Հայ լոբբիստների անցկացրած 907-րդ բանաձևը,
Շուշիի ազատագրումը և Արծվաշենի անկումը
1992թ. ապրիլի 2-ին Հայաստանը և Միացյալ Նահանգները Վաշինգտոնում
ստորագրում են առևտրային հարաբերությունների և ներդրումների խրախուսման համաձայնագրեր:
Երկու փաստաթղթերն էլ ստորագրում են ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը և Հայաստանի փոխվարչապետ
ու էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանը: Այս համաձայնագրերն ազդարարում են հայ-ամերիկյան
տնտեսական հարաբերությունների սկիզբը:
Մինչև այդ՝ մարտի 4-ին, Հայաստանի համար հանվում է Ջեքսոնի
և Վենիկի բանաձևը, որը 1974 թվականից ի վեր սահմանափակում էր ԽՍՀՄ հետ առևտրային հարաբերությունները:
Այս կապակցությամբ ապրիլի 6-ին նախագահ Բուշը նամակ է հղում Կոնգրեսին՝ նշելով.
«ԱՄՆ Սահմանադրության և օրենքների, մասնավորապես՝ 1974թ.
առևտրի ակտի լրամշակված 402©(2) բանաձևի համաձայն, որը շարունակում է կիրառվել Հայաստանի
նկատմամբ, հետամուտ լինելով ակտի 402 (d) բանաձևին և Կոնգրեսին ներկայացնելով 402
©(2) բանաձևով նախատեսված զեկույցը, ինձ լիազորված իշխանությամբ շրջանցում եմ Հայաստանի
վերաբերյալ ակտի 402(a) և 402 (b) բանաձևերի կիրառումը»:
Երևանում ԱՄՆ նորաբաց դեսպանությունը պետքարտուղար Բեյքերից
ապրիլի 24-ին ընդառաջ հանձնարարական է ստանում, թե ԱՄՆ դիվանագետներն ինչպես պետք է
իրենց դրսևորեն այդ օրերին: Հանձնարարականում մասնավորապես ասվում է. «Համայն աշխարհի
հայությունն ապրիլի 24-ին հիշում է, ենթադրաբար, թուրքերի կազմակերպած հայերի կոտորածը:
Անկախության հռչակման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառով այդ օրն այս
տարի առավել մեծ ուշադրության է արժանանալու Հայաստանում և սփյուռքում: Հայաստանում
ԱՄՆ դեսպանության աշխատակազմին այս գրությամբ ուղղորդում ենք մասնակցել ապրիլի 24-ի
միջոցառումներին: ԱՄՆ կառավարությունը գիտակցում է ապրիլի 24-ի կարևորությունն ու պատմական
դեպքերի նշանակությունը և հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ կմիանա աշխարհի
ժողովուրդներին: Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին թույլատրվում է մասնակցել
Հայաստանի կառավարության կազմակերպած բոլոր այն միջոցառումներին, որոնց հրավիրված են
և մասնակցում են Երևանում հավատարմագրված դիվանագետները: Այդ միջովառումներին ներկայությունը
պարտադիր է: Չնայած դրան, ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում, որ իր ներկայացուցիչն
այդ միջոցառումների ընթացքում որևէ ձևով առանձնանա, որպեսզի դա չմեկնաբանվի, թե ԱՄՆ
կառավարությունը կոտորածները ճանաչում է ցեղասպանություն, կամ դա չօգտագործվի Թուրքիայի
դեմ քարոզչական պատերազմում: Այդ պատճառով ԱՄՆ դեսպանությունը չպետք է մասնակցի այն
միջոցառումներին, որտեղ այլ դիվանագետներ ներկա չեն, կամ որտեղ ամերիկյան դիվանագետների
ներկայությունը կարող է առավել ցցուն լինել, քան այլոց ներկայությունը: Դեսպանությունը
չպետք է որևէ մեկնաբանություն անի դեպքերի վերաբերյալ»: Պետքարտուղարի հանձնարարականում
նաև նշվում է, թե ամերիկացի դիվանագետներն ինչ նախադասություններ կարող են գործածել:
«1.Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդկանց մահը սահմաններ չճանաչող
ողբերգություն է, որի համար ամբողջ մարդկությունը դեռևս սգում է: 2.ԱՄՆ կառավարությունը
