է նախ հստակեցնել քաղաքական դիսկուրսի վարման
տեսական և գործնական կիրառելիության բազմավեկտորությունը, ապա իսկության մեջ վերլուծել
արդի գլոբալ իրողությունները: Իրականության նման ընկալումը ստեղծում է «գունավոր հեղափոխության»
համար մշակված և արդեն դասական դարձած տեխնոլոգիաների կիրառման տեղեկատվահաղորդակցական
մի տիրույթ, որի սահմաններում բացահայտվում են մարդկանց ակնկալիքները, աշխարհը և ապագան
տեսնելու, ինչպես նաև նրանում ինքնաիրականացվելու անհրաժեշտությունը:
Փաստորեն, ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունը» մեկնարկեց ոչ
բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով, բայց և հանգեցրեց քաղաքական տուրբուլենտությամբ
ուղեկցվող ցույցերի, երթերի, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումների:
Այդ հեղափոխական գործողությունների առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13-մայիսի
8) բողոքի մասնակիցները հետամուտ էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի
պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, ինչը, սակայն, չհաջողվեց այդ փուլի առաջին
տասնօրյակում: Շարժումն սկսվեց «Իմ քայլը» և «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնություններով:
2018 թվականի ապրիլի 17-ին երկրում հեղափոխությունը փաստացի սկսված էր: Սերժ Սարգսյանի
ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ Ազգային ժողովի կողմից
Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց Հայաստանում «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Այն անվանվեց «սիրո
և համերաշխության հեղափոխություն», քանի որ հենց հայտարարված «թավշյա», «ոչ բռնի»,
«անցնցում» բնույթի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել մարդկանց մեծ զանգվածների մասնակցությունը
քաղաքացիական անհնազանդության գործողություններին:
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս
գործողությունների պահանջը դարձավ ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից և վարչապետի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանի նշանակումը: Հեղափոխությունը հայտնի է «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»
կարգախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով),
ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին», «Ոստիկա՛ն, միացի՛ր»,
վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տու՛ր» և բազմաթիվ այլ կարգախոսներով:
Հայ մարդու գիտակցության մեջ այդ կարգախոսների ամրապնդման շնորհիվ «թավշյա հեղափոխության»
առաջին՝ «Մերժի՛ր Սերժին» (մարտի 31-ապրիլի 13) փուլը զուգահեռվեց երկրորդ՝ «Մերժի՛ր
հանրապետականին» (ապրիլի 13-ապրիլի 26) փուլի հետ: Իրականում, եթե հեղափոխության առաջին
փուլն սկսվեց հստակ ծրագրված քայլարշավով (Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսք, ուղերձ,
կարգախոս, թմբուկի զարկեր, կրկնվող ծափեր, հանրահավաքի ժամի հայտարարություն, կրկին
թմբկահարություն, նորից՝ ուղերձ ու կարգախոս, թմբկահարություն, ծափեր, հանրահավաքի
ժամի հայտարարություն), որն ուղղված էր Սերժի դեմ, ապա երկրորդ փուլը ավելի հեռուն
գնացող նպատակ էր հետապնդում՝ փլուզել իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի իշխանությունը:
Դրա համար իրականացվեցին «սոցիալական աղմուկի տարածական ընդարձակման» հատուկ տեխնոլոգիաներ՝
փողոցների արգելափակում, շենքերի շրջափակում և ներխուժում պետական իշխանության հսկողության
տակ գտնվող կառույցներ, երեկոյան հանրահավաք, իսկ ավարտին՝ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ
խոսքի ուղիղ միացումը: Հանրահավաքներն սկսվում էին 18:30-ին, քանի որ աշխատանքային
օրվա ավարտը մարդկանց հնարավորինս մեծ զանգված ներառելու հնարավորություն էր տալիս:
Այս երկու փուլերում էլ կիրառված իրիտացիոն տեխնոլոգիաների միջոցով հեղափոխականները
գերազանց լուծեցին իրենց առջև դրված խնդիրը՝ Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից ստեղծեցին «թշնամու»
կերպար, որին կարող էր հաղթել միայն «հերոս» Նիկոլ Փաշինյանը՝ իր ժողովրդի հետ միասին:
Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում
ընտրվել էր 2008 թվականին, վերընտրվել՝ 2013 թվականին: 1995 թվականին ընդունված ՀՀ
Սահմանադրությունն արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել
Հայաստանի նախագահի պաշտոնում: 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր
ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
ստեղծելու մասին: 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական
բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարեր կառավարման
խորհրդարանական ձևին, և պետության ղեկավար դառնար ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների
կողմից ընտրված վարչապետը: Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց. «Եվ ձեր
առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ
Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի
համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի
ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի
պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի
ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Հանրաքվեն տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի
6-ին: Սահմանադրական հանրաքվեի վերահսկողության գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության
շրջանակում ներգրավվեցին հայաստանյան 28 հասարակական կազմակերպություն: Այդ ՀԿ-ների
շուրջ 1000 անդամ դիտորդական առաքելություն էր կատարում ՀՀ գրեթե բոլոր ընտրատարածքների
520 տեղամասում: Հանրաքվեի վերահսկողությանը միացավ ժողովրդավարական ընտրությունների
եվրոպական պլատֆորմը, որի փորձագետները նաև հանրաքվեի պաշտոնական արդյունքների վիճակագրական
վերլուծություն էին կատարում և գնահատում էին միջազգային դիտորդական առաքելությունների
որակն ու անկողմնակալությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության
ղեկավար Անդրեաս Գրոսը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը
«պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հասարակության կարիքներով, այլ քաղաքական շահերով,
և շատ քաղաքացիների կողմից ընկալվել է ավելի շուտ որպես վստահության քվեարկություն
կառավարության հանդեպ և ոչ թե քվեարկություն փոփոխության համար»: Պատվիրակության հաղորդման
համաձայն՝ հանրաքվեին ընտրողների համեմատաբար փոքր մասն է մասնակցել՝ բնակչության շուրջ
50%-ը: 2.5 տարվա բարեփոխումների գործընթացը բավարար ներառական չի եղել՝ չի արդարացրել
սպասումները, և խորհրդարանն ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ է ունեցել՝ քննարկելու
Սահմանադրության տեքստը: Հանրային քննարկումների համար նախատեսված ժամանակը ևս սահմանափակ
է եղել՝ երկու ամիս, որի ընթացքում դժվար է եղել համաձայնության գալը: Այսպիսով, սահմանադրական
ազգային փոփոխությունը՝ կառավարման նախագահական համակարգից անցումը դեպի խորհրդարանականի,
շատ քաղաքացիներ ընկալել են որպես գործիք, որով գործող նախագահը մտադիր է պահպանել
իշխանությունը իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո:
Այնուհանդերձ, նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի
քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ իր թեկնածությունը ներկայացնի
վարչապետի պաշտոնի համար. «Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել,
որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար:
Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության
լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն
դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից
չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում,
ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ տեսանք մայրաքաղաքում զենքի
ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր,
որոնք հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ
նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե ոչ»:
Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության
դեմ բողոքի ցույցեր սկսվեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական
«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտախորհրդարանական
«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ուշագրավ
է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող երիտասարդներից շատերը
պայքարի փորձ էին ձեռք բերել դեռ 2015 թվականի հունիսի 19-23-ը մայրաքաղաք Երևանում
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության շրջանակում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման
դեմ խաղաղ ցույցերի և բողոքի ակցիաների կազմակերպման ժամանակ: «Ոչ թալանին» քաղաքացիական
նախաձեռնության շրջանակներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը վերջնականապես
համոզվեցին, որ անհրաժեշտ է կիրառել փողոցային պայքարի բոլոր ձևերը, այդ թվում՝ երթեր,
ցույցեր, բողոքի այլ միջոցառումներ, ծայրահեղ դեպքում՝ բռնությունը:
Սերժ Սարգսյանի խոսքի մեջբերումով էր սկսվում քայլարշավի
յուրաքանչյուր օր: Այն անընդհատ կրկնվում էր՝ մասնակիցներին ներշնչելով, որ բողոքի
գործողություններն ուղղված են Սարգսյանի դեմ: Առաջին իսկ օրվանից ըմբոստությունն առաջնորդող
խումբը վստահեցնում էր. «ՀՀ ժողովուրդը մերժում է Սերժին, մերժում է Հայաստանի ադրբեջանացումը,
քայլ արա՛ Հայաստանի ադրբեջանացման դեմ»: Ուղերձում անընդհատ կրկնվող «Հայաստանի ադրբեջանացում»
արտահայտությունը, հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմի թարմ հիշողությունների
համատեքստում, ցնցող հուզական ազդեցություն էր թողնում ամբոխի վրա՝ ստեղծելով «ներքին
թշնամու» կայուն կերպար: Միևնույն ժամանակ, բողոքի մասնակիցներին բացատրվում էր հեղափոխության
թավշյա, ոչ բռնի բնույթը. «Մենք ընտրում ենք բաց ձեռքերի մարտավարությունը: Մենք բացառում
ենք գործողություններում բռնությունը ոչ միայն մեր կողմից, այլև որպես հակագործողություն:
Այսինքն՝ մենք ոչ միայն բռնություն չենք կիրառելու, այլև մեր նկատմամբ բռնություն կիրառելու
փորձին՝ բռնությանը, բռնությամբ չենք պատասխանելու: Այդ բռնությանը հակազդելու ենք
քաղաքացիական անհնազանդության պասիվ ձևերով, այսինքն՝ մենք շարունակելու ենք մեր օրակարգը
առաջ տանել անկախ ամեն ինչից, ի հեճուկս ամեն ինչի: Եվ եթե ժողովուրդն իր կամքը ցուցադրի,
ինքն անպայման կհաղթի»: «Ի՞նչ նպատակի համար» և «ինչպե՞ս» հարցերը լուսաբանելուց հետո
ժողովրդին ներշնչվեց հաղթանակի անխուսափելիությունը. «Արա՛ քո քայլը, և դու կհաղթես»:
Այս տրամաբանության մեջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
վարչության անդամ, «Ելք» դաշինքից ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը
2018 թվականի մարտի 31-ին, ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման, Գյումրու Վարդանանց
հրապարակից սկսեց «Իմ քայլը» շարժումը: Իր համախոհների հետ անցնելով Վանաձոր, Դիլիջան,
Հրազդան, Աբովյան քաղաքներով՝ նա կարողացավ համախմբել «սպասումների հիասթափության»
մեջ գտնվող զանգվածներին: Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց այն քաղաքների բնակիչներից,
որոնց բնակավայրերն այդ փուլում չէին ընդգրկվել իր երթուղում: 14 օրվա ընթացքում մասնակիցները
շուրջ 200 կմ ճանապարհ անցան միայն քայլելով՝ կատարելով շուրջ 300 հազար քայլ: «Իմ
քայլը» ապրիլի 13-ին հասավ Երևանի Ազատության հրապարակ, և սկսվեցին շուրջօրյա հանրահավաքները:
«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն էր, որի
խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը և կատարողը՝ Հայկ Ստվերը:
Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին:
Ուշագրավ է, որ այդ օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավին միացավ
«Ազգային ինքնորոշում միավորումը»՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ:
«Ողջունում եմ այս նախաձեռնության պատրաստակամությունը՝ մինչև
վերջ անելու մեզնից կախվածը՝ իրավիճակը փոխելու համար: Բոլոր բանական մարդկանց համար
ակնհայտ է, որ վիճակը օրհասական է: Եվ առանցքային խնդիրն այն է, որ երկիրը պատկանում
է ոչ թե քաղաքացիներին, այլ մի խում մարդկանց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ընդդեմ ակտիվիստ Անուշ Լալայանի
նկատմամբ ոստիկանության՝ իր խոսքով ապօրինի գործողությունների, փակեց Երևան-Սևան-Իջևան
Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը:
Ապրիլի 9-ին, ի պատասխան քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի նկատմամբ ոստիկանության
բռնության, Նիկոլ Փաշինյանը փակեց Երևան-Սևան-Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի
արագաչափերից երկրորդը: Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ
Միրզոյանը և Լենա Նազարյանը ԱԺ նիստերի դահլիճի ամբիոնից գունավոր ծխով ճայթուկներ
վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ:
«Մերժի՛ր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել
էր 2018 թվականի մարտի 1-ին: Նախաձեռնությունն առաջին ակցիան իրականացրեց մարտի
24-ին. երթն սկսվեց Կասկադից և ավարտվեց Մելիք-Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ:
Ապրիլի 5-ին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը Երևանի կենտրոնում խորհրդանշական ակցիա
կազմակերպեց. մասնակիցները գումար էին հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի
համար՝ «Օգնի՛ր Սերժին գնալ թոշակի» կարգախոսով: Ապրիլի 8-ին նախաձեռնությունն ավտոերթով
շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին: Ապրիլի 9-ին «Մերժի՛ր
Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ անցկացրեց Երևանի
կենտրոնական փողոցներով: Ապրիլի 11-ին նախաձեռնությունը «Հանուն Հայաստան պետության»
ճակատի աջակցությամբ մոտ կես ժամով փակեց Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկը:
Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր առաջին
հանրահավաքն անցկացրեց Ազատության հրապարակում: Հրապարակվեցին ճակատի հիմնական ծրագրային
դրույթները: Շարժումն առաջին քայլով պատրաստվում էր ստեղծել «ժամանակավոր կառավարություն»
և այդ ընթացքում համաներում հայտարարել ու ազատ արձակել «քաղբանտարկյալներին», հետագայում
Սահմանդիր ժողովի կողմից հաստատել նոր Սահմանադրություն և անցկացնել նոր ընտրություններ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատում առավել հայտնի քաղաքական ուժերից ընդգրկված էր
«Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանն
իր ելույթում շեշտեց, որ շարժումը ապակուսակցական է, պետք է միավորել բոլոր ջանքերը՝
թույլ չտալու ՀՀԿ-ի վերարտադրությունը կամ Սերժ Սարգսյանի վարչապետությունը, քանի որ
այն կհանգեցնի Հայաստանից մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց արտագաղթի: Հանրահավաքի
կազմակերպիչները որոշեցին հաջորդ հանրահավաքն անցկացնել մարտի 16-ին՝ «Հաց բերող» Արթուր
Սարգսյանի մահվան տարելիցի օրը: Միաժամանակ որոշվեց 7 օր պարբերաբար հանրահավաքներ
անցկացնել, քանի որ ապրիլի 9-ից ավարտվում էին Սերժ Սարգսյանի լիազորությունները ՀՀ
