«Ռազմավարությունը» ժամանակակից քաղաքագիտական ու քաղաքական
լեքսիկոնում առավել հաճախ կիրառվող հասկացություններից է: Նախքան բանակցությունների
ռազմավարությանն անցնելը հարկ է նշել, որ «ռազմավարություն» հասկացությունը լայնորեն
օգտագործվում է տարբեր ոլորտներում և տարբեր իմաստներով: «Ռազմավարություն» հասկացությունը
վերցված է ռազմագիտությունից, որտեղ այն նշանակում է պետությունների կամ ռազմաքաղաքական
միությունների քաղաքականության պլանավորում և այն բոլոր հասանելի միջոցների կիրառմամբ
կամ էլ ռազմական իրավիճակի պայմաններում որպես հակառակորդին վերջնական պարտության մատնելուն
ուղղված միջոցների և մեթոդների ամբողջություն: Դեռ անտիկ ժամանակներից Հին Հունաստանում
ու Չինաստանում ռազմական գործի ոլորտում լայնորեն օգտագործվել է «ստրատագեմաների արվեստը»,
որը ներառել է ռազմական հնարամտություններն ու խորամանկությունները ու ռազմական գործն
ընդհանրապես: Ավելի լայն իմաստով «ռազմավարություն» հասկացությունը նշանակում է երկարաժամկետ
միջոցառումների ու մոտեցումների ընդունում: Այս հասկացությունը վաղուց է մուտք գործել
գործարար կառավարման ոլորտ, որտեղ էլ օգտագործվում է նախկին գործարար քաղաքականության
փոխարեն: Տնտեսագիտության մեջ «ռազմավարություն» հասկացությունը նշանակում է ձեռնարկությունների
զարգացման տարբերակների մշակում ու ընտրություն: Այս առումով Կառլոֆը առանձնացնում
է «պորտֆելային», «գործարար» և «գործառնական» ռազմավարություններ:
Բանակցություններում ստրատեգամային մտածողությունը ենթադրում
է նպատակներին հասնելու ոչ ստանդարտ ուղիների ու մեթոդների կիրառում: Բանակցությունների
տեսության մեջ ռազմավարությունը օգտագործվում
է որպես բանակցությունների սուբյեկտների առջև դրված նպատակների իրականացման ուղիների
և գործողությունների մշակման ամբողջություն: Այդ ուղիների և բանակցային սուբյեկտների
գործողությունների համալիրն իր մեջ ներառում է բանակցությունների մարտավարությունը՝
մարտավարական քայլերն ու հնարները, որոշումների ընդունման գործընթացը և, ընդհանրապես,
բոլոր այն մեթոդների և միջոցների ամբողջությունը, որ պատրաստվում են օգտագործել բանակցության
կողմերը:
Բանակցությունների ռազմավարությունը ունի իր որոշակի բնույթն
ու տրամաբանությունը: Բանն այն է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պահպանում
են գործողությունների և որոշումների ընդունման ազատության հնարավորությունը: Ըստ որում,
որպես կանոն, կողմերը հետապնդում են ոչ թե մեկ, այլ մի քանի նպատակներ, որոնցից մի
քանիսը կարող են դուրս գալ տվյալ կոնկրետ պահի բանակցությունների շրջանակներից՝ հանդես
գալով որպես հետագա հնարավոր բանակցությունների ռազմավարական նպատակ:
Քաղաքական բանակցությունների վարման գործընթացում հնարավոր
են տարբեր ռազմավարությունների կիրառում:
Ընդհանուր առմամբ, առանձնացվում են բանակցությունների վարման
երկու հնարավոր ռազմավարություններ՝ մրցակցային և համագործակցային:
Առաջինի դեպքում բանակցությունները վարվում են «դիրքային
առևտրի» ուղղությամբ, որի դեպքում կողմերը սկզբունքորեն պնդում են իրենց դիրքորոշումները՝
օգտագործելով ճնշման մարտավարություն (սպառնալիքների կիրառում, միակողմանի զիջումների
պարտադրում): Ռազմավարության մրցակցային տարբերակի ընտրությունը միշտ բանակցությունների
