20-րդ դարի 80-90-ական թվականներին «նոր աշխարհի ճարտարապետության»
կերտման գլխավոր արժեքը համարվեց ժողովրդավարության տարածումը, որը հնարավորություն
պետք է տար ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգի օգնությամբ հրաժարվելու երկբևեռ
աշխարհից: Այս նկատառումներով ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգը հիմնվեց
հետևյալ նախադրյալների վրա.
Առաջին. ժողովրդավարական անցումը գլոբալ գործընթաց է: Որպես
այդպիսին՝ նրա ձևի, ուժգնության, բնույթի վրա միաժամանակ ազդում են ինչպես ազգային,
պատմական, տնտեսական, սոցիալական և մշակութային պայմանները, այնպես էլ միջազգային գործոնը:
Երկրորդ. առաջարկված հայեցակարգը ժողովրդավարությունը դիտարկում
է որպես արժեք՝ դրա հաստատումը պայմանավորելով ազատության ու հավասարության պահանջով:
Ըստ Հանդինգտոնի՝ «… Ժողովրդավարության հավակնությունները հիմնվում են ոչ միայն նրա
արժանիքների վրա: Բազմաթիվ առանձնահատկություններ կան. նախ՝ մարդու կյանքում քաղաքական
մասնակցության և ազատությունների ներքին կարևորությունը, երկրորդ՝ պատասխանատու և համաձայնեցված
կառավարում իրականացնելիս քաղաքական շարժառիթների գործիքային նշանակությունը, երրորդ՝
ժողովրդավարության կառուցողական դերը արժեքների ձևավորման և կարիքների, իրավունքների
ու պարտականությունների գիտակցման հարցում, և վերջապես՝ քաղաքական ինստիտուտները և
քաղաքական կարգը»:
Երրորդ. հայեցակարգը հիմնվում է ժողովրդավարական կարգի հնարավոր
ձևերի պլյուրալիստական գաղափարի վրա: Այդ առումով երկակի խնդիր է ծագում. մի կողմից՝
եվրոպական ազատականության մեխանիկական որդեգրում, մյուս կողմից օրինաչափ հարց է առաջանում՝
արդյո՞ք արևմտյան քաղաքակրթության սահմաններից դուրս ժողովրդավարության տարածականության
ընդլայնումը անխուսափելիորեն պետք է հարստացնի դրա բովանդակությունը այլ քաղաքակրթությունների
հաշվին;
Չորրորդ. 20-րդ դարի վերջին երկու տասնամյակներում սկսված
ժողովրդավարացմամբ աշխարհում փոփոխությունների գործընթացը չի ավարտվում. ժողովրդավարության
պատմության լոկոմոտիվը առաջ է ընթանում: Հետևաբար, չբացարձակացնելով «երրորդ ալիքի»
հայեցակարգը և կարևորելով ժողովրդավարական գործընթացի ալիքային բնույթը՝ անհրաժեշտ
է նկատի ունենալ ինչպես հետադարձ շարժման (երկրների մի մասը կարող է հետ գլորվել),
այնպես էլ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ալիքների հնարավորությունները:
Հինգերորդ. մարդու ժողովրդավարական բնույթը, անկախ առկա քաղաքակրթական
տարբերություններից, թելադրում է միավորվել, որպեսզի ի զորու լինեն միասնաբար պատասխանելու
մարդկության առջև ծառացած մարտահրավերներին:
Այս նախադրյալները հաշվի առնելով՝ ժողովրդավարացման «երրորդ
ալիքի» տեսաբան Հանդինգտոնն առանձնացնում է այն ընդհանրությունները, որոնց օգնությամբ
անհրաժեշտ է հետազոտել տարածաշրջաններ կամ առանձին երկրներ: Այդ առումով ուշագրավ է
«Freedom House»-ի պատրաստած «Nations in transit 2003» փորձագիտական նյութը, որի հեղինակները,
համակարգելով հետխորհրդային տարածքի զարգացման առանձնահատկությունները, փաստել են ժողովրդավարական
անցմամբ պայմանավորված հիմնախնդիրները:
Այսօր արդեն լիովին ակնհայտ է, որ անցումային հասարակությունների
ժողովրդավարացման գործընթացը կարող է շարժվել տարբեր հետագծերով: Ի սկզբանե գծային
ազատականացում ենթադրող ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող հետխորհրդային
երկրներում ստեղծվել է քաղաքական վարչակարգերի, իշխանության բաշխման և վերարտադրման
կառույցների չափազանց լայն տարապատկեր, ինչի հետևանք են պատվիրակված, ոչ ազատական,
արատավոր, ընտրական, գորշ ժողովրդավարությունները: Ավելին, քննարկելով «ածականակերտ
ժողովրդավարության» փաստը՝ անցումագետները կարծիք են հայտնել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո
ստեղծված համակարգն իրավունք չունի կրելու ժողովրդավարության փառավոր բեռը: Հետխորհրդային
տարածքում ժողովրդավարական անցման գործընթացում ստացված արդյունքներն ակնհայտորեն վկայում
են, որ քաղաքական արդիականացման և զարգացման գլխավոր միտումների մասին գծային պատկերացումը
տեսական առումով վերանայման կարիք ունի:
Փաստորեն, ժողովրդավարության տարածումը և նրա միջոցով հաստատված
կառավարման տարաբնույթ արդյունքները հանգեցրել են նրան, որ այժմ հասարակության քաղաքական
բառապաշարում «ժողովրդավարությունը» թերևս ամենաանվստահելի բառն է: Եզրույթը, որ կարող
է նշանակել ցանկացած ամեն ինչ, ի վերջո ոչինչ չի նշանակում: Ավելին, ըստ Դայմոնդի՝
«1980-ական թվականների կեսերից համաշխարհային ժողովրդավարական հեղափոխությունը որոշ
առումներով կասեցվել է, միևնույն ժամանակ որոշ առումներով՝ ավելի խորացել: Վերջին տասնամյակի
ընթացքում ժողովրդավարության զարգացման մեջ համաշխարհային միտումների որոշ ուշագրավ
երևույթներ կային; Դրանցից առաջինը ժողովրդավարության՝ որպես կառավարման համակարգի
հարաբերական կայունությունն է աշխարհում: Այն երկիմաստ ճշմարտություն է»:
Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ անցումային հասարակությունների
ժողովրդավարացման գործընթացը կարող է շարժվել տարբեր հետագծերով: Բավական է համեմատել,
օրինակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Միջին Ասիայում, Հարավային Կովկասում,
ինչպես նաև ՌԴ-ում տեղի ունեցող արմատական փոփոխությունների հետևանքները: Դա նշանակում
է, որ նոր աշխարհակարգի ստեղծման համար ծավալված արդի գործընթացներն աներկբա ապացուցում
են՝ արդի աշխարհը թևակոխել է քաղաքական զարգացման որակապես նոր փուլ: Ըստ դասական մոտեցման՝
քաղաքական զարգացումը, որպես հանրային ինստիտուտների, վարքի և արժեքների համակարգային
կերպափոխման գործընթաց, պատասխանատու է նախ ազգային ինքնիշխանության և պետության ամբողջականության
ապահովման համար: Այդ գործընթացը ենթադրում է նաև սահմանադրական կարգի և քաղաքական
