Մարգինալությունը՝ որպես ժողովրդավարական անցման որակական բնութագրիչ. մարգինալ մարդը՝ «գունավոր հեղափոխությունների» կրող և արարող
ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած հետխորհրդային հանրապետություններում
մեկնարկած ժողովրդավարական անցման գործընթացում գլխապտույտ արագությամբ անցյալի գիրկն
անցան յուրօրինակ «կամրջի» դեր կատարող սոցիալական կապերը: Ավելին, բազմամակարդակ արմատականմ
բարեփոխումների հետևանքով կազմաքանդվեցին հասարակական բոլոր կառուցվածքները, սոցիալական
հարաբերությունները կարգավորող ինստիտուտները, իսկ սոցիալական խմբերն ու անհատները
հայտնվեցին սահմանային՝ մարգինալ իրավիճակում: Անորոշությունը, անվստահությունը, տագնապն
ու վախը, հոռետեսական տրամադրությունները, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, սպասումների
հիասթափությունը, տարաբնույթ սթրեսները, արկածախնդրությունը և օգտապաշտությունը հանգեցրին
հասարակության գրեթե բոլոր շերտերի մարգինալացման: Ավելին, «Homo soveticus» մարդկային
տեսակի քայքայման հետևանքով մարգինալ խմբեր առաջացան ոչ միայն սոցիալական աստիճանահարթակի
ծայրամասերում, այլև ամենուր՝ ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտները: Որպես այդպիսին՝
այդ խմբերի ինքնաիրացումը և ինքնազարգացումը անհրաժեշտ ենք համարում դիտարկել անցումային
ժողովրդավարության փուլերի արդիականացմանը համընթաց: Առաջին փուլում զարգացման նոր
միտումները ծագում են հնի գերիշխանության պայմաններում: Երկրորդ փուլում առաջանում
է զուգահեռականություն, այսինքն՝ ամենուր ընթանում է գծային ազատականացում, իսկ հնի
և նորի պայքարում անկայունությունն ու սոցիալական ցնցումները հաջորդում են միմյանց:
Երրորդ փուլում նորը դառնում է գերիշխող, սկսում են գործել նոր կառուցվածքները: Սակայն
անշրջելի և արմատական փոփոխությունները հանգեցրին քաղաքական զարգացման ճգնաժամերի,
որոնց պարագայում պետության ինստիտուտը, մանիպուլացնելով հանրային շահը, սկսեց նպատակամետ
իրականացնել «սոցիալական պատասխանատվություն»՝ երկրում վաուչերային սեփականաշնորհման
հետևանքով ձևավորված կապիտալի համար: Այս գործընթացում և՛ քաղաքական, և՛ սեփականության
լեգիտիմության անտեսումից ձևավորվեց «վատ կառավարում», որը «ցավոք, սովորաբար ուղեկցվում
է էթնիկ և կրոնական տարբերությունների շահարկումով: Եթե քաղաքական գործիչները պատրաստվում
են վայելել միայն իշխանության բարիքները և փոխարենը ոչինչ չտալ, ապա ինչպե՞ս կարող
են նրանք աջակցություն ակնկալել իրենց դժբախտ քաղաքացիներից»: Մարգինալությունը դարձավ
և շարունակում է մնալ ժողովրդավարական անցման որակական բնութագրիչ, քանի որ ստեղծված
հասարակության կառուցվածքային արմատական փոփոխությունների, սոցիալական տեղաշարժերի,
ինչպես նաև արտակարգ իրավիճակների և տարաբնույթ ճգնաժամերի հաղթահարման նկատառումներով
արդեն մարգինալ դարձած մարդը իրականության պատրանքային գնահատմամբ փորձում է իր համար
նոր կարգավիճակ հաստատել: Փաստորեն, մարգինալությունը պայմանավորված է քաղաքական զարգացման
և արդիականացման գործընթացի արժեքաբանությամբ, որը կերպափոխում է քաղաքական մշակույթը,
քաղաքացիների սոցիո և էթնոմշակութային կարծրատիպերը, ձևավորում քաղաքական և քաղաքացիական
մտածողության ու վարքագծի նոր մոդելներ:
Գիտական գրականության մեջ մարգինալությունը հակոտնյա է սոցիալ-քաղաքական
կայունությանը, քանի որ մարգինալները իրականության իրենց պատրանքային ընկալումներով
չեն ընդունում կայունությունը որպես փոփոխություն և, շտապելով օգտվել իրենց իսկ ստեղծած
անկայունությունից, իշխանական բուրգը գրավելու հեռանկարով բեմադրում են «գունավոր հեղափոխություն»:
Օգտվելով տեղեկատվահաղորդակցական նոր տեխնոլոգիաների զարգացումից՝ նրանք սոցիալ-քաղաքական
ցանցերում ստանձնում են և՛ ադմինիստրատորի, և՛ պրովայդերի, և՛ մոդերատորի գործառույթները:
Այս բազմաչափությունն էլ նկատի ունենալով՝ նպատակահարմար
ենք համարում մարգինալությունն ուսումնասիրել հետևյալ տիրույթներում.