հպարտ է գտնվել այս միջոցառմանը, որի ընթացքում մենք սգում ենք հայերի մահն այդ ողբերգական
դեպքերի ժամանակ: 3.Վստահ ենք, որ այս միջոցառումը չի կարող խանգարել հայ-թուրքական
հարաբերությունների զարգացմանը, որի արդյունքում տարածաշրջանում կարող է կայունություն
հաստատվել:Բեյքեր»:
Ապրիլի 28-ին ԱՄՆ դեսպանությունը պետքարտուղար Բեյքերից հաղորդագրություն
է ստանում, որից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությունն ԱՄՆ-ից միջնորդություն
է խնդրել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում:
Ըստ Բեյքերի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Հովհաննիսյանը պատրաստվում է այս հարցը
քննարկելու համար մեկնել Սաուդյան Արաբիա: Ըստ հաղորդագրության, Հայաստանի կառավարությունը
համապատասխան նամակն ուղղել է Սաուդյան Արաբիային, սակայն պատասխան չի ստացել: Բեյքերը
նշում է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանը, նաև նախկին ԽՍՀՄ պետությունները
բարիդրացիական հարաբերություններ հաստատեն այլ պետությունների հետ, քանի որ նորանկախ
պետություններն այդ կերպ կինտեգրվեն միջազգային հարաբերություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշում է. «Փորձեցինք, իհարկե, Պակիստանի
համար էլ խնդրեցինք, որը մինչև օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի
հետ: Ամերիկացիներն այդ երկու ուղղություններով էլ փորձել են որևէ բան անել: Բայց բոլոր
դեպքերում նրանք հավատարիմ մնացին իրենց գծին»:
Մայիսի 5-ին նախագահ Բուշը հանդիպում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Բութրոս Ղալիի հետ.
-Կիպրոսի հարցում լավատես լինելու պատճառ կա՞,- հարցնում
է Բուշը:
-Վերջին երկու շաբաթների ընթացքում նոր զարգացումներ են եղել:
Կարծում եմ, որ Դեքթաշը և Վասիլիուն կարող են Նյու Յորքում հանդիպել առաջիկա երկու
շաբաթների ընթացքում,- պատասխանում է Բութրոս Ղալին:
-Մեր դերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին աջակցելն է: Հեշտ լուծում
չկա,- ասում է Բուշը:
-Անցած աշնանը մենք բավական լավատես էինք, քանի որ այդ ամենի
հետևում Օզալն էր կանգնած և ճնշում էր գործադրում Դենքթաշի վրա: Բայց Դեմիրելն ավելի
զգուշավոր է: Այդ ամենի հիմքում թուրքական ներքաղաքական իրավիճակն է,- նշում է գեներալ
Սքոուքրոֆթը:
Նախագահ Բուշն ասում է.
-Դեմիրելի հայացքն Արևելք է ուղղված: Վերջերս խոսել եմ նրա
հետ, հիմնականում՝ նախագահ Նազարբաևի մասին: Նա նաև անհանգստացած է Ադրբեջանի մասով:
Մենք կշարունակենք ճնշում գործադրել այնքան, որքան կկարողանանք:
-Վախենամ, որ մենք ներքաշվենք Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ,-
ասում է Բութրոս Ղալին:
-Ի՞նչ են նրանք Ձեզ խնդրում անել,- հարցնում է Բուշը:
-Խաղաղապահներ ուղարկել, ինչպես Հարավսլավիայում արեցինք:
Նրանց մշտական ներկայացուցիչն ասում է, որ այժմ իրենք ՄԱԿ-ի լիարժեք անդամ են, ուստի
ինչո՞ւ հատուկ ներկայացուցիչ չնշանակել ինչո՞ւ փաստահավաք առաքելություն չուղարկել:
Մեկ ուրիշ խնդիր է այն, որ մենք ծանրաբեռնված ենք: Նույնիսկ 200 դիտորդ ուղարկելը մեծ
գումար է պահանջում: Վերջին 6 ամիսների ընթացքում Ռուանդան և Ուգանդան օգնություն են
խնդրել, բայց հիմա չենք կարող միջամտել,- ասում է Բութրոս Ղալին:
Հունիսի 8-ին Մյունխենում նախագահ Բուշի ասուլիսի ժամանակ
նրան հարցնում են ամերիկյան զորքեր օգտագործելու մասին.