կայունության ապահովում, ինչը ձեռք է բերվել կառավարության հաստատած ինստիտուցիոնալ
շրջանակի գործառմամբ, լիդերության իրավահաջորդությունն ապահովելու լեգիտիմ ընթացակարգերով
և պետական ինստիտուտների վարչական ապարատների կայացմամբ: Քաղաքական զարգացումը մեծացնում
է պետության կարողությունները մոբիլիզացնելու և բաշխելու ռեսուրսները, ինչպես նաև նպաստում
է քաղաքական ներդրումների իրականացմանը՝ ապահովելով տեսանելի արդյունքներ: Նման զարգացումը
նպաստում է նաև կառավարման և քաղաքական համակարգի կողմից խնդիրների լուծմանը, միջավայրի
փոփոխություններին հարմարվելուն և ազգային նպատակների իրականացմանը:
Փաստորեն, քաղաքական զարգացմանը բնորոշ են՝
· քաղաքական
համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումը՝ բազմատեսակ լեգիտիմ դերակատարներով
·ժողովրդավարական
քաղաքական համակարգի կայացումը, ինչը ենթադրում է ինստիտուտների բնականոն գործունեություն
· հասարակական
բոլոր խավերի պարբերական ներգրավումը քաղաքական իշխանության մեջ
·համակարգի
արդիականացման գործընթացից նախկին ավանդական ընտրախավի (ավանդական մարգինալներ) դուրսմղումը
· իշխանության
լեգիտիմության առկայության պայմաններում կառավարվողների նկատմամբ կառավարողների պատասխանատվության
բարձրացումը
· քաղաքական
ինքնության շարունակական արդիականացումը
Ակնհայտ է, որ քաղաքական զարգացումը մարտահրավեր է, որին
յուրաքանչյուր հասարակություն պատասխանում է իր ազգային, քաղաքական, քաղաքացիական ինքնության
արժեքային համակարգին և քաղաքական գիտակցությանը համապատասխան: Քաղաքական զարգացման
մարտահրավերներին համարժեք պատասխանելը հիմնականում պայմանավորված է ընտրական ինստիտուտի
և դրա շրջանակում ընթացող գործընթացների արժեքային և գործառութային փոփոխականներով:
Հենց այստեղ է տեղի ունենում կառավարող էլիտայի և կոնտրէլիտայի դերային հստակեցումը:
Առանց այդ հստակեցման անցման գործընթացը դառնում է բազմաթիվ անորոշություններով հղի՝
խորացնելով անցման ընթացակարգային և կառուցվածքային աններդաշնակությունը: Վերջինիս
հաղթահարման համար համակարգը պետք է բազմաչափ չափորոշիչներ ունենա, որոնց հայեցակարգումը
թույլ կտա զերծ մնալ «երրորդ ալիքի» գայթակղությունից և, մշակելով ժողովրդավարացման
նոր ալիքի տրամաբանությունը, ուսումնասիրել անցումային հասարակությունների կերպափոխման
գործընթացի տարամիտությունը: Այդ առումով հայեցակարգային նշանակություն պետք է ունենան
հետևյալ չափումները.
· մինչխորհրդային
ավանդույթների (քաղաքակրթական, մշակութային, քաղաքական) բնույթը, homo politicus-ի
դավանած ժողովրդավարական արժեքների հասունության մակարդակի և պատմականության իրատես
գնահատման հնարավորությունը
· արտաքին
միջավայրի դերը ներքին կերպափոխությունների վրա ներազդելու գործում
·քաղաքական
կերպափոխությունների մեկնարկման գործընթացում հասարակության կենսաձևը, կենսամակարդակը
և կյանքի որակը
· իշխանության
ոչ ժողովրդավարական կառույցների խարխլման և փլուզման գործընթացը
· էլիտայի
հավաքագրման սկզբունքները և լեգիտիմության մակարդակը
·նոր ժողովրդավարական
ինստիտուտների կառուցման, հաստատման, բնականոն արդիականացման ուղղությունները
· քաղաքական
դերակատարների ռազմավարությունն ու մարտավարությունը (հաշվի առնելով նրանց անհատական-հոգեբանական
առանձնահատկությունները, էլիտարությանը հակված լինելու հատկանիշները, ազգային ինքնությունը)
Բնականաբար, նշված չափումներն ամբողջական չեն և կարող են
ու պետք է լրացվեն ժողովրդավարական անցման գործընթացների ուղղության, ընթացքի և արդյունքների
վրա ազդելու ընդունակ այլ չափորոշիչներով: Այնուամենայնիվ, այժմ արդեն լիովին պարզ
է, որ հետխորհրդային ժողովրդավարական անցման գործընթացում գոյություն ունեն բազմաթիվ
չափումներ: Ընդ որում, դրանց խզումներն էլ հանգեցրել են քաղաքական զարգացման, ճգնաժամերի
(բաշխման, մասնակցության, շարժունակության, ինքնության, լեգիտիմության), որոնց հաղթահարման
նպատակով զարգանում են կրկնակի անցման հեղափոխական գործընթացներ: Փաստորեն, Հանդինգտոնը
մշակել է գլոբալ քաղաքական համակարգի կայացման և անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ
գլոբալ ժողովրդավարության ռազմավարությունը: Իսկ թե այդ համակարգի իրականացման համար
ժողովրդավարական անցման քանի ալիք է անհրաժեշտ, դա արդեն մարտավարության խնդիր է:
Ժողովրդավարացման «երրորդ ալիքը» մեկնարկել է 1974թ. ապրիլի
25-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից՝ որպես «կարմիր մեխակների հեղափոխություն»:
Հեղափոխության անունը ծագեց նրանից, որ ծաղկավաճառուհի Սելեստա Սեյրուշը, հայտնվելով
ցուցարարների շարքերում, իր վաճառքի հանած կարմիր մեխակներն սկսեց նվիրել երիտասարդներին՝
հորդորելով նրանց հետևել իր օրինակին և հրապարակ բերված տանկերի ու զենքերի փողերը
զարդարել մեխակներով: Գաղութային պատերազմներից հոգնած և գեներալ Անտոնիո դի Օլիվեյրա
Սալազարի և Մարսելո Կաետանի կես դար տևած բռնապետական վարչակարգը և, հաստատելով զինվորական
անցումային կառավարություն, գեներալ Անտոնիո դի Սպինոլային հռչակեց հանրապետության
նախագահ:
Փաստորեն, պորտուգալական հեղափոխությունն ավելի շուտ զինված
հեղաշրջում էր: 1976 թվականին, Պորտուգալիայի ապագայի ուղիների շուրջ ակտիվ պայքարից
հետո, զինվորականներն ընտրություն անցկացրեցին և իշխանությունը փոխանցեցին քաղաքական
կուսակցություններին՝ հաստատելով ազատական-ժողովրդավարական ռեժիմ: Այսօր ակնհայտ է,
որ 1974թ. պորտուգալական հեղափոխությունը էապես հարստացրեց ժողովրդավարական անցման
տեսությունը: Այն նորովի բացահայտեց անցման գործընթացում ավտորիտար ռեժիմների վերացման
ճանապարհների և շարժող ուժերի, սոցիալական վերակազմավորման այլընտրանքային բազմազանության
մասին պատկերացումները: Այս հեղափոխության բնորոշ առանձնահատկություններն են.