նախագահի պաշտոնում, և յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները պետք է
ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին: Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության»
ճակատի կազմակերպած հանրահավաքին ներկա էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար
Նիկոլ Փաշինյանը, խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, մի շարք իրավապաշտպաններ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ելույթում խոսեց Հայաստանում «քաղբանտարկյալների»
մասին՝ մասնավորապես նշելով Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի
անունները:
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք արեցին
«Հանուն Հայաստան պետության» և «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունները:
Ապրիլի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «սերժիկ
մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի
տան դիմաց: Ոստիկանները բռնի ուժ կիրառեցին քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի
պատճառով վատացավ նրա ինքնազգացողությունը: Ապրիլի 9-ից մինչև ապրիլի 13-ը Ազատության
հրապարակում, որպես երկրի ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանի կողմից երրորդ անգամ զբաղեցնելու
դեմ բողոքի նշան, հացադուլ սկսեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ
Արամ Հարությունյանը: Ապրիլի 13-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ
սկսեց ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանը՝ որպես զորակցություն Սերժ Սարգսյանի
դեմ պայքարող ուժերի:
2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության
մի խումբ անդամներ նստել էին Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ
40 րոպե երթևեկության համար փակ պահել պողոտան: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի
Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով՝ հեռացրեցին ցուցարար երիտասարդներին: Ոստիկանության
գործողությունից հետո կարճ ժամանակով Մաշտոցի պողոտան բացվեց: Շուրջ 30 րոպե հետո՝
մոտավորապես ժամը 18:00-ին, «Մերժի՛ր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամներն
ու համակիրները ավտոերթով մոտեցան Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկին և կրկին
փակեցին Մաշտոցի պողոտայի երթևեկությունը: Խցանումների հետևանքով երթևեկությունն ամբողջությամբ
կաթվածահար էր եղել Բաղրամյան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներում և հարակից փողոցներում:
Որոշ ժամանակ անց ավտոերթի մասնակիցները շարժվեցին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին
և նրա համախոհներին ընդառաջ, որոնք Սևան-Երևան ավտոմոբիլային ճանապարհով քայլերթով
շարժվում էին մայրաքաղաք Երևանի ուղղությամբ:
2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում,
Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի
Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները:
Երկու նախաձեռնությունների հարյուրավոր անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության
հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ
Սիմոնյանի և բուհի ղեկավարության կողմից ուսանողների հնչեցրած դասադուլի կոչերը խոչընդոտելու
վերաբերյալ: Չնայած պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր բուհի
անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել
այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակ:
«Իմ քայլը» և «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունների անդամները
իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության
հրապարակ: 2018 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում Երևանի Ազատության
հրապարակում մեկնարկեց բազմամարդ հանրահավաք, որին հաջորդեց Ֆրանսիայի հրապարակը փակելու
ակցիան: Հանրահավաքի ընթացքում 30 րոպեանոց ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի
վերջում նա հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները պետք է տեղափոխվեն Ֆրանսիայի հրապարակ
և արգելափակեն Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովայի պողոտաների հատման բոլոր մուտքերը:
Ցուցարարները մինչև հաջորդ առավոտ շրջափակման մեջ պահեցին Ֆրանսիայի հրապարակը՝ տեղադրելով
վրաններ, վառարան և գիշերակացի այլ պարագաներ: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում»
հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաշվարկների՝ գիշերը հրապարակում
է մնացել շուրջ 4700 մարդ: 2018 թվականի ապրիլի 14-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակը
դեռևս ցուցարարների հսկողության տակ էր: Նրանց պարբերաբար այցելում էին հայտնի անձինք,
այդ թվում՝ երգիչ Ռուբեն Հախվերդյանը:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիներն
ու ուժերը նախատեսել էին, որ ապրիլի 14-ին պետք է շրջափակեն Հայաստանի հանրապետական
կուսակցության կենտրոնական գրասենյակի շենքը, որպեսզի թույլ չտան, որ կուսակցությունը
Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Ըստ բողոքի գործողություններ իրականացնող
ուժերի՝ ՀՀԿ ներկայացուցիչները, վախենալով ժողովրդի կողմից սպասվելիք հնարավոր անհնազանդության
գործողություններից, կուսակցության գերագույն մարմնի նիստը տեղափոխեցին Ծաղկաձոր քաղաք:
Իմանալով, որ նիստի անցկացման վայրը փոխվել է, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ավտոմեքենաներով
մեկնել Ծաղկաձոր և շրջափակման մեջ վերցնել իշխող կուսակցության անդամներին: Մինչև ավտոերթի
մեկնարկը լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ ՀՀԿ նիստը գաղտնի կերպով արդեն անցկացվել
է: Նիստի ժամանակ կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար
Կարեն Կարապետյանը, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանին: Ֆրանսիայի
հրապարակում հավաքված քաղաքացիները, տեղեկանալով, որ իշխող կուսակցությունը երկրի վարչապետի
պաշտոնում արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսեցին բողոքի երթերն
ու ավտոարշավները՝ հընթացս պարբերաբար փակելով փողոցները: Բողոքի քայլերթ իրականացնող
հազարավոր քաղաքացիներ, հասնելով Հայաստանի հանրային ռադիոյի վարչական շենք, շրջապատեցին
այն և ներս մտան: Մուտքը հսկող ոստիկանները զենքերն ուղղեցին դեպի քաղաքացիները և սպառնացին
կրակել, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կա՛մ կրակեք, կա՛մ մենք ներս ենք
մտնում»: Այնուհետև ցուցարարները, բարձրանալով Ռադիոտան շենքի վերին հարկեր, պահանջեցին
ուղիղ եթեր տրամադրել: Սակայն աշխատակիցներն անջատեցին շենքի էլեկտրականությունը՝ դադարեցնելով
Հանրային ռադիոյի հեռարձակումը: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն իրենց
անհնազանդության այդ քայլը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ Հանրային հեռուստատեսությունը,
մյուս հեռուստա և ռադիոընկերությունները դարձել են «Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ
պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության հավերժացումն
ու Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»: Շենքից հեռանալուց առաջ Նիկոլ Փաշինյանն
իր հայտարարությունը հնչեցրեց Հանրային ռադիոյի շենքից՝ տվյալ գործողություններն ուղիղ
եթեր հեռարձակող համացանցային լրատվամիջոցների միջոցով:
Հետագայում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,
անդրադառնալով հեղափոխության ընթացքում կիրառվող ուղիղ եթերներին, նշեց, որ դրանք ամենամեծ
դերը խաղացին հեղափոխության հաջողության հարցում.