-Դուք նշեցիք, որ Պարսից ծոցում պատերազմ եք սկսել՝ ելնելով
սկզբունքից, և որ այդտեղից էլ առաջացել է նոր աշխարհակարգը: Հիմա Դուք ասում եք, որ
չեք կարող միջոցներ կիրառել Հարավսլավիայի քաղաքական խնդիրը լուծելու համար: Ի՞նչ է
առաջարկում նոր աշխարհակարգը նախկին Հարավսլավիայի՝ հող կորցրած քաղաքացիներին, որոնք
իրենց քաղաքական խնդիրները լուծելու կարիք ունեն:
Նախագահ Բուշը պատասխանում է.
-Ես չասացի, որ մենք չենք կարող միջոցներ ձեռնարկել քաղաքական
խնդիրները լուծելու համար: Ես ասացի, որ մենք չենք պատրաստվում Միացյալ Նահանգների
զորքերն օգտագործել քաղաքական խնդիրներ լուծելու համար: Դրանք շատ տարբեր բաներ են:
Մենք հզոր դիվանագիտություն ունենք: Նախ մարդասիրական խնդրի վրա ենք աշխատում, այնուհետև
անում ենք այն, ինչ անում էինք հակամարտությունից առաջ ու դրա ընթացքում՝ փորձում ենք
օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները: Աշխատում ենք եվրոպացիների հետ:
Աջակցում ենք լորդ Քարինգթոնին, ՄԱԿ-ի առաքելությունն իրականացրած Սայրըս Վենսին: Պե՞տք
է ամեն անգամ նման դեպքերում ուժ կիրառել: Նայեք այն երկրներին, որոնք վերջերս ազատվել
են կոմունիզմի ու ԽՍՀՄ լծից: Ձեր հարցի տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանի
ու Ադրբեջանի կամ Ղրիմի խնդիրները լուծելու միակ տարբերակն ամերիկյան զորքերի միջամտությունն
է: Բայց մեր քաղաքականությունը դա չէ, մենք խաղաղությունն այդպես չենք պահպանում:
Այս կոնտեքստում հետաքրքիր են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները:
1992թ. հունիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում պատմության մեջ
առաջին անգամ Ռուսաստանի նախագահն ուղերձով դիմում է ԱՄՆ-ին: Այս փուլը պատմության
մեջ կմնա որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների «մեղրամիս», որն ավարտվելու էր
1995թ. մարտին: Ռուսաստանի ԱԳ նախարար Կոզիրևն ավելի ուշ ասում էր, որ ԱՄՆ-ՌԴ «մեղրամիսն»
ավարտվեց, սակայն «ապահարզան» տեղի չունեցավ:
Հուլիսի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Հովհաննիսյանի հետ հանդիպումից
առաջ պետքարտուղարի սեղանին է դրվում քննարկման ենթակա առաջնահերթությունների մասին
գրություն.
Առաջնահերթություն.
1.ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի միջնորդություն և զինադադար
2.Ադրբեջանի հարձակում
3.Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի վավերացում
Եթե հնարավոր է, անդրադառնալ նաև հայ-թուրքական հարաբերություններին.
Խոսելու դրույթներ.
ԵԱՀԽ Լեռնային Ղարաբաղի միջնորդություն.