1.Սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման մակարդակով Պորտուգալիային
մոտ երկրներում անցումը ավտորիտարիզմից ժողովրդավարության տեղի ունեցավ պետական հեղաշրջման
և զինված ապստամբության ճանապարհով, հիմնականում՝ անարյուն:
2.Բռնատիրական պետության կազմաքանդման հետ մեկտեղ փլուզվեց
նաև պորտուգալական գաղութային կայսրությունը: Ընդ որում, հիմնականում հենց աֆրիկյան
գաղութներում տեղի ունեցող պատերազմները դարձան Պորտուգալիայում կերպափոխման գործընթացի
դերակատարներ և հեղափոխական բնույթ հաղորդեցին նրան:
3. Լատինական Ամերիկայի՝ զարգացման մակարդակով Պորտուգալիային
մոտ գտնվող երկրներում ավտորիտարիզմի «փշրումը» սահմանափակվում էր առավելապես հանրության
քաղաքական ժողովրդավարացմամբ: Բարեփոխումները բարձրացրեցին կապիտալի սոցիալական պատասխանատվությունը:
Պորտուգալիայում իրագործվեցին ագրարային բարեփոխումներ, որոնք փլուզեցին մենաշնորհային
կապիտալի և կիսաֆեոդալական հողատիրության դիրքերը: Պետական կառավարման անցան խոշոր
արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք, ըստ արևմտյան մամուլի, տնտեսության շուրջ
60%-ն էին կազմում:
4.Պորտուգալական ժողովրդավարական անցման գործընթացում առաջնային
դեր ունեցավ բանակը: Հատկանշական է, որ 1960-1980-ական թվականներին զինված ուժերը,
ունենալով պրոիմպերիալիստական դիրքորոշում, որոշիչ դեր են խաղացել աշխարհի շատ երկրների
քաղաքական կյանքում: Սակայն պորտուգալական գործընթացներն այս առումով զգալիորեն տարբեր
էին, քանի որ ապացուցեցին ձախական զինվորականների «Կապիտանների շարժման» կողմից ղեկավարվող
գաղութային պատերազմների աննպատակահարմարությունը: Իհարկե, այս գործընթացում հսկայական
դեր ունեցան գեներալ Անտոնիո դի Սպինոլան ու նրա «Պորտուգալիան և ապագան» գիրքը:
5.Ժողովրդավարական անցման գործընթացում պակաս կարևոր չէր
Պորտուգալական կոմունիստական կուսակցության դերը. այն դարձավ իր իսկ ազդեցության տակ
գտնվող ձախ-արմատական զինվորականների բնական դաշնակիցը: Պորտուգալիայի կոմունիստական
կուսակցությունը, ի տարբերություն, օրինակ, Իսպանիայի կոմունիստական կուսակցության,
որը տոգորված էր եվրոկոմունիզմով, մտահոգված էր սեփական երկրի զարգացմամբ և բռնապետության
փլուզմամբ:
Ուսումնասիրելով պորտուգալական «կարմիր մեխակների» հեղափոխությանը
նվիրված գրականությունը՝ կարող ենք եզրակացնել, որ այն անցել է մի քանի սուր քաղաքական
ճգնաժամերի միջով: Այսպես, 1974թ. սեպտեմբերին և 1975թ. մարտին ձախողվեցին գեներալ
Սպինոլայի՝ ազատական-ժողովրդավարական բարեփոխումներն արագացնելու փորձերը: Այնուամենայնիվ,
հեղափոխության թուլությունն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում. բնակչության փոքրամասնությունն
էր համակված սոցիալիստական տրամադրություններով: Միևնույն ժամանակ, պորտուգալական հեղափոխությունը
նոր որակի բարձրացրեց «սառը պատերազմը», քանի որ սրվեց ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի պայքարը՝ Պորտուգալիայում
և նրա գաղութներում ազդեցություն ունենալու համար: Արևմուտքը լրջորեն անհանգստացած
էր ձախ ուժերի հաջողությամբ, ՆԱՏՕ-ի ազդեցության գոտուց Պորտուգալիայի դուրս գալու
հնարավորությամբ, ինչպես նաև այլ կապիտալիստական երկրներում իրադարձությունների նման
ընթացքի կրկնությամբ: Ծավալված պայքարում հաղթեց Արևմուտքը՝ տապալելով «ձախական էքսպերիմենտը»:
Այդ ձախականության գլխավոր պաշտպանը զինվորականների ստեղծած Հեղափոխական խորհուրդն
էր, որի կողմից հրատարակվող օրենքներն ունեին նույն ուժը, ինչ Հանրապետության վեհաժողովի
(երկրի խորհրդարանի) ընդունած օրենքները և կառավարության հրամանագրերն ու օրենքները:
Սակայն 1982թ. սահմանադրությունը վերանայելուց և Հեղափոխական խորհրդի լուծարումից հետո
զինվորականների դիրքերը զգալիորեն թուլացան: Այսինքն՝ հեղափոխության «ռազմական ցիկլը»
ավարտվեց: Այս ժամանակաշրջանից Պորտուգալիայի կառավարումն սկսեց իրականացվել նեոազատականության
և սոցիալիզմի հավասարակշռության պայմաններում: Սակայն այսօր էլ, սոցիալ-քաղաքական ճգնաժամերի
ժամանակ, Լիսաբոնի փողոցներում հնչում է «Գրանդոլու» երգը, քանի որ պորտուգալացիների
նոր սերունդների զանգվածային գիտակցության մեջ, ազատական արժեհամակարգի հետ մեկտեղ,
շարունակում է գերակայել սոցիալիստական արդարամտության գաղափարը:
Հանրագումարենք. համեմատական քաղաքական գիտության շրջանակներում
հետահայաց վերլուծելով պորտուգալական հեղափոխության փորձը՝ վստահորեն կարող ենք եզրակացնել,
որ «գունավոր հեղափոխություն» կոչված գործընթացների նմանությունը պայմանավորված է այնպիսի
սոցիալ-քաղաքական վերափոխումներով, որոնց նպատակը «ներքևից ժողովրդավարության» ներդրումն
է: Այդ համատեքստում 1970-ականների կեսերին Հարավային Եվրոպայում տապալված Պորտուգալիայի,
Իսպանիայի և Հունաստանի ռազմական բռնապետությունների օրինակով էլ այն տարածվեց դեպի
Լատինական Ամերիկա, հասավ Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ և, վերջապես, դրսևորման
նոր հնարավորություն ստացավ՝ պայմանավորված ԽՍՀՄ-ում մեկնարկած գորբաչովյան վերակառուցմամբ:
Այն իր գագաթնակետին հասավ աշխարհի 1/6 մասը զբաղեցնող սոցիալիզմի համաշխարհային համակարգի
անկումն ավետող եվրոպական «թավշյա հեղափոխությամբ»: 1989-1991թթ. մեկնարկած հեղափոխական
«թավշյա» ալիքի հետևանքով Արևելյան Եվրոպայի երկրներում փլուզվեցին կոմունիստական ավտորիտար-բյուրոկրատական
ռեժիմները: Ընդ որում, Արևելյան Եվրոպայի երկրների «թավշյա հեղափոխությունների» ընդհանրությունը
քաղաքակրթական փոփոխությունն էր. այդ երկրի բնակիչները ձգտում էին դեպի արևմուտք: Տարածաշրջանում
արմատական փոփոխությունների շնորհիվ արևելաեվրոպացիները հավատում էին Արևմտյան Եվրոպայի
հետ իրենց ինքնության նույնականությանը: Ընդ որում, ինչպես նկատում են հիմնախնդիրը
հետազոտողները, այդ հավատը նույնիսկ Ալբանիայի լեռներում ավելի հաճախ էր հանդիպում,
քան Պրահայի փողոցներում:
«Թավշյա հեղափոխության» իրականացմանը նպաստող մեկ այլ կարևոր
գործոն է «անցումային տիպի» պետությունների օբյեկտիվ թուլությունը, որն արտահայտվում
է ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ խոսքի և խղճի ազատության անվերապահ պահպանման
ձգտման մեջ: Ընդ որում, նմանօրինակ «հեղափոխական» պրակտիկայում առանցքային է բռնության
անթույլատրելիությունը նրանց նկատմամբ, ովքեր բռնի գործողություններ չեն կատարում,
թեև թույլ են տալիս «փափուկ» իրավախախտումներ: Այստեղից էլ Պորտուգալիայի «կարմիր մեխակին»
Արևելյան Եվրոպայի երկրներում փոխարինեց «թավիշը»: Ավելին, պայմանավորված հեղափոխության
հետևանքով ակնկալվող քաղաքակրթական, աշխարհաքաղաքական փոփոխությունների և հերմենալ
տեքստի արժեքաբանությամբ՝ այն նոր ձև ստացավ: Այս համատեքստում Արևելյան Եվրոպայի երկրներում