1.Երբ դրանք իրականացնում էին հենց քաղաքական գործիչները,
հատկապես Փաշինյանը, ստեղծվում էր խիստ անմիջական մթնոլորտ
2.Ուղիղ եթերները խափանեցին բազմաթիվ միջնորդ ինստիտուտների
աշխատանքը, հեղափոխական թիմի հայտարարությունները հասնում էին հանրությանը առանց խմբագրական
միջամտությունների, պալատական քաղաքագետների մեկնաբանությունների
3.Ուղիղ եթերները հնարավորություն ընձեռեցին նվազագույնի
հասցնելու կեղծ լուրերի տարածումը, քանի որ անմիջապես հերքելու հնարավորություն կար
4.Ուղիղ եթերները դարձան ուղիղ կառավարման միջոց, քանի որ
բողոքի ակցիաները տեղի էին ունենում իրարից ֆիզիկապես կտրված տարածքներում
5.Դրանք դարձան ներգրավման միջոց. Սփյուռքը նույնպես արձագանքեց՝
դառնալով իրադարձությունների ոչ միայն ականատես, այլև մասնակից
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիների
նշված գործողությունները ՀՀ ոստիկանությունը որակեց որպես խմբակային հարձակում պետության
կողմից պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա:
Ապրիլի 15-ի երեկոյան ժամը 18:00-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ
Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների հաջորդ օրվա
պլանը: Նա քաղաքացիներին կոչ արեց գործողություններն սկսել 08:15-ից: Անհնազանդության
քայլերից պետք է լինեն Երևանի կամուրջների արգելափակումը, տրանսպորտային ցանցի խափանումը,
դասադուլները, գործադուլները: Մասնավորապես, կարևորելով Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյան
կամուրջների արգելափակումը, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց թողնել մեքենաներն այնտեղ և
ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք: Նա միաժամանակ քաղաքացիներին կոչ արեց կանխիկացնել
բանկերի իրենց գումարները, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել: Ինչպես պլանավորված
էր, քաղաքացիական անհնազանդության և փողոցներ փակելու գործողություններն սկսվեցին առավոտյան
08:15-ին: Փակված փողոցներում ակտիվիստները որպես բարիկադ օգտագործում էին նստարաններ
և աղբամաններ:
Ապրիլի 16-ի առավոտյան ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը
ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցին տված հարցազրույցում, ի պատասխան իր կողմից ՀՀ վարչապետի
պաշտոնը զբաղեցնելու մասին հարցին, հայտարարեց. «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին
Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ
ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե,
իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին
զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել
եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք
արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում,
և՛ կուսակցությունից դուրս»:
Ապրիլի 16-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն
տարածեց և խորհուրդ տվեց Երևանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային
կուտակումների վայրերից: Հեղափոխական գործողություններն առավել ագրեսիվ բնույթ ստացան,
երբ տարաբնույթ սադրիչ խմբերի կողմից սոցիալական ցանցերի միջոցով աններդաշնակ լուրեր
սկսեցին տարածվել:
Ապրիլի 16-ի երեկոյան մամուլը տեղեկություն տարածեց այն մասին,
որ Հայաստանի տարբեր օլիգարխներ իրենց թիկնապահների և ենթակա այլ ուժերի հավաք են սկսել:
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնեց, որ Մհեր Սեդրակյանը՝ հանրության
շրջանում առավել հայտնի «Թոխմախի Մհեր» մականունով, Էրեբունի թաղամասում գտնվող իրեն
պատկանող գազալցակայանի դիմաց հավաքել է շուրջ 200 ամրակազմ երիտասարդների, որոնց ավտոմեքենաներից
շատերը չունեն պետհամարանիշներ: Այլ հրապարակումների համաձայն՝ այդպիսի խմբերի անդամների
թիվը հասնում էր 500-ի: Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց
սահմանների» ՀԿ-ն, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանը»,
«Transparenci international հակակոռուպցիոն կենտրոնը», «Հանուն հավասար իրավունքների»
ՀԿ-ն տեղեկացրին, որ՝ «ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի և ԶԼՄ-ների հայտնած
տեղեկությունների՝ այսօր Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով
հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր
խմբեր են, որոնք, ըստ ամենայնի, ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ: Նշված հանցավոր
խմբերի կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ հնարավոր բռնության պատասխանատվությունը
կրում են իշխանությունները, եթե անգամ բռնություն կիրառող այդ անձինք հանդես գան որպես
երթևեկության անհարմարությունների պատճառով «զայրացած վարորդներ»:
Մեկ այլ հրապարակման մեջ նշված է. «Այսօր առավոտից ցուցարարներն
արգելափակում էին Երևանի փողոցները: Բոլոր դեպքերում տեղի էին ունենում վեճեր ու նաև
բախումներ: Վարորդները դժգոհում էին իրենց ճանապարհը փակելու համար: Ակցիայի մտահղացումն
այն էր, որ ոստիկանությունը ցրի իր ուժերը քաղաքի տարբեր մասերում, որպեսզի ավելի հեշտ
լինի Ազգային ժողովի շենքի մոտ գնալն ու շենքն արգելափակելը: Սակայն ինչպես նախորդ
օրերին, այդպես էլ այսօր ոստիկանությունը գրեթե ներկա չէր: Փոխարենը ոստիկանությունը
մեծ ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում: Այս օրերին երթերի ու այլ ակցիաների
ժամանակ ոստիկանության բացակայությունը բավական հարցեր է հարուցել, չի բացառվում, որ
նպատակներից մեկն էլ քաղաքացիներին իրար հակադրելն է: Ի վերջո, նախկինում, երբ ոստիկաններն
ուղեկցում էին ցույցերն ու պիկետները, քաղաքացիների միջև բախում չէր լինում»:
Անհնազանդության գործողություններն առավել ակտիվացան ապրիլի
17-ից: Վաղ առավոտից Երևանում վերսկսված բողոքի գործողություններին մասնակցող և փողոց
փակող երիտասարդներին ոստիկանները բերման ենթարկեցին: «Ժողովուրդ, հասե՛ք»,- բացականչում
էին երիտասարդները՝ կանչելով Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին: «Ամո՛թ ձեզ»,- բացականչում
էին կանայք:
Այսպիսի հեղափոխական պայմաններում ապրիլի 17-ին՝ առավոտյան
ժամը 12:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքում մեկնարկեց Ազգային ժողովի նիստը, որի օրակարգում
ՀՀ վարչապետի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ 91 պատգամավոր:
Սերժ Սարգսյանին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սերժ Սարգսյանի
թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական
կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները: Քվեարկության
արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը՝ 77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ արտահայտվեցին «Ելք» խմբակցության՝
խորհրդարան եկած 5 պատգամավոր:
Չնայած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» խմբակցությունից
հնչող հավաստիացումներին, թե միասնական քվեարկելու որոշում են կայացնելու, իշխող կոալիցիայի
վարչապետի թեկնածուի օգտին կողմ քվեարկեցին խմբակցության հետևյալ պատգամավորները՝ Հովիկ
Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը,
Մելիք Մանուկյանը, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ
Մանուկյանը: Դեմ էին 31 հոգանոց խմբակցության 12 պատգամավոր, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը,
Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը: Իսկ Գագիկ
Ծառուկյանը քննարկումներին չմասնակցեց:
Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը դիմեց ընդդիմադիրներին: Եվ
եթե ամենամեծ ընդդիմադիր՝ «Ծառուկյան» խմբակցության գործունեությունը որակեց «պատվախնդիր»,
իսկ քննադատությունը՝ «անաչառ», ապա «Ելք»-ին խորհուրդ տվեց ձերբազատվել հայաստանյան
ընդդիմությանը բնորոշ «չլսելու բարդույթից». «Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու
և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը ոնց որ թե ձեզ ավելի է բնորոշ:
Դուք խոսում եք ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վերջ՝ սահմանադրական
բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի
անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»:
Մինչ Ազգային ժողովում նիստն էր ընթանում, Ֆրանսիայի հրապարակում
մեկնարկած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սկսում են «թավշյա հեղափոխություն».