· ԱՄՆ կառավարությունը
և միջազգային համայնքը հավատարիմ են ԵԱՀԽ միջնորդական ջանքերին
· Հայաստանը
պետք է կառուցողական մոտեցմամբ ներգրավված լինի ԵԱՀԽ գործընթացում, որը լավագույն և
խաղաղ լուծման հասնելու գոյություն ունեցող միակ հնարավորությունն է: Ես Ձեզ հորդորում
եմ վերադառնալ Հռոմ և մասնակցել հուլիսի 15-ի նիստին, օգնել մինչև հուլիսի վերջ Մինսկում
լիարժեք կոնֆերանս գումարելու գործին: Մենք գիտենք, որ Դուք չեք կառավարում ԼՂ հայերին,
բայց մենք հույսը դնում ենք Ձեզ վրա, որ շարունակեք ԼՂ հայերին համառորեն հորդորել
կառուցողականորեն մասնակցել գործընթացին՝ որպես շահագրգիռ և ակնհայտորեն կարևոր կողմ՝
բանակցային լուծման համար
· Շատ կարևոր
է, որ Երևանը Լեռնային Ղարաբաղի հայերին հորդորի աջակցել և իրագործել նախագահ Ռաֆայելիի
կոչը, որպեսզի ԵԱՀԽ հովանու ներքո հուլիսի 9-ից զինադադար հաստատվի
· Ադրբեջանի
նախագահ Էլչիբեյը հավանություն է տվել զինադադարին: Մենք ակնկալում ենք նմանատիպ արձագանք
հայկական կողմից
· Որևէ կողմի
շահերից չի բխում զինադադարի ձախողման կամ ԵԱՀԽ խաղաղության գործընթացի խարխլման պատասխանատվությունը
ստանձնելն ամբողջ աշխարհի առաջ
· Հիմա Դուք
կստանձնե՞ք հուլիսի 15-ին Հռոմում և հուլիսի վերջին Մինսկի բացման հանդիպմանը Հայաստանի
մասնակցության պարտավորությունը
Ադրբեջանի հարձակում
· Մենք հրապարակայնորեն
դատապարտել ենք Ադրբեջանի հարձակումները, որոնք սկսվել են հուլիսի 4-ին
· Բաքվին կոչ
ենք արել անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները
· ԱՄՆ կառավարությունն
իր հանրային և մասնավոր դիրքորոշման մեջ եղել է հետևողական. սահմանների միակողմանի
որևէ փոփոխության կամ բռնության միջոցով հակամարտության որևէ լուծման չենք աջակցի
· Մենք շարունակում
ենք ստուգել Ադրբեջանում թուրքական խորհրդականների ենթադրյալ ներկայության մասին տեղեկությունները:
Մենք նաև ասել ենք թուրքերին, որ նման խորհրդականների ներկայությունը մենք կհամարենք
լուրջ մտահոգության առարկա:
Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի վավերացում.
· Ես հիասթափված
եմ, որ Ձեր խորհրդարանը դեռ քայլեր չի արել Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը
վավերացնելու համար: Դուք ստանձնել եք այդպիսի պարտավորություն: Ես հորդորում եմ անմիջապես
վավերացնել:
· Քանի որ
Ձեր և Բելառուսի խորհրդարանները պայմանագիրը դեռ չեն վավերացրել, մենք այս հանդիպման
ընթացքում պետք է գտնենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի իրականացումն
ապահովելու այլ ճանապարհ:
·Եվրոպայում
սովորական զինված ուժերի պայմանագրի 24 պետությունների ներկայացուցիչները հուլիսի
8-ին Վիեննայում իրավական պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության են եկել: Ըստ այդմ,
պայմանագիրը կկիրառվի 120 օր, մինչև բոլորն այն վավերացնեն:
· Պայմանագրի
ժամանակավոր կիրառումը Հելսինկիում այն ուժի մեջ մտցնելու միակ ձևն է: Որպեսզի մենք
կարողանանք այն կիրառել, ես հորդորում եմ, որ Դուք ուրբաթ օրը միանաք պայմանագրի ժամանակավոր
կիրառմանը՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում
·Ողջունում
եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջ ընթանալու գործում Հայաստանի
ջանքերը
·Հասկանում
եմ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարաբերությունները կարգավորել Լեռնային
Ղարաբաղում զինադադար հաստատելուց հետո
· ԵԱՀԽ զինադադարը
հնարավորություն է տալիս այս քայլը հիմա կատարել: Հորդորում եմ Ձեզ, նաև կհորդորեմ
թուրքերին, որ ձեռքից բաց չթողնեք այս հնարավորությունը
·Ողջունում
ենք հունիսի 29-ին նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը, որում նա պարտավորություն ստանձնեց
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված
ԵԱՀԽ սկզբունքների հանդեպ հարգանքի վրա
· Համաձայն
ենք նրա կարծիքին, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կվնասի
բանակցությունների հնարավորություններին
1992թ. օգոստոսի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարը նամակ է հղում
պետքարտուղար Բեյքերին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը ռազմական օդանավերով ռմբակոծություններ
է սկսել, գրավել է Արծվաշենը, ռմբակոծել է Կոռնիձորը.