իրագործված «թավշյա հեղափոխությունների» առանձնահատկությունն այն է, որ դրանք միավորեցին
քաղաքական և քաղաքացիական ազատության փիլիսոփայական տարբեր սկզբունքների շուրջ համախմբված
հեղափոխական զանգվածների՝ համահարթեցման կողմնակիցներին (մեծամասնությունը ցանկանում
էր նաև վերացնել կոմունիստական էլիտայի արտոնությունները) և արմատական հավասարապաշտներին
(ոչ մի արտոնություն մերիտոկրատներին և կառավարող էլիտար շերտերին): Նրանց միավորում
էր իրենց հակաարևմտյան «խորհրդային բլոկի» մեջ պահող պետական իշխանության և քաղաքական
ռեժիմի նկատմամբ ունեցած ընդհանուր հակակրանքը: Այսօր Արևելյան Եվրոպայի երկրներում
տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին հսկայածավալ գրականություն կա:
Այս համատեքստում հիմնավորենք այն թեզը, որ այդ հեղափոխական
գործընթացները, որպես «խորհրդանշական պերֆորմանսներ», հագեցած լինելով բողոքի գործողություններով,
կարողացան համոզել և մոբիլիզացնել մարդկանց՝ հանուն անվտանգ ապագայի: Հենց այդ պատճառով
տարածաշրջանի ժողովուրդների սոցիալ-մշակութային և քաղաքական ինքնության արմատական փոփոխությունը
դարձավ նրանց «ճանապարհը դեպի ազատություն»: Այդ որակական փոփոխությունը «թավշյա հեղափոխություն»
իրականացրած երկրներում տեսաբանների կողմից ստացավ «Մեծ վերափոխում» անվանումը, քանի
որ կարողացավ զուգամիտել անցման և համախմբման գործընթացները:
Ի տարբերություն առաջին երկու «ալիքների» (1828-1923թթ. և
1943-1964թթ.), որոնք ավարտվել էին դիկտատուրաների և ավտոկրատիաների վերականգնմամբ,
«թավշյա հեղափոխության» առաջնորդները նպաստեցին ոչ միայն պարտոկրատիկ իշխանության փլուզմանը,
այլև բացառելով որևէ հետընթաց, սեփական երկրներում ապահովեցին ազատական ժողովրդավարության
արժեքների բացարձակ հաղթարշավ և ինքնության բնականոն արդիականացում: Ըստ ժողովրդավարական
անցման լավագույն տեսաբաններ Լինցի և Ստեպանի՝ հենց այդպիսի զուգամիտումներն են թույլ
տալիս կատարել այսպիսի տեսական ընդհանրացում. «Եթե գոյություն ունի գործող պետություն,
պետք է գոյություն ունենան կամ ստեղծվեն նաև այլ՝ փոխկապակցված կամ փոխադարձաբար միմյանց
ուժեղացնող 5 պայման, որպեսզի ժողովրդավարական համախմբում տեղի ունենա: Նախ՝ համապատասխան
պայմաններ են անհրաժեշտ ազատ և եռանդուն քաղաքացիական հասարակության զարգացման համար:
Երկրորդ՝ քաղաքական հասարակությունը պետք է լինի հարաբերականորեն անկախ և արժևորված:
Երրորդ՝ անհրաժեշտ են օրենքի գերակայությունն ապահովող իրավական երաշխիքներ՝ քաղաքացիների
իրավունքների և անկախ ընկերային կյանքի համար: Չորրորդ՝ պետք է լինի նոր ժողովրդավարական
կառավարության կողմից կիրառելի պետական կառավարման համակարգ: Հինգերորդ՝ պետք է լինի
ինստիտուցիոնալացված տնտեսական հասարակություն»:
Ելակետ ընդունելով ժողովրդավարական անցման լավագույն մասնագետներ
Լինցի և Ստեփանի մոտեցումները՝ ավելացնենք, որ միայն հետխորհրդային երկրներում տեղի
ունեցած գծային ազատականացում պարունակող անցումներն անտեսեցին քաղաքական և քաղաքացիական
հասարակությունների փոխհարաբերման գործոնը: Ավելին, քաղաքական վերնախավը գերակա դեր
հատկացնելով քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ կայացմանը և նրա հետ համագործակցությանը,
այդ հասարակության ինստիտուտների օգնությամբ իրականացրեց վազող արդիականացման մոդելով
ժողովրդավարական անցում առանց համախմբման ելքի՝ անտեսելով քաղաքական հասարակության
ֆունկցիոնալ կայացման հիմնախնդիրը: Մինչդեռ քաղաքական հասարակություն ասելով հասկանում
ենք այն դաշտը, որտեղ հասարակությունը նպատակադրված ինքնակազմակերպվում է՝ հիմնավորելու
հասարակության և պետական ապարատի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իր իրավունքը:
Ըստ էության, գծային ազատականությունը ավանդական ու արդիական արժեքների կոշտ երկվություն ենթադրող համաշխարհային քաղաքական զարգացումը և արդիականացումը մեկնաբանում էր փուլային ժողովրդավարացման հարացույցի ներքո: Համաձայն այդ հարացույցի՝ բոլոր «անցումային» երկրները պետք է ունենան անցման միասնական կերպ. ավտորիտարիզմի քայքայում և փլուզում, վարչակարգային ազատականացում, ինստիտուցիոնալ ժողովրդավարացում, ոչ համախմբված ժողովրդավարության փուլ և ժողովրդավարական համախմբում: Այն չի ենթադրում զուտ գծային անցում (միայն ազատականացում) և կոչված է հիմնավորելու «անորոշությունից դուրս գալու» տեսամեթոդաբանական հիմքերը՝ անցումից համախմբում հարացույցի ներքո:
Հանդինգտոնը ժողովրդավարության համախմբմանը նպաստող պայմաններից նշում է՝
· երկրի պատմության
մեջ ժողովրդավարական զարգացման փորձի առկայությունը
տնտեսական
զարգացման, արդյունաբերական նորարարացմանն ու կրթության համեմատաբար բարձր ցուցանիշները
· միջազգային
կապերն ու արտասահմանյան օգնությունը
·ժողովրդավարական
անցումը տվյալ երկրում իրականացնելու, ժողովրդավարացման «երրորդ ալիքում» գտնվելու
երկարատևությունը
· ավտորիտար
վարչակարգից ժողովրդավարականին խաղաղ, փոխհամաձայնեցված անցումը
·քաղաքական
էլիտայի և բնակչության հանդուրժողական վերաբերմունքը ժողովրդավարական կառավարության
հիմնախնդիրները լուծելու անհնարինության նկատմամբ
Հանդինգտոնի կարծիքով, ժողովրդավարական անցման պայմաններում
կարող են ծագել մի շարք գործոններ ևս, բայց այս վեցն առաջնային են: Առաջնային են, քանի
որ դեպի համախմբված ազատական ժողովրդավարություն ընթանալու արագությունը պայմանավորված
է ներքին և արտաքին հանգամանքներով: Սակայն շարժի վեկտորը միանշանակ հետևանք է քաղաքական
էլիտայի բարեփոխումների որակի, այն է՝ կամք ցուցաբերել և հետամուտ լինել շարունակական
փոփոխությունների, բարձրացնել իշխանության իրականացման մշակույթը, դիսկուրս ծավալել
և թույլ չտալ սպասումների հիասթափություն: Միայն այդպես կարելի է ազատական տիպի ժողովրդավարության
համախմբումը վերածել իրական «նշանակման կետի», որին վաղ թե ուշ կհասնեն բոլոր «անցումային»
պոլիտիաները:
Հանրագումարենք. ժողովրդավարական համախմբումը պայմանավորված
է ժողովրդավարական վարչակարգի գործողության հետ անհամատեղելի՝ հին համակարգի մնացորդների
իրական մերժմամբ և ժողովրդավարական խաղի կանոններն ամրապնդող նոր ինստիտուտների կառուցմամբ:
Ժողովրդավարական համախմբումը հենվում է ժողովրդավարության ինստիտուցիոնալ կարգի նվազագույն
սահմանման վրա, որը ներառում է գաղտնի քվեարկություն, համընդհանուր ընտրական իրավունք
և կառավարության պատասխանատվություն: Այս սահմանումը հիմնվում է Դալի առաջարկած մասնակցային
ժողովրդավարության սահմանման վրա, որը ենթադրում է ընդունված որոշումների քաղաքական
վերահսկողություն կառավարական մարմինների կողմից. «Սահմանադրությունը երաշխավորում
է քաղաքական գործիչների դասակարգումը՝ ըստ իրենց ընտրության, ընտրովի պաշտոնները զբաղեցվում