«Մենք պետք է կաթվածահար անենք ամբողջ կառավարական համակարգը, և իշխանությունը պետք
է կենտրոնանա ժողովրդի ձեռքում: Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ չունի կառավարելու
Հայաստան և կառավարելու ժողովուրդ»:
Ապրիլի 17-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում
մեկնարկեց ՀՀ ԱԺ կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանի վարչապետության
դեմ պայքարող ուժերի հանրահավաք: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը
կոչ արեց ապրիլի 18-ին շարունակել բողոքի գործողությունները. «Վաղը պիտի կաթվածահար
լինի ամբողջ Երևան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչև 3-րդ գյուղ»: Ավելին, Նիկոլ Փաշինյանն
իր խոսքն ուղղեց ներկա ցուցարարներին և նրանց հիշեցրեց, որ դերասանուհի Արսինե Խանջյանը
բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին. «Նամակից պարզվում է՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանը
Արսինե Խանջյանի հետ զրույցում ասել է՝ հայ ժողովուրդը ոչխարի պես է»,- ասաց պատգամավորը,
ապա հայտարարեց. «Սիրելի՛ Արսինե, դա նրանից է, որ Սերժ Սարգսյանն իր կյանքում հիմնականում
շփվում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, և ահա այդ հոտի կողմից Սերժ Սարգսյանը
հռչակվել է Հայաստանի վարչապետ»: Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ շատերը կասեն, թե ոչինչ
չփոխվեց, և Սերժ Սարգսյանը վերստին առաջին դեմքն է, բայց ինքը պատասխանատու կերպով
հայտարարում է. «Ամեն ինչ փոխվել է, Սերժ Սարգսյանը չունի իրեն հպատակ ժողովուրդ, և
ՀՀ քաղաքացին չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ»: Ապա Փաշինյանը հայտարարեց, որ
Բաղրամյան պողոտայի փշալարերը պետք է ամրացնեն, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տեսնի
այդ փշալարերի հետևից:
Ապրիլի 18-ի առավոտյան բողոքի գործողություններ վերսկսվեցին
մայրաքաղաք Երևանում և բոլոր քաղաքներում: Ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության
հրապարակից ցուցարարներն իրականացրին երթ դեպի ՀՀ վարչապետի նստավայր: Ապրիլի 19-ի
առավոտյան Երևանում շարունակվեցին բողոքի զանգվածային գործողությունները: Բախումներ
տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության ստորաբաժանումների միջև, ինչի հետևանքով
մի շարք ցուցարարներ վնասվածքներ ստացան:
Ապրիլի 19-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում
տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Դավթաշենի
կամուրջ: Ցուցարարների մի ուրիշ մեծ խումբ փակել են Ուլնեցի-Դավիթ Անհաղթ փողոցների
խաչմերուկը: Սերժ Սարգսյանի կոտրված շրջանակով նկարը ցուցարարները գետնին էին նետում
և սկսում կոխոտել: Ապրիլի 20-ին Երևանի տարբեր վայրերում բողոքի գործողություններ սկսվեցին՝
ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից
բերման ենթարկեց քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին: Ապրիլի 20-ի վաղ
առավոտյան դասադուլ սկսեցին մի շարք դպրոցների աշակերտներ, որոնք միացան Նիկոլ Փաշինյանի
առաջնորդությամբ Գյուլբենկյան փողոցից ժամը 10-ից սկսած երթին: Օրվա վերջում բողոքի
ցույցերը կաթվածահար էին արել երկիրը:
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առիթով ապրիլի
20-ին Երևան ժամանեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Ամենայն հայոց կաթողիկոս
Գարեգին Բ-ի հետ նա ապրիլի 20-ի առավոտյան հանդիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն շնորհավորեցին Սերժ Սարգսյանին վարչապետ
ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների
մասին և մտահոգություն հայտնեցին այդ կապակցությամբ:
«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի,
խաղաղվի և մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին:
Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաև՝ բազում մարտահրավերներ
և այդ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ
և միասնականությամբ: Առջևում նաև ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը: Եվ այդ օրվա
խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի և առաջնորդի՝
շիտակ ապրելու և շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը
ողբերգություններից, կորուստներից: Մենք ունենք
Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց
անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է: Մենք հաղորդ
ենք եղել Ձեր մտածումներին այս առումով: Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո,
խաղաղության մեջ: Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը»,- հանդիպման ժամանակ ասաց
ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Արամ Առաջինը, նշելով, որ միանգամայն կիսում է Գարեգին Երկրորդի մտահոգությունները,
ընդգծեց. «Այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող
իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության
մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին
աշխարհում: Վերջիվերջո, այս ցույցերի հետևանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների
հաղթահարումը ամիսներ են տևելու: Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել: Մենք պետք է ցուցարարներին
ասենք սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք
ենք: Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ
հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Հարցերը քննելու միասնական այդ ճիգով
դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար: Սա է, որ պետք է լինի: Այս մթնոլորտում
նման ձևով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենքին, վնաս է մեր ժողովրդին: Հետևաբար,
ես ուրախ եմ, որ նաև Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի
գան և սեղանի շուրջ նստեն ու խոսեն: Նախագահի և Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը
պետք է լինի, որովհետև այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին,
մեր ժողովրդին, Արցախին մանավանդ: Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետև պաշարված ենք
ոչ բարեկամ ուժերով: Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք
փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Ապրիլի 20-ին Հայաստանի շախմատի հավաքականի անդամները (Լևոն
Արոնյան, Սմբատ Լպուտյան, Վլադիմիր Հակոբյան, Արտաշես Մինասյան, Գաբրիել Սարգսյան,
Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան) և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը
շնորհավորեցին Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և իրենց հրապարակային
աջակցությունը հայտնեցին նրան: Ապրիլի 20-ի վաղ առավոտից, բացի Երևանից «Սերժի՛կ հեռացի՛ր»,
«Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսներով Սերժ Սարգսյանի
իշխանության դեմ բողոքի գործողություններ սկսվեցին Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում:
Ապրիլի 20-ի երեկոյան հանրապետության հրապարակում սկսվեց
ամենաբազմամարդ հանրահավաքը: Ելույթներով հանդես եկան մի շարք քաղաքացիներ և հասարակական
գործիչներ: Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»,
«Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժին», «Հայաստան», «Միացում»: Բանախոսները խոսեցին բերման
ենթարկվածների թվի (200-ից ավելի քաղաքացի), ոստիկանության բաժանմունքում իրավական
վարքի, Էջմիածնի տարածաշրջանում և այլ վայրերում բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ
կատարված բռնությունների և հնարավոր համարժեք պատասխան տալու, հայկական սփյուռքում
անցկացված և սպասվելիք բողոքի գործողությունների մասին: Թվարկվեցին այն հայտնի մարդկանց
անունները, որոնք անդրադարձել են երկրում կատարվող ներքաղաքական իրադարձություններին:
Ապրիլի 21-ի առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը
հայտարարություն տարածեց, որով կոչ արեց Նիկոլ Փաշինյանին անհապաղ դադարեցնել ցույցերը
և նստել երկխոսության սեղանի շուրջ. «Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից
բացի, այս երկրում ապրում, սովորում, աշխատում և հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ
Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության
և հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով:
Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր
Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ»:
Ապրիլի 21-ին մի շարք մշակութային գործիչներ և գիտության
ոլորտի ներկայացուցիչներ շնորհավորական նամակ ուղարկեցին Սերժ Սարգսյանին, որտեղ իրենց
զորակցությունն էին հայտնում նրան՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, ժողովրդի
բարեկեցության և անվտանգության ապահովման գործում: Ապրիլի 21-ի առավոտյան բողոքի երթերը
վերսկսվեցին Վաղարշապատ և Ապարան քաղաքներում: Ապարան քաղաքի բազմաթիվ բնակիչներ հավաքվեցին
«Գնթունիք» խանութի դիմաց և փակեցին Երևան-Սպիտակ ավտոճանապարհը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին
պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը հրահանգել էր մեծ բեռնատարներով փակել Երևան-Էջմիածին
ավտոճանապարհը՝ ցանկանալով կանխել Էջմիածին քաղաքից ավտոմեքենաներով դեպի Երևան գնացող
քաղաքացիների երթը: Ապրիլի 21-ի կեսօրին բողոքի գործողություններ տեղի ունեցան Երևանի
հարավարևմտյան թաղամասում, որտեղ ցուցարարների վրա էին հարձակվել ՀՀԿ անդամ, օլիգարխ
և ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնազորի անդամները: Նրանք երիտասարդ ցուցարարներին
ծեծելով հեռացնում էին փողոցներից:
Ապրիլի 21-ին բողոքի գործողություններ տեղի ունեցան ՀՀ բոլոր