«Հարգելի՛ պետքարտուղար, Հայաստանի տարածքային ամբողջականությունը
խախտվել է: Օգոստոսի 8-ի երեկոյան ադրբեջանական բանակը՝ թուրք խորհրդականների աջակցությամբ,
Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնել է մինչև Հայաստանի հետ
սահմանը: Կիրառելով տանկեր և ծանր հրետանի՝ Ադրբեջանը Հայաստանի հյուսիսարևելյան մասում
սպանել և տեղահանել է հարյուրավոր քաղաքացիների և գրավել Հայաստանի 46 քառակուսի կմ
տարածք: Ադրբեջանն Արծվաշենը բռնակցել է ղարաբաղյան հակամարտությունում պատերազմ վարելու
մահաբեր նոր ձևի՝ օդային ռմբակոծման միջոցով: Ադրբեջանի Սու-25 ռազմական օդանավերն
օգոստոսի 6-ին ռմբակոծել են Ստեփանակերտը՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը՝ ամենուրեք
սփռելով մահ և ավերածություն: Սպանվել է 26 քաղաքացիական անձ, 68-ը վիրավորվել է: Օգոստոսի
8-ին նույն ճակատագրին է արժանացել արդեն Հայաստանի Կոռնիձոր գյուղը: Ադրբեջանի ռմբակոծիչները
խախտել են Հայաստանի հարավարևելյան սահմանագիծը՝ իրենց մահացու զինանոցը պարպելով խաղաղ
բնակչության վրա»:
Հայաստանի ԱԳ նախարարը հայտնում է, որ Հայաստանն ու Լեռնային
Ղարաբաղը չունեն ռազմական օդանավեր, ինչը վկայում է հայկական կողմերի պաշտպանական հզորությունների
անհամապատասխանության և առաջացած ողբերգության չափերի մասին:
«Ես դիմում եմ Ձեզ, որ վճռականորեն արձագանքեք՝ դատապարտելով
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած այս նոր ագրեսիան: Օգնեք
կասեցնել շարունակվող բռնությունը: Այն չի դադարելու, եթե չլինի ոճրագործությունների
կոշտ դատապարտում և համապատասխան միջոցների կիրառում: ՄԱԿ-ը, ԵԱՀԽ-ն և ԱՊՀ-ն այն կառույցներն
են, որոնք պետք է պատասխանատվություն կրեն Ադրբեջանի «վերջնական լուծումը» կասեցնելու
համար, Ադրբեջանի կառավարությանը պետք է ստիպեն դիմել Լեռնային Ղարաբաղի իշխանությանը՝
քաղաքական լուծման հասնելու համար, պետք է ստիպեն վերականգնել Հայաստանի տարածքային
ամբողջականությունը»:
ԱԳ նախարարը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի
բռնությունները, Լեռնային Ղարաբաղի գոյության միակ երաշխիքը կդառնա միջազգային ճանաչումը:
«ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԽ սկզբունքների խախտման յուրաքանչյուր
դեպք պետք է ուսումնասիրվի, ըստ իր հատկանիշների: Սակայն անգամ անաչառ դիտորդի համար
դժվար է չնկատել Ստեփանակերտի և Սարաևոյի նմանությունը»:
ԱԳ նախարարը նաև ասում է, որ Հայաստանն իր գյուղերի ռմբակոծությանը
պետք է արձագանքի ճիշտ այնպես, ինչպես դա կաներ ԱՄՆ-ն, եթե ռմբակոծվեին ամերիկյան բնակավայրերը:
Վերջում էլ ԱՄՆ ներկայացուցիչներին հորդորում է այցելել հակամարտության գոտի և համոզել,
որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել՝ ազատվելով հայկական մեծամասնությունից
և նրա ընտրած օրինական կառավարությունից:
«Եվ հիմա, երբ Ադրբեջանը հասել է ուրիշի տարածքների գրավման
նոր բարձրակետի և սկսել է օդային հարձակումներ, Ձեր պատասխանը լինելու է կյանքի և մահվան,
պատերազմի և խաղաղության միջև ընտրություն»:
907-րդ բանաձևը հայ-ամերիկյան հարաբերությունների
և ԱՄՆ տարածաշրջանային շահերի համատեքստում
1992թ օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց «Ազատության աջակցության
ակտ» անվանմամբ օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս
պետություններին, որպեսզի նրանք կարողանան ձևավորել ժողովրդավարական վարչակարգեր և
ազատական տնտեսություն: Օրենքը գործողությունների փաթեթ էր, որն ԱՄՆ իշխանությունը
պետք է իրականացներ՝ հաշվի առնելով ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված աշխարհաքաղաքական
նոր իրողությունները: Բազմաբովանդակ և ընդգրկուն այդ իրավական ակտը նախատեսում էր հետևողական
աշխատանք բոլոր ուղղություններով: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր
նաև նրանով, որ նախորդ ֆինանսական տարում նախատեսված չէր աջակցություն ԽՍՀՄ նորանկախ
պետություններին, քանի որ այն ժամանակ ԽՍՀՄ-ն դեռ գոյություն ուներ և նման բյուջետային
տող նախատեսված լինել չէր կարող: Այդ տարիներին ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպություններն
ակտիվ և ազդեցիկ էին: Հաշվի առնելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ հայ համայնքի
և լոբբիստների աշխատանքի շնորհիվ նախաձեռնվեց և «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում
ավելացվեց 907-րդ բանաձևը, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում էր որևէ տեսակի աջակցություն
ցուցաբերելմ Ադրբեջանին:
Բանաձևը հռչակում էր, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող որևէ
աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել, հետևաբար՝
զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման
համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:
Բանաձևը նախաձեռնել էր դեմոկրատ սենատոր (Մասսաչուսեթս),
ապագա պետքարտուղար Ջոն Քերրին: Այն ընդունվեց ձայների 14/4 հարաբերակցությամբ: Երբ
նախագահ Բուշն օրենքը ստորագրեց, այն անմիջապես ուժի մեջ մտավ և խոչընդոտեց Ադրբեջան-ԱՄՆ
հարաբերությունների զարգացմանը: Օրենքն ուժի մեջ մնաց 10 տարի: Այդ ընթացքում Ադրբեջանն
ԱՊՀ միակ պետությունն էր, որը չէր կարողանում ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն
ստանալ: Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով բազմաթիվ փորձեր ձեռնարկում էր, բայց
հայ լոբբիստները կարողանում էին բանաձևը թողնել ուժի մեջ:
Ըստ ընդունված օրենքի, ԱՄՆ նախագահն իրավունք չուներ որևէ
ձևով շրջանցել 907-րդ բանաձևը: Ավելի ուշ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Արմիտաջը
հիշում էր, որ վարչակազմը դեմ էր այդ բանաձևին, և դրա պատճառով շատ թեժ քննարկումներ
էին ընթանում, որովհետև Սպիտակ տունն ուզում էր մեղմել բանաձևի տեքստը:
Այդուհանդերձ, բանաձևն ընդունվել էր: Այդ տարիներին ԱՄՆ-ում
ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Արզումանյանը հիշում է, որ բանաձևի
ընդունման գործում ամենամեծ աշխատանքն արել էր Ամերիկայի հայկական համագումարը.
