Skip to main content

Ռուսոյի ժամանակաշրջանը և Ֆրանսիական մեծ հեղափոխության սոցիալ-քաղաքական էությունը

 

Դասակարգային շահերի հակասությունները ֆրանսիական մեծ հեղափոխության նախօրյակին

18-րդ դարի վերջին Ֆրանսիայում ստեղծվել էին մի շարք նախադրյալներ բուրժուական հեղափոխության համար: Բացարձակ միապետությունը, որը միասնական պետության ստեղծման գործում առաջավոր դեր էր խաղացել, ժամանակի ընթացքում վերածվում է հետադիմական ուժի և խոչընդոտում է կապիտալիզմի և շուկայական ազատ հարաբերությունների զարգացմանը: Հեղափոխության նախօրեին Ֆրանսիայի գրեթե 26 միլիոն բնակչին բաժին էր ընկնում 270 հազար արտոնյալ խավ՝ ազնվական և հոգևորական, որոնց պատկանում էր հողի 3/5-ը, մինչդեռ Ֆրանսիան համարվում էր գերազանցապես հողագործական երկիր այդ շրջանում:

1787 թվականի դրությամբ Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության ընդամենը 9%-ը: Գոյություն ունեին միայն 2 առևտրաարդյունաբերական կենտրոններ՝ Փարիզը և Լիոնը: Խոշոր հողատերերը հիմնականում սեփական տնտեսություն չէին վարում, այլ իրենց կալվածքները վարձակալությամբ հանձնում էին գյուղացիությանը ծանր ու կեղեքիչ պայմաններով: Երկրում գոյություն ունեցող բազմաթիվ հարկերի և տուրքերի ամբողջ բեռը ընկած էր գյուղացիության վրա, իսկ մանուֆակտուրաներում աշխատավորներն աշխատում էին օրական 14-15 ժամ:

Հեղափոխության նախօրյակին ֆրանսիական գյուղացիության զգալի մասն անձնապես ազատ էր: Թեև գյուղացին իր հողատարածքի սեփականատերն էր, նրա վրա դրված էին ֆեոդալական ծանր հարկեր և պարտավորություններ, որոնք մնացել էին դեռևս ճորտատիրության շրջանից: Դա էր պատճառը, որ գյուղացիությունը հեղափոխությունն ընդունեց որպես ազատագրական: Ներքին շուկայի ընդլայնումը հենվում էր գյուղացիական բնատնտեսական համակարգի վրա: Գյուղում պետք էր վերացնել ֆեոդալական հարաբերությունները, դրանում շահագրգռված էր թե՛ գյուղացիությունը, և թե՛ բուրժուազիան:

Այսպիսով, տեղական մակարդակում գերագույն տիրակալն էր կալվածատերը, որին վճարվում էին ֆեոդալական բազմապիսի հարկեր և տուրքեր, այդ թվում՝ հողի առուվաճառքից, գյուղմթերքների իրացումից և բեռնափոխադրումներից: Հոգևորականությանը վճարվում էր տասանորդը և այլ տուրքեր: Գոյություն ունեին նաև մի շարք ֆեոդալական առավելություններ կալվածատերերի համար, որոնք ապահովում էին նրանց գրեթե անվճար աշխատուժով և իրենց արտադրանքն առաջնային ու բարձր գներով իրացնելու հնարավորությամբ: Գյուղացիությունն էր նաև կրում պետական հարկերի և տուրքերի հիմնական բեռը:

Բացի այդ, նախահեղափոխական շրջանում կալվածատերերը յուրացրել էին ընդհանուր օգտագործման տարածքներ հանդիսացող համայնական հողերի (անտառներ, դաշտեր և այլ տարածքներ) զգալի մասը:

Այսպիսով, գյուղացիությունը՝ որպես սեփականատեր և որպես վարձակալ, գտնվում էր երկակի ճնշման տակ, որի արդյունքում նրա եկամուտներից փաստացի իրեն էր մնում միայն 1/3-ը: Այս ամենը խորը վրդովմունք էր առաջացնում գյուղացիության շրջանում, իսկ գյուղացիական հեղափոխությունը դառնում էր անխուսափելի:

Նման սոցիալ-քաղաքական պայմաններում Ռուսոյի «Հասարակական դաշինքի տեսությունը» դառնում է այն հզոր գաղափարական զենքը, որը ժամանակի հեղափոխականներն ու մտավորականները օգտագործում են որպես գաղափարական հիմք՝ բռնակալության դեմ իրենց պայքարին իրավական երանգ հաղորդելու և անօրինական կառավարմանը չհնազանդվելու նպատակով: Որոշ հեղափոխականներ նաև զարգացնում են Ռուսոյի տեսական հայացքները՝ գալով այն եզրահանգման, որ հասարակությունը և քաղաքացիները այլևս չեն կարող ունենալ հասարակական որևէ պայմանագիր անօրինական կառավարության հետ: Նրանք նաև հանգում են այն մտքին, որ բռնակալական համակարգը չի կարող ունենալ որևէ օրինական իշխանություն քաղաքացիների և հասարակության հանդեպ:Այստեղից նաև բխում է նման բռնակալական կառավարման կողմից կիրառվող ուժից բոլոր հնարավոր եղանակներով ինքնապաշտպանվելու ժողովրդի իրավունքը:

Բուրժուազիան, որը գյուղացիության (առաջին դաս) և քաղաքային չքավորության (երկրորդ դաս) հետ կազմում էր երրորդ դասը, մինչև հեղափոխությունը վերածվել էր սոցիալական մեծ ուժի: Նրա կազմում էին առևտրաարդյունաբերական բուրժուազիան, ֆինանսաբանկային ոլորտում ներգրավված անձինք, պետության վարկատուները և մեծածախ առևտրականները: Բուրժուազիայի այս մասը ընդդիմադիր դիրք բռնեց գործող համակարգի հանդեպ այն ժամանակ, երբ համոզվեց, որ նման վիճակի հետագա շարունակումը կբերի պետության սնանկացման, իսկ դա իր հերթին անխուսափելիորեն կհանգեցներ իրենց սնանկացմանը: Այդ պատճառով ֆինանսիստները ցանկանում էին պետության միայն մասնակի վերափոխում: Գիտակցելով իր տնտեսական հզորությունը՝ բուրժուազիան դրանով իսկ ավելի խորն էր ընկալում իր քաղաքական անիրավությունը:

Հեղափոխության նախօրյակին բուրժուազիայի քաղաքական և տնտեսական ծրագիրը կայանում էր հետևյալում՝

·         դասակարգային առավելությունների վերացում

·         միասնական իրավական համակարգի ձևավորում

·         հրապարակային և անկախ դատական համակարգի ստեղծում

·         օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի կենսագործում

Բուրժուազիան ձգտում էր նաև մասնակցություն ունենալ նաև օրինաստեղծ գործունեությանը և պահանջում էր տեղական ինքնակառավարում, բանավոր և տպագիր խոսքի ազատություն, անձի և նրա բնակարանի անձեռնմխելիություն, թագավորական իշխանության սահմանափակում ժողովրդական ներկայացուցչության միջոցով, միասնական և ազատ շուկա, մենաշնորհների և խոշոր արտադրության պետական կանոնակարգման վերացում:

Ի տարբերություն աշխատավորական զանգվածների՝ բուրժուազիան լիովին գիտակցում էր իր դասակարգային շահերը և սպասում էր հարմար առիթի: Արդյունաբերական բուրժուազիան գիտակցում էր նաև, որ իր հետագա տնտեսական զարգացումն անհնար է առանց արտադրական հին հարաբերությունների և այդ հարաբերությունների վերնաշենք հանդիսացող պետական կազմակերպության արմատական վերափոխման: Եվ քանի որ հին իշխանությունը չէր ցանկանում գնալ ոչ մի զիջման, բուրժուազիային մնում էր բռնել հեղափոխության ճանապարհը:

Բուրժուազիան կարողացավ իր քաղաքական պահանջներին հաղորդել համազգային բնույթ: Նրա կարգախոսն էր «ազատություն, հավասարություն և եղբայրություն»: Վերջին հաշվով հեղափոխությունը բուրժուական էր, քանի որ այն գլխավորեց հենց բուրժուազիան, որովհետև ուներ տնտեսական ներուժ, կրթություն և կազմակերպվածություն: Բուրժուազիայի մի մասը համալրեց պետական չինովնիկների բանակը՝ հոգևորականությունն ու ազնվականությունը, ընդ որում, մեծ խզում գոյություն ուներ բարձր և ցածր հոգևորականության միջև: Բարձր հոգևորականությունը մեծահարուստների դասն էր և թագավորական իշխանության ամենահուսալի հենարաններից մեկը: Ցածր հոգևորականության սոցիալական վիճակի բարելավումն անխզելիորեն կապված էր գյուղացիության նյութական վիճակի բարելավումից:

Նախահեղափոխական շրջանում պետական գանձարանն այնքան էր դատարկվել, որ նույնիսկ պետական պաշտոնյաներին աշխատավարձ չէր վճարվում, գյուղում սով էր, երկրում տիրում էր զանգվածային գործազրկություն: Հեղափոխության նախօրեին թագավորական իշխանությունը փորձեց արտոնյալ դասին ենթարկել հարկատվության, սակայն առաջին իսկ փորձերը ցույց տվեցին պետական ֆինանսների փլուզումը: Այդ քայլերը մեծ հակազդեցություն ստացան նրանց կողմից և ի վերջո՝ անհաջողության մատնվեցին: 1788-1789թթ. Ֆրանսիայի մի շարք շրջաններում տեղի ունեցան ընդվզումներ և ապստամբություններ: «Արտոնյալների այս հեղափոխությունը» օգտագործեց բուրժուազիան՝ իր նպատակներին հասնելու համար: Նա միացավ ազնվականության բողոքներին ընդդեմ ինքնակալության կամայականությունների:

Երեք դասերից կազմված այս դաշինքի պայմաններում թագավորական իշխանությունը մեկուսացվեց. կառավարության քաղաքականությունից համընդհանուր դժգոհությունը հարկադրեց Լյուդովիկոս 16-րդին գնալ առաջին կարևոր զիջմանը՝ համաձայնել գումարել Գլխավոր շտատներ, որոնք չէին գումարվել 1614 թվականից: Գլխավոր շտատները գումարվեցին 1789թ. մայիսի 5-ին Վերսալում: Գլխավոր շտատներում երրորդ դասի ներկայացուցիչների թիվը մոտավորապես հավասար էր հոգևորականության և ազնվականության պատգամավորների թվին: Երրորդ դասի պատգամավորների շրջանում ղեկավար դիրք էր գրավում բուրժուազիան: Վերջինս պահանջում էր Գլխավոր շտատներում քննարկումները, որոշումների ընդունումը և քվեարկությունը կազմակերպել մյուս դասերի հետ համատեղ, ինչը նշանակում էր հաղթանակ պարգևել երրորդ դասին, քանի որ ազնվականության և հոգևորականության շրջանում կային այնպիսի պատգամավորներ, ովքեր կիսում էին բուրժուազիայի հայացքները: Սակայն արտոնյալ դասի ներկայացուցիչները հրաժարվեցին ընդունել բուրժուազիայի վերը նշված առաջարկությունը:

Հեղափոխությունը սկսված էր: Արտոնյալ դասը միանգամից բռնեց արքունիքի կողմը, նախկին միասնական ընդդիմությունը մասնատվեց, բայց դա արդեն չէր կարող կանգնեցնել բուրժուազիայի հաղթական երթը, որն արդեն հենվում էր աշխատավորների, գյուղացիների և արհեստագործների վրա: Բուրժուազիայի կողմը բռնեցին նաև մայրաքաղաքում գտնվող զորքերը, ընդ որում՝ միայն սպայակազմից ցածր մասը, քանի որ սպայական պաշտոնները վաճառվում էին, և չքավոր մարդիկ այնտեղ չկային:

Համընդհանուր զինապարտություն գոյություն չուներ, շարքային զինվորականությունը կազմված էր երրորդ դասի ներկայացուցիչներից, իսկ բանակի 1/8-ը օտարերկրյա վարձկաններ էին: Այսպիսով, հեղափոխությունն սկսվելուն պես թագավորական իշխանությունը կորցրեց իր հենարաններից մեկը՝ զինված ուժերը:

Գլխավոր շտատների ընտրությունները և թագավորի կարգավիճակը

Գլխավոր շտատների ընտրությունները կազմակերպված էին այնպես, որ ո՛չ գյուղական, ո՛չ քաղաքային ժողովրդավարները չէին կարող իրենց ներկայացուցիչներին անցկացնել այնտեղ, չնայած ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 25 տարին լրացած յուրաքանչյուր ֆրանսիացի, ով ընդգրկված էր որևէ տուրքային (ցենզային) ցուցակի մեջ:

Պատգամավորները ընտրվում էին ըստ դասերի: Գյուղացիությունը, քաղաքային բուրժուազիան և աշխատավորները ընդգրկվեցին երրորդ դասի մեջ, որի համար ընտրությունները երկաստիճան էին, իսկ երբեմն նույնիսկ՝ եռաստիճան (անուղղակի ընտրական համակարգ), մինչդեռ ազնվականության համար ընտրությունները ոչ թե անուղղակի էին, այլ ուղղակի: Ընտրությունները կազմակերպում էին տեղի կալվածատերերին ենթակա ազդեցիկ պաշտոնյաները, որոնք միայն իրենց ներկայությամբ սարսափեցնում էին գյուղացիության ներկայացուցիչ-ընտրիչներին: Երրորդ դասից գլխավոր շտատներ հիմնականում անցան փաստաբաններ, պաշտոնյաներ, առևտրականներ: Գրեթե ներկայացված չէին քաղաքային աշխատավորականները, քաղաքային մանր բուրժուազիան՝ մտավորականությունը, արհեստագործները և վաճառականները:

Հեղափոխության առաջին փուլում այն ղեկավարում էր երրորդ դասը: Վերջինս պայքարեց գլխավոր շտատների կանոնակարգի փոփոխման համար, որի արդյունքում դասերի նստաշրջանները սկսեցին գումարվել ոչ թե առանձին, այլ միասին, իսկ որոշումներն ընդունվում էին ոչ թե դասերի ձայների մեծամասնությամբ, այլ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Երրորդ դասի պատգամավորները, որոնց թվում էր նաև Ռոբեսպիերը, տեղավորվեցին գլխավոր շտատների ձախ անկյունում, որոնք 1789թ. հունիսի 17-ին իրենց հռչակեցին «Ազգային ժողով», իսկ հուլիսի 9-ին՝ Սահմանադիր ժողով: Արքունիքը զորք էր հավաքագրում ցրելու համար Սահմանադիր ժողովը, որը դարձավ հուլիսի 13-14 համաժողովրդական հուժկու ապստամբության պատճառը:

1789թ. հուլիսի 14-ին տեղի ունեցավ հեղափոխության առաջին լուրջ հաղթանակը: Գրավվեց Բաստիլը: Դա Փարիզի ժողովրդավարության հաղթանակն էր թագավորական իշխանության նկատմամբ: Փարիզը դառնում է հեղափոխության կենտրոնը: Բաստիլի գրավումն արթնացրեց գյուղը, կալվածատերերի սեփականությունը բռնազավթվում էր: Վերսալում թագավորը կենտրոնացրել էր 30 հազարանոց բանակ, որը դուրս բերվեց գյուղացիության դեմ: Սահմանադիր ժողովը 1789թ. հոկտեմբերին թագավորի նստավայրը Վերսալից տեղափոխեց Փարիզ: Հասարակական ուժերի նման հարաբերակցության պայմաններում գերիշխող դիրք գրավեց բուրժուազիան, որը մի կողմից վերափոխում էր հին կարգերը և արմատավորում բուրժուական նոր կարգերը, իսկ մյուս կողմից փորձում էր արգելափակել հեղափոխության հետագա ընթացքը՝ թույլ չտալով այն զարգացնելու ժողովրդի փորձերը:

Ունենալով մեծամասնություն Ազգային ժողովում՝ բուրժուազիան վերացնում է բոլոր դասային արտոնությունները, ստեղծում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ և հրապարակայնորեն գործող նոր դատական համակարգ, վերացնում է գրաքննությունը: 1789թ. օգոստոսի 4-5-ին Սահմանադիր ժողովը վերացնում է գյուղացիության անձնական պարտավորությունները՝ դրանով իսկ վերացնելով ֆեոդալական հարաբերությունները: Միաժամանակ ժողովը դեկրետ է ընդունում համքարային կարգը վերացնելու մասին:

Այսպիսով, հեղափոխության առաջին փուլը (1789թ.հուլիսի 14-1792թ. օգոստոսի 10) սկսված էր, որի ընթացքում Ազգային ժողովում մեծամասնություն էին կազմում սահմանադրականները: Ֆրանսիական Մեծ հեղափոխության առաջին փուլում բուրժուազիան՝ ի դեմս սահմանադրականների, համաձայնության մեջ է մտնում ազնվականության հետ և պահպանում միապետությունը Ֆրանսիայում: Այս իրողությունն իր արտահայտությունն է գտնում հեղափոխության առաջին իսկ սահմանադրական փաստաթղթերում և օրենքներում:

Իրականում Սահմանադիր ժողովի ազնվական մասը, ընդառաջելով բուրժուազիայի քաղաքական շահերին, համաձայնեց իր արտոնությունների վերացմանը և օրենքի առաջ բոլորի հավասարությանը, իսկ բուրժուազիան իր հերթին կողմ քվեարկեց գյուղացիական ելույթները ճնշելու որոշմանը: Սահմանադիր ժողովը քրեական օրենք ընդունեց, որով փողոցում զինված քաղաքացուն սպառնում էր մահապատիժ, իսկ իշխանությանն իրավունք վերապահվեց զենքով ցրելու ամբոխին:

1789թ. օգոստոսի 26-ին Սահմանադիր ժողովը ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որում իրենց արտահայտությունը գտան բնական իրավունքի գաղափարը, մարդու բնական և անօտարելի իրավունքները՝ ազատության, սեփականության, անվտանգության, ճնշմանը դիմադրելու իրավունքները, մարդկանց հավասարությունը իրենց իրավունքներով, սակայն այս հռչակագրին համահունչ չէր նույն Սահմանադիր ժողովի կողմից 1790 թվականին ընդունված գյուղացիական ելույթները ճնշելու մասին օրենքները:

1789թ. օգոստոսից հոկտեմբեր ամիսներին Ազգային ժողովը զբաղված էր Սահմանադրության մշակմամբ, որը հետո ստացավ «1791 թվականի սահմանադրություն» անվանումը: Ազգային ժողովի մեծ մասը գտնում էր, որ պետք է պահպանվեն թագավորի գրեթե բոլոր հիմնական իրավունքները՝ սահմանափակելով թագավորական իշխանությունը միայն ժողովրդական ներկայացուցչությամբ: Դրանով իսկ բուրժուազիան ձգտում էր թագավորական իշխանությունը պահպանել որպես կառույց ընդդեմ ժողովրդավարության պահանջների այն դեպքում, եթե ժողովրդին հաջողվեր իրեն ենթարկել օրենսդրին: Սահմանադրությունը թագավորի անձը հռչակում էր սրբազան ու անձեռնմխելի՝ պահպանելով նրա հիմնական իրավունքներն ու լիազորությունները:

Ավելին, Ազգային ժողովի ազատական պատգամավորները հայտարարեցին, որ ով չունի որևէ գույք, չի կարող կազմել հասարակության մաս՝ դիտարկվելով պասիվ քաղաքացի, իսկ կառավարումը և օրենսդրության ստեղծումը սեփականության գործն է, և հետևաբար միայն սեփականատերերն են իրականում շահագրգռված կառավարման հարցերում: Մտցվեց բավականին բարձր ցենզային ընտրական իրավունք՝ անշարժ գույքի պարտադիր առկայությամբ: Ցենզային համակարգը ընտրական իրավունքից զրկեց աշխատավորներին, մանր պաշտոնյաների, արհեստագործների, գյուղացիության ու մտավորականության մեծ մասին, իսկ բուրժուազիան վերածվեց արտոնյալ դասի՝ իր ձեռքում կենտրոնացնելով պետական իշխանությունը: Ըստ Ռոբեսպիերի՝ ցենզային սահմանադրությամբ բուրժուազիան ձգտում էր ծագումով արտոնվածների իշխանությունը փոխարինել ունեցվածքով արտոնվածների իշխանությամբ:

Ըստ Ռոբեսպիերի՝ «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որի համաձայն՝ օրենքը համընդհանուր կամքի արտահայտությունն է, իսկ բոլոր մարդիկ հավասար են իրենց իրավունքներով, հռչակում է ժողովրդի ինքնիշխանությունը, որը վերածվում է դատարկ բանաձևի այս սահմանադրությամբ՝ զրկելով մի ողջ ժողովրդի քաղաքական իրավունքներից: Նա առաջիններից մեկն էր, որ առաջ քաշեց համընդհանուր ընտրական իրավունքի պահանջը՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու և ընտրվելու իրավունք՝ անկախ գույքային դրությունից: Այստեղ նա նույնիսկ առաջ է քայլում իր ուսուցչից՝ Ռուսոյից, քանի որ վերջինս ժողովրդավարությունը համարում էր կիրառելի քաղաքական ձև միայն փոքր երկրների համար:

Հռչակագրի և Սահմանադրության նախագծի քննարկումը աշխուժացրեց Փարիզի քաղաքական կյանքը: Հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցան բուրժուազիային մեծագույն սարսափ ներշնչող ժողովրդական մեծ հուզումներ, որոնց հետևանքով Ազգային ժողովի հիմնական խնդիրը դարձավ կարգուկանոնի ապահովումը և սեփականության պաշտպանությունը: Ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին հատուկ դեկրետ ընդունեց ռազմական դրության մասին, որով անօրինական հավաքների ու ցույցերի ընթացքում հասարակական կայունության համար վտանգ առաջանալու դեպքում Փարիզի իշխանություններին իրավունք էր տրվում հայտարարել ռազմական դրություն և ցրել հավաքները՝ կիրառելով զինված ուժեր: Թույլատրվում էր ընդհուպ մինչև գնդակահարել ամբոխը, իսկ կազմակերպիչներին սպառնում էր ազատազրկումից մինչև մահապատիժ: Այս օրենքը, բացառելով ժողովների իրավունքը և լայն լիազորություններով օժտելով քաղաքային ժողովին, լուրջ քննադատության ենթարկվեց Ազգային ժողովի ծայրահեղ ձախ թևի կողմից:

1791թ. օգոստոսի վերջին հատուկ օրենք ընդունվեց, որն ըստ էության անհնարին դարձրեց ներկա իշխանության քննադատությունը: Ահագնացող հասարակական շարժման պայմաններում Ազգային ժողովում հարց է դրվում կոլեկտիվ ցույցերի իսպառ արգելման, նման իրավունքով միայն ակտիվ քաղաքացիներին օժտելու և փողոցներում քաղաքական հայտարարություններ փակցնելու իրավունքի վերացման մասին: Նշված վերջին իրավունքը նախատեսվում էր վերապահել միայն կառավարական հաստատություններին: Սրան ի պատասխան Ռոբեսպիերը հայտարարում է. «Հանրագրերով դիմելու իրավունքը բոլոր քաղաքացիների անօտարելի իրավունքն է, նույնիսկ ինքնակալությունն էր լսում, թե ինչ են պահանջում իր հպատակները, իսկ այժմ ժողովրդական ներկայացուցիչները չեն ուզում լսել ժողովրդի արդար պահանջների մասին: Ես պաշտպանում եմ առաջին հերթին չքավորների շահերը, քանզի որքան թույլ և աներջանիկ է մարդը, այդքան նա առավել չափով ունի հանրագրերով դիմելու իրավունքի կարիքը»:

Առաջին հանրապետության հռչակումը և հեղափոխության ավարտը

1792թ. սեպտեմբերին հռչակվեց հանրապետությունը (առաջին հանրապետությունը գոյատևեց 1792-1795թթ.), իսկ 1793թ. հունվարի 21-ին գլխատվեց թագավոր Լյուդովիկոս 16-րդը: Արտաքին և ներքին վտանգները զգալիորեն կանխորոշեցին հեղափոխության ռադիկալ և արյունալի ընթացքը: Դա նաև սկիզբ դրեց Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և յակոբինյանների դիկտատուրայի հաստատմանը, որն ավարտվեց 1794թ. հուլիսին՝ Տերմիդորյան հեղաշրջումով (տերմիդորյան հեղաշրջման հիմնական ղեկավարներն էին Պոլ Բարասը, Ժան Լամբերդ Տալիենը և Ժոզեֆ Ֆուշեն): Մինչ այդ արդեն իսկ սպանվել էին Ռոբեսպիերի զինակիցներից շատերը՝ հեղափոխության մյուս առաջնորդները՝ Ժան Պոլ Մարատը (1793թ.), Դանթոնը (1794թ.) և մյուսները: Տերմիդորյան հեղաշրջումից անմիջապես հետո վերացվեց մաքսիմումը՝ գների վրա դրված առավելագույն սահմանափակումը, ինչին հաջորդեցին թանկացումները և դրամի արժեզրկումը: Տերմիդորյան շրջանը հիմք նախապատրաստեց Դիրեկտորիայի հաստատման համար (1795-1799թթ.), որը 5 դիրեկտորների կառավարումն էր: Դրանով ըստ էության ավարտվեց հեղափոխության ընթացքը: Ի վերջո, 1799թ. Դիրեկտորիան լուծարվեց, և Նապոլեոն Բոնապարտը հաստատեց իր միանձնյա իշխանությունը:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Բազմակողմ դիվանագիտություն

  Բազմակողմ «դիվանագիտություն» հասկացությունը: Պատմական ակնարկ և կայացման հիմնական փուլերը: Բազմակողմ դիվանագիտության դերակատարության բարձրացումը 20-րդ դարի երկրորդ կեսին Բազմակողմ դիվանագիտությունը երկուսից ավել կողմերի միջև վարվող բանակցություններն են, մի քանի դերակատարների մասնակցությամբ միջազգային համաժողովները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող դիվանագիտական աշխատանքը: Դասական բազմակողմ դիվանագիտության առաջին օրինակ է համարվում 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսը, սակայն բազմակողմ դիվանագիտության սաղմեր կարելի է հանդիպել նաև Հին Հունաստանի քաղաք-պետությունների կողմից վարվող դիվանագիտության մեջ, ինչու չէ, նաև միջին դարերում կնքվող դաշինքներն ու պայմանագրերը նույնպես կարելի է դասել բազմակողմ դիվանագիտության նախատիպերի շարքին, օրինակ՝ 1648թ. Վեստֆալյան պայմանագիրը: Առաջին դասական միջազգային կազմակերպություններն են՝ Հռենոսով նավարկության կենտրոնական հանձնաժողովը՝ մշտական քարտուղարությամբ, որը ստեղծվել էր Վիեննայի կոնգրեսի որոշմամբ և առաջին հանդիպումն անցկա...

Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում

ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու գերակայությունները https://www.mfa.am/hy/speeches/2019/08/27/fm_opening_remarks/9782 ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն https://www.gov.am/am/National-Security-Strategy/ https://www.un.org/disarmament/wmd/nuclear/npt/text/ https://www.un.org/ru/documents/decl_conv/conventions/npt.shtml https://www.undocs.org/S/RES/2231(2015) https://undocs.org/ru/S/RES/2231(2015) https://www.worldbank.org/en/news/press-release/2019/11/06/world-bank-lebanon-is-in-the-midst-of-economic-financial-and-social-hardship-situation-could-get-worse https://www.transparency.org/en/countries/lebanon https://www.forbes.com/profile/saad-hariri/?sh=45cebbdb65b5 Դասախոսություն 1. Միջազգային գործընթացների հասկացությունը և սուբյեկտները Միջազգային գործընթացները հավաքական հասկացություն է: Այն իրենից ներկայացնում է միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարների՝ պետությունների, միջպետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, տարատեսակ կառույցների, միավորումների, հ...