բնակավայրերում: 2018թ. ապրիլի 22-ի առավոտյան մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին
բողոքի գործողությունները: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի
միջև տեղի ունեցավ հրապարակային հանդիպում: Սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ
Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից և վերադառնալ օրինականության
դաշտ: Իր հերթին, Փաշինյանը կրկնում էր, որ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի
և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Սերժ Սարգսյանը հեռացավ հանդիպման
մեկնարկից 5 րոպե անց՝ ասելով, որ Փաշինյանը դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից:
Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության
հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի
փողոցի վերջնամասում ձայնային հատուկ միջոցներ կիրառեցին և ձերբակալեցին բողոքի ցույցերի
մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդհարումից
հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում՝ բողոքի գործողությունները
սկսվեցին առավել մեծ մասշտաբով: ՀՀ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեցին հարյուրավոր
քաղաքացիներ: Բողոքող քաղաքացիները տարբեր բնակավայրերում օրվա ընթացքում իրականացրին
բազմահազարանոց երթեր, փողոցների և ճանապարհների արգելափակում: Կեսօրից հետո ՀՀ մարզերից
սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ: Երեկոյան Երևանում
և այլ խոշոր քաղաքներում տեղի ունեցան բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանի Հանրապետության
հրապարակում հանրահավաքին մասնակցում էր ավելի քան 160.000 քաղաքացի:
Ապրիլի 22-ին ժամը 14:00-ից բողոքի գործողություններ մեկնարկեցին
Ստեփանավանում: Ցուցարարները փակեցին Վրաստանի սահման-Ստեփանավան-Երևան ավտոմայրուղին՝
պահանջելով ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին: Հարյուրավոր քաղաքացիներ էին
մասնակցում քայլերթին: Ստեփանավանի հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել
էին քաղաք տանող մայրուղիները: Երկու կողմից էլ մեքենաների կուտակումներ էին առաջացել,
սակայն վարորդները չէին դժգոհում ու ազդանշաններով աջակցում էին ցուցարարներին: Ակցիայի
ժամանակ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ցուցարարներին հորդորեց դադարեցնել
ակցիան. «Ամեն ակցիա կարելի է անել ճիշտ ու սիրուն ձևով, ոչ թե սումբուրնի… Դրա համար
օրենք կա, կարգ կա, կանոն կա և ազգի թասիբ պահել կա: Ոչ թե ազգին խայտառակ անել: Սա
ազգին խայտառակ անել է սաղ աշխարհի դեմ»: «Մենք մեր քաղաքապետին շատ ենք սիրում, բայց
չենք դադարելու բողոքել»,- նկատեց ակցիայի մասնակիցներից մեկը:
2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային
գործողություններին անդրադարձան ԱՄՆ Պետական քարտուղարությունը, «Human Rights
Watch» կազմակերպությունը:
Ապրիլի 22-ին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությամբ
հանդես եկավ ԵՄ-ն. «Հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով և օրենքի
համաձայն՝ համընդհանուր և հիմնարար ազատություն է»: Ըստ Արտաքին գործերի և անվտանգության
քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա
Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչի՝ ԵՄ-ն ակնկալում էր, որ ՀՀ իշխանություններն
ամբողջությամբ կհարգեն այդ իրավունքը և կապահովեն օրենքի իրացումն արդար ու համաչափ
կերպով, Հայաստանի միջազգային պարտավորությունների,այդ թվում՝ Մարդու իրավունքների
և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ «Բոլոր
այն անձինք, որոնք բերման են ենթարկվել իրենց հավաքների ազատության իրավունքն իրացնելիս,
օրենքին համաձայն պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այնուամենայնիվ, հուսահատեցնող ու
անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը»,- ասաց Կոչիյանչիչը: Ըստ Եվրամիության՝
չափազանց կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը պատասխանատվություն և զսպվածություն
ցուցաբերեն: Իրավիճակի արագ և խաղաղ հանգուցալուծման կոչ արեց նաև ՀՀ նախագահ Արմեն
Սարգսյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 23:00-ին, մայրաքաղաք Երևանի բարձրահարկ
շենքերի բազմաթիվ բնակիչներ բացեցին իրենց բնակարանների պատուհանները և կաթսաներով
ու շերեփներով «հնչեցրին» Սերժ Սարգսյանի վերջին «զանգը»: Ֆլեշմոբի դուրս եկած կանայք
նաև վանկարկում էին՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին»: Ստեղծված աղմուկով կանայք իրենց
բողոքն էին արտահայտում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:
2018 թվականի ապրիլի 23-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետությունում
վերսկսվեցին բողոքի միջոցառումները Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: Դրանք տոտալ բնույթ
էին կրում՝ ընդգրկելով մայրաքաղաք Երևանի, բոլոր քաղաքների ու գյուղերի ոչ միայն չափահաս
քաղաքացիներին, այլև նույնիսկ ամենածայրամասային բնակավայրերի դպրոցահասակներին:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:15-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը
հայտարարեց իր հրաժարականի մասին.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին
և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ
աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական
անվտանգությունը տղամարդու
պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,
դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական
բոլոր ուժերին և գործիչներին։
Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը
ճիշտ էր։ Ես սխալվեցի։
Ստեղծված իրավիճակն
ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի
վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման
դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Շնորհակալ եմ»։
Սերժ Սարգսյանի հրաժարականից
հետո բոլոր քաղաքական ուժերը և քաղաքական գործիչները հանդես եկան հայտարարություններով:
ՀՀ վարչապետի ընտրությունների ժամանակ, մեծ մասամբ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած և
ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների թվով երկրորդ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Համաժողովրդական զարթոնքի այս
պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը:
Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը»:
ՀՀԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունների
մեջ գտնվող «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի
հրաժարականից հետո հայտարարեց, որ ինքը պատրաստ է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և
քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի
ղեկավարած արտախորհրդարանական «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Սերժ Սարգսյանի
հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ նշեց, որ շնորհավորում է «Հայաստանի
ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրան անխուսափելիորեն հետևող՝ քրեաօլիգարխիկ
համակարգի փլուզման կապակցությամբ: Տարիներ շարունակ մղվող պայքարը վերջապես պսակվեց
հաջողությամբ՝ դուռ բացելով երկրում ժողովրդավարության հաստատման համար: Սա կարևորագույն,
սակայն ընդամենը առաջին քայլն է: Այսօրվանից սկսած՝ բոլորս այլ Հայաստանում, և նույն
հետևողականությամբ ու ոգեշնչմամբ մեր հասարակությունը պետք է լծվի նոր, ժողովրդավարական
հայրենիքի կառուցման գործին: Ներկա պահի գլխավոր խնդիրը պետության կառավարելիության
և իշխանության սահուն փոխանցման ապահովումն է»:
Սերժ Սարգսյանի վարչապետությունը
սատարող ՀՅԴ կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարում է. «Հայ
Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու է իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության
ձևավորման համար: Սկսված գործընթացի հաջողության հիմնական գրավականը մեր քաղաքացիների,
հատկապես երիտասարդ սերնդի ակտիվությունն է: Շատ կարևոր է ապահովել հաջորդ հանգրվանի
հաջողությունը: Պետք է շարունակել ժողովրդային շարժման բացառապես խաղաղ բնույթը՝ զուգահեռաբար
հաշվի առնելով երկրում բնականոն կյանքի հաստատման անհրաժեշտությունը: Ժողովրդային շարժումը
պետք է շարունակի թույլ չտալ որևէ արտաքին միջամտություն մեր ներքին կյանքին և պայմաններ
ապահովի առկա խնդիրները քաղաքական դաշտում լուծելու համար»:
Հայաստանյան իրադարձությունների
վերաբերյալ «Սասնա Ծռեր» կազմակերպության անունից հայտարարություն տարածեցին բանտում
գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանց կոչում ասված էր. «Անհուն հպարտությամբ
ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։
Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին
ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն
ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային
երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։ Ողջունում ենք նաև զինվորականներին,
որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։
Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում
մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։ Հատուկ ողջույն
ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին,
Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն
Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։ Դուք կարողացաք շարժել համայն
հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ
Հայրենիքի ու պետականության։ Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային
վերածննդի օր»:
ՀՀ-ում ներքաղաքական իրադարձությունների
և ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ուղերձ է հղել ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի
փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը «… և
կոչ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն
տալ երկխոսությանը: Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում կոչ եմ անում շարունակական
հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում
ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ»:
Ապրիլի 23-ի երեկոյան, Սերժ
Սարգսյանի հրաժարականից հետո, ՌԴ արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան
հայտարարեց. «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու
ու պահպանելու երազանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասություններին, հզոր
ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
Սերժ Սարգսյանի հրաժարականից
հետո, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիի նույն օրվա հայտարարության
մեջ մասնավորապես ասված էր. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանի իրավիճակին
երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ես ի գիտություն եմ ընդունել
տեղեկությունը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: ԵԱՀԿ խորհրդարանական
վեհաժողովն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն
ճանապարհին: Ես կրկին կոչ եմ անում հանդարտության, կոչ եմ անում բոլոր կողմերին պատասխանատու
գործողությունների՝ ի շահ բոլոր հայերի»:
Ապրիլի 23-ի կեսօրին, ՀՀ վարչապետի
պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ըստ գործող սահմանադրության,
վարչապետի պաշտոնը զբաղեցրեց առաջին փոխվարչապետ, ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը: Հրաժարականից
մի քանի ժամ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նախարարներ նշանակեց: Նույն օրը ՀՀ
նոր կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության նիստ հրավիրեց:
2018 թվականի ապրիլի 24-ի առավոտյան
հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հայոց ցեղասպանության հուշահամալիր
կատարած այցելության ժամանակ իշխանության և նրան սատարող ուժերի ներկայացուցիչները
հանդիպեցին լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում իշխանության ներկայացուցիչները հայտարարություններով
հանդես եկան Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, իսկ որոշ գործիչներ
լրագրողների հարցերին արձագանքեցին ագրեսիվ վարքով կամ ընդհանրապես չցանկացան պատասխանել:
Հայաստանում ապրիլի 24-ին տեղի
ունեցած իրադարձություններին անդրադառնալով՝ ԱՄՆ պետական քարտուղարությունը հայտարարեց,
որ «առաջիկա օրերը պատմական պահ են Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված ղեկավարների համար,
քանի որ նրանք նոր կառավարություն ձևավորելու գործընթաց են սկսում: Հորդորում ենք բոլոր
կողմերին՝ այդ գործընթացում ներգրավվել կառուցողական կերպով, Հայաստանի սահմանադրության
շրջանակում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը և հավատարիմ մնալ օրենքի գերիշխանությանը:
Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդի ներգրավումը երկխոսությունում՝
հանուն ժողովրդավարական և խաղաղ միջոցներով ինքնիշխան ապագա կերտելու: Ակնկալում ենք
սերտորեն աշխատել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընդհանուր
հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում»:
ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ
Սարգսյանի հրաժարականից հետո վերջինիս իշխանության դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիների
կողմից ՀՀԿ անդամների, նրանց սատարող ուժերի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների
նկատմամբ հաշվեհարդարի կոչեր հնչեցին: Որոշ շրջանակների կողմից կազմվեցին այն մարդկանց
ցուցակները, որոնք պետք է պատժվեին:
Ապրիլի 24-ի կեսգիշերին «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ապրիլի
25-ի առավոտյան Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը չի կայանա, քանի որ իրենց
կողմից առաջադրված պահանջները չեն բավարարվել: Նա հայտնեց, որ բանակցությունները կարող
են տեղի ունենալ միայն իշխանության խաղաղ փոխանցման, ԱԺ արտահերթ ընտրությունների կայացման
հարցերի շուրջ, իսկ իշխող ՀՀԿ կուսակցությունը չպետք է ներկայացված լինի անցումային
կառավարությունում:
Նույն օրը կեսգիշերին Նիկոլ
Փաշինյանի հետ հանդիպեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ լրատվամիջոցների
հրապարակումների՝ նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական խնդիրները: Այդ հանդիպումից
հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ հեռարձակված տեսաուղերձում հայտարարեց, որ եթե իրեն չզանգահարեն
Հանրապետական կուսակցության ղեկավարությունից, ապա իրենք վաղ առավոտից սկսելու են բողոքի
գործողությունները: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ իր հանդիպումը պետք
է լինի 3+3 ձևաչափով, որին իշխող կուսակցությունից պետք է մասնակցեն Կարեն Կարապետյանը,
Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը, իսկ օրակարգում պետք է լինի բացառապես իշխանության
խաղաղ փոխանցման հարցը: Բանակցային գործընթացը պետք է լուսաբանվեր այնպես, ինչպես լուսաբանվել
էր իր և Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Չեղարկված բանակցությունների
վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ կուսակցության խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը
հայտարարեց, որ բանակցությունները չեն կայանալու, քանի որ Նիկոլ Փաշինյանի առաջադրած
պահանջները՝ հանդիպման ձևաչափը, օրակարգը և լուսաբանման ձևը անընդունելի են իրենց համար:
Նա հայտնեց, որ իրենք չեն գնա հանդիպման, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իշխանությունների
կողմից մասնակցող անձանց ցանկ և հայտարարել, որ բանակցելու է բացառապես իր առաջարկած
օրակարգի շուրջ:
Հայկական «թավշյա հեղափոխությունը»
դրական արձագանքներ ու աջակցություն ստացավ աշխարհասփյուռ հայության կողմից: Հատկապես
ակտիվ էին ամերիկահայ, ֆրանսահայ, իսպանահայ համայնքները: Բողոքի ցույցերի առաջին իսկ
պահերից ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետևում, մեկնաբանում և իր աջակցությունն
էր հայտնում պայքարի դուրս եկած երիտասարդներին: Աշխարհահռչակ երաժիշտը և ևս 4 սփյուռքահայ
արվեստագետներ՝ Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը և Էրիկ Նազարյանը համատեղ
կոչով հանդես եկան և իրենց համերաշխությունը հայտնեցին Հայաստանում սկսված շարժմանը՝
այն որակելով ժողովրդավարական գործընթացի հստակ հաղթանակ: Ֆրանսահայ շանսոնյե Շառլ
Ազնավուրը, որը բազմիցս է կոշտ քննադատել Հայաստանի իշխող վարչակազմին, բողոքի ակցիաների
մեկնարկից 4 օր անց՝ ապրիլի 21-ին, հանդես եկավ հայտարարությամբ՝ կողմերին երկխոսելու
կոչ անելով: «Թեև հեռու եմ, բայց սիրտս Հայաստանում է: Շատ մտահոգ եմ ստեղծված իրավիճակով
և կոչ եմ անում բոլոր կողմերին նստել բանակցային սեղանի շուրջ, լուծում գտնել՝ բռնությունից
խուսափելու համար»:
Քարդաշյանների ապրիլքսանչորսյան
ավանդական թվիթն այդ տարի ոչ թե ցեղասպանության, այլ հայաստանյան ներքաղաքական զարգացումների
մասին էր: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի
հրաժարականի հաջորդ օրը գրեց. «Որքան ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է ողջ հայությունը
համախմբվում խաղաղ ցույցերի շուրջ և փոփոխությունների հասնում»: Հայկական ծագումով
աշխարհահռչակ մարզիկները հիմնականում նախընտրեցին չանդրադառնալ հայաստանյան ներքաղաքական
զարգացումներին, նույնիսկ նրանք, ովքեր սիրում են ընդգծել իրենց հայկական արմատները,
ինչպես օրինակ՝ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, նրա նախկին թիմակից Ալեն Բոգոսյանը,
արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Ամերիկյան երգչուհի Շերը, որը հաճախ է խոսում
հայոց ցեղասպանության մասին, քաղաքական գործընթացների մասին լռեց: Մինչդեռ լոնդոնյան
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր անց հայտարարեց,
թե հպարտ է, որ հայ է:
Երևանում ծնված ռուսաստանցի
քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հայտնի մեկնաբանությունը կայծակնային արագությամբ տարածվեց
համացանցում՝ հերթական անգամ դառնալով հայաստանցիների զայրույթի պատճառ: «Այդ տականքը,
այդ կեղտը թելադրելու է, թե ով և ինչպես ապրի երկրում: Խայտառակություն, ես ամաչում
եմ, որ հայ եմ»,- այս խոսքերը ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանին հասցեագրեց Կրեմլի քարոզիչներից
մեկը համարվող Միհրանյանը: Ռուսաստանյան ամենախոշոր մեդիահոլդինգներից մեկի ղեկավար
Արամ Գաբրիելյանովը Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացը բնութագրեց
որպես աշխարհաքաղաքական փոփոխություն. Փաշինյանի մասին խոսելիս էլ թույլ էր տալիս անպարկեշտ
արտահայտություններ. «Ծաղրածուն դեռ իշխանության չեկած՝ ամերիկյան փողերով աշխատող
հայաստանյան լրատվամիջոցներն սկսել են հակառուսական քարոզչությունը: Այնպես որ ծաղրածու
Փաշինյանի խոսքերը Ռուսաստանի հետ բարեկամության մասին ծխածածկույթ են»:
«Թավշյա հեղափոխության» ժամանակագրությունը
ի մի բերելով՝ փաստենք, որ հեղափոխության կազմակերպիչները, համակարգված վերլուծելով
ՀՀ ժողովրդավարական անցման գործընթացի առանձնահատկությունները և հիմք ընդունելով քաղաքական
զարգացման ճգնաժամերի երկարատևությունը, այն իրականացրել են Ջին Շարփի ոչ բռնի պայքարի
ձևերի և «փափուկ ուժի» տեխնոլոգիաների համադրմամբ:
Հեղափոխությունը Հայաստանում
հաղթեց՝ պայմանավորված քաղաքական գործընթացների հետևյալ առանձնահատկություններով.