«Չի եղել դեպք, որ ես ներկայացուցիչների պալատում կամ սենատում
որևէ պաշտոնական խոսակցության ժամանակ դա ասեմ, բայց ընդունելությունների ժամանակ,
օրինակ, ասել եմ, որ մենք կարծում ենք, որ դա կնպաստի իրավիճակի կայունացմանը, կսանձահարի
Ադրբեջանի ախորժակը: Այսինքն՝ ցույց ենք տվել, որ մեր պետությունը շահագրգռված է, որ
բանաձևը մնա ուժի մեջ»:
Չնայած Կոնգրեսն արդեն ընդունել էր օրենքը, վարչակազմը դրա
ձևակերպումների վերաբերյալ այլ կարծիք ուներ: Ռիչարդ Կաուզլարիչը, որը հետագայում ԱՄՆ
դեսպանն էր Ադրբեջանում, հիշում է, որ Պետքարտուղարությունում զայրացած էին: Բանաձևի
անցկացման գործում մեծ դեր ուներ ոչ միայն Ջոն Քերրին, այլև այն ժամանակվա սենատոր
Ջո Բայդենը.
-Պետդեպում ահավոր զայրացած էին: Միշտ բոլորը մեղադրում էին
Քերրիին, սակայն Բայդենն էլ էր ներգրավված: Իհարկե, հիմնականում Քերրին էր, սակայն
մենք հասկանում էինք, որ դրա հետևում կանգնած է հայկական լոբբին, որը շատ արդյունավետ
էր աշխատում այդ ժամանակ: Ես իհարկե չէի էլ կարող ենթադրել, որ մի օր Ադրբեջանում դեսպան
եմ նշանակվելու, բայց մենք չափազանց անհանգստացած էինք, որ հետագայում բարդանալու էր
Էլչիբեյի և Ալիևի վրա մեր՝ ազդեցություն ունենալու հնարավորությունը: Միաժամանակ հասկանում
էինք, որ դա անարդար է Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ, և Պետդեպում շատերն էին հասկանում
քաղաքական իրողությունները, բայց ոչինչ անել չէին կարող, քանի որ պետք էր, որ ակտն
արագ ընդունվի:
Կաուզլարիչը բացատրում է, որ օրենքի ընդունման հրատապությունը
կապված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջուկային զինանոցի հետ: Պետք էր արագ օգնություն
հասցնել և թույլ չտալ, որ միջուկային զենքն ինչ-որ ձևով տարածվի: Այդ արագությունն
էր պատճառը, որ օրենքն արագ ընդունվեց, և նախագահը ստիպված ստորագրեց այն՝ առանց վետոյի
կիրառման, քանի որ արագ գործելն ավելի կարևոր էր:
907-րդ բանաձևն էապես խանգարում էր ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների
բնականոն զարգացմանը տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում: Այն բացառիկ իրավական
ակտ էր, որը քաղաքական օրակարգ էր թելադրում Ադրբեջանի հետ ԱՄՆ երկկողմ հարաբերություններում:
Չնայած օրենքի արգելքին, ամերիկյան կողմը որոշ մարդասիրական օգնություն կարողանում
էր ուղարկել Ադրբեջան: Ադրբեջանին օժանդակություն տրամադրվում էր մարդասիրական հասարակական
կազմակերպությունների միջոցով՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղից փախստականներին օժանդակելու
համար: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն չէր կարողանում ուղիղ ֆինանսական օգնություն տրամադրել
Բաքվին, ինչի պատճառով էլ հնարավոր չէր լինում ազդեցության լուրջ լծակներ ունենալ այդ
երկրում, և ԱՄՆ-ից Ադրբեջանի կախվածությունը քիչ էր:
1992թ. գարնանն արցախյան ճակատում դեպքերն արագ էին ծավալվում:
Իրանի նախագահ Ռաֆսանջանին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մայիսի 7-ին հրավիրում
է Թեհրան: Օրակարգում տարածաշրջանի հիմնահարցերի քննարկումն էր: Սա կողմերին բանակցության
սեղանի շուրջ նստեցնելու և հաշտեցնելու առումով Իրանի առաջին նախաձեռնությունն էր:
Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն անփոփոխ էր: Տեր-Պետրոսյանը Բեյքերի հետ հանդիպման
ժամանակ նշել էր, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, և փորձում էր միջազգային հանրությանն
ամեն գնով վստահեցնել, որ Լեռնային Ղարաբաղի իշխանության ինքնուրույնության վրա ազդելու
լծակներ չունի: Տեր-Պետրոսյանը շեշտում էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը
համարում է Ադրբեջանի ներքին հարցը, և Հայաստանը կաջակցի այն որոշմանը, որը կբավարարի