դադարեցման վտանգ է պարունակում, քանի որ այդ դեպքում բանակցողները ի սկզբանե ներկայացնում
են իրենց առավելագույն պահանջները: Սկզբնական փուլում առավելագույն պահանջների բավարարման
պնդումը կարող է ստիպել մյուս կողմին զիջումների գնալ, բայց, որպես կանոն, բանակցությունները
դրանով դադարում են: Մրցակցային ռազմավարության դեպքում կողմերից յուրաքանչյուրը մեծ
մասամբ ինքնուրույն է փորձում փնտրել հիմնահարցի լուծումը և պարտադրել այն մյուս կողմին:
Մրցակցային ռազմավարությանը բնորոշ «կոշտ առևտուրը»,
ըստ էության, միակողմանի կարգով գործողությունների կամ հակամարտության շարունակումն
է, բայց արդեն բանակցությունների սեղանի շուրջ: Այսպիսի ռազմավարության դեպքում սպասվող
հնարավոր արդյունքները նման են զրոյական գումարով խաղերի տեսությանը, երբ կողմերից
որևէ մեկի հաղթանակը նշանակում է մյուսի պարտություն, իսկ սեփական շահերն ու պահանջմունքները
կարող են բավարարվել միայն ուրիշի հաշվին:
«Համագործակցային» ռազմավարությունը ենթադրում է կողմերի միջև բաց երկխոսության
առկայություն, հիմնահարցերի համատեղ քննարկում և այդ հիմքի վրա գործընկերոջ հետ համատեղ
և փոխադարձ ընդունելի որոշումների և զիջումների ընդունում, որը շատ դեպքերում հնարավոր
է բանակցությունների վերջնական փուլում:
Բանակցությունների վարման միջազգային պրակտիկայում լայն տարածում
է գտել նաև բանակցությունների վարման ամերիկյան դպրոցի ներկայացուցիչներ Կ. Թոմասի
և Ռ. Կոուլմենի բանակցային ռազմավարությունների դասակարգումը, որի հիմքում հեղինակները
առանձնացնում են մեկ չափանիշ՝ բանակցային կողմերի
շահերի բավարարման մակարդակը: Ըստ այդ հիմքի տարբերակվում են 5 բանակցային ռազմավարություն.
1.մրցակցային, որը աչքի է ընկնում սեփական շահերի բավարարման բարձր ու դիմացինի
շահերի իրականացման ցածր մակարդակով: Այս ռազմավարությանը բնորոշ է բանակցային կողմերի
միջև առկա հակասությունների խորացումն ու մրցակցային ոգին: Ըստ էության, բանակցությունների
մեծ մասը վարվում են այս ռազմավարության հիման վրա, երբ կողմերը հիմնականում միտված
են միայն սեփական շահերի բավարարմանը:
2.խուսանավման, որի դեպքում նկատվում է բանակցային կողմերի, շահերի բավարարման
ցածր աստիճան
3.միակողմանի զիջումների ռազմավարություն, որին բնորոշ է սեփական շահերի բավարարման
ցածր, իսկ դիմացինի շահերի բավարարման բարձր մակարդակ
4.փոխզիջումային, որն աչքի է ընկնում բանակցային կողմերի շահերի բավարարման
միջին մակարդակով
5.համագործակցային, այսինքն՝ բանակցային կողմերի շահերի փոխադարձ բավարարման
բարձր մակարդակ
Ամերիկյան հեղինակներ Ս.Սիդջելը և Լ.Ֆուրեկերը բանակցություններում
առավելագույն արդյունքների ձեռքբերման համար առաջարկում են բանակցությունների վարման
«կոշտ» ռազմավարությունը, որի կիրառումը
որոշ առումով կախված է բանակցության օբյեկտից և բանակցային իրավիճակի տրամաբանությունից:
Ըստ այդ հեղինակների, «կոշտ» ռազմավարության դեպքում բանակցություններում կողմերից
որևէ մեկի արված զիջումները բերում են մյուս կողմի դիրքորոշման կարծրացման: Այդ իսկ
պատճառով, եզրակացնում են նրանք, բանակցությունների հաջողության համար (առավելագույն
օգուտներ) անհրաժեշտ է հետևել «կոշտ» ռազմավարության. սկսել բանակցությունները չափազանցված