մարգինալ
է այն ամենը, ինչը գտնվում է ընդունված կառուցվածքների, նորմերի սահմաններից դուրս
· մարգինալ
է այն, ինչը գտնվում է երկու և ավելի իրողությունների միջակայքում
Այս երկու մոտեցումների միջև գոյություն ունեցող էական տարբերություններն
էլ առավել քան ակնհայտ են դարձնում այն, որ մարգինալությունը՝ որպես ժողովրդավարական
անցման որակական բաղադրիչ, անհրաժեշտ է ուսումնասիրել որպես համադրական երևույթ: Որպես
այդպիսին՝ մարգինալությունը ժողովրդավարացման գործընթացում մշտապես ուղեկցում է տարբեր
հասարակությունների, սոցիալական և էթնիկ խմբերի: Ահա թե ինչու ժողովրդավարական անցման
գործընթացներն ուսումնասիրող տեսաբաններ Լինցը, Օ՝Դոնելը, Շմիտերը, Կարլը, Պշևորսկին,
Հանդինգտոնը, Դալը, Ռաստոուն և այլք կարևորում են սոցիալական այն տարածությունները,
որտեղ առավել համակարգված գործունեություն են ծավալում մարգինալները՝ հարահոս կերպափոխելով
իրենց «ես»-ը նոր և հին արժեքների մերժման, հանդիպման, կերպափոխման և իրականությունը
հեղափոխականացնելու տիրույթներում:
Որպես ժողովրդավարական անցման որակական բնութագրիչ՝ մարգինալությունը
հիմնավորում ենք՝ նկատի ունենալով այս հասկացության բազմաշերտությունը: Դեռևս «Մեծ
ճգնաժամի» տարիներին, ԱՄՆ 32-րդ նախագահ Ռուզվելտի խնդրանքով ուսումնասիրելով մեծ քաղաքներում
գործազրկության և հանցագործության միջև կապը, Պարկը առաջին անգամ օգտագործեց «մարգինալ
մարդ» հասկացությունը: Ըստ նրա՝ մարգինալ կարելի է համարել երկու տարբեր մշակույթների,
սոցիալական կառուցվածքների սահմանագծում հայտնված այն մարդուն, որը լիարժեքորեն ներառված
չլինելով դրանցից որևիցե մեկի մեջ, իր արժեքային խառնածնությամբ անկայունության կրող
է: Ելակետային այս մոտեցմամբ էլ ժողովրդավարացման «երրորդ ալիքի» տեսաբանները մարգինալներին
դիտարկում են որպես «գունավոր հեղափոխություն» խաղի կրողներ և արարողներ: Արդի տեղեկատվահաղորդակցական
տեխնոլոգիաների զարգացման պայմաններում արմատապես կերպափոխել է սոցիո և էթնոմշակութային
տարաբնույթ նորմերի արդիականացման տրամաբանությունը և ստեղծվել է արժեշահային բազմաչափություն
ենթադրող նոր՝ վիրտուալ աշխարհ: Այս նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու
անձի սոցիալական դերակատարումը, քանի որ արմատական սոցիալական փոխակերպումները հաճախ
քաղաքական պատրանքի պատճառ են դարձել: Իսկ պատրանքը՝
·հասարակության,
ազգերի, սոցիալական խմբերի, անձի սոցիալ-հոգեբանական կարգավիճակ է՝ պայմանավորված հեղափոխական
միջոցներով կատարված քաղաքական հեղափոխություններով
· սոցիալական
իրականության զգայական ընկալում է, «Ես»-ի սպասումների, ակնկալիքների բավարարման և
ինքնաշահադրդման մեխանիզմ, որն ուղեկցվում է ցասումի, գրգռման, ապագայի զարգացման անորոշությամբ
պայմանավորված վախի զգացումով:
Արդյունքում մարգինալության տիրույթներում հայտնված անձը
ցանկանում է նախ պարզել, թե ինչ գործոնների ազդեցությամբ ինքը կարող է օգուտ ստանալ
այդ վիճակից՝ հաղթահարելով օտարվածությունը, սթրեսը, անոմիան, դառնալ պատրանքային փոփոխականի
դերակատար և ինքնորոշվել՝ բարձրացնելով սեփական «ես»-ի մրցունակությունը: Պարկի համար
գոյություն չունի երկու կամ ավելի սոցիալականություն: Սոցիալականությունը մեկն է, ուստի
դրանում տեղ չկա մարգինալության համար, քանի որ դրա առկայությամբ հնարավոր չէ ժողովրդավարական
համախմբում իրականացնել՝ պահպանելով շարունակական բարեփոխումների տրամաբանությունը:
Ելակետ ընդունելով Պարկի հայացքները՝ Սթոունքվիստը մարգինալ
մարդուն դիտարկում է որպես այնպիսի սոցիալական սուբյեկտ, որը, ճիշտ է, գտնվում է երկու