են պարբերական և արդար ընտրությունների արդյունքում, որտեղ բռնությունը համարվում է
անընդունելի, իսկ ընտրությունները բաց և թափանցիկ են, բոլոր չափահաս քաղաքացիները կարող
են մասնակցել ընտրություններին, գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն իրենց թեկնածությունը
դնելու և ընտրվելու իրավունք, քաղաքացիներն իրավունք ունեն խոսելու քաղաքական հարցերի
մասին՝ չվախենալով գաղափարական հետապնդումից, ինչպես նաև օգտվելու այլընտրանքային աղբյուրներից,
որոնք իրականում գոյություն ունեն և գտնվում են օրենքի պաշտպանության տակ, քաղաքացիներն
ունեն նաև պետությունից անկախ միավորումներ, կազմակերպություններ ստեղծելու և դրանց
անդամակցելու իրավունք՝ ներառյալ քաղաքական կուսակցություններն ու լոբբիստական խմբերը»:
Միայն վերը նշված պայմանների առկայության դեպքում կարելի
է փաստել, որ երկրում գոյություն ունի համախմբված ժողովրդավարություն, եթե բոլոր հիմնական
քաղաքական ուժերն ու գործիչներն ընդունում են ժողովրդավարության նվազագույն սահմանմանը
համապատասխանող ժողովրդավարական խաղի կանոնները, և նրանցից ոչ ոք չի օգտվում այդ կանոններից
դուրս որևէ այլ միջոցից:
Խաղի կանոնների ամրագրման ներքին պայմաններին հատուկ ուշադրություն
է դարձնում նաև Դայմոնդը: Նա պաշտոնական բնույթի ընտրական ժողովրդավարությունն առանձնացնում
է իրական ազատական ժողովրդավարությունից, որն ապահովում է ոչ միայն ընտրությունների
պաշտոնական ընթացակարգը, այլև քաղաքացիական իրավունքներն ու քաղաքական ազատությունները:
«Ըստ էության,- գրում է Դայմոնդը, համախմբումը լեգիտիմության նվաճման այնպիսի լայն
ու խոր գործընթաց է, որի դեպքում բոլոր քաղաքական դերակատարները, ինչպես էլիտայի, այնպես
էլ զանգվածների մակարդակով, հավատում են, որ իրենց հասարակության համար ժողովրդավարական
վարչակարգն ավելի լավն է, քան ցանկացած այլ իրատեսական այլընտրանք, որն իրենք կարող
են երևակայել»: Ընդ որում, նման լեգիտիմությունը ենթադրում է ոչ միայն համակարգի նկատմամբ
հաճախ վերացական ու պատրանքային վստահություն, այլև որոշակի նորմատիվային պարտավորությունների
ու վարքաբանական սկզբունքների ներառում: Այս դեպքում ժողովրդավարությունը դառնում է
արժեք, որը քաղաքական սոցիալականացման ընթացքում փոխանցվելով որպես հույսի կամուրջ,
առաջատարի իրավունքով արմատավորվում է անձի արժեքային կառուցվածքում: Կատարելով ժողովրդավարության
առաջացման ու համախմբման գործընթացների համեմատական վերլուծություն՝ Դայմոնդն ապացուցեց,
որ քաղաքական մշակույթը ներազդում է տարբեր եղանակներով՝ առաջին հերթին պայմանավորված
իշխող էլիտայի տարբեր խմբերի գիտակցության և զանգվածային քաղաքական վարքագծում ժողովրդավարական
նորմերի ու նախապատվությունների աշխուժացմամբ: Փաստորեն, ժողովրդավարության համախմբումը
ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում «ընթացակարգերի որոշակիությունը»
հանգեցնում է «արդյունքների անորոշության» զգալի նվազման՝ գործնականում բացառելով «ոչ
ժողովրդավարական ելքերի» հնարավորությունը: Հենց դա է համախմբված ժողովրդավարության
իմաստը, որը ընկալվում է որպես «միակ խաղը քաղաքում»:
Ժողովրդավարական համախմբման մոդելը հետազոտողի առջև դնում
է տեսամեթոդաբանական և քաղաքական կառավարման հարցերի մի ամբողջ շարք: Ե՞րբ է վերջանում
բուն անցումը և սկսվում համախմբումը: Ինչպիսի՞ն է փոխկապվածությունը «բացասական» համախմբման,
այսինքն՝ արտապառլամենտական ուժերի մարգինալացման, և «դրական» համախմբման, այսինքն՝
ժողովրդավարական հասարակության կառույցների կայունացման ու արժեքների զանգվածային տարածման
միջև: Ընդունված է համարել, որ և՛ ժողովրդավարական համախմբման գործընթացը, և՛ դրա ելքը
պայմանավորված են ներածին և արտածին գործոնների ամբողջությամբ: Առաջիններից են մենիշխանության
փլուզման պայմաններն ու հանգամանքները, անցման ընթացքում առանցքային քաղաքական դերակատարների
ընտրած ռազմավարությունները: Երկրորդ խմբին է դասվում արտաքին միջավայրը. հիմնական
միջազգային կառույցներում ու ինստիտուտներում ներգրավվածության աստիճանը, միջազգային
քաղաքական, տնտեսական և այլ աջակցության ծավալները և դրանք իրատես օգտագործելու փաստը:
Այս ամենը մի նոր գիտաճյուղի՝ ժողովրդավարական համախմբագիտության առաջացման հիմք դարձավ:
Ենթադրվում է, որ ժողովրդավարական համախմբումը ժողովրդավարական
անցման կայացման գրավականն է: Համախմբագիտությունն օգնում է քաղաքական զարգացման նոր
հարացույց ձևավորելուն, ինչը թույլ կտա կատարել ժամանակակից աշխարհում «ժողովրդավարացման»
նշանի ներքո ընթացող քաղաքական կերպափոխությունների որոշակի հետագծերի համեմատական
վերլուծություն: Արդի համեմատական քաղաքական գիտությունը հետամուտ պետք է լինի քաղաքական
զարգացման գործընթացների որակական դասակարգման շրջանակներում մասնակցային ժողովրդավարացման,
քաղաքական փոփոխությունների իրականացման, կյանքի որակի բարձրացման, նորարարական մտածողության,
քաղաքացիական դիրքորոշման համար պատասխանատու անձի քաղաքական ազատության մակարդակը
որոշելուն: Այլապես տեղեկատվահաղորդակցական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների գլխապտույտ
զարգացմամբ և ցանցային կառավարման մարտահրավերների առկայությամբ պայմանավորված՝ անձն
իր նկրտումներով, սպառողական հոգեբանությամբ, շիթային փոփոխությունների հակվածությամբ,
քաղաքական ազատության սահմանների ընդարձակման և պարտականությունների կատարման սեփական
պատկերացումներով կա՛մ օտարվում է, կա՛մ էլ պատրանքային հեղափոխության միջոցով ձեռնամուխ
է լինում տնտեսական և քաղաքական շուկայի արդիականացման գործընթացին: Վերջինիս տարաբնույթ
դերակատարները յուրովի պայքարում են իրենց քաղաքական ազատության համար՝ մեխանիկորեն
համակցելով համախմբման սահմանադրաիրավական, բարոյահոգեբանական և մշակութաքաղաքակրթական
հիմքերը: Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և հետխորհրդային երկրներում անորոշություններով
հագեցած քաղաքական գործընթացները վկայում են, որ «ծայրամասերի» բնականոն քաղաքական
արդիականացման և ոչ թե «վեստեռնիզացման» համար անհրաժեշտ է անձի քաղաքական ազատությունն
ուսումնասիրել ազգային, տարածաշրջանային և գլոբալ ժողովրդավարական համախմբման կայացման
համատեքստում:
Վերը նշված դիտարկումները ստիպում են հիմնավորել այն մոտեցման
իրատեսությունը, որ վերլուծությունները պետք է արվեն հետխորհրդային տարածքում տեղի
ունեցող կերպափոխությունների հետագծերի մասին «անցումայնության» տերմիններով: Ուստի,
մեթոդաբանական տեսանկյունից արդյունավետ է ոչ թե հետխորհրդային երկրների հետագա «ժողովրդավարական
անցման» հնարավորությունները վերլուծելը, այլ արդեն տեղի ունեցած վարչակարգային փոփոխությունների
առանձնահատկություններն ուսումնասիրելը: Մեր կարծիքը հիմնավորելու համար դիմենք Դայմոնդին.