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Մայիսի 8-ի գիշերը, երբ նախագահ Տեր-Պետրոսյանի պատվիրակությունը
գտնվում էր Թեհրանում, հայկական զինված ուժերը նախաձեռնում են Շուշիի ազատագրման օպերացիան:
Այն հաջողությամբ է պսակվում, և Շուշին, որը ռազմավարական նշանակություն ուներ նաև
Ստեփանակերտի ֆիզիկական անվտանգության առումով, վերջապես ազատագրվում է և անցնում է
հայկական զինված ուժերի վերահսկողության տակ: Բնականաբար, այս հանգամանքը չի վրիպում
միջազգային հանրության ուշադրությունից:
Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի
վարչապետ Դեմիրելից, այն տևում է 11 րոպե:
-ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը:
Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի: Նաև հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին
ճնշում կա: Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ռազմական ինտերվենցիայից
զերծ մնալ: Իրավիճակը չափազանց բարդ է,- ասում է Բուշը:
-Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ:
Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնար է: Ընդհանրապես մենք այսօր չենք
կարող զենքով հարց լուծել: Մենք կաշխատենք նաև մեր ադրբեջանցի եղբայրների հետ,- պատասխանում
է Դեմիրելը:
-Անցած շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը,
և ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում,- ասում է Բուշը:
Արխիվային փաստաթղթերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը
մշտապես եղել է ԱՄՆ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: Գաղտնազերծված
սղագրություններում կարելի է կարդալ, որ ԱՄՆ նախագահն օտարերկրյա իր գործընկերների
հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար խոսում էր Հայաստանի մասին:
Օրինակ՝ մարտի 21-ին Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի հետ
Քեմփ Դեյվիդում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բուշը կրկին քննարկում է ԽՍՀՄ փլուզման
գործընթացը: Բուշը Կոլին տեղեկացնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առավոտյան խոսել
է Լեռնային Ղարաբաղի մասին: Ըստ Բուշի, Տեր-Պետրոսյանը ցանկացել է «երեք պետություն
մեկ խմբում» ձևաչափը՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ:
-Մենք կաջակցենք այդ դիրքորոշմանը ԵԱՀԽ առաջիկա հանդիպման
ժամանակ: Տեր-Պետրոսյանն ինձ նաև ասաց, որ Թուրքիան անկեղծ չէ: Իրականում ես կարծում
եմ՝ Թուրքիան անկեղծ է: Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
լավ է անցել,- ասում է Բուշը:
Այս հանդիպման ընթացքում նույնպես կողմերը քննարկում են ԱՊՀ
կայացման անհրաժեշտությունը: Կոլը նշում է, որ այնքան էլ լավատես չէ ԱՊՀ ապագայի հարցում.
-Վտանգ կա, որ նախկին խորհրդային պետություններն ամբողջապես
կառանձնանան միմյանցից, դա լուրջ խնդիրներ կստեղծի տնտեսության և անվտանգության համար:
Ըստ Կոլի, նախկին ԽՍՀՄ երկրները 70 տարի միասին են եղել,
և առանձնանալու դեպքում նրանց տնտեսությունները պարզապես չեն գործի:
ԽՍՀՄ փլուզման շրջանակում գլխավոր թեմաներից մեկը շարունակում էր մնալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս կոնֆլիկտում իրենց շահերն ունեին ոչ միայն հակամարտող կողմերը, այլև հարևան պետությունները: Խնդիրն առաջնային կարևորություն ուներ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի համար: Ուստի այն մշտապես ուշադրության կենտրոնում էր և քննարկվում էր ամենուր՝ ամենաբարձր մակարդակներում: Միացյալ Նահանգները փորձում էր հնարավորին չափ արագ հաստատվել մի տարածաշրջանում, որտեղ վերջին 70 տարիներին քաղաքական ազդեցության որևէ հնարավորություն չէր ունեցել:
Comments
Post a Comment