մշակույթների սահմանագծում, սակայն իր «ես»-ի ինքնության բնականոն արդիականացման նկատառումներով
հակված չէ երկխոսության: Արդյունքում «մշակութային խառնածնություն» կրող և արարող սոցիալական,
քաղաքական, հոգեբանական, ինտելեկտուալ և զգացմունքային պարբերական փոխակերպման մեջ
գտնվող մարգինալ մարդու վերաճումը քաղաքացու տևում է շուրջ 20 տարի: Այս նկատառումներով
Սթոունքվիստն ուսումնասիրել է մարգինալ մարդուց քաղաքացի դառնալու 3 փուլ:
Առաջին փուլում մարդը, աստիճանաբար յուրացնելով գերիշխող
խմբի մշակույթը, հրապուրվում է նրանով:
Երկրորդ փուլում մարգինալ մարդը հաջող կամ անհաջող փորձեր
է կատարում հարմարվելու բախումնային իրավիճակին: Հաջողության դեպքում նա դուրս է գալիս
մարգինալ վիճակից՝ դառնալով քաղաքացի, իսկ անհաջողության դեպքում օտարվում է իրականությունից:
Երրորդ փուլում մարդը գիտակցում է բախման տրամաբանությունը
և արագորեն փոխելով իրեն՝ ինքնորոշվում է:
Այս ճշմարտության իմացությամբ է, որ ժողովրդավարացման «երրորդ
ալիքի» տեսաբանները, կերպափոխվող հասարակություններում գծային ազատականացման հետևանքով
առաջացած անորակ ժողովրդավարություններից ազատվելու նկատառումներով, տարաբնույթ խռովությունների,
ըմբոստությունների, ահաբեկչությունների հորձանուտ են ներքաշում «գունավոր հեղափոխություն»
քաղաքական խաղի հիմնական դերակատարներին՝ մարգինալներին: Իսկ վերջիններս կերպափոխվելով՝
իրենց ձեռքն են վերցնում ղեկավարումը, կամ հակառակը՝ անցնում են հակահեղափոխության
շարքերը և նույնիսկ կարող են ղեկավարել այն:
Արդի դարաշրջանն իր տեղեկատվահաղորդակցական նորագույն տեխնոլոգիաներով
արմատապես կերպափոխել է սոցիո և էթնոմշակութային նորմերը և ստեղծել արժեշահային բազմաչափություն
ենթադրող նոր աշխարհ՝ հաճախ վիրտուալ ու պատրանքային: Այս նկատառումներով անհրաժեշտություն
է առաջացել վերանայելու անձի սոցիալական դերակատարումը, քանի որ արմատական կերպափոխությունները
հաճախ ֆրուստրացիայի պատճառ են դարձել, որի պայմաններում անկանխատեսելի ընթացք են ստանում
հարաբերական անկախության մեջ գտնվող անձի բազմաշերտ ու բազմաբովանդակ «ես» պատկերներն
ու վարքագիծը: Այդ համատեքստում մարգինալությունը համադրական բնույթ և էություն է ստանում,
որի տիրույթներում հայտնված անձը ցանկանում է նախ պարզել, թե էթնոմշակութային և սոցիոմշակութային
համակարգերն ինչպես են փոխհարաբերվում, ապա՝ ինչ գործոնների ազդեցությամբ ինքը կարող
է հաղթահարել օտարվածությունը, ֆրուստրացիաները, սթրեսը, անոմիան և օգուտ ստանալ այդ
վիճակից՝ ճոճվելով սոցիալական իրականությունում: Արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները
մարգինալ մարդուն հնարավորություն են տալիս ճկուն վարք որդեգրելու և արմատապես ընդարձակելու
իր սոցիալական դերակատարման տարածքը: Այդ արմատական սոցիալական փոխակերպումներն էլ
հաճախ քաղաքական պատրանքի պատճառ են դառնում և հնարավորություն տալիս մեծ թվով մարդկանց
հավատալու «գունավոր հեղափոխությանը» և մասնակցելու դրան: Քաղաքական պատրանքը, որպես
հասարակության, ազգերի, սոցիալական խմբերի, անձի սոցիալ-հոգեբանական կարգավիճակ, ենթադրում
է իրականության զգայական ընկալում և փոփոխություններ՝ առանց իրականության օբյեկտիվ
վերլուծության: Արդյունքում ցասումի, գրգռման, ապագայի զարգացման անորոշությամբ պայմանավորված
վախի զգացումով հագեցած մարդը ցանկանում է նախ պարզել, թե ինչ գործոնների ազդեցությամբ
ինքը կարող է օգուտ ստանալ այդ վիճակից՝ հաղթահարելով օտարվածությունը, սթրեսը, անոմիան,
և դառնալ պատրանքային փոփոխականի դերակատար: Ուստի «մարգինալ մարդը», ըստ իր ընդունակությունների,
տարաբնույթ դերեր ստանձնելու հնարավորություն ունի:
Մարգինալությունը արժեշահային համակարգի տրոհվածության, սոցիալական
բևեռվածության և էթնիկական խտրականության, անձի՝ իշխանության իրականացման ոչ ժողովրդավարական
մշակույթի պատճառով առաջացած օտարվածության, որպես քաղաքացի ինքնիրացվելու ուղիների
դերային անորոշության հետևանք է: Պատրանքային փոփոխությունների հորձանուտ ներքաշված
էթնիկական, սոցիալական, մշակութային, տնտեսական, քաղաքական մարգինալություն կրող և
արարող խմբերը, արագորեն փոխելով իրենց սոցիալական տարածությունը, անկայունություն
և անորոշություն ստեղծելով՝ սպառնալիք են ժողովրդավարության որակի և համախմբման համար:
Ժողովրդավարական անցման պայմաններում տարբերակելով մարգինալության
առաջացման արտաքին և ներքին պատճառները՝ կարծում ենք, որ այն տվյալ կերպափոխվող հասարակությունում
առկա ավանդական, մոդեռն և պոստմոդեռն արժեքներ կրող սոցիալական խմբերի միջև թույլ արտահայտված
սոցիալական երկխոսության և պատասխանատվության, սերունդների համերաշխության, իշխանության
իրականացման ցածր մշակույթի և անհանդուրժողականության արդյունք է:
Մարգինալությունը դիտարկելով որպես արտագաղթի, մշակութային
խառնածնության, աղքատության ու գործազրկության, քաղաքական իրավազրկության, բազմաչափ
կերպափոխումների հետևանք՝ Պարկը գրում է. «Անկասկած, բոլորի կյանքում էլ ճգնաժամեր
կան, սակայն անհրաժեշտ է տարբերակել այն ճգնաժամերը, որոնք ապրում են ուրիշ երկրներում
բախտ փնտրող արտագաղթածները: Միևնույն ժամանակ, ճգնաժամեր կարելի է ունենալ սեփական
երկրում՝ լինելով գործազուրկ, օտարված և հանրության կողմից մերժված, մարգինալ մարդ,
որը ոչ միայն չգիտի, թե ինչպես վարվել իր ժամանակի հետ, այլև՝ ինչպես հարաբերություններ
ստեղծել այն տարածքներում, որտեղ ինքը կարող է ինքնադրսևորվել»: Ճիշտ է, մարգինալ մարդու
կերպարը վերլուծելիս Պարկը կարևորում է նրա հոգեբանական տիպը, սակայն մարգինալության
իր հայեցակարգը Պարկը պայմանավորում է իշխանության իրականացման որակով: Ուշադրություն
դարձնելով այս հանգամանքին՝ Շիբուտանին մշակում է մարգինալության հատկանիշների համակարգ,
որի համաձայն՝ մարգինալ են արդարության հիվանդագին զգացում և ամբիցիաներ ունեցող մարդիկ,
որոնք գիտակցորեն իրենց զատում են շրջապատից՝ ցանկանալով գերիշխել նրա վրա:
Ըստ ամերիկացի տեսաբան Մանչինիի՝ մարգինալությունն անհատի
զբաղեցրած ստատիկ և դինամիկ վիճակների արդյունք է: Եթե առաջինը որոշակի մշակութային
և սոցիալական կառուցվածքում զբաղեցրած դիրքով է պայմանավորված, ապա երկրորդը կապված
է անհատի նոր դերակատարում ստանձնելու գործընթացի հետ: Հենց այս հանգամանքն էլ նկատի
ունենալով՝ կարող ենք փաստել, որ մարգինալ մարդը, լինելով բազմաչափ արժեշահային համակարգի
կրող, վերջինիս կերպափոխման գործընթացում տարաբնույթ դերեր ստանձնելու և խաղալու հնարավորություն
ունի: Ասվածը կարող ենք հաստատել՝ ելակետ ընդունելով Մանչինիի առաջարկած այն դրույթները,
որոնց համաձայն՝ մարգինալությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է հաշվի նստել անձի՝
որպես դերակատարի ընդունակությունների հետ՝ հնարավորինս ընկալել, արժևորել իրականությունը
և պատրաստ լինել ֆունկցիոնալ փոփոխության: Իսկ Օլշանսկու կարծիքով, «Հաճախ մարգինալությունը
նշանակում է սոցիալական ենթախմբերի ներկայացուցիչների գիտակցության և վարքագծի գծերի
համախումբ, որոնք այս կամ այն հանգամանքների պատճառով ի վիճակի չեն ինտեգրվելու մեծ
ռեֆերենտային հանրույթներում»:
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ մարգինալությունը
սոցիալ-քաղաքական արմատական փոփոխությունների ժամանակ արժեշահային համակարգի վերագնահատման