1.Քաղաքական գործընթացը ՀՀ-ում
ի սկզբանե չի ուսումնասիրվել որպես ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ սուբյեկտների
վարքագծի ժողովրդավարացման և ինստիտուտների գործառնության, ինչպես նաև քաղաքական տարածության
դինամիկ փոփոխությունների խաղային ամբողջություն: Մինչդեռ անհրաժեշտ էր համեմատական
քաղաքագիտության և անցումագիտության շրջանակներում կատարել կուտակված փորձարարական
նյութի համակողմանի վերլուծություն՝ հաշվի առնելով՝
·մասնակի արդիականացման մեջ հայտնված հայ հասարակությանը նետված
մարտահրավերներին գիտավերլուծական հարացույցի միջոցով պատասխանելու հնարավորությունները:
Իսկ դա ենթադրում էր արագացված փոփոխություններ իրականացնող վարչակազմի կողմից շարունակական
բարեփոխումների ռազմավարության մշակում՝ կարիքի, արդյունքի, ապագայի կառավարման իմաստով
· այն հանգամանքը, որ Հայաստանում սոցիալական և քաղաքական ինստիտուտների
կերպափոխությունների մեխանիկական նույնականացման և շարժունակության արագությունը շատ
մեծ էր, ինչն էլ թույլ չտվեց ժողովրդավարության որակ ապահովել
2.Քաղաքականությունը վերահսկելու
և քաղաքակրթելու կոչված քաղաքացիական հասարակության ինստիտուտներն արդյունավետ չէին
կատարում իրենց գործառույթները: Այս պայմաններում նպատակների և քաղաքական գործողությունների
հարցում քաղաքականության սուբյեկտների միջև բացակայում էր փոխզիջումը, բացի այդ, կար
կոշտ հակադրություն: Այդ պատճառով էլ բարձր էր ինստիտուցիոնալ կարգի անարդյունավետության
և քաղաքական դերերի համատեղման ու մարգինալ փոխակերպման մակարդակը:
3.Քաղաքական գործընթացում մասնակիցների
բազմազանությունը թվացյալ էր, քանի որ իրական դերերն ու քաղաքական գործառույթները բավականաչափ
սահմանափակ էին: Երկրի ավելի քան 100 քաղաքական կուսակցություններ իրենց ֆունկցիոնալ
հնարավորություններով ձևականորեն էին արտահայտում հանրային շահերը:
4.Հայաստանում քաղաքական գործընթացի
առանձնահատկություններից էր նրա մասնակիցների միջև անվտանգության սկզբունքների ինտեգրման
բացակայությունը, ինչը հետևանք էր նաև ընդհանուր հաղորդակցության համակարգի թատերականացվածության:
Այս առանձնահատկության հիմքում ակտիվ քաղաքական ոճն է՝ կազմված կառավարության կողմից
հասարակությանը պարտադրվող նորամուծություններից: Պետության ակտիվ դերը ինչպես խնդիրների
ձևավորման, այնպես էլ տարբեր խմբերի շահերի հարկադրված ինտեգրման պարագայում բացատրվում
է հասարակության մշակութադավանաբանական, սոցիալական և քաղաքական բևեռացումով: Դրանով
իսկ իշխանական կառույցները քաղաքականության սուբյեկտների վարքը դարձրել էին կանխատեսելի:
«Իշխանություն-հասարակություն» փոխգործակցման ժամանակ քաղաքական նախաձեռնությունը պատկանում
էր միայն պետությանը, քանի որ վերջինս իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանությունը և
իշխանական հարաբերություններում տեղ ու դեր ունենալու բոլոր պաշարները:
5.Կառավարող վերնախավի ձեռքում
քաղաքական իշխանության և բնական պաշարների չափազանց մեծ կենտրոնացումը կոնտրէլիտային
և ընդդիմությանը դրդում էր նախագծելու հեղափոխական շարժում: Կառավարող էլիտայի և կոնտրէլիտայի
սուր դիմակայությունը մշակութաքաղաքական բևեռվածության հետևանք էր, որի տարբեր խմբերը
ֆորմալ կողմնորոշվում էին դեպի ինչպես ազատական, այնպես էլ ավանդական արժեքները: Այս
երկվության պայմաններում կառավարող էլիտայի և կոնտրէլիտայի կողմնակիցների ինտեգրումը
տեղի է ունենում ոչ թե իրատես, այլ զգացմունքային և խորհրդանշական հիմքով (լիդերների
իմիջի, խորհրդանիշների և այլնի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի):
6.Կառավարող էլիտան, մենաշնորհելով
քաղաքական գործընթացի կառավարումը, ընդդիմությանը հնարավորություն տվեց մշակելու և
կիրառելու զանգվածների գիտակցությունը հեղափոխականացնող տեխնոլոգիաներ:
7.Հայաստանի «մասնակի արդիականացման»
սցենարը հասարակության մեջ բազում կառուցվածքային ճեղքվածքներ առաջացրեց: Այդ հենքի
վրա փոխհամաձայնեցված խմբիշխանության արժեշահային համակարգը նպաստեց մարգինալ քաղաքական
շուկայի ձևավորմանը: Ընդ որում, անհատական և խմբային նույնականացման, ավանդական սոցիալական
կապերի և ձևերի խզման հետևանքով հասարակության մեջ պահպանվող ու ահագնացող մարգինալացումը
մեծացրեց քաղաքական փոխազդեցության զգացմունքային և խորհրդանշական գործոնների նշանակությունը:
Ըստ այդմ էլ՝ մասնակի արդիականացող Հայաստանում քաղաքական գործունեությունը սկսեց դիտարկվել
որպես ձեռնարկատիրություն, որը ենթադրում էր ոչ միայն նորարարություն և կարողունակություն,
այլև քաղաքական բլեֆ: Այստեղից էլ՝ քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման հոգեբանական
և բարոյական իրավահաջորդության խնդիրը: Այն ընկալվեց ոչ թե որպես ազգային ինքնության
բնականոն արդիականացման, այլ «ոչ լավ կառավարման» հետևանքով առաջացած «սպասումների
հիասթափությունը» երիտասարդության օգնությամբ հաղթահարելու կարգաստեղծ գործընթաց:
Նյութի աղբյուրը՝ Մարիամ Մարգարյան- «Գունավոր հեղափոխություն. տեսություն և տեխնոլոգիաներ»
Comments
Post a Comment