«Ժողովրդավարությունը ավելին է, քան պարզապես ընտրությունները, նույնիսկ եթե դրանք
կանոնավոր, ազատ և ազնիվ են: Այն ենթադրում է, որ ընտրազանգվածի առջև պատասխանատվություն
չկրող զինվորական կամ այլ սոցիալական ու քաղաքական ուժերի համար իշխանության «արգելոցային
տարածություններ» չկան, որ գոյություն ունի միմյանց նկատմամբ պաշտոնատար անձանց «հորիզոնական»
պատասխանատվություն, որը սահմանափակում է գործադիր կառույցների իշխանությունը և պաշտպանում
սահմանադրականությունը, իրավունքի գերակայությունն ու խորհրդակցական ընթացակարգերը:
Վերջապես, այն ենթադրում է քաղաքական և քաղաքացիական բազմակարծության, ինչպես նաև անհատական
ու խմբային ազատությունների ապահովման պայմանների առկայություն, որպեսզի մրցակցող շահերն
ու արժեքները կարողանան արտահայտվել ոչ միայն ընտրությունների ժամանակ… Այս ամենը հանգեցնում
է ավելի բարձր չափանիշների և ավելի բարձր մի երևույթի, որը կարող է սահմանվել որպես
«ազատական ժողովրդավարություն», ոչ թե պետության և տնտեսության միջև փոխհարաբերությունների,
այլ քաղաքական և քաղաքացիական ազատության որակի առումով:
Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ իրենց «անցման» գործընթացից
«ուշացած» վարչակարգերի ժողովրդավարացումը տեսականորեն բացառված է: Պարզապես զարգացման
այդպիսի հետագծի իրականացման համար այդ երկրների վերնախավից կպահանջվի շատ ավելի մեծ
ջանքեր գործադրել գծային ազատականացման թերացումները հաղթահարելու և ժողովրդավարության
որակ ապահովելու համար: Այս առումով էլ ժողովրդավարական անցման տրամաբանությամբ զբաղվող
տեսաբաններն ու փորձագետները, որոշակի լրացումներ կատարելով, հստակեցրին 80-ականների
կեսերի վերլուծությունները՝ հանգելով հետևյալ եզրակացության.
1.Ժողովրդավարության համախմբման գործընթացը ոչ միայն ենթադրում
է նոր նորմերի ու կառույցների ինստիտուցիոնալացում, այլև հաճախ կապված է ավանդական
մշակույթի տարրերի օգտագործման և նախորդ մենիշխանական վարչակարգի նկատմամբ ոչ հիմնավոր,
նվազ արմատական վերաբերմունքի հետ:
2.Ժողովրդավարության համախմբումն անհնար է առանց վարչական
պետական կառույցների համապատասխան բարեփոխման, և նոր հաստատվող ժողովրդավարությունը
հակասության մեջ է մտնում ոչ միայն պետական կառավարման մենիշխանական ոճի հետ, որին
հակված են հին պաշտոնյաները, այլև իրավական նորմերով ռացիոնալացված՝ կառավարման բյուրոկրատական
մեքենայի:
3.Ժողովրդավարության համախմբումը պարտադիր չէ, որ իրականացվի
մեկ՝ ազատական մոդելով. այն կարող է իրագործվել բազմապիսի ձևերի ու մոդելների յուրատեսակ
զուգակցմամբ:
4.Թեև կուսակցական համակարգը ժողովրդավարության առանցքային
տարրն է, սակայն դրա համախմբումը որոշակի ռեզերվ է ենթադրում երբեմն ինքնաբերաբար առաջացող
շարժումների, մեկուսախմբայնության, տեղական ինքնակառավարման միջոցով շահերի արտահայտման
հարաշարժ գործընթացի համար:
5.Ժողովրդավարության համախմբումն ունի նաև միջազգային չափորոշիչներ,
որոնք կապված են ոչ միայն նոր ժողովրդավարություններին ցուցաբերվող օգնության, այլև
ժողովրդավարացող երկրների՝ որպես իրավահավասար գործընկերների, միջազգային միություններում
ընդգրկվելու հետ:
Հանրագումարենք. փաստորեն ժողովրդավարական համախմբման պայմանների
մասին առաջարկվող «անցում-համախմբում» մոդելը հիմնված է քաղաքական զարգացման և արդիականացման
մասին ոչ միայն գծային, այլև փուլային հայեցակարգման վրա: Ըստ էության, ենթադրվում
է, որ ժողովրդավարությունը շարժվում է տրված ուղղությամբ՝ կարծես լրացնելով ինքն իրեն
մի փուլից մյուսին անցնելու պարուրաձև գործընթացում: Բնականաբար, մեթոդաբանական տեսանկյունից,
աստիճանաբար զարգացող, հատվածներից և մասերից «կառուցվող» ժողովրդավարության հասունացման
ու ձևավորման «զարգացումային» մեկնաբանումը որոշակի խաղային իմաստ ունի: Սակայն անհասկանալի
է մնում, թե արդյո՞ք քաղաքական զարգացումը միշտ կընթանա ժողովրդավարական որակի բարձրացման
ուղղությամբ, ինչպիսի՞ն են նրա ժամանակային, տարածական, քաղաքակրթական և այլ սահմաններն
ու պաշարները: Բացի այդ, պարտադի՞ր է արդյոք, որ արդիականացման գործընթացը դանդաղի,
և արդյոք պե՞տք է բնաշրջումը «ոչ ժողովրդավարությունների» նոր ձևերի և նույնիսկ «հետնահանջը»
դեպի ավտորիտարիզմ լրացվեն ժողովրդավարական անցման նոր փուլով:
Ավելին, ժողովրդավարացման գործընթացների համեմատական ուսումնասիրությունը
ցույց է տալիս, որ հաջողակ երկրները (հատկապես հարավեվրոպական և լատինամերիկյան) իրենց
քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման համար ենթարկվել են որոշակի ներքին տրամաբանության:
Այսպես, դասական տիպի մենիշխանական վարչակարգերի ժողովրդավարացման ընթացքում բարեփոխումների
նախաձեռնությունը սովորաբար եղել է վերևից՝ պայմանավորված ավանդականի և ազատականի տրոհված
կառավարող և ընդդիմադիր էլիտաների համագործակցության մակարդակով: Փաստորեն, հաջող ժողովրդավարացումը
ենթադրում է ոչ թե հակամարտող քաղաքական ուժերից մեկի հաղթանակ, այլ պակտ (Մոնկլոյի
պակտի տիպի՝ Իսպանիայում) կամ պակտերի շարք, որոնք սահմանում են ժողովրդավարացման հետագա
փուլերի «խաղի կանոնները» և որոշակի երաշխիքներ տրամադրում «պարտվածներին»: Պակտի լեգիտիմացումը
և դրա հետագա զարգացումը թույլ են տալիս անցնել ժողովրդավարացման առանցքային պահերից
մեկին՝ նոր իշխանության ազատ և մրցակցային ընտրությունների անցկացմանը: Որպես կանոն,
այդպիսի ընտրություններում հաղթանակը բաժին է ընկնում ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներ
սկսող կենտրոնամետ քաղաքական գործիչներին, այլ կոնտրէլիտայի այն ներկայացուցիչներին,
որոնք գիտակցորեն հրաժարվում են իշխանություն իրականացնելու «հաղթողը ստանում է ամեն
ինչ» ռազմավարությունից: Այլապես հաղթանակը ձևական բնույթ է կրում, հատկապես, երբ նոր,
ժողովրդականորեն ընտրված իշխանությունը, տնտեսական բարեփոխումներ իրականացնելիս համագործակցելով