բազմաչափության, սոցիալական բևեռվածության և էթնիկական խտրականության, անձի օտարվածության,
ինքնահաստատվելու այլընտրանքային ուղիների դերային անորոշության արդյունք է: Իրավիճակով
պայմանավորված ներքին և արտաքին արմատական փոփոխությունները, մարտահրավեր նետելով սոցիալական
«ես»-երին, մղելով նրանց մարգինալության տիրույթ՝ թաքուն կողմնորոշվելու և դիրքավորվելու
հնարավորություն են տալիս: Դա էլ անկանխատեսելի է դարձնում քաղաքական զարգացման գործընթացում
նրանց ստանձնած դերի իրատեսության մակարդակը: Որպես այդպիսին՝ վերջինս հետևանք է՝
·ռեֆերենտային
խմբում անձի ինտեգրվելու կամ սպասված կարգավիճակ ունենալու անհաջողության՝ «սպասումների
հիասթափության»
· սոցիալական
դերերի իրականացման ժամանակ առաջացած անհանդուրժողականության
· սոցիալական
խմբերի՝ մարգինալ իրավիճակում իրականացրած այնպիսի գործունեության, որը չի համապատասխանում
նրանց սոցիալական ամբիցիաներին
Վերոշարադրյալը թույլ է տալիս հիմնավորել, որ արդարացված
է մարգինալությունը՝ որպես ժողովրդավարական անցման որակական բնութագրիչ դիտարկելու
մեր մոտեցումը: Այն նախ թույլ է տալիս պարզել «ներքևից» հեղափոխական ապակառուցողական
հետևանքները հասարակության համար, երկրորդ՝ բացահայտել հասարակության մեջ տեղի ունեցող
քաղաքական զարգացումների որակը, երրորդ՝ հստակեցնել այդ գործընթացում ավանդական և մոդեռն,
ինչպես նաև պոստմոդեռն արժեքների բախումից կամ հակադրությունից առաջացած խնդիրները:
Մարգինալությունը հասարակության արժեշահային համակարգի բազմաչափ
կամ կետային տրոհվածության այնպիսի համադրական երևույթ է, որը, մեծացնելով քաղաքական
գործընթացի անորոշությունները, հնարավորություն չի տալիս հասարակությանը համախմբվելու
հանուն ժողովրդավարական կայունության և ազգային անվտանգության: Ակնհայտ է, որ մարգինալությունը՝
որպես համադրական երևույթ, կոնկրետ սոցիալական իրականությունում գտնվող ինքնահաստատման,
ինքնադրսևորման, ինքնաիրացման ձգտող «ես»-երի առկայության արդյունք է: Առանց այդ «ես»-երի
հասարակությունը մի կողմից դժվարությամբ կհաղթահարի քաղաքական համակարգի արդիականացումը,
մյուս կողմից անհնարին կլինի ժողովրդավարական կայունություն ապահովելը: Ուստի սոցիալական
և մշակութային մարգինալության տիպերի դրսևորման առանձնահատկություններն անհրաժեշտ է
դիտարկել ժողովրդավարության որակի համակարգային հաստատման տիրույթում:
Սոցիալական մարգինալությունը ձևավորվում է հեղափոխական կերպափոխությունների
գործընթացում առաջացած արժեշահային այն նոր սահմանագծում, որն արմատապես փոխում է անձերի,
սոցիալական խմբերի ու հանրույթների կարգավիճակը: Հեղափոխական փոփոխությունների հորձանուտ
ներքաշված էթնիկական, սոցիալական, մշակութային, տնտեսական, քաղաքական մարգինալություն
կրող և արարող խմբերը, արագորեն փոխելով իրենց սոցիալական տարածությունը, ոչ միայն
անկայունություն, այլև անորոշություն են ստեղծում քաղաքական զարգացման գործընթացում:
Որպես համադրական երևույթ՝ մարգինալությունը հատուկ է բոլոր հասարակություններին, սակայն
այստեղ որոշիչն այն համընդհանուր արժեքների առկայությունն է, որոնց օգնությամբ ընդարձակվում
է հանրային և քաղաքական կառավարման սոցիալական բազան: Խորհրդային տարիներին մարգինալ
էին համարվում սոցիալական այն խմբերը, որոնք, լքելով գյուղը, թեև ստանում էին մասնագիտական
կրթություն, սոցիալական կարգավիճակ, հանրային ճանաչում և անդամագրվում էին բազմազգ
համամիութենական կառույցներին, սակայն մտածողությամբ մնում էին գեղջուկ: Մյուս կողմից,
հանուն քաղաքական կայունության, սոցիալիստական պետությունը նման գործընթացներում սակավ
մասնակցություն ունեցողներին հնարավորություն էր տալիս օգտվելու սոցիալական ֆոնդերից՝
ստանալով նաև ժամանակի պահանջներին համահունչ մրցունակ կրթություն: Մինչդեռ ազատականության
արժեշահային համակարգի հաստատման նկատառումներով տեղի ունեցող կերպափոխման գործընթացները,
նեղացնելով սոցիալական հենքը, մեխանիկորեն դուրս են մղում բոլոր նրանց, ովքեր չկողմնորոշվելով
ազատ շուկայական հարաբերությունների շրջանակներում կերպափոխվելու բազմաչափ գործընթացում,
օտարվում են սոցիալական իրականությունից և մղվում չնորմավորված վարքագծի հորձանուտ:
Այս նկատառումներով ուշագրավ է Սորոկինի այն մոտեցումը, որը մարգինալությունը դիտարկում
է հանցավորության և սոցիալական կյանքի այլ բացասական երևույթների համատեքստում: Անկասկած,
մարգինալությունը զարգացած և զարգացող հասարակություններում հանցագործություն ծնող
պատճառներից մեկն է, սակայն միջմշակութային և միջսոցիալական բազմաչափ տարածություններում
էականը ոչ այնքան նշված երևույթների փոխկապակցվածության աստիճանի վիճակագրությունն
է, որքան այն վերացնելու մերիտոկրատական էլիտայի կամքը:
Մշակութային մարգինալությունը անհատի, խմբի, հանրույթի այնպիսի
վիճակ է, երբ նրանք, ներառված լինելով հասարակության կերպափոխման գործընթացների մեջ,
միևնույն ժամանակ հաստատվող մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերում են սահմանային
վերաբերմունք: Հայեցակարգային առումով ուսումնասիրելով մշակութային մարգինալությունը՝
Պարկը կարևորեց բազմաէթնիկ հասարակությունների մեջ էթնիկական բախումների ծագումնաբանության
մշակութային հենքը: Համաձայն Պարկի՝ մարգինալ մարդը մարդու այն տիպն է, որը բացահայտվում
է այն ժամանակ և տեղում, որտեղ ռասաների և մշակույթների բախումներից ձևավորվում են
նոր համակեցություններ, ժողովուրդներ, մշակույթներ: Ճակատագիրն այդպիսի մարդկանց հնարավորություն
է տալիս ինքնահաստատվելու երկու աշխարհներում միաժամանակ կամ էլ մերժելու այդ աշխարհները՝
մնալով իր «ջունգլիում»: Նման մարգինալության կրող է օտարականը, որը տվյալ սոցիումի
մեջ ներգրավվելով՝ մշակութային առումով կա՛մ չեզոք է, կա՛մ ագրեսիվ, կա՛մ օտարված,
կա՛մ էլ հակված է մշակութային երկխոսության: Այս առումով ուշագրավ է գլոբալ հաղորդակցական
տարածություններում ձևավորված ժամանակակից սփյուռքը, որը, պահպանելով իր շփումները
«պատմական հայրենիքի» հետ, ինքնաիրացվում է անդրազգային ցանցերի միջոցով՝ արդիականացնելով
իր էթնիկ արժեշահային համակարգի քաղաքական էությունը: Ժամանակակից սփյուռքի ցանցային
կառուցվածքով պայմանավորված՝ էթնոմշակութային մարգինալությունը, որպես հաղորդակցական
գործունեության առանձնահատուկ ձև, դրսևորվում է «սփյուռք-պատմական հայրենիք», «սփյուռք-որդեգրված
հասարակություն», «սփյուռք-միջազգային կազմակերպություններ» եռաչափության մեջ:Այս եռաչափությունում
էթնոմշակութային մարգինալության մեջ գտնվող սոցիալական խմբերը հնարավորություն են ստանում
առնչվելու իրենց էլիտաների և բոլոր այն ակտիվիստների հետ, որոնք միավորում են տվյալ
էթնոսի անդամների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական կյանքը «նոր տարածություններում»՝
ստեղծելով ոչ միայն համախմբման համար նպաստավոր պայմաններ, այլև ինքնաիրացվելու հնարավորություն՝
աշխատանքի միջազգային նոր բաժանման պահանջներին համապատասխան:
Այսպիսով, էթնոմշակութային մարգինալությունը գլոբալ հաղորդակցական
տարածություններում իրականության արժեշահային, մշակութային և հոգեբանական ընկալումների
արդյունք է, որը կարող է և՛ բախումների, և՛ բանակցությունների հիմք հանդիսանալ: Փաստորեն,
գլոբալացման պայմաններում ընթացող կերպափոխումների համատեքստում կարելի է լրացնել Պարկի
