Skip to main content

Բանակցությունները իշխանության համակարգում

 

Բանակցությունները որպես քաղաքական գործունեության իրականացման եղանակ, իրենց կիրառումն են գտնում քաղաքականության համակարգի միմյանց հետ սերտորեն փոխազդող և փոխպայմանավորված երկու մակարդակներում՝ արտաքին և ներքաղաքական հարաբերությունների ոլորտներում: Այս երկու ոլորտների փոխկապվածությունն այսօր բավականին մեծացել է. պետությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության փոխպայմանավորվածությունը բանակցային գործընթացների մասնակիցներին անմիջականորեն պատասխանատու է դարձնում ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանման ու համագործակցության ապահովման, այլ նաև սեփական ժողովրդի բարեկեցության, կենսամակարդակի բարձրացման համար: Քաղաքականության տարբեր մակարդակներում տարվող բանակցություններում ձեռք բերված հաջողությունները բավականին արագ ու դրականորեն են ազդում մարդկանց ապրելակերպի վրա, և ընդհակառակը, ոչ շահավետ, անարդյունավետ բանակցությունները կարող են ներքաղաքական կայունության ու քաղաքացիական համերաշխության խաթարման պատճառ հանդիսանալ:

Բանակցությունների երևույթի նման լայն ընդգրկումը, բնականաբար, ընդլայնում է նաև բանակցային գործընթացներին քաղաքականության սուբյեկտների ներառվածության շրջանակները: Եթե նախկինում քաղաքական բանակցությունները տարվում էին հիմնականում արտաքին քաղաքականության ոլորտում, որպես բանակցությունների սուբյեկտներ հանդես էին գալիս պետությունները և նրանց դիվանագիտական գերատեսչությունները, ապա այժմ քաղաքական բանակցությունների կիրառման ոլորտն ընդգրկում է նաև ներքաղաքական հարաբերությունների շրջանակը, և ըստ այդմ էլ, քաղաքական բանակցությունների սուբյեկտների դերում կարող են հանդես գալ իշխանության տարբեր ճյուղերը, կուսակցություններն ու նրանց միավորումները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, խորհրդարանական խմբակցությունները, պատգամավորական խմբերը, արհմիությունները:

Դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ քաղաքական համակարգերի ժողովրդավարացումը և դրանց հետագա բնականոն գործառնության ընդլայնումը նախադրյալներ են ստեղծում և մեծացնում բանակցությունների միջոցով քաղաքականության սուբյեկտների շահերի համաձայնեցման հիման վրա քաղաքական երկխոսության հաստատման, համատեղ որոշումների նախապատրաստման, դրանց ընդունման և հետագա իրականացման հնարավորությունների համար, որն, ի դեպ, արևմտյան հասարակություններում տարածված է վաղուց և արդեն թափանցել է հասարակության նախկինում ավտորիտար համարվող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ընտանիքը, դպրոցը, առողջապահությունը և նույնիսկ բանակը:

Նման պարագայում, արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում քաղաքականության սուբյեկտների՝ պետությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների, պետական իշխանության տարբեր օղակների գործունեության իրականացման համար բանակցությունների հաճախակի կիրառումը «բանակցությունները վերածում է քաղաքականության իրականացման հիմնական միջոցի», որն իր հերթին ստիպում է ուշադրությունը կենտրոնացնել բանակցությունների և բովանդակային, և գործընթացային կողմերի վրա էական ազդեցություն գործող, քաղաքականության առանցքը հանդիսացող այնպիսի երևույթների ուսումնասիրության վրա, ինչպիսին են իշխանությունը և իշխանական հարաբերությունները քաղաքական բանակցություններում:

Մասնավորապես, իշխանության ծագման ու մեկնաբանման ժամանակակից մի շարք հայեցակարգեր իշխանության երևույթին մոտենում են խմբային տեսության դիրքերից, ըստ որի իշխանությունն ընկալվում է որպես միջանձնային հարաբերության տարատեսակ: Ընդ որում, մի անհատի կողմից մեկ ուրիշի վրա ազդելու գործընթացը շատ հաճախ տեղի է ունենում ոչ թե «ավանդական»՝ ուժային հարկադրման, այլ բանակցությունների ճանապարհով, որն էլ փոխակերպում է իշխանական հարաբերությունների իմաստն ամբողջությամբ: Օրինակ՝ ֆրանսիացի քաղաքագետ Կրոզյեն իշխանության երևույթը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Երբ մենք իշխանությունը դիտարկում ենք ոչ թե Ա-ի և Բ-ի միմյանց վրա ազդելու անհատական կարողություն, այլ որպես Ա և Բ կողմերի միջև զարգացում ապրող հարաբերություն, ապա բացահայտում ենք բանակցությունների երևույթը:… Իշխանության յուրաքանչյուր երևույթ, ինչպիսին էլ լինեն նրա ակունքները, օրինականության աստիճանը, իրականացման մեխանիզմները, նպատակներն ու մեթոդները, նշանակում է որևէ անհատի կամ խմբի ազդեցության հնարավորություն մեկ այլ անհատի կամ խմբի վրա»:

Իրոք, դժվար է ժխտել այն փաստը, որ մարդկային յուրաքանչյուր քիչ թե շատ կայուն, շարունակական հարաբերություն ենթադրում է փոխադարձ շփումների և ադապտացիայի բարդ համակարգ: Իշխանությունն ինքնին գոյություն ունենալ չի կարող: Այս տեսանկյունից, իշխանական հարաբերությունները հաստատվում են միայն այն ժամանակ, երբ կողմերը ինտեգրված են, թեկուզև ժամանակավորապես, կազմակերպված ամբողջության մեջ: Մարդիկ կարող են հասնել կոլեկտիվ նպատակներին միայն իշխանական հարաբերությունների իրականացման շնորհիվ, և ընդհակառակը, որևէ մեկի իշխանությունը մյուսի նկատմամբ հնարավոր է միայն նույն կոլեկտիվ նպատակների իրագործման գործընթացում, որն էլ ուղղակիորեն պայմանավորում է բանակցությունների անհրաժեշտությունը: Նույնը նկատում ենք իշխանական հարաբերություններում, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում քաղաքականության տարբեր սուբյեկտների անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների, պետությունների փոխհարաբերություններում իշխանության կիրառման կապերը:

Ըստ Կրոզյեի, «Իշխանական հարաբերությունները փոխադարձ են. եթե իշխանության սուբյեկտը՝ Ա-ն, կարող է հասնել նրան, որ օբյեկտը՝ Բ-ն, անի այն, ինչը նա չէր անի առանց Ա-ի ազդեցության, ապա, հավանական է, որ Բ-ն նույնպես, իր հերթին հնարավորություն ունի ազդելու վերջինիս վրա»: Ըստ այդմ էլ, նա ամերիկյան քաղաքագետ Ռոբերտ Դալի իշխանությանը տված հանրահայտ սահմանումը մեկնաբանում է այսպես. «Ա-ի իշխանությունը Բ-ի նկատմամբ համապատասխանում է Ա-ի հնարավորությանը Բ-ի հետ բանակցություններում հասնելու իր համար լավագույն պայմանների»:

Սակայն, իշխանական հարաբերությունների փոխադարձությունը, որը նշում է Կրոզյեն, ամենևին չի կարող նշանակել դրանց համարժեքություն: Իշխանության սուբյեկտի և օբյեկտի միջև ձևավորված իշխանական հարաբերությունների համաչափության դեպքում հավասար ուժերի փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը ցույց են տալիս իշխանության բացակայությունը, երբ բոլորը հավասար են, ապա չկա քաղաքականություն, քանի որ քաղաքականությունը պահանջում է ենթականեր և ղեկավար: Այստեղ բացահայտվում է իշխանության կարևոր առանձնահատկություններից մեկը՝ անհամաչափությունը, որը ոչ միայն բնութագրում է իշխողների կամքի տիրապետումը և նրանց կարգավիճակների անհամապատասխանությունը, այլ նաև արտացոլում է նրանց հնարավորությունների, ռեսուրսների, լիազորությունների, իրավասությունների և մարդկային կենսագործունեության այլ չափորոշիչների որակական տարբերությունը:

Իշխանության սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերությունների համակարգը, որտեղ իշխանության սուբյեկտը իշխանության օբյեկտի նկատմամբ իրականացնում է ավելի մեծ վերահսկողություն, քան վերջինս, ենթադրում է նաև հակադարձ ազդեցություն այն դեպքերում, երբ իշխանության օբյեկտը նույնպես կարող է առանձին իրավիճակներում վերահսկել որոշակի ոլորտներ և ռեսուրսներ: Այդ պարագայում իշխանական հարաբերությունները կարող են դիտարկվել նաև ոչ միշտ վառ արտահայտված տիրապետության և ենթակայության հարաբերություններ, այլև որպես իշխանության սուբյեկտի և օբյեկտի միջև ռեսուրսների փոխանակման հարաբերություններ: «Ազդեցության ոլորտների նման բաժանումը ինչպես իշխանության սուբյեկտների, այնպես էլ սուբյեկտի և օբյեկտի միջև հաճախ նրանց բանակցային գործընթացի արդյունք է, որը կարող է հանգեցնել իշխանության համար բացահայտ պայքարի»,- նշում են «իշխանական ազդեցության բաժանման» տեսության ներկայացուցիչները: Այս դեպքում արդեն ի հայտ է գալիս քաղաքական իշխանության ինվերսիոն (փոխակերպական) բնույթը: Բանն այն է, որ իշխանության սուբյեկտի և օբյեկտի փոխհարաբերությունները անընդհատ շարժուն, փոփոխուն են, իշխանության օբյեկտի ակտիվությունը (մանավանդ իշխանության սուբյեկտի լեգիտիմության կորստից հետո) կարող է հանգեցնել նրան, որ արդյունքում նրանց կարգավիճակները փոփոխվեն, որն էլ, ըստ էության, իշխանության սուբյեկտի՝ օբյեկտի հետ բանակցային հարաբերությունների մեջ մտնելու հիմնական պատճառներից մեկը կարող է հանդիսանալ: Այս դեպքում բանակցային հարաբերությունը հասկացվում է իշխանության սուբյեկտների և/կամ իշխանության սուբյեկտի և օբյեկտի միջև փոխհարաբերությունների այնպիսի համակարգ, որն արտացոլում է նրանց ձգտումը իրենց հետապնդած շահերն ու նպատակները բավարարելու համատեղ գործունեության՝ բանակցությունների միջոցով, այլ ոչ թե միակողմանի, հարկադրանքի, բռնության, ուժի կիրառման կամ այլ մեթոդներով: Բանն այն է, որ իշխանական հարաբերությունների սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերությունների համակարգը որոշակի փոխակերպման է ենթարկվում բանակցային հարաբերությունների դիմելիս՝ վերածվելով բանակցությունների սուբյեկտ-սուբյեկտ համակարգի: Որտեղ իշխանության օբյեկտը բանակցային հարաբերությունների մեջ մտնելիս իշխանության սուբյեկտի հետ, փոխակերպվում է բանակցությունների սուբյեկտի, իսկ բանակցության օբյեկտ կարող են դառնալ իշխանական լիազորությունների, ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը:

Բնական հարց կարող է առաջանալ, թե ի՞նչն է ստիպում իշխանության սուբյեկտին, որն ունի և՛ հարկադրանքի, և՛ ուժի կիրառման հնարավորություն, բանակցային հարաբերությունների մեջ մտնել մեկ այլ սուբյեկտի կամ էլ օբյեկտի հետ: Բանն այն է, որ իշխանական լծակները, իրավական նորմերը, հնարավոր է, որոշ դեպքերում չլուծեն առաջացած վիճահարույց հարցերը, իսկ իշխանության ուժային ռեսուրսների կիրառումը կարող է հղի լինել իշխանության հիմքերի խարխլման, լեգիտիմության և հեղինակության անկման վտանգով, ինչն էլ իշխանության սուբյեկտին մղում է իշխանության օբյեկտ ներկայացող սուբյեկտի հետ մտնել բանակցային հարաբերությունների մեջ, վերաբաշխել ռեսուրսները, փոխարենը սուբյեկտիվացված օբյեկտից ակնկալելով համապատասխան սոցիալական վարքագիծ: Այդ դեպքում արդեն ենթադրվում է բանակցությունների սուբյեկտների իրավահավասար, ինքնուրույն, կամային գործունեություն:

Ինչ վերաբերում է իշխանության տարբեր մակարդակների սուբյեկտների միջև բանակցային հարաբերությունների հնարավորությանը, ապա այս դեպքում առաջնային է դառնում քաղաքական այս կամ այն համակարգին բնորոշ իշխանության կառուցվածքը: Այսպես, օրինակ, տասնամյակներ շարունակ խորհրդային կայսրության տարածքում ձևավորված ամբողջատիրական, վարչահրամայական ռեժիմի պայմաններում, իշխանության ուղղահայաց, խիստ ընդգծված ենթակարգության առկայությունը անհնար էր դարձնում յուրաքանչյուր բանակցային հարաբերություն ղեկավարի և ստորադաս պաշտոնյայի, իշխանության սուբյեկտի և օբյեկտի միջև, քանի որ իշխանության վերին օղակների ձեռքում կենտրոնացած անսահմանափակ և անվերահսկելի իշխանությունը հնարավորություն էր տալիս ճնշել յուրաքանչյուր անհամաձայնության ու անհանդուրժողականության փորձ ոչ միայն ենթակաների, այլ նաև իշխանության օբյեկտի կողմից: Հետևաբար, ամբողջատիրական իշխանությունը խառնվում և քանդում է մարդկանց շփման գրեթե բոլոր հորիզոնական ձևերը:

Իշխանության սուբյեկտների միջև հորիզոնական հարաբերություններ կարող են հաստատվել իշխանության ապակենտրոնացված, բազմակենտրոն համակարգի պայմաններում, որտեղ բանակցությունների կիրառումը իշխանության տարբեր սուբյեկտների միջև քաղաքական երկխոսության հաստատման, համատեղ գործունեության իրականացման և համատեղ որոշումների ընդունման կարևոր ձևերից է:

Այսպիսով,

·բանակցային հարաբերությունների ժամանակ իշխանական հարաբերությունների անհամաչափությունը որոշակի առումով վեր է ածվում համաչափ բանակցային հարաբերությունների:

· իշխանականից բանակցային հարաբերությունների փոխակերպումը ենթադրում է սուբյեկտների իրավահավասարություն:

·  իշխանության փոխակերպական բնույթը այն կարևոր գործոններից է, որը ստիպում է իշխանության սուբյեկտներին բանակցային հարաբերությունների մեջ մտնել սուբյեկտիվացված օբյեկտների հետ:

· ժողովրդավարական քաղաքական համակարգերում բանակցությունները հանդիսանում են իշխանության իրականացման հիմնական տեխնոլոգիաներից մեկը՝ հարաբերությունների կարգավորման առանձնահատուկ բնագավառից վերածվելով «արտադրական անհրաժեշտության»:

Նյութի աղբյուրը՝ Խաչիկ Գալստյան- «Բանակցային տեխնոլոգիաներ»


Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Համեմատաիրավական մեթոդը և համեմատական իրավագիտությունը

  Համեմատական իրավագիտության հասկացությունն ու առարկան Այժմեության հիմնական իրավական համակարգերը հանդես են գալիս որպես համեմատական իրավագիտության գլխավոր օբյեկտ։ Ազգային իրավական համակարգի հարաբերակցությունն արտասահմանյան իրավական համակարգերի հետ պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգի ազգային առանձնահատկություններն առավել հստակ բացահայտելու համար։ «Իրավական համակարգ» կատեգորիան իրավական գրականության մեջ օգտագործվում է տարբեր իմաստներով։ Իրավական համակարգը հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափություններով պայմանավորված՝ փոխկապակցված և համաձայնեցված այն միջոցների և երևույթների՝ ամբողջական համակարգն է, որոնք վերարտադրման շնորհիվ մշտապես գործում են և կիրառվում մարդկանց և նրանց կազմակերպությունների (այդ թվում՝ պետության) որպես իրավունքի սուբյեկտների կողմից՝ իրենց մասնավոր և հանրային նպատակներին հասնելու, հասարակության մեջ իրավակարգ ապահովելու համար։ Յուրաքանչյուր պետություն ունի իր իրավական համակարգը։ Իրավական համակարգերի գոյությունն առաջին անգամ ճանաչվե...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...