«առաջին սերնդի ժողովրդավարների» հետ, ձևավորում է փոխհամաձայնեցված խմբիշխանություն:
Այդ «բարեփոխումներին» հաջորդած զանգվածային դժգոհության պայմաններում գալիք ընտրությունները
տեղի են ունենում «հիասթափության ընտրություններ» դրոշի ներքո, որը է՛լ ավելի է խորացնում
քաղաքական զարգացման ճգնաժամերը և վազող արդիականացման արատները: Հետևաբար, մեթոդաբանական
առումով ճիշտ չի լինի ժողովրդավարացման «երրորդ ալիքի» դրոշի ներքո սկսված քաղաքական
կերպափոխումների ողջ բովանդակությունը հանգեցնել միայն «անցման» պարադիգմային՝ անտեսելով
«համախմբման» պարադիգման:
Ելակետային այս մոտեցումը մեզ թույլ է տալիս եզրակացնել,
որ անցումագիտության մեջ առկա որոշ սխալ դրույթներ կարելի է հաղթահարել միայն համախմբագիտության
տիրույթներում: Այս իմաստով քննադատելի է Մաքֆոլի այն վարկածը, որ հետկոմունիստական
երկրներում, ի հակակշիռ Լատինական Ամերիկայի և Հարավային Եվրոպայի երկրների, առավել
մեծ տարածում պետք է ստանան ոչ թե «պակտային», այլ «բարեփոխիչ հեղափոխական» անցումները՝
ներքևների նախաձեռնությամբ սկսված: Որպես ժողովրդավարացման «չորրորդ ալիքի» տեսաբան՝
Մաքֆոլը, ըստ էության, վերադարձ է կատարել դեպի ժողովրդավարացման «պահպանողական» տեսություն:
Իսկ այն, հենվելով մեծ հեղափոխությունների պատմական փորձի վրա, ժողովրդավարությունը
և հետագա զարգացումը դիտարկում է քաղաքական գործընթացներից դուրս մնացած՝ օտարված և
հեղափոխականացված մարգինալ ու չհիմնավորված ամբիցիաներ ունեցող խմբերի միջոցով: Այստեղ
հատկապես կարևորված են վերջիններիս՝ հանուն արդար և հավասարապաշտություն խոստացող իշխանության
համար պայքարի տանող լիդերի ընտրությունն ու ժողովրդավարության որակը աստիճանաբար բարձրացնելու
ընդունակությունը:
Մաքֆոլի այս վարկածը, որի հիմքի վրա կամ որի կիրառմամբ իրականացվել
և իրականացվում են հետխորհրդային երկրների «գունավոր հեղափոխությունները», փակուղային
է: Ակնհայտ է, որ հետխորհրդային երկրներում «հեղափոխություն ներքևից» անցումը սպասված
արդյունքը չի տալիս, քանի որ ծնելով բազմաթիվ արժեքաբանական, իմաստաբանական, գոյաբանական,
աշխարհաքաղաքական հիմնախնդիրներ, խորացնում է անորոշությունները: Այս առումով մեզ համար
ընդունելի է Կարլի և Շմիտտերի այն մոտեցումը, որի համաձայն՝ «նոր ժողովրդավարների»
քաղաքական էլիտան պարտավոր է կամք ցուցաբերել և գիտակցված իրականացնել շարունակական
հեղափոխական բարեփոխություններ՝ վերևից: Ուշագրավ է նրանց այն համոզմունքը, որ ժողովրդական
շարժումը սովորաբար քայքայվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ՝ ընտրովի հետապնդումների,
կոոպտացիայի, ցույցերից և փողոցային թատրոններից ֆիզիկական հոգնածության, գործընթացների
և քաղաքականության վերաբերյալ ներքին հակամարտությունների, հիասթափության՝ փոխզիջումային
պակտերի կամ օլիգարխիական առաջնորդության ձևավորման հետևանքով: Այդ իսկ պատճառով անցման
մեջ ժողովրդական շարժմանը հատկացվում էր մարգինալ դեր՝ վերնախավին ստիպելով գնալ շարունակական
փոփոխությունների և բարձրացնել ժողովրդավարության որակը:
Փաստորեն, Կարլի և Շմիտերի առաջարկած դասակարգման համաձայն՝
ժողովրդավարության որակի ապահովման ռազմավարական նպատակով անցումը իմաստավորված և համակարգված
գործողությունների երկարաժամկետ գործընթաց է: Այդ ընթացքում պակտը, փաթաթումը, հեղափոխությունը
և բարեփոխությունները կարող են հանդես գալ կա՛մ առանձին-առանձին, կա՛մ էլ միաժամանակ:
Այս համատեքստում ուսումնասիրելով հետխորհրդային երկրների անցման արդյունքները՝ ռուս
քաղաքագետ Մելվիլը արդարացիորեն բարձրացնում է «արդիականացում առանց ժողովրդավարության»
հիմնախնդիրը. «Հետխորհրդային մատերիալի վերլուծությունից ստացված եզրակացությունները
առնվազն երկու առումով հետաքրքրություն են ներկայացնում համեմատական քաղաքագիտության
և, ընդհանրապես, քաղաքական գիտության ոլորտում»:
Առաջին հերթին դա նոր միջին խավի գործառումն է՝ առանց ժողովրդավարական
պահանջի և հայտնի «Լիփսեթի հիպոթեզի» փաստացի վերանայման: Այն ձևավորվել է դեռևս
1950-ականների վերջին և հիմնված է պարզ վիճակագրական հաշվարկների վրա, որոնք ցույց
են տալիս հասարակության մեջ տնտեսական աճի և ժողովրդավարության պահանջարկի տարածման
միջև փոխհարաբերությունները: Այս սխեմայում, որն ավելի շատ հատուկ է համեմատական քաղաքագիտությանը,
սոցիալական կարևոր միջնորդը միջին խավն է՝ որպես բարեկեցության աճի, անկախ կարգավիճակի
և կրթվածության կրող և արարող: Դա էլ հանգեցնում է լայն սոցիալական խավերի շրջանում
նոր պատկերացումների ձևավորման՝ իշխանության և քաղաքական համակարգի, մասնավորապես,
իրենց շահերը ներկայացնելու պահանջի և, վերջապես, քաղաքական ինստիտուտների վերաբերյալ:
Արդիականացման ավանդական հարացույցում, ըստ «Լիփսեթի հիպոթեզի», միջին խավը ժողովրդավարության
կենսունակության հիմնական բաղադրիչներից է: Հանրագումարելով հետխորհրդային փորձը (ինչպես
նաև զարգացող մի շարք երկրների փորձը)՝ բավական ճշգրտումներ կարելի է կատարել: Այստեղ
գլխավորն այն է, որ Ռուսաստանում միջին խավի ձևավորումը հիմնականում սպառողական մակարդակներում
է: Այն արդեն 2000-ականների առաջին տասնամյակի «նավթային» եկամուտների վերաբաշխման
պայմաններում ուներ յուրահատուկ բնույթ՝ հիմնված սոցիալական նոր իրականության վրա,
ինչը ոչ մի դեպքում չէր ենթադրում զանգվածային ժողովրդավարական պահանջի առաջացում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճն ու մրցունակ կրթությունը կարող
են հանգեցնել ոչ թե ժողովրդավարության և շահերի ներկայացուցչության պահանջի, այլ ընդհակառակը՝
ավտորիտարիզմի աջակցության: Նկատենք, որ նմանատիպ սոցիալական և վարքային մոդելներ հանդիպում
են ոչ միայն Ռուսաստանում և տնտեսապես համեմատաբար բարեկեցիկ հետխորհրդային այլ երկրներում,
այլև ողջ զարգացող աշխարհում:
Երկրորդ նշանակալի նորամուծությունը ավտորիտար արդիականացման
հնարավորությունների ու նրա շրջանակների փաստարկումներն են՝ կապված ավտորիտար կապիտալիզմի
մոդելի վերաբերյալ մոդելի շարունակվող քննարկումների հետ: Շատ հետխորհրդային երկրներ
արդեն վերափոխումների սկզբում գտնվում էին զարգացման համեմատաբար բարձր մակարդակի վրա
(հիմնականում՝ արդյունաբերական-քաղաքային ներուժի, կրթական մակարդակի, սոցիալական ապահովության
և այլ առումներով), բայց իրականում չունեին քաղաքական և շուկայական մրցակցության, բազմակարծության
և մասնակցության ավանդույթներ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ հատկապես հետարդյունաբերականության
փուլում արդիականացման համար կարևորագույն նշանակություն ունեն ամենից առաջ քաղաքական
ռեֆորմների, քաղաքական մրցակցության և մասնակցության, գործադիր իշխանության փոխանցելիության,
կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական իրավունքների և սեփականության իրավունքի հետևողական
հաստատումը: Վերլուծական այս մոտեցումն ունի ոչ միայն տեսական, այլև կիրառական նշանակություն:
Խոսքը էլեկտորալ ավտորիտարիզմի համատեքստում «համակարգային ազատականացման» հնարավորությունների
սահմանափակումների մասին է, երբ սոցիալ-քաղաքական ստատուս քվոն պահպանելիս արդիականացման
հաշվարկները կապված են տնտեսական և կառավարչական ոլորտների հետ և գործնականում չեն
ազդում հասարակության կյանքի որակի վրա: Արդիականացման քաղաքական ինստիտուցիոնալ սահմանափակումները,
ներառյալ իշխանության վերարտադրությունը, մրցակցությունն ու մասնակցությունը, ինստիտուտները
և խաղի կանոնները իրենցից ներկայացնում են դեռևս չլուծված երկընտրանք…
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ եթե անցումային
ժողովրդավարությունների իրատես գնահատման նպատակով հիմնվենք տնտեսական զարգացման մակարդակի
և ժողովրդավարության կայունության վրա, ապա կարող ենք դիտարկել այնպիսի ցուցանիշ, ինչպիսին
ժողովրդավարության որակն է: Ժողովրդավարության որակը, որպես վարչակարգի շարունակական
բարեփոխումների և բնականոն արդիականացման չափորոշիչ, պարբերաբար ընդարձակում է ժողովրդավարության
սոցիալական տարածությունը դիսկուրսի միջոցով (դիսկուրսային ժողովրդավարություն): Այս
պարագայում հանրագումարելով հետկոմունիստական երկրների կերպափոխման փորձը՝ կարող ենք
նշել, որ անցումից համախմբում հարացույցի կիրառման համար հարկավոր են հասարակական-քաղաքական
այլ պայմաններ, քան անցումն սկսելու համար: Այս գործընթացի բազմաչափությունը նկատի
ունենալով՝ կարող ենք եզրակացնել, որ մի դեպքում քաղաքական ժողովրդավարությունը, որպես
համախմբման կայացման պայման, պայմանավորված է քաղաքական կուսակցությունների կամ քաղաքացիական
հասարակության որակով (ինստիտուցիոնալ ժողովրդավարություն), մյուս դեպքում որոշիչ են
համարվում ազատական այն բարեփոխումները, որոնց հետևողական իրականացումը կարող է պոզիտիվ
ազդեցություն ունենալ ժողովրդավարական համախմբման վրա՝ պայմանավորված դիսկուրսի բնույթով:
Որպես աստիճանակարգային գիտելիքների բարդ համակարգ՝ դիսկուրսը, բացի տեքստից, ներառում
է բացառիկ լեզվաբանական տարաբնույթ դրսևորումներ (համակարգված գիտելիքներ աշխարհի,
նպատակադրման, կարծիքների, դիրքորոշումների, գաղափարախոսությունների, իշխանական հարաբերություններում
առկա տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների մասին):
Փաստորեն, ժողովրդավարական անցումից դեպի համախմբում գործընթացը
կոնկրետ պատմական իրավիճակի, մշակույթի և կոնկրետ պայմանների մեջ ձևավորված ու զարգացող
տեքստի բազմակողմանի դիսկուրսի հետևանք է: Այս դիտանկյունից նպատակահարմար է վերլուծել
համախմբման գործընթացի հետևյալ բաղադրիչները. ինստիտուցիոնալ (տարբեր քաղաքական ուժերի
մրցակցային շահերը ներառող իշխանական կառուցվածքների ստեղծում), ընթացակարգային (քաղաքական
դերակատարները պահպանում են սահմանադրությամբ ամրագրված խաղի կանոնները), արժեքային
(ժողովրդավարական հիմնարար արժեքների վերաբերյալ համաձայնության կնքում): Նշված բաղադրիչների
հայեցակարգային իմաստավորումը ենթադրում է որոշակի սոցիալականացման, ինստիտուցիոնալացման
այնպիսի աստիճան, որը ճնշման խմբերին հնարավորություն է տալիս իրատես մասնակցություն
ունենալու քաղաքական կառավարմանը և հաղթահարելու հիասթափության ալիքը՝ մերժելով հասարակությունում
ցինիկ քաղաքական մշակույթի գոյության վտանգը: Խաղային տրամաբանություն ենթադրող անցման
ընթացքում անորոշությունից դուրս գալու համար այդ վտանգն ստիպում է բարձրացնել քաղաքացիների
քաղաքական կրթվածությունը, նրանց պահանջկոտությունը սեփական երկրի քաղաքական ինստիտուտների
նկատմամբ՝ պարտադրելով քաղաքական գործիչներին ժողովրդավարացնել քաղաքական իշխանության
իրականացման մշակույթը:
Վերոշարադրյալը հիմք ընդունելով՝ քաղաքական արդիականացումը
սահմանենք որպես ժողովրդավարացման այնպիսի գործընթաց, որն ընդունակ է իրականացնելու
ինստիտուցիոնալ նորարարություններ՝ մոբիլիզացնելով ազգային ռեսուրսները և հարատև սոցիալականացնելով
քաղաքացիներին: Փաստորեն, քաղաքական արդիականացումը սոցիալ-քաղաքական բազմամակարդակ
դիսկուրսի միջոցով հետամուտ է ազգային միաբանության, համաձայնության և համախմբման:
Ամրագրելով խաղի նոր կանոններ՝ դիսկուրսի միջոցով հնարավոր է բարձրացնել քաղաքական
համակարգի բնականոն արդիականացման դերակատարների պատասխանատվությունը: Այս նկատառումներով
արդիականացման նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքակրթական մոտեցում՝ շեշտադրելով
դրա գերակա նշանակությունը ազգային ինքնության բնականոն արդիականացման գործում: Այն
արմատապես փոխում է ժողովրդավարական անցման նրանց ընկալման մակարդակի արժեքաբանությունը
և ըստ այդմ նվազեցնում մարգինալության գործառնման սահմանները:
Նյութի աղբյուրը՝ Մարիամ Մարգարյան- «Գունավոր հեղափոխություն. տեսություն և տեխնոլոգիաներ»
Comments
Post a Comment