այն մոտեցումը, համաձայն որի՝ սահմանային կարգավիճակում գտնվող երկու տարբեր արժեշահային
համակարգերից մեկն անկում է ապրում: Մինչդեռ, արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների
զարգացմամբ պայմանավորված՝ մարգինալությունը տարաբնույթ սոցիոմշակութային ցանցային
հաղորդակցական սահմանագծերում կարող է ենթադրել և՛ երկխոսության միջոցով ինքնակերպափոխման
ու ինքնարդիականացման գործընթաց, և՛ «ես»-ի բախումնածին մենախոսություն: Այսպես, ժողովրդավարական
անցման առաջին սերնդի կողմից իրականացված բարեփոխումների (վաուչերային սեփականաշնորհում,
սոցիալական պատասխանատվության անտեսում) հետևանքով սոցիալական հենքը մեխանիկական էրոզիայի
ենթարկվեց՝ մարդկանց նետելով չնորմավորված ամբիցիաների հորձանուտ: Դա էլ մարգինալությունը
դարձնում է քաղաքական համակարգի պատրանքային փոփոխական՝ նեղացնելով ժողովրդավարության
որակի ապահովման սոցիալական և քաղաքական տարածությունը: Իրական աշխարհի պատրանքային
ընկալումը և՛ անհրաժեշտ է, և՛ պարտադիր: Իսկ պատրանքները հստակ արժևորված չեն, քանի
դեռ չեն վերածվել համոզիչ միֆամտածողության՝ իշխանական հարաբերություններում տեղ ու
դեր գրավելու նպատակով: Սակայն անհրաժեշտ է փաստել, որ անհատական պատրանքները հիմնականում
միֆոլոգիական (կարճաժամկետ, հավերժական) են և ունեն գործառութային նշանակություն: Կարևորելով
այս մոտեցումը՝ նշենք, որ այն հատկապես ցանցային կառավարման ժամանակ դարձել է ժողովրդավարական
անցման որակական բնութագրիչ: Ավելին, պայմանավորված ժողովրդավարական անցումից համախմբում
գործընթացում տվյալ հասարակության պատմական հիշողությամբ և միֆոլոգիայի արդյունավետ
օգտագործմամբ՝ պատրանքը կա՛մ արդիականացնում են, կամ կրկին «քշում» ենթագիտակցության
խորքերը: Միևնույն ժամանակ նրանց համար թանգարաններ և արխիվներ են կառուցում: Օրինակ՝
Հիտլերն իր քարոզչություններում, ակտիվորեն մարգինալացնելով գերմանացիներին, օգտագործում
էր ազգային կարծրատիպերի պատրանքային արժեքայնությունը: Հիտլերյան Գերմանիայի մարգինալ
նկրտումների պարտությունից հետո դրանք կրկին «ուղարկվեցին» ենթագիտակցություն. որպես
պատվար դրվեց «մեղքի բարդույթը», որը մինչ օրս նրանց հետ է պահում անգամ հնարավոր մարգինալ
ռևանշից: Իր ազգային կարծրատիպերի պատրանքային արժեքայնությունը Գերմանիան այսօր իրականացնում
է տնտեսության ոլորտում, իսկ գերմանացիների առավելությունների մասին միֆը, ստանալով
քաղաքականապես ավելի ճշգրիտ բնույթ, դեռ չի անհետացել: «Mercedes»-ը և «BMW»-ն այսօր
շատ ավելի մեծ հաջողությամբ են նվաճում աշխարհը. հավերժական միֆերի ուժն այն է, որ
դրանց կարելի է կանչ տալ սոցիալական հիշողությունից և կյանքի կոչել այլ դիմակի տակ:
Փաստորեն, ցանցային իրականության պայմաններում պատրանքներն ամենաուղղակի ազդեցությունն
են թողնում ժամանակակից մարդու վարքագծի վրա՝ դառնալով հոգին կառավարելու կայուն «լծակ»,
հնարավորություն ստանալով մանիպուլացնել մարդկանց վարքը: Վերջինս միտված է մարդու հոգեդրվածքի
կառուցվածքի, մղումների, նպատակների, ինչպես հեղափոխական, այնպես էլ բնականոն փոփոխության:
Եթե առաջինն ստեղծում է անկայունություն, ապա երկրորդը հիմնված է ներկայացուցչական
ժողովրդավարության վրա և միայն քաղաքացիական հասարակության գործառման արդյունք է: Ֆրանսիացի
Էլլյուլը համոզված է, որ մարդուն շրջապատող ոչ նյութական աշխարհում առանձնանում է բառերի
հատուկ աշխարհը՝ լոգոսֆերան: Այն ներառում է լեզուն՝ որպես շփման միջոց, և «վերբալ
մտածողության» բոլոր ձևերը, որոնցում մտքերը մարմնավորվում են բառերով: Լեզուն՝ որպես
հասկացությունների, բառերի համակարգ, որոնցով մարդն ընկալում է աշխարհն ու հասարակությունը,