պահանջներ առաջ քաշելով, ընդհանուր առմամբ լինելով անզիջում: Մեկ այլ հեղինակ՝ Չ. Օսգուտը
բանակցությունների հաջողության համար առաջ է քաշում «փափուկ» ռազմավարության կիրառման
գաղափարը: «Փափուկ» ռազմավարության դեպքում ենթադրվում է, որ առավելագույն արդյունքների
կողմերը կարող են հասնել միայն փոխզիջումների օգնությամբ: Սկզբունքորեն, «փափուկ» և
«կոշտ» ռազմավարությունները նման են «մրցակցային» և «համագործակցության» ռազմավարություններին:
Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ Ջ.Ռուբինն ու Ջ.Սալակյուզը
ներկայացնում են բանակցությունների վարման երկու՝ «պոզիտիվ» ռազմավարություն, որը ենթադրում է առավելագույն օգուտներ, կամ
որքան հնարավոր է, քիչ վնասներ, և «նեգատիվ»
ռազմավարություն, որի կիրառումը պակասեցնում է մի կողմի հաջողությունների ձեռքբերումը,
միաժամանակ ավելացնելով մյուս կողմին հասցրած վնասները:
Բանակցությունների տեսության մեջ տարածված է նաև բանակցային
ռազմավարությունների դասակարգումն ըստ ենթադրվող ելքերի՝ «հաղթանակի» կամ «պարտության»
տեսքով: Ըստ այդմ էլ առանձնացվում են 4 բանակցային ռազմավարություններ՝
·
«հաղթանակ-պարտություն»
·
«պարտություն-հաղթանակ»
·
«պարտություն-պարտություն»
·
«հաղթանակ-հաղթանակ»
«Հաղթանակ-պարտություն» ռազմավարությունը բանակցային կոշտ ռազմավարություններից մեկն
է, որը կիրառվում է «ուժային ասիմետրիայի» պայմաններում, երբ կողմերի միջև գոյություն
ունի ուժային անհավասարակշռություն: Այս դեպքում բանակցությունների նպատակը ոչ միայն
սեփական շահերի իրագործումն է, այլ նաև հակառակ կողմի պարտությունը:
«Պարտություն-հաղթանակ» ռազմավարության դեպքում նկատվում է բանակցային կողմերից
մեկի պարտվողական տրամադրություն, որը որդեգրում է միակողմանի զիջումների քաղաքականություն,
որպես բանակցային նպատակ հռչակելով մյուս կողմի հետ հարաբերությունների պահպանումը:
Այս ռազմավարությունը երբեմն կիրառվում է նաև այլ նպատակներով թվացյալ միակողմանի զիջումների
գնալով բանակցային առարկայի շուրջ (որն այնքան էլ կարևոր չէ տվյալ բանակցային կողմի
համար), այլ հարցերում լուրջ ձեռքբերումների ակնկալիքով:
«Պարտություն-պարտություն» ռազմավարության դեպքում ենթադրվում է, որ կողմերից մեկը գիտակցաբար
գնում է պարտության, բայց միաժամանակ նաև մյուս բանակցային կողմին է դնում պարտվողի
վիճակում: Այս ռազմավարությունը կիրառվում է կողմերի միջև չափազանց լարված և անհանդուրժողական
վերաբերմունքի պայմաններում:
«Հաղթանակ-հաղթանակ» ռազմավարությունը բանակցությունների կառուցողական մոտեցումներից
մեկն է, որի դեպքում բանակցային կողմերը ընկալում են միմյանց որպես գործընկերներ, որոնց
նպատակն է հասնել փոխադարձ ընդունելի որոշումների ընդունման: Այս ռազմավարությամբ ձեռք
բերված համաձայնությունները, որպես կանոն, ամուր են լինում, և բանակցային կողմերը,
ընդհանուր առմամբ, գոհ են մնում բանակցությունների վերջնական արդյունքից:
Բանակցությունների ռազմավարությունները վերը շարադրվածով չեն կարող սահմանափակվել, քանի որ բանակցությունների օբյեկտից, սուբյեկտներից, սոցիալ-քաղաքական իրավիճակներից կախված, հնարավոր են այս կամ այն ռազմավարության կիրառումը կամ նորմերի մշակումն ու իրականացումը:
Նյութի աղբյուրը՝ Խաչիկ
Գալստյան- «Բանակցային տեխնոլոգիաներ»
Comments
Post a Comment