անհատին և խմբին ենթարկելու ամենագլխավոր միջոցն է: Բառերի միջոցով ներշնչումը հոգեբանական
խորքային հատկանիշ է, որն ավելի վաղ է ծագում, քան քննադատական մտածողության կարողությունը:
Բառի ներշնչող, կախարդական ազդեցության ուժն է, որը պատմական անհիշելի ժամանակներից
քաղաքական, կրոնական կամ տնտեսական բնագավառում շարժման մեջ դնելով մարդկանց մեծ հոսքեր,
առավել զարգացել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. «Այն, ինչը շատ հարաբերություններում
զարմանալի և անհասկանալի է, բառերի կախարդանքն է ամբոխի հոգեբանության վրա: Կախարդանքը
պայմանավորված է մարդու մեջ ամբարված «մոգությամբ»: Մարդ, որը որսում է մթնոլորտում
թևածող ու իրեն ինքնաիրացվելու և ինքնահաստատվելու հնարավորություն տվող միտքը՝ ներկայացնելով
իսկությունը»: Փաստորեն, քաղաքական պատրանքներին հավատալով՝ մարդիկ որպես արժեք են
ընկալում իրենց անպատասխանատու ազատությունը: Այս նկատառումով էլ անհրաժեշտ է անցումից
համախմբում գործընթացում կարևորել ժողովրդավարության որակը: Հետևաբար ժողովրդավարական
համախմբումը ոչ միայն ինստիտուցիոնալացնում է կառավարող էլիտայի և լիդերության պատասխանատվությունը,
այլև որպես ժողովրդավարացման ցուցանիշ, նվազեցնում է մարգինալությունը և նպաստավոր
պայմաններ ստեղծում բնականոն արդիականացման, արդյունքի կառավարման և ապագայի ռազմավարություն
մշակելու համար:
Հանրագումարենք. մարգինալությունը որպես ժողովրդավարական
անցման բաղադրիչ դիտարկելու համար կարևորենք հետևյալ սկզբունքները.
·Կերպափոխվող
իրականության մեջ մեծ է արտաքին միջավայրի դերը ներքին կերպափոխումներին ներազդելու
գործում
·խախտված
են տնտեսական և քաղաքական էլիտաների ժողովրդավարական վերաշրջաբերման և ընտրանքի սկզբունքները
·չեն պահպանվում
նոր ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և բնականոն արդիականացման մեխանիզմները
·քաղաքական
դերակատարների ռազմավարությունն ու մարտավարությունն ունեն մարգինալ պոպուլիստական
բնույթ, քանի որ դերակատարների շահերի իրականացման խոստումներով մանիպուլացվում է ոչ
միայն նրանց անհատական մասնակցությունը, այլև մասսաների գիտակցությունը:
Նկատի ունենալով այս սկզբունքները՝ գիտական գրականության
մեջ շրջանառվող «արդիականացման սինդրոմ», «փակուղային արդիականացում» հասկացություններին
ավելացնենք նաև «մարգինալ արդիականացումը»: Առաջարկվող հասկացության միջոցով փաստարկում
ենք ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող երկրների հեղափոխականացվածությունը,
որի պատրանքային բնույթը զարգացման պատրաստի մոդելի իրավիճակային ներդրումն է որևէ
հասարակության սոցիալ-պատմական ենթատեքստում: Միևնույն ժամանակ մարգինալ արդիականացումը
ենթադրում է ավանդույթների նկատմամբ վերաբերմունքի հստակեցում, քանի որ ազգային անվտանգության
սպառնալիքները հնարավոր չէ կանխել՝ բացառելով անցյալը, ինչպես նաև առանց ներկայի գիտական
վերլուծության և ռազմավարական ապագայի պլանավորման: Այս համատեքստում, բարձրացնելով
կոռուպցիայի և աղքատության դեմ մղվող պայքարի արդյունավետությունը և ընդարձակելով ժողովրդավարության
որակի ունիվերսալ տարածքը՝ իրական պայմաններ են ստեղծվում «անցում-համախմբում» հարացույցի
ամբողջացման համար:
Մարգինալությունը հնարավոր է հաղթահարել ազգային, քաղաքական
և քաղաքացիական ինքնության զուգամիտման շնորհիվ: Այսինքն՝ կառավարող էլիտան պետք է
կամք ցուցաբերի և, իրականացնելով շարունակական ժողովրդավարական բարեփոխումներ վերևից,
ժողովրդավարական համախմբում ապահովի:
Նյութի աղբյուրը՝ Մարիամ
Մարգարյան- «Գունավոր հեղափոխություն. տեսություն և տեխնոլոգիաներ»
Comments
